«ԿԱՆԱՉԻ ԽՈՏԸՆ ԵՎ ԾԱՂԿԻ ԾԱՌԸՆ՝
ՏԵՐԵՎԱԽԱՌՆ»…

Բնության, Կյանքի հավերժական շրջապտույտի հետ կապված՝ վաղնջական ժամանակներից ի վեր տոնվել է Արարչական՝ Տիեզերական Ծնունդը և Վերածնունդը՝ Բնության Վերազարթոնքը՝ յուրաքանչյուր Գարնան գալուստով…
Եվ Ձուն՝ որպես Կյանքի, Վերածննդի խորհրդանիշ, կիրառվել է դեռևս հնագույն շրջանում:
Ծիսական՝ կարմիր ձու ներկելու ավանդույթը կար և՛ Հայոց մեջ՝ Հայկական ողջ Լեռնաշխարհում, և՛ հին Եգիպտոսում, և՛ Հունաստանում ու Պարսկաստանում:

Խավարի դեմ Լույսի հաղթանակով տոնվող Կյանքի ծնունդը հնագույն դիցաբանական պատումներում է, հետևաբար նաև՝ ծիսակատարությունների շարքում՝ ազգային ծիսա-հմայական պարերում, խաղերում (ինչպես մինչ օրս հարատևած Հայկական կոխը՝ գոտեմարտը, որը Հայոց Նոր տարվա գարնանային տոնախմբությունների անբաժան տարրերից է)…
Բուսական ու կենդանական աշխարհի բարեբերության, աճի, պտղաբերության փառաբանման նպատակով ողջ բնակչության մասնակցությամբ կատարվող ծիսական տոնախմբություններին անդրադարձել են բազմաթիվ մասնագետներ:

Ահավասիկ 1913 թվականին գրված ուշագրավ որոշ տողեր՝ Հովհաննես Թումանյանից, շեշտելու համար, որ Հայոց մեջ Արեգ ամսվա Արեգ օրը (մարտի 21-ին) նշվող Զատիկը Գարնան գալուստի՝ Արարչական Մշտանորոգ Վերածնունդի գովերգն է, որն, ավաղ, մեր ազգային մյուս տոների նման, իմաստափոխվել է քրիստոնեության տարածումից հետո…

«Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ:
Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով՝ միանգամայն մտերմացել էր հետը:
Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի՞ անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:

Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին:
Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…
Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ:
Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող Բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:
Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին, երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա, զարմանում է: Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:

Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել:
Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:
Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:
Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա՛, իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր է Նրա անսահման սերն ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու անընչասիրությունը…
Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ո՛չ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու Հարություն է առնում ամե՛ն Զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ Բնությու՛նն է:
Զատիկն է, որ, ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.

«Վերանա ձըմեռն և գա ամառըն,
Կանաչի խոտըն և ծաղկի ծառն
Տերևախառն»…

Կամ, ինչպես մեր հներն էին երգում.

«Մարտն կուգար ծաղկըներով,
Երկնից հաւերն կարդալով….
Յորժամ Հայոց Զատիկըն գայր»…