«ԾԱՂԿՈՒՆՔ, ՈՐ ԶԱՐԴ ԵՆ ԱՇԽԱՐՀԻՍ՝
ՕՐԻՆԱԿ ԵՐԿՆԻՑ ԱՍՏՂԵՐՈՒՆ»…

Հայ ժողովրդի կենցաղում պահպանվել են հնագույն ծիսահմայական արարողությունների վերապրուկները, որոնք, դարերի, հազարամյակների ընթացքում կորցրել են իրենց նախնական պաշտամունքային իմաստն ու նշանակությունը: Ասվածի ցայտուն դրսևորումներն են Հայոց ազգային պարերը, ծեսերն ու տոները:
Հնագույն ծիսական իմաստը տոնի բովանդակությա՛ն մեջ է արտահայտվում՝ հնչող երգերի, կատարվող պարերի ու թատերականացված գործողությունների համաձուլվածքում:

Մայր Բնությունը մարդու Սնուցողն է, նրա մարմնի ու հոգու առողջության պահպանման անհատնում գանձարանը, որից մարդկությունն օգտվում է անհիշելի ժամանակներից ի վեր:
Բնությունն իր գաղտնիքներով, իր անբացատրելի ուժով ու խորհրդով միշտ եղել է Մարդու աշխարհայացքի կերտողը:

Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ին, Նոր տարվա, Նոր Գարնան, Նոր Փթթումի ու Պտղաբերության ավետմանը՝ Ծառզարդարին հաջորդում է ցողով շաղված Բնության Ծաղկումը՝ Ծաղկազարդը, որի նկարագրությունն է 17-րդ դարում Կարնո գավառի Սալաձոր գյուղում ծնված՝ Հայ տաղասաց Դավիթ Սալաձորցու «Գովասանք ծաղկանց» տաղում:
Ահավասիկ ծաղիկների «անմահական բուրմունքով» մի հատված.

«Երկոտասան ամիսք որ կան, մարտն է խարիսխ հիմն տարուն:
Յորժամ մարտի ամիսն գայ, Տէրն հրաման կու տայ Հողուն,
Հողն ի քնուն հետ կու զարթի, ճամբայ կու տայ բոյս եւ տնկուն,
Բուսնին գետնէն, ի վեր կու գան, կանանչ հագնին բուսքն բիթուն,
Ապա օդոյն հրաման կու տայ, որ կու թափէ զցօղն ի յամպուն,
Ցօղէ, զաշխարհս կու ցնծացնէ, դաստուր լինի ծաղկներուն:
Ուրախանան երկինք, գետին, բուրէ հոտն անմահութեան,
Ծաղկունք բուսնին հարիւր հազար, ցեղ-ցեղ ներկած եւ գունզգուն,
Թուրլու-թուրլու հոտեր ունին, մինն քանց զմիւսն սիրուն»:

Անդրադառնալով հին հեղինակների՝ Թեոփրաստի, Դիոսկորիդեսի, Գալիենոսի, Ստրաբոնի, Պլուտարքոսի, Պլինիոսի «յիշածքն ի Հայաստան»՝ Հայաստանի մասին թողած վկայություններին, Ղևոնդ Ալիշաննն իր «Հայբուսակ»-ում հիշեցնում է, որ Հայկական Լեռնաշխարհը «բաւական հարուստ և նշանաւոր է սննդեան, դարմանոյ և բժշկական բույսերով և ծաղկամբք և հոտաւէտ տունկերով, եւս առաւել՝ պտղաբերօք», ցավով նշելով, որ անխնամության պատճառով շատ են պակասել մեր երկրում վայրենի ծառերն ու անտառները՝ մեծ մասամբ դառնալով «լերկ ու մերկ», «մինչդեռ Քրիստոսից մեկ դար առաջ և հետո Հռովմայեցիք հիանում էին Հայոց թանձրախիտ անտառների բարգավաճության վրա, իսկ նրանցից չորս-հինգ դար առաջ հույն հեղինակներն էին իրենց ականատեսի վկայություններով պատմում այդ թանձրախիտ անտառների մասին» («մինչեւ ի մատենագրաց նախնեաց մերոց անփայտ կոչուիլ այն կողմերու՝ որոց բարգաւաճութեան վրայ կը հիանային Հռովմայեցիք, Քրիստոսի թուականէն դար մի առաջ և յետոյ, իսկ չորս-հինգ դար առաջ՝ յոյն հեղինակք տեսութեամբ իսկ կու վկայեն թանձրախիտ անտառաց»)։

Աշնանը բույսերի «տերեւընկէց»-ից՝ տերևաթափից ու «պարարեալք ձմերասունք լինելուց» հետո, ծաղիկների, բույսերի արմատների «սառնապատք ձիւնաթաղք»-ից հետո՝ հաջորդում է գարնանը ծառերի, ծաղիկների՝ Բուսական աշխարհի բողբոջումը, մանրախոտի դալարումը՝ զարդարելով Բնությունը (ու, հատկապես, ապահովելով մարդկանց կենսականորեն անհրաժեշտ սնունդը):
Եվ այս հավերժական Վերազարթոնքը փառաբանվում է «Ծառզարդար» և «Ծաղկազարդ» տոներով, համապատասխան ծեսերով (հիշյալ երկու տոները տարբեր են և նշվում են տարբեր ամիսներին՝ ծառերի ծաղկուքը՝ «ծառոց ուղեշքը»՝ ընձյուղումն ու բողբոջումը, սաղարթապատումը՝ Ծառզարդար՝ Արեգ ամսին՝ մարտին, այնուհետև՝ ծաղիկների, կանաչի՝ դաշտերի դալարաբերությունը՝ դալարախոտի ծաղկունքը՝ Ծաղկազարդ՝ Ահեկան ամսին՝ մայիսին)…

«…Սակայն ի ժամանակս գարնայնոյն հասեալք՝ ամպաշաղք, որոտընդոստք, անձրեւաբուղխք, ցօղահարք, ամպասունք (կամ ամարասունք), ի վեր բերեն զիւրաքանչիւր օրինակ բուսոցն եւ տերեւոցն»… և «մանրախօտքն դալարիքն», «նաեւ՝ սերմանիքն օգտակար մարդկան. որպէս Ցորեանն եւ Հաճարն եւ Գարին եւ Կորեակն…», որոնցից յուրաքանչյուրը գարնանը հարություն է առնում՝ իր բույսով, իր համով, հոտով, բողբոջով, ծաղկով ու ընտով՝ ծաղիկն ու ծառատունկը զարդարելով. «…որք իւրաքանչիւր յիւրում ժամու ի գարունն՝ ցուցանեն զյարութիւն իւրեանց, բուսովքն, համովքն, հոտովքն, բողբոջովքն, ծաղկովքն եւ ընտովքն. տերեւազգեստ զիւրեանց մանկութիւնն՝ ըստ իւրաքանչիւր տեսակի ագուցեալ…
Ծաղիկքն եւ ծառատունկքն զարդարին…»:
«…Իսկ օգտակար ծաղիկքն եւ շառաւեղք ծառոցն դարաստանաց՝ իւրեանց բնութիւն անդ եկեալ զարդարին ի հասանել գարնայնոյ ժամանակին» (Ղ. Ալիշան, «Հայբուսակ կամ Հայկական Բուսաբառութիւն», Վենետիկ, Ս. Ղազար, 1895):

«Նախ ձնծաղիկն ու չիկտամն, բարփն ու խաժուակն յառաջագոյն,
Սոքա չորսն միաբանին ու ձայն ածեն ծաղկներուն.
Ծաղկու՛նք, զարթի՛ք ի խոր քնուն, քանի՞ պառկիք ներքեւ հողուն,
Զարթի՛ք, զաշխարհս ծաղկեցուցէ՛ք, բիւրք ի բիւրոց, անթիւ, անհուն:
Ապա բուսնին ծառք եւ տնկունք, ծաղկին ծառերն պտղատուն,
Յետոյ բաքռօշն ու կոկռօշն կու ջահառին ի հետ զամպուն:
Ցինկն դեղին ծաղկէ, ցնծայ, փայլէ, ծփայ մէջ ջրերուն,
Ջուրն ու չայիր-չիման, ծաղկունք կու ցնծան հետ ձնաբերնուն:
Լեռն մարմանդ ծաղիկ դառնայ, ծաղկունք ծաղկին ի սարերուն,
Սար ու ձոր ծաղկին, ծիծաղին, ծափ զարնեն, ծփան բիւրագոյն»:

…«Ծաղկունքն ամէն յերամ ժողովել, ծաղիկ կու տան մեղուներուն»,- շարունակում է Դ. Սալաձորցին՝ ծաղիկների գովասանական իր տաղն ավարտելով՝

«Ծաղկունք որ զարդ են աշխարհիս, օրինակ երկնից աստղերուն.
Սակաւ ծաղկունքս գովեցի, բազումն մնաց վարպետներուն»…

Հ.գ. Շարունակությունը՝ հաջորդիվ…