«ԱՇՈՒՂՆԵ՛Ր, ԴՈՒՔ ԲԱՐՈ՛Վ ԵԿԱՔ»…

«Աշուղը ժողովրդի ժամանակագիրն է ու արձագանքը»:
(Գարեգին Լևոնյան)

…«Ի՞նչ ձայն կարող է լինել այնքան ազդու, քան թե մի երգ, որ հնչեցնում է ժողովրդին նորա ցավերը, նորա սրտի տխուր կամ ուրախ զգացմունքները»: (Րաֆֆի)

Հնագույն շրջանից եկող ազգային ավանդույթները, արհեստներն ու արվեստները պահպանած քաղաք է Գյումրին (Կումայրին), ուր 1828 -1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո տեղափոխվել էին Կարինից, Բայազետից, Կարսից ու այլ վայրերից բռնագաղթած Հայեր:

«Մեր Գյումրվա վարպետների ճարտարապետության մեջ կան անթիվ տարրեր, ընդօրինակումներ հին մեր՝ Անիի, վանքերի, ճարտարապետական մնացորդներից, կոթողներից, մոտիվներ, տրամադրություններ, զգացումներ, ձևեր… Գյումրվա որմնադիր վարպետները Անիի աշակերտներն են, անտեսանելի, անանուն, անունները մոռացված վարպետների աշակերտներ, որոնք, դիտելով մանուկ օրերից Անիի շենքերը, ավերակները, աոել են նրանց արվեստը, արվեստի գաղտնիքները…»,- գրել է Ավետիք Իսահակյանը:

«Ալեքսանդրապոլը (Լենինականը) աշուղների քաղաք էր համարվում:
Ես իմ պատանեկության ժամանակ հաշվում էի երեսունի չափ աշուղներ և ժողովրդական երգիչներ (երգահաններ), որոնք անուն ունեին հայրենի քաղաքում և հայրենի քաղաքից դուրս:
Այդ աշուղ–երգիչներից նշանավորներն էին՝ Զիվանին, Ջամալին, Ֆիզային, Մալուլը, Պայծառը, Խայաթը և ուրիշները:

Աշուղներ Ջամալին և Ջիվանին, լուսանկարել է Պերճ Պռոշյանը՝ 1871 թվականին

Դրանցից Ջիվանին, Խայաթը, Շերամը և ուրիշներ հանդես են եկել որպես բանաստեղծ, եղանակող, նվագող ու երգող: Եղել են նաև միայն երգողներ, միայն նվագողներ, նաև՝ միայն պարեղանակներ հորինողներ: Այս վերջիններից է կույր աշուղ Համբոն (Համբարձում Ադամյան. 1867–1904, «Զուռնի տրնգի»-ի հորինողը): Նրանք բոլորը իրենց արվեստին նվիրված գործիչներ էին, ուսումնասեր, կարդացած մարդիկ, քաջատեղյակ ոչ միայն աշուղական արվեստի նրբություններին, այլև Հայ և արևելյան հերոսավեպերին ու սիրավեպերին. Հայ և օտար առասպելաբանությանը:
Իմացել են լեզուներ, այդ լեզուներով երբեմն խաղեր հորինել, չափվել նույնպես օտարների հետ նրանց լեզուներով:
Աշուղները մասնակցել են մրցությանը, որ տեղի է ունեցել հրապարակով՝ բազմաթիվ երգասերների ու աշուղների ներկայությամբ: Պարտվածի նվագարանը վերցնելու սովորություն չի եղել: Պարտվածը հանպատրաստից մի երգով խոստովանել, գովաբանել է հաղթողի բարձր արվեստը, և այդպիսով վեճ–մրցությունը ավարտվել է խաղաղությամբ, մարդկայնորեն» (Ա. Իսահակյան):

Աշուղ Ջիվանին՝ կենտրոնում (1897թ.)

Մ. Աղայանի՝ «Հայ գուսանները և գուսանա-աշուղական արվեստը» ուսումնասիրությունը (Երևան, 1959) հաստատումն է հայտնի ասացվածքի՝
«Աշուղի լեզուն օրհնած է»:
Հեղինակն անդրադառնում է հնագույն ավանդույթներից սնվող գուսանական արվեստին…
«Գուսանների մասին Սպ. Մելիքյանը գրում է.
«Այդ գուսանները, կամ այսպես կոչված վարձակները, հնում, ինչպես և վաղ միջնադարում, նույն դերն են խաղում, ինչ հին անտիկ Հունաստանում միմոսները (ծաղրածուները), կամ միջնադարյան Ֆրանսիայում ժոնգլյորները: Նրանք և՛ երգում են, և՛ պարում, և՛ նվագում»…

Աշուղների մասին Մ. Աղայանը գրում է.
«Աշուղությունը, որ հատկապես տարածված է եղել մեզ մոտ 18-րդ և 19-րդ դարերում, իբրև պրոֆեսիա, մի նոր երևույթ չէ: Աշուղները միջնադարյան ժողովրդական երգիչների հաջորդներն են մի նոր անունով, մի նոր ձևափոխությամբ:
Աշուղները, իբրև պատմողներ, երգողներ և բանաստեղծ-երաժիշտներ, վաղ միջնադարի վիպասանների և միջնադարյան թափառող գուսանների հետևորդներն են»:

Տարբեր երկրներում ու զանազան քաղաքներում ապրող-ստեղծագործող գուսաններն ունեին իրենց դպրոցները, ավագ վարպետները, արհեստակցական միությունն ու կանոնադրությունը:

«Անցյալում լավագույն գուսանները՝ հռչակ ստանալով, հրավիրվում էին մեծամեծների, իշխանների ու թագավորների պալատները և, հիմնավորվելով այնտեղ, դառնում էին թագավորի և նրա մերձավորների սիրելի երգիչները:
Նրանք տարվա նշանավոր տոներին հրապարակ էին գալիս կենտրոնական վայրերում, այգիներում, շուկաներում, վանքերի և ուխտատեղերի բակերում և մրցության մեջ էին մտնում մյուս գուսանների հետ:
Այդ պալատական գուսաններն ունեին իրենց օգնականները, նվագողների խումբը՝ սազանդարը, որ նմանապես կազմված էր լավագույն նվագողներից:
Բացի պալատական կատեգորիայի գուսաններից, կային քաղաքային տիպի գուսաններ, որոնք երգում ու նվագում էին միայնակ կամ, ավելի հաճախ՝ խմբով (3 — 4 հոգով) քաղաքի սրճարաններում և ստանում էին իրենց աշխատավարձը սրճարանների տերերից և այցելուներից:

Եվ, վերջապես, կային գյուղական գուսաններ, որոնց մեծ մասը կույր լինելով, գյուղե-գյուղ էին ընկնում իրենց ուղեկից ընկերոջ հետ, որը միաժամանակ ձայնակցում էր գուսանին և հավաքում էր ունկնդիրների տված դրամը:
Այս վերոհիշյալ երկու տիպի՝ թե՛ քաղաքի և թե՛ գյուղի գուսաններին հատուկ էր թափառաշրջիկ կյանքը: Այդ մասին գուսան Ջիվանին հորինել է իր «Անթև թռչնիկ է աշուղը» երգը (գրված՝ 1902 թվականին, Կ.Ա.).

Անթև թռչնակ է