«ԵՐԹԱ՛ՆՔ ԸՆ ՁՈՐ, ՔԱՂԻ՛ՆՔ ՄԱՏՂԱՇ ԽԱՎՐԾԻԼ»…

«Քելե’ լա՛ո, քելե’ երթանք մըր Էրգիր,
Երթա՛նք ըն ձոր, քաղի՛նք մատղաշ խավրծիլ,
Քաղի՛նք, քաղի՛նք, էնի՛նք մըզի դեղ ու ճար,
Քելե’, լա՛ո, քելե’ երթանք մըր Էրգիր»…

Անհիշելի ժամանակներից ի վեր Բույսե՛րն են եղել Մարդու առաջին «դեղ ու ճարը»…

«Դեղ» բառի առաջին ու հիմնական նշանակությունն է՝ «խոտ», միշտ կիրառվելով «դալար» բառի հետ՝ իբր՝ «կանաչ խոտ» («Ամենայն խոտ դալար ի կերակուր»…):
«Խոտերը, հին բժշկութեան մէջ կազմելով հիւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս «դեղ» բառն էլ սկսաւ կամաց-կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ…»,- հիշեցնում է Հ. Աճառյանը՝ «Հայերէն արմատական բառարանում»:
Նշենք, որ «Դեղ»-ը նաև՝ «կախարդանք, բժժանք, յուռութք» իմաստով է կիրառվել, ինչպես և՝ «Իւղ ըստ արուեստի իւղեփեցաց», «օծանելիք» («Որ զդեղսն կազմեն, որչափ անուշահոտք են»…), «ներկ, գոյն կամ երանգ նկարչութեան» («անջինջ դեղ») նշանակությամբ:

Կյանքի գոյությունը Երկրի վրա ապահովող անտառների, ողջ բուսաշխարհի կարևորության գիտակցումը, Մարդու և Տիեզերքի փոխկապակցվածության փիլիսոփայությունն է Հայոց աշխարհայացքի հիմքում:
Հայկական Լեռնաշխարհի հարուստ բուսաշխարհին քաջատեղյակ մեր Նախնիները հազարամյակների ընթացքում սերնդեսերունդ փոխանցել են իրենց ամբարած հսկայական գիտելիքները ոչ միայն սննդակարգում, այլև՝ բուժման, ապաքինման նպատակով կիրառվող բույսերի վերաբերյալ:
Հիշենք, որ Հայկական Լեռնաշխարհը մի շարք՝ վայրի, բանջարաբուսական, յուղատու, համեմունքային, պտղահատապտղային… բույսերի առաջացման առաջնային՝ ծագումնաբանական կենտրոնն է:

Վաղնջական ժամանակներից դեղաբույսերի, մեղրատու, եթերային յուղերով հարուստ, ներկատու, խեժատու զանազան բույսերի մասին Հայոց Քրմերի գիտելիքները, որոնք կիրառվում էին տարբեր հիվանդությունների կանխարգելման կամ բուժման նպատակով, կամ՝ օրգանիզմի պաշտպանական ունակությունները բարձրացնելու համար, արձագանքվել են հետագայում՝ Հայ մատենագրության մեջ՝ Եզնիկ Կողբացու, Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու թողած գրավոր վկայություններում…

Հայոց Ոգին ու Միտքն արտացոլող ազգային երգերում, բանաստեղծություններում նույնպես խտացված է սերունդների հիշողությունը:

Վանի մոտակայքից քաղված խավրծիլ

1905 թվականին Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում իր ծնունդի պատմության մեջ Խավարծիլն է հիշատակում վաստակաշատ Հայորդիներից մեկը՝ Հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանը, որի մայրը գարնանային արևոտ մի օր բարձրացել էր Առնոս լեռան լանջից խավրծիլ քաղելու և հանկարծահաս ամպրոպ-կայծակից, անձրևից պաշտպանվելու նպատակով պատսպարվել էր մոտակա քարանձավում, ուր երկունքի ցավերից հետո լույս աշխարհ էր եկել Հ. Մուրադյանը. քիչ հետո, փոփոխված եղանակից անհանգստացած՝ կնոջ մոտ շտապող հայրը գտել էր նրանց՝ մանուկին մոր շորից մի կտորի մեջ փաթաթած…
Այս իրադարձության նկարագրությունն է իր հայտնի երգի տողերում.

«Խավարծիլ գափը ինձ եղավ ներքնակ,
Հայրենի լեռը՝ ինձ՝ գթության քույր,
Ինձ ողջունեցին Որոտն ու Կայծակ,
Եվ ես զգացի հողմերի համբույր»:

«Թթվաշ, անուշ ոսկե ծիլ, Սասնա սարի խավրծիլ»-ը (Հայ բանաստեղծ ու արձակագիր Խաչիկ Հրաչյանի բառերով), նաև «Գաբ», «Գաբծիլ», «Խաշնդեղ» անուններով է հայտնի:
«Խավարծիլ»-ի՝ նույն՝ «խաւարտ»՝ («թավոտ, աղվամազոտ» իմաստով) արմատից է բխեցվում «խավարտածին» բառը՝ «խոտ ուտելով մեծացած»:

Հին Աշխարհում առևտրի կարևոր ապրանքներից էին բժշկական բույսերը՝ դեղաբույսերը:

1835 թվականին Վենետիկում հրատարակված՝ «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեաց Աշխարհի» ուսումնասիրության մեջ (հ.1, էջ 214), Ղ. Ինճիճեանը հիշատակում է, որ Հուետիոսի վկայությամբ՝ Հայաստանից արտահանվող ոսկու, ցորենի, աղի, ոչխարի ու այծի մորթու հետ հունական նավերով այլ երկրներ էին արտահանում նաև Խաշնդեղը (խավարծիլը, որի արմատը կոչվում էր նաև «Գաբ», ցողունն ու ճյուղերը՝ «Գաբծիլ»):
Հ. Աճառյանի «Հայերէն բացատրական բառարանում» կարդում ենք, որ «ոմանք «Գաբը համարում են բույսի արմատը, որի ցողունն ու ճյուղերը կոչվում են «Գաբծիլ», իսկ գավառներում «Գաբ» կոչվում են բույսի ցողունի տակի լայն տերևները»:

«Բացի անտառից, Սասունը հարուստ էր նաև խոտային բուսականությամբ, որտեղ աչքի էին ընկնում երեքնուկը և խավրծիլը։
Խավրծիլ բույսը ունի լայնատարած մեծ տերևներ և ուղղաձիգ երկար զոխ, որը վերջանում է մի փոքրիկ փնջով։
Սասունի լեռներում, հատկապես արևոտ մասերում աճում է կազը («Գազ», Astragale, Կ.Ա.)։
Կազը ունի գեղեցիկ մանիշակագույն և դեղին ծաղիկներ, որոնք թաղված են փշերի ծոցում։
Այդ ծաղիկները համեղ կեր են ոչխարների համար։
Կազի խոշոր տեսակի թփերը այնքան մեծ են, որ երբեմն մի թուփը դառնում է մի շալակաբեռ։ Կազը կտրելու համար գործածում են մի հատոց կամ մի հաստ դանակ՝ կեռ ծայրով (տեղացիների լեզվով քշուշ)։
Կազը տալիս են հատկապես եզներին, որը ուժ է տալիս կենդանուն և գիրացնում» (մեջբերումը՝ Կամսար Ավետիսյանի՝ «Հայրենագիտական էտյուդներից», Երևան, 1979 թ.):

«Կազը»՝ Գազը (բույսը) խեժերով հարուստ լինելու շնորհիվ թոնիրներում ու վառարաններում որպես կրակ առաջացնող միջոց են կիրառել (բռնցկելիք, կպչան):
Նրա զանազան պարունակությամբ նյութերի (կալցիում, երկաթ, ֆոսֆոր, վիտամիններ…) բուժիչ հատկությունները հայտնի էին հնագույն ժամանակներից:
Այն մեծապես գործածվել է ժողովրդական բժշկության մեջ՝ որպես ընդհանուր կազդուրիչ, ուժերը վերականգնող, սիրտ-անոթային համակարգը բարելավող, երիկամներում արյան շրջանառությունը լավացնող, օրգանիզմի դիմադրողականությունը զորացնող միջոց…

Քելե’ լա՛ո, քելե’ երթանք մըր Էրգիր,
Երթա՛նք ըն ձոր, քաղի՛նք մատղաշ խավրծիլ,
Քաղի՛նք, քաղի՛նք, էնի՛նք մըզի դեղ ու ճար
Քելե’, լա՛ո, քելե’ երթանք մըր Էրգիր»:

Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,
Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,
Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա,
Քելե’, լա՛ո, քելե’ երթանք մըր էրգիր:

Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին,
Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին,
Քարեր առանց մըզի արցունք կըթափին,
Քելե’, լա՛ո, քելե’ երթանք մըր Էրգիր:

Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին,
Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին.
Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր,
Քելե’, լա՛ո, քելե’ երթանք մըր Էրգիր:

«Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա»,- հնչում է հայտնի երգում…

«Սասունում շատ էր տարածված մանանան կամ կազբան, որը ծառերի վրա իջնում է հուլիս ամսին։ Մանանան չի թափվում անձրևի կամ ձյան տեսքով, այլ կամաց-կամաց աննկատելի ծածկում է ծառերի տերևները։
Այդ օրերին օդը մառախլապատ է լինում, կարծես թե մշուշով վարագուրված։
Մանանան հավաքելու համար լվանում են ծառի տերևները և հյութը լցնում ամանի մեջ։
Երբ մանանան նստում է ամանի հատակին և ջուրը առանձնանում է, ապա այն լցնում են կաթսայի մեջ և լավ խառնելով եփում։
Եփած մանանան շաքարանման է, քաղցր և սննդարար» (մեջբերումը՝ Կամսար Ավետիսյանի՝ «Հայրենագիտական էտյուդներից»)…

«Քելե՛, լա՛ո» երգը՝ Հասմիկ Հարությունյանի հոգեպարար կատարմամբ
Facebook Comments