…«ԲԱՅՑ ՈՄԱՆՔ ԿՄԵՐԺԵՆ ԱՅԴՔԱՆ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՈՒՅՍԸ ԿՎԵՐԱԾՆՎԻ, ԵՐԲ ԿՎԵՐՀԻՇՎԵՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ… ԵՎ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ»…
( մոտ 4.000 տարվա վաղեմության եգիպտական մի տեքստից, որը, զարմանալիորեն, մեր օրերն է հիշեցնում…)
Հնագույն տեքստերի բազմաթիվ վկայություններ լույս են սփռում հազարամյակների հեռվից «առեղծվածային ձևով անհետացած» թվացող քաղաքակրթությունների վրա:
Թալանված, հրդեհներով ու ավերածություներով կործանված երբեմնի հզոր տերությունների, քաղաք-պետությունների՝ ճակատագրական իրավիճակների, անկումների, վախճանի վկայություններից են և Ուգարիթ քաղաքի ավերի նկարագրությունը, նաև՝ խեթական շրջանից մնացած բազմաթիվ սեպագիր սալիկներ…
Համաձայն եգիպտական տեքստերի՝ Հաթի Երկրի կործանման պատճառը «Ծովի ժողովուրդների» արշավանքների հետևանքով էր (Հասկի Երկիրը Խորենացու հիշած՝ Մշակի Երկիրն էր):
Էլ-Ամառնայից հայտնաբերված արքունական դիվանում, փյունիկյան քաղաք Բիբլոսի (այսօրվա Լիբանանում)՝ Ռիբ-Ադա անունով թագավորի գրած մոտ 60 նամակներն են նաև՝ հասցեագրված Եգիպտոսի փարավոն Աքենաթոնին (ն.թ.ա 14-րդ դար):
Որոշ նամակներում նա սարսափով ահազանգում է թափառաշրջիկ, աղքատ մի խավի՝ «Ապիրու» (Հաբիրու) կոչվող ավազակախմբերի՝ միավորված-համագործակցված թալանչիական հարձակումներն ու նրանց կողմից հերթով կատարված՝ իշխանների սպանությունները (այսօրվա Լիբանանի լեռնային շրջաններում, Փյունիկյան «Արքա» կոչվող քաղաքում ևս):
Խեթական թուլացած կայսրության վերջին էջը ն.թ.ա 8-րդ դարում Ասորեստանի հարձակումներով փակվեց…
Հոլանդիայում, Ռեմբրանդտի ծննդավայր Լեյդեն ( Leyde, Leyden) քաղաքի թանգարանում, 344 համարով թվագրված, Հին Եգիպտոսից այստեղ հասած մի կարևոր տեքստ կա, հայտնի որպես «Լեյդենի Պապիրուսից» հատված՝ «Իպու-Ուրի (կամ՝ Իպուվերի, Կ.Ա.) ողբ» անունով:
19-րդ դարի սկզբին Մեմֆիսից հայտնաբերված, վատ վիճակում պահպանված հիշյալ ձեռագիրը, գտնվելուց մոտ 80 տարի հետո թարգմանվելով, ներկայացնում է քաղաքական, տնտեսական ու բարոյական ճգնաժամի փուլում ավանդական արժեքներից կտրված մարդու՝ Իպուվեր անունով գրագրի մտահոգությունն ու ողբը (նրա որոշ հատվածներ մեջբերված են Զ.Կասիդովսկու «Երբ Արևը Աստված էր» գրքում՝ հայերեն հրատարակված 1985 թվականին, (էջ 136): Ահավասիկ՝
«…Տեսե՜ք, կատարվեցին գործեր, որ, թվում է, երբեք չպետք է կատարվեին…
Աղքատ մարդիկ բռնել են թագավորին…
Հիրավի, դատական գեղեցիկ պալատ:
Թալանված են նրա վավերագրերը, գաղտնարանները զրկվել են իրենց պարունակությունից…
Հիրավի, բացվել են արխիվները:
Թալանվել են դրանց հարկային հրովարտակները:
Ստրուկները դարձել են ստրկատերեր:
Հիրավի, աստիճանավորները սպանված են:
Նրանց փաստաթղթերը վերցված են:
Հիրավի, բերքը հաշվառող գրագիրները, ցուցակները ոչնչացված են:
Եգիպտոսի հացահատիկը ընդհանուր սեփականություն է դարձել…
Դատական պալատի օրենքների փաթեթները դուրս են նետված, դրանց վրայով քայլում են խաչմերուկներում:
Աղքատ մարդիկ փողոցներում ջարդում են դրանց կնիքները…
Աղքատ մարդիկ ելումուտ են անում Մեծ Պալատները»…
Իրադարձությունների մի այլ նկարագրություն՝
«…Ոչ մի տեղ չկա երեկվա մարդը…
Հիրավի, երկիրը շուռ է եկել բրուտի դուրգի նման…
Նա, ով չէր կարողանում իր համար սարկոֆագ շինել, հիմա դամբարանի տեր է դարձել:
Տեսե՜ք, դամբարանատերերին շպրտել են բլուրների կատարը…Նա, ով նույնիսկ պատի մոտ չէր քնում, հիմա օթյակի սեփականատեր է դարձել…
Տեսե՜ք, շքեղ հանդերձների տերերը հիմա քրջերի (ցնցոտիների, Կ.Ա.) մեջ են:
Նա, ով երբեք իր համար ոչինչ չէր գործել, հիմա նուրբ կտավի տեր է…
Նա, ով իր համար երբեք մակույկ իսկ չէր շինել, հիմա նավերի տեր է դարձել:
Մինչդեռ նավերի իսկական սեփականատերը նայում է դրանց, բայց դրանք արդեն չեն պատկանում իրեն…
Տեսե՜ք, երկրի ռամիկները հարստացել են:
Հարստությունների տերերը չունևոր են դարձել»:
Մի այլ հատվածում՝
…«Նա, ով տեղյակ չէր քնարից, տավիղ ունի:
Տեսե՜ք, կինը, որ իր դեմքը ջրում էր դիտում, բրոնզե հայելի ունի:
Ամեն լավ բան անհետացավ…»:
Անցած պայծառ օրերի կարոտով շարունակում է՝
«…Լավ է, երբ մարդու ձեռքերը բուրգեր են հառնում, լճեր են փորում և ծառեր տնկում դիցերի համար»:
Մոռացության մատնված պաշտամունքը ողբալով, ավելացնում է՝
«Հիշի՛ր կաթի պես ճերմակակավ տաճարը, հորիզոնի նուրբ բույրը, հարուստ նվիրատվությունները…
Հիշի՛ր այնտեղի խունկը, արշալույսին սափորներից հեղված ջուրը:
Հիշի՛ր յուղալի թռչուները, սագերն ու բադերը, և նվիրաբերությունները, որոնք դրվում էին դիցերի համար…»:
Կանխագուշակելով «Ոսկե Դարի» մոռացության բերած չարիքը, հավելում է՝
«Կթագավորեն բռնությունը, հանցագործություններն ու գողությունը…
Բարձրաշխարհիկները կոչնչացվեն, բոլոր արժեքները կշրջվեն:
Ծեսերն այլևս չեն մատուցվի, դիցերին այլևս նվիրաբերություն չի արվի:
Թագավորական պալատը կթալանվի, Փարավոնի մումիան կպղծվի…
Օրենքները կոտնահարվեն և գաղտնիքները դավաճանաբար կմատնվեն»…
«…Բայց ոմանք կմերժեն այդքան դժբախտությունները և հույսը կվերածնվի, երբ կվերհիշվեն իրական արժեքները:
Եթե Փարավոնը գիտակից է իր պարտականություններին և փառաբանում է Մաատին (Արդարության և Ճշմարտության, Խաղաղության, Աշխարհի կարգուկանոնի ու հավասարակշռության եգիպտական դիցը, Կ.Ա.), Երջանկության ժամանակը կվերադառնա»…
Այս իրադարձություններից անմիջապես հետո են հայտնվում Հիքսոսները Եգիպտոսում՝ հավանաբար, կարգուկանոնի վերականգնման նպատակով …
Մեր հինավուրց Հայրենիքի այսօրվա մի բուռ Հողում Արդարության հաղթանակի Հույսով, Հավատով ու անհամբեր Սպասումով…