ՀԱԶԱՐԱՇԵՆ
ԿԱՄ՝
«ՇՈՂՆ ԸՆԴ ԵՐԴ ՄՏԱՆԻՑԷ»…
Արարչագործության հնագույն պատումներում Խավարի դեմ Լույսի Հաղթանակն է կարևորվում:
Տիեզերքի, Կյանքի Արարման տեսությունների քննարկման առիթով Եզնիկ Կողբացին (5-րդ դար) իր «Եղծ աղանդոց»-ում, անդրադառնալով «Անեղ ու Ինքնագոյ՝ Ինքնակաց Աշխարհի»՝ էպիկուրյանների տեսությանը, նկարագրում է Մանրամաղ փոշու՝ Հողամաղքի մեջ «Երդ»-ից (երդիկից՝ բացվածքից) մտած Շողով Խավարը Լուսավորելով Արարչության սկզբնավորումը:
«(338) Իսկ եպիկուրայքն բնաւ ինքնակաց իսկ համարին զաշխարհս, որպէս թե նախ հողամաղք ընթանային՝ որպէս յորժամ շողն ընդ երդ մտանիցէ, եւ հողամաղք իմն երեւին ի շողն. այնպիսի՝ ասեն՝ մարմինք անհատք եւ անբաժինք էին զառաջինն, եւ անտի թանձրացեալ յաւդեցաւ ինքն աշխարհս եւ եւ թե ոչ Աստուած եւ ոչ խնամակալութիւն ինչ, որ վարիցէ զաշխարհս»։

Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում հնագույն շրջանից ի վեր բնակելի ու պաշտամունքային կառույցներն իրենց բնական լուսավորման աղբյուրները՝ «Լոյսիջոյց»-ները՝ «Լուսանցույցներն» ունեին՝ երդիկները (ըստ եղանակի՝ դրսից անջրանցիկ ծածկով՝ բուսական և հողի շերտով, մեհյաններում՝ ներսից երկար ձողով կարգավորվող հատուկ փակիչով):
Նրանցից հատկապես նշանակալից է բազմակողմանի ու բազմանկյուն՝ աստիճանաբար դեպի երդիկը փոքրացող կարճ հեծանների կամ գերանների շրջանակներից բաղկացած՝ հազարավոր փայտի կտորներով շինված Հազարաշենը:
Լույսի մուտքն ու օդափոխությունն ապահովելուց բացի՝ երդիկը նաև «տունը, տան անձինք, ընտանիքը, օջախն ու ծուխն» էր խորհրդանշում:
Մեր պատմիչները (Եզնիկը, Ագաթանգեղոսը, Բուզանդը…) ու նաև հետագայում, բնակչության հաշվարկը երդահամարով՝ երդիկները հաշվելով՝ ծխահաշվարկով էին ներկայացնում («Երդս քսան հազար Հայ», ինչպես գրել է Բուզանդը):

«Հայաստանի ժորղովրդական բնակելի տների գմբեթաձև ծածկերը, որոնք գալիս են հնագույն դարերից, կառուցվել են երկու հիմնական տարբերակներով շինված փայտյա կմախքի վրա։
Առաջին տարբերակը, առավել հասարակ ու պարզ ձևի, կազմվել է տան պատերին զուգահեռ դրված և աստիճանաբար դեպի երդիկը փոքրացող գերանների շրջանակներից և նրանց միջտարածությունը ծածկող ճեղքված փայտի անտաշ կտորներից:
Այս ձևը մասսայական տարածում է ունեցել, շինարարական փայտով համեմատաբար հարուստ, հյուսիս-արևելյան շրջանների և Ճորոխի հովտի ու Ղարաբաղի գյուղերում։
Այն ճանաչվում է մի քանի անուններով՝ կոնդածածկ, սողոմածածկ, սողոմաշեն, ավելի հաճախ ղառնավուշ, ղառնաղուշի և համահնչուն այլ անուններով։
Գմբեթածածկի փայտյա կմախքի երկրորդ տարբերակը իրականացվել է բազմակողմանի և բազմանկյունանի՝ աստիճանաբար դեպի երդիկը փոքրացող կարճ հեծանների կամ գերանների շրջանակներից:
Այս տարբերակով ծածկերը տարածված են եղել փայտազուրկ, ձյունառատ ու անձրևոտ շրջաններում և, ամենից շատ՝ Բարձր Հայքում. այն ճանաչվում է Հազարաշեն կամ Հազարաշենք անունով։
Ամենից շատ այս անունը գործածել են Կարնո, Բայազետի, Բուլանխի, Բասենի, Մուշի, Ալաշկերտի, Սեբաստիայի, Բայբուրտի, Դերջանի, Սասունի, Լենինականի, Ախալքալաքի, Ախալցխայի և սրանց հետ առավել կամ նվազ չափով հաղորդակցության մեջ գտնված շրջանների բնակիչները։
Բացի այս, հազարաշենին դաստածածկ են ասում Ղուկասյանի, Լենինականի մի քանի գյուղերում, սողոմաքաշ՝ Եղեգնաձորի, Լոռու, Շապին-Գարահիսարի շրջաններում, Ալավերդում՝ Սողոմաքաղ, մի քանի այլ վայրերում՝ սյուրմաքաշ և շուշածածկ և այլն։
Այս անունները հաճախ խառնաշփոթ կերպով վերագրվում են մերթ այս, մերթ այն ծածկին։
Այդ աղավաղումները առաջացել են բնակչության մեջ շարունակ տեղի ունեցած տեղաշարժերի և վերաբնակման հետևանքով։

Այնուամենայնիվ, նրանց մեջ ամենից ժողովրդականը և անաղարտը մնացել է Հազարաշեն անունը, որը առաջացել է ծածկը «հազարավոր» փայտի կտորներով շինված լինելու պատճառով»: (մեջբերումը՝ Ս. Վ. Վարդանյանի՝ «Հազարաշենը և նրա նշանակությունը Հայկական ճարտարապետության մեջ» ուսումնասիրությունից):
Հայոց հնագույն մեհյաններում Արևի Ճառագայթներով Դիցի քանդակի լուսավորման կարևորությունից, վաղնջական ժամանակներից հայտնի Գլխատներից՝ առաստաղին՝ երդիկով և օջախ-կրակատեղիներով կացարաններից մինչև միջնադարյան պալատներն ու ներկայիս զանազան կառույցներում նրա արձագանքը՝ Հազարաշենը հազարամյակների ընթացքում վեհացրել ու մեր հայացքն ուղղել է միշտ դեպի վեր, դեպի Լույսն Անապական…


, “հազարաշենի” տեսքով, Լուսանկարը
՝ Ն. Չիլինգարյանի


Սարդարապատի Ազգագրական թանգարանում