ՀԱՅՏՆԻ ՈՒ ԱՆՀԱՅՏ, ԺԱՅՌԱՓՈՐ ՈՒ ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ…

Բյուրակն — Մնձուրյան լեռնաշղթայում, Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի Տարոն գավառում, Արածանի գետի վերին հոսանքում, Ագաթանգեղոսի հիշատակությամբ՝ հնագույն մեհյանների սրբավայրում է Քարքե լեռը:

Նրա՝ «դեռ վաղեմի դիցանվեր անտառներով հովանավորվող գեղեցիկ բարձրավանդակներում կանգնած Հայոց մեծագանձ տաճարների»՝ «Հաշտից տեղերի» և Նավասարդ ամսվա սկզբին նրանց շուրջը կատարվող ընդհանրական աշխարհախումբ զվարթ տոնակատարությունների նկարագրությունն է թողել Րաֆֆին՝

«Նոր տարին բերում էր յուր հետ և նոր կյանք: Հայաստանը այդ տոնախմբության ժամանակ պետք է ցույց տար յուր աստվածներին յուր անցյալ տարվա հառաջադիմության պտուղները:
Վահագնը քաջություն էր պահանջում, Անահիտը` արհեստ, իսկ Աստղիկը` սեր և բանաստեղծություն:

Կատարվում էին հանճարի և քաջության մրցություններ:Բանաստեղծը յուր հորինած երգն էր երգում, երաժիշտը ածում էր յուր բամբիռի վրա, ըմբիշը յուր բազուկների ուժն էր ցույց տալիս, իսկ վարպետը` յուր գեղարվեստի արդյունքը:

Լինում էին զինախաղեր, լինում էին մենամարտություններ, քաջը՝ քաջի հետ և մարդը` կատաղի ցուլի կամ գազանի հետ:
Լինում էին արշավանքներ` ձիաներով, կառքերով, կամ ոտով` արագավազ եղջերուների հետ:

Հաղթողը ստանում էր այն վարդյա պսակներից մեկը, որոնցով զարդարված էր լինում Աստղկա վարդերով վառված տաճարը:
Այդ պատճառով այդ տոնախմբությունը կոչվում էր Վարդավառի տոնախմբություն»:

Եվ գրեթե նույնն է նկարագրվում խեթերի մայրաքաղաք Հատուշայից հայտնաբերված՝ 3.500 տարվա վաղեմության սեպագիր սալիկներում (որպես «վարպետը` յուր գեղարվեստի արդյունք»՝
տեքստերում հիշվում է նաև, որ մետաղագործներն իրենց լավագույն աշխատանքներով էին մրցում) …

Ղ.Ալիշանն իր «Հին հավատք կամ հեթանոսական կրօնք Հայոց» գրքում գրում է՝

«Պաշտամունքասեր ժողովուրդը իր աղոթքը, նվիրաբերությունները և զոհաբերությունները կատարում էր մեհյաններից դուրս բակում կամ ոչ փակ տեղում՝ բագինների դիմաց կանգնած։
Դա հայտնի է դարձնում նաև առաջին մեհյանները շատացնող աշխարհակալ Տիգրանի մասին ասվածը․
«Մեհեանս շինեալ և առաջի մեհենիցն բագին․․․ կանգնել, զոհս՝ ամենայն նախարարացն հրամայէ մատուցանել, հանդերձ երկրպագութեամբ»։

Ասվածից գուշակվում է, որ հասարակ և աղքատ ժողովուրդը բագինին նույնիսկ չէր մոտենում, այլ իր պաշտամունքը կատարում կամ հանդեսները դիտում էր՝ հեռվում կանգնած»։

Իսպանիայում ապրած՝ 7-րդ դարի հայտնի կրոնավոր (հետագայում՝ սրբացված) Իսիդոր Սևիլացու «Ծագումնաբանություններ» աշխատության մեջ («Etymologiae», գիրք 15, 4), կարդում ենք (թարգմանությամբ)՝

«Սրբազան են Աստվածային պաշտամունքի համար ստեղծված վայրերը, որոնցում դիցին ձոնված խորաններն են նվիրաբերվում քահանայապետի օծումով՝ կանոնակարգի համաձայն, այն դիցին բարեհաճ դարձնելու նպատակով:
Հների մոտ «Սրբազանը» տաճարի շուրջ արտաքին մասն էր:
Ինչ վերաբերում է «Սրբություն Սրբոց»-ին՝ այն Տաճարի ամենագաղտնի մասն էր, ուր մուտքի իրավունք ուներ միայն քրմապետը:
Այն «Սրբություն Սրբոց» է կոչվում, քանզի այս վայրը ավելի սուրբ է, քան դուրսը, կամ, որ, Սրբության հետ համեմատած, այն ավելի Սուրբ է (նույն ձևով, ինչպես ասվում է՝ «Երգ Երգոց»):

Խեթական սալիկներում նույն միտքն է…
Տաճարի հիմնադրման առիթով շրջակա տարածքի սրբագործման արարողության մասին նախորդ գրառումներում հիշելու առիթն ենք ունեցել…

Հին քարեդարի ժամանակաշրջանից ի վեր Հայկական Լեռնաշխարհի ողջ տարածքում ու նրա հարակից շրջաններում հայտնաբերված հարուստ հնագիտական նյութերը փաստում են զանազան սրբավայրերի առկայությունը՝ Պորտասարից, Չաթալ Հոյուկից մինչև Յազիլիկայա (թարգմանաբար՝ «Քանդակազարդ ժայռ», այսօրվա Թուրքիայի տարածքում), մինչև Ագարակ ու … Գեղարդ …

«Անկարծելի վայրերում խնամքով թաքնված հեթանոսական պաշտամունքարանների վրա» հետագա ուսումնասիրողների ուշադրությունն է հրավիրել դեռևս Ղ.Ալիշանն իր հիշյալ գրքում («Հին հավատք կամ հեթանոսական կրօնք Հայոց»)՝

«Արագածի Աղց գյուղի մոտ էլ՝ լեռան մեջ, փորված է մի խոր տեղ՝ մատուռի ձևով՝ խորանով հանդերձ, որի մեջ կանգնեցված է մի փոքրիկ սյուն՝ երկու կողմերում կիսաբոլոր խորշեր, մարդկանց ու կենդանիների քանդակապատկերներ։
Դրանք տեսնողը (Հովհ․ Շահխաթունյան) հիշատակում է նաև դրանց նման վայրեր Արմավիրում և Երվանդակերտում, որոնք արժանի են նոր քննության ու նկարագրության։

Եթե այսպիսի անծանոթ ու անկարծելի վայրերը խնամքով քննվեին, գուցե դեռ հեթանոսական պաշտամունքարանների ավելի շատ հետքեր երևային, քան թե հայտնի և բացօթյա տեղերում շինվածներն են, որոնք տեսանելի լինելու պատճառով էլ շուտով աներևույթ եղան Քրիստոսի խաչի զորությամբ և Լուսավորչի ու Տրդատի ձեռքով, որոնց ավերածներից պատմիչները հիշատակել են միայն գլխավորները, իսկ մնացածների մասին հայտնում են մեկ բառով՝ ամենայն։

Դրանք, եթե հայոց քրիստոնեական տաճարների բազմության հետ մտածվեն, նույնպես բազմաթիվ կարող էին լինել, բայց, ինչպես ասացինք, ոչ մեծ և ոչ նշանավոր։
Եվ մեր հեթանոս նախահայրերը ավելի շատ ուխտատեղիներ դիմող են երևում, քան առանձին աղոթողներ»:

Նախաքրիստոնեական սրբավայրերից քրիստոնեականի վերածված մի համալիր է Կոտայքի մարզի Գողթն գյուղի լեռներում բազմած Գեղարդվանքը (Այրիվանքը՝ «Քարայրների վանքը»):

Վանքի գլխավոր գավթի ներսում պահպանված աղբյուրը, հազարամյակների հեռվից, ուխտավորների հուշն է պահպանել՝ չնայած հետագայում, ժամանակի թելադրանքով կատարված՝ իրեն շրջապատող բարձրարվեստ ճարտարապետական շինության և նրա քանդակների ու զարդամոտիվների իմաստափոխության…

Վաղնջական ժամանակներից եկող՝ ջրի պաշտամունքի՝ Ազատ գետի ակունքներից մեկի մոտ գտնվող բնականորեն ժայռափոր մեհյանին փոխարինած եզակի այս համալիրը հետագայում գրչության հայտնի կենտրոն էր, դպրանոց և միշտ՝ ուխտատեղի…

Ինչպես այսօրվա Հայաստանի սահմաններից հեռու՝ Արածանիի՝ (Արևելյան Եփրատի) Ակունքներում գտնվող մի այլ սրբավայր՝ Գ.Սրվանձտյանի բնորոշումով՝ «Ոսկեղեն մի Երկրի»՝ երբեմնի հզոր Անգեղտան, Ծոփաց թագավորության հռչակավոր ուխտատեղին…

Հավերժական կյանքի խորհրդանիշ կենարար Ջրի պաշտամունքը, որպես Կենաց Աղբյուր, ամենուր էր Հին աշխարհում:

Հին Հռոմի հռչակավոր պոետներից մեկի՝ Վերգիլիոսի (ն.թ.ա 70-19թթ.), հռոմեացիների ծագումը գովերգող «Էնեական» պոեմում հանդիպող «Սրբազան աղբյուր» արտահայտությունը մեկնաբանելով՝ Սերվիուսը 4-րդ դարում գրել է՝ «Չկա աղբյուր, որ սրբազան չլինի»…

Ջրի վաղնջական պաշտամունքի հետքերն այսօր էլ ամենուր են՝ զանազան ավանդույթների, Վիշապ-քարակոթողների կամ Աղբյուր-սրբավայրերի տեսքով…

Ժայռափոր տաճարների, բազմաթիվ սրբավայրերի փոքր-ինչ մանրամասն նկարագրելու հետագա առիթների հույսով և բոլորիդ՝ «Ջրի բերած Ամենայն բարիքի» մաղթանքով…

Ստորև լուսանկարներում՝ տեսարաններ Գեղարդից (գավիթն իր մեջ պահպանված ժայռաբուխ Սրբազան աղբյուրով), նաև՝ փոքրիկ հիշեցում Գառնիի այցելուներին՝ Սրբազան տարածքում առանձնահատուկ պահվածքի կարևորության մասին…

Գեղարդավանքում պահպանված՝ հնագույն սրբատեղին՝ ժայռաբուխ Սրբազան Աղբյուրը…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով