ԲՈՒԹ…ԿԱՄ՝…«ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ՝ ԲՈ՛Ց ԵԼԱՆԷՐ»…
ԵՎ Ի ԲՈՑՈՅՆ ՎԱԶԷՐ ԽԱՐՏԵԱՇ ՊԱՏԱՆԵԿԻԿ:
ՆԱ ՀՈՒՐ ՀԵՐ ՈՒՆԷՐ,
ԲՈՑ ՈՒՆԷՐ ՄՕՐՈՒՍ,
ԵՎ ԱՉԿՈՒՆՔՆ ԷԻՆ՝ ԱՐԵԳԱԿՈՒՆՔ…
Լեզուն մտածողութուն է:
Եվ բառապաշարի մի ուրույն շերտի՝ տեղանունների իմաստն ու նշանակությունն անգնահատելի աղբյուր են տվյալ տարածքի ազգաբնակչության պատմության ու աշխարհայացքի ուսումնասիրման համար:
Նրանց ստուգաբանությունն առավելապես կարևորվում է, քանզի տեղանունները չեն փոխառվում, այլ ստեղծվում են իրենց բնակչության լեզվամտածողությամբ՝ լեզվի բառակազմական միջոցներով:
Հայկական Լեռնաշխարհի լեռնանունների ծագումնաբանությունը մեր անցյալի պատմության քննության անհատնում շտեմարան է: Հատկապես, որ նրանց զգալի մասը հնագույն շրջանից են մեզ հասել:
Անահտական լեռնաշղթա, Աստղիկ, Արամազդ լեռնագագաթ, Արքայից լեռ, Արեգունի, Աժդահակ, Բլուր, Բութ, Գեղամ, Գրգուռ, Դյուց, Դրունք, Թեժ, Թոնդրակ, Խույթ, Խոչ, Ծիր (Հայկական Տավրոսում՝ Սասունում, Ծիրի գագաթին էր կառուցված Տիր Դիցի մեհյանը, որի անունով էլ լեռը կոչվում էր Տիր), Կատար, Վահագնի լեռնաբազուկ՝ Բազումի լեռնաշղթայում, Խոյի եղջյուր…
Հաճախ լեռնանունն ու մոտակա տեղանունները համընկնում են՝ նույնանուն գետ, գյուղ… (ինչպես՝ Թեժ լեռ, Թեժ գետ, Թեժ գյուղ, Փամբակ լեռնաշղթա, Փամբակ գետ, Փամբակ գյուղ…):Տեղանվան իմաստը հուշում է, թե ո՛րն է եղել սկզբնապես…
Արևմտյան Հայաստանում կատարած իր ճամփորդության վերադարձին՝ որպես «իր երկրից բերված նվիրական ընծա»՝ 1840 թվականին Վանում ծնված Գարեգին Սրվանձտյանը «Գրոց ու բրոց ծրարն» էր բերել իր ազգակիցներին:
«Մարդկային ընկերավարութեանց սովորութիւնն է, երբ հեռաւոր տեղէ մը գան, իրենց գտնուած երկրի բարիքներէն կամ հազուագիւտ իրերէն ընծայ մի կը բերեն բարեկամին։ Հետեւելով այսմ, երբ Պօլիս եկայ, այս անգամ ուզեցի ընծայ բերել Ձեզ իմ երկրէն։
Ի՜նչ։
Ի՜նչ կը գտնուէր հոն, ուր ես էի. հող եւ ջուր միայն, եւ հողով ու ջրով եւեթ կեանք վարող Հայ ժողովուրդ։
Գրոց եւ բրոց ծրար մ՚ ընծայ բերի Ձեզ այն հողէն ու ջրէն, որ Հայաստանի անունը կը կրեն տակաւին, ժողովրդէ մը, որ սերունդ եւ անուն Հայութեան ունին։
Այս հողն եւ ժողովուրդ կամ, այսպէս ըսեմք, Հայաստանն ու Հայ, որ հազար անգամ խորամանկութեան ու բռնաւորութեան փորձեր անցուցեր են, փորձեր՝ խլելու այս ազգի արմատը այդ արտէն, կամ փոխելու այն հողի յատկութիւնը, որ այլեւս չբուսցընէ զՀայ եւ չերեւի Հայութեան նշոյլ մը։
Բայց Հայերը մանգաղով հնձուած ժամանակ սերմերը թափեր են փոշիներուն մէջ, արմատէն խլուած ժամանակ ջեղ մը թողուցեր են քարի մը տակ, ձորի մը մէջ եւ նորէն բուսեր, ծլեր, արմատ ձգեր, ոստ արձակեր, ծաղկեր ու պտղաբերեր են անդրէն։
Անկարելի է գտնել աշխարհ մը եւ ազգ մը, որ համեմատուի Հայուն եւ իւր երկրին, որ այնքան աւեր, մահ, սուր, ուրացութիւն, արիւն, գերութիւն կրած լինի ու նորէն ցայսօր ապրի։
Իւր քաղաքականն ու կրօնականը, իւր նիւթականն ու հոգեկանը առհասարակ կողոպտուած. գանձն ու զէնքը առնելէն զկնի, մարդն ու իւր բնակարանը, տաճարներու քարերը եւ լեզուն ու մագաղաթներն անգամ գերի գնացած են, ստրկութեան ենթարկուած են։
Բայց մեր երկրի հողն ու ջուրը, օդն ու եթերքը օծուած են Հրեղէն լեզուով, Հրեղէն հոգւով, որք ո՛չ միայն վերաստեղծեր են զՀայեր, այլ եւ վերապատմեր են հետագայից Հայաստանի նահապետաց, դիւցազանց, թագաւորաց եւ առաքինեաց անուններ ու գործերը։
Այս լեռները, հովիտները, ձորերը, գետերը, շէները, աւերները, հողմերը, աստղերը, ամենքն ալ խորհրդաւոր անուն մը ունեցած են. եւ այդ ամէն մէկ անունը կը պարունակէ իւր մէջ անձի մը կամ անցքի մը պատմութիւն, թէ առասպել համարուի այն առ այժմ եւ թէ իրական, եւ այսպիսեաց շարունակութիւնը մագաղաթներէն աւելի տոկուն եւ անջինջ մատեան մը շարունակած է.
այն է՝ բնակչաց բերանացի աւանդութիւնք կամ վէպք եւ զրոյցք։
Ասոնց մէկ նշմարն է իմ ընծայս» (մեջբերումը՝ Գ. Սրվանձտյանի՝ «Գրոց ու բրոց եւ Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» աշխատության նախերգանքից):
Վանում ծնված մի այլ Հայորդի՝ Մանուել Միրախորյանը նույնպես իր՝ 1883 թվականին Արևմտյան Հայաստանի նահանգներում կատարած ուղեգրական, ազգագրական, պատմական ուսումնասիրություններում (տպագրված «Նկարագրական ուղևորություն…» եռամաս գրքում), ուշագրավ տեղեկություններ է թողել Հայոց բնակավայրերի, բնակչության ու մշակութային ժառանգության վերաբերյալ:
Ներկայացնելով անցյալի «նախանձելի և ճոխ փառաց անշքացեալ պատկերը», ափսոսանքով փաստելով, որ երբեմնի Հայաշատ բնակավայրերի «ընդարձակ հողերուն եւ պատուական ջրերուն տէրն եւ կառավարն եղած են արդի եկովի բնակիչները», հեղինակը հիշում է Բութ գյուղի մի Հայ տանը բնակվող այրի, խեղճ կնոջը, որը շաբաթ իրիկունները կիրակամտի կանթեղը ձեթ լցնելով՝ վառում, իր աղոթքն էր անում հնաշեն վանքում ու տուն վերադառնում:
Բութ գյուղը Մեծ Հայքի Վասպուրական Աշխարհի Բոգունիք (Բութունիք) գավառում էր, ավելի ուշ շրջանում՝ Վանի նահանգի Խոշաբ գավառում, ուր և Հայկական Տավրոսի համակարգի Բութ լեռն է:
«Բութ Ամեն» կոչվող բլրակ կա Պարսկահայաստանում՝ Սալմաստ քաղաքում:
Ըստ վիպասան Րաֆֆու՝ այն գոյացել է ատրուշանների կրակի մոխիրներից:
Հնագույն շրջանից ի վեր Հուրի՝ Կրակի դերն ու իմաստը կարևորագույն տեղ ունեն մեր նախնյաց հավատալիքներում:
Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էինք Հայոց մեջ Հուրի պաշտամունքի հավաստումներին («Երկնքի Յոթնաստեղյան խորաններից մինչև Յոթնփորակյան բագիններ»):
Կրկին հիշենք Ղ.Ալիշանի՝ «Հին հավատք և հեթանոսական կրոնք Հայոց» գրքից մի հատված, ուր նա նշում է, որ կրակի պաշտամունքը Հայոց մեջ տեղաբնիկ է ու ավելի հին, քան զրադաշտականությունը և հիշում Աղթամարի ծովատաշտի շուրջ, հատկապես հարավային մասում, Անձևացյաց գավառում Դարբնաց քարն ու Բութ լեռը, որի անվանումն, ըստ ավանդության, քրմապետի անունից էր առաջացել:
Եվ հավելում պատմիչների վկայությունը, համաձայն որոնց՝ «Բութ լեռը քրիստոնեության դարասկզբին դեռ լրիվ չէր մարել, թեև հրաբխաբաժակը հանգած էր ու սյունաձև վեր չէր ծխում, բայց մի կողի վրա ուներ մի պատռվածք կամ բաժակ (ինչը երկրագետի աչքով զննողը կտեսնի նաև այսօր), և, ըստ պատմիչի՝ հրաշագործ պատկերի (Անձևացյայց կամ Հոգվոց վանքի) «տուն կրակի, անյագ հրոյ, անդադար այրման աստուածոցն», որ նշանակում է, թե այն ի բնե միշտ վառ էր»:
Այսինքն, հնարավոր է, որ լեռան «Բութ» անվանումը հենց «Բոց» նշանակությունն ու իմաստն ունի (ըստ իս), ի դեպ, «Բութակ» է կոչվում մետաղը հալելու հնոցը՝ քուրան…
Մի այլ գրառմամբ քննարկել էինք Մատենադարանում պահվող ձեռագրերից մեկում՝ «Պիրամիդի» (բուրգի)՝ որպես Հուրի, Կրակի խորհրդանիշի հարցը, հիշելով նաև բութի նմանությամբ «Բուտան» զարդամոտիվը, որը Հուրն է՝ Ցուրանը…
Իր ձևով Կրակի բոցին նմանվող Բութ մատն իր կարևորությամբ համարժեք է Կրակին (այլաբանական իմաստով):
Ինչպես ձեռքի մատների համար է կարևոր բթի դերը, առանց որի անհնար է նրանց նորմալ գործունեությունը, այնպես էլ տիեզերածին տարրերի շարքում կարևորագույնը Կրակի դերն էր, առանց որի Կյանքն անհնարին կլիներ…
Հնուց ի վեր և մինչ օրս (հատկապես՝ համացանցի այս կայքում), տարբեր ազգերի կողմից գործածվող՝ վեր պարզած բթի իմաստը՝ որպես լավի, հավանության նշան (որն այնքան առատորեն շռայլում եք գրառումներիս ներքո՝ ինչի համար, առիթն օգտագործելով, խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլորիդ ), Անտիկ Հռոմում ի փառս մարտում հաղթանակած գլադիատորի էին կիրառում:
Այս ենթատեքստում, մարտնչող գլադիատորի կյանքի կամ մահվան դատավճիռը կայացնելիս դեպի ցած ուղղած բութը (լատիներենով՝ «Pollice verso»), մահապատժի դատապարտմանն էր համարժեք:
«Հուր որոտաց, քամին հնչեաց եւ բաժանեաց զհողն ի ջրոյն…» (Դ. Սալաձորցի «Գովասանք ծաղկանց»):
«Բոց ու կրակ, վերն՝ արեգակ…» ցայսօր էլ երգում են Հայերը՝ Տրընդեզի տոնական տրամադրությամբ…
Վաղնջական ժամանակներից հայտնի՝ Հուրի, Արևի պաշտամունքի ներդաշնակ շարունակությունն է Միհրականությունը Հայոց մեջ:
Կրակի բոցի տեսքով՝ Միհրական (փռյուգիական) գդակները, որոնցով հիշատակում է Ավետիք Իսահակյանը մեր նախնիներին իր բանաստեղծության մեջ (վերնագրված՝ «Մեր նախնիները», մի գրառման մեջ անդրադարձել ենք), բոցի պես փայլող՝ «բոցակնագույն» աչքերով, «Հրաչեայ» հայորդիներին չմոռանալով հիշենք, որ «Վահագնի ծնունդի» այլաբանական տողերում «Արեգակ» աչքերով՝ բոցածին Վահագնի նման, Միհրի աչքը (և հենց ինքը՝ Միհրն) էր համարվում Արեգակը:
Դիկլիի համալսարանի հնագետների՝ 2014 թվականից սկսած պեղումների շնորհիվ, Տիգրանակերտից (Դիարբեքիր, Ամիդ) ոչ հեռու, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տեղանքում՝ ընդարձակ տարածքը հսկելու հնարավորություն ընձեռող բարձրադիր ժայռոտ բլրի վրա կառուցված Զերզեվանի ամրոցի հնավայրում հայտնաբերվել են ժայռափոր դամբարաններ, խորաններ, ջուրն ամբարելու-պահեստավորելու համար նախատեսված 54 ավազաններ (ջրամբար՝ ցիստերն), զարդեղեն, զինվորական բրոնզե իրեր (հնավայրից որոշ լուսանկարներ՝ ստորև)…
Համաշխարհային գիտական աշխարհի համար կարևորագույն նշանակության այս համալիրում դեպի Միհրի տաճարը տանող երկու մուտքեր են բացվել. մեկն՝ անմիջականորեն դեպի ծիսակատարությունների սրահն է տանում դրսից, մյուսը՝ ներքին, ծիսական նշանակության միջանցքներով…
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այս օրերին նշենք, որ 2014 թվականի փետրվարի 28-ին թուրքական մամուլում հաստատվել էր Զերզեվան ամրոցի տարածքում հնագետների կողմից հայերի զանգվածային գերեզմանատուն գտնելու տեղեկությունը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի կազմակերպության աջակցությամբ իրականացված դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «դրանք նախորդ դարի 20-ականներին մահացածների ոսկորներն են»:
Հիշենք, որ հայկական հնագույն սրբավայրերով և ուխտատեղիներով հարուստ այս տարածաշրջանում դեռևս 1895-1896 թվականների համիդյան կոտորածների ընթացքում գավառի տասնյակ հայաբնակ գյուղերի բնակչությունը վայրագ կոտորածների ու թալանի էր ենթարկվել:
Իսկ 1915 -ին Սիլվանի բնակչությունը գլխովին բնաջնջվել է (Սիլվանի գավառում էր Նփրկերտը՝ Մարտիրոպոլիսը, հայկական աղբյուրներում՝ Մարտիրոսաց քաղաքը. Նփրկերտի գավառը հնագույն շրջանից ի վեր Ծոփքի թագավորության մեջ էր, ն.թ.ա 94-93 թվականներին Տիգրան Մեծը միացրեց Մեծ Հայքին):
Գեղամ Մ. Բադալյանն իր՝ «Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ Եղեռնի նախօրեին» ուսումնասիրության մեջ, զանազան աղբյուրների տվյալների հիման վրա քննարկել է Տիգրանակերտի նահանգի (Դիարբեքիրի վիլայեթի) իրավիճակը և գրել.
«Մարդինում թուրքական իշխանությունների սանձազերծած հակահայկական
և ընդհանրապես հակաքրիստոնեական գործողությունները թափ առան 1915 թ. գարնան վերջից:
Հունիսի առաջին տասնօրյակին նախօրոք հորինված կեղծ մեղադրանքներով բանտ նետվեցին հայ և ասորի առավել ազդեցիկ ավելի քան 800 գործիչներ, որոնց ոչնչացրին Մարդինից շուրջ 8 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Այն-Ամարո աղբյուրի շրջակայքում (պատմական Զարզավան բերդի մոտ):
Նահատակվածների մեջ էր նաև Իգնատիոս եպս. Մալոյանը: Դրան հետևեցին
քաղաքի հայ բնակչության համատարած աքսորն ու բնաջնջումը:
Դոմինիկյան միաբան Ժակ Ռետորեի տվյալներով՝ կոտորածին զոհ գնաց Մարդինի հայերի 97 %-ը:
Գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց Թիլ-Արմենի և Դարայի հայ բնակչությունը»…
3.000 տարվա վաղեմություն ունեցող ամրոցի մոտակայքում գտնված՝ Եղեռնի բազմաթիվ
զոհերին անդրադարձող՝ Արթուր Հակոբյանի հեղինակած մի հոդվածում կարդում ենք.
«Ոսկորների իրական տերերի մասին հայտնի է դառնում, երբ ուշադրություն ենք դարձնում 1915-ին Դիարբեքիրի հատվածում տեղի ունեցած կոտորածների վերաբերյալ պատմություններին։
Հենց այդտեղ էլ հիշատակվում է Զերզեւանի ամրոցը որպես շրջակայքի հայերի կոտորածի վայր։
Բազմաթիվ վկայություններ կան, թե ինչպես են խմբերով հայերին տարել Զերզեւանի ամրոց եւ կոտորել, իսկ դիակները նետել ամրոցի խորշերը եւ շուրջը գտնվող քարանձավները։
Հայտնի է, որ Զերզեւանում տեղի ունեցած կոտորածներից միայն մեկին է հաջողվել փրկվել։
Թուրքերը նրա վրա կրակելուց հետո կարծել են թե նա մահացել է եւ նետել են Զերզեւանի հորերից մեկը, սակայն ավելի ուշ նա վիրավորված կարողացել է դուրս գալ եւ իր տեսածը պատմել է միայն մոտ բարեկամներին»։
Դանիել Վարուժանի նման, «Նոր սերնդի կարմիր, կարմիր կակաչների սպասումով»՝
Ի հեճուկս անցյալի ողբերգական դեպքերի, ի հիշատակ մեր բոլոր անմեղ զոհերի՝
Բոցափայլ արշալույսներ՝ ներկայիս ու գալիքի Բոցավառ ու Պայծառ Հայորդիներին…
Հ.գ. Ինչպես Գ. Սրվանձտյանն է հիշեցնում՝ մեր Հայրենիքի խորհրդավոր տեղանուններն անձի կամ իրադարձության հեռավոր պատմությունն են պարփակում և հարատևելով՝ այն մեզ փոխանցում՝ «մագաղաթներից ավելի տոկուն և անջինջ մատեանի նման»:
Անձնանունները՝ նույնպես:
Ուստի՝ նորածինների անուններն ընտրելիս, ոչինչ չասող , ոչ մի «պատմություն չպատմող» անունների փոխարեն մեր նախնյաց փառաբանենք…