«ՓՈՂԵՐ ՀՆՉԵՑԻՆ, ԹՄԲՈՒԿՆԵՐ ԶԱՐԿԻՆ,
ԵՎ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ ԱՇԽՈՒՅԺԻ ԲԵՐԻՆ»…
Հնագույն դիցաբանական պատումներում Արարչագործության սկզբնավորումը Դիցերի մենամարտով է սկսվում. «Կումարբիի շարքը», «Գիլգամեշը», Զևսի շուրջ հյուսված պատմությունները… (համաձայն գրեթե բոլոր ուսումնասիրողների, հունական դիցաբանության «ծննդաբանությունը» «Կումարբիի շարքի» ձևափոխված արձագանքն է):
Գոտեմարտող երկու ըմբիշների մենապայքարը՝ ըմբշամարտը, թերևս ամենահին մարզաձևն է աշխարհում: Մրցակցի թիկունքն առաջինը գետնին դիպցնողն է հաղթանակողը:
Այստեղից էլ հայերենում հայտնի դարձվածքը՝ մեկի մեջքը գետին զարկելը՝ զգետնելու, Հաղթանակի իմաստով: «Մեջքը գետնին դիպչել»՝ հաղթվել, տապալվել է նշանակում:
«Մեջքը գետին չտալ»՝ չնվաստանալ…
Տարբեր երկրներում վաղնջական ժամանակներից տարածված ու մեծ համբավ վայելող այս մրցապայքարը պատկերող բազմաթիվ պատկերներ են մեզ հասել հազարամյակների հեռվից (բարձրաքանդակներում, որմնանկարներում, սափորների նկարազարդումներում)…
Հայոց Քաջահաղթ Նահապետի՝ Հայկի՝ իր ախոյանի հանդեպ տարած հաղթանակով է նշանավորվում և Հայկազունների պատմությունը…
Անդրադառնալով Հայ առասպելաբանության հերոսներից՝ Տորք Անգեղին, Ղ. Աղայանը «հսկաների մենամարտի» հին ավանդույթն է ակնարկել՝ Հայկանուշ Գեղեցիկի ամուսնության առիթով (մի հատված կտեղադրենք վերջում՝ որպես հիշեցում):
Հայոց ազգային տոնախմբություններից անբաժան գոտեմարտը՝ կոխը, հազարամյակներ թևակոխելով, չնայած քրիստոնեության տարածումից հետո հաստատված՝ ազգային ծեսերի արգելքին, հարատևել է մինչ օրս:
Հայոց Նավասարդյան և մյուս ծիսական տոնախմբությունների նման, Հռոմեական կայսրության վերջին կայսեր՝ Թեոդոս Ա-ի հրովարտակով 393 թվականից արգելվեցին ու դադարեցվեցին նաև Հին Աշխարհի մեծահամբավ մրցումները՝ «Արագ, բարձր, ուժեղ» կարգախոսով մրցող մարզիկների Օլիմպիական խաղերը՝ որպես Դիցանվեր տոնակատարություններ (թեև մասնակիցների թվում էին արքաները, իմաստասերներն ու հռետորները…):
Հին Հունաստան. սափորի նկազարդված մի դրվագ՝ մենամարտի տեսարանով
Նավասարդյան խաղերի ու ազգային տոների ընթացքում Հայոց վեհադիր մեհյանների շուրջ ցնծացող ոգով մրցախաղերով ու շուրջպարերով անթեղված՝ Հայորդիների սրտերում Նախնյաց ավանդույթները պահպանվեցին քրիստոնեության տարածումից հետո նույնպես՝ ի հեճուկս եկեղեցու սահմանած արգելքի:
Եվ «թագավորների օրենքով ու նրանց օրերի» հնագույն ծեսերի ու տոնախմբությունների ժամանակ իրենց բարձրաբերձ լեռների քարայծների մորթուց պատրաստված թմբուկների որոտն ու հնչող փողերի, բամբիռների ելևէջները հազարամյակների հեռվից հասան մեր օրերը:
Իհարկե, փոքր-ինչ ձևափոխված. Հայոց ծիսական՝ ռազմական պարերում նաև՝ ռազմամարզական խաղերում…
Մարտախաղերից մեկի՝ Յարխուշտայի մասին է հիշեցրել անվանի ազգագրագետ-բանահավաք Վարդ Բդոյանն իր գրքում:
«Յարխուշտան Սասունցիների ամենասիրած խաղերից էր, որ կատարվում էր բազմաթիվ հանդիսատեսների ներկայությամբ: Խաղին մասնակցում էին պատանիներն ու հասակավորները, նույնիսկ ծերունիներն՝ անզուսպ հետաքրքրությամբ:
Յարխուշտա խաղացողները բաժանվում էին երկու բանակների, յուրաքանչյուրը՝ 10-20 և նույնիսկ ավելի մարտիկներով, որոնք ճակատ-ճակատի կանգնած երգում, պարում էին և երեք անգամ ծափ տալուց հետո, հարձակում գործում իրար վրա՝ ուղիղ գծաշարով, համաչափ և ռիթմիկ, երեք անգամ բաց ձեռքերն իրար ուժգին խփում, անմիջապես ետ քաշվում, դարձյալ երգ ու պարով կրկնում նույնը:
Խաղը տաքանում, եռում էր՝ մինչև մի կողմն իրեն պարտված էր զգում:
Յարխուշտա խաղացողները իշխանական ռազմական տարազ էին հագնում՝ զինված դաշույնով, որ կապվում էր մեջքին՝ աջ կողմի առաջամասում:
Խաղը կատարվում էր ուխտագնացության ժամանակ՝ Անդոկի, Մարութա սարի, Ծովասարի և Մշո Սբ. Կարապետ վանքի տոներին, ինչպես նաև հարսանիքների և քեֆերի ժամանակ»:
Վ. Բդոյանի աշխատասիրությամբ կազմված՝ «Հայ ժողովրդական խաղեր» վերնագրով երկհատոր ուսումնասիրության էջերում (հ. Ա, Երևան, 1963) հիշատակվում են Երևանի Մատենադարանի ձեռագրերից քաղված հատվածներ, որոնք փաստում են մրցախաղերին կանանց մասնակցությունը, ինչպես Տիգրանակերտի գյուղերում հայտնի «Պատերազմ» ծիսական խաղը, որի դերակատարները հրազեններով սպառազինված կանայք էին…
Ուշագրավ մի դրվագում հիշվում է Կիլիկիայի պատմությունից մի դեպք.
«Սպորտային խաղերին մասնակցում էին ոչ միայն տղամարդիկ, այլև՝ կանայք: Հիշենք Կիլիկիայի քաջարի ռազմիկ ասպետ Լիպարիտի քրոջ հաղթական մենամարտը իսմայելացի ըմբիշի հետ (Ձ. N 3569, էջ 28ա-28բ), Զեյթունցի կնոջ հաղթական ըմբշամարտը Մսրա սուլթանի ըմբշապետի հետ (Ձ. N515, էջ 27բ-28գ), Գորիսեցի կնոջ հաղթական մենամարտը մոնղոլ ըմբիշի հետ և այլն, որպիսի հաղթանակներն, ըստ բանահյուսության, կանխում էին այն ավերիչ պատերազմները, որ նախապատրաստում էին օտարները Հայերի դեմ» (նշվ. աշխ., էջ 48):
Անդրադառնալով Հայոց ավանդույթներում գոտեմարտի դերին, հեղինակը գրում է.
«Սեբաստիայում մենամարտիկները միմյանց հետ մրցում էին նույնիսկ ցուրտ ձմռանը: Նրանք մենամարտի ժամանակ մինչև գոտկատեղը մերկանում էին:
Հասարակական վայրերում մենամարտը տեղի էր ունենում դավուլ-զուռնայի նվագակցությամբ:
Ախալցխայում, երբ գոտեմարտությունը կատարվում էր, սովորաբար, միևնույն գյուղի երիտասարդների միջև ուժերը չափելու նպատակով մարմնամարզություն էր, բայց հայտնի փահլևանները երբեմն գնում էին հարևան գյուղերը՝ մրցելու, նախօրոք գրազ գալով՝ մեկ ոչխարով, մոզիկով, երբեմն էլ՝ դրամով: Այստեղ արդեն մարմնամարզության սահմանները խախտվում էին և վերածվում եկամտի աղբյուրի»:
«Համշենի Հայերի մեջ հարսանեկան գոտեմարտը տեղի էր ունենում մերկ, առանց շապկի, միայն վարտիկը կամ շալվարը հագին: Նախ մի քանի րոպե իրար բարևներ ու «թեմենաներ» էին տալիս, պտույտներ ու փորձեր անում իրարից բռնելու, մինչև որ երկար ժամանակ միմյանց քաշքշելուց հետո մեկին հաջողվում էր հակառակորդին գցել մեջքի վրա. դա համարվում էր հաղթության պայմանը:
Գցելուց հետո հաղթողն իսկույն վեր էր բարձրացնում ախոյանին և համբուրվում նրա հետ: Ապա երկուսը միասին, ձեռքերը իրար ուսերին դրած գալիս էին ու մի ոտքով ծունկ չոքում «աղաների» ու «իշխանների» առաջ և «բաշխիշ» պահանջում: Ստացած փողը կիսում էին իրար մեջ, իսկ հաղթողը, բացի դրանից, ստանում էր նաև մրցանակ դրված «յաղլուխը»:
Այս գոտեմարտից հետո հարսնառը շարժվում էր դեպի հարսի հոր տունը, որտեղ ևս նման գոտեմարտեր էին կազմակերպվում»:
Մենամարտ Հարսնառին
«Կարսի գյուղերի սովորույթի համաձայն, երբ հասրնառը այլ գյուղից հարսին դուրս էր հանում, ձմռան պայմաններում մի կտրիճ տղա կանգնում էր հարսնառի առջևը և ձյունով թևերը շփելով՝ առաջարկում էր կամ գոտեմարտող, կամ նվեր տալ:
Կարնոհայերի մեջ նման դեպքերում կտրիճին խմիչքներով հարգելով և նրա ճակատը համբուրելով մաղարն անարգել առաջ էր ընթանում»:
Հարսանեկան գոտեմարտեր
«Բորչալուի գավառում պսակի երթին մասնակցում էր գրեթե ամբողջ գյուղը: Բոլորին առաջնորդում էր դավուլ-զուռնան, ապա գնում էին մակարները, պարողները, գոտեմարտիկները, հետո՝ թագավորն ու թագուհին՝ կողք-կողքի, թաշկինակի ծայրերից բռնած:
Զանազան կտրիճներ ընթացքի ժամանակ գոտեմարտելու ցանկություն էին հայտնում. այդ դեպքերում պսակվողները պետք է սպասեին, մինչև մեկը մյուսին վայր գլորեր և խաչեղբայրը բաժաներ նրանց՝ երկուսին էլ համբուրելով ու մի քանի կոպեկ նվիրելով:
Ուրիշ անվանի մի ըմբիշ գալիս էր և ճանապարհի մեջտեղը՝ խաչեղբոր առջև չոքում, որով կամենում էր ասել, թե կամ իրեն հետ գոտեմարտելու խիզախությունն ունեցող ըմբիշ դու՛րս բերեք, կամ՝ նվե՛ր տվեք:
Խաչեղբայրը նրան էլ էր գոհացնում, վեր բարձրացնում, հետը համբուրվում: Նույնն էր անում նաև թագավորը (փեսացուն, Կ.Ա.):
Դսեղում մինչ եկեղեցում խորհուրդն էին կատարում, դրսում՝ փոքր-ինչ հեռու, դավուլ-զուռնի առաջնորդությամբ մակարները միմյանց հետ գոտեմարտում էին: Պսակից հետո նույնն էր տեղի ունենում՝ այս անգամ արդեն փոխած ճանապարհին, մինչև որ հասնում էին նորահարսի տունը:
Վայոց Ձորում պսակից վերադառնալու միջոցին գոտեմարտերն ու հրացանաձգությունը ավելի սաստիկ բնույթ էին կրում: Շատ անգամ գոտեմարտել առաջարկող կտրիճների հետ ստիպված էին ըմբշամարտել մակարները, որի պատճառով ընթացքը դադարում էր. հարսնևորները շրջան էին կազմում ու գոտեմարտիկները փորձում էին իրենց ուժը. եթե հրավիրող գոտեմարտիկն էր հաղթում, քավորը նրան իբրև տուգանք նվեր էր տալիս, իսկ եթե մակարը՝ մի բաժակ գինի էին տալիս և, գովաբանելով նրան, անցնում էին առաջ:
Նույնը տեղի էր ունենում նաև Նոր Բայազետում, Սիսիանում, Ախալքալաքում, Կարսում և այլուր:
Ավշուրմա և կշտուկի
Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղում (Ուրմեցիներ) պսակի արարողությունից հետո հարս ու փեսայի առջև կտրիճներից մեկը եկեղեցու դուռը բռնում և գոտեմարտող կամ նվեր էր պահանջում: Հարսնետերը մենամարտող տալու դեպքում նվագախումբը գոտեմարտի եղանակ էր նվագում:
Գոտեմարտիկները աքլորակռվի ձևով վրա էին պրծնում, փաթաթվում, քանդվում և նորից բռնում:
Բռնում էին «ավշուրմա» և «կշտուկի»:
Երբ հաղթողը դուռ բռնողն էր լինում, փեսայի հայրը՝ դրամական նվեր տալով, պսակվողներին դուրս բերելու իրավունք էր ստանում:
«Գոտեմարտ» ամուսինների միջև
Նորապսակները փեսայի տան բակը հասնելուն պես, սովորույթի համաձայն, տղայի ծնողների միջև՝ պսակվածների առաջ տեղի էր ունենում կեղծ գոտեմարտ:
Գոտեմարտի նպատակն այն էր, որ կինն ամուսնուն անպայման տապալելով՝ չոքեր նրա կրծքին և խեղդոտելով հնազանդություն պահանջեր: Ամուսինը պարտավոր էր հնազանդվել:
Հարսնևորները, մանավանդ մակարները, միշտ միջամտում և ամուսնուն բռնելով, ոտը քաշելով, նրան ուժազրկելով ապահովում էին կնոջ հաղթանակը, որը հանդիսատես ամբողջ հասարակությանը մեծ հաճույք էր պատճառում:
Գոտեմարտին զուգակցում էր կոխի եղանակը, որ կատարում էր նվագախումբը:
Այս սովորույթը անցյալում տարածված էր Հայաստանի գրեթե բոլոր վայրերում, իսկ մինչև 1940-ական թվականներն ամենից շատ հարատևում էր ամբողջ Արարատյան դաշտում, Աշտարակի, Կոտայքի և մի քանի այլ շրջաններում:
Գոտեմարտի մեղմացված ձևը որոշ վայրերում ամուսնու կողմից կնոջը շալակելն ու պարելն էր կամ նրան համբուրելը»:
Ազգային նվագարանների նվագակցությամբ կոխի որոշ դրվագներ՝ ստորև.
Հ.գ. Հատված Ղազարոս Աղայանի՝ «Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ» պոեմից՝ Ծոբոփորեցի քսան աժդահաների՝ ըմբիշների մասնակցությամբ (Ծոբոփորը Մեծ Հայքի Գուգարք աշխարհում էր, հետագայում տարածքը համապատասխանում էր Վրաստանի Շուլավերի՝ Մառնեուլի շրջանին)…
Գնաց բանակը. կեսօրին ահա
Լուր եկավ արդեն, որ բերդումն է նա,
Բերդում սկսվեց սրինգ ու թմբուկ,
Եվ ամբողջ գիշեր բարձրացավ աղմուկ.
Թնդաց Ուփրեթը, դղրդաց սար, ձոր,
Եվ ձայնը հասավ մինչև Ծոբոփոր:
Ծոբոփորեցի քսան աժդահա
Լույսը չբացված՝ եկել են ահա.
Բերդի պատի տակ իրարից հեռու
Շնթռել են իբրև գազան ահարկու:
Մերոնք էլ եկան Տորքի հետ մեկտեղ
Մինչև երեսուն հսկաներ ահեղ:
Ծոբոփորեցոց Տորքը բարևեց,
Ոչ ոք բարևին չի պատասխանեց.
- «Բարև՛ ձեզ, եղբա՛յրք»,- կրկնում է Տորքը,
Որ տեսնի նրանց մարդկութեան շնորհքը,
Դարձյալ լռություն, ոչի՛նչ ձայն, ժպտուն.
Կարծես մարդիկ չեն, այլ համր անասուն: - «Ես ազգականն եմ այս Հայկանուշի,
Եվ այսօր սրան պիտի տամ մարդի.
Եթե դուք էլ եք փեսացուներից,
Պետք է չփախչիք ըմբշական մարտից.
Մեկը կհաղթե մեկէլ ուզողին,
Աղջիկը կմնա վերջին հաղթողին.
Եթե ուզող եք, եկեք ներս գնացեք,
Աղջկա առջև մենամարտեցեք»:
Ծոբոփորեցիք իսկույն վեր թռան,
Եվ ներս խուժեցին փղերի նման:
Բոլոր հյուրերը բարձրացան վերև,
Իսկ ըմբիշները կանգնեցին ներքև.
Ամենից վերջը Տորքը վեր ելավ,
Եվ Հայկանուշին զեկուցում տվավ.- - «Բացի հյուրերից եկել են ահա
Իրանց կամքովը քսան աժդահա.
Թող սրանք կռվեն, իսկ մենք կնայենք,
Եվ վերջինի հետ հաշիվ կտեսնենք»: - «Հիմա թողեք ինձ,- ասաց ծերունին,
Որ հասկացնեմ մեր այս քաջերին
Ուղիղ կանոնը մենամարտության,
Որ արգելք չլնին մեր ուրախության:
Եվ հասկացրեց, որ վիճակ ձգեն,
Վիճակն ու՛մ ընկնի, նախ նրանք մրցեն:
Փողեր հնչեցին, թմբուկներ զարկին
Եվ ըմբիշներին աշխույժի բերին.
Իսկ Հայկանուշը պատշգամբի վրա
Նստած է իբրև մրցման առարկա.
Երբ նայում են նրան փեսացուները,
Կրկնապատկվում է նրանց ուժերը:
Ահա երկուքը ասպարեզ մտան,
Կռվարար ցուլի ու գոմշի նման.
Պտտեցին երկար, մինչև վերջապես,
Իրար ճանկեցին երկու արջի պես.
Մինը մեկէլից խիզախ, համարձակ,
Թնդաց գետինը նրանց ոտքի տակ:
Մերթ բարձրանում են, մերթ գետնին քսվում,
Մերթ գոմշու նման գլուխ գլխի զարկում.
Չոքում ու կանգնում, վայր ընկնում կրկին,
Ո՛չ մեկի մեջքը չի՛ խփվում գետնին:
Ամբողջ երեք ժամ այսպես կռվեցան
Եվ հետզհետե ավելի տաքցան.
Իրար միս բռնած առյուծի ճանկով,
Գջլտում էին ինչպես աքցանով:
Վերջն, ինչպես եղավ՝ մեկը սայթաքեց,
Մեկէլը նրան հաղթած համարեց.
Բայց ընկած հսկան վեր թռավ կրկին
Եվ նորից բռնեց իր ախոյանին,
Բռնեց, բարձրացրեց, և այնպես զարկեց,
Որ մեկ թզաչափ գետնի մեջ թաղեց:
Եվ նա հաղթեցավ, հաղթեցավ իսպառ,
Մեռածի նման մեկնվեց շնչասպառ.
«Ապրի՛ս, քա՜ջ, ապրի՛ս»,- հյուրերն ասացին.
Եվ հաղթող ըմբշին գովաբանեցին.
Բայց մյուսներին էլ նա պիտի հաղթեր,
Որ նպատակին հասած համարվեր.
Եվ հեշտ չէր հաղթել բոլոր քսանին,
Նա հազիվ հաղթեց միայն երեքին:
Հինգերորդ հսկան չորս հոգու հաղթեց,
Իսկ տասներորդը տասնին վայր ձգեց,
Անունն Ավագ էր, ամենից զորեղ,
Սա պիտի հաղթեր և Տորքին ահեղ:
Ե
Տորքը վեր կոչեց Ավագ հսկային,
Եվ նստեցրեց նրան իր կողքին. - «Դո՛ւ եղար հաղթող,- ասաց մեր հսկան,
Քեզ արժանի՛ է պարգև պատվական.
Բայց դարձյալ մեկին դու պիտի հաղթես,
Որ մրցանակը լրիվ վաստակես:
Եթե դու ինձ հետ կռվել չուզենաս,
Դարձյալ մեր այս տան փեսա կդառնաս.
Այս աղջիկներից մեկը քեզ կտամ,
Եվ քեզ հետ սիրով եղբայր կդառնամ»:
-«Իսկ Հայկանուշին դու ինքդ կառնես,
Եվ խաղ ու պարով հարսանիք կանես.
Ես համաձա՛յն չեմ. կկռվե՛նք մեկտեղ,
Թեկուզ դու լինիս ինձանից զորեղ.
Թող Հայկանուշի համար ես մեռնիմ,
Բայց ոչ ուրիշի ամուսին լինիմ.
Կամ պետք է հաղթել և կամ թէ մեռնել,
Հաղթահարություն չեմ կարող տանել»: - Հոգնած ես այսօր, դեռ հանգստացի՛ր,
Ու ինձ հետ փոքր-ինչ մոտ ծանոթացի՛ր,
Եվ այնուհետև երբ որ ուզենաս,
Ինձ միշտ հրամանիդ պատրաստ կունենաս: - «Շատ լավ պայման է,- ասաց ծեր հսկան,-
Ձեր մրցությունը կթողնենք վաղվան»:
Ծեր հսկայի խոսքն ըմբիշն ընդունեց,
Եվ իսկույն մի ճոխ սեղան պատրաստվեց,
Կանչեցին և մյուս աժդահաներին,
Որ հացկերույթին մասնակից լինին.
Կերան, կշտացան և զվարթացան,
Հոգնածություններն իսպառ մոռացան:
Նկարիչ՝ Հարություն Աթոյան
Հ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի հավաքածուից