«ԽԱՐԲԵՐԴ ԵՎ ԱՆՈՐ ՈՍԿԵՂԷՆ ԴԱՇՏԸ»

«Խարբերդ եւ անոր Ոսկեղէն դաշտը. յուշամատեան պատմական, մշակութային եւ ազգագրական» (1959),- այսպես է վերնագրված արևմտահայ գրող, խմբագիր, բանասեր ու պատմաբան Վահե Հայկի (իրական անուն-ազգանունը՝ Վահե Մկրտչի Տինճյան, 1896, Խարբերդ, Արևմտյան Հայաստան — 1983, Ֆրեզնո, Կալիֆորնիա, ԱՄՆ), պատկերազարդ, ծավալուն ուսումնասիրությունը, ուր կորուսյալ Հայրենիքի պատկերն է՝ Խարբերդն իր շրջակա հայաբնակ գյուղերի պատմությամբ, ազգագրությամբ՝ ազգային երանգներով ու Հայաշունչ նկարագրությամբ…

Խարբերդի նահանգն ընդգրկում էր Մեծ Հայքի Ծոփաց Աշխարհը՝ Ծոփքը (Չորրորդ Հայքի Անձիտ գավառը):
Այն (Խարբերդի վիլայեթն) ուներ 3 գավառ՝ Խարբերդի, Դերսիմի (Դիարբեքիրի) և Մալաթիայի, որոնք իրենց հերթին բաժանված էին գավառակների կամ վիճակների (կազաների)՝ Արաբկիրի, Ակնա, Կապան Մատենի, Չմշկածագի, Մազկերտի (Մեծկերտի), Օվաճըգի, Պահի (Փախի), Կըզըլ Քիլիսեի, Չարսանճագի, Չնգուշի, Բալուի:

Վիլայեթի կենտրոնական մասում, Ներքին Տավրոսի և Հայկական Տավրոսի միջև, 900-1100 մետր բարձրության վրա ծավալվում էր Խարբերդի դաշտը, որն արևելյան կողմից ընդունում էր Արածանի (Արևելյան Եփրատ), իսկ հյուսիս-արևմտյանից՝ Արևմտյան Եփրատ գետերը:

Վաղնջական ժամանակներից ի վեր կարևոր Սրբավայր էր այս շրջանը՝ Հայոց հնագույն Ոստանի մի մասը (պեղված հնագույն դամբարանները ն.թ.ա. 20-18-րդ դարերով են թվագրվում):

Հայկական Լեռնաշխարհում՝ Արևելյան Եփրատի՝ Արածանիի ստորին հովտում սփռված Խարբերդի Դաշտը՝ ջրային առատ պաշարներով, բարենպաստ կլիմայական պայմաններով, հանքային ջրերի աղբյուրներով՝ «Ոսկեղեն Դաշտ» էր կոչվում, այլ անվամբ՝ «Ալելուա Դաշտ» («Աղեղվա դաշտ»):

Այն «Նույնացվում է օտար հեղինակների հիշատակած Գեղեցիկ Դաշտի (Հովտի) հետ, որ, Պոլիբիոսի (հույն պատմիչ, ն.թ.ա. 208-126թթ.,Կ.Ա.) վկայությամբ, գտնվել է Եփրատի և Տիգրիսի միջև և նույնն է հայկական աղբյուրներում հիշատակված Ալելուա դաշտի հետ:
Ն. Ադոնցը, Խարբերդի դաշտը նույնացնելով վերջինիս հետ, նրա թուրքական «Ուլուօվա» անվան «ուլու»-ն (թրք. «մեծ»), համարում է հին Ալելուա անվան վերաիմաստավորումը» («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանից»):

Խարբերդի դաշտում է հնագույն շրջանից ի վեր Քարկաթիակերտ անունով հայտնի բերդ-ամրոցը՝ Խարբերդը, որից հարավ-արևելք Ծովք լճակն է, որտեղից սկիզբնավորվում է Տիգրիսի ակունքներից մեկը:

Բերրի հողը, մեղմ կլիման, ջրային առատ պաշարները բարենպաստ պայմաններ էին երկրագործության, անասնապահության, պտղաբուծության և գյուղատնտեսական արտադրության այլ ճյուղերի համար:
Աճում էին ցորեն, գարի, կորեկ, ոսպ, բամբակ, սիսեռ, բակլա, սոխ, սխտոր, գետնախնձոր, ծիրան, թութ, խաղող, խնձոր, տանձ:
Մեծ համբավ ունեին Խարբերդի Դաշտի գինին ու մեղրը:

Ցորենի կամնումը Խարբերդի դաշտին մէջ (Աղբիւր՝ Մարտիրոս Տերանեանի արխիւներ, NAASR, Պելմոնթ, Մասաչուսէց)


Հանքային հարստություններից էին պղինձը (Պախըր Մատենում), ոսկին ու կերակրի աղը (Դերսիմում), կային հանքային ջրերի աղբյուրներ:
Զարգացած էին հատկապես շերամապահությունը, մետաքսագործությունը, կաշեգործությունը, գորգագործությունը, ոսկերչությունը…

Մետաքսագործությամբ ու գորգածությամբ հայտնի Խարբերդի զանազան բարձրակարգ արտադրանքն արտահանվում էր Կարին, Մալաթիա, Տիգրանակերտ (Դիարբեքիր) և այլուր:

Խարբերդցի վարպետների ձեռքի արտադրանքը բարձր էր գնահատվում Մերձավոր Արևելքի շուկաներում:
1880-1890-ական թվականներին Խարբերդի Հայ վաճառականները հայտնվեցին նաև արտասահմանյան բազմաթիվ երկրներում՝ Ռուսաստանում, Պարսկաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում, նույնիսկ՝ Ամերիկայում։

Արտահանում էին բամբակ, բուրդ, կաշի, ցորեն, գարի, մետաքս, գինի, օղի, գորգեր, չորացված պտուղներ։
Տեղական հումքի հիման վրա ստեղծվեցին խոշոր ձեռնարկություններ։

Գորգագործական 8 ձեռնարկություններում արտադրված մեծահամբավ գորգերը հասնում էին մինչև ԱՄն:
Գրիգոր և Սարգիս Քյուրքչյան եղբայրների հիմնած մետաքսի գործարանն ավերվեց 1894-1896 թվականներին՝ թուրքական իշխանությունների կողմից. 1895-1896 թվականների համիդյան ջարդերի ընթացքում կողոպտվեցին ու ավերվեցին Խարբերդի Հայկական թաղերը՝ իրենց բնակչությամբ, եկեղեցիներով, ուսումնարաններով (կոտորվեցին ավելի քան 700 Հայ, բռնությամբ մահմեդականացվեցին ավելի քան 1000 Հայ՝ մոտ 200 ընտանիք):

Խարբերդը եղել է նաև Հայ մշակույթի նշանավոր կենտրոն։
Դեռևս 1160 թվականի մի ձեռագրում նշվում է, որ այն գրված է «ի մայրաքաղաքին Խարբերդ»։

Հիշարժան է Ծովքի վանքը, Ծով Դղեկի (Դղյակի, Կ.Ա.) մենաստանը՝ հայտնի Վանքը Կիլիկիայում, Այնթապի ու Մարաշի միջև:
Ըստ Հռոմկլայում 1248թ. գրված մի Ավետարանի հիշատակարանի վկայության, Ծովք Դղեկի մենաստանը 1234 թ. հիմնել է Մեսրոպ վարդապետը (Ծովք-Տլուք բերդը (ամրոցը) և դղյակը Կիլիկիայում, Տլուք գավառը՝ Ծովքում):

Հայկական Լեռնաշխարհում, Հայկական Տավրոսի արևմտյան ծայրամասում են Ծովունց լեռները՝ Ծովք (Գյոլջիկ) լճի շրջակայքում:

Ծովք (Կէօլճիւք, Գյոլջիկ) լիճը եւ կղզիին վրայ կառուցուած Ս. Նշանի վանքի աւերակները։ Սոյն վայրը, Ս. Աստուածածինի օրը, Խարբերդի դաշտին մէջ յայտնի ուխտավայր մըն է (Վահէ Հայկ, op. cit.)
Ուխտագնացութեան մեծապէս ժողովրդական թուական մըն է։ Սոյն օրը Խարբերդի ու Տիարպեքիրի զանազան գիւղերէն ու քաղաքներէն ուխտաւորներ կը հաւաքուին Ծովք լիճի (Կէօլճուք) Ս. Նշան վանքը։ Անիկա նոյնանուն գիւղին մօտակայ եւ աւերակներու մէջ գտնուող սրբավայր մըն է, որ կը գտնուի կղզեակի մը վրայ։ Ուխտաւորներուն թիւը յաճախ կը հասնի հինգէն վեց հազարի։ Երեք օրերու վրայ պար, երգ, հրացանաձգութիւն, մատաղ ու բազմազան խաղեր կը կերպարանափոխեն այս փոքրիկ գիւղին ու շրջակայ բնութեան պատկերը (Լուսանկարը՝ մեկնաբանությամբ՝ «Յուշամատեան»-ից)

Մեծ Հայքի Չորրորդ Հայք Աշխարհի Անձիտ գավառում, համանուն լճի հարավ-արևմտյան ափին, մի ժայռեղեն կղզու վրա է Ծովուց վանքը՝ Հռոմկլայի ամրոցի մոտ:
Ավերակները գտնվում են Խարբերդ քաղաքից հարավ-արևելք, Գյոլջիկ գյուղի դիմաց:

Առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի «Աշխարհացույց»-ում:
Գր. Պահլավունու մի նամակում վկայված է, որ 11-րդ դարում Ծովքը պատկանում էր իր փեսային՝ Պահլավունի մի իշխանի, որին հաջորդել է նրա ավագ որդի Ապիրատը՝ Ներսես Շնորհալու հայրը:

1106 թվականին Անիի Հայոց կաթողիկոս Բարսեղ Ա-ն ապաստանում է Ծովքի Սբ. Նշան եկեղեցում և այն դարձնում կաթողիկոսանիստ:
1125 թվականին, Սմբատ Գունգստաբլի վկայությամբ, իր աթոռն այստեղ է փոխադրում Գրիգոր Գ կաթողիկոսը:
1111 թվականին Ապիրատը Ծովքի համար մղված մարտերից մեկում նետահարվում է:
Նրա որդիները՝ կաթողիկոս Գրիգոր Պահլավունին ու Ներսես Շնորհալին, իրենց հոր մահից հետո փոխադրվում են Կիլիկիա և իշխան Գող Վասիլի հովանավորությամբ, Տլուք գավառում, Մարաշի արևելյան կողմում գտնվող երեք լճակների մոտ հիմնում են նոր բերդ՝ Դղյակ, և այն, ի նշան իրենց հայրենի Անձիտ գավառի Բերդ-Դղյակի, անվանում են Ծով կամ՝ Ծովք:

Ծովք լճի համանուն կղզու վրա կար Ծովք կոչվող գյուղ, որը 19-րդ դարի վերջերին արդեն ավերված էր, և նրա նախկին բնակիչները լճափին հիմնել էին նույն անվամբ մի գյուղ (թուրքերն այն անվանում էին Գյոլջիկ):

Ծովք Ամրոց-Դղյակում է ծնվել Ներսես Շնորհալին (մոտ 1102-1173թթ.):

Հազարամյակների ընթացքում զանազան ասպատակողների՝ Ասորեստանի, Պարսկաստանի, Բյուզանդիայի, մոնղոլների ավերածություններից ու թալանից հետո վերստին հառնած Խարբերդը
1617 թվականին հիմնահատակ կործանեց և բնակիչներին սրի քաշեց Չոփան օղլի բեկը։

18-րդ դարում Խարբերդն իր շրջակայքով մտնում էր Սեբաստիայի վիլայեթի մեջ։
Այդ շրջանում այն կրկին դարձավ մարդաշատ քաղաք՝ հիմնականում շրջակա գավառների հայերի հաշվին:

Խարբերդ քաղաք. ընդհանուր պատկեր արեւելակողմի թաղամասերէն (Աղբիւր՝ Rev. Edwin M. Bliss, Turkey and the Armenian Atrocities, London, 1896)

Ազգային-մշակութային կյանքում Խարբերդի դերը բարձրացավ 19-րդ դարում և պատահական չէ, որ 1880-ական թվականներին այն հիշատակվում է որպես «գավառի Աթենք» (1890-ականներին Խարբերդի նահանգը (Մամուրետ ուլ Ազիզ) 37.800 քառակուսի կիլոմետր էր):

1913 -1914 թվականներին վիլայեթն ուներ 3 միսիոներական քոլեջ, 1 աստվածաբանական և 5 բարձրագույն ճեմարան, հարյուրավոր վարժարաններ, նախակրթարաններ, մանկապարտեզներ։ Բոլոր դպրոցները միասին ունեին 35.000 աշակերտ, ընդ որում հայկական դպրոցները՝ 28.000։ Դպրոցների մի մասը երկսեռ էր, կային նաև աղջիկների առանձին վարժարաններ։
Համազգային հռչակ ուներ «Եփրատ քոլեջը»։

Խարբերդ, Եփրատ գոլէճի համալիրը։ Ձախին, նկարին վերի հատուածին մէջ փոքր գմբէթով շէնքը՝ տղոց գիշերօթիկը։ Կողքին, դէպի աջ՝ տղոց երկրորդական վարժարանը, որու տանիքին զետեղուած է ժամացոյց մը։ Քիչ մը աւելի աջ եւ աւելի բարձր դիրքի վրայ գտնուող շէնքը տղոց գոլէճն է։ ձախէն չորրորդ շէնքը՝ գոլէճի նախագահին բնակարանը։ Ամէնէն աջ կողմը, երկար երրայարկ շէնքը միսիոնարներու բնակարաններն են։ Ձախին, նկարին կեդրոնը եւ երկար պատուհաններով մեծ կառոյցը Wheeler Hallն է, ուր տեղի կ՚ունենան գոլէճին հանդիսութիւնները։ Նկարին առաջին գիծի վրայ կ՚երեւին հայկական տուներ (Աղբիւր՝ Արա Ճինկիրեան եւ Հուրիկ Զաքարեանի հաւաքածոյ), (Լուսանկարն ու մեկնաբանությունը՝ «Յուշամատեանից»)
Խարբերդ , 1907թ., ֆրանսիական կոլեջի շրջանավարտները

Համազգային հռչակ էր վայելում Աստվածաբանական ճեմարանը, որ գործել է 1859-1915 թվականներին։
Այստեղ դասավանդվել է հայերեն, գրաբար ու աշխարհաբար քերականություն, Հայոց պատմություն, աստվածաբանություն, մարդակազմություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն:

1880- ականների համիդյան ջարդերին ու նրա հետևանքով ուժգնացած արտագաղթին հաջորդեց 1915-ին Հայ բնակչության զանգվածային բնաջնջումը…

Խարբերդի նահանգում (օտար աղբյուրներում՝ Մամուրեթ-ուլ-Ազիզ) առանձնահատուկ դաժանությամբ իրականացվեցին 1895-96 թթ. համիդյան զանգվածային կոտորածները՝ զինվորականների մասնակցությամբ:
Արդյունքում զոհվեց շուրջ 40.000 Հայ, բռնությամբ կրոնափոխվեց մոտ 15.000 Հայ:

«Թուրքական կառավարության կողմից Մարզվանից վտարված հոգևորական Ջորջ Ֆիլյանը, խոսելով համիդյան կոտորածների մասին, վկայակոչում է մահմեդական մի սպայի խոսքը, որի համաձայն՝
«Խարբերդում, Սևերեկում, Հուսեյնիկում, Մալաթիայում և Արաբկիրում զոհերի մեծ մասը սպանվել էր զինվորների կողմից, իսկ Խարբերդ քաղաքի Վերին թաղի գրիգորյանների ու միսիոներների դպրոցները, եկեղեցիներն ու տները հրկիզվել էին թնդանոթների միջոցով»:

Ամերիկացի միսիոներ, հրապարակախոս էդվին Բլիսը, ով առավել կարևոր ու մանրամասն տեղեկություններ է ներկայացնում համիդյան կոտորածների վերաբերյալ, ևս փաստում է կոտորածներին զինվորականների մասնակցության մասին.

«Պարզ է, որ Հարպուտում (Խարբերդում, Կ.Ա.), Քեսիրիկում, Մալաթիայում, Արաբկիրում զոհերի մեծամասնությունը սպանվել է զինվորների կողմից, նաև թնդանոթներով հրետակոծվել են Հարպուտ (Խարբերդ, Կ.Ա.) քաղաքի վերին թաղում գտնվող միսիոներների ու գրիգորյանների եկեղեցիներն ու դպրոցները» (մեջբերումը՝ Արփինե Բաբլումյանի՝ «Խարբերդի նահանգի Հայ ազգաբնակչությունը համիդյան կոտորածների տարիներին» ուսումնասիրությունից):

Օսմանյան կայսրությունում իրականացված՝ Հայոց ցեղասպանության մասին ժամանակին այնտեղ գտնվող բազմաթիվ օտարերկրյա միսիոներներ, դիվանագիտական ու զինվորական պաշտոնյաներ են վկայել ու ահազանգել:
1915 թվականի հուլիսի 24-ին Խարբերդի Ամերիկյան հյուպատոս Լեսլի Դեվիսը Կոստանդնուպոլսում Ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուին գրում էր.

«Այլևս գաղտնիք չէ՝ հատուկ ծրագրով նախատեսված է բնաջինջ անել Հայերին որպես ցեղ, ուղղակի նման նպատակը այնպիսի սառնասրտությամբ ու բարբարոսությամբ, ավելին՝ արդյունավետությամբ էր իրագործվում, որ սկզբում գլխի էլ չէինք ընկնում, թե ինչ է կատարվում…
Ես չեմ կարծում, որ համաշխարհային պատմության մեջ երբևէ իրագործվել է ավելի համընդհանուր ու արմատական նախճիր, քան այն, ինչ այժմ տեղի է ունենում մեր տարածաշրջանում և ոչ էլ հավատում եմ, որ մարդկային ուղեղն ի զորու է հղանալ ավելի ահավոր ու սատանայական ծրագիր…
Տեղի ունեցածը այդպես կկոչվեր նույնիսկ այն դեպքում, եթե թողնեին, որ բոլորն էլ ճանապարհին մեռնեն:
Բայց քանի որ մեծ մասն ուղղակի նախճիրի է ենթարկվել, ոչ մի կասկած չի կարող լինել, որ կառավարության հրաման է կատարվել»: (մեջբերումը՝ Արամ Սիմոնյանի՝ «Հայոց ցեղասպանությունը և Հենրի Մորգենթաուն» ուսումնասիրությունից. վերջինս Ամերիկյան դեսպանն էր Կոստանդնուպոլսում՝ 1913-1916 թվականներին):

Խարբերդի Նահանգով էին անցնում այլ շրջաններից աքսորված Հայերի քարավանները…

Խարբերդցիների քարավանները, միլիոնավոր մյուս հայրենակիցների նման, նահատակվեցին Դեր-Զորի անապատներում ու այլուր…

Տեղահանվածների մի մասը ոչնչացվեց ճանապարհին, մյուսներից միայն հատուկենտ մարդիկ վերապրեցին։
Հազարավոր հայեր նահատակվեցին Եփրատ գետի ափին Իզօղլի և Ծովք լճի մոտ՝ Շապկահան ու Քեչին խան գյուղի տարածքում։

Մեծ Հայքի Չորրորդ Հայք Աշխարհի՝ հետագայում՝ Դիարբեքիրի նահանգի Արղանամադենի գավառի Ծովք՝ Ծոփք գյուղի մոտ (համանուն լճի ափին), 1915 թվի հունիսին թուրքերը կոտորեցին նահանգի Հայ մտավորականության մի մեծ խումբ, որի մեջ էին՝ գրող Թլկատինցին, Երուխանը, պատմաբան, պրոֆեսոր Ն. Թենեկճյանը, մաթեմատիկոս Խ. Նահիկյանը, փիլիսոփա Հովհաննես Պուճիգանյանը և այլոք (հոգեբան, փիլիսոփա ու տնտեսագետ Հ. Պուճիգանյանն իր բարեկամների, «Եփրատ» կոլեջի դասախոսների ու աշակերտների կողմից «Խարբերդի Սոկրատ» էր անվանվում)…

Մեզիրեից դուրս եկած քարավանի բոլոր Հայերին թուրք զինվորները սրի քաշեցին հենց քաղաքի մատույցներում։

Խարբերդից դեպի Հալեպ «մեկնած»՝ 5.000 Հայերից բաղկացած մի քարավանից տեղ հասավ ընդամենը 213 հոգի։

Խարբերդի վիլայեթից հազարավոր Հայեր սպանվեցին Դեյր Էզ-Զորում։
Գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց Մալաթիայի (23.000), Արաբկիրի (19.000), Չարսանճագի (18.500), Աղինի (10.200), Չմշկածագի (9.000) բնակչությունը։

Եղեռնի նախօրեին Խարբերդի վիլայեթի Հայ բնակչությունը 204.000 էր, որից շուրջ 180.000-ը ցեղասպանվեց:

Եղեռնից մազապուրծ սակավաթիվ Հայորդիներ հանգրվանեցին աշխարհի տարբեր ծայրերում, մի մասը՝ Արևելյան Հայաստանի ներկայիս տարածքում, հիմնելով Նոր Խարբերդը, Նոր Մալաթիան, Նոր Հաճնը, Նոր Արաբկիրն ու Նոր Կյանքը (1929-ին, Խարբերդի նահանգի Թլկատին (Խույլու) գյուղից վերապրած 15 Հայորդիներ Մասիսի տարածաշրջանում հիմնեցին Նոր-Խարբերդը, որը 1938 թվականին վերանվանվեց Նոր Կյանք, 1965 թվականից՝ կրկին անվանվեց Նոր Խարբերդ)…

Հ.գ. Բալուից Ամերիկա հասած Հայորդիների «հետքերով»՝ հուզառատ մի քանի կադրեր՝ «Յուշամատեան»-ից՝ շնորհակալությամբ՝ ահավասիկ.

Հատուած՝ Միսաք Պէրպէրեանի “40 Years of Memories: 1932-1972” ֆիլմէն։ Նկարահանուած 1930ականներուն եւ ներկայիս պատրաստուած Սիլվինա Տէր Մկրտիչեանի կողմէ։ Կ՝երեւին բալուցիներ՝ Փրավիտընսի մէջ (Ռոտ Այլընտ, Միացեալ Նահանգներ) դաշտահանդէսի մը ժամանակ։ Ֆիլմը կը պատկանի Ճորճ Աղճայեանի հաւաքածոյին։ Երգ՝ «Բալու քաղաք շինուեր է», երգասաց՝ Մարօ Նալպանտեան (երգը առնուած է Պետրոս Ալահայտոյեանի՝ Բալուի (եւ տարածաշրջանի) երաժշտական-ազգագրական հաւաքածոյ գիրքէն, Դրազարկ հրատարակչութիւն, Կլենտէյլ, Գալիֆորնիա, 2009)։