«ԱՐԻ ՄՐՑՈՒ՛ՄՆ ԱՇՈՒՂՆԵՐԻ՝ ԵՐԳԻՍ ԿՌՎՈՎ ՍԱԶԴ ԽԼԵ՛Մ»…
«Ո՛վ Հաղպատի Սայաթ-Նովա, ոչ թե կյանքի խասի համար`
Վանքից փախա ես էլ, քեզ պես, երգի ոսկե վազի՛ համար,
Արի մրցու՛մն աշուղների՝ երգիս կռվով սազդ խլե՛մ,
Որ էլ չասեն, թե չեմ ծնվել անմահական սազի համար»… (Հ. Շիրազ)
Հայ աշուղական արվեստի մեծանուն գործչի՝ աշուղ Ջիվանու որդին՝ գրականագետ, արվեստաբան, մատենագետ, պրոֆեսոր Գարեգին Լևոնյանն (1872-1947) իր անխոնջ գործունեությամբ նվիրվեց Հայ մշակութային ժառանգության ուսումնասիրության, պահպանման ու սերունդներին փոխանցման կարևորագույն գործին՝ հարստացնելով ազգային ինքնաճանաչողությանը նպաստող շտեմարանը:
Գարեգին Լևոնյանի դիմանկարը՝ Մ. Սարյանի վրձնով
Պատմա-քննական հայացքով ներկայացնելով Հայ աշուղներին՝ երգիչներին, գուսանական արվեստը, նա նկարագրում է աշուղների մրցումը, որոնք անցկացվում էին բացօթյա մի վայրում, հրապարակում կամ մի մեծ սրճարանում:
«Օր առաջ արդէն տարածւում է լուրը, թէ «այսինչ» աշուղը եկել է «այսինչ» աշուղի հետ մրցելու, փորձուելու: Եկուորը լինում է կամ մի անուանի աշուղ, կամ նոր երևացող ոյժ, տեղացի յայտնի աշուղին ցոյց տալու իւր «հունարը», «մարիֆաթը», շնորհքը: Հաւաքւում է բազմաթիւ հասարակութիւն՝ ունկնդիր և վկայ, իսկ տեղական և մօտակայ աշուղներն էլ հետաքրքրութիւնից բացի՝ ներկայ լինելով հանդիսանում են որպէս ընթերակայ և դատաւոր:
Մրցող աշուղները նստում են դէմ առ դէմ, սազերը ձեռքերին և սկսում գործը:
Ինչպէս մենամարտութեան ժամանակ սովորութիւն է՝ ատրճանակը առաջինը նա՛ է արձակում, ով ինքը չի եղել առաջարկողը, այնպէս էլ այստեղ՝ առաջին հարցերը ա՛յն աշուղն է ասում, ով պատճառ չի եղել այդ մրցման: Նորեկը, փորձուել ուզողը, ուշադրութեամբ լսում է վարպետ աշուղի երգը:
Թէ ի՜նչպիսի լարված դրութեամբ ու սրտի բաբախումով սպասում են ներկայ եղողները, դրան պէտք է միայն ականատես լինել:
Խօսք չը կայ, որ աւելի ևս լարուած ու շփոթուած դրութեան մէջ են լինում գործի հերոսները. տիրում է այնպիսի ոգևորութիւն, որ մարդ մի րոպէ կարծում է, թէ Օլիմպիական խաղերի դարերումն է ապրում:
Այնպիսի պատկառանքով ու լրջութեամբ են վերաբերւում աշուղները, թէ ունկնդիր հասարակութիւնը այդ գործին, որ ճիշտ կարծես գիտութեանց կաճառում ու ճեմարանում ակադեմիկ ու պրոֆեսոր վեճ ունին մի նշանաւոր խնդրի կամ դիսերտացիայի մասին:
Յանկարծ տիրող լռութեան, ժողովրդի «քըսըր-փըսըր»-ի միջից լսւում է վարպետ աշուղի հեղինակաւր ձայնը. նա երգով հեգնում է նորեկին, ծաղրում է նրա յանդգնութեան վերայ, որ համարձակուել է դուրս գալ իւր նման յայտնի աշուղի առաջ: Մի խօսքով, շատ բարձրից խօսելով ուզում է հենց սկզբից նրա աչքը վախեցնել:
Սրա ամեն մի տուն յարձակողական երգին նա պատասխանում է անպատճառ նոյն ղաֆիայով, — ձևով (չափ, վանկ, յանգ):
Այս սկզբնական հակաճառութիւնը, որ համեմատաբար թեթև բան է լինում, կազմում է դեռեւս մրցման նախերգանքը. ինչպէս որ ըմբիշները կպչելուց առաջ դեռ մի քանի անգամ միմեանց մօտենում են ու թափ տալիս՝ փորձելու հակառակորդի ոյժը:
Յետոյ եկւոր աշուղը solo ածում է մի դժուարին եղանակ՝ երևի ցոյց տալու երաժշտութեան մէջ իւր ունեցած ընդունակութեան չափը:
Նուագածութիւնից յետոյ սկսւում է իսկական մրցումը:
Վարպետ աշուղը ծանր եղանակով երգում է մի ղափուլլամա՝ զանազան հարցեր պարունակող մի երգ՝ հրաւիրելով մեկնել իւր հարցերը:
Հակառակորդը իւր բոլոր ոյժը, ընդունակութիւնը, շնորհքը գործ է դնելու, որ նրա երգելու միջոցին մտքի մէջ մեկնէ բոլոր հարցերը ու ոտանաւորի վերածէ նոյն չափով ու յանգով:
«Աշուղների մրցումը» (գրքի նկարազարդում, 1965 թ., Հայաստանի Ազգային Պատկերասրահի հավաքածու), նկարիչ՝ Միհրան Սոսոյան
Այստե՛ղ է ահա աշուղական արուեստի ամենադժուարին կողմը, այստե՛ղ է աշուղի յանկարծախօսութեան (improvisation) ընդունակութեան չափը հայտնի լինում. այստե՛ղ է եկւոր աշուղի քննութիւնը:
Նա, եթէ կարողանում է տրուած հարցերին պատասխան գտնել ու երգ հիւսելով նոյն եղանակով ասել, արժանի է լինում «վարպետ աշուղ» կոչուելու: Իսկ եթէ չի կարողանում մրցութեան դիմանալ՝ սազը ձեռից առնում են ու ճանապարհ ձգում. այսինքն՝ «Գնա՛, դու արժանի չես աշուղ կոչվելու»:
Պատահում է երբեմն՝ գործը բոլորովին այլ կերպարանք է ընդունում: Եկւոր աշուղը լինում է նոյնպէս յայտնի կամ մի նոր տաղանդաւոր երիտասարդ ու երբ պատասխանում է վարպետ աշուղին ու ինքն էլ ստանում վարպետի կոչումը, դրանով չբաւականանալով, ուզում է և «կապել», այսինքն՝ յաղթել նրան:
Նա ինքն էլ իւր կողմից մի հարցական երգ է ասում աւելի դժուար կազմով ու յանգով ու խնդրում է պատասխանել:
Հին վարպետը դժուարանում է պատասխանել ու մնում է շուարած: Իրարանցում է ընկնում ժողովրդի մէջ, որ մի «ղարիբ տղայ» իրենց յարգուած վարպետին «կապեց»:
Վերջինս, աշուղական աւանդական սովորութիւնը դրժել չուզելով, իւր ձեռքով սազը յանձնում է նրան ու ձեռքը համբուրում՝ խոստովանելով նրա՝ իրենից բարձր լինելը: Բայց այսպիսի հազուագիւտ դէպքերում յաղթողն առհասարակ վեհանձնաբար յետ է դարձնում սազը հին աշուղին ու ինքն էլ նրա ձեռը համբուրում՝ խնդրելով նրա «հայրական օրհնենքը»:
…«Ուշադրութեան արժանին ա՛յն է, որ յարգուած ու սիրուած ծերունի աշուղը, եթէ յաղթւում է մի նոր յայտնուող աշուղից, ժողովրդի մէջ իւր պատիվը չի կորցնում, որովհետև նա՛ էլ իւր ժամանակին ուրիշներին է յաղթել, այլ մնում է իւր աստիճանի վրայ. միայն թէ յաղթողը նրանից աւելի հեղինակութիւն ու համարում է ձեռք բերում ու սազը կախում նրա սազից վեր»…
Աշուղական մրցման բանավոր կողմի մասին՝ հաջորդիվ…
Աշուղ Ջիվանի
(գրքի նկարազարդում),
նկարիչ՝ Հակոբ Կոջոյան (1883-1954)
(Հայաստանի Ազգային Պատկերասրահի ֆոնդապահոց)