ՀԱՅՈՑ ՁՈՐ՝ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՀԱՅԿՆ ԶԳԵՏՆԵՑ ԲԵԼԻՆ …
«Իսկ Աշխարհս մեր կոչի յանուն Նախնոյն մերոյ Հայկայ՝ Հայք» (Խորենացի)…
Հայ ազգի անվանադիր Նախնու՝ Դյուցազուն Հայկ Նահապետի Դյուցազնամարտին անդրադառնալով, Հայ անվանի բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանն իր՝ «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեաց Աշխարհի» (Վենետիկ, Սբ.Ղազար, 1835 թ.) ուսումնասիրության մեջ, վերհիշելով Խորենացու միջոցով մեզ հասած՝ Մար Աբաս Կատինա անվամբ պատմիչի նկարագրությունը, հիշատակում է, որ, իր թոռ Կադմոսի հայտնած՝ Բելի զորքերի մոտեցման լուրն առնելուն պես Հայկն աճապարանքով հասնում է Հարքից ոչ հեռու՝ «Աղի Ծովի»՝ «Բզնունյաց Ծովի» (Վանա լճի) մոտ, «…Ուր և եղև ճակատիլն նոցա, և անկումն Բելայ ի տեղւոջն Հայոց Ձոր, և Գերեզմանք կոչեցեալ, որք են յԵրուանդունի գաւառ Վասպուրականի» (նշված աշխատություն, էջ 8):
Նրանց առճակատման և Բելի անկման վայրը՝ Հայոց Ձորը, հետագայում՝ Վասպուրականի Երվանդունյաց գավառն էր՝ Երվանդունիքը, ուր ն.թ.ա 6 — 4-րդ դարերում Երվանդունի արքայական տունն իր գործունեությունն էր սկսել…
Այստեղ է, որ «երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ Երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով», և Աղեղնավոր Հայկն իր լայնալիճ աղեղը մինչև վերջ քաշելով՝ երեքթևյան նետի շեշտակի սլացքով տապալեց Բելին, ինչպես նկարագրում է 5 -րդ դարի պատմիչ Խորենացին ու շարունակում.
«Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին (Հայկը, Կ.Ա.) շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։
Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։
Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Բելը՝ քաջամարտիկներով, Հայկը կոչեց Գերեզմանք, որ այժմ ասվում է Գերեզմանակ։
Բայց Բելի դիակը՝ դեղերով զմռսելով, Հայկը հրամայում է տանել Հարք և թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց և որդիների։
Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»։
«Իսկ զբլուրն, ուր քաջամարտկօքն անկաւ Բէլ՝ անուանեաց Հայկ Գերեզմանս. ուր այժմ ասին Գերեզմանք»: (Ղ. Ինճիճյանը Գերեզմանքը տեղադրում է Նեմրութ լեռան մոտ):
Մեծ Հայքի Վասպուրական Աշխարհի Հայոց Ձոր գավառում, Վան քաղաքից հարավ-արևելք, Խեք (Հայկ) գյուղն է, որից գրեթե 8-9 կիլոմետր հյուսիս-արևմուտք, մոտ 2250 մետր բարձրության մի ժայռաբլուրի վրա, գտնվում է Հայկա (Խեքա) բերդը՝ «Հայկաբերդը», ուր Խորենացին հիշատակում է Հայկաշեն անունով գյուղը:
Վերջինս նույնացվում է հետագայի՝ Սարդուրիխարդա ամրոցի հետ:
Այստեղ՝ Հայկաբերդում է հայտնաբերվել Սարդուր Բ-ի (ն.թ.ա 764-735 թթ.)՝ 764 թվականին վերագրվող սեպագիր արձանագրությունը:
Մինչև 1915-ի ցեղասպանությունը Հայոց Ձորի (Խավուձորի) բնակչության 85 տոկոսից ավելին Հայերն էին:
Աստվածաշեն, Խեք (Հայք), Խորգոմ (Հորգոմ), Անգղ, Կղզի, Տորքաշեն, Իշխանագոմ, Քերծ, Նորգեղ, Մժնկերտ և մյուս գյուղերից գավառի զանազան սրբավայրերում հավաքվելով՝ բազմամարդ ուխտավորներով Համբարձման և այլ ծեսեր ու կենսախինդ տոնախմբություններ էին նշում վաղնջական ժամանակներից հայտնի՝ հռչակավոր «Մենուայի ջրանցքի» մերձավորությամբ (հայտնի «Շամիրամի ջուր», «Շամիրամի առու» անուններով, սկիզբ էր առնում Մժնկերտ գյուղի մոտակայքից)…
Հիշենք նաև, որ Նորգեղից հարավ-արևմուտքում է գտնվում «Դից քաղաք»՝ «Տիս քաղաք» հնավայրը:
Հայոց Ձորի գյուղերից՝ հիշյալ Աստվածաշենում՝ Հայկաշենում, պահպանվել են և առանձնահատուկ կարևորության՝ բլրի վրա վերին ու ներքին շերտերով կառուցված՝ ամրոցի զանազան շինությունների հետքերը, նաև՝ գլխավոր Դիցի՝ Խալդի տաճարի ավերակները…
Բիայնական (Ուրարտական) շրջանի ճարտարապետական ու հնագիտական հարուստ ու բարձրարժեք նյութերով հայտնի՝ Սարդուրխինիլիում (Հայկաբերդը, ներկայիս՝ Չավուշթեփեն), ուր վիմափոր հորեր, հացահատիկային տարբեր բույսերի ամբարման նպատակով քառաշար դասավորված կարասներ, պաշտամունքային կառույցների փլատակներ են, վերջին տարիներին հայտնաբերվեց նաև իր զանազան զարդերով թաղված՝ բարձրաշխարհիկ կնոջ դամբարան՝ դաստակներին՝ վիշապազարդ ապարանջաններով, կրծքազարդով, ձախ ձեռքի մատին՝ մատանիով, ականջօղերով (բիայնական շրջանից)…
Ի փառաբանումն Հին Աշխարհի հայտնի Աղեղնաձիգի՝ Հայկի, նրա անունը ոչ միայն Երկրի վրա են հավերժացրել՝ տեղանուններով, այլ նաև՝ Երկնքում՝ Աղեղնավորով, Հայկի Աստեղատնով, «Շամփուրք Հայկի, Քար ու Կշեռք» աստղերով՝ «Խեքերով» (աստղերն են, որոնց համար ժողովրդական լեզվում կիրառվում են՝ «Խեքեր ելան», «Խեքեր մտան» արտահայտությունները):
Հայոց Ձորի գավառի պատմությունն ու մշակույթը ներկայացնող գրքով՝ 2015-ին սկսվեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ջանքերով կերտված փառահեղ բազմահատորյակը՝ պատմամշակութային հուշարձանների լուսանկարներով հարուստ՝ 36 գիրք՝ նվիրված մեր Նախնիների թողած ժառանգության ուսումնասիրմանը:
Ահավասիկ տեսանյութը՝ հեղինակի ներկայացմամբ՝ վայելքի մի քանի րոպեներով.
One thought on “ՀԱՅՈՑ ՁՈՐ՝ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՀԱՅԿՆ ԶԳԵՏՆԵՑ ԲԵԼԻՆ …”
Comments are closed.