«ՀՈԳԻՍ ԲՈՒՐՎԱՌ Է ՄՇՏԱՎԱՌ, ՈՒՐ ԿԸ ԾԽԱՆ ՍԵՐԵՐՍ ՀԱՄԱՅՆ»… (Միսակ Մանուշյան)

Տասնամյակներ շարունակ, ամեն տարի՝ փետրվարի 21-ին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հանդիսավոր արարողությամբ նշվում է 1944 թվականին այդ օրը ֆաշիստական նվաճողների դեմ պայքարում դավաճանաբար մատնված ու գնդակահարված՝ Հայազգի Միսակ Մանուշյանի գլխավորած, տարբեր ազգությունների մարտիկների խմբի հիշատակի տարելիցը:
Հայերի դեմ իրագործած ցեղասպանության տարիներին, դեռևս 9 տարեկանում, Եդեսիայից ոչ հեռու գտնվող Ադիյաման քաղաքում ծնված Միսակ Մանուշյանը, 1915-ին կորցնում է հորը, որին սպանում են թուրքերը:
Շատ չանցած, նույն տարվա հուլիսին, Ադիյամանի Հայության բռնագաղթի ճանապարհին մահանում է նաև մայրը:
Եվ մի քուրդ ընտանիքի շնորհիվ փրկվելով՝ իր եղբոր՝ Կարապետի հետ Լիբանանում՝ Բեյրութից 20 կիլոմետր հեռու գտնվող Ժունիեի որբանոցում մնալուց հետո, 1925 թվականից հաստատվում է Ֆրանսիայում, ուր, 1934 թվականին, «Հայաստանի Օգնության Միության» ամենամյա տոնին, հանդիպում է իր ապագա կնոջը՝ Մելինեին:
Փարիզում, Սորբոնի համալսարանում գրականության, փիլիսոփայության, քաղաքական տնտեսագիտության և պատմության դասընթացներին հետևելուց բացի, 1930 -1931 թվականներին իր ընկերոջ՝ Գեղամ Աթմաջյանի (Սեմայի) հետ հիմնում է «Ջանք» պարբերականը, ուր տպագրում են ֆրանսիական ու հայ գրականության մասին հոդվածներ, Ֆրանսիացի բանաստեղծների ստեղծագործություններից թարգմանություններ…
1941 թվականից ակտիվորեն ներգրավվում է ֆաշիզմի դեմ մղվող գաղտնի պայքարում…
1943 թվականին, դավաճանության հետևանքով Մ. Մանուշյանի ձերբակալումից հետո, նրա կինը՝ Մելինե Մանուշյանն ապաստանում է Հայազգի մի այլ պանծալի ընտանիքում՝ Շարլ Ազնավուրի ծնողների՝ Միշա և Քնար Ազնավուրյանների տանը, որոնք, անտեսելով իրենց կյանքին սպառնացող վտանգը, պատսպարում են նրան՝ իրենց հյուրընկալությամբ…
Գնդակահարությունից առաջ, 37 տարեկան բանաստեղծի՝ Միսակ Մանուշյանի վերջին նամակն իր կնոջը (իմ թարգմանությամբ):
«Իմ սիրելի Մելինե, իմ փոքրիկ սիրասուն որբուկս:Մի քանի ժամից այլևս այս աշխարհում չեմ լինի:Գնդակահարվելու ենք այս կեսօրից հետո, ժամը 15-ին:
Սա պատահարի պես եղավ իմ կյանքում, ես դրան չեմ հավատում, սակայն, այնուամենայնիվ, գիտեմ, որ քեզ այլևս երբեք չեմ տեսնելու:
Ի՞նչ կարող եմ գրել քեզ, ամեն ինչ խառնաշփոթ է իմ մեջ և, միաժամանակ, շատ պարզ:
Ես զինվորագրվել էի Ազատագրության բանակին որպես կամավորական և մեռնում եմ հաղթանակի ու նպատակի շեմին:
Երջանկությու՛ն բոլոր նրանց, ովքեր կվերապրեն և կճաշակեն վաղվա ազատության քաղցրությունն ու մոտալուտ Խաղաղությունը:
Վստահ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և Ազատության բոլոր մարտիկները կգիտնան արժանավայել պատվել մեր հիշատակը:
Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանացի ժողովրդի կամ որևէ մեկի հանդեպ:
Յուրաքանչյուրն իր արժանի պատիժը կամ վարձատրությունը կունենա:
Գերմանացի ժողովուրդն ու մյուս բոլոր ժողովուրդները խաղաղ ու եղբայրաբար կապրեն պատերազմից հետո, որն այլևս երկար չի շարունակվի:
Երջանկությու՛ն բոլորին:
Ես խորապես զղջում եմ քեզ չ’երջանկացնելու համար:
Շատ կուզեի քեզնից մի երեխա ունենալ, ինչպես դու էիր նույնը փափագում միշտ:
