«ՄԵՆՔ ՆՈ՛Ր ՄՏՔԵՐ, ՆՈ՛Ր ՍՐՏԵՐ, ՆՈՐ ՀՈԳԻՆԵ՛Ր ՊԻՏԻ ԴԱՐԲՆԵՆՔ»…
«Ինձ համար գրելը երգել է:
Բոլոր մխիթարությունս սա երկաթի փոքրիկ գրչիս մեջն է» (Ռուբեն Սևակ):
Արևմտյան Հայաստանի Հայության համար ողբերգական շրջանում՝ իրար հաջորդող կոտորածների ու ջարդերի տարիներին, երբ 1909-ին Կիլիկիայի Հայության կոտորածների գույժն էր Հայ և օտար մամուլում, հարազատներից ստացվող նամակներում, ուսանելու նպատակով հեռավոր Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող տաղանդավոր Հայորդին՝ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը (Ռուբէն Չիլինկիրեան, 1885 — 1915), գրում էր.
«Սև օրեր կապրինք նորեն, սարսափի օրեր: Հեռագիրները ամեն ժամ նոր գույժ մը կը բերեն»…
«Գազանների վայրենի խաղին զոհ» դարձած Հայրենիքից հեռու, իր բազմահազար ազգակիցների ողբերգական ճակատագրից փոթորկված սրտով, նա ցասումով բարձրաձայնում էր քաղաքական մի հանդեսում ասված միտքը օսմանյան կայսրության իրականացնող շարունակական ջարդերի և, հատկապես, «հուսահատեցուցիչ «խելոքությամբ» այդ ջարդերը ողջունող Հայերի» առիթով.
«Ե՞րբ այս ժողովուրդը պիտի սորվի մարդկորեն կատղիլ»:
«Ու իրա՛վ: Մարդկորեն կատղի՛լ. այս տարրական առաքինությունը կը թվի իսպառ հեռացած ըլլալ Հայու սրտեն»…
Լինելով բժիշկ, նա խորաթափանց հայացքով քննում է իր Ազգի իրավիճակը՝ ստեղծված կացությունից ելքեր գտնելու նպատակով. համոզված, որ «Խաչն այլևս անզոր է, ապրելու համար «սու՛ր է հարկավոր»… Զի կյանքն անո՛նց է միայն, որ քա՛ջ են»:
1913 թվականին գրված պատմվածքների, հոդվածների, խորհրդածությունների շարքում («Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» խորագրով), անդրադառնում է Հայ ազգի առջև ծառացած զանազան խնդիրներին, ահազանգում այլազան օտար բարքերի վնասները…
Համոզված, որ Հայության Վերածննդի Լույսը ազգային Դյուցազնակա՛ն Ոգում է և նոր Ոսկեդար է պետք՝ Ցեղի կենսական ակունքներից սնվելով ու զորանալով, նա գրում է.
«Ո՜վ մարդ, մտածա՞ծ ես երբեք այն հրաշալի բանին վրայ, որ Կեանքն է:
Կ’ըսէն, թէ համբոյրներ կան, որ Վա՜րդ կը ծլցնեն:
Վարդն ի՞նչ է որ. համբոյրներ կան, որ Մա՛րդ կը ծնցնեն:
Ծնողնե՛ր, ուսուցե՛ք ձեր տղաներուն, թէ իրենց մէջ Աստուա՛ծ մը կը քնանայ»…
«Յիշէ՛ Սպարթացի մօր խօսքը՝ «Վահանովդ կամ՝ վահանիդ վրայ»:
Պիտի յաղթե՛ս կամ՝ պիտի յաղթուի՛ս, ուրիշ ճար չկա՛յ…
Բժիշկնե՛ր, սորվեցուցէ՛ք ձեր հիվանդներուն, որ քաջ ըլլան. ապրիլը յաղթե՛լ է:
Յուսահատներուն համար այս կեանքին մէջ տեղ չկա՛յ…
Վա՛յ հոգեւոր ու մարմնաւոր տկարներուն, վա՛յ երկչոտներուն, վա՛յ յոռետեսներուն, վա՛յ թերահաւատներուն:
Վատերուն համար այս աշխարհին մէջ տեղ չկա՛յ…
Յոգնա՞ծ ես՝ տու՛ր ինծի քու ձեռքդ: Որովհետեւ, եթէ կեանքի պայքարը տիեզերական օրէնք է, իրար օգնութիւնն ալ կենդանական բնա՛զդ է:
Մենք երգելո՛վ երթանք Վաղուան:
…Յառա՜ջ, ապրիլը Յաղթե՛լ է»… («Բժիշկին գիրքէն փրցուած էջեր», «Ապրիլը յաղթել է», Լոզան, 1913 թ.):
«Հին ցեղեր խարոյկներու վրայ կ՚այրէին իրենց լուսնոտներն ու ջլագարները՝ իբրեւ չար ոգիներ։ Պղատոն իր իտէալ հանրապետութենէն կը վանէր մելամաղձոտները։ Սպարտացիներ իրենց տխուր ծնունդները գետը կը նետէին՝ առոյգ ու զուարթ մանուկներ միայն ընտրելով ցեղին պահպանումին համար. ահա ա՛յս կերպով այդ ափ մը փոքրիկ ազգը պատմական դիւցազուններու մեծագոյն ազգը եղաւ։
Այսօր այդ բարբարոս միջոցները ի սպառ հեռացուած են քաղաքակրթութեան սահմանագլուխներէն, բայց այլասերումի վտանգը երթալով անկարելի համեմատութիւններ կը ստանայ։
Այս երկաթէ դարին համար երկաթէ՛ ուղեղներ են պէտք»։
«Բնախօսական օրէ՛նք մ՚է, որ մարմինը իր մէջէն քիչ֊քիչ կը չէզոքացնէ, կ՚անջատէ, կը վտարէ այլասերած մասերը»։
«Ցեղը մնում է առավել, քան երբեք առողջ ու իր մեջ չեզոքացնում է, անջատում է, վտարում է օտարացած ու այլասերած տարրերը»:
«Գառնուկի պէս անզէն ցեղ մը ամէ՛ն օր, ամէ՛ն օր կը յօշոտուի։ Իսկ մեր գամբռները խելօքցեր, փիլիսոփայացեր, քաղաքակրթուեր են, տիեզերական եղբայրակցութեան մը խօսքերը կ՚ընեն մեզի, ու կ՚երազեն այն հեռաւոր օրուան՝ ուր գայլ ու գառնուկ մէկտեղ կ՚արածուին…
Մանուկի պէս տգէտ ցեղ մը ուսման կաթին է կարօտ, այն բարի ու անարատ ու սպիտակ կաթին, որ հիւանդներն իսկ կարենային մարսել»։
«Որբուկի պէս անտէր ցեղ մը հուժկու, ու լուսեղ ու սիրտբուխ բարբառի մըն է ծարաւ։
Իսկ մեր գրագէտները հանելուկային, առեղծուածային, խաւարակուռ բաներ կ՚ըսեն իրեն, ու մեր քերթողները՝ գրիչնին Հայ արեան մէջ թաթխելէ վերջ՝ չինարէն տաղեր կը գրեն, որպէսզի մա՛րդ չհասկնայ…
Թռչունի պէս վիրաւոր ցեղ մը, փոքրիկ վիրակապի մըն է կարօտ՝ իր թեւերը նորէ՛ն բանալու միջոցին մէջ արծիւի պէս սաւառնելու համար։
Իսկ մեր ընկերաբանները թո՜յն կը փչեն բոյներէն ներս, ու մեզ կը խօսին այն տարտամ ապագաներուն վրայ, ուր Ազգ ու Հայրենիք ու Ընտանիք կը լուծուին համաշխարհային միջազգայնութեան մը մէջ»…
«Մենք նո՛ր Միտքեր, նո՛ր Սիրտեր, նո՛ր Հոգիներ պիտի դարբնենք»:
«Այո՛, մեր Ցեղը տարօրինապէս կենսունակ ու աշխատող ցեղ մըն է: Այո՛, մեր հնամենի նաւը դեռ ջուրերուն վրայ կը ծփայ, դեռ չընկղմեցաւ: Բայց ի՞նչ է պատճառը, որ երէկուան նաւակները մեզ արդէն անցան, ու մենք Ուրուական նավին պէս կը ծածանինք դեռ, անխորասուզելի՛, բայց եւ հաստատ ցամաքի մը հասնելու անկարող…
Ասոր պատճառները շատ բարդ են անշուշտ: Բայց գլխավոր պատճառներէն մեկն ալ ա՛յն է, որ ղեկին գլուխը կը նստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերած, է՛ն անպէտ ծնունդները:
Սակայն ստու՜յգ, ստու՛յգ կ’ըսեմ ձեզի, վտանգը մեծ է, շա՜տ մեծ, աւելի՛ մեծ, քան կրնանք ենթադրել:
Ժամանա՛կն է հակազդելու, հակազդե’նք:
Մեզ մի նո՛ր Ոսկեդար մը պէտք է, մի նոր Ոսկեդա՛ր:
Այլասերո՞ւմ, ո’չ, Վերածնու՛նդ»…