«ԹՈՂ ՍԱՍՈՒՆՆ ԻՐ ՊԱ՛ՐԸ ՊԱՐԻ»…
…«Թող Սասունն իր պարը պարի,
Իսկ դու դեռ մի՛ ծափահարի.
Այլ հասկացի՛ր, թե այս պարով՝
Մերթ՝ Անդոկից գրոհ տալով,
Մերթ՝ գաղթելով սար ու քարով,
Մեկ խնդալով ու տաս լալով,
Սասունը քեզ ի՛նչ է ասում…
Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո,
Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն»…
Հնագույն ծեսերում իրենց կարևոր տեղն ու դերն ունեին երաժշտությունն ու պարը, որոնք համարվում էին Տիեզերքի, Դիցերի հետ հաղորդակցության միջոց:
Քարանձավների ու զանազան շինությունների պատերին պահպանված՝ հազարամյակների վաղեմություն ունեցող որմնանկարներն ասվածի հավաստումներից են (մոգական նպատակով, ինչպես օրինակ՝ որսից առաջ, որպես հաջողության գրավական, նախօրոք որսվող գազանի պատկերն էին «խոցում»):
Մոգա-հմայական նպատակներով ծիսական պարեր էին պարում տաճարներում՝ հատուկ արարողությունների ընթացքում, նաև՝ հարսանեկան, թաղման և այլ ծեսերի ժամանակ (Եգիպտոսում Հաթոր Դիցուհին բնորոշվում էր որպես «Պարի Տիրուհի»)…
Հիշենք, որ Մարդու մարմինը «գործիք» էր Հոգու համար:
Երկրայինի և Երկնայինի միջև եղած կապի միջոց էր Ձայնը՝ հնչյունը, երաժշտությունը, նաև՝ շարժումը՝ Պարը (չմոռանանք, որ «Եօթնագրեանքը» Յոթ ձայնավորների արվեստն էր, որոնցով բացվում են Արարչության խորհուրդները, Մարդու կազմության և նրա Հոգևոր փուլերի Դռները):
Կոմիտասի բնորոշմամբ՝ «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:
Հայկազունների՝ մարտից առաջ ոգևորիչ ռազմական պարերը, փառաբանող ու գովերգող ցնծալի ռիթմերը՝ հազարամյակների ընթացքում սերնդեսերունդ փոխանցվելով, մեզ են հասել՝ հնարավորինս անխաթար պահպանելով վաղնջական ժամանակների ծիսական երանգները:
Մեր Նախնիների բազմաբնույթ ծեսերն ու տոնակատարությունները (Նավասարդ, Ջրօրհնեք, Բարեկենդան, հարսանիք, Նախնիների հիշատակի տոն…), ուղեկցվել են պարերով՝ յուրաքանչյուրն իր խորհրդին բնորոշ կատարողականությամբ (և՝ կանոնների խստագույն պահպանմամբ), հաճախ՝ կլոր ու փակ շրջանով, ինչպես Խաղողօրհնեքի տոնին Մայրության, Պտղաբերության, Արգասավորության հետ առնչվող՝ Դիցամայր Անահիտի փառաբանմանը նվիրված պարը, որը, քրիստոնեության ազդեցությամբ, մեզ է հասել «Աստվածածնի պար» անունով, սակայն ոչ մի աղերս չունի այդ բառի ներկայիս կրոնական ըմբռնման հետ):
Ուխտագնացությունների, բազմամարդ տոնախմբությունների, խնջույքների ժամանակ Հայոց Ձորի, Շատախի, Պարսկահայաստանի Հայ կտրիճներն «Իշխանաց պար» էին բռնում՝ մեհենական պարերի շարքի խրոխտ ռազմապարերով ոգեշնչում ներկաներին՝ փառաբանելով Նախնիներին…
«Պար» բառը նաև «Աստղերի հույլքի»՝ աստղերի բույլի (խմբի) շրջաբերության (շրջանի) իմաստով է կիրառվել՝ ինչպես հիշեցնում է Հայկազեան բառարանը՝ «Ծանոթ էին Մոգքն ամենայն պարուց աստեղանց» (Մոգերը ծանոթ էին բոլոր աստղերի շրջանին (շարժմանը)՝ աստեղաց պարին):
«Պար արկանել»՝ նշանակում է շրջապատել:
«Պար առնել»՝ պարել, նաև՝ «շուրջ փակել ի մէջ յուր»:
Ծիսական պարերի հարատևման հետ շարունակվեց նաև որոշ մոգական նվագարանների գործածումը՝ նույնիսկ քրիստոնեության տարածումից հետո:
Ձայնի միջոցով չարը վանելու մոգության դրսևորումներից էր տարբեր չափերի ծնծղաների կիրառումը (ծնծղայի ձայնին վերագրվում էր խավարը ցրելու հատկություն)…
«Ծնծղայք կգործածվեին ի տաճարին և հասարակաց զվարճությանց մեջ…, ինչպես սովորություն է զարդիս առ Հայս» (Հ.Պիկիչյանի՝ «Ծնծղա. նվագարան և մոգական գործիք» ուսումնասիրությունից):
Տոնական ու ծիսական պարերի ժամանակ մատների փոքր չափերի ծնծղաները շեշտել են ընդհանուր երաժշտական հնչողությունը՝ միաժամանակ ունենալով չարխափան նշանակություն: Հետագայում եկեղեցում այն կիրառվեց որպես ցնծության նշանակ և ժողովրդի կողմից եկեղեցուն մատուցված ամենահարգի ու ամենից արժեքավոր նվերներից էր…
Ինչպես որոշ ծիսական պարերում Շրջանը, շարժումներն իրենց խորիմաստ նշանակությունն ունեին՝ իրենց խորհրդով, այնպես էլ պարերն ուղեկցող նվագարանների զարդամոտիվներն էին կարևորվում, իմաստավորվում:
«Ծնծղաների զարդանախշերի (խաչեր, ոճավորված բուսանախշեր, թեք գծանախշեր, շրջագծեր) ժողովրդական մեկնաբանությունները ևս նվագարանը կապում են չար ու բարի ուժերի պայքարի, կյանքի փակ շղթայի շրջանի, կյանքի հարատևության, անձրևի ու կայծակի գաղափարների
հետ:
Օրինակ, ծնծղաների ամենատարածված զարդանախշը՝ շրջանաձև եզրագոտին, համարվում է մոգական շրջան, որն անձեռնմխելի է ու անհասանելի չար ուժերին և միայն կոտրված կամ ճաքած ծնծղան կարող է կորցնել մոգական ուժն ու վնասվել չարից։
Հազարամյակներ ի վեր անփոփոխ մնացած ծնծղա՝ հատուկ համաձուլվածքով մետաղյա կլորավուն 2 սկավառակներ, որոնք միմյանց խփելով հնչեցնում են Լավագույն հնչողությամբ ծնծղաներն արտադրում են Պոլսահայ Զիլճյանները՝ սերնդեսերունդ փոխանցված՝ ձուլման հատուկ եղանակով
Ճաքած ու կոտրված ծնծղաները համարվում են չարի դեմ պայքարում վնասված, հավատում էին, որ ծնծղան իր վրա է վերցրել վտանգը և տիրոջը՝ եկեղեցուն, տունը կամ մարդուն զերծ պահել կամ փրկել չարից:
Այսպիսի ծնծղաներին արժանի պատիվ էին տալիս, սրբացնում ու պահում Էին մասունքների շարքում» (մեջբերումը՝ Հ. Պիկիչյանի՝ նշված ուսումնասիրությունից):
Հայոց հնագույն ծիսական պարերի, մասնավորապես՝ նրանց գլխավոր 20 տարատեսակների ծագումնաբանությունն ու շարժումների արտահայտչական խորհրդի մեկնությանը վերաբերող կոթողային ուսումնասիրություն է հրապարակել վաստակաշատ ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանը (1893-1979)՝ հիմնելով Հայ պարագիտության ավանդույթը…
Գևորգ Էմինի «Սասունցիների Պար»-ից մեջբերված նախաբանի շնչով, որպես վերջաբան՝
«Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ երբ նազո՜ւմ են աղջիկներն ու կռանում՝
Սասնա ձորից ջո՜ւր են բերում, ա՛րտ քաղհանում.
Երբ ոտքի տակ տղաների հո՛ղն է թնդում՝
Հոտաղները Սասնա սարում գա՜յլ են խեղդում.
Երբ խռնվում՝ ասես ամպրո՜պ պայթի սարում՝
Այդ ոսո՛խն է նրանց գյուղերը պաշարում.
Երբ միանում՝ բե՛րդ են դառնում շինված քարից՝
Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծա՛փ են տալիս՝
Մահվան վիհից դեպի կյանքի ա՜փ են գալիս…
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՛ւն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի…
Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
-Հալա՜լ է քեզ,
Սասո՛ւն, պարի՜…
Պարի՜,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜,
Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.
Պարի՜,
Մինչև ո՜ղջ Հայերին դու ամբարե՛ս,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջի՜ն պարես»…
Մի իմաստուն ասույթի համաձայն՝ «Լավ է մեկ անգամ տեսնել, քան՝ հարյուր անգամ լսել»…😊
Ահավասիկ մեր Նախնյաց մեհենական՝ տաճարային և ծիսական պարերի՝ մերօրյա որոշ հիանալի կատարումներ…