«ԵՎ ՄԵՆՔ ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՈՐՈՇ ՏՈՂԵՐ»…

Երերույքի եռանավ տաճարը (Շիրակի մարզ, Անիպեմզա)

«Ինչպես յուրաքանչյուր մարդու, այնպես էլ յուրաքանչյուր ժողովրդի հետ պատահում են այնպիսի իրադարձություններ, որոնք հետագա ամբողջ ընթացքում ներգործում են նրանց ճակատագրի վրա, հաճախ՝ կանխորոշում այն: Դրանք գտած կամ կորսված պահեր են, և ճակատագիրն այդ պահերով է կերտվում»:

Այսպես է սկսում Հայոց հնագույն մատյանների, հարուստ մշակութային ժառանգության հազվագյուտ իմաստուն գիտակներից մեկը՝ Հայ բանասեր ու պատմաբան Արտաշես Մարտիրոսյանն իր «Մաշտոց» կոթողային ուսումնասիրությունը՝ նվիրված Մաշտոցի գործունեությանն ու դեպքերի ժամանակաշրջանին:

Անդրադառնալով «Ծխացող մեհյաններին»՝ քրիստոնեության տարածմանը, «Դարձի ճանապարհին ոտքի տակ տրված մեր ամբողջ հին քաղաքակրթությանը, հայրենի դիցերին սիրող Տրդատ թագավորին, որը Երիզայում, Ոսկեծին Անահիտի տաճարում Դիցուհու պատվանդանին դալար ոստերից ու ծաղիկներից պսակ էր դնում, Վարդավառին ջուր ցողում ու թռցնում աղավնիներ», գրում է.

«Նախկին ըմբիշը, որ կարող էր ճկել ցուլի պարանոցը, դարձավ նախանձախնդիր մի սուրբ»…

«Արտաշատում և ապա Երիզայում տապալվում ու հրդեհի են տրվում Մայր Անահիտի տաճարները», «Դարանաղյաց Անիում, որ թագավորների գերեզմանատեղին էր,… վայր են բերում գահից Արամազդին՝ աստվածների (Դիցերի, Կ.Ա) հորը…

«Իսկ Գրիգոր Պարթևին, որ հին հայոց քաղաքակրթությունը հրով այրեց, կոչեցին Լուսավորիչ:

Այս ամենը՝ հալածված աստվածների, այրված բագինների և հառնող խաչերի մասին, պատմում է Ագաթանգեղոսը: Դա, իհարկե, իրողություն է, բայց չափազանցված:
Եկեղեցին, առհասարակ, զարմանալի եռանդ գործադրեց իր համար անցյալ և պատմություն ստեղծելու, և ամեն ինչ այլ գույն ստացավ:
Առաջին քրիստոնյաներից շատերը, որոնք հանգիստ մեռել են իրենց մահիճներում, գնացին Կոլիզեյ կամ այլուր, որ հոշոտվեն գազաններից»:

«Եթե անվերապահ հավատանք Ագաթանգեղոսին, ապա Տրդատը և Լուսավորիչը երկիրը հեթանոսությունից մաքրեցին միայն հրով ու արյամբ:
Դարձը, սակայն, անցումը քրիստոնեության ավելի հանգիստ ու անաղմուկ եղավ:
Հայոց շատ եկեղեցիների տակ կարելի է տեսնել հեթանոսական տաճարների հիմքեր, իսկ խորաններում՝ սրբազան կրակի մոխիր, որ հանգել էր, բայց չէր տրվել քամուն:
Դժվար է գտնել նման մի երկիր, որտեղ հին հավատը այնպես վերաճեր նորի մեջ, որքան հայոց մոտ: Քանդված բագինների վրա բարձրացան նոր աստծո տներ, քրմերի որդիները դարձան խաչակիր աստծո ծառաներ, վիշապաքաղ Վահագնը՝ Սուրբ Գևորգ, Վարդավառը՝ Այլակերպության տոն, Միհրական հիմները՝ տիրամեծար աղոթք, Արևագալի երգերը՝ շարական և զոհը՝ մատաղ:

Հեթանոս քաղաքակրթությունը կնքվեց խաչով ու մնաց քրիստոնյա շերտի տակ:

Մագաղաթը թանկ է և դժվարագյուտ:
Հաճախ, երբ բնագիրն անօգտակար էր կամ հին, սպունգով լվանում էին, քերում և գրում նորը: Դա պալիմպսեստ է (հունարեն παλίμψηστος — կրկին քերված):
Իսկ այսօր շատ ավելի արժեքավոր է հինը, որովհետև հին է և դժվարիմաց»:

Նոր շերտերի տակից հինը նշմարվում է ոչ միայն մագաղաթներում, այլև՝ կտավներում:

«Քաղաքներն անգամ պալիմպսեստ են:
Տրոյան ընկած էր յոթերորդ շերտում:
Պալիմպսեստ է և հայ հեթանոս քաղաքակրթությունը, որ եղծված ու անպարզ երևում է քրիստոնյա բնագրի ետևից:
Եվ մենք կարդում ենք որոշ տողեր»… (մեջբերումները՝ Արտաշես Մարտիրոսյանի «ՄԱՇՏՈՑ» գրքից, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1982թ.)…

Էջմիածնի Մայր տաճարի կառուցման վայրի շուրջ հյուսված պատմություններն այդ ընտրությունը կապում են «երկնային տեսիլքի» հետ, այնուամենայնիվ, հնագույն մեհյանից խնամքով պահպանված փլատակները շարադրում են որոշ էջեր…
Լուսանկարում՝ Սանդարամետ Դիցուհու (Քուրմ Յարութ Առաքելեանի հավաստմամբ) մեհյանից մնացած հուշեր՝ Էջմիածնի Մայր տաճարի ներքո…

Մեհյանները «սրբագործելով» եկեղեցու վերածած կառույցների՝ Տեկորի, Քասաղի տաճարների, երեք նավերը խորաններով ավարտվող՝ Եղվարդի եռանավ բազիլիկի, Դվինի, Երերույքի, Տեկորի, Ծիծեռնավանքի և բազմաթիվ այլ հնագույն սրբատեղիների մասին՝ այլ առիթով…

Հավելենք միայն, որ վերջին ժամանակների պեղումների շնորհիվ Հայոց երբեմնի շեն ու հիասքանչ քաղաքները նույնպես հառնում են իրենց հիասքանչ փառքով ու հզորությամբ…

Մեր Նախնիների քաղաքամայր Արշաշատն՝ իր կառույցների մնացորդներով անգամ, պանծալի պատմություններ ունի պատմելու…

Արտաշատի հնավայրից մի բեկոր

Անթիվ բացահայտումների նորանոր հանդիպումների մաղթանքով ու անհամբեր սպասումով…🔥

Facebook Comments