«ՓԱՐՎԱՆԱՅԻ ՓԵՐԻՆԵՐՆ» ՈՒ ՄԻ ԱՆՄԱՀ ՃԱՄՓՈՐԴ
Անհիշելի ժամանակների հեռվից խոյացող մեր Հայրենիքի «երգերի ու վերքերի», նրա իմաստնության երգչի՝ Հովհաննես Թումանյանի ճամփորդություններից մի դրվագի է անդրադարձել Սուսաննա Հովհաննիսյանն իր՝ «Թումանյանի ճանապարհորդությունները 1901 թվականին» ուշագրավ ուսումնասիրության մեջ:
Հիշարժան բազմաթիվ դեմքերի ու դեպքերի նկարագրությամբ համեմված հուշերի թվում, հեղինակն անդրադարձել է դեռևս 1891 թվականին Թումանյանի գրած՝ «Կանչ» («Եթե կաս, Աստվա՛ծ») բանաստեղծությանը և այդ առիթով քննադատ ու մանկավարժ Գ. Վանցյանի՝ 1893 թվականին գրած նամակին:
«…Եթե, Հովհաննես ջան, ուրիշ ոչ մի բան չգրեիր, այդ ստեղծագործությունը բավական էր քեզ բանաստեղծի կոչմանը արժանացնելու: …Ունիս, այո, շատ գեղեցիկ բաներ… բայց «Կանչը» դա գլուխգործոցդ է, դա մի գոհար է»:
Երկար են հնչել ու մեզնից ոմանց սրտերում արձագանքվել Բանաստեղծի գրեթե բոլոր ժամանակակիցների (և հետագայի սերունդների) շուրթերին դառնացած բառերը՝
Եթե կաս, Աստվա՛ծ,
Մեղմացրու՛ մարդկանց
Կիրքն ամբարտավան:
Եթե Աստված ես դու խաղաղության,
Ինչո՞ւ տակավին
Չես պատժում չարին,
Ու՞յժդ է պակասում,
Թե չենք աղերսում,
…Թե՞ դու չըգիտես,
Որ այստեղ, երկրում
Մարդը ժպտերես
Մարդ է գիշատում…
Մեծ Հայքի Գուգարք Աշխարհի գեղատեսիլ Ջավախքի տարբեր շրջաններում մի քանի օրվա շրջապտույտից ու տեղացիների հետ ծանոթությունից հետո, Թումանյանն Ախալքալաք է հասնում՝ անձամբ տեսնելու Փարվանա (Թափարավան) լիճն ու Թմկաբերդի ավերակները՝ բնակիչներից լսած լեգենդներն իր գրչով անմահացնելու նպատակով:
Երբեմնի հզոր Թմուկ Բերդի փլատակների շուրջ մարտնչած զորքերի ու անցած ճակատամարտի հետքերով անցնելուց հետո ծնվեց «Թմկաբերդի առումը» պոեմը:
«Փարվանի փերիներին տեսնելու համար», ինչպես գրել է Թումանյանի հետ ճամփորդող Ջավախեցին (Ղազար Տեր-Գրիգորյանը) իր հուշերում՝ մեջբերելով բանաստեղծի՝ իր իսկ խոսքերը՝ իրեն ուղղած նամակից (որը ներկայացրել է Ս.Հովհաննիսյանն իր վերոնշյալ ուսումնասիրության մեջ), պոետն Ախալքալաքից ուղևորվում է դեպի Գանձա՝ բազմերանգ ծաղիկների զարդարուն գորգով հմայող հրաշագեղ մի եզերք…
«Փարվանի «փերիները» գերել էին Լոռվա կտրիճին», — հետագայում հիշել են բնությամբ ու անցած դարերի հուշերով տոգորված Հայոց Բանաստեղծի ուղեկիցները (մեջբերումը՝ Ս. Հովհաննիսյանի նշված աշխատությունից):
Հնագույն ավանդույթների հուշով տոգորված, սովորաբար պարզ ու վճիտ Փարվանա լիճը զարմանալիորեն փոթորկված տեսնելով՝ վերադարձին Թումանյանն «անմիջապես առանձնանում է և հենց Տերյանների տանն է սկսում շարադրել «Փարվանան»:
Դուրս գալով սենյակից` բոլորի համար արտասանում է «Փարվանայի» նախերգանքն ամբողջությամբ», — կարդում ենք Ս. Հովհաննիսյանի հոդվածում:
Բոլորիս հայտնի՝ հոգեթով «Նախերգանքն» ու պոեմն՝ ամբողջությամբ (որպես վերհուշի մի առիթ)…
ՓԱՐՎԱՆԱ
Տրտմություն (Հ. Թումանյանի «Փարվանա» պոեմի ձևավորումը) (1956)
Հակոբ Կոջոյան
(1883 — 1959)
Հայաստանի Ազգային Պատկերասրահի ֆոնդապահոց, (կտավ, մոմաներկ)