«ԶՈՒՌՆԱՉԻՆ ՓՉԵՑ ԿՈԽԻ ԵՂԱՆԱԿ,
ԱՀԵԼ ՈՒ ՋԱՀԵԼ ԻՐԱՐՈՎ ԱՆՑԱՆ»…

Անհիշելի ժամանակներից ի վեր աշխարհի տարբեր ծագերում ազգային տոներն ուղեկցվել են երաժշտությամբ, երգ ու պարով, ծիսախաղերով, ծիսական զանազան «ներկայացումներով» (հաճախ՝ դիմակավորված, հատուկ հանդերձանքով), նաև՝ մարզախաղերով ու, հատկապես, մրցախաղերով…

Տոնախմբությունների անքակտելի մաս կազմող հիշյալ ավանդույթների հիշատակումը կա տարբեր ժամանակների գրավոր աղբյուրներում, ինչպես և՝ բանահյուսության մեջ՝ առասպելական պատումներում, ասքերում՝ ժողովրդական զրույցներում, ավանդապատումներում, էպոսներում…

Հնագույն շրջանից եկող Հայոց ազգային տոներն ու ծեսերը՝ համաժողովրդական տոնախմբություններն ու ուխտագնացություններն իրենց ընդհանրական զվարճություններով, Կյանքի, Ուժի, Մտքի՝ Մարդու Կարողությունների ու Հմտությունների փառաբանման առիթ էին նաև:
Ամանորին, Բարեկենդանին, Համբարձման տոնին, Վարդավառին, Նավասարդյան տոնական խրախճանքների ժամանակ Բնության Զարթոնքին, Պտղաբերությանը, բերք ու բարիքի առատությանը նվիրված ծիսակատարություններում առանձնահատուկ տեղ ու դեր ունեին Երիտասարդության ուժն ու կորովը գովերգող մենամարտերը, զանազան մրցախաղերը, հեծյալ մականախաղերը (ձիերով), նիզակախաղերը…

Հասարակության բարոյական վարձատրությունը կարևորելով՝ «գուպարադիրների» ու «թափիչների» ջանքերով ու հսկողությամբ անցկացվող մրցամարտերը (կոխ, գոտեմարտ…) երիտասարդների ֆիզիկական դաստիարակության ձևերից էին, միաժամանակ՝ ուժի ու հաղթության գրավական…
Ուստի, Դիցերի փառաբանմանը նվիրված հնագույն ծիսատոնական արարողություններից բացի, ամուսնության՝ հարսնառի (հարսին իր հոր տնից դուրս տանելու) ու հարսանեկան ծեսերի անքակտելի դրվագներից էին:

Մինչև 20-րդ դարի առաջին կեսը գրեթե ամենուրեք Հայոց ուխտագնացությունների, տոնախմբությունների ժամանակ շարունակվում էին ըմբշամարտերը, «ուժփորձուկ խաղերը»…

«Կոխ»
Նկարիչ՝ Վանո Խոջաբեկյան

Դեռևս հնագույն՝ աշխարհարարման դիցաբանական պատումներում առկա՝ երկու ուժերի պայքարի, հսկաների մենամարտի թեման իր խորհուրդն ուներ:
Հետագայում, հազարամյակների ընթացքում, մեծ դեր ու նշանակություն ուներ առաջնորդների մենամարտը, որը կիրառվել է հաճախ՝ միմյանց դեմ պատերազմող բանակների զանգվածային կորուստը կանխելու նպատակով:
Հիշյալ երևույթի նկարագրությունը կա «Սասնա ծռեր» էպոսում, երբ Հայոց կտրիճները՝ Մեծ Մհերը, Դավիթը և Պզտիկ Մհերն իրենց Հայրենիքն օտարերկրյա զավթիչների ասպատակություններից զերծ պահելու նպատակով նախ մենամարտում, ապա միայն ձիամարտի են ելնում թշնամու դեմ (հիշենք երեք օր ու գիշեր տևող մենամարտի նկարագրությունը՝ էպոսից)…

Երիտասարդների միջև մենամարտն իր ծիսական խորհուրդն ուներ, ու «պայքարող» կտրիճներն իրենց «օրենքներն» ունեին (նրանք հաճախ մրցում՝ մարտնչում (ոգորում) էին նաև երգելով)…

Ընդունված կարգ էր՝ հարսանեկան ծեսի կատակամարտերում՝ կոխի, գոտեմարտի ժամանակ ըմբիշ ընկերներն իրար «գետնով չէին տալիս», միմյանց գրկում-բարձրացնում էին՝ իրենց «ուժը ցուցադրում» կամ՝ միասին կողքի ընկնում՝ «խոզապարկուկի» տալիս:

Ասվածը փաստող մի հատված՝ Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» ստեղծագործությունից (իսկ «Հնոց ադաթի» խախտման ողբերգական հետևանքները Հ. Թումամյանն է պատկերել «Անուշ» պոեմում, որից մի հատված կներկայացնենք գրառման վերջում՝ ի հիշեցում).
«…Ընչանք հորսի հավերը հավաքվելն ազապ տղերքը թագավորի ազիզ խաթեր համար իրանց ղոչաղությունը շհանց տվին, ուժերը փորձեցին:
Երկու-երկու դուս էին գալիս մեյդան ու կոխ պրծնում (ըմբշամարտում): Հառաջ փահլևանի (ըմբիշի) պես մի քանի հետ պտիտ-պտիտ էին անում, քաղցր ծիծաղն երեսներին ծլունդ-ծլունդ էին ըլնում, մոտ գալի, աղպոր պես ձեռներն իրար դոշի տալի, յա թե չէ՝ մին մընի ուսը բուռն անում ու բաց թողնում,.իրար ուժ շհանց տալի, հետո քիչ քիչ մոտ գալի, իրար բռնում, թափէ թափ տալի, ոնց որ երկու ղոչ բերես մեջտեղ կռվացնես. մին մընի լինգ էին քցում ու իրար քաշքշում:
Ազապ աղջկերանց թամաշեն հո, որ էս վախտին կիտուկ դուրս են գալի և հարսի օթախիցը, քունջ ու պուճախից թաքուն թաքուն մտիկ տալի, մեր ղոչաղների էշխը բերում, տաքացնում, ուժ էր տալի:
Վեր ընկնողի անումը խեցատի պես կոտրվում ա:
Թե մի աղջիկ էլ մտքումն էն տղին սիրում ըլնի, սիրտը կոտրում ա, իր խորհուրդն անկատար ա թողում. համա մեր սիրով ջահելներն ե՞րբ կը թողան իրանց ազիզ հընկերի անունը կոտրիլ:
Հենց որ մինը վեր ա ընկնում, ասում են՝ ոտը սոտ պրծավ (սայթաքեց), յա թե չէ՝ մեջքը գետնով չի՛ դիպավ ու էն հաղթվողի սիրտն ուրախացնում»…

«Մենամարտերն սկսվում են տղաների այն հասակից, երբ նրանք քայլել են սկսում և կարողանում են ձեռնամարտել:
Ծնողները և, մանավանդ, պապը մանուկների հրահրողներն ու դատավորներն են:
Մենամարտի մասին դեռևս գաղափար չունեցող երեխաներն իրար փաթաթվում և միմյանց գետին են գլորում. նրանց օգնում են մեծերը: Երեխայի հետ մենամարտի է բռնվում նաև ինքը՝ տարեց տղամարդը՝ ստեղծելով այն կեղծ դրությունը, թե իբր երեխան նրան գետնում է: Այս շրջանը բավականին երկար է տևում, մինչև երեխան կեղծն անկեղծից տարբերում և մտնում է ինքնուրույն մենամարտելու շրջանը: Հինգ-վեց տարեկանից սկսած տղաներն անվերջ մենամարտում են մինչև պատանեկության վերջը: Այստեղ 1-2 տարով մեծերն իրենցից փոքրերի հրահրողներն ու դատավորներն են: Այս շրջանի մենամարտերի համար որպես հրապարակ ծառայում են փափուկ փռոցները և կանաչ տարածությունները:
Մենամարտերը հասարակական ուշադրության առարկա են դառնում պատանիների 16-18 տարեկան դառնալուց հետո»,- կարդում ենք Վարդ Բդոյանի՝ «Հայ ժողովրդական խաղեր» (Երևան 1980), կարևոր ուսումնասիրության մեջ, որից քաղված այլ պատառիկներ՝ խնդրո առարկա թեմայի վերաբերյալ, կներկայացնենք հաջորդիվ…

«Սարոյի և Մոսիի ըմբշամարտը»՝ Հ. Թումանյանի «Անուշ» պոեմից
Նկարազարդումը՝ Շավարշ Հովհաննիսյանի (1908 — 1980)
Հայաստանի Ազգային Պատկերասրահի Ֆոնդապահոցից

«Ադաթ կա սակայն էն մութ ձորերում…» (հատված՝ «Անուշ»-ից).

«Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.
Գյուղն էին իջել հովիվ պատանիք՝
Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի։
Ու պարից հետո լեն հըրապարակ
Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան,
Զուռնաչին փըչեց կոխի եղանակ,
Ահել ու ջահել իրարով անցան:

Հարա՜յ են տալի — «քաշի՜ հա, քաշի՜»…
Ու դուրս քաշեցին զոռով երկուսին.
Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի
Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին։
Ողջ գյուղը կանգնեց պարըսպի նման,
Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի,
Ամեն մի բանակն ընտրեց փահլևան,
Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի։
Գոռում են, գոչում երկու բանակից․
-Սըրտապի՛նդ կացեք, մի՛ վախեք, տըղե՛րք,

Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։
Ու տաքանում են տըղերքը սաստիկ,
Փեշերը հավաք խըրում են գոտին,
Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ,
Իրար են հասնում թափով մոլեգին…
Ադաթ կա սակայն էն մութ ձորերում,
Ու միշտ հընազանդ հընոց ադաթին,
Ամբոխի առջև իգիթն իր օրում
Գետին չի զարկիլ ընկեր իգիթին։

Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին
Քաշում են, ընկնում խոզապարկուկի.
Ընկնում են գետին, ելնում միասին,
Դըժվար է իբրև հաղթել մեկ մեկի։
Իզուր է գոռում ամբոխը հարբած,
Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ,
Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած,
Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր։
Անուշը կանգնա՜ծ… Սարոն նըկատեց,
Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ.

Աչքերի առջև մըլարը պատեց,
Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք։
Ու մինչդեռ Մոսին ընկերախաղի,
Կատակի տալով թողած էր իրեն,
Ուժ արավ Սարոն, ծընկեց կատաղի,

Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն։
Ամբոխը թափվեց հարա-հըրոցով,
Վեր թըռցրեց ջահել փահլևաններին,
Եվ ուրախության աղմուկ-գոռոցով
Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։

Ցընծության ձայնից, ծափերի զարկից
Շարժվում են, ղոդղում պատեր ու օճորք,
Իսկ նորեկ հարսի փարդի քամակից
Նայում են կանգնած հարսն ու աղջըկերք։

XIII
Վեր կացավ Մոսին, իրեն կըտրատում,
-Թող գա՜, գոռում է,- որ բըռնենք նորից,
Թե չէ նամարդը, արևս եմ երդվում,
Էլ չի՛ պըրծնելու երբեք իմ ձեռից։
Վե՜ր չի գցել ինձ… ինձ խաբե՛լ է նա…
Մեյդա՛ն բաց արեք, թող մի՛ն էլ մեջ գա…։

Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում,
Թունալի ծաղրով կանչում են, գոռում.

-Չե՛լավ, էդ չե՛լավ,
Վեր չի գըցել դեռ,
Մոսին թոլ էլավ-
Խոզապարկուկ էր…
Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք,
Շատ էլ լավ կանի.
Մեջքը թա՛փ տըվեք,
Թող մի՛ն էլ բըռնի…
Հա՛, հա՛, հա՛, տըղե՛րք,
Մեջքը թա՛փ տըվեք:

XIV
Եվ աղմկալի հարսանքի տանից
Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր.
Արյուն է կաթում սևակնած սըրտից,
Գընում է ըշտապ, քայլերը մոլոր։

  • Ամո՜թ քեզ, Մոսի՛, թո՛ւք ու նախատինք,
  • Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին,
    Մի անու՛նդ հիշիր, մի բոյի՛դ մըտիկ,
    Դեռ քու թիկունքը չէ՛ր տեսել գետին։

Ինչպե՞ս վեր ընկար դու՝ սարի նըման,
Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած…
Դո՜ւ… կու՜չ գաս տակին Սարոյի ծընկան,
Նըրանից հետո երևաս կանա՜նց…
Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին…
Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին…
Դե մեռի՛ր, էլի՛, գետինը մըտի՛ր,
Տանը վե՛ր ընկիր՝ իլի՛կ պըտըտիր»…

Ջիվան Գասպարյանի և կայտառ, պայծառերես ու բոցակնագույն Հայորդիների զվարթ մատուցմամբ՝ «Կոխ պարի» մի կանչ՝ ահավասիկ…

Facebook Comments