ՈՍԿԵՄԱՅՐ — ՏԻՐԱՄԱՅՐ
(«ԴԱՐԲՆԱՑ ՔԱՐ» ԵՎ «ՀՈԳՒՈՑ ՎԱՆՔ»)
Վաղնջական ժամանակներից եկող՝ Հայոց հնագույն ավանդույթները, սովորույթները, տոներն ու ծիսակատարությունները շարունակվեցին քրիստոնեության տարածումից հետո ևս՝ անվանափոխվելով ու իմաստափոխվելով՝ հարատևելով մինչ օրս:
Նրանց ակունքների ուսումնասիրությանն անդրադարձել են բազմաթիվ Հայ ազգագրագետներ, գրողներ ու այլ հետազոտողներ (Րաֆֆի, Գ. Սրվանձտյան, Ս. Լալայան…):
Հայոց Աշխարհում քրիստոնեությունից առաջ եղած սրբավայրերում ու մեհենատեղիներում հետագայում էլ երբեմնի բազմամարդ ուխտավորներով տոնախմբությունները չդադարեցին, փոխվեց զուտ սրբավայրի ու տոնի անունը՝ հարմարեցվելով նոր գաղափարախոսությանը…
Րաֆֆու «Կայծեր» վեպի հերոսներից մեկի՝ Ֆարհադի խոսքերով՝
«Ոչ մի նոր վարդապետություն բոլորովին չէ կարողանում ջնջել, անհետացնել ժողովրդի սրտից այն, որ թողել է անցյալը: Հեթանոսական ծեսերը, արարողությունները, պաշտամունքը դարերով արմատացել էին հայ հոգու մեջ, նրանք միացել էին նրա բնավորության հետ։
Քրիստոնեությունը միանգամով սրբել Հայաստանը հին նախապաշարմունքներից կարող չէր, մինչև ժամանակը և կրթությունը չտար մի նոր ձև և կերպարանք» (մեջբերումը՝ Րաֆֆի «Երկերի ժողովածու» հ. 10, էջ 90):
Րաֆֆու երկերի հատորյակների էջերում վանքերի շուրջ տոնախմբության հանդեսների զանազան նկարագրությունները կան: Նաև՝ Հայր Գ. Սրվանձտյանից մեջբերված որոշ հատվածներ՝ Տիրամոր վանքի տոնախմբության պատկերի առիթով («Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» հոդվածից)…
«Խոսելով այն բանի վրա, թե վանքերից շատերը սկզբում մեհյանների տեղեր լինելով, մինչև այսօր մնացել են նրանց մեջ կռապաշտական սովորություններ, հայր Սրվանձտյանցը շարունակում է.
«Իբրև օրինակ խոսենք Խաթուն Տիրամոր վրայոք.
Վանեն դեպի հյուսիս իբր ութն ժամու չափ հեռավորությամբ, Բզնունյաց ծովուն ափը, բարձրադիտակ դիրք մը ունի այս վանքը և քանի մը տուն հայ գյուղացիք կը բնակին անոր շուրջ. ծովն իր երկայնությամբ կը տարածի ասոր առջևը, և իր եղջերաձև սպառվածքը սույն դարևանդին ոտներուն ներքևն է, ուստի կընդունի իր մեջ Բանդիմահույի գետը, որ է ձկանց առուն, իր առջև կերևի Արճեշ քաղաքը, տակավին շեն իր պարիսպներով, դռներով, շուկաներով, եկեղեցիով և մինարայով մը, զոր շրջապատած է ծովուն ջուրը և դարձուցած է կղզի մը, բայց անբնակ…
Այս վանքը գերեզման մը ունի իր տաճարին մեջը և կսեն թե աստվածածնի հագուստներեն մաս մը զետեղված է հոն։ Այս գերեզմանն է, որ կերդնուն «Խաթուն Տիրամոր» անունով, այն անունով օրհնություն և անեծք կուտան և շատ հրաշալի է. հոն կուգան ոչ միայն Վանա բոլոր գավառաց կողմերեն, այլև Պարսկաստանի և Երևանի ու Նախիջևանա գավառներեն ամեն տարի բազմաթիվ ուխտավորները։
Ուրուկներու («ուրուկ»-ը «բորոտ, հաշմանդամ» նշանակությունն ունի, Կ.Ա) ժողով մը կա անպակաս այստեղ, որ զանազան աշխարհներե կուգան և քանի մը տարի կը ծառայեն, կաղոթեն ու գյուղացիներեն կը ղրկվեն այս և այն գավառների ժողովք ընելու, բերելու զիրենք ղրկողին, վասնզի գյուղացիք բաժին ըրած են իրենց վրա, մեկը՝ Վան քաղաք և անոր շրջապատի գյուղորայք, մեկը՝ Բաշգալան, մեկը՝ Պարսկաստան, մեկը՝ Մուշ, մեկը՝ Տիգրանակերտ, մեկը՝ Պայազիտ, մյուսը Երևան, մինչև Կարնո և Ախալցխայի կողմերը և այլն։
Ամեն տարի իրենց մարդ կերթա շրջելու և հանուն տիրամոր եղած խոստումները թե մոմ, թե խունկ, շուշփա, խաչ, դրամ, կանանց խամրած արծաթի զարդերը, մատաղցու կենդանիք, մանավանդ «տիրամոր նշան» ունեցող կով և եզ, որոնց ճակատին վրա ճերմակ նշան մը կլինի, կը բերեն և այդ գյուղացիք կը տիրեն։
Ուրուկները հետզհետե կառողջանան և կերթան, ոմանք այն նույն կը մնան և հոն կը մնան։
Այսպիսիք կանվանին «տիրամոր խեղճ» և իրենց ախտի անունն է «տիրամոր յարա»» («Տիրամոր յարա» նշանակում է՝ տիրամոր վերք, խոց, բորոտություն):
…«Եվ մի՞թե Մշո սուրբ Կարապետի վանքը իր Վարդավառի տոնովը Զենովբի գրածին համեմատ նախնի Գիսանյանց և Վահանյանց տոնը չե՞ն հիշեցներ. ինչպես նաև հոն մինչև ցայսօր Աշտիշատ ուխտի երթալը նույն օրը…
Սույնպես և Անձևացյաց գավառի մեջ Հոգվոց վանից Դարբնաքարերուն ականջ դնել, կռանի ձայնը լսելու և անկե փոշիներ առնուլ ի պահպանություն անձյանց» և այլն»։
Այնուհետև, մեկնաբանելով հավելում, որ դեռևս 5-րդ դարից Խորենացու թողած նկարագրությանը համապատասխան արարողությունները շարունակվում են իրենց ժամանակներում:
Հիշենք, որ, ըստ ավանդության, Քրիստոսի 12 առաքյալներից՝ Բարդուղիմեոսը՝ (Կանա քաղաքից մի եբրայեցի, որը նույնացվում է Հովհաննեսի Ավետարանում հիշատակվող Նաթանայելի հետ), Արաբիայում, Պարթևական Աշխարհում քարոզչական գործունեությունից հետո, 60-66 թվականներին անցնում է Հայաստան՝ Գողթան գավառ, Սյունյաց Աշխարհ, հասնում Այրարատյան, հետո՝ Վասպուրական նահանգ, որտեղ Անձևաց գավառի «Դարբնաց Քար» կոչված վայրն էր՝ Անահիտ Դիցամոր մեհյանով՝ «Աթոռ Անահտայ» սրբավայրը, ուր սիրով հավաքվում էր մոտակա բնակչությունը՝ հեռվից Դարբինների աշխատանքով զմայլվելու, «կռանի ձայնը լսելու»…
Դարբնի քուրայի հրապուրիչ կայծերի նկարագրությունը՝ Րաֆֆու «Կայծեր»-ից՝
«Մյուս որդիների բացակայության ժամանակ մեծ քեռուս մոտ մնում էր միայն կրտսեր որդին: Ես, կարծես, հենց այս րոպեիս տեսնում եմ իմ աչքի առջև ծերունի արհեստավորին, նստած զնդանի առջև, կաշյա գոգնոցով, անդադար ուղղում էր քթի վրա դրած ահագին ակնոցները, և երկաթի կտորը ունելիքով բռնած, կամ խառտում է, կամ հղկում է և կամ փոքրիկ մուրճով ծեծում է: Նրա շուրջը լսելի են լինում ահագին կռանների դաշնակավոր ձայները. փուքսերը գոռում են, շիկացրած երկաթը դուրս են բերում քուրայի միջից, դնում են զնդանի վրա և մեծ-մեծ կռաններով կռում են – յուրաքանչյուր հարվածի հետ դուրս է ցայտում կայծերի մի ամբողջ հեղեղ: Չգիտեմ թե ինչո՞ւ այդ կայծերը իմ ամենափոքր հասակից միշտ մի առանձին կախարդական ազդեցություն ունեին իմ վրա. ես տեսնում էի նրանց մեջ մի անբացատրելի խորհուրդ, մի գաղտնիք, որը հասկանալ չէի կարող: Երկաթի մեջ թաքնված կայծերը դուրս էին ցայտում այն ժամանակ միայն, երբ սառն երկաթը սաստիկ ջերմացնում էին, և երբ սկսում էին ծեծել, հարվածել նրան: Երկաթի հանգիստ և խաղաղ դրության ժամանակ կայծերը, կարծես, քնած էին լինում. հենց որ տաքացնում էին երկաթը, հենց որ զարկում էր առաջին կռանը, իսկույն շանթերի կոտորակների նման նրանք դուրս էին ցայտում և սփռվում էին դեպի ամեն կողմեր… Ուրիշ երեխաներ կարող էին վախենալ, բայց ես միշտ մի առանձին զվարճությամբ էի նայում այդ հրեղեն տարափի վրա: Ես մինչև անգամ սիրում էի մրրիկը, երբ երկինքը սարսափելի կերպով որոտում էր, երբ օդի մեջ տիրում էր մի սոսկալի ալեկոծություն և երբ կայծակը դուրս էր շողում մթին ամպերի միջից: Ինձ երևում էր, թե այնտեղ, երկնքի բարձրության մեջ, կատարվում է մի սաստիկ պատերազմ. հսկաները ահագին կռաններով փշրում էին ամպերը, ես լսում էի նրանց հարվածների ձայնը և տեսնում էի, թե որպես կայծերը հրեղեն օձերի նման դուրս էին ցայտում ամպերի միջից: Ինչո՞ւ օդի խաղաղ ժամանակը չէին հայտնվում
նրանք, բայց երբ սկսվում էր փոթորիկը, երբ սկսվում էր տարերքի՝ միմյանց հետ ընդհարումը, միմյանց հետ զարկվելը, — այն ժամանակ միայն հայտնվում էին երկնքի կայծերը: Ինձ թվում էր, թե այնտեղ կատարվում էր միևնույնը, ինչ որ կատարվում էր իմ քեռու դարբնոցի մեջ»…
Հայտնի բերդից՝ Կանգուար ամրոցից ոչ հեռու գտնվող այս տաճարը քանդվում է Բարդուղիմեոսի կարգադրությամբ ու հիմնվում «Հոգյաց վանքը» և կուսանոցը (այստեղ էր նրա միջոցով քրիստոնեություն ընդունել Սանատրուկ թագավորի քույրը՝ Իշխանուհին (Ոգուհին), այդ պատճառով էլ՝ մահվան դատապարտվել Սանատրուկի կողմից):
Խորենացու հիշատակման համաձայն, առաքյալը Մարիամի «կենդանագիր պատկերով» էր եկել: Հիշենք, որ պաշտոնապես միայն 431 թվականին՝ Եփեսոսի Երրորդ (Գ) տիեզերաժողովին է Մարիամը ճանաչվել որպես «Աստվածամայր»՝ փոխարինելու համար վաղնջական ժամանակներից ի վեր գոյություն ունեցող Մեծ Մոր՝ Դիցամոր պաշտամունքը:
«Հոգվոց վանքի Դարբնաց Քարի մասին ընդարձակ գրում է Խորենացին ս. Տիրամոր պատկերի պատմության մեջ և հիշում միևնույն կախարդական արարողությունները, որ այնտեղ կատարվում են և մեր օրերում:
«Եւ եկեալ (Բարթողիմեոս առաքեալ) յաշխարհն Անձավացեաց՝ ի համբաւ քարի միջոց՝ քանզի դևք բազումք բնակեալ էին անդ, և պատրէին զմարդիկ տեղվոյն՝ ստանալ յայնմ տեղվո է դեղս ախտական առ ի կատարել զպղծութիւնս ախտից, կռանա ձայնս դարբնից ահավոր հրաշիվք արհավիրս գործեին, յորս մարդիկ աշխարհեն սովորեալք՝ անդ առ քրային դեգերէին, առեալ ի չաստվածոցն ծրարս թարախածոր ի պատիրախտիցն… և անուանէին զանուն տեղվոյն այնորիկ Դարբնաց Քար:
Հասեալ սուրբ առաքեալն Աստուծոյ անդ՝ հալածեաց զդարբինսն և զկռանս փշրեաց, որ հանուն Անահտայ էր… Անդ հիմնարկեալ սուր առաքեալն զհիմն տաճարի Սրբուհոյն յուրովք, իսկ ձեռոքն՝ շինեա եկեղեցի և անվանեաց զնա Սուրբ Աստուածածին… և անուանե զտեղին Հոգեաց վանս»:
Պ. Թոխմախյանի ճանապարհորդության մեջ կարդում ենք, որ հիշյալ Հոգվոց վանքում մշտապես պահվում է մի նվիրական աքաղաղ, որի ձայնին կամ ազդարարությանը թե՛ միաբանները, և թե՛ ուխտավորները ամենայն հնազանդությամբ խոնարհվում են (Այգաբացի՝ Արևագալի Ողջույնի մի ծես, Կ.Ա.)։ Ծան. հեղինակի» (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10, էջ 98-100):
«Կանգուառ» կոչվող ամուր բերդի մոտ, «լեռնամէջն վիմաց», Տիրուհու տաճարի հիմքերի մոտ լեռներից արագ հոսող՝ գարնանային ջրերի (գետերի) մերձավորությամբ էր «Դարբնաց Քարը»՝ «Ագռավաց Քարը»՝ «Հոգեաց վանս», ինչպես նկարագրում է Ղ. Ինճիճյանն իր՝ «Ստորագրութիւն Հին Հայաստանեաց» աշխատության մեջ…
1886 թվականին Մանուկ Աբեղյանն ստեղծել է մի քանի քառյակներից բաղկացած՝ իսկական բանաստեղծական մի գոհար, ուր հիանալիորեն հաջորդում են մեր հեռավոր Նախնիների կյանքից պատկերներ՝ քրիստոնեությունից առաջ և հետո՝ ներկայացնելով նոր կրոնի տարածումը՝ հնի ձևափոխմամբ…
One thought on “ՈՍԿԵՄԱՅՐ — ՏԻՐԱՄԱՅՐ”
Comments are closed.