«ԶՕՐՈՒԹԻՒՆՔ ԱՍՏԵՂԱՑ ԵՐԿՆԻՑ»՝ «ԶՕՐՔ» — «ԶՕՐԱՑ ՔԱՐԵՐ»

Հնագույն քաղաքակրթությունների կրոնները բավականին հայտնի են՝ շնորհիվ պահպանված ու մեզ հասած գրավոր տեքստերի, որոնք էլ հենց այդ մշակույթների ուսումնասիրության աղբյուրն են…

Խեթերի մայրաքաղաք Հատուշայից՝ այսօրվա Թուրքիայի Բողազքյոյ հնավայրից հայտնաբերված արքունական արխիվի մոտ 30.000 սեպագիր սալիկները (ն.թ.ա 18-13-րդ դարեր) հնագույն շրջանի հետազոտության համար անգնահատելի սկզբնաղբյուրներ են, ինչպես և Նինվեի փլատակներում պահպանված՝ «Ասուրբանիպալի գրադարանի» հարուստ նյութերը՝ մոտ 3.000 պնակիտները, որոնց քառորդ մասը, գրեթե 700-ը՝ աստղաբանական գուշակություններ են:

Խեթական առատ տեքստերը վկայում են ողջ Միջագետքյան, հուրիական, հաթիական, լուվիական, սիրիական (այսինքն՝ ժամանակին՝ Միտանիի թագավորության (եգիպտական, ասորական աղբյուրներում՝ Նահարին, Նաիրի Երկիր) տարածքում գտնվող շրջանների մշակույթի համընդհանուր գծերի մասին:

Հիշյալ կավե սալիկների (պնակիտների) տեքստերի զգալի մեծամասնությունը կրոնական բնույթի են՝ ծիսական, գուշակությունների, տոների նկարագրության, աղոթքների, օրհներգների բովանդակությամբ՝ գրված միաժամանակ երկու լեզուներով՝ խեթերեն և հուրիերեն (ինչպես արևմտահայերենն ու արևելահայերենը կամ այսօր կրոնական արարողություններում գործածվող գրաբարն ու արդի հայերենը):

Դիցաբանական տեքստերը՝ «Գիլգամեշը», «Կումարբիի շարքը», մարմնավորված են Հայկական Լեռնաշխարհի ընդարձակ տարածքում և նրա հարակից շրջաններում հայտնաբերված հնագիտական նյութերում՝ կրոնական համալիրներում, քանդակներում, խեցեղենի նմուշներում…

Այսինքն, հիշյալ վայրերում նույն հավատալիքներն էին, ուր դիցարանը գլխավորում էր Փայլակի, Կայծակի դիցը՝ Թեշուբը, Կիլիկիայում (Կիցուվատնա, Սիսվան) հայտնի Թարքու անունով, հետագայում՝ Թեշեբա ձևափոխությամբ մեզ հասած Երևանյան Կարմիր Բլուրում (Թեշեբաինի)…

Դեռևս ժայռապատկերների վրա հանդիպող աստղային խորհրդանշաններից հետո, ն.թ.ա 3-րդ հազարամյակից ի վեր երկնքի ուշադիր զննման ապացույցներով սեպագիր սկզբնաղբյուրներ են պահպանվել, ինչպես ն.թ.ա 2.400 թվականով թվագրվող՝ Էբլայի սալիկը (հուրիական մշակույթի երբեմնի հզոր կենտրոններից, այսօրվա Սիրիայում):

Համաձայն միջագետքյան «Արարչագործչության պատումի» («Էնումա Էլիշ»), տիեզերքը, աստղերն արարվել էին Բարձրյալի՝ Արարչի կողմից, վերին շերտում՝ աստվածները, ներքևում, վերևի նմանությամբ ու որպես նրա «արձագանք»՝ իրենց կողմից արարված մարդու՝ մահկանացուների աշխարհը, ուր, ներդաշնակությունն ապահովելու համար, ի վերուստ «թագավորությունն» էր ուղարկվել…

Իրենց երկրի, արքայի, ողջ թագավորության, նրա բնակիչների ճակատագրով մտահոգ աստղաբան-քրմերն երկնքի հետազոտության մեջ աստվածների կամքի արտահայտման նշաններն էին փնտրում:

Ինչպես հիշվում է միջագետքյան հնագույն տեքստերից մեկում («Էրայի պոեմը»), աստղերի դասավորության փոփոխությամբ էր Ջրհեղեղն առաջացել (« La paix menacée par la démesure», էջ 103):

Այսինքն, տիեզերական ներդաշնակության խախտումը Երկրի խաղաղությանն ու բարօրությանն էր վնասում:

Հունական դիցաբանական պատումներում ևս նույն մտայնությունն է արձագանքված («oracles sibyllins»)՝ երկնքի քարտեզի փոփոխությամբ է պայմանավորված «Աշխարհի կործանումը»:

Այստեղից՝ երկնքում աստղերի դասավորության պատկերագրությունը վերծանելու և վերլուծելու անհրաժեշտությունը, քանզի նրանց ձևը, բնույթը, միմյանց նկատմամբ ունեցած դիրքն Աստվածային կամքի արտահայտումն էր, որը պիտի մեկնաբանվեր:

Ասորեստանում, (ինչպես և այլուր, թերևս), պատերազմն սկսելուց առաջ հատուկ արարողակարգ կար՝ թագավորի և ժողովրդի կողմից կատարվող:
Գառների զոհաբերությունից հետո խորհրդակցում էին աստղագուշակի հետ:
Եթե գուշակությունները բարենպաստ չէին՝ պատերազմ չէր հայտարարվում, սպասելով առավել հարմար պահի:

Երկնքի նկատմամբ հետաքրքրությունն ու այն ուսումնասիրելու անհրաժեշտությունը փաստում են նաև հնագույն շրջանի խեթերեն և այլ լեզուներով տեքստերը, որոնցից մի քանիսի վերծանված բովանդակությունը մոտավորապես հետևյալն է՝

«Եթե տվյալ ամսում արևի խավարում լինի՝ անձրևներ կտեղան, ջրերի հոսքն առատ կլինի, խաղաղություն կլինի, մի գործ կկարգավորվի կամ հիվանդը կապաքինվի»: (Մեջբերումը՝ մոտավոր թարգմանությամբ՝ A.Mouton «Les mots de la paix dans les langues de l’Anatolie hittite», ex.4):

Կամ՝ «Եթե Հյուսիսային Քամին հողմահարում է երկինքը մինչև Նորալուսնի ի հայտ գալը՝ բերքն առատ կլինի»…

Ն.թ.ա 4-րդ դարի քաղդեացի քուրմ, աստղագետ ու պատմիչ Բերոսը մարդկության համար կարևոր փոփոխությունները վերագրում է աստղերին՝ երբ Խեցգետնի համաստեղության տակ ուղղագիծ կշարվեն այսօրվա զանազան հետագծերով շարժվող աստղերը:

«Երկրագունդը կհրդեհվի, երբ այսօրվա զանազան հետագծով աստղերը կդասավորվեն Խեցգետնի համաստեղության ներքո այնպես ուղիղ՝ մեկը մյուսից ներքև, որ մի ուղիղ գիծ կարող է անցնել նրանց մեջտեղով:
Ջրհեղեղ կլինի, երբ բոլոր աստեղատները հավաքվեն Այծեղջյուրի աստեղատան ներքո:
Այս նշաններից առաջինը ղեկավարում է (պայմանավորում,Կ.Ա.) ձմեռային արևադարձը, երկրորդը՝ ամառայինը:
Նրանց երկուսի ազդեցությունն էլ մեծ է, քանզի նրանք են որոշում տարվա երկու կարևոր փոփոխությունները:
Տիեզերքը, լինի մի ոգի կամ մի մարմին՝ բնության կողմից կառավարվող, ինչպես ծառերն ու բույսերը, ամենը, ինչ պիտի կատարվի՝ առաջինից մինչև վերջին օրը, մտնում է նրա պատմության մեջ, ինչպես որ մի հատիկում պարփակված է մարդու հետագա ողջ զարգացումը»:

Ն.թ.ա 2-րդ հազարամյակից «Էնումա Անու Էնլիլ» անունով հայտնի աստղաբանական տեքստից դրվագներ են հայտնաբերվել գրեթե ամենուր՝ խեթերի մայրաքաղաք Հատուշայում, Շուշան քաղաքում (Շոշ, Սուզ)՝ այսօրվա Իրանում, հուրիական կարևոր կենտրոններում՝ Նուզի, Էմար, Քատնա, Ալալահ քաղաքներում:

Նրա կիրառման նման պատկերը վկայում է Հին Աշխարհում՝ Մերձավոր Արևելքում տարածված գուշակությունների համանմանությունը:

Ակունքները վերագրվում են դեռևս շումերական դիցաբանությունից հայտնի Էա ( Էնկի, Հայա) Աստվածությանը կամ Ադապ (Ադապա) անունով Իմաստունին («Յոթն իմաստուններից»):

Տոմարի՝ հաշվարկի համակարգի, տոնացույցի, բնական երևույթների փոփոխությանը համապատասխան գյուղատնտեսական (հողագործական) աշխատանքների կարգավորումից բացի՝ կրոնական հավատալիքների հետ էր կապված աստղագիտության կարևորությունը:

Աստղաբանական հիշյալ ժողովածուի («Էնումա Անու Էնլիլ») ավելի քան 70 սալիկներից բաղկացած տեքստերի նախաբանում նշվում է, որ Աստվածների կողմից աստղերն ստեղծվել են ժամանակը կարգավորելու նպատակով և մարդկանց հնարավորություն ընձեռելու նրանց ուսումնասիրման համար:

Նրա՝ մոտ 7.000 կանխագուշակությունների ցանկը բաժանված է չորս մեծ ենթաբաժինների՝

1. Լուսնին վերագրվող գուշակումներ (23 սալիկ)
2. Արևին վերաբերվող գուշակումներ (17սալիկ)
3. Ադադին՝ Փայլակին (Շանթին, Թեշուբին) վերաբերող գուշակումներ՝ օդերևութաբանական պայմաններն ուսումնասիրող (12 սալիկ), (Ադադը Թեշուբի արամեական անվանումն է)
4. Իշտարին (Ինանային)՝ Վեներա մոլորակին՝ Արուսյակին նվիրված (20 սալիկ):

Երկրի արքունի գործունեության մեջ վճռորոշ էր աստղագուշակի դերը. առանց նրա ոչ մի կարևոր որոշում, քաղաքական վճիռ չէր ընդունվում …

Գուշակությունն աստվածների հետ «հաղորդակցվելով» իրենց առջև ծառացած խնդիրները հասկանալու և նրանց լուծումը գտնելու միջոց էր՝ կրոնական արարողություններով ցանկալի ելքն ապահովելու հնարավորությամբ:

Եգիպտոսից, Հունաստանից հայտնի Էփրիմերտեները՝ աստղագուշակության գրքերը, որոնցում հին օրացույցներն են՝ հատուկ աղյուսակներով, ամենօրյա տեղեկություններ ու հաշվետվություններ են պարունակում՝ մեծ տեղ հատկացնելով գուշակումներին, երազահանությանը, ժողովրդական բժշկությանը, իմաստասիրական խորհրդածություններին:

Հիշյալները հայկական առաջին տպագիր գրքերից էին՝ հայտնի նաև «Եփրեմվերդի» սխալ, աղճատված անվամբ (1748 թվականին Վենետիկում է լույս տեսել հայերեն առաջին Էփրիմերտեն):

«Աստեղատների պարին ծանոթ մոգերի»՝ «անմոլար և մոլորակ աստղերի» դիրքն, ընթացքն ու շարժման հատկությունները «բաշխելով (խմբերի բաժանելով,Կ.Ա.) և ստեպ (շարունակ, անդադար, Կ.Ա) զննելով» ուսումն ու գիտությունը «ուսումնականի՝ այսինքն մաթեմատիկայի մասն էր, որի մասն էր տոմարականը» (տոմարագիտությունը):

«Արփիական լուսոյն դիտակք»-ի, «ծագմանն դիտակ»-ի, «աստեղաց գիտությունն իմաստասիրաբար» մեկնաբանող աստղագետի՝ աստղաբաշխի երբեմնի գոյությունն են մեզ հիշեցնում հին մատյաններում մնացած վերոնշյալ հիշատակությունները, վերջին շրջանում կազմված բառարանները («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի», (Վենետիկ, 1836թ.), «Բառգիրք ի բարբառ հայ և իտալական» (Վենետիկ, 1837թ.):

Հնագույն վերծանված տեքստերից ենթադրվում է, որ Աստվածների հետ երկխոսությամբ, նրանց հովանավորությամբ նույնիսկ բուժումն էր ավելի վստահելի ու արդյունավետ համարվում: 

Ինչպես «Երազամույն կոչված վայրերի»՝ Տիրի իմաստնության տաճարների մասին խոսելիս հարկ չկա ապաքինման նպատակով այնտեղ եկող ուխտավորների՝ երազահանությամբ բժշկության ձևերի ու մեթոդների արդյունավետությունն ապացուցել, այնպես էլ՝ «Զորաց քարերի»՝ որպես աստղազարդ երկնքի ուսումնասիրության վայր դիտարկելիս պարտադիր չէ աստղագիտական ճշգրիտ հաշվարկներ իրականացնող սարքերի առկայությունը փնտրել՝ փաստելու համար մեգալիթյան կոթողների՝ աստղերի զննմանը ծառայելու նշանակությունը:

Համալիրի՝ «Զորաց քարեր» անվանումն իսկ իր իմաստն է ցուցում:

«Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանում ( Վենետիկ, 1836թ.) «Զօրութիւն» բառի բացատրության մեջ կարդում ենք՝ «Զարդք երկնքից. հրեշտակք, և աստեղք, զօրք, … զօրութիւնեց կամ Զօրաց»:

Եվ հիշյալ իմաստով կիրառության բազմաթիվ օրինակներ՝ «Բարձրացաւ մինչև ի զօրութիւնիս երկնից, և ընկեց յերկիր՝ ի զօրութիւնէ երկնից և յաստեղաց», «Յարևու և ընդ լուսնով և ընդ ամենայն աստեղբք և առաջի ամենայն զօրութիւնեց երկնից»,

«Ոչ երկնի զօրութիւններին չափ կա, ոչ ծովի ավազին»…

Դիոն.«Երկնային զորութիւնք անուանին աստվածային իմաստնությունները»…

Ագաթանգեղոսի մոտ ևս՝ «Զօրութիւնք աստեղաց երկնից»…

Այլազգիների բնակությամբ տեղանունների օտարահունչ թարգմանության սովորույթի համաձայն, ինչպես Պորտասարն է վերածվել Գյոբեկլի թեպեի, Բյուրակնը՝ Բինգյոլի, բազմաթիվ այլ օրինակների նման, Զորաց քարերը ևս թարգմանվել էին (Ղոշունդաշ), սակայն բառի ոչ իսկական իմաստով:

Բարեբախտաբար, հետագայում վերստին անվանափոխվելով՝ «Զորաց Քարերը» վերագտել են իրենց նախնական իմաստը…

Աստղաբանությանը զուգահեռ, աստղագիտական գիտելիքների մասին եղած ապացույցները ևս ձգվում են խորը հնադար:

Նախնիներից փոխանցված աստղագիտական ժառանգության շնորհիվ էր, որ դեռևս 7-րդ դարում հայ աստղագետ, տոմարագետ և փիլիսոփա Անանիա Շիրակացին՝ աստղադիտակով հեռավոր աստղաբույլը դիտած Գալիլեյից գրեթե 1000 տարի առաջ, նկարագրել էր «Ծիր Կաթինը» կամ «Հարդագողի ճանապարհը» որպես թույլ և ուժեղ բազում աստղերի կուտակում, որոնց լույսը վատ տեսանելիության պատճառով միաձույլ է երևում:

«Տիեզերագիտության», «Արեգակի ընթացքի մասին», «Կենդանակերպի Համաստեղությունների մասին», «Լուսնի գարնանային գիշերահավասարի աղյուսակները», «Լուսնացույց աղյուսակներ», «Լուսնի պարբերաշրջանը»… մոտ 29 աշխատության հեղինակը՝ Շիրակացին, նշել է՝

«Զգայարանք առաջնոցն սուր էին, քան զայժմուցս՝ զոր վկայեն բազումք. վասն որոյ ոչ միայն զարեգական գնացս կարացին նկատել, այլ եւ զբոլոր լուսաւորացս կարացին դրոշմել եւ ճանաչել»:

«Առաջվանների զգայարաններն ավելի սուր էին, քան այժմվա բազումներինը, քանզի ոչ միայն կարողացան նկատել արեգակի հետագիծը, այլև բոլոր լուսատուներինը կարողացան դրոշմել ու ճանաչել»:
Նկատել-դրոշմել-ճանաչել…

Լճաշենից հայտնաբերված՝ Արեգակնային համակարգի մոլորակների դասավորությամբ հայտնի գտածոն ասվածի հավաստումներից է:

Անզեն աչքով տեսանելի երկնքում աստղերի ու մոլորակների դասավորության ու շարժման (Շնկան (Սիրիուսի) աստղի ծագումը…) երբեմնի հետազոտողներն այսօրվա աստղահնագետի համար առատ նյութ չեն թողել՝ մեգալիթյան հարյուրավոր կոթողներից զատ, սակայն ժայռերի ու քարերի վրա ոճավորված որոշ պատկերներն ու բազմաթիվ աստեղատների նկարագրությամբ սեպագիր հիշատակությունների առկայությունը վկայում է բավականին զարգացած գիտելիքների մասին:

Ի դեպ, երկնակամարում Շնկան աստղի՝ Սիրիուսի պայծառ երևալն ամառային հանգիստն էր ազդարարում:
Հռոմեացիներն այդ աստղն անվանում էին Canicula, որտեղից՝ ռուսերենով «Каникулы»:

Ղևոնդ Ալիշանն իր «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց» գրքում, «Երկնքի յոթնաստեղյան խորանների՝ իբրև երկնքի յոթ մասերը կամ կարգերը՝ մեկը մյուսից բարձր» հիշատակելուց բացի, մեջբերում է Ավետիք Ամդեցու՝ «Խառնարան աստղերի» առիթով ասածը՝

«Այս աստեղք են, որ ցուցանեն զանձրեւաց սաստկութիւն․ և որ ի ծովուն գնանք սոքիմք՝ մանաւվանդ Սայլն՝ յանտնի ցուցանէ զնաւագնացաց հետ․ զի հիւսիսական աստեղքդ ոչ են գնացականք այլ կացականք, և շարժեալ ի վերին եօթն գօտեացն՝ որպես ի ծովու ալէկոծին։ Այս են նշանացոյց աստեղք․ տխմարք եպերեն, որ չեն գիտեն զգիրս, այսմ վասն գրէ, եթէ՝ Եդ զնոսա Աստուած ի նշանս և ի ժամանակս»։
Մոտավորապես՝ «Այս աստղերն են, որ ցույց են տալիս անձրևի սաստկությունը և որ ծովագնացության ժամանակ, մանավանդ Սայլը, հայտնի է դարձնում նավագնացներին, քանզի հյուսիսային աստղերը գնացականք չեն, այլ կացականք և շարժվում են յոթը գոտիների վերևում՝ ծովի ալեկոծության պես»:
(Ի գիտություն նշենք, որ դիտարկման և նավարկման ուղեցույցը Հյուսիսային բևեռն էր):

Հավելելով «բառաբարդյալ անունները, որ չեն նշանակում հատուկ աստղ, ինչպես՝ ելաստղ և անկաստղ, որ նշանակում են Շնիկի բարձրանալը և ցածրանալը կամ երևալն ու աներևութանալը», Ա.Ամդեցին հիշում է և կրոնական, աղթարական իմաստ ունեցող անունները՝ ինչպես Ըմբռնաղը, նոյեմբերի 23-ին կամ Տրե ամսի 15-ին, համաձայն տոմարների բացատրության՝

«Որ զինչ այսօր լինի, ձմեռն այնպէս անցանէ, թէ ջեր է և թէ ցուրտ է, թէ պարզ և թէ ամպ»։
«Ինչպես այսօրվա ընթացքում լինի՝ այնպես էլ ձմեռը կանցնի՝ տաք թե ցուրտ, պարզ թե ամպոտ»:

Ն.թ.ա 7-րդ դարին վերագրվող «Մուլ Ապին» (Աստղն Արորի կամ Սայլի) տեքստում 71 աստղ և Աստղապար (Համաստեղություններ, Աստղերի պարեր) են նշվում և մինչև ն.թ.ա 1370 թիվը ձգվող հղումներ կան, որոնք փաստում են, որ աստղագիտությունը կարևորվում էր հատկապես Երկրի անվտանգության ու ապագային վերաբերող գուշակությունների համար:

Ուսումնասիրության տեքստերում նշվում են «ուղեցույց աստղերի» շարժումը «Երկնային միջօրեականի» նկատմամբ («Լուսնի ճանապարհ»…):

Հիշենք վերջին տասնամյակներում որոշ աստղագետների (Վ.Օլքոթթ, Է.Մաունդեր, Կ.Սվարց, Կ.Ֆլամարիոն, Ա.Բերրի) եզրահանգումները, համաձայն որոնց Կենդանակերպի Համաստեղությունները ձևավորվել ու անվանակոչվել են 36-42° լայնությունների միջև՝ Արարատ լեռան շրջակայքում ու Եփրատի հովտում ապրողների կողմից , ն.թ.ա 30-28-րդ դարերում, որին անդրադարձել է Կարեն Թոխաթյանն իր «Ժայռապատկերաբանության և օրացույցի ակունքները Հայաստանում և Անանիա Շիրակացին» ուսումնասիրության մեջ:

Եվ, ի վերջո, նշենք, որ հորիզոնից վեր աստղերի բարձրությունը չափող հնագույն գործիքը՝ Աստղալափը, որ ցայսօր էլ ողջ աշխարհում հայտնի է «Astrolab» անունով, ու մեկնաբանվում է որպես «Աստղեր որսող», միայն հայերենով է իմաստավորվում՝ «Աստղեր լափող»…

Ակնդետ ու ականջալուր Տիեզերքի անհունից եկող շշուկներին՝ մեր նախնյաց օրինակով, որսանք ու մեկնաբանենք Հավերժի իմաստուն խորհուրդը…

Ամիրդովլաթ Ամասիացու աստղալափը՝ ստեղծված 1479 թվականին:
Այսօր՝ մի արաբ շեյխի մասնավոր հավաքածուի նմուշներից է…
Facebook Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով