ՄԻ ԴԴՈՒՄ ԳԻՆԻ
«Դդումները քամելով» գինի խմե՞լ եք…
Մի դդում գինի, գինով լի դդում («Որ ունէր դըդում լի գինւով»)…
«Գինի ‘ի դդմոյ և ‘ի տկոյ և ‘ի կարասոյ առեալ»,- 15-րդ դարում գրել է Մխիթար Ապարանցին:
Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» ստեղծագործության հայրենաբույր էջերում Գևորգ Չաուշի հետ կապված մի դրվագում կարդում ենք (մեջբերենք հատվածաբար).
«Այդ տարի այնքան ձյուն էր եկել, որ, ինչպես կասեր Սասունցի Ֆադեն՝ «Ճնճուղ որ պառկեր վըր մեջքին ու զոտվնին տնկեր վերև՝ կհասներ աստված»։
Մենք Սբ. Աղբերիկի սարի վրա, ձյուների տակ մի ընդարձակ այր շինեցինք և մտանք մեջը։
Երբ ցրտերը սաստկացան, ես Գալեին, Փեթարա Մանուկին, Չոլոյին և Ախոյին ձյուների տակից հանելով ուղարկեցի Սասուն, Սպաղանաց Մակարի մոտ, իսկ ինքս քայլ առա դեպի Սբ. Կարապետի վանքը, որոշելով այնտեղ անցկացնել այդ դաժան ձմեռվա մնացյալ մեկ-երկու ամիսը։
Ես գիտեի, որ վանքում զինյալ պահակներ կան, բայց իմ վճիռը անխախտ էր, որովհետև այնտեղ էր գտնվում Գևորգ Չաուշը, որից լուր չունեի երկար ժամանակ։
Գևորգը այդ վանքն էր մտել բքոտ մի գիշեր և թաքնվել նրա խուցերից մեկում»…
…«Ու հանկարծ Ստեփանոս վարդապետը իմ ներկայությամբ ծնկի իջավ ծերունի վանահոր առաջ.
— Ների՛ր ինձ, սրբազա՛ն։ Ես մեղավոր եմ։ Նե՛րիր մեղավորիս։
Այժմ այնպիսի վիճակ է, որ ես չեմ կարող չբանալ մի գաղտնիք։
Մեկ ամբողջ ամիս է, որ Գևորգ Չաուշը թաքնված է իմ խուցի մեջ։
— Իսկ ինչու՞ ես այդ բանը գաղտնի պահել։
— Որ անվրդով մնայիք և գիշերները չտանջվեիք, սրբազա՛ն։
Գիտեմ, որ դուք սիրում եք Գևորգ Չաուշին։ Եթե իմանայիք, որ նա այստեղ է, պիտի մտահոգվեիք չարաչար։ Իսկ մտահոգությունը մտքի անդորրն է քանդում։
Չէ՞ որ, ինչպես ասացիք, վանքի վրա հսկողություն կա։ Ես նրան թաքցրի, որ գիշերները հանգիստ քնեք։
— Նա ինչպե՞ս մտավ այստեղ։
— Սուլթանի զորքը ձյուն ու բքին գյուղերն ընկած Գևորգին էր փնտրում։
Սպաղանաց Գալեի ականջներն ու քիթը սառել, իսկ Փեթարա Մանուկի ոտքերի մատները ցրտահարվել էին։
Գևորգը նախրապահ Սահակի միջոցով լուր էր տվել ինձ, որ ինքը գտնվում է Գլակա սարի վրա, հիվանդ է և ուզում է թաքնվել վանքում։ Ես նրան ուղարկեցի տաք հանդերձանք և խորհուրդ տվեցի զգուշությամբ մերձենալ վանքին։
Պայմանավորված ժամին իմ խցիկի լուսամուտին մի ձյունագնդակ դիպավ, և ես ու մեր նախրապահը նրան պարանով վեր քաշեցինք։
Ուղիղ մեկ ամիս է, որ Գևորգ Չաուշը իմ խցի մեջ է և բոլորովին կազդուրված։
— Վե՛ր կաց և բե՛ր Գևորգին այստեղ,- ասաց ծերունի վանահայրը։
Ստեփանոսը ոտքի ելավ և քիչ անց վերադարձավ Գևորգ Չաուշի հետ։
Նախ մենք գրկախառնվեցինք, ապա՝ Գևորգ Չաուշը և Հեսու վարդապետը։ Վանահայրը այդ հեքիաթային հանդիպման առթիվ բացեց պահարանը և գինով լի մի դդում հանելով՝ առաջարկեց խմել Գևորգ Չաուշի և իմ կենացը։
— Դու ներված ես, Ստեփանո՛ս,- ասաց վանահայրը: -Երիտասարդները ավելի համարձակ են և կորովի։ Ապագան երիտասարդի ճակատին է և ծերի թիկունքին։
Այս ֆիդայիների պատճառով գուցե մենք և մեր վանքը կործանվենք մի օր, բայց երբ սուրբը պիտի կործանվի, վանքը ինչո՞ւ համար է։
Ե՛կ խմենք Գևորգ Չաուշի և իր հավատարիմ հայդուկի կենացը։
Նա ձախ ձեռքով պահեց մորուքը և աջով դատարկեց գավաթը, վրայից կուլ տալով մի կտոր չորացած մասուր։
Գինին երբ խմեցինք, Գևորգը դարձավ և մանկան պես ուրախ բացականչեց,
— Անուշ գինի էր։
— Իրա՛վ, որ անուշ գինի էր,- հաստատեցի։
Գևորգի հետ ես վանքում ապրեցի մոտ երկու ամիս, վայելելով վանահոր հյուրընկալությունը և նրա անուշ գինիները։
Գևորգը Ստեփանոսի հյուրն էր, իսկ ես՝ Հեսու վարդապետի։
Ապրում էինք պահարանների մեջ՝ ամեն րոպե մեր գլխին զգալով ահեղ վտանգ։
Երբ ձնհալն ընկավ և Սբ. Կարապետի լեռները սկսեցին կանաչել, պատրաստվեցինք դուրս գալ վանքից։ Նախ պետք է գնար Գևորգ Չաուշը։
Այդ օրը գյուղերից տուրք հավաքող զինվորներ էին եկել վանք։ Հեսուն գնացել էր նրանց կերակրելու։
Գևորգն ասաց, «Երբ վանահայրը գա, դու խոսք բաց արա և վանքի գինին գովի։ Ես էլ քո ասածը կհաստատեմ։ Տեսնենք կարո՞ղ ենք մի դդում գինի ևս ձեռք գցել»։
Քիչ վերջը վանահայրը եկավ։
— Գնացին,- ասաց նա։ — Կերակրեցի և ճամփու դրեցի։
— Հա՛յր սուրբ, — ասացի,- Գևորգին էլ պետք է ճամփու դնել։ Երեկվա գինին շատ համեղ էր։
— Իրա՛վ, որ պատվական գինի էր,- իմ խոսքը ընդհատելով ասաց Գևորգը։
Վանահայրը ծիծաղը դեմքին աչքերի ծայրով Գևորգին նայեց և, իր խուզարկու հայացքը մեզ վրա դարձնելով, ասաց.
— Մինչև իրիկուն էլ գովեք, էլ գինի չկա՛։
Այդ անաստվածները իմ բոլոր դդումները քամեցին»…
Օգտակար հատկություններով հայտնի դդումն իր տեսակներով, որոնց պտղից բացի նաև կուտը, ծաղիկն ու տերևներն են օգտագործվում, վաղնջական ժամանակներից ի վեր կիրառվել են զանազան ոլորտներում՝ որպես ջրի, գինու աման, ըմպանոց, յուրօրինակ «շերեփ» կամ՝ երաժշտական գործիք…
«Դդում՝ պտուղ դդմենւոյ, որ և լինի աման գինւոյ»…
Դդումը՝ դդմենու պտուղը, մեր Նախնիների համար նաև գինու ամանն էր:
«Ամեն տարի մի դդում գինի էր բերում ընծայ»:
«Դդմակ՝ մի տեսակ երկայնաձև դդում, սնամէջ գլխով ու երկայն կոթով, որը, չորացնելուց յետոյ, ծակում, միջի փորոտիքը հանում են և գործ են ածում իբրև ջրի կամ գինու աման»:
«Հետը միշտ դդմակով ջուր է ման ածում» (Հ. Աճառյանի «Հայրերէնի բացատրական բառարանից):
Խարբերդցիների և Հայկական Լեռնաշխարհի այլ շրջանների Հայերի խոհանոցում իր ուրույն տեղն ուներ «դոլը» (դույլը)՝ երկարավիզ դդումով շինված ամանը:
«Մակար երէկ դոլ մը գինի թափեր է եղեր կոկորդէն վար…»,- իր գունեղ ստեղծագործություններից մեկում գրել է Խարբերդցի Հայ գրող, մանկավարժ ու հասարակական գործիչ Թլկատինցին՝ Հովհաննես Հարությունյանը (1860-1915), որն իր կնոջ ու երեխաների հետ 1915-ին ցեղասպանության զոհ դարձավ:
Հազարամյակներ շարունակ, աշխարհի տարբեր ճանապարհներին զինվորների և ուխտավորների անբաժան ուղեկիցն էր դդմակից՝ չորացրած դդումից (calebasse) պատրաստված թեթև ըմպամանը՝ ջրով կամ այլ հեղուկով լի:
Ու մինչ օրս զանազան երկրներում մշակվում ու կիրառվում է դդումն՝ իր հարուստ տեսակներով, որպես սննդամթերք ու բազմաբնույթ առարկաների պատրաստման միջոց…
Հ.գ. Ստորև լուսանկարում՝ Երևանում դդմի հիմքով պատրաստված համեղ հացեր ու կարկանդակներ՝ «Դդմաշկի Ddmashki» էջից…