Ուստի, քեզ խնդրում եմ, պատերազմից հետո անպայման ամուսնացի՛ր և իմ պատվին մի զավակ ունեցիր՝ իմ վերջին կամքն իրականացնելու համար:
Ամուսնացի՛ր մեկի հետ, ով ի զորու կլինի քեզ երջանկացնելու:Իմ ողջ ունեցվածքն ու իրերը կտակում եմ քեզ, քրոջդ և զարմիկներիս:
Պատերազմից հետո կարող ես հավակնել պատերազմի թոշակառուի քո իրավունքին՝ իբրև իմ կին, քանզի ես զոհվում եմ որպես Ֆրանսիական Ազատագրության բանակի կանոնավոր զինվոր:
Իմ ընկերների օգնությամբ, որոնք կցանկանան ինձ պատվել, կհրատարակես իմ բանաստեղծություններն ու գրվածքները, որոնք ընթերցման արժանի են:
Հիշատակներս, եթե հնարավոր է, կտանես Հայաստան՝ ազգակիցներիս:
Շուտով կմեռնեմ իմ 23 զինակիցների հետ՝ քաջաբար և չափազանց հանգիստ գիտակցությամբ (խղճով, Կ.Ա.) մարդու հանդարտությամբ, քանզի, անձամբ ես ոչ մեկի վատություն չեմ արել և, եթե արել եմ՝ առանց ատելության եմ արել:
Այսօր Արև կա:
Արևին ու իմ այնքա՜ն սիրելի գեղեցիկ բնությանը նայելով ես «Մնաք բարով» կասեմ կյանքին ու ձեզ բոլորիդ՝ իմ շատ թանկագին կին և իմ շատ թանկագին ընկերներ:
Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ցավ են պատճառել կամ ցանկացել են վշտացնել, բացի նրանից, ով մեզ դավաճանել է իր կաշին գնելու (փրկելու, Կ.Ա.) համար և նրանց, ովքեր մեզ ծախեցին:
Քեզ շա՜տ-շա՜տ ամուր գրկում-համբուրում եմ, նաև՝ քրոջդ ու իմ բոլոր բարեկամներին, որոնք հեռվից կամ մոտից ինձ ճանաչում են, բոլորիդ իմ կրծքին եմ սեղմում:
Մնաք բարով:
Քո բարեկամ, Քո ընկեր, Քո ամուսին Մանուշյան Միշել (ջանիկդ): (Վերջին բառը ֆրանսերեն տառերով՝ հայերեն բառն է՝ «djanigt», Կ.Ա.):
Հ.գ. Ես տասնհինգ հազար ֆրանկ ունեմ Պլեզանս փողոցի ճամպրուկում: Եթե կարող ես վերցնել՝ վերադարձրու պարտքերս և մնացածը տուր Արմենեին: Մ.Մ.»
(Արմենեն իր կնոջ քույրը՝ Արմենուհին էր, Կ.Ա.):
Ամուսնու նահատակումից հետո, 1947 թվականին հնչած Ներգաղթի կանչին հետևելով, Մելինե Մանուշյանը տեղափոխվում և որոշ ժամանակ բնակվում է Հայաստանում:
Ավաղ, ժամանակի տխուր իրավիճակին հաղորդակից՝ գաղտնի լուր է ուղարկում Հայաստանում հաստատվելու մտադրությամբ տոգորված Ազնավուրյանների ընտանիքին՝ չխրախուսելով նրանց ծրագիրը՝ հորդորելով մնալ Ֆրանսիայում…
1960-ականների կեսերից ինքն էլ վերադառնում է ֆրանսիա, ուր ապրում է զոհված ամուսնու համար հատկացված թոշակով:
Ցավոք, անկատար թողնելով Մանուշյանի վերջին բաղձանքը՝ ամուսնանալ ու զավակ ունենալ իր պատվին…
«Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,
Միսաք Մանուշյան «Կյանքիս երգը»
Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,
Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր»…

Միսաք Մանուշյանը եղբոր՝ Կարապետի հետ՝ 1925 թվականին
Միսաք Մանուշյանի վերջին նամակն իր կնոջը Միսաք Մանուշյանի վերջին նամակն իր կնոջը

Մելինե Մանուշյանը Կորնթոսի որբանոցում (Հունաստանում), 1923 թվականին ( առաջին շարքում՝ ձախից առաջինը՝ խաչով նշված)

Միսաք Մանուշյանը Ջունիեի որբանոցում, 1919 թվականին, աջից՝ երրորդ շարքում՝ երրորդը, խաչով նշված…
Մելինե Մանուշյանը Միսաք Մանուշյան

Մելինե Մանուշյանը (աջ կողմում) Երևանում՝ Նվարդ Տերյանի հետ (լուսանկարը՝ Գրիգոր Էմին-Տերյանի՝ «Մելինե Մանուշյանի և այլոց մասին» հոդվածից)