«ԿԱՄ՝ ԿԳՏՆԵ՛Մ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ԿԱՄ՝ Ի՛ՆՔՍ ԱՅՆ ԿԲԱՑԵՄ»…

«Aut viam inveniam, aut faciam» — Լատիներենով հայտնի այս ասացվածքը վերագրվում է Հին աշխարհի մեծահամբավ զորավար Հանիբալին (ն.թ.ա. 247թ. — ն.թ.ա. 183թ.), որն արտասանել է դեպի Հռոմ իր արշավանքի ժամանակ՝ դժվարամատչելի Ալպերի լեռներով անցնելիս՝ «Կամ՝ կգտնե՛մ ճանապարհը, կամ՝ ի՛նքս այն կբացեմ»:

Հանիբալ

Հիշյալ ասացվածքը հայտնի էր նրանից առաջ ևս:
Եվ կրկնվեց հետագայում նույնպես, հավաստելով, որ դժվարին իրավիճակներում է բացահայտվում Մարդու Ոգու ուժը:

..«Եվ երգում էր մեկը՝ հզոր, հուժկու ձայնով ահեղագոչ,
Գո՜վքն էր երգում կռվի ելած, արիացած իր ընկերոջ։
Որպես բազե՝ երգը նրա սլանում էր հեռո՜ւ, հեռո՜ւ —
Եվ երգելով կռվում էր նա՝ լուսաժպիտ ու ահարկու։
Երգում էր նա։ Մայր էր մտնում Արևը հին՝ կարմիր քուրա։
Եվ դաշտերում իրիկնային — զանգ էր կարծես ձայնը նրա։
Զա՜նգ էր կարծես, զանգում էր զիլ, որ ո՛ղջ աշխարհը իմանա —
Բորբ կարոտով անծայրածիր, կրակելով երգում էր նա»…(Չարենց)

«Ուր կամք կա, այնտեղ կա և ճանապարհ»,- հիշեցնում էր Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ու հորդորում Արարել՝ Հայրենիքը շենացնելու սրբազան գործին նվիրվել…

Մուրացան (1854, Շուշի — 1908, Թիֆլիս)

«Մենք որդիք ու անդամներ ենք այնպիսի մի ազգի, … որ ունի կարիքներ ու ցավեր։ Այդ ազգն իրավունքով սպասում է մեզ, յուր հարազատ որդիներին, որովհետև գիտե, որ մենք բարձր ուսում ու կրթություն ստանալով, ձեռք ենք բերում այն ուժը, որով պիտի կարենանք յուր կարիքները լցնել և ցավերը դարմանել։
Հետեվապես, մեզ վրա դրվում է սրբազան պարտք՝ ի դերև չհանել սպասող ազգի հույսն ու ակնկալությունը։
Մեզանից յուրաքանչյուրը պիտի համարե իրեն մի պարտապան, որ ունի վճարելիք յուր պարտատիրոջ, այսինքն՝ ազգին, ուստի և մտածե այդ պարտքը վճարելու եղանակի վրա, և վճարե սիրով, համարելով այդ պարտքը ո՛չ թե բեռն ու ծանրություն, այլ յուր սրտին հանգիստ և հոգվույն հաճույք բերող մի գործ։
Մի երկու ամիս ևս և մենք կթողնենք այն տաճարները, որոնց հարկերի տակ մեր սրտերում ցանեցին գիտության ու բարվո, ճշմարտի և գեղեցկի լավագույն սերմերը. մի երկու ամիս ևս և մենք կբաժանվինք իրարից, ո՞վ գիտե, գուցե հավիտյան։
Արդ, քանի միասին ենք, քանի տեսնում և լսում ենք իրար, ահա՛ խոստանում ենք միմյանց` ընկերի և ուսանողի ազնվագույն խոստումով, որ մեր սրտերում ցանված սերմերը պիտի աճեցնենք կյանքում հիսնապատիկ, հարյուրապատիկ, և այդ սերմերից ելած պտուղները վայելել տանք նախ՝ այն ազգին ու ժողովրդին, որին պատկանելու պատիվն ունինք և ապա թե դրանից բաժին հանենք մեզ։
Չենք որոշում, իհարկե, թե ո՞վ մեզանից ի՞նչ չափով է պարտավոր ծառայել ազգին, բայց հավատում ենք, թե մեզանից յուրաքանչյուրը սիրով պիտի լսե այն ձայնը, որ կանչում է՝ «Հունձք բազում են և մշակք սակաւ…»։
Հետևապես և՝ պիտի շտապե դառնալ «մշակ» այդ «հունձերի» համար և աշխատել ու քրտնել ազգի անդաստանում։
Խոստանում ենք, որ ոչ ոք մեզանից պիտի ետ քաշվի վատաբար, կամ ասե, թե իմ ուժն անկարող է ազգի կարիքները լցնելու, այլ պիտի աշխատե ըստ յուր կարողության, հիշելով այն առածը թե՝ «Ուր կամք կա, այնտեղ կա և ճանապարհ»։
Եվ իրավ, եթե ջուրը յուր կաթիլներով ծակում է ապառաժը, մի՞թե մեր կամքը այդ չի կարող անել։

«Ամենալավ իմաստությունը հաստատ որոշումն է»,- ասում էր Նապոլեոնը։
Եվ ես կարծում եմ, եթե մենք ևս կյանքի մեջ հետեվինք այդ իմաստուն խրատին, անշուշտ, կգործենք ավելի՛ հաջողությամբ, քան կարող ենք այժմ երևակայել։
Մեր ժողովուրդն, իրավ, կարիքներ շատ ունի, և այդ ամենը մենք չենք կարող դարմանել։
Բայց եթե այսօր մենք մի մասը դարմանենք և վաղն ուրիշները՝ մի ուրիշ մասը, և այսպես գործը շարունակվի անընդհատ, կարիքները կդարմանվին կարճ ժամանակում, և ցավերը կվերանան անզգայապես։

Աշխատող ձեռքը, պարոննե՛ր, չի պտրիլ երբեք վարդալիր պարտեզ, այլ կերթա՛ այնտեղ, ուր հողն անմշակ է և դաշտերը՝ խոպան, նա յուր քրտինքը կթափե այդ հողում, որպեսզի ապագայում մխիթարվի այն մտքով, թե ինքն իրավամբ կրում է Արարչի պատկերը, վասնզի կարողացավ «ինչն ստեղծել ոչնչից»։
Պատմության մեջ հայտնի բազմաթիվ անձինք նշանավոր են դարձել և ազգերի ու սերունդների սերն ու սիրտը գրավել ո՛չ այն պատճառով, որ իրենց անձն են սիրել, կամ շահը խնամել, այլ՝ որովհետև նվիրվել են հասարակաց բարվույն, ժողովրդին ու Հայրենիքին։

Դրանցից շատերը սկսել են գործել ամենաաննպաստ պայմաններում, շարունակ արգելքների ու հալածանքների հանդիպելով: Բայց, որովհետև ունեցել են հաստատուն կամք, որովհետև անկեղծորեն սիրել են ժողովուրդը, ուստի և հաղթել են ամեն արգելքների և ստեղծել աշխարհում հոյակապ գործեր։
Մենք էլ, ուրեմն, գործելու ժամանակ առաջնորդ ունենանք պատմության հերոսներին և ինչ աննպաստ պայմանում էլ որ սկսենք մեր գործը, հիշենք այն իմաստուն նշանաբանը, որ փորված է եղել մի հին կացնի վրա` «Կամ կգտնեմ ճանապարհը և կամ՝ ի՛նքս բաց կանեմ»։
Այսպիսի որոշումով գործել ցանկացող մարդուն արգելքը չի՛ վհատեցնիլ, այսպիսի մարդու առաջ ժայռե՛րն անգամ կհալվին…» (Մուրացան):

Facebook Comments