«ԵՎ Ի՞ՆՉ ԵՆՔ ԹՈՂԵԼ ՁՈՐՈՒՄ ԱՅՆ ՀԵՌՈՒ»…

Նախնիների կերտած ազգային պատմությամբ ու նրանց ժառանգած մշակույթով է ձևավորվում անհատը: Եվ սերնդեսերունդ փոխանցված այդ «Հիշողությու՛նն» էլ կերտում է Ազգային ինքնությունը:

«Պատմությունը մի վարդապետարան է, որի մեջ ապագա սերունդը կրթվում է՝ զգուշանալով իր Նախահարց (Նախահայրերի, Կ.Ա.) սխալներից և հետևելով նրանց լավ գործերի օրինակին»,- գրել է Րաֆֆին 19-րդ դարում:

«Հիմա թե դժվար մշակվող հող է, թե դժվար բարձրացվող սար, կամ դժվար իջնել-ելնելու կիրճ՝ մե՛րն է, և մենք պարտավո՛ր ենք սա սիրել: Կարծում եք հե՞շտ է: Չէ՞որ սա ա՛յն երկիրն է, ուր սեփական հոգին խորովել կա: Կամ էլ՝ տեղահան եղած, եկած Արագած սարի ուսերին հենված Սասնա տուն կա: Սա չէ՞որ եղեռն է, սա չէ՞որ լավ բան չէ, բայց սիրում ենք:
Սա ահավոր բան է, միայն Հայը կարող է սեփական մոխրում հոգին խորովել, բայց… Սրանից հրաժարվել չե՛ս կարող:
Այսինքն՝ ժողովրդի պատմությունից հեռու գնալ, պոկվել, անջատվել հնարավո՛ր չէ:
Նրա կենսագրությունից ինչպե՞ս հեռանաս, եթե դա հենց քո՛ կենսագրությունն է» (Համո Սահյան):

Բարձրալերինք Հայկական Լեռնաշխարհն իր բարձրաբերձ, վսեմ լեռնագագաթներով, խստաշունչ ձմեռներով՝ հազարամյակներ ի վեր կռել ու կոփել է Հայոց Ոգին ու Միտքը: Եվ այս «Սրբազան հողին ու քարերին երկրպագելով»՝ «մեր սրտի հետ անխոս խոսող ավերակների» հայացքի ներքո արարում ու հարատևում է Հայը…

Մի հատված՝ Գարեգին Սրվանձտյանի (1840-1892) «Թորոս աղբար»-ից, երբ հեղինակը վաղնջական ժամանակներից հայտնի՝ Հայոց կարևորագույն պաշտամունքավայրերից մեկում է՝ Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Դարանաղի գավառի բարձրադիր լեռներում՝ Անի-Կամախում (Երզնկա քաղաքից մոտ 42-44 կիլոմետր հարավ-արևմուտք, Արևմտյան Եփրատի ձախ ափին), ուր «ամեն քարից Լույս է արձակվում» (Կամախը հիշատակվում է իբրև բերդ, բերդաքաղաք, նաև՝ հնագույն մեհենական դպրության կենտրոն. այստեղ էր «Ամպրոպային Արամազդի» գլխավոր տաճարը, որը կործանվեց 4-րդ դարի սկզբին՝ Հայաստանում քրիստոնեության տարածման ժամանակ)…

«Մեր ուղին լեռնային է։ Սեպուհն (լեռը, Կ. Ա.) այս կողմէն երեք փեղկի բաժանեալ կը տեսնուի։ Առաջնոյն վրայէն կ’երթանք մենք։ Ղըզըլբաշ Քրդերը՝ ընտանեօք եւ զաւակօք, բազմութեամբ նստած են այս լեռան գագաթը՝ տօնի հագուստներով եւ աղօթելու կերպով։ Հոն կայ ուխտատեղի մը՝ ՍԵԲԷ անուն, եւ գերեզման մը. ուխտ կ’ընեն հոն։
Այս Սեբէէն մերթ ընդ մերթ կ’արձակուին կայծակունք եւ որոտմունք եւ լոյս, եւ կը տարածին Սեպհոյ ամբողջ մասերուն վրայ։ Տեղացիք կը հաւատան, թէ այն գերեզմանէն կ’ելնեն այդ նշանները»։

Արդարեւ, այս անդնդային խորեր եւ երկնաբարձ լեռները այնքա՜ն վսեմութիւն եւ սրբութիւն կ’ազդեն Հայու մը հոգւոյն, որ կը կարծէ, թէ երկնից կամարի մէջ կը շրջի:
Ամենայն քարինք լոյս կ’արձակեն:

Կարին, Այծպտկունքի լեռներում…

Տեղ կայ, ուր մարդու սիրտն ու քնար քար կը դառնայ, քար կայ, որ քար կտրած սիրտեր եւ խորտակեալ քնարներ կը շարժէ։
Ինչպէս երբ գտնուի մարդ տեսարանի մը մէջ եւ իր չորս դեհէն ձայն քաղցրանուագ զինքն շրջապատող հազարաւոր բերնէ կամ գործքերէ փոփոխակի լսէ, կամ լուսաւոր երեւոյթներ, շարժմունք եւ բոմբիւնք յաջորդաբար ցոլանան ’ի վեր եւ ’ի վայր, առջեւ եւ ետեւ, յաջ եւ ’ի ձախ։
Կը շարժէ մարդն իր դէմքն ու աչերը՝ լսելու եւ տեսնալու անոնց քաղցրութիւնն, անոնց հրաշալիք։
Այս վիճակ կ’ունենայ Սեպուհի ուխտաւորն, թէ բարձրանայ ’ի բարձունս լերանց, թէ իջնայ յատակս ձորոց, թէ անցնի այրերու առջեւէն, թէ ջրի մը հանդիպի, թէ ժայռի մը եւ թէ քարամէջ բուսած ծառի մը:

Սեպհոյ ամէնէն բարձր մասն է «Գոհանամք»-ը, որոյ գլուխը շատ հեռու տեղերէ կ’երեւի, իսկ դեռ շէն մատուռներն են այդ լերան մէջն ու վրան՝ Մանեայ այր…»:

«…Հեղեղատն ’ի վար կ’ընթանանք՝ երկրպագելով սրբազան հողին եւ քարերուն, կ’անցնինք վանքի ջաղացներէն եւ տնկովի ծառոց պուրակներէն, ովասիսի նման են այս ապառաժներու մէջ, կը մտնենք Գառնի գեղը, կը տեսնենք Թըվկըներ գեղ, եւ կ’ելնենք դուրս ձորէն։
Քիչ մը յառաջանալով՝ կը գտնենք մեծ պողոտան, որ Երզնկայէն կուգայ Եփրատայ քովէն։
Մնձուր, որ Տէրսիմի այս մասին անունն է, մեր ճակտին կը զարնէ իւր զովը, եւ մեր աչաց առջեւ կ’արձանանայ բարձրաբերձ, պարսպանման, սպիտակափառ, ձիւնազարդ, որ իր վրայ ծագած մայիսի արեգակն արծաթափայլ կը շողշողացնէ եւ մեր բիբերը կը խտղտեցնէ։
Մնձուրի այս երեսը որքան վեհ եւ ահաւոր, նոյնքան քնքոյշ եւ գեղադէմ է, ժայռեր եւ պատառուածքներ ունի, կանանչներ եւ դալարիք փռուած են միւս տեղերը։ Շէն եւ աւերակ գեղերը բազմաթիւ կ’երեւան եւ ահա կը յիշեցնեն մեզ այն մեծ գաղթականութիւն Հայոց, որք այս գաւառէն փոխադրուած են ’ի Թէքիրտաղ, Կէլիպօլու քաղաքներ եւ գիւղերը։
Այսպէս նաեւ քիչ մը յառաջ երթալով՝ պիտի տեսնանք Կամախի բերդաքաղաքի ամայութիւնն եւ անդին գտնուած գեղերուն մինչեւ Ակնայ սահմանը, եւ նոյն իսկ Ակնայ գիւղորէից շատերուն փոխադրուիլը Նիկոմիդիոյ կողմերը, ուր հաստատուելով՝ Հայք իրենց թողած գեղերու անունները իրենց նոր բնակած տեղերուն վրայ դրեր են, որպիսի է Միջագիւղ կամ Օրթա գեղ, Բաղչաճիկ կամ Պարտիզակ, եւ այլն, եւ այլն, եւ միեւնոյն անունները դեռ կը մնան հին գեղերու վրայ։

Կամախի բերդից մի հատված

Հեռուանց կ’երեւի մեզ մեր պատմութեան մէջ անուանի անառիկ ամրոցն կամ բերդն Անի։
Իր ետեւի կողմէն կ’անցնինք։ Աւերա՜կ, յորում կան սակայն շէնքերու մնացորդներ եւ եկեղեցեաց եւ հին մզկիթ մը՝ իր մինարայով։
Աւերա՜կ, որ իր դիրքով զարմանալի է, արդարեւ ամրոց անառիկ, աւերա՜կ, յոր պահուեցաւ գանձն Խոսրովիդուխտ Արշակունին՝ Արշակունեաց արքունի գանձերով, աւերա՜կ, որ կը խօսի անխօս մեր սրտին հետ եւ Եփրատին հետ, որ իրարու լեզուն կը հասկնան եւ իրարու վրայ կուլան։
Բերդին տակ՝ ձորաբերանը, շինուած է այս աւանը։ Վտակ մը կը հոսի Մնձուրէն ’ի վայր՝ բերդին ոտները թրջելով, եւ կը բաշխուի բնակչաց թաղը, արտերուն եւ պարտէզներուն։
Այս ջուրը կը բերէ իրեն հետ գարնան եւ աշնան առատութեան միջոցին հնութեանց կտորներ, դրամներ, փոքրիկ կուռքեր, քարակներ, զորս կը հանէ աւերակաց մէջէն, կամ պահուած հողադարաններէն, եւ ջրոյն նուազման օրերը մանուկները կ’երթան կը ժողվեն, որոցմէ քանիներ տեսանք, եւ շատերը վաճառուած էին ու կը վաճառեն շրջող հնախուզաց։
Պղնձագործ ուսթա Յարութիւն, որ իր արհեստին բերմամբ կը շրջի քրդերու գեղերն ալ, շատ այդպիսի նիւթերը ձեռք բերած ու ձեռքէ հանած էր։
Ես գնեցի իրմէն փոքրիկ կուռք մի կանացի՝ ոտները բեկած, եւ մի կարմիր քարակն՝ քանդակեալ մօրուօք, գլուխ մի սաղաւարտով, որ ունի նետ եւ աղեղն եւ մի աստղ եւս իւր վրայ, զոր երեք կողմ դարձնելով՝ երեք պատկեր կը ներկայացնէ, գլուխ մարդոյ, ձի եւ աքաղաղ»…

«Մայիս 16-ին քաղաքէս մեկնեցանք յԵրզնկայ։ Անմիջապէս սկսանք ել մը, որ կը հանէր Մուսալլայ անունով բարձր լեռ մը։ Որքա՞ն զով է օդ, եւ ի՞նչ պաղ-պաղ ջրերէ կը խմենք։ Լեռան գանգի տարածութեան վրայ լճակ մը կը տեսնանք, որոյ մէջն ու եզերքները երամ թռչնոց կը ճըռուողեն եւ կը թռչտին, ուղեկիցներս կը բացատրեն, թէ Այգըռ գօլու կ’ըսուի այս լճակը, եւ թէ հրեղէն ձիեր ունի իր մէջը»…

Երզնկայից մոտ 190 կիլոմետր հեռավորությամբ՝ Կարինի սաստիկ ցրտաշունչ ձմեռներին է անդրադարձել իր ճամփորդական ուղեգրություններում Էվլիյա Չելեբին՝ 17-րդ դարում:

«…Չնայած Էրզրումում ձմեռները խիստ են և սառնամանիքային, սակայն այստեղ հիանալի բանջարանոցներ կան, սեխը, ձմերուկը, կաղամբն ու բադրիջանը, շրեշտը շատ առատ են:
Հողը բարեբեր է: Վիլայեթը ընդարձակ է և հարուստ. հայտնի են ցորենն ու այլ հացահատիկները, ցանքսերը շատ են, բարիքները՝ լիառատ. ապրուստի միջոցները լավ են և հեշտ:
Այս բարեշեն քաղաքը հազարավոր աղբյուրներ և ջրեր ունի»:

Որոշ այգիների ու պարտեզների, վարդերի ու ձմեռային խնձորի հիշատակումից հետո նշում է.
«Զբոսավայրերում շատ առատ են ուռենիները և բարդիները:
Ձմեռը երկարատև լինելու պատճառով ցանում, հնձում, կալսում և հավաքում են երկու ամսվա ընթացքում:
Մեր այնտեղ (Էրզրումում) եղած տարին, հուլիս ամսին մի սոսկալի փոթորիկ բարձրացավ, անձրև ու ձյուն տեղաց: Մեր ձիերը՝ իրենց կապերը կտրելով, փախան շրջակա գյուղերը և 5-10 օր անտեր թափառեցին:
Ժողովրդի մեջ մի այսպիսի առած կա. մի դերվիշից հարցնում են՝ «Որտեղի՞ց ես գալիս». պատասխանում է՝ «Ձյան բարիքի երկրից»: «Այդ ի՞նչ երկիր է», պատասխանում է՝ «Ցրտից մարդու համար զուլում եղող Էրզրումն է»:
«Այնտեղ ամառվա հանդիպեցի՞ր», «Ճիշտն ասած, տասնևմեկ ամիս 29 օր այնտեղ ապրեցի. ժողովուրդը միշտ ասում էր, թե ամառը պիտի գա, իսկ ես չտեսա»:
Կա նաև այսպիսի մի առած. մի կատու կտուրից մի այլ կտուր ցատկելիս՝ օդում սառել մնացել է:
Ութ ամիս անց, Խևարիզմ Շահի Նևրուզին սառույցը քանդվում է և (կատուն) մլավելով ընկնում է գետնին:
Իսկապես, եթե մեկը թաց ձեռքով կպչի մի երկաթի կտորի, ձեռքն անմիջապես կսառչի և անհնարին կլինի ձեռքը երկաթից պոկել: Միայն ձեռքի կաշին պոկելով և ծանր ցավեր առաջացնելու գնով կարելի է ձեռքն ազատել»:

Վերհիշենք Համո Սահյանի հարցադրումները՝

-Եվ ի՞նչ ես թողել ձորում այն հեռու:
-Ամպի երդկալով անպաճույճ մի տուն,
Մանկության միջով անցնող մի առու
Եվ առվի միջից կանչող մանկություն:

Եվ ի՞նչ ես բերել ձորից այն հեռու:
-Ամենն, ինչ որ ինձ Մա՛րդ էր պահելու:

Facebook Comments