«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀՆԱՎԱՆԴ ՓՇՈՒՐՆԵՐ»՝ ՎԻՇԱՊ-ՔԱՐԱԿՈԹՈՂՆԵՐ

«Քիչ չէր մեր զարմանքը, երբ սպասվելիք օձերի կամ վիշապների փոխարեն մենք մեր առջև տե-
սանք քարե ձկներ»… (Марр, Смирнов 1931, 60):

Ն.Մառի հետ ունեցած իրենց առաջին տպավորությունն այսպես է ձևակերպել հնագետ Յ.Սմիռնովը՝ առաջին անգամ տեսնելով վաղնջական ժամանակներից մեզ հասած բացառիկ գտածոները (մեջբերված Համլետ Պետրոսյանի՝ «Մի քանի դիտողություն վիշապ կոթողների վերաբերյալ» ուսումնասիրությունից):

19-րդ դարի վերջից հայտնաբերված, «Վիշապ-քարակոթողներ» անունով հայտնի հնագույն հուշարձաններն աննախադեպ հետաքրքրություն առաջացրեցին գիտական աշխարհում:

Չնայած բազմաթիվ մասնագետների հարյուրամյա զանազան ուսումնասիրություններին, անհիշելի ժամանակներից խորհրդավոր լռությամբ հառնող այս կոթողներն ամբողջությամբ չեն բացահայտել իրենց գաղտնիքները:

Բյուրակնյան լեռներից մինչև Փարվանա լիճ, Ախալքալաքից ոչ հեռու Գանձա գյուղում սփռված և, հատկապես, Գեղամա լեռներում, Սևանի ավազանի տարբեր շրջաններում, Արագածի լանջերին, Ջավախքում, Վայոց Ձորում, Տաշիրում, Ճորոխի ավազանում և այլուր, մոտ 5 մետր և ավելի բարձրությամբ խոյացող ձկնակերպ կոթողներն, ըստ իրենց պատկերագրության, բաժանվում են երեք խմբի:

1. Ձկնակերպ՝ կորավուն ձկան կազմվածքով

2. Ցլակերպ՝ քառակող սալաքարի տեսքով՝ ցլի գլխի և կախված վերջույթներով մորթու պատկերով

3. Ձկնացլակերպ՝ վերոհիշյալ երկուսում առկա պատկերների համատեղմամբ:

Դեռևս 1880-ական թվականներից Ատրպետի, Նիկողայոս Մառի, Յ.Սմիրնովի ու գիտական այլ արշավախմբերի ուշադրությանն արժանացած մեգալիթյան այս արձանները առասպելների, վիպական զանազան պատումների հետ առնչելով՝ նրանց իմաստավորման բազմաթիվ մեկնաբանություններ են արվել:

Մանուկ Աբեղյանը սիրո դիցուհուն՝ Աստղիկին է վերագրել:
Գրիգոր Ղափանցյանը՝ մեռնող-հարություն առնող դիցին՝ Արա Գեղեցիկին…
Բազմաթիվ այլ կարծիքներն ու վերլուծական համեմատությունները թռուցիկ անգամ ակնարկելն անհնար է:

Մեր ժամանակակից բազմաթիվ գիտնականները ևս անխոնջ պրպտումներով շարունակում են ավանդույթը…

Թեմային փոքր-ինչ այլ տեսանկյունից մոտենալով՝ վերադառնանք հիշյալ կոթողների ստեղծման ժամանակաշրջան…

Համաձայն ն.թ.ա. 4-րդ դարի քաղդեացի քուրմ, աստղագետ, պատմիչ Բերոսի հիշատակության՝ իմացությունը, գիտությունն աստվածային էր:

Հունարենով գրված իր «Բաբելոնի պատմություն» աշխատության մեջ աշխարհի ծագման մասին տեղեկություններում նա հաղորդում է միջագետքյան նախաջրհեղեղյան մի դիցաբանական կերպարի գոյության մասին, որը դեռևս «Արարչագործության պատումից» հայտնի «Ապկալուներից» (Իմաստուններից) էր:

Կրկնելով անցյալի մոռացված մի դրվագ՝ նա թվարկում է «Յոթն Իմաստուններից»՝ Օհանեսի կողմից մարդկությանը փոխանցած իմաստնությունները:

Էնկի (Էա, Հայա) աստծու հետ սերտորեն առնչվող, որպես նրա կողմից արարված այս Իմաստունը որոշ սկզբնաղբյուրներում Ադապա անունով է հիշվում:

Նրան է վերագրվում գիտության, բժշկության ու հմայական միջոցներով հիվանդություններից ազատելու իմացությունը մարդկությանը փոխանցելը:
Մնացյալ արհեստներն ու արվեստները՝ նույնպես:

«Օհաննեսն իր օրերն անցկացնում էր մարդկանց մեջ՝ զուրկ որևէ կերակուրից (առանց սնվելու,Կ.Ա.), նրանց սովորեցնելով գրչություն, գիտություններ և զանազան արհեստներ, քաղաքների հիմնումը, տաճարների կառուցումը, իրավագիտություն, և երկրաչափություն, զուգահեռաբար նրանց բացահայտեց հասկամշակությունը, պտղագործությունը (հողագործությունը, Կ.Ա.), ընդհանուր առմամբ, քաղաքակիրթ կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ»:

Իրենց նախաջրհեղեղյան գոյության և աստվածային գիտելիքների իմացության շնորհիվ «Յոթն Իմաստունները» (աքադերենով՝ «Ապկալուները», շումերենով՝ «Աբգալները»), համարվում էին Էայի՝ Հայայի արարած «Սրբազան կարպեր» («Կարպ» -«Ձուկ» իմաստով) և, որպես մարդկությանը քաղաքակրթող հերոսներ՝ պաշտվում էին (նրանցից մեկի անունը՝ «Էնմեծձուկ» է)…

Այսպիսով, Ջուրն ու Իմաստնությունը (Աստվածային գիտելիքը) միահյուսվում էին…

Միջագետքյան տեքստերից մեկում՝ «Էրայի պոեմում» (1,162), Ապկալուները համեմատվում են Աստվածային կարպերի (ձկների) հետ:
Վիշապը շումերական դիցաբանությունից հայտնի ստորերկրյա օվկիանոսի՝ Ապսուի՝ «Երկնային Ձուկն» էր:

Հետագայում, որպես քաղաքների ու նրանց բնակչության պահապան-հովանավորներ, նրանց (Աբգալների) պատկերներն ամենուր են:

Մեր հեռավոր նախնիներից մնացած՝ ձկնակերպ հսկա քարակոթողը, որի իմաստի մեկնաբանության համար բազում ճիգեր է գործադրել գիտնականների մի ստվար բանակ, պաշտամունքի վերածված, աստվածային իմաստնությունը մահկանացուներին փոխանցած «Իմաստունն» է:

Այսպիսով, մեր աչքի առաջ են բազմահազարամյա կոթողները՝ ի փառաբանումն Աստվածային գիտելիքներն այս սրբազան հողի բնակիչներին հաղորդած արարածների, մասնավորապես՝ Օհանեսի, որին մեր նախնիք նաև Կարապետ էին կոչում:

Կարապետիկ ձուկը, որը «Հայերէնի բացատրական բառարանում» ներկայացվում է որպես «Կուզ կռնակով ձուկ», որ որսում են Եփրատ գետից (կոչվում է նաև «տաշեղ»):

«Կարապետ» բառն իր այսօրվա իմաստով էլ հաստատում է վերը շարադրվածը:

«Կարապետը»՝ ուղևորների առաջընթաց, «Կարապետելը»՝ իբրև առաջնորդ, առջևից գնալով ճանապարհ բացելը (կանխագուշակել-ազդարարել)…

Ն.թ.ա 1-ին հազարամյակի Միջագետքյան զանազան սկզբնաղբյուրներից հայտնի «Յոթն Իմաստունները» կոչվում էին նաև «Փայլող կարպեր», «Ծովի կարպեր»:
Հայերենով՝ «Հայելային կարպն» է՝ Ծածանի ընտելացված տեսակներից (Արծաթափայլ):

Հայաստանում, Արաքս և Մեծամոր գետերում «Ոսկեգույն Ծածանն» էր, քաղցրահամ ջրերի՝ օձանման մարմնով ձուկը:

Էնկին՝ Հայան, հենց քաղցրահամ ջրերի դիցն է, իսկ ձուկը, նաև՝ խորագետ, իմաստուն օձը, նրա խորհրդանիշներից:

Բոլորովին վերջերս, Գորիսի տարածքից հայտնաբերված, ն.թ.ա 3-րդ հազարամյակով թվագրվող կոթողների եզակի մի նմուշ ևս ավելացավ իրենց խորհրդավոր պատկերագրության լուսաբանմանը սպասող հուշարձանների թվին:

Ն. Ադոնցի խոսքերով՝ «Հիշողության հնավանդ փշուրների» քանդակների մեկնաբանություններն՝ այլ առիթով, քանզի Վիշապից՝ Օհան-Ձուկից Տորք Անգեղ, Տիր, եգիպտական Տոթ ու Հերմես Եռամեծ մի Խորախորհուրդ, երկար կապ է ձգվում…

Տոնական Հաղթական Ողջույններ տողերիս համբերատար ընթերցողներին՝ «ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՐԿՐԻ» այսօրվա իմաստուն զավակներին…

Վերջերս Արագածի լանջերին, մոտ 3.000 մետր բարձրության վրա հայտնաբերված մի նոր Վիշապաքար…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով