«ԳՐՈՑՍ ԱՆՈՒՆՆ Է՝ ԱՆԳԷՏԻ ԱՆՊԷՏ»…

Վաղնջական ժամանակներից ի վեր անհրաժեշտաբար մարդու կենցաղից, ծիսական արարողություններից անբաժան են բույսերը՝ իրենց զանազան օգտակար բաղադրանյութերի շնորհիվ (որպես սնունդ, ամոքիչ…):
Նրանց օգտավետ, հրաշագործ հատկությունների շուրջ անհատնում պատմություններ են հյուսվել ամենուր և նույնիսկ քաղելու «հատուկ արարողակարգ» սահմանվել:

Որոշ բույսերի եթերայուղերի այրումից արձակված ծուխն ու գոլորշին իրենց մանրեասպան հատկությամբ մշտապես կիրառվել են՝ վարակիչ հիվանդություններից խուսափելու նպատակով (ինչպես Հին Հունաստանում՝ Աթենքում մոլեգնող ժանտախտի համաճարակի ժամանակ, երբ այրում էին հազրեվարդից (խնկունի, romarin, Rosmarinus), նարդոսից (Lavandula), կծուծից (sarriette), գիհիից (Genévrier, Juniperus) ու զոպայից (hysope, Hyssopus officinalis) կազմված փնջեր՝ վարակից պաշտպանվելու համար):

Բնության օրենքներն են Հայկազունների հնագույն ուսմունքի հիմքում:
Եվ Բնության օրենքներով՝ բնական միջոցներով էլ ցարդ առաջնորդվում են Քրմերը՝ հանուն մարդու մարմնի ու հոգու ապաքինման, գործելով «Առաջին դեղը՝ դարմանը մարդու սնունդն է» սկզբունքով (սննդաբուժությունը կարևորելով):
Բժշկությունն առանց բույսերի անհնարին էր… Եվ՝ «Ամենայն խոտ դալար», «փայտ (ծառ, Կ.Ա.) պտղաբեր» կերակուր էր…
Քաջառողջության պահպանման, կազդուրման միջոցներն էին նաև ջուրը, կավը, հատուկ սննդակարգը, ծոմապահությունը…

Արքաների տնկած անտառների, անուշաբույր ու բուրազվարճ պարտեզների, անուշահոտությամբ լի, զվարթացնող բուրմունքով բուրավետ այգիների ծառերի ու ծաղիկների՝ ծաղկոց-բուրաստանների կառուցման մասին հիշատակումներ կան տարբեր դարաշրջաններից՝ հազարամյակներ շարունակ…

«Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի բացատրությամբ՝ «Բուրաստանը»՝ պարտեզը, Դրախտի հոմանիշն է:
«Բուրաստան՝ Paradisus — Տեղի՝ ուր բուրեն ‘ի ծաղկանց և ‘ի պտղոց հոտք անուշից. նոյն ընդ ձայնիս Պարտէզ՝ ծառոց և ծաղկանց. որ և Դրախտ…
Որ պարտէզն է, նոյն և Բուրաստան կոչի (Նար. Երգ):
Զի՞նչ է Դրախտն. թավ վայր, զոր «Ծաղկոց» և «Բուրաստան» կոչեն, ծաղկուտ վայրք, և բուրմունք անուշահոտ վայելմանց (Վրդն. ծն.)»…

Եդեսիոյ բուրաստանների հիշատակումը կա 12-րդ դարից՝ «Ողբ Եդեսիոյ» հայրենաշունչ պոեմում, ուր Հայոց հինավուրց Եդեսիա քաղաքի (Ուրհայի)՝ 1144 թվականի գրավումից, կործանումից հետո ավերակների վրա սգացող ու վրիժառության կոչող մոր՝ Մայր Հայրենիքի այլաբանական կերպարի միջոցով Լուսավոր անցյալի պատկերներն են հիշվում.

«Ինձնից կյանքի ջուր էր բխում՝
Զվարթածաղիկ բույսեր ծնում,
Գետերի պես վտակ հոսում՝
Բուրաստանները ոռոգում»:

Թովմա Արծրունու և նրա շարունակողի (Անանունի) երկասիրությունից մի հատված («Թագաւորելն Արտաշէսի ի վերայ Հայոց»), ուր նկարագրվում է Արտաշես Ա թագավորի կողմից Արտամետի հիմնադրումը՝ Վանա «կապուտակ, ծիրանափայլ» ծովակի դիմաց, երբ, ապառաժ լեռնակը բարեշինելով, արքայանիստ փառահեղ, պարսպապատ ապարանք է դարձնում, ափեզերքի շուրջ՝ անտառախիտ ծառերով, խաղողի գինեբեր որթերով ու զանազան պտուղներով ծաղկավետ բուրաստան-այգիներով, որոնք ոչ միայն ախորժելի են աչքին և հաճելի «հոտոտելիքին»՝ իրենց բուրմունքով, այլև՝ Ասկլեպիոսի (հունական դիցաբանության մեջ՝ Բժշկության դիցի, Կ.Ա.) բժշկական հնարագյուտ գիտության համար են: («…Դաստակերտս մեծամեծս շուրջ զեզերքն անտառախիտ ծառովք և գինեբեր որթովք և զանազան պտղովք. զշենս պատրաստեալ, և շուրջ զամրոցաւն տնկախիտս բուրաստանս ծաղկաւէտս և անուշահոտս ի զանազան ծաղկանց. ոչ միայն ի տեսիլ խտղտման աչաց և ի զուարճումն հոտոտելեաց՝ այլ և ի կազմութիւն դեղոյ բժշկական հնարագիւտ իմաստասիրութեանց կազմեալ Ասկղեպեայ վարժմամբն»):

Տեսարաններ Արտամետից (Վան քաղաքից մոտ 18 կիլոմետր հեռու)

Այնուհետև կառուցեց անմատչելի և ապահով մի ամրոց, որն անվանեց «Զարդ», ուր իր կառուցած բարձրաբերձ աշտարակի վրա կանգնեցրեց Աստղիկ Դիցուհու «պատկերը» (քանդակը), և նրա մոտ՝ գանձատուն («և մօտ նորա զտուն գանձու պաշտպանութեան կռոցն»): Ապա, դաշտավայրի արևմտյան կողմում և ծովեզերքին ստեղծեց պարսպապատված ու գոգավոր տարածություն, այն պատեց վայելչագեղ ու ծառաշատ այգիներով՝ դարձնելով «այգեստան տնկախիտ»՝ ի բավականություն աչքերի… («Պատմութիւն Տանն Արծրունեաց», Երևան, 1985):

Հայկական Լեռնաշխարհն իր անգնահատելի գանձարանով՝ սննդի, դարմանի՝ դեղաբույսերի հարուստ տեսականիով, բուժիչ հատկություններով օժտված աղբյուրներով, հոտավետ տունկերով, ծաղիկներով ու բույսերով, իր բնիկների ավանդույթների, ավանդապատումների հարուստ շտեմարանի կարևորագույն մասնիկն է:

Ղ. Ալիշանն՝ անդրադառնալով Հայկական բույսերի անուններին՝ «բուսաբառությանը», ուշագրավ տեղեկություններ է հաղորդում «հրաշագործ բույսերի» վերաբերյալ, օրինակ, ինչպես էին ուխտագնացությունների ժամանակ ուխտավորներն իրենց բազկին կամ վզին կապում «փեննան» ու նրա օգնությունը ստանում («Հայբուսակ կամ Հայկական Բուսաբառութիւն», Վենետիկ, Ս. Ղազար, 1895):
«Մեր վարդապետն Գաղիանոս յիշել է, թէ Փեննայն՝ երբ ի բազուկն կապեն կամ վիզն՝ ուխտաւորքն, օգտէ»:
Կամ՝ Փենունան ներկայացնելիս՝ «Որ 14 անուն ունի, հրաշագործ ծաղիկ մի է»…

Իմաստուն ու հրաշագործ Բուսաշխարհի յուրահատուկ հանրագիտարանն է թողել Ամիրդովլաթ Ամասիացին՝ 15-րդ դարում, շեշտելով Գիտության կարևորությունը («անգետների համար»՝ անպետք՝ ոչ պիտանի)…

«Զայս գիրքս շինեցաք և ստուգեցաք շատ բառերով և պատմութիւններով (ի թվին Հայոց ՇԻՆԷ, այսինքն՝ Շ, 500 + Ի, 20 + Ն, 400 + Է, 7 = 927, որ է 1478 Քրիստոսի), և որ կարդայ հեշտութեամբ յիմանայ, և անգէտն չի յօգտիլ ի սմանէ. և անուանեցաք զայս գրոցս անունն «Անգիտաց անպէտ». և պարտական եմ գիտնականացն և ծառայ ամենայն Փիլիսոփայիցն:

«Եղիր հետեւող իմաստութեան հետ.
Եթէ չուսանիս՝ բժիշկ ես անգէտ.
Լինիս դու գիտուն, արա բանիս պէտ.
Գրոցս անունն է Անգէտի անպէտ»:

Բույսերի գաղտնի կյանքի, մարդկանց հետ նրանց հարաբերությունների շուրջ հաճախ խորհրդավոր
պատմություններ են հյուսվել, որոնց նպատակը նաև բուսաշխարհի պահպանությունն էր, անվնաս կիրառումը (քաղելիս չվնասելու մտահոգությունը)…

«Գուզել անուն ծաղիկ մի կայ, դեղ է անբժիշկ ցաւերուն,
Փենահ ծաղիկն ու լօշտակն աստուած դեղ տուել դարդերուն» (Դ. Սալաձորցու «Գովասանք ծաղկանց»-ից):

«Լոշտակ ասի ‘ի Հայս և արմատ ինչ ի կերպարանս մանկան տղայոյ, զոր եւրոպացիք «մանրագոր» կոչեն» («Նոր բառգիրք Հայկազեան լեզուի»):

Մ. Խորենացու հիշատակմամբ՝ մանրագոր կար Մոկքում («Մոկք ունի և մանրագոր»):
«Մանրագոր՝ բոյս կամ թուփ, որ բերէ պտուղ իբր մանր խնձոր ի չափ սիսռան, կամ ողկուզակս՝ որոց հատքն են իբրև արքայկաղնոյ, և ծաղիկն անուշահոտ. զորմէ բազում են կարծիք առ զանազանս. այլ առաւել կարծի բանջար ինչ, որոյ արմատն իցէ որպէս բողկ ուրուական նմանութեամբ մարմնոյ մարդոյ, և լինիցի դեղ թմբրեցուցիչ և քնաբեր. վասն որոյ ասացեալ ‘ի լտ. նաև Circaeum, իբր գործի Կիրկեահ դեղատու վհկի. և Semibomo, կիսամարդ. և Vesanum gramen, բոյս, որ յայլոյ խելս առնէ զմարդ ի սիրոյ»:

«Երփն երփն ծաղկանցն. որպէս մանրագորն, և վարդն, և շուշանն» (Ագաթանգեղոս):
«Մանրագորս աղաւաղեալ» (Նարեկացի):
«Մանրագորաւ բազում անգամ բժիշկք քուն ածեն այնոցիկ, որոց քուն հատեալ իցէ յաչաց, (Վեցօր.)»…

Դարեր շարունակ որպես կախարդական-հմայական հատկություններով օժտված բույս է հայտնի լոշտակն իր մարդանման արմատով (քաղելիս այն «ճիչ» էր արձակում ու սպանում, ուստի՝ շանը կամ փայտին կապելով էին քաղում՝ հեռվում մնալով):

Մանրագոր քաղելը պատկերող դրվագ

Գարեգին Սրվանձտյանի «Մանանայ» ուսումնասիրությունից մեջբերենք լոշտակ բույսը քաղելու հնագույն ծիսական արարողության վկայությունը՝ քրիստոնեության շղարշով (քաղման հատուկ օրեր ու ծեսեր կային և այլ երկրներում, ինչպես, օրինակ, ցարդ Ֆրանսիայում պահպանված՝ «սրբազան յոթ բույսերի» հետ կապված նախաքրիստոնեական ավանդույթը՝ ամառային արևադարձից երեք օր հետո՝ հունիսի 24-ին)…

Լոշտակի ծաղիկը

Աղօթք վասն Լօշտակին

«Ո՛վ ամենօրհնեալ այգի, որ զերկնային զօրութիւն եւ խասիաթ դու ի քեզ ունիս, որ եւ այսքան պարգեւք ետ քեզ բարերարն Աստուած վասն փրկութեան մարդկան։ Նա մեք տաժանեալքս մեղօք գոհանամք յամենառատ ողորմութենէ քումմէ‚ Տէր Աստուած մեր, եւ խնդրեմք ի քէն, որպէս հրամայեցեր Կիպրիանոս թագաւորին… վասն դեղոյս, եւ դեղս օրհնեալ է Աստուծոյ եւ ամենայն սրբոց նորա։ Դու ես թագաւոր ամենայն խոտից, եւ որ գոյացոյցն զքեզ եւ պարգեւեաց քեզ բժշկութիւն ազգի մարդկան ամենայն ցաւոց եւ անուամբ անեղին եւ անմահին Աստուծոյ ողորմածին եւ բարերարին Աստուծոյ եւ Ս. Առաքելոց, Մարգարէից, Մարտիրոսաց, Հայրապետաց, Ճգնաւորաց, Կուսանաց, Զինւորաց եւ Ս. Հրեշտակաց եւ Հրեշտակապետաց, եւ ամենայն երկնային զօրաց, եւս առաւել ամէնօրհնեալ Ս. Կոյս Աստուածածնին բարեխօսութեամբ օրհնեալ լինիս դու‚ Լօշտակ, զօրութեամբ Ամենակալին, աջովն Անեղին, բազկովն Հզօրին աղտահարեալ վանեսցին եւ խորտակեսցին դեւք, եւ քակտեսցին մեքենայք, եւ սասանեսցին խումբք, եւ շարժեսցին հիմունք այսոց պղծոց, եւ դու լինիս օրհնեալ յայսմհետէ մինչեւ յաւիտեան»։
Եօթն անգամ ասա եւ ապա հանէ իւր արմատովն, եւ յորժամ քաշես՝ պտուղն պտղեցո ի սուրբ աման, պահէ։ Թէ հանց հանդիպի‚ որ չորս ճեղ լինի, նոր ամանի մէջ ծրարէ, պահէ»։

Մանրագոր

Բուսական իմաստուն աշխարհի մասին շարունակությունը թողնելով հետագային, վերհիշնենք Դ. Սալաձորցուն.
«Սակաւ ծաղկունքն ես եմ գովեր, բազում մնաց վարպետներուն»…