«ՊԻՐԱՄԻԴՆ ՈՐ Է ՑՈՒՐԱՆ (ԿԱՄ ՅՈՒՐԱՆ ), ԲՈՒՐԳՆ ՀՐԱՁԵՎ ԿԱՄ ՏԱՆՁԱՁԵՎ, ՑՈՐԵՆԱՁԵՎ…»

Հազարամյակներ ի վեր երկնային լուսատուների շարժմանն ակնդետ՝ մարդը փորձում է բացատրել, իմաստավորել իր և ողջ Տիեզերքի գոյությունն ու արարման խորհուրդը…

Շարունակելով հնագույն շրջանից սկզբնավորված ավանդույթը, 1596 թվականին «Տիեզերակառուցման առեղծվածը» (Mysterium Cosmographicum) վերնագրված իր առաջին գրքում Կեպլերը ներկայացնում է Տիեզերքի կառուցվածքը՝ դեռևս հնագույն ժամանակներից հայտնի՝ հինգ կանոնավոր բազմանիստներն իրար մեջ տեղադրելով՝ այդպիսով հիմնելով ապագայի մի գիտություն՝ աստղաֆիզիկան (որի արմատները դարերի խորքում են):

Կեպլերի կառուցած՝ տիեզերքի մոդելը
Կեպլերի կառուցած՝ տիեզերքի մոդելը

Տիեզերքի ներդաշնակությունը խորհրդանշող և Բնության չորս տարրերքներին համապատասխանեցված կանոնավոր բազմանիստները, որոնց մասին հիշատակել է Պլատոնն իր «Տիմեոս» աշխատության մեջ (ն.թ.ա. 360թ.), «Պլատոնյան մարմիններ» անվանումն են ստացել:

Հողի խորհրդանիշը՝ վեցանիստ ( հեքսաեդր),
Օդը՝ ութանիստ (օկտաեդր),
Ջուրը՝ քսանանիստ,
Կրակը՝ քառանիստ (տետրաեդր):

Հույն հեղինակներից մնացած այս ուսմունքի ակունքները հայ քրմերին քաջ ծանոթ էին վաղուց (հույներին Եգիպտոսից էր շատ բան փոխանցվել, հունական դիցաբանության առաջին գլուխները՝ դիցերի ծննդաբանությունն էլ՝ Հայկական Լեռնաշխարհում տարածված՝ Հուրիական դիցաբանությունից)…

Հայ մատենագրության մեջ դեռևս 4-րդ դարից (Գ.Լուսավորչին վերագրվող, (սակայն նրանից առաջ էլ եղած), «Հաճախապատում»-ում) պլատոնյան ուսմունքի արձագանքներին է անդրադարձել Տիրան Ղազանչյանն իր ուշագրավ՝ «Էլեմենտների երկրաչափական ուսմունքի արձագանքները Հայ բնափիլիսոփայության մեջ» (1945թ.) աշխատությունում:

«Զտարերս ամենայն չորիւք յեղանակօք յարդարեաց (աստուած) բարձրութեամբ և խորութեամբ, լայնութեամբ և ընդարձակութեամբ» («Բոլոր տարերքները չորս եղանակով դասավորեց Աստված՝ բարձրությամբ և խորությամբ, լայնությամբ և երկարությամբ (ընդարձակությամբ)»:

«Աշխարհս վեցակի է կողմամբ», նաև՝ մեղվի փեթակի մաղն է վեցանկյուն՝ «Մեղուաց մաղքն ստեղծանին, յարմարեալք ի միմեանս վեցանկիւն բջջոքն …» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

Տիեզերածին տարրերի և նրանց համապատասխանող երկրաչափական ձևերի ուսմունքի մասին պերճախոս վկայություններ են պահպանվել Հայ միջնադարյան մատենագրության մեջ՝ 5 -19-րդ դարերի զանազան մատյաններում:

Նրանցից մեկում՝ Մատենադարանում պահվող թիվ 5223 ձեռագրում գծանկար-նկարազարդումներ են, որոնց քննությունն է ներկայացրել Տ.Ղազանչյանն՝ իր վերոհիշյալ ուսումնասիրության մեջ:

Մեջբերենք հատվածներ՝

«Այս ձեռագիրը Գ. Տաթևացու քարոզագրքի մի արտագրություն է՝ կատարված 1460 թվին:
Իլյուստրացիաները կատարված են այլ գրչի կողմից, հավանաբար փոքր ինչ ուշ»:

«Էլեմենտների ուսմունքին վերաբերող հիշյալ սխեմա-իլյուստրացիաներն ունեն հետևյալ բովանդակությունը:

Նկարներից մեկը ներկայացնում է մի հավասարակողմ եռանկյունի, որի մեջ գրված է. «Սկալիւնեաց (անհավասարակողմ, Կ.Ա.) եռանկիւնեաց սա զերիցն ունի մի օր ուի (միավորություն), ջրոյ, հրոյ և օդոյ»:

Երկրորդ նկարը մի քառակուսի է, որի մեջ գրված է «Կիբիկոն (խորանարդ) որ է երկիր»:

Այնուհետև նկարված է մի շրջագիծ, որի մեջ ներգծված են իրար մեջ խաչաձև հագցված քառակուսիներ, որոնց մեջ գրված է՝ «Ը անկյուն (ութանկյուն) որ է աւդ (օդ)»:

Իլյուստրացիոն էջի վերի մասում կա մի շրջագիծ, որի վրա հագցված է մի սուրանկյուն՝ բոցաձև զարդարանքներով և մեջը գրված է.

«Պիւռիմիդես (բուրգ) որ է հուր», վերջապես, նկարված է մի շրջագիծ, որի մեջ ներգծված է խաչաձև երկրաչափական մի ֆիգուրա, գծագրի տակը գրված է.
«Սա ասացավ հսրկղ (հավասարակող, Կ.Ա.) ուրիշ յայլոցն քսանանիստ, որ է ջուր»:
Այսպես, ուրեմն, հողը խորանարդն է, ջուրը՝ քառանիստը, օդը՝ ութանկյունին և հուրը՝ բուրգը»:

«Պիրամիդն, որ է ցուրան (կամ յուրան (հուրան,Կ.Ա.), բուրգն հրաձև կամ տանձաձև, ցորենաձև», — կարդում ենք «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում (հայերենով «Ցուրան» է կամ՝ «Յուրան» (Հուրան)):

«Պիւրամիդ — Բուրգն, Հուրան, ցուրան. այն է մարմին հաստատուն բազմանկիւնի՝ սրածայր յանգեալ, որպիսի եղեն բրգունք կամ կոթողք Եգիպտոսի» (մեջբերված նշված բառարանից):

«Պիր»՝ «Հուր» բառից է և Պարսից կրակատունը՝ ատրուշանը՝ Պիռիոն (Պիւռիոն) (համաձայն Հ.Աճառեանի «Հայերէն արմատական բառարանի»):

«Հրով վառեաց զպիւռիոնն պարսից, զոր տաճար հրոյ անուանէին, յորում զհուրն բորբոքէին հրապաշտքն» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

Ցուրանն, ըստ իս, նաև ոճավորված նախշազարդն է, որն այսօր հայտնի է «Բուտա» անունով (թարգմանաբար՝ Հուրան), որը հանդիպում է բազմաթիվ հնագույն հուշարձանների վրա ( Վանի՝ Արարատի թագավորությունում, վաղնջական շրջանից ի վեր՝ մեր զարդամոտիվներում, «Պազիրիկ» գորգի վրա, մերօրյա նորաձևության մեջ):

Հետևաբար, Եգիպտոսում հազարամյակներ հեռվից խոյացող եռանկյուն կառույցները՝ հայտնի բուրգերը՝ Հուրի (Արեգակի, Լույսի…) խորհուրդն ունեն (ըստ իս):

Կրակի, Հուրի ձևը հիշեցնող բլրաձև ցուրանը՝ պիրամիդը, փոքր չափերով կառուցված, դրվում էր նաև մեծ բուրգերի, կոթողների գագաթին (կոչվում էր Pyramidion, Հուրան (փոքր)):

Ճարտարապետության մեջ կարևոր իմաստ ունեցող այս տարրը՝ եռանկյուն ճակտոնների տեսքով (ինչպես Արդինի՝ Մուսասիրի և հետագայի տաճարներում), իր դերն ու նշանակությունը ուներ նաև հին եգիպտական թաղման ծիսակարգում:

Նրա վրա գրվում էր հանգուցյալի անունն ու «Այն աշխարհ» անցմանը նպաստող աղոթքը:

Մեհյանների, սրբավայրերի և այլուր կրակի համար գործածվող հնագույն բազմաթիվ ճրագավառներ ևս Ցուրանի (Հուրանի) տեսքով են՝ նշաձև (եռանկյուն հիշեցնող)…

«Բուտայի (Նշանախշ) հայկական ակունքների» և «Պազիրիկ գորգի» մասին ուսումնասիրություններ է կատարել Արմինե Թադևոսյանը…
«Պազիրիկ» գորգի վրա կենդանու ներքին օրգանների պատկերումը կարող է բացատրվել ճրագավառին՝ իրենց նմանության, նաև՝ մշկապարկի կարևոր դերի համար:

Մի հատված հնագույն Պազիրիկ գորգից
Մի հատված հնագույն Պազիրիկ գորգից

Գուցե նաև՝ փորոտիքով գուշակությունների կարևորության մի ակնարկ (իմ կարծիքով):

Բութ մատի՝ կրակի հետ համադրումը նույնպես ուշագրավ է՝ ցայսօր պահպանած իր խորհրդանշով (կյանքի, լավի իմաստով):

«Բութի» հետ նմանության պատճառով՝ «լյարդի վարի ծայրը» «լերդաբոյթ» է կոչվում (Հ.Աճառյանի «Արմատական բառարանում»):

Եռատերև մի մոտիվ՝ առկա եղջերուների հնագույն հարթաքանդակներին, թերևս մեհենական դաջվածքն է (ստորև՝ լուսանկարները):

Հ. Աճառեանի «Հայերէն արմատական բառարանում» քսանանիստ նշանակությունն է տրվում հազվադեպ հանդիպող մի բառի՝ «փուղձ»:

«Հները, ըստ Պիւթագորյան փիլիսոփայության, չորս տարրերը չորս երկրաչափական ձևերի հետ էին կապում. օդը՝ ութանիստի հետ, հողը՝ խորհանարդի հետ, ջուրը՝ քառանիստի հետ և հուրը՝ պիրամիդի հետ:
Սրա համար է, որ Փիլոնի մոտ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանանիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»: …
Էֆեմերտին դնում է փուղձ՝ «օդ» ըստ Փիլոնի, իսկ մի այլ կիրառմամբ, «փուղձ» «ջուր քսանանիստ»՝ ըստ Պիւթագորեանց»:

«Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն, քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ, իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»:

«Քուեայ կամ Քուէ»՝ «խորանարդ» իմաստն ունի:

Այդպես է կոչվում նաև «կախարդի հմայական քարը», որտեղից էլ՝ «քուահարցությունը»՝ քարերով գուշակությունները («քվեարկություն»-ը՝ նույն բառից):

Նույն անվանումն ունի նաև խաղալու վէգը (մերօրյա՝ նարդու զառը) :

«Հարցումն և հմայք ի ձեռն քուեից, զոր առնեն հարցուեք (ի հավահարցութիւն, ի հավահմայութիւն (թռչունների թռիչքով գուշակությունները) ), «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»:

Թռչունների թռիչքին և մնացյալին կանդրադառնանք հաջորդ «հանդիպումներում»…

Ողջ լերուք…

Հինգ տարրերը խորհրդանշող հնագույն քարեր (գուցե՝ գուշակությունների համար գործածվող քվեներ)

Հինգ տարրերը խորհրդանշող հնագույն քարեր (գուցե՝ գուշակությունների համար գործածվող քվեներ)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով