«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴ ՍՈՎՈՐՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅԱ՛Ն ՄԵՋ»…

Ազատությունը Մարդու մարդկայնությա՛ն, նրա ոգու՛, մարդկային բնությա՛ն դրսևորումն է, որը, բնականաբար (նաև՝ բնազդաբար) ակնկալվում է նույնիսկ բռնակալական պայմաններում:
Երբեմն, տևականորեն պարտադրված ճնշումների հետևանքով «քնած» կամ «բթացած» այդ բնույթն արթնացնելու անհրաժեշտությունն է առաջանում՝ կործանումից խուսափելու համար:
Ազատության գոչով դարեդար Հայ ազգին իրենց կոչն են հղել հանճարեղ Հայորդիներն իրենց խոսքով, գրչով կամ անձնական անվեհեր սխրանքով…

Իր վեպերում անդրադառնալով պատմական իրադարձություններին, Րաֆֆին մատնանշում էր քաղաքական, ազգային, բարոյահոգեբանական խնդիրները, որոնք Հայի հոգում դարերով կուտակված հետքեր են թողել և ուրվագծում էր Ազատագրման ուղին…
Առաջին անգամ՝ 1883 թվականին լույս տեսնելուց հետո, նրա «Կայծեր» վեպը մեծ ազդեցություն է ունեցել ընթերցողների վրա ու նրանց միջոցով ներգործել նաև մյուս՝ բազմահազար ազգակիցների, նրանց սերունդների մտածողության ձևավորման վրա՝ գրականությունը դարձնելով Պատմություն կերտող ուժ…
Հիշեցնելով, որ «Վիպասանության լեզուն և զանազան դեմքերի զրույցները ժողովրդի կենդանի խոսքն է. հեղինակի գրիչը լոկ թարգման է կենդանի բարբառին: Այդ պատճառավ, ազգերի կյանքից առնված վիպասանությունքը՝ եթե ուղիղ հարմարած էին նոքա ժողովրդի կենցաղավարությանը, ամենևին մտածին և երևակայական բանաստեղծությունք չեն» (Րաֆֆի):

Րաֆֆու «Կայծեր»-ից մի հատված՝ ստորև, ի հիշեցումն…

ԱՍԼԱՆԻ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արեգակը արդեն ծագել էր, երբ մենք հասանք վանքի մոտ: Մարոն այնպես անցավ ուխտավորների բանակի միջից, որ ոչ ոք նրան չճանաչեց:
Ես այնուհետև մի քանի անգամ տեսնվեցա Ասլանի հետ. նա իր աբեղայական կերպարանքով հայտնվում էր ուխտավորների ամեն շրջաններում:
«Այստեղ, ասում էր նա, այս տոնախմբության առիթով հավաքվել են ամեն երկրի Հայեր, և ես նրանց լավ ուսումնասիրելու համար փոխեցի կերպարանքս, գիտեի, որ աբեղան ավելի մատչելի է նրանց: Այս մարդիկն առանց զգացմունքի, առանց եռանդի չեն. նրանք հասկանում են իրանց դրության բոլոր այլանդակությունը, բայց դարևոր հարստահարությունների տակ ճնշվելով, մինչ ա՛յն աստիճան հոգով և մարմնով թուլացած են, որ շատ բնական են գտնում իրանց վիճակի բոլոր դառնությունները:

Նրանք կարծում են, թե այլ կերպ լինել կարող չէր, թե իրանք ստեղծված են ստրուկներ լինելու համար: Մի ձեռք, մի զորեղ ձեռք պետք է, որ դրանց վեր բարձրացնե ընկած դրությունից և կանգնեցնե մարդկային ազատ իրավունքների վրա»:
Այնուհետև նա երկար խոսում էր ինձ հետ զանազան առարկաների վրա, ես մինչև այսօր չեմ մոռացել, և կարող եմ բոլորը բառ առ բառ գրել: Նա ասում էր.
«Լինում է, այո՛, որ մի ամբողջ ժողովուրդ ի՛նքն է կանգնում ոտքի վրա, ինքն առանց օտարի ձեռնտվության թոթափում էր իր վզից ստրկության լուծը: Բայց դա լինում է այն ժամանակ, երբ նա բավականին հասկացել է, թե ի՛նչ բան է Ազատությունը:
Եթե մեր ժողովրդի առաջնորդող մասը նրան ա՛յն շավղի մեջ դրած լիներ, նրան այնպիսի՛ ուղղություն տված լիներ, որ նա վերջապես հասկանար, թե ո՛րքան վատ է օտարի կոպիտ ուժի տակ ճնշված դրությունը, թե ո՛րքան լավ է իր սեփական Հողի վրա իր քրտինքով ազատ ապրելը՝ մեր գործը շատ հեշտ առաջ կերթար…
Բայց ովքե՞ր են մեր ժողովրդի առաջնորդող անձինքը:
Մենք ազնվապետական դաս չունենք, մենք ունենք վաճառականներ և եկեղեցականներ: Վաճառականները, այլ խոսքով՝ դրամատերերը. դուք գիտեք, ի՛նչ տեսակ հրեշներ են:
Մնում են եկեղեցականները, որոնց ձեռքումն է ժողովրդի կրթությունը և նրա բարոյական և մտավոր դաստիարակությունը:
Եկեղեցականը, ո՛ր ազգի մեջ և լիներ նա, մի՛շտ ընդդեմ է մարդկային անհատական ազատության:
Եկեղեցականը մի՛շտ ընդդեմ է ազգայնության գաղափարին. նա ճանաչում է ազգը միայն կրոնքի անունով. նրա «հոտի» մեջ «խուժդուժ, սկյութացի և հույն» — բոլորը մեկ են:
Եկեղեցականը մի՛շտ ընդդեմ է աշխարհային բարեկեցության. նա չէ՛ կարող համբերել, որ մարդը ճանաչեր իր Հայրենիքը, այսինքն՝ երկրի այս կամ այն կտորի վրա հիմներ իր կյանքի և ապրուստի գոյությունը:
Եկեղեցականը հերքու՛մ է ներկա աշխարհը. նրա հայրենիքը երկինքն է:
Ուրեմն մի ժողովուրդ, որ հանձնված էր եկեղեցականի կրթությանը, կարո՞ղ է մտածել այս բաները՝ թե ինքը մի ազգի որդի է, ունի իր առանձնությունները, իր պատմությունը և իր ավանդությունները, որոնք իր համար նու՛յնքան սուրբ են, որքան սուրբ է ազգային ինքնուրույնությունը: Թե իր նախնիքը թողել են իրան մի կտոր հող. դա իր նվիրական ժառանգությունն է. այն հողը պետք է մշակել և նրանով քաղցր ու հանգիստ վարե իր կյանքը:
Ես կհայտնեմ քեզ միմիայն Վանա նահանգի, կամ հին անունով Վասպուրականի, վիճակագրությունը, և կտեսնես, թե ժողովրդի հետ համեմատելով, որքան մեծ տեղ է բռնում եկեղեցական տարրը իր վանքերով և մենաստաններով»:

Նա հանեց իր ծոցից մի փոքրիկ հիշողության գրքույկ և սկսեց կարդալ.
«Վանա նահանգն ունի 24 գավառ, որոնք շրջապատում են Բզնունյաց ծովակի չորս կողմը: Հիշյալ գավառների մեջ բազմաթիվ հայաբնակ և խառնաբնակ գյուղերից այժմ շեն մնացած են 1652-ը. նրանց մեջ բնակվում են 43.750 Հայ ընտանիք, որոնք բաղկացած են մոտ 350.000 հոգուց: Բացի գյուղաբնակներից, Վան քաղաքն ունի 20.640 հոգի Հայ բնակիչ. կնշանակե ամբողջ Վանա նահանգն ունի 370.640 հոգի Հայ բնակիչներ: Հիշյալ գյուղորայքում և Վան քաղաքում կան 382 եկեղեցիներ, որոնք ունեն 270 քահանա, կնշանակե շատ գյուղեր զուրկ են եկեղեցուց, և շատ եկեղեցիներ քահանա չունեն, բայց կան այնպիսի գյուղեր, որոնք մի եկեղեցու փոխարեն ունեն մի քանիսը:
Դրա հակառակ, համեմատաբար շատ խոշոր բազմություն են կազմում կուսակրոն աբեղաները, վանքերը և մենաստանները:
Վանա նահանգն ունի 87 վանքեր և մենաստաններ, որոնց մեջ բնակվում են 1.500-ի չափ եպիսկոպոսներ, վարդապետներ, ճգնավոր և մենակյաց աբեղաներ:
Այս բոլոր կրոնական հիմնարկությունների հանդեպ ամբողջ նահանգում չկա՛ ոչ մի ժողովրդական դպրոց: Կան, արդարև, մի քանի վանքերի խուցերում փոքրիկ վարժարաններ, բայց նրանք պատրաստում են տիրացուներ և կրոնավորներ միայն, իսկ ժողովրդի հազարից մեկը անգամ գրագետ չէ:
Երևակայեցեք 87 վանքեր և մենաստաններ ու 1.500-ի չափ կուսակրոն աբեղաներ մի նահանգում, — դա մեծ քանակություն է: Բայց առաջ ավելի բազմաթիվ են եղել վանքերը. նրանց շատերի ավերակներն են մնում այժմ. և շատերը բոլորովին անհետացել են:
Աբեղաների մասին նույնպես խոսում են, թե այժմ նրանց թիվը կիսով չափ պակասել է. բայց այդ մնացածները դարձյալ շատ են:
Եվ այս ծույլ, ցնորամիտ «երկնաքաղաքացիների» ազդեցությանն ենք պարտական, որ մեր ժողովուրդն այսօր գտնվում է իր խորին բթամտության մեջ:
Բայց եղել են ժամանակներ և այն ժամանակները շա՜տ հին են, երբ մեր եկեղեցականներն այնպես չէին, որպես այժմ: Նրանք դրանց նման անբնական կյանք չէին վարում. նրանք գերդաստանի հայրեր էին և ընտանիքների մեջ էին բնակվում:
Այս պատճառով, նրանք գիտեին, թե ի՛նչ է կյանքը, ի՛նչ է աշխարհը և ինչպե՛ս պետք է հոգ տանել նրա համար, որ մարդու ապրուստը հանգիստ ու բախտավոր լինի: Գերդաստանի հայր լինելով, միևնույն ժամանակ նրանք ժողովրդի՛ հայրն էին. ծնողական սիրո զգացմունքը առաջ էր բերել նրանց մեջ և խիստ ջերմ սեր դեպի ամբոխը, և բոլոր սրտով նվիրել էին իրանց անձը ժողովրդի բարօրությանը:

Իսկ այժմ չէ՛ կարելի գտնել մի մարդ, որ այնպես վայրենի, անզգա և անտարբեր լիներ դեպի հասարակաց բարին, ինչպես մեր կուսակրոն եկեղեցականը:
Վանքն այն ժամանակ, այժմյան պես, աշխարհային գործերից փախած և իրան երևակայական հոգևոր ցնորքների նվիրած, ծույլերի բնակարան չէր:
Վանքն այն ժամանակ, այժմյան պես շնորհավաճառության, կախարդության և տեսակ-տեսակ մոլությունների հանդիսարան չէր:
Վանքն այն ժամանակ հոգևոր և մարմնավոր դպրոց էր, ուր անխոնջ միաբանությունը պարապած էր մանկտու կրթությունով, գրքերի թարգմանությունով, ինքնուրույն հեղինակություններով և գիտությունն ու լույսը ժողովրդի մեջ տարածելով:
Եկեղեցականությունն այն ժամանակ, որպես կրոնի, եկեղեցու և կրթության, նույնպես և Հայրենիքի՛ ու պետությա՛ն հզոր պաշտպանն էր:
Եթե լինում էին մեր թագավորների ու նախարարների մեջ խռովություններ, եկեղեցականն էր նրանց մեջ հաշտեցուցիչ տարրը: Եթե լինում էին թշնամու հետ պատերազմներ, եկեղեցականն էր ոգևորում ժողովրդին կռվելու, քաջությամբ կռվելու և պաշտպանելու իր Հայրենիքը: Եթե որևիցե թագավորի հետ պետք էր խաղաղության դաշն կապել, եկեղեցականն էր դեսպանախոսության գնում: Եթե հայրենիքին վտանգ էր սպառնում և ուրիշ թագավորից պետք էր օգնություն խնդրել, եկեղեցականն էր միջնորդ դառնում:
Մի խոսքով, բարձր հոգևոր կառավարությունը խիստ սերտ կերպով կապված էր թագավորի իշխանության հետ. և երկու ներդաշնակ ուժեր, միացած մի ամբողջության մեջ, լծորդաբար առաջ էին տանում պետության կառավարությունը:
Եվ այն ժամանակ Հայաստանը երջանիկ էր…
Այս ամենը, ինչ որ գործում էր եկեղեցականությունը, բոլորովին ընդդեմ էր նրա կրոնական բնավորությանը:
Բայց մեր եկեղեցականությունը այն ժամանակ մի նշանավոր բացառություն էր կազմում ամբողջ քրիստոնեական աշխարհում. նա կատարյալ ժողովրդական էր: Նա միացնում էր իր մեջ հոգևոր և նյութական կյանքը՝ իրական աշխարհը և երկինքը: Իսկ ա՞յժմ…
«Այժմ եկեղեցականը մեզ համար մի մեռած և անպիտանացած տարր է. նորից կյանք տալ նրան, դա շատ ուշ կլիներ. այդ պատճառով մենք ստիպված ենք դիմել ուրիշ միջոցների, որպեսզի մեր ժողովուրդը վերականգնենք, որի մեջ դեռ բոլորովին հանգած չեն կենսական ուժերը:
Այո՛, հանգած չեն, բայց մնացել են նրանց անզոր կայծերը միայն, որոնց պետք է շունչ տալ, բորբոքել, մինչև նրանք բոցավառվեն…
Իսկ դա լինում է տոկուն և հիմնավոր կրթությամբ, որպեսզի ժողովուրդն ի՛նքը հասկանա, թե որքան լավ է Ազատությունը, որքան հանգիստ և ուրախ է լինում մարդու կյանքը, երբ նա ազատ է…

Բայց մեր ընկեր Կարոն բոլորովին տարբեր մտածություն ունի. նա Բնության հարազատ և ազատ որդին է:
Նա ասում է՝ «Ազատությունը Մարդու ընդաբույս բնազդումներից մեկն է. նա ստեղծված և ծնված է Մարդու՛ հետ»:
Նա ասում է` «Բնության մեջ ամեն մի առարկա, որոնց մեջ կա կյանքի և աճելության զորություն, պահանջում են ազա՛տ լինել, ազա՛տ զարգանալ:
Եվ եթե Մարդը տանում է ստրկության, դա ակամա է. հեռացրո՛ւ նրանից ճնշող ուժը, կտեսնես՝ նա Ազատ էակ է»:
«Շատ հարկավոր չէ,- ասում է Կարոն,- որ Մարդը հասկանա թե ի՛նչ բան է Ազատությունը, որպեսզի ձգտումն ունենա դեպի նա:
Որպես կարող է մարդը չգիտենալ, թե ի՛նչ նյութ է օդը կամ ո՛րպիսի քիմիական տարերքից բաղադրված է նա և կամ ի՛նչ սնունդ է տալիս իր մարմնին, — բավական է, որ նա գիտե՝ երբ օդ չշնչե՝ կմեռնի:
Ազատությունը,- ասում է նա,- Մարդու հասարակական կյանքի մթնոլորտն է, որի մեջ զարգանում է նա, կատարելագործվում է և հասնում է իր Մարդկային բարձր նշանակությանը:
Որքան ճնշված, որքան սահմանափակված լինի այս մթնոլորտը, այնքան Մարդը անզոր, ծույլ և բթամիտ կմնա:
Ազատությունը մարդ սովորում է ազատությա՛ն մեջ»:

Ես մասամբ համաձայն եմ Կարոյի հետ,- առաջ տարավ Ասլանը,- այո, Ազատությանը մարդ ընտելանում է Ազատությա՛ն մեջ:
Բայց գլխավոր բանն այն է, թե ի՞նչ միջոցներով պետք է տալ մի ճնշված ժողովրդին Ազատություն, երբ որ հազարավոր զորեղ ձեռքեր արգելք են լինում:
Եվ ո՛վ պետք է առաջնորդե ժողովրրդին դեպի Ազատություն:

Մեր դրամատերերն, որպես դու տեսար, սկսած առաջին «ամիրայից» մինչև վերջին «քեռի Պետրոսը» ավազակներ են, ապրում են ժողովրդի արյունով և քրտինքով:
Մեր եկեղեցականները, սկսած պատրիարքից մինչև վերջին Կարապետ հայր սուրբը, նույնպես ավազակներ են:
Պատրիարքը իր առաքելական աթոռը գնում է սուլթանի բարձրագույն դռնից կաշառքով. իսկ Կարապետ հայր սուրբն իր վանքի վանահայրությունը գնում է քուրդ իշխանից՝ նույնպես կաշառքով: Երկուսն էլ պետք է կողոպտեն, կեղեքեն ժողովուրդը, որ կարողանան իրանց բռնապետական դիրքը պահպանել:
Մեզ պակաս է և հասարակական գլխավոր զորությունը, այն է՝ թարմ և նորահաս երիտասարդությունը: Դրանք կարող էին դպրոցների, գրականության և լրագրության միջոցով զարթեցնել և նախապատրաստել ժողովրդին:
Բայց, դժբախտաբար, մենք երիտասարդություն չունենք. մենք ունենք Կ.Պոլսում մի քանի տգետ և ամեն կրթությունից զուրկ «զևզեկներ» միայն, որոնք ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ շաղակրատ տիրացուներ: Էլ ո՞վ է մնում:
Մնում են մի քանի «Կարո»-ներ, արդարև, ազնիվ և գործող անձինք, բայց մի ձեռքը ծափ կզարկե՞…
Այսուամենայնիվ, մենք բոլորովին հուսահատ չենք. մենք ունենք մի, թեև անմշակ, բայց մեծ զորություն՝ ամբոխը. դա բավական է»…