«էս դարում Մըսըր անհաղթ ու հըզորՄըսրա֊Մելիքն էր նըստած թագավոր»…

Հազարամյակների ընթացքում սերնդեսերունդ բանավոր փոխանցված ու միայն վերջերս՝ մոտ 150 տարի առաջ զանազան բարբառներով համեմված խոսքով գրի առնված «Սասնա Ծռեր» էպոսը՝ ազգային մտածելակերպի հարուստ պատկերներով, պատմական դեպքերի նկարագրության աննախադեպ շտեմարան է:

Բանահյուսական ժառանգության անգնահատելի այս հարստության առաջին ուսումնասիրողները հենց այն գրառողներն էին՝ Գ.Սրվանձտյանը, Մ.Աբեղյանը, Գ.Հովսեփյանը և այլք…

Մի ընդհանուր, առավել մեծ պատումի որոշ ճյուղերն են ընդամենը մեզ հասած պատառիկները՝ աստվածային գերագույն ուժով տոգորված՝ Սասնա Տան («Ջոջանց Տան») ներկայացուցիչները, որոնց սերնդի գլխավոր հերոսի անունով էլ կոչվում է չորս ճյուղերից յուրաքանչյուրը:

Ինչպես բանասացներից մեկը՝ Մուշից ոչ հեռու, 28կմ արևելքում գտնվող Առնիստ գյուղի բնակիչ Կրպոն (Կարապետն) է ասել՝ իր ուսուցիչն ավելի երկար տարբերակը գիտեր և երգում էր որոշ հատվածները ( Ն.Ադոնցի՝ «Սասնա Ծռեր» էպոսին համանման Բյուզանդական դյուցազներգության պատմական հիմքերը քննարկող մի հոդվածից, « Les fonds historiques de l’épopée byzantine Digenis Akritas»):

Անդրադառնանք պատումի դեպքերի ու հերոսների պատմական կողմի քննությանը՝ հիշելով, որ դարերի ընթացքում, բնականաբար, ավանդապատումը պիտի երանգավորվեր տարբեր ժամանակահատվածների մտածողությամբ, ինչպես, օրինակ, միջնադարում՝ Հայոց թագավորը ներկայացվում է որպես «խաչապաշտ»:

Ժառանգաբար անցնող «Խաչ Պատարագին» (կամ «Խաչ Պատերազմին»), «Թուր-Կեծակին» իրենց հեռավոր արմատներն ունեն խորը անցյալում:

Կարսի թագավոր Թևաթորոսի անունն իսկ հնագույն թևավոր Ցուլի (Թև — Թորոս — Տավր-Տավրոս — Տորք) արձագանքն է…

Ձենով Օհանը, ինչպես դեռևս Հ.Օրբելին է նրա կերպարում ձայնի ուժգնության ակունքը երկնային կայծակի որոտի շառաչի հետ կապել, այդ ժամանակաշրջանում գլխավոր դիցի՝ Փայլակի, Շանթի՝ Թեշուբի հզորության ու հովանավորության արտահայտությունն է:

Հերոսների՝ տիեզերածին ուժերից զորություն ստանալը բնորոշ էր հնագույն մտածողությանը:

Նույնը հունական հավատալիքներում էր՝ ուժասպառված Անթեոսն իր ուժերը վերականգնում էր հողին հպվելով… (Մեզ էլ այսօր նույնն է պետք…):

Դեռևս 1874 թվականին էպոսի պատմական հիմքին անդրադարձել է Հ.Օրբելին՝ Գագիկ թագավորին համարելով պատմականորեն հավաստի կերպար:
Սակայն նրան նույնացրել է Գագիկ Արծրունու հետ, որը կառուցել է Ոստան քաղաքը, վերաշինել Աղթամար կղզու բերդերը…

Գ. Սրվանձտյանը էպոսի առաջին ճյուղի որոշ դրվագներ նախաքրիստոնեական ժամանակների հետ է կապում՝ հիմք ընդունելով Աստվածաշնչի (Հին Կտակարանի), Մ.Խորենացու «Հայոց պատմության» և Թովմա Արծրունու «Արծրունյաց Տան պատմությունը»:

«Օրբելին գրում է. «Նրանց մասին արված հիշատակությունները արտացոլումն են ասորական
թագավորների այն բուն պատմական արշավանքների մասին, որոնք ուղղված էին մի երկրի դեմ, որը երկու-երեք դար հետո կոչվեց Հայաստան, իսկ այդ արշավանքների
ժամանակ կրում էր Ուրարտու անունը» (մեջբերումը՝ Ա.Դոլուխանյան, «Հովսեփ Օրբելին և «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսը», էջ 16, Երևան, 2015թ.):

Էպոսի ուսումնասիրողները զանազան «արդարացումով» փորձում են բացատրել ակնհայտ «անաքրոնիզմը»՝ ժամանակաշրջանի անհամապատասխանությունը՝ 10-րդ դարում ապրած Գագիկ թագավորի թոռներին՝ Սանասարին ու Բաղդասարին ներկայացնելով որպես նրանցից 17 դար (1700 տարի) առաջ ապրած՝ Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիներ:

Արծրունիների իշխանական ճյուղը, համաձայն տոհմական ավանդապատումների, մինչև Հայկ Նահապետից սերված Տորք Անգեղն է ձգվում:

Այսօր էլ, բարեբախտաբար, հարատևում է սերնդեսերունդ ազգի նահապետների անվան կրկնությունը: Բազմաթիվ են նույն անունով տարբեր արքաները, հատկապես, նույն գերդաստանից:

Ուստի, թերևս, 10 -րդ դարից հայտնի Գագիկ Արծրունին իրենից առաջ եղած նույնանուն արքաների պատվին է անվանակոչվել այդ անվամբ:

Համենայն դեպս, ասորական արքաների տարեգրություններում հիշվում է «Կակի-Թեշուբը», «Իկ-Թեշուբը», որն, ամենայն հավանականությամբ, Գագիկ անվան հնչյունափոխությունն է (գլխավոր դիցի անունն արքայի անվանը կից գործածվում էր նաև այլուր, Կիլիկիայում (Կիցուվատնա՝ Սիսվան) Թարքու ձևով էր):

«Սասնա Ծռեր» էպոսի՝ 1873 թվականին Գ.Սրվանձտյանի կողմից գրի առնված՝ Տարոնցի Կրպոյի (Կարապետի) պատմած տարբերակում պատմությունն սկսվում է «Սուրբ Կարապետի» վրա «Բաղդադի խալիֆայի» արշավանքով:

Ասորեստանի Սենեքերիմ արքայի (ն.թ.ա 705-681թթ.) մասին, իր տարեգրություններից բացի, տեղեկություններ կան և Աստվածաշնչում ( Դ Թագավորաց, Գլուխ Ի, 36:37, Եսայի, Գլուխ ԼԸ, 37:38)՝ ն.թ.ա 681 թվականին տաճարում իր «որդիների» կողմից սպանության նկարագրությամբ (Հ.Փլավիուսը ևս այն հիշատակել է) :

Ն.թ.ա. 714 թվականին Արդինի՝ Մուսասիրի հայտնի տաճարը թալանած Սարգոն Բ-ի (ն.թ.ա 722-705թթ.) որդին էր հիշյալ Սենեքերիմը՝ իշխանության եկած՝ հոր մահից հետո: (Էպոսում հիշվող՝ «Շատ առ ու ավար առած» հերթական արքաներից)…

Հետևաբար, ազգի պատմության մեջ դժվար մի փուլի՝ հզորության անկման շրջանի պատմական դեպքերի նկարագրությունն է խտացված մեր էպոսում (ինչպես հունականում՝ «Իլիականը»):

Ի դեպ, նրա (Սենեքերիմի) տարեգրություններում (նաև Աստվածաշնչում) նշվող՝ դեպի Երուսաղեմ կատարած արշավանքի մասին հիշատակվում է նաև «Սասնա Ծռեր» էպոսում:

Ժամանակի սկզբնաղբյուրների հիման վրա քննարկելով Ասորեստանի և Ուրարտուի (Բիայնիի, Վանի թագավորության) փոխհարաբերությունները հիշյալ ժամանակահատվածում, ավստրիացի ասորագետ Կ.Ռադները գրում է (Karen Radner, “ASSYRIANS AND URARTIANS”, էջ 741, հատված՝ հակիրճ թարգմանությամբ).

«…Ասարհադոնի (ն.թ.ա. 680-669թ.թ.) և Ասուրբանիպալի (ն.թ.ա. 668-627թ.թ.) գահակալության օրոք Ուրարտուի և Ասորեստանի հարաբերությունները Սենեքերիմի (ն.թ.ա.704-681թ.թ.) սպանության ու մարդասպանների՝ դեպի Ուրարտու փախուստի անմիջական ազդեցությունն են կրում:
Քանզի Սենեքերիմին սպանողներն իր հարազատ որդիներն էին ու Ասարհադոնի եղբայրները և, ուրեմն, ասորական գահի օրինական հավակնորդներն էին (քանի որ Ասորեստանում հայրասպանությունը կամ եղբայրասպանությունը թագաժառանգի համար խոչընդոտ չէր գահին տիրանալու համար) :

Նրանց՝ Ուրարտուի տարածքում գտնվելու պատճառով մինչև ն.թ.ա. 652 թվականն Ասորեստանը զգուշավոր էր առաջինիս հանդեպ, որովհետև եղբայրների ներկայությամբ վտանգված էր ասորական գահակալի անվտանգությունը։
Ասուրբանիպալն հետագայում (ն.թ.ա.625թ.-ից հետո) փոխում է դիրքորոշումը։
Ժամանակի ասորական սկզբնաղբյուրներում, ի տարբերություն իր բոլոր նախորդների, որոնց որպես հավասարի էին վերաբերվում, ուրարտական թագավոր մի այլ Սարդուր (Դ-ն, 635-625, Կ. Ա.) Ասորեստանի վասալի կարգավիճակով է ներկայացվում…»։

Համաձայն «Հին կտակարանի» (Եսայի, 37:37, 38), իր աստծու տաճարում արարողության պահին խռովության ժամանակ սրով սպանելով իրենց հորը, որդիները՝ Ադրամելեքն ու Սարեցերը, փախչում են Արարատի երկիր:

Ըստ Դանիել Դավիդ Լուկենբիլի ( Daniel David Luckenbill), նրա մյուս որդի Ասարհադոնի՝ ասվածը հավաստող արձանագրության մեջ սպանողների իրակա՛ն անունները չեն նշված:

Օտարազգի ուսումնասիրողների համար անհասկանալի է այն փաստը, թե ինչու՞ են երկու եղբայրները փախչում հատկապես Ուրարտու ( Ռուսա Բ-ի (ն.թ.ա. 685 -645թթ.) օրոք էր՝ 681թվականին):

Որոշ աղբյուրներում նշվում է՝ «Արարատի Երկիր», Շուպրիա (որը Ծոփքն է, Ուրարտուի ( Բիայնիի)՝ տարածքներ կորցնելուց հետո՝ առանձին թագավորությունների անուններով էին նշվում նաև), Խորենացու մոտ՝ «Ի Հայս»:

Պատասխանը մեր էպոսում է, որի որոշ մշակումներում հիշվում է, որ դրսում խաղալիս բակի ընկերները «բիճ» էին անվանում երկվորյակներին:

Իրավամբ, իր հայրենիքը թշնամու ասպատակություններից զերծ պահելու նպատակով հակառակորդի երկիր մեկնած Հրածին, Ջրածին Ծովինարն «իր հայրենիքի աղբյուրի ջրից» էր հղացել անձնահուր երկվորյակներին:

Հիշենք, որ նա մենակ չէր մեկնել, այլ՝ մի քահանայի (քուրմի) հետ:

Այսինքն, ո՛չ մարմնով, ո՛չ հոգով (հավատով) այլադավանությանը չէր հաղորդակցվել ու անաղարտ էր մնացել: Ինչն էլ նրան ու իր զավակներին Ասորեստանի արքայի՝ Սենեքերիմի կողմից սպանելու մտադրության պատճառն էր (հետագայում նրանց ճյուղն Ասորեստանի արքայից սերելը լրիվ անհիմն է)…

Ուստի, իրենց մոր՝ Ծովինարի հայրենիքը, իրենց պապի մոտ, ապաստանի ամենից ապահով վայրն էր:

Էպոսում հիշվող Բերդկապուտը՝ Կապուտկող Բերդը, հիշվում է նաև ասորական արձանագրություններում:

Մ.Աբեղյանի գրվածքներից մի հատված մեր նախորդ գրառումներից մեկում ներկայացրած Խորախորհուրդ, Հրեղեն Ծովինարին է բնութագրում (որպես «Ուզունդարա» պարի ակնարկ)՝

«Էնենց մթնում են սար ու ձոր…
Ծովինարն Էնենցա խաղում, որ կարծես, թե ուզում ա աշխարհքը կրակ տա…»:

Ժողովրդական մի ասույթում՝ «Ծովինար խաղում է» նշանակում է՝ փայլատակում…
(մեջբերումը՝ Լիլիթ Հովսեփյանի՝ «Հրաշապատում հեքիաթների տարրերը «Սասնա Ծռեր» էպոսում» ուսումնասիրությունից):

Էպոսում հիշվող «Մըսրա Մելիքը», «Մըսըրի երկիրը», ժողովրդի ըմբռնմամբ նաև Եգիպտոսն էր, ոմանք մեկնաբանում են որպես Մոսուլ (այսօրվա Իրաքում, երբեմնի Նինվեն):

Վերջիններս հիմք են ընդունում էպոսի այն հատվածը, ուր պատմվում է, որ Սասնա մոտակայքում Դավթի սպանած բազմաթիվ ռազմիկների դիակները գետի ջրերը հասցնում են Մըսըրում ապրող նրանց հարազատներին, համարելով, որ Եփրատի վտակներից մեկն էր:

Հիմք ընդունելով ասորեստանյան աղբյուրները, նայենք ստորև քարտեզին (փորձեցի մոտավոր նշել հայերեն, սպիտակ տառերով՝ Սասունի, Ասորեստանի այն ժամանակվա մայրաքաղաք Նինվեի՝ այսօրվա՝ Մոսուլի (էպոսում՝ Բաղդատի), գետերի՝ Տիգրիսի ու Եփրատի տեղերը, երանգավորմամբ Ասորեստանի սահմանների ընդարձակումն է՝ իր տարբեր արքաների օրոք):

Ասորեստանի սահմանները նշված ժամանակահատվածում՝ ն.թ.ա 7-րդ դարում, ձգվում էին մինչև Եգիպտոս:
Եվ Բյուրակնից (Սասունից) սկզբնավորվող երկու մեծ գետերն էլ՝ Տիգրիսն ու Եփրատը, հատում են Ասորեստանի տարածքը:

Հետևաբար, հարկահանության շրջանում թշնամու դեմ մեր ազգի հերոսական մաքառման պատմությունը ներկայացնող դյուցազներգության մեջ նկարագրվող դեպքերի պատմական հավաստի իրադարձությունների արձագանքներն ունենք:

Տարբեր ճյուղերի բաժանված էպոսը կոչվում է նաև «Սասնա Տուն», «Ջոջանց Տուն», այսինքն, հազարամյակների խորքը ձգվող, նախորդող այլ ճյուղերի շարունակությունն է, որը «Սասնա Ծռերի» պատմությունն է՝ իրենց Տիեզերածին դիցերից ու Կաթնաղբյուրից ստացած գերբնական ուժերով օժտված «Սասնա Փահլևանների» պատմությունը …

Անարդար աշխարհից հեռացած և արդարության հաստատումով վերադարձող դիցին՝ Թելեփինին ու նրա յուրատեսակ նմանակ — հերոսին՝ Փոքր Մհերին, վաղնջական սպասումի ի վերջո իրականացման հույսով…

Եվ, իհարկե, հիշելով, որ «Խաչ Պատերազմին» միայն արժանիների՛ աջ թևին է իջնում, կրկնենք՝
«…Ով քնած է՝ արթուն կացեք»… 

Հ.գ. Ստորև լուսանկարներ՝ Սասնա Քաջերին ծանոթ վայրերից ( Մարութա լեռը՝ Մարաթուկ լեռնագագաթը՝ Սասնա Լեռներում, Բաթմանի կամուրջը…)

Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով