«ԲԱՆՋԱՐ՝ ԲԺՇԿԻՉ ՊԷՍ-ՊԷՍ ՑԱՒՈՑ»…

Մարդու կյանքի ու գործունեության համար կենսականորեն անհրաժեշտ բույսերը՝ ծառերը, թփերը, խոտաբույսերն իրենց բազմազանությամբ, անհիշելի ժամանակներից ի վեր հայտնի են իրենց զանազան՝ օգտակար, վնասակար կամ, նույնիսկ, «գերբնական» հատկություններով (անմահություն պարգևող, ցանկություններ իրականացնող…):

Սննդից բացի՝ կիրառվում են թելատու բույսերը (բամբակենին, վուշը…), դեղաբույսերը՝ տարբեր հիվանդությունների բժշկության, նաև՝ կանխարգելման համար (բուսախեժերն ու եթերայուղերը՝ անթիվ այլ նպատակներով)…

Արիստոտելը (ն.թ.ա. 4-րդ դար) բույսերը դասել էր որպես միջանկյալ գործոն՝ անշունչ առարկաների ու կենդանիների միջև:
Նրա սահմանմամբ՝ «բույսերը կենդանի օրգանիզմներ են, որոնք ընդունակ չեն տեղաշարժվելու»։

Բույսերում առկա տարբեր օրգանական նյութերի շնորհիվ՝ վաղնջական ժամանակներից ի վեր, բուսաբուժությունը լայնորեն կիրառվել է տարբեր հիվանդությունների բուժման, կանխարգելման նպատակով:

Բանջարը՝ ուտելի կանաչեղենը, որպես զանազան ցավի բժշկիչ, որպես «բան»՝ «ճարի», «Ճար»՝ «հնար, դեղ դարմանոյ»՝ հում կամ եփված, օգտագործվել է միշտ (այսօրվա «Բանջար գցել» արտահայտությունը «բանջարով կերակուր պատրաստելու» իմաստն ունի)…

«Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի մեկնաբանությամբ՝
«Բանջար՝ իբրու՝ իր ճարակոյ»՝ «ճարակի»՝ բուժման «բան»՝ միջոց:

«Ի բանջարս է ինչ՝ որ առանձին սատակիչ է, և խառնեալ ընդ այլ բանջարս՝ բժշկիչ պէսպէս ցաւոյ լինի» (Եզնիկ):
«Զմեղրահամ քաղցրութիւն բանջարացն» (Փարպեցի):

Հիշյալ բառարանում կան նաև «Բանջարաճաշակ, բանջարաճաշակություն» բառերը՝ «Բանջարակեր, բանջարակերություն, բուսակեր, բուսակերություն» իմաստով:

«Բանջարաճաշակ՝ Ճաշակող բանջարոյ, խոտաճարակ: «Խոտակեր բանջարաճաշակ», «Բանջարաճաշակ կերակրովք» (Մաշտ.):
«Զանձն տուեալ քաղցի և ծարաւոյ, ի բանջարաճաշակ կենաց» (Ագաթ.):

«Բանջարաճաշակութիւն՝ ճաշակելն զբանջար ևեթ. խոտեղինօք ապրիլը. «Զանձն տուեալ քաղցի և ծարաւոյ, և բանջարաճաշակութեան» (Կորիւն):

Բուսակերությունը («բանջարաճաշակությունը»)՝ Մայր Բնության, Մայր Հողի պարգևած բարիքները վայելելու և սննդակարգում կենդանական միսը բացառելու սովորույթը, հայտնի էր նաև ն.թ.ա 6-րդ դարի հույն իմաստասեր, մաթեմատիկոս ու բժիշկ Պյութագորասի ուսմունքում:
Վերջինիս փիլիսոփայությունից ելնելով՝ նա ու իր հետևորդները՝ Պյութագորասականները, հրաժարվում էին մսի գործածումից:

Բանջարը նաև «Դեղ» իմաստն ուներ:
«Դեղ՝ բանջար, կամ՝ խոտ առողջարար. Բոյս բժշկական. Դեղ դալար»:

Բուսակերության՝ հումաբուսակերության հնագույն ավանդույթը սերնդեսերունդ փոխանցվել ու մեզ է հասել Հայկյան Սրբազան ուսմունքի կրողների՝ Արևորդի Բարեպաշտ Քրմական դասի շնորհիվ:
Ահավասիկ ներկայացված համառոտ բացատրությունը՝ «Ողջակերություն» էջից:

«Ի՞նչ է «Ողջակերությունը, Լուսակերությունը և Բարեկերությունը»

«Ողջակերությունը» հենց հումաբուսակերությունն է, բայց՝ ավելի հին, քան «հումակերություն» եզրույթը:
Հին Հայկական՝ «Հայկեան» ուսմունքի համաձայն, Մարդը ողջակեր է. ուտում է բուսական չջերմամշակված՝ ողջ սնունդ, որովհետև սնունդը ջերմամշակվելով արդեն կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները և վերածվում թափոնի, իսկ ողջ սնունդը Ողջություն և Կյանք է պարգևում:
Ուսմունքի համաձայն, կենսատու Արևն իր ջերմությամբ պատրաստել և հասունացրել է Մարդու սնունդը և անհրաժեշտ չէ կրակով ոչնչացնել և այրել կենդանի սնունդը:

Մարդը Լույսից է և ձգտում է Լույսին, հետևաբար՝ Մարդը նաև «Լուսակեր» է, և ուտում է ա՛յն սնունդը, որի մեջ կլանված է Արևի Լույսը, իսկ վերամշակված և ջերմամշակված սնունդը զուրկ է Լույսից:
Եվ, վերջապես, Մարդը Բարեկեր է. ուտում է այն սնունդը, որի պատրաստման համար ո՛չ մի վնաս չի հասցվել մարդուն, կենդանական աշխարհին և Մայր Բնությանը:

Ողջակերությունը Մարդու միակ ճշմարիտ սննդակարգն է, որը Մարդուն Մարդ է պահում: Ողջակերությունն առողջության միակ երաշխիքն է:
Բնական սնվելով՝ մեր օրգանիզմն անվարակելի է դառնում և հիվանդություններն անհետանում են:
Հումաբուսակերության արդի և նորօրյա ավետաբերն է Արշավիր Տեր-Հովհաննեսյանը (1898 — 1990), ով իր «Հումակերություն» աշխատությամբ Լու՛յսը բացահայտեց աշխարհին»:

Հավելենք, որ իր սննդակարգում բուսակերությունն էր գերադասում Հայ Վրձնի անվանի Վարպետը՝ Մարտիրոս Սարյանը, որն իր բազմաթիվ գունեղ կտավներում հիանալի երանգներով պատկերում էր Մայր Հողի պարգևած բարիքները:


Նրա թոռնուհու՝ Կատարինե Սարյանի վկայությամբ, բանջարեղենի ու մրգի օգտագործմանը գեղանկարիչը տալիս էր հետևյալ բացատրությունը.
«Առաջինը՝ մարդուն առողջություն է տալիս, երկրորդը՝ ուրախություն» (մեջբերումը՝ Մ. Սարյանի Տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, Սարյանի թոռնուհի՝ Սոֆյա Սարյանի հարցազրույցից):

«Բանջարը՝ դեղ դալար», «Բարեկամ հաւատարիմ՝ դեղ կենաց»…

Մ. Սարյան «Ծաղիկներ և մրգեր»
Facebook Comments