ՎԻՐԱՊ, ԽՈ՜Ր ՎԻՐԱՊ…Կամ՝«…Ձայնք հնչեցին Սանդարամետք Անդնդոց»՝

Խոր Վիրապ

Ինչպես Սահակ Ձորափորեցի կաթողիկոսի հեղինակած շարականում է երգվում…
Սանդարամետը (կամ՝ Սպանդարամետը), Հայոց և Պարսից մոտ «Աշխարհիս մաքուր և հնազանդ Ոգին» էր, քրիստոնեության մեջ՝ հակառակ իմաստն ստացավ՝ դառնալով «Դժոխային Անդնդոց թագավորության Ոգին»…

Երկրային կյանքից հետո գոյություն ունեցող մի այլ կյանքի, Հոգու անմահության հարցերը մարդուն հետաքրքրել են ի սկզբանէ:

Անմահությունը դիցերին էր շնորհված միայն, մահկանացուներին՝ գոյության բնական ավարտ էր նախատեսված:

Այնուամենայնիվ, ամենահին պատումներում արդեն անմահության որոնումների ուղիները Գիլգամեշին Վան էին բերել՝ կյանքը հավերժ վերանորոգող բույսը գտնելու…

Հին աշխարհում նախնիների պաշտամունքն էր, որը ենթադրում էր մահացածի հետ կապը պահպանելու հնարավորությունը նաև:

Հնագույն բազմաթիվ տեքստերում արծարծվում է հերոսացված — սրբացված նախնիների՝ ողջերի կյանքի վրա ունեցած բարերար ազդեցության պատկերացումների, հավատալիքների մասին ևնրանց միջոցով կարևոր իրադարձությունների ելքը կանխորոշելու նպատակով կատարվող գուշակությունների մասին ( «Symbolique de mort et de renaissance dans les cultes et les rites éblaïtes : dga-na-na, les ancêtres et la royauté», Jacopo Pasquali, Dans Revue d’assyriologie et d’archéologie orientale2013/1 (Vol. 107), pages 43 à 70):

Ստրաբոնի վկայությամբ (Strabo, xv νεκρομαντία)՝ Պարսկաստանի ժողովուրդների մոտ, նաև՝ Քաղդեում (Chaldée), Էտրուրիայում և Բաբելոնում, գուշակությունների ձևերից ամենակարևորը մահացածների ոգեկոչումով գուշակությունն էր (nécromancie):

«Ոդիսական»-ում Ուլիսը՝ Ոդիսևսը, ճամփորդում է Հադեսի մոտ՝ Ստորգետնյա աշխարհ (Մեռյալների թագավորություն) և ոգեկոչում մահացածների ոգիները՝ Սիրսեից սովորած հատուկ ձևակերպումների միջոցով…

Երկրային կյանքին հաջորդող Աշխարհի գոյության մտահոգությունից ծնված՝ Հանգուցյալի հոգու հանդեպ խնամքն ու հոգատար վերաբերմունքը կարևոր էին բոլոր քաղաքակրթություններում (հատկապես, որ ամենքն այնտեղով էին անցնելու)…

Մինչ օրս Ինդոնեզիայում, տեղաբնիկ մի ցեղ՝ Torajas անվամբ, ամեն տարի իրենց հանգուցյալներին հողից հանելով՝ խնամում են՝ դին լվանում, հանդերձները փոխում, իրենց հոգածության դիմաց նրանց բարեհաճությունն ստանալու ակնկալիքով, նաև՝ «վերևի մարդկանց» հովանավորությամբ բրնձի բերքի առատությունն ապահովելու նկատառումով (արևի տակ թողնելով՝ քայքայման հետևանքների վարակիչ վտանգից զերծ են մնում)…

Ներկայացնելով Գ. Նարեկացու և նրա ժամանակաշրջանի աշխարհայացքը տիեզերքի, մահվան ու «այն աշխարհի» առեղծվածի մասին, Մ.Աբեղյանը գրում է (Ընդհանուր երկեր, հ. 3. էջ 588)՝

«Նրա երկի մանրամասնությունների մեջ մենք տեսնում ենք ընդհանրապես հին քրիստոնյայի և մասնավորապես մենակյացի եղերերգական վիճակն իր ամրողջ պատկերով և աշխարհայեցությամբ։
Տիեզերքը չունի նրա, ինչպես և ուրիշների համար այն մեծությունը, ինչ որ հիմա մեզ համար։
Դա կազմում էր մի երեք հարկանի մեծ շենք՝ երկինք, երկիր և դժօխք կամ սանդարամետք անդնդոց, — աստուծու, հրեշտակների ու արդարների բնակարանը, մարդկանց ժամանակավոր կացարանը և սատանաների տանջարանը»:

Միջնադարյան այս պատկերացումների արմատները դեռևս վաղնջական ժամանակներում են:

Մանրամասն քննարկելով Հոմերոսի «Իլիական»-ով անմահացած Տրոյայի պաշտպանների ինքնության պարզաբանման հարցերը, R.Lebrun-ը մեջբերում է պատերազմն ավարտելու առիթով արտասանած՝ Ագամեմնոնի ուղերձը, նշելով մի այլ հեղինակի՝ J. Puhvel-ի դիտարկումը, համաձայն որի «հիշյալ կարճ աղոթքը խեթական-անատոլիական է» (հայկական է, Կ.Ա.), ոչ թե հունական, քանզի Փոքր Ասիայի դիցերն են հիշվում:

Երդման վկա դիցերը նույն հաջորդականությամբ են, ինչ խեթական-լուվիական (հայկական, Կ.Ա.) համաձայնագրերի ու երդումների տեքստերում որպես վկա-հովանավոր նշվող դիցերը՝ Ամպրոպի դից Զևսը Թարքուն է (Թեշուբը, Փայլակը), Ամենատես ու Ամենալուր (ամեն ինչ տեսնող ու ամեն ինչ լսող, Կ.Ա.) Արևը (Արեգակը, Կ.Ա.), բնության ուժերը և, ի վերջո, Ստորգետնյա թագավորության դիցը («L’identité des Troyens», René Lebrun, «Quaestiones Homericae», Acta Colloquii Namurcensis, 1998, էջ 158):

Հունական դիցաբանական սյուժեներում բավականին հաճախ է հանդիպում Էջքը՝ կատաբազը (catabase), երբ պատումի հերոսն իր փորձությունների շարքում իջնում է Անդրաշխարհ (դժոխք), ուր մահվանից հետո գնում են բոլոր հոգիները՝ իրենց «դատաստանի» համար:

Ի դեպ, Փարիզի հայտնի պողոտան՝ Շանզելիզեն՝ Champs Élysée-ն՝ թարգմանությամբ՝ «Եղիսեյան դաշտեր» անունով, հունական դիցաբանության մեջ Անդրաշխարհի մի հատվածն էր, «Հադեսի թագավորությունից» առաջ, ուր «հյուրընկալվում» էին մեծաբարո հոգիներն՝ իրենց Վերածնունդից առաջ:
Քրիստոնեության մեջ «քավարանը», պատժի վայրը՝ դժոխքը, այլ իմաստավորմամբ են:

Ղ.Ալիշանն իր «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց» գրքում ներկայացնում է Հայոց ձեռագիր հին մատյաններում հանդիպող՝ «Տխուրք», «Թշվառ ոգւոց տխուր կապարան», «Խորափոր խավարային բանտ», «Հոգու համառոտ դատաստանի» մասին հիշատակությունները: Ագաթանգեղոսի մոտ՝ «Ձայնք հնչեցին ի ձորն դատաստանի»…

Վաղնջական ժամանակներից եկող՝ մեռյալների պաշտամունքի կարևորությունն ըմբռնելու համար հարկ է ծանոթանալ նրա հետ կապված հավատալիքների ակունքներին:

Նախկին մի գրառման առիթով արծարծվեց հին Եգիպտոսում երկրային կյանքի ավարտը խորհրդանշող մահը՝ որպես զուտ «աշխարհի փոփոխության» ընկալումը:

Ն.թ.ա 1963-1898 թվականներին վերագրվող եգիպտական մի դամբարանում, սարկոֆագի խորքում դրված քարտեզ է հայտնաբերվել՝ Հանդերձյալ աշխարհի մանրամասների նկարագրությամբ՝ Երկրային, Երկնային ու Ստորգետնյա աշխարհների հնարավոր ուղիներով…

Հին եգիպտական տեքստերից հայտնի է «Երկնքի դռներ» անվանումը, որը դիցի քանդակը պարփակող պահարանի դռներին էր վերաբերում:
Նրանց բացումով մարդկանց և դիցերի աշխարհների հաղորդակցությունն էր ապահովվում:
Նրանց փակումն ապագա Վերածննդի նախերգանքն էր:

Եգիպտական «Երկնքի դռները»

2008թվականին Լուվրի թանգարանում մի ցուցադրության առիթով, ֆիզիկական իրականության և հոգևոր-մտային աշխարհների միջև անցումը խորհրդանշող նման դռներ էին ցուցադրվում (լուսանկարը՝ ստորև):

Համանման պատկերացումներ ունեին և մեր հեռավոր նախնիք՝ նավակով ստորգետնյա ճամփորդությամբ անդրաշխարհից դեպի Հավերժություն ու Լույս («Հայկական Արքայական հովիտի»՝ «Նավեր» անվանումը (Վերին և Ներքին Նավեր), փոխադրման իմաստից բացի, նաև՝ որպես մի Նոր կյանքի խորհրդանիշ է (Նաւ-Նօր -Նավասարդ) …
Հիշենք Հուրիական դիցաբանության մեջ՝ Թելիպինուի և նրա նման՝ «Սասնա Ծռեր» էպոսի՝ ժայռում փակված Փոքր Մհերի խորհրդանիշ ժայռափոր «Դուռը»՝ եգիպտական հիշյալ «Դռների» իմաստը հիշեցնող (Թելիպինուի համար ևս, հնագույն շրջանում, ժայռի վրա փորված, չբացվող խորհրդանշական «Դռներ» էին քանդակում) …

Ծագումով Հայերի հետ կապվող Էտրուսկյան մշակույթից հայտնի են նրանց կառուցած «մունդուսները»՝ կլորավուն փոսերը (վիրապները)՝ նախատեսված Ստորգետնյա աշխարհի դիցերին նվիրատվությունների համար:

Էմիլիա Մասոնի՝ «Խեթերի Մունդուսը» աշխատության մեջ կարդում ենք (Emilia Masson «Le Mundus des Hitittes»թ, dans «Le combat pour l’immortalité», 1991, էջ 279-296)՝

«Բոլոր հնագույն հասարակություններում գլխավոր մտահոգություններից է Ստորգետնյա Աշխարհի հետ հաղորդակցությունը:

Համաձայն հավատալիքների, այդ կապը հաստատվում է հատուկ վայրերում, հատուկ իրադրություններում և հատուկ առիթներով: Բայց ի՛նչ սկզբունքով էլ լինի, միշտ նույն հիմնական տարրն ենք գտնում՝ հողում փորված փոս (վիրապ, Կ.Ա.), որի միջոցով անմիջականորեն կհաստատվեր ցանկալի հաղորդակցությունը:

Հնդեվրոպական ավանդույթներում, գետերի ափերն ու, ընդհանրապես, ջրերի մերձակայքը, նման կապերի հաստատման համար նպաստավոր վայրեր էին, համաձայն հավատալիքների, այնտեղ են ստորգետնյա դիցերը կամ մեռյալների հոգիները բնակվում:
Փորում էին ըստ հնարավոր մուտքերի՝ նրանց աղոթքի (հայցման,Կ.Ա.) կամ նվիրաբերությունների համար»:

Անդրաշխարհ իջնելու և այնտեղի գտնվողների հետ հաղորդակցվելու առաջին պատումներն առկա են մարդկությանը ցարդ հայտնի հնագույն տեքստերում՝ շումերական դիցաբանության մեջ՝ «Ինանայի էջքը դժոխք»:

Ինչպես Գիլգամեշն իր ընկերոջ՝ Էնկիդուի համար իջավ Անդրաշխարհ, այնպես էլ, հունական դիցաբանության մեջ, Օրփեոսն իր մահացած կնոջը՝ Էվրիդիկեին հանդերձյալ աշխարհից ապրողների աշխարհ վերադարձնելու հույսով իջավ Ստորգետնյա թագավորություն:

Ցայսօր էլ, որպես «երկու աշխարհների միջև եղած կապի» մի հեռավոր արձագանք, Երուսաղեմում, Զատկի տոնի նախօրեին Քրիստոսի գերեզմանն իջնելով, հատուկ արարողությամբ, վառվող լապտերով գերեզմանից դուրս է բերվում Հարությունը խորհրդանշող կրակը՝ լույսն ու փոխանցվում ուխտավորներին, այլ եկեղեցիներին (Կրակի, Լույսի խորհուրդն էլ խորհրդածության մի այլ՝ հսկայական թեմա է) …

Հին Կտակարանում (Երկրորդ Օրինաց, գլ. ԻԼ (28):26), պատվիրազանցության դեպքում հնչող անեծքների թվարկման մեջ կարդում ենք՝

…«Եվ քո մարմինը երկնքի բոլոր թռչուններին և երկրի գազաններին կերակուր կլինի»…

Դեռևս Պորտասարից, Չատալ Հոյուկից հայտնի՝ թաղման մի սովորույթ էր հանգուցյալի դին Երկինքը (Աստվածայինը) խորհրդանշող Անգղերին թողնելը (գլուխն առանձնացվում-պահվում էր):

«Անգղերի քարակոթողը» (ն.թ.ա 2460թ.)
«Անգղերի քարակոթողը» (ն.թ.ա 2460թ.)

Փարիզում, Լուվրի թանգարանի ցուցանմուշներից մեկը՝ ն.թ.ա 2460 թվականին վերագրվող մի սալիկ, ներկայացնում է Լագաշ քաղաքի արքա Էանատումի հաղթանակը հարևան Ումմայի նկատմամբ՝ նշելով «մինչև երկինք բարձրացող 3.600 դիակների (ոսկորների, Կ.Ա.) թաղման համար 20 տումուլիի կառուցումը»:
(«Տումուլուսը», լատիներենով հոգնակին՝ «տումուլի», կլորավուն բլրի կամ այլ տեսքով, տարբեր չափերի արհեստական կառույց է՝ թաղման նպատակով:
Ստորև՝ Հունաստանում՝ Մարաթոնի հայտնի ճակատամարտում զոհված Աթենացիների տումուլուսի լուսանկարը՝ Դվինի «Բուրգն» հիշեցնող (ըստ Խորենացու՝ «Դվին» պարսկերենով «Բլուր» է նշանակում), հնարավոր է՝ նույն կիրառությամբ՝ մինչև պեղումներով որոշակիացումը):

Դվին
Հունաստանում, Մարաթոնի ճակատամարտում զոհված Աթենացիների տումուլուսը
Տումուլուսի կտրվածքը

Լուվրում պահվող վերոհիշյալ քարակոթողի վրա դիակները հոշոտող անգղներն են նաև պատկերված, որտեղից էլ նրան տրված՝ «Անգղների (Անգեղաց) կոթող» անվանումը:

Զրադաշտականության (մազդեականության) հետևորդների միջոցով ցարդ որոշ ցեղերի՝ հատկապես Իրանում կրոնական հեղափոխությունից հետո եղած արգելքի հետևանքով առավելապես Հնդկաստանում՝ Մումբայում (Բոմբեյում) ապրող պարսերի մոտ հարատևած այս ավանդույթի վկայություններից է այսօրվա Հայաստանի տարածքում՝ Աղավնատուն գյուղում պահպանված Աշտարակը, որը ներկայացրել է վաստակաշատ հնագետ, արևելագետ և պատմաբան Զոհրապ Մուղդուսյանն իր էջում:
Մե՜ծ շնորհակալություն հայտնելով մեր բազմավաստակ ուսումնասիրողին՝ Աղավնատան հիշյալ Աշտարակի երկու լուսանկար՝ իր «Աղավնատան Աշտարակի առեղծվածը» գրառումից՝ ստորև:

Մումբայում (Բոմբեյում) — Հնդկաստանում պարսերի (ֆարսի) թաղման այդ սովորույթը շարունակելու համար այսօր անգղներն արհեստականորեն են բուծում…

Ոչ մաքուր համարվող դիակի կազմալուծումից՝ փտումից բնության սրբազան տարրերը՝ հողը, ջուրը, կրակն անաղարտ պահելու նպատակով, «Լռության աշտարակ» (պարսկերենով՝ «Դախմա» կամ «Դախմե») կոչված շինությունների վրա անգղների բաժին էին այն դարձնում՝ մնացած ոսկորները նետելով աշտարակի կենտրոնում գտնվող խորը փոսի մեջ:

«Լռության աշտարակ»՝ Դախմա (Դախմե) Յազդի մերձակայքում (Իրան)
«Լռության աշտարակ»՝ Դախմա (Դախմե) Յազդի մերձակայքում (Իրան)
«Լռության աշտարակը» Յազդում (Իրանում)

Աշտարակ («Լռության աշտարակ»)՝ Աղավնատուն գյուղում
Լուսանկարը՝ Զոհրաբ Մուղդուսյանի՝ «Աղավնատան Աշտարակի առեղծվածը» գրառումից

Աշտարակ («Լռության աշտարակ»)՝ Աղավնատուն գյուղում
Լուսանկարը՝ Զոհրաբ Մուղդուսյանի՝ «Աղավնատան Աշտարակի առեղծվածը» գրառումից

Նիկիտա Միխալկովի՝ 1991 թվականին նկարահանված «Ուրգա» ֆիլմում մի երկխոսության մեջ նշվում է նման ավանդույթի մասին (ռուս վարորդը սարսափած ահազանգում է մի մոնղոլի՝ անգղերի կողմից հոշոտվող դիակի մասին, վերջինս ասում է, որ իր ազգականն էր՝ լավ մարդ էր)…

Պարսկերենում «արքայական սուրհանդակ» իմաստը կրող «Անգղ» -ը հնագույն շրջանում Երկնքի դիցերի՝ «Աստվածների սուրհանդակն» էր համարվում (Տորք Անգեղի մասին՝ ծավալուն ուսումնասիրության թեմա, առավել ևս, որ Անգեղ-Ներգալը նաև որպես Անդրաշխարհի դից էր ներկայացվում …):

Հայաստանում քրիստոնեության տարածումից հետո այլ պատմությամբ հայտնի գետնափոր «Վիրապը»՝ Ստորգետնյա «Անդունդը», հավանաբար Անդրաշխարհի հետ հաղորդակցվելու մի վայր էր՝ ոչ հեռու, Մեծ Մասիսի հյուսիսային լանջին՝ «Փլած Մեծի Լերինն» անունով ընդարձակ խորխորատ «Վիհ Մասեաց»-ից, ուր, ըստ ավանդության, որսի ժամանակ գետնակուլ է եղել Արտավազդ Ա թագավորն ու շղթայվել Քաջքերի կողմից…

Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։

Աներևույթ աշխարհի, ստորգետնյա գետերի և Անդրաշխարհի հետ նրանց կապի, բազմաթիվ զանազան խորհուրդների լուսաբանումը՝ մի այլ առիթով…

Ազգագրության և հնագույն հավատալիքների ուսումնասիրության համար թաղումներն, իրավամբ, հարուստ աղբյուր են:

Անդրաշխարհից այսօր էլ մեզ «պատմություններ են պատմում» և հուսադրում՝ ավելի իմաստուն ապագայի համար…

Խոր Վիրապ
Խոր Վիրապ
Խոր Վիրապ
Խոր Վիրապ

Մեծ Հայքի Չորրորդ Հայք Աշխարհի Անգեղտան գավառի Անգեղի Սրբավայրից մի հատված

Խեթական շրջանից՝ Անդրաշխարհյան ծեսի համար նախատեսված ստորգետնյա կառույց
Խեթական շրջանից՝ Անդրաշխարհյան ծեսի համար նախատեսված ստորգետնյա կառույց
19-րդ դարի ֆրանսիացի գեղանկարիչ Կամիլ Կորոյի՝ «Օրփեոսը՝ Եվրիդիկեին Անդրաշխարհից հանելիս», (1861թ., Հուստոնի Գեղեցիկ արվեստների թանգարան)
19-րդ դարի ֆրանսիացի գեղանկարիչ Կամիլ Կորոյի՝ «Օրփեոսը՝ Եվրիդիկեին Անդրաշխարհից հանելիս», (1861թ., Հուստոնի Գեղեցիկ արվեստների թանգարան)
Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով