«ՊԱՇՏՊԱՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ»
ԿԱՄ՝
«ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ ԷՐԶՐՈՒՄԻ ԲԱՐՁՐ ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԷՆ»…

Հայկական Լեռնաշխարհում, Հայկական Պարի արևմտյան հատվածում, Կարին քաղաքից մոտ 8-10 կիլոմետր հարավ-արևելքում, 3174 մետր բարձրության վրա Այծպտկունք փառահեղ լեռնագագաթն է՝ համանուն լեռնաշղթայում:

Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգը՝ Կարնո Աշխարհը, Հայկական Լեռնաշխարհի բարձրադիր ջրաբաշխ երկիրը, որտեղից սկիզբ են առնում Հայոց խոշոր գետերը՝ Արաքսը, Եփրատն ու Ճորոխը, հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, հանքային ջրերով ու ջերմուկներով, խստաշունչ ձմեռներով, հարուստ հանքերով (քարածխի, նավթի, ոսկու, պղնձի, քարաղի պաշարներով)…

«Կողմն Կարնո», «Կատար Երկիր», «Վերին Հայք» և այլ անուններով կոչված այս նահանգն իր Դարանաղի, Առյուծ, Մնձուր, Եկեղյաց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղագոմք, Կարին գավառներով Հայոց հնագույն պատմության ու մշակույթի հետքերն է պահպանել ամենուր…

Վաղնջական ժամանակներից ի վեր պաշտամունքային կարևորագույն կենտրոններից էր Դարանաղյաց գավառը, ուր, պատմիչների հիշատակմամբ, Արամազդի գլխավոր մեհյանն էր:

Եկեղյաց գավառի Երիզա ավանում՝ Երզնկայում Անահիտ Դիցամոր հռչակավոր մեհենատեղին էր, որի շնորհիվ ողջ գավառն էր «Անահտական» կոչվում՝ «Անահտի Երկիր»: Երզնկա քաղաքից մոտ 30 կիլոմետր հյուսիս-արևելքում էր «Աթոռ Անահտայ» լեռը, ուր, ըստ Փ. Բուզանդի, Անահիտ Ոսկեմոր տաճարն էր:

«Աթոռ Անահտայ»՝ Լեռ Հայկական Լեռնաշխարհում՝ Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Եկեղեաց գավառում

Պատմիչների երկերում (Մ. Խորենացի) հիշվում է Բագահառիճը՝ որպես Հայոց մեհենատեղի, ուր Արտաշես Առաջինի մահից հետո նրա Տիգրան որդին «Հեփեստոսի»՝ Միհրի տաճարն էր կառուցել (հելլենիստական մշակույթի ազդեցության հետևանքով Հայոց դիցերը հունական դիցարանի իրենց համարժեք անվամբ են հիշատակվել):
Քրիստոնեության տարածման ժամանակ Տրդատ Գ թագավորի ու Գ. Լուսավորչի կողմից այստեղ գտնվող հայտնի մեհյանի կործանման նկարագրությունն է թողել Ագաթանգեղոսը.
«Գայր հասնէր ի Միհրական մեհեանն անուանեալ որդւոյն Արամազդայ, ի գիւղն զոր Բագայառիճն կոչեն ըստ պարթեւերէն լեզուին»:

Հայկական Լեռնաշխարհի այս շրջանում՝ Հայկական Պարի արևմտյան հատվածում, Կարին քաղաքից մոտ 8-10 կիլոմետր հարավ-արևելքում, 3174 մետր բարձրության վրա Այծպտկունք փառահեղ լեռնագագաթն է՝ համանուն լեռնաշղթայում:

Այս նահանգում՝ հինավուրց Կարինում էլ հենց հիմք դրվեց դարերով պարտադրված՝ օտար նվաճողների կեղեքիչ լծի դեմ պայքարին:
Նախնիների դյուցազնական փառքով ոգեշնչված ու անպարտ ոգով մի խումբ Հայորդիներ՝ Խաչատուր Կերեկցյանի նախաձեռնությամբ, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից և Հայերի համար անարդյունք ավարտված Սան Ստեֆանոյի պայմանագրից ու Բեռլինի կոնգրեսից հետո, 1881 թվականի մայիսին հիմնեցին «Պաշտպան Հայրենեաց» միությունը:

Հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպմամբ՝ սեփական ուժերով Հայաստանի Անկախության վերականգնման նպատակով գործող հիշյալ կազմակերպությունն ազգային-ազատագրական պայքարի էր կոչում հարյուրամյակներ շարունակ թշնամու հարստահարիչ ծանր լծի ներքո գոյատևող Հայ ազգին:

Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպության գործունեությանն է անդրադարձել Հայ արձակագիր, հասարակական գործիչ Ատրպետը (Սարգիս Մուբայաջյան, 1860-1937)՝ «Ալմաստ» երկհատոր վեպում (գրված 1891-1892 թվականներին), ուր մատնանշում է նաև քննվող ժամանակաշրջանում այդ տարածքներում գործող բազմաթիվ կաթոլիկ հաստատությունների հոգևորականության անբարյացկամ վերաբերմունքը դեպի արթնացող ազգային-ազատագրական շարժումները…

«Հայ եղողը Հայաստանի՛ հողոյն վրայ ինքզինքը կը ճանաչէ, ինքզինքը վեհ եւ կենդանի կը գտնէ, փորձեցէ՛ք եւ տեսէ՛ք»,- գրել է Գ. Սրվանձտյանը:

Հիրավի, թշնամու դարավոր ճնշումից ու կեղեքումից հետո, քաղաքական իրավազուրկ վիճակից ազատվելու և ազատ Հայրենիքի կառուցման հույսով համակված մի խումբ Հայորդիք ազատագրական Զարթոնքի գործին լծվեցին իրենց Նախնյաց բարձրադիր Հողում՝ Բարձր Հայքում:

«Իրավացի էր Գ. Օտյանը, երբ գրում էր.
«…Տասն և իններորդ դարուս մեջ` ազգ մը, որ զարգանալու ընդունակություն ունի և չի զարգանար, հրեշ մըն է և իր վախճանը կորուստ է անխուսափելի»:
Արևմտահայության առաջընթացն արգելակողը, հոգեկան կարողությունները դրսևորելու հնարավորությունից զրկողը բռնակալությունն էր: Սակայն, բախվելով կաշկանդիչ ուժերի միջնաբերդին, չէր նշանակում, թե արևմտահայությունը խուսափում էր պայքարից. համակերպվելով ստեղծված դրությանը՝ նա չէր կորցրել հավատը, որովհետև, ինչպես գրում էր Ա. Արփիարյանը՝ «Ազգ մը, նախ իր ճակատագրին վրա անպարտելի հավատք պետք է ունենա, որ ապրի»:
Դժբախտաբար, դարեր շարունակ ենթարկվելով թուրքական անվերջ կրկնվող կեղեքումներին ու հալածանքներին՝ արևմտահայությունը կորցրել էր իր ուժի նկատմամբ հավատը:
Հայրենիքում տիրող դժոխային, անշարժ այդ վիճակը նկատի ուներ Մ.Պեշիկթաշլյանը, երբ զգաստության ու պայքարի էր կոչում եղբայրներին. «Վասն զի կարծես ալ ժամանակը հասա՛ծ է: Ի՞նչ, երբ ամեն ազգեր արև ու լույս կվայելեն, մե՞նք միայն մթության մեջ կենանք»…

«Կարինի դեպքերը լայն արձագանք գտան արևմտահության մեջ, ինչն ազդակ հանդիսացավ ինքնապաշտպանական ու ազատագրական պայքարի համար, որի բնաբանը դարձավ «Ձայն մը հնչեց Էրզրումի Հայոց լեռներեն» երգը:
Երգի տողերը մեզ հուշում են, թե ի՛նչ մեծ սպասելիքներ ու հույսեր ուներ Հայ ժողովուրդն իր անձնվեր որդիների պայքարից: Եկել էր Հայության ազատագրական պայքարի ժամանակը, բոլոր խավերը ոգևորությամբ մասնակցում էին շարժմանը:
Մեկ կամք ու ոգի դարձած զավակների պայքարը ցնծություն է ծնում վերքաշատ Հայրենիքի սրտում: Այլևս անցել են սգի ու վշտի ժամանակները, մեղմացել է տառապանքը: Այս էր «Պաշտպան հայրենյացի» կատարած մեծ շրջադարձը, այն թե՛ գաղափարական հասունության վկայական է և թե՛ նոր երևույթ Հայ ազատագրական շարժումների պատմության մեջ:
Կարինում տեղի ունեցած դեպքերը ոտքի հանեցին Հայությանը:
1890 թ. հունիսի 15-ին Կ.Պոլսում հնչակյանները կազմակերպեցին բողոքի ցույց, որը հայտնի է Գում-Գափուի ցույց անունով:
Սկսած 1880-ական թվականներից՝ արևմտահայ ազատագրական շարժումների պատմությունը հարստացավ մի նոր երևույթով` ֆիդայական շարժումով, որը տասնամյակներ շարունակ Հայ ժողովրդի պատմությանը պարգևեց մի քանի տասնյակների հասնող սրբացված անուններ:

Արևմտահայության ազատագրական պայքարը մտավ ճշգրտված հուն: Զինված պայքարն ընտրելով ազատագրության հասնելու միակ ճանապարհ՝ արևմտահայությունը մահու և կենաց պայքարի էր դուրս եկել: Ցավալի է, որ զենքը չդարձավ արևմտահության ստվար մասի անդավաճան ուղեկիցը, ողջ արևմտահայությունը չներգրավվեց հերոսական պայքարին՝ թշնամուն հնարավորություն տալով դաժանորեն ճնշել բուռն վերելք խոստացող շարժումը»,- գրել է Հովհաննես Զատիկյանն իր՝ «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» ուշագրավ աշխատության մեջ, որտեղից էլ քաղեցինք մեջբերումները:

ՇԱՐԺՈՒՄ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԿԱՐՆՈՅ

Ձայն մը հնչեց Էրզըրումի Բարձր Հայոց լեռներէն,
Թունդ-թունդ ելան Հայի սրտեր զէնքի շաչիւնէն:

Հայ գիւղացին դարուց ի վէր սուր, զէնք չէր տեսած,
Դաշտը թողուց՝ սուր, հրացան բահի տեղ առած:

Հայ ծերուկը՝ ցուպն ի ձեռին, լալով խնդրում է
Հայրենիքի ազատութիւն տեսնել ու մեռնել:

Հայ տիկինը ըստիպում է ամուսնուն գնալ,
Պատերազմի դաշտին վրայ վէրք տալ, ըստանալ:

Քնքոյշ կեանքը ծանր է թւում Հայ օրիորդին,
Զէնքն ի ձեռին՝ սիրտ է տալիս Հայոց քաջերին:

Երիտասարդք թոթով լեզուով նամակ ցրուել են,
Արարատայ դաշտին վրայ զինուորք խմբուել են:

Ալ բա՛ւ լացիր, Մա՛յր Հայաստան, Երկի՛րըդ փառաց,
Քո զինուորքըդ մի՛շտ կտրիճ են, որչափ ալ՝ քաղցած:

Ա՛ռ ու գգուէ՛ այդ Քաջերը քո սրտիդ վրայ,
Որք կը թափեն իւրեանց արիւն սուրբ Հողիդ վրայ:

Անմիութիւն՝ տունը քանդող Հայոց խեղճ ազգին,
Հրաժարեցաւ, տեղի տուաւ Միութեան ձայնին:

Լսեց սուլթան ու սառեցաւ արիւնը վատին,
Չէր երազած Հային տեսնել նա այդ վիճակին:

Եւրոպային լուրը հասաւ շարժման Հայ գեղջկին,
Ուրախական ողջոյն տուաւ հայրենասէրին:

Ցնծա՛, Մայր մեր, ո՜վ Հայաստա՛ն, որդիքդ միացան,
Ութը դարու սուգ ու թախիծ քեզնից վերացան:

Ուսումն ու Լոյս, Ազատութիւն արդ քեզ են ընկեր,
Սուր, հրացան, եռանդ ռազմի՝ Պաշտպան անվեհեր:

«Ձայն մը հնչեց» («Գոհար» համույթի կատարմամբ)
Facebook Comments