«ԷՆ Ի՞ՆՉՆ Է՝ ԻՆՉ»…
Անհիշելի ժամանակներից ի վեր Մարդը կիրառել է այլաբանությունը՝ պատկերներով ու խոսքով, որպես որևէ թաքնված գաղափարի արտահայտման ձև:
Եվ ասելիքի ծածուկ ու խորին իմաստի մեկնաբանության ճշգրիտ վերհանումը խելքի ու բանիմացության վկայությունն էր:
Մինչև մեր օրերը հասած՝ հնագույն զանազան ծիսակատարությունների ու տոնախմբությունների ընթացքում հնչող առակները, աշուղների կամ մասնակիցների կողմից ասվող հանելուկների մրցահանդեսները վաղնջական ժամանակներից պահպանված ավանդույթներից են (Խորենացին մատնանշել է Գողթան Երգերի այլաբանական բնույթը՝ նրանցում թաքնված ներքին այլ ճշմարտություններն ակնարկելով):
Դժվար ու անելանելի իրավիճակներում ծառացած խնդիրների լուծման համար տարբեր Դիցերի հովանավորությունն ու օգնությունը հայցելու վաղեմի սովորույթը քրիստոնեության շրջանում վերափոխվեց՝ զանազան սրբերին դիմելով…
Սուր միտքը, հնարամտությունը Դիցերի պարգևն ու շնորհն էր համարվում, քանզի խելացիությունն ու իմաստուն լինելը հակառակորդին հաղթելու և բարդ պայմաններում բարենպաստ ելք գտնելու գրավականն էր (հին իրանական սրբազան տեքստերում՝ «Ավեստայում», բարի ու առաքինի Յոիշտան խնդրում է Արդվի Սուրա Անահիտա Դիցուհուն իրեն շնորհել չար ու նսեմ Ախտիայի նենգ ու բարդ հարցերի պատասխանները գտնելու կարողությունը):
Հեքիաթներում, ու նաև՝ կյանքում, անձի մտավոր կարողությունները փորձելու միջոցներից էին հանելուկները…
Զանազան տոնակատարություններին, խնջույքներին հանելուկների գուշակությունների արմատները մոգական հետքեր ունեն:
Հնագույն ծիսական որոշ արարողությունների ընթացքում կիրառվող՝ խորհրդանշական հարց ու պատասխանի համանմանությամբ, փեսացուների ընտրության ժամանակ հանելուկների առաջադրմամբ փեսացուի մտքի ճկունությունն էր փորձվում՝ նրա ֆիզիկական կարողություններից բացի:
Հանելուկների խմբակային գուշակման ժամանցային սովորույթներից են մեր ազգային որոշ տոնախմբությունների ընթացքում մեկի կողմից առաջարկվող՝ դյուրըմբռնելի ու խոսուն պատկերներով հանելուկի գուշակումը մյուսների կողմից (մտավոր յուրօրինակ մրցախաղ էին հանելուկները):
Բառի թաքնված իմաստը «հանող» հանելուկները՝ մի պատասխանի համար հնարավոր զանազան տեքստերով ու Հայերենի տարբեր բարբառներով, հավաքվել ու հրատարակվել են Ա. Մնացականյանի կողմից՝ «Հայ միջնադարյան հանելուկներ, 5-18-րդ դդ.», Երևան, 1980 թ.):
«Էրկեն միրուս՝
Հերթիկեն՝ դուս»:
(Երկար մորուք՝ երդիկից դուրս):
Կամ՝
«Էն ի՞նչն է, ինչ՝
Ոտները՝ կըրակումը,
Գըլուխը՝ երկնքումը»:
Երկուսի պատասխանն էլ՝ «Ծուխն» է...
Իմացության զարգացմանը նպաստող, հակիրճ ու սրամիտ խոսքով ներկայացվող բազմաբնույթ հանելուկները շրջապատող աշխարհը՝ իրերն ու երևույթները ճանաչելու լավագույն միջոց էին՝ ուսուցանելու այլ ձևերի շարքում (ի տարբերություն հայտնի Տեր-Թոդիկյան մեթոդի, որի նկարագրության որոշ դրվագներ կան Րաֆֆու «Կայծեր» վեպում):
«Էն ի՞նչն ա՝ ինչ.
Դըվորը (որտեղ) գնաս՝ կգնա,
Որ շվաքը մտնես՝ կը կորչի»:
Կամ՝
«Կրակն ընկնի՝ էրվիլ չի,
Ջուրն ընկնի՝ խեղդվիլ չի»:
Նույնը՝ Նոյեմբերյանի տարբերակով՝
«Ջուրն ա ընգնում՝ թաց չի ըլըմ,
Մահակով ծեծըմ ես՝ լաց չի ըլըմ»:
Երկուսն էլ՝ «Ստվերը»:
Գիտության տարբեր բնագավառների ուսուցման մեջ ևս կիրառվում էին ծածկագրությունն ու թվերով, գծերով, երկրաչափական անհայտներով հարց-հանելուկային լուծումներով խնդիրները:
Բազմաթիվ հանելուկներ կան նաև միջնադարյան Հայաստանում շատ սիրված ու տարածված՝ «Խրատք և իմաստութիւն Խիկարայ» զրույցներում, որոնք հիշատակելու առիթներ ունեցել ենք նախորդ որոշ գրառումներում:
7-րդ դարից՝ Անանիա Շիրակացուն վերագրվող «Խրախճանականք»-ում թվաբանական խնդիր-հանելուկներ են՝ զվարճալի ժամանցների նպատակով:
Որպես վերջաբան, արժե վերհիշել մոտ երկուս ու կես հազարամյակ երկար ուղի անցած հնագույն զրույցներից մեկը՝ հանելուկի նման օգտակար ու իր իմաստուն խրատական բնույթով՝ ցարդ խիստ արդիական…
«Որդեա՛կ, լավ է իմաստուն մարդուն հետ քար կրելն, քան՝ զանգետին հետ ուտել և խմելն» (մեջբերումը՝ Արտաշես Մարտիրոսյանի՝ «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ» աշխատությունից, Գիրք Ա, էջ 22, Երևան, 1969 թ.):