ԵՐԿՆՔԻ ՅՈԹՆԱՍՏԵՂՅԱՆ ԽՈՐԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՅՈԹՆՓՈՐԱԿՅԱՆ ԲԱԳԻՆՆԵՐ…

Լեզվաբանական քննությամբ բառերի, հատկապես անունների ստուգաբանությունը կարևոր է նրանց իմաստն ըմբռնելու համար:

Արեգակի կենսատու ջերմությունն ու ճաճանչափայլքը, Հրաբուխների՝ Հուրի երկրում Հուրը, Կրակն իր լուսացոլքով, Կայծակի, Շանթի փայլատակումն իր հզորությամբ բերքառատությունն ապահովող անձրևն ազդարարելով, բնականաբար, պաշտամունքի էին արժանացել վաղնջական ժամանակներից ի վեր…

Ղ. Ալիշանն իր «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց» գրքում նշելով, որ կրակի պաշտամունքը Հայոց մեջ տեղաբնիկ է ու ավելի հին, քան զրադաշտականությունը, հիշում է Աղթամարի ծովատաշտի շուրջ, հատկապես հարավային մասում, Անձևացյաց գավառում Դարբնաց քարն ու Բութ լեռը, որի անվանումն, ըստ ավանդության, քրմապետի անունից էր առաջացել:

Եվ, պատմիչների վկայությունը, համաձայն որոնց՝ «Բութ լեռը քրիստոնեության դարասկզբին դեռ լրիվ չէր մարել, թեև հրաբխաբաժակը հանգած էր ու սյունաձև վեր չէր ծխում, բայց մի կողի վրա ուներ մի պատռվածք կամ բաժակ (ինչը երկրագետի աչքով զննողը կտեսնի նաև այսօր), և ըստ պատմիչի՝ հրաշագործ պատկերի (Անձևացյայց կամ Հոգվոց վանքի) «տուն կրակի, անյագ հրոյ, անդադար այրման աստուածոցն», որ նշանակում է, թե այն ի բնե միշտ վառ էր»:

Ուշագրավ են նրա կիրառած բառերը՝ Ծովատաշտը, որը գոգավորությունն է շեշտում ու նույն իմաստով է, ինչ շումերական դիցաբանությունից հայտնի Ափսուն (մեր Ափսեն):

«Սյունաձև ծխացող», վեր խոյացող ծուխը՝ Սյունը՝ որպես կրակի ծխի խորհրդանիշ…

Եթե կրակը պաշտամունքի խորհրդանիշ էր, բնականաբար՝ ծուխը նույնպես պիտի պաշտվեր, ինչպես և մոխիրը («մոխրապաշտ» էին կոչում հետագայում), հետևաբար՝ պահպանված բազմաթիվ սյունաձև կոթողների սերտ առնչությունը հուրի պաշտամունքի հետ… 

Որպես Հայկազունիների հրապաշտության մի այլ կենտրոն, Ալիշանը նշում է Պաղատ (կամ Պաշատ) լեռը, «զոր ասէին Տուն Արամազդի և Աստղկան»:

Եվ, նրանից շատ հեռու, Կրակի մի այլ կենտրոն Հայոց մի այլ նահանգում, որն, ինչպես գրում է հեղինակը, «Բաքվի նավթի հորերն ու հուրերն են, որ մի ժամանակ Փայտակարան աշխարհի մի առանձին գավառն էր՝ Հայոց տերության մի մասը և կոչվում էր «Յոթ փորակյան բագիններ» »:

«Յոթնափորակնյան բագինք»-ի մասին դեռևս 5-րդ դարում հիշատակում է Ագաթանգեղոսը, 7-րդ դարում՝ Անանիա Շիրակացին:

Հայոց Յոթ մեհյանների (բագինների) սրբավայր կար և Մոկք աշխարհում՝ «Յոթ խորան» (Յոթը դիցերն իրենց համապատասխանող յոթ մոլորակներն ունեին…):

Դեռևս հայտնի հնագույն տեքստերում՝ տիեզերքի, աշխարհի Արարչագործչության ու քաոսային ուժերի դեմ առաջին աստվածների պայքարի մասին պատմող, միջագետքյան «Էնումա էլիշ» պատումում, Երկինքը յոթը տարբեր շերտերով է ներկայանում :

Տիեզերակազմության նույն պատկերացումներն են նաև հետագայի կրոններում:
Նույնն աշխարհայացքի այլաբանորեն արտացոլումն է միջնադարում՝ Դանթեի «Աստվածային կատակերգության» մեջ:

« «Երկնքի յոթնաստեղյան խորաններ» են ասում իբրև Երկնքի յոթ մասերը կամ կարգերը՝ մեկը մյուսից բարձր»,- գրել է Ալիշանը ( յուրաքանչյուր մոլորակ իրեն համապատասխան դիցն ուներ):

Հունական դիցաբանության մեջ գլխավոր դիցը՝ Զևսը, ընկալվում է որպես «Թեժ նյութ»՝ բնակվելով Եթերի մեջ և Երկնքի իշխանությամբ կազմակերպում տիեզերական և հասարակական կյանքը:

7-րդ դարի հայ աստղագետ ու փիլիսոփա Անանիա Շիրակացին, Երկրի գնդաձևության ու տիեզերքի կառուցվածքի մասին հստակ ու որոշակի պատկերացումների նկարագրության մեջ, նշում է՝

«Արդ, այն վերին Երկինքը, որ հույները Եթեր են ասում, իսկ քաղդեացիք՝ Խիտ Կրակ…» ( մեջբերումը՝ Սեն Արևշատյանի «Անանիա Շիրակացի» աշխատությունից):

Մասնագետների հաստատմամբ, հունական դիցաբանության Աստվածաբանությունը գրեթե հուրիականի՝ «Կումարբիի շարքի» կրկնությունն է:

Զևսը հուրիական գլխավոր դիցի՝ Թեժուբի համարժեքն է:

Ուստի, եթե Զևսը «Խիտ, Թեժ կրակի» «Թեժ նյութն» էր, բնականաբար հասկանալի է դառնում հուրիական դիցաբանության գլխավոր՝ Հուրի, Կայծակի, Փայլակի, Շանթի դիցի՝ «Թեժուբի» անունը, որի սեռական հոլովից առաջացած փոփոխությամբ՝ Թեշեբա ձևից է Երևանում՝ Բիայնիի թագավորության (Ուրարտուի) շրջանից մնացած Թեշեբաինի հնավայրի անունը:

Հիշենք, որ Հայաստանում է և Թեժ լեռը:

Այսօրվա եկեղեցիներում էլ մոմի լույսի խորհուրդով ներկա «կենսածիր» «Հրեղեն գունդն Արեգակի» (Թումանյանի խոսքերով՝ «Մերժած օրենք»-ից) «Յոթնաստեղյան լույս խորանի» (դարձյալ Թումանյանի խոսքերով «Դեպի անհունը») մի արձագանքն է…

«Երկրից դեպի Երկինք ձգվող 7աստիճաններով» մանկական մի խաղը հիշելով՝ «Յոթներորդ Երկնքում գտնվելու երանության» մեկնությունն էլ՝ յուրաքանչյուրիդ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով