ԿՅԱՆՔԸ՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ
ԿԱՄ՝
«ԱՐԵՎԻ՛ ՆՄԱՆ ՆԱՅԵՑԵՔ ԱՇԽԱՐՀՔԻՆ»…

Հայ մշակույթում բացառիկ տեղ ունի Հովհաննես Թումանյանն իր գրչով, նաև՝ մեր ազգի համար ճակատագրական շրջանում Հայոց համընդհանուր գործին իր անձնուրաց նվիրումով ու բուռն գործունեությամբ:
Դարեր շարունակ օտար տիրապետության հետևանքով հալածված Հայ ազգի վերածնության ուղին ու միջոցը նա Ազգային մշակույթն էր համարում: Եվ 1913 թվականին, Հայոց Գրի ու Գրականության մեծ տոնի կարևորությանն ու նրա խորհուրդին անդրադառնալով, գրում է.

«Երևակայեցե՛ք, թե Հայ ազգը ճշմարիտ որ բռնկի էդ լուսավոր գործերի սիրով և Կովկասից մինչև Եգիպտոս ու Ամերիկա, Եվրոպայից մինչև Պարսկաստան ու Հնդկաստան ամեն մի գիտակից Հայ վեր կենա էդ օրը իր զգացմունքն ու լուման մեջ բերի՝ դնելու իր ազգի Վերածնության մեծ գործի վրա։

Անխորտակելի ու անսասան կապահովվի մեր ազգային ինքնուրույնությունը աշխարհքում ու ազգերի շարքում։

Ունենալ հարուստ, ապահով դպրոցներ և ուժեղ գրականություն՝ կնշանակի ամուր ու պատվավոր կանգնել լուսավոր ազգերի շարքում։ Եվ գոնե ես խորապես հավատում եմ Հայի էդ կուլտուրական ուժին. մենք կարո՛ղ ենք էդպես լինել և պե՛տք է լինենք» («Ազգային վերածնության մեծ կոչը»):

Հայոց Գրական Ընկերության առաջին երեկույթի բացման առիթով ոմանց ցուցաբերած խանդավառությանն ի պատասխան նա գրում է.
«Մի՞թե, հիրավի, միտք եմ անում ես, մենք էնքան ենք զուրկ առաքինություններից, որ մի լավ գործի մեջ էլ իրար կողքի կանգնելն ու միասին ուրախանալը պետք է էսքան մեզ զարմացնի ու էսքան ուրախացնի։
Եվ հեռու է տանում ինձ էս մտածմունքն ու ավելի մեծ է վիշտը։
Կյանքն՝ իր ամբողջության մեջ՝ մեծ է, շատ է մեծ։
Կյանքը՝ Տիեզերական կյանքն է, և Մարդու կյանքի ամբողջ վեհությունն ու քաղցրությունն էլ հենց էն է, որ իր շրջապատի միջոցով ապրի էն մեծ կյանքով։
Բայց մարդը, սովորաբար, չի կարողանում ապրել էն մեծ կյանքով, ապրում է միայն նրա մի մասով՝ Մարդկության կյանքով։
Սակայն նույնիսկ դրանով՝ Մարդկության կյանքով ապրելու էլ քչերն են ընդունակ։ Չէ՞որ կյանքն ինչպես անսահմա՛ն մեծ է, էնպես էլ փո՛քր է անսահման։
Եվ ահա, ընդհանրապես, ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով։
Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի՝ նեղ թայֆայական կյանք — թշնամու բանակների պես կանգնած իրար դեմ մինչև էն պստլիկ «ես»-ը…

Էսպես էլ գնալով, գնալով էնքան է նեղանում ու նեղսոտանում, մինչև կտրում է մարդ արարածի ազատ շունչը ու բանն էնտեղ է հասնում, որ նույնիսկ իրար հարազատ մարդիկ զարմանում են, որ կարող են իրար կողքի կանգնել ու միասին ուրախանալ։
Ո՜վ ողորմելի ուրախություն, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու…

Բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը։ Մի՞թե անկարելի է լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալ։
Մի՞թե դեռ ժամանակը չի հասել, որ կարողանանք լինել ավելի լայն սիրտ, ավելի համբերատար, ավելի ներող ու սիրող, քան թե՝ ենք։
Մենք շատ ենք քարացել չկամության ու չարակամության մեջ, շատ ենք ընտելացել ատելության մաղձի դառնությանը ու դարձել ենք ատելի. մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։
Մի՞թե դժվար է»:

Իր խոսքն ուղղելով երիտասարդ ու պատանի գրողներին, նրանց հիշեցնելով, որ «Անցյալը շատ ջանքեր ու խրատներ ունի մեզ համար թողած», Թումանյանը շեշտում է մշակույթի՝ մասնավորապես՝ գրականության դերն ազգի կյանքում:

«Եթե գրականությունը Ազգի հոգին է և գրողները էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչներն, ապա դուք մեր գրականության, մեր ազգի հոգու, մեր հոգու ամենամատաղ և դրա համար էլ՝ ամենասիրելի զավակներն եք»։

…«Այո՛, գրականությունը հայելի չէ լոկ․ և եթե հայելի էլ ասենք, ապա շատ տարօրինակ ու կախարդական մի հայելի է նա։
Նա ոչ միայն արտացոլում է ժամանակը և իր դեպքերն ու դեմքերը, այլև տալիս է իր լույսն ու ջերմությունը կյանքին, և ձգտում է կյանքում ստեղծել մարդու էն վեհ ու վսեմ, էն մաքուր ու անաղարտ պատկերը, որ տվել է նրան աստված, կազմվածք ու հյուսված բնության ամենամաքուր տարրերից։
Եթե գրականությունը կյանքի հայելին ասենք, ապա գրականության ամեն տեսակի ստեղծագործությունների աղբյուրը ամենից առաջ Մարդու սի՛րտն է։

Եվ երբ էսպես է, աշխատեցեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով։
Եվ արդեն իրեն ստեղծագործական շնորհքի, բանաստեղծության բնությունն էդպես է իր ծնունդից։ Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծությունն է ներկայացնում և Արևն է միաժամանակ, իր կյանքում երբե՛ք մութն ու մռայլ չի տեսած։
Որովհետև Արև՛ն է ինքը և իր հայացքն Արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից։
Արևի՛ նման նայեցեք աշխարհքին»։

Արևի՛ նման՝ Լու՛յս սփռելով, ուստի՝ խավարը տեսանելի՛ դարձնելով այն չքացնել, վատն արդարացիորեն խարազանելո՛վ նաև պայքարել: Ու խորհուրդ է տալիս «Պոետին» (ու իր ողջ ազգին)՝ «Բարկության հրո՛վ շնչել չարի դեմ,
Որ թույնով, փողով գահ է բարձրացել»՝ «մարդասերի կամ ազգի բարերարի» դիմակով …

A là Նադսոն
ՊՈԵՏԻՆ

Թաքցրու՛, պոե՛տ, վշտերդ ամբարված
Մեծ գաղտնարանում ալետանջ հոգուդ,
Ամբոխի առաջ մի՛ երգիր նրանց,
Եվ ինչո՞ւ համար ողբալ անօգուտ…

Եվ դուն չե՛ս կոչված, որ փոքրոգության
Արտասուքներով քո վշտերն երգես,
Դուն պիտի ճնշված մարդկության առաջ
Սև ճակատագրի գոյությու՛նն հերքես։

Թեկուզ կեղծ լինի ժպիտը դեմքիդ,
Թեև դժվար է քեզ համար կեղծել,
Պետք է մոլորված, անկիրթ ու նեղսիրտ
Ամբոխի համար հավա՛տ ստեղծել.

Գուրգուրի՛ր նրան՝ ինչպես չար մանկան,
Պատժի ժամանակ անողո՛րմ եղիր,
Զեռքումդ ունեցիր փայլուն խարազա՛ն,
Հարվածի՛ր նրան և հառա՛ջ մղիր:

Հառա՛ջ տար նրան և ձեռքդ մեկնի՛ր,
Ցու՛յց տուր փրկության արյունոտ ուղին,
Կռվից փախչողին ծաղրանքով հեգնի՛ր,
Փառագոչ երգով գովի՛ր կռվողին…

Սի՛րտ տուր ընկածին, գետնից վե՛ր քաշիր,
Մի՛ թողնիր երբեք, որ մնա նա ցած.
Կենդանի երգով զարթեցրու՛, շարժի՛ր
Զգացմունքները նրա վհատած:

Բարկության հրո՛վ շնչիր չարի դեմ,
Որ թույնով, փողով գա՛հ է բարձրացել,
Եվ լուսավորի՛ր, ցու՛յց տուր ամբոխին,
Թե ի՛նչ ընթացքով չարիք է գործել։

Թող որ ճանաչե՛ և պատուհասե՛
Նրա չարությունն ամենակատար,
Եվ այնուհետև կուրորեն չասե՛
«Մեծ» կամ՝ «մարդասեր, ազգի բարերար»…

Եվ պատվանդանը հիմքից խորտակի՛ր
Ոսկի հորթերի, ինքնամոլության,
Մարդոց սրտերում դարձյալ հաստատի՛ր
Լրբությամբ մերժած գահն աստվածության:

Մենք այն ժամանակ և կըգա՛նք քեզ հետ
Եվ քեզ կըսիրե՛նք, կըփառավորե՛նք,
Սրտի հրճվանքով կանվանենք «պոե՛տ»,
Ամեն մի խոսքդ կընդունե՛նք օրենք։

Չհանդուրժելով կեղծիքն ու նրա սփռած «հոգևոր ավերը», հանճարեղ Թումանյանը դեռևս 1890 թվականին է բարձրաձայնել.

«Օ՜, ցած խոսքերով անդուռն բերանի
Մի՛ հիշեք, մի՛, այն սուրբ անունը,
Դու՛ք, որ չգիտե՛ք փառքն Հայաստանի,
Որ չե՛ք ճանաչում նրա զորությունը»…

Ու հեգնանքով «երանի՜ տվել» «միամիտներին, անտեղյակներին».

ՄԻԱՄԻՏՆԵՐԻՆ

«Երանի՛ է ձեզ, որ չեք հասկանում,
Թե մարդիկ ինչո՛ւ, ինչե՜ր են անում,
Երանի՛ ձեզ, որ մարդու չեք զրկում
Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում…
Երանի ձեզ, որ ոչինչ չըգիտեք,
Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք»։

Իհարկե, չմոռանալով և «չարամիտներին՝ իրենց արդար պատժից խուսափելու նպատակով՝ հանցավոր սրտով կեղծավոր արտասուք թափողներին»…

ՉԱՐԱՄԻՏՆԵՐԻՆ

Դո՛ւք, մեծ հայրերի ընկած զավակներ,
Դո՛ւք, ո՜վ ստրուկներ մոլի կրքերի,
Դուք, ո՜վ զեխության խղճալի հյուրեր,
Որ շվայտ կյանքին դարձել եք գերի.

Դո՛ւք, որ ընկնում եք ո՛չ պատերազմում
Թշնամու սրով և ո՛չ ձեր մահով,
Որ եղբայրադավ ժողով եք կազմում
Եվ տեսնող աչքից կարծում ապահով։

Դո՛ւք, որ պատրաստ եք անմեղին կապած
Սեղանավորի ոտքի տակ զոհել,
Որ ավազակի առաջ սարսափած,
ճշմարտությունն եք ուրանում խոսել.

Դո՛ւք, որ ուզում եք աշխարքին խաբել,
Եվ դատաստանի առաջ դողալով
Գիտեք կեղծավոր արտասուք թափել
Չարությամբ լեցուն, հանցավոր սրտով.

Դո՛ւք, որ մարդկանց աչքերն եք կապում,
Ո՜վ սպասավորներ բանտի, խավարի,
Որ հարազատի արյունն եք թափում
Եվ ձեր եղբոր գույքն առնում ավարի.

Դո՛ւք, որ այրիի դառն արտասուքով
Շաղախեցիք ձեր սեղանի հացը,
Որ հպարտացած անօրեն գործքով
Հարցանում եք թե՝ ո՞ւր է աստվածը.—

Կըհասնի նա ձեզ, բարկությամբ արդար
Արժանի մահով պատուհասելու,
Եվ ո՞վ պիտի ձեզ ցույց տա ճանապարհ
Նորա բարկության պատժից փախչելու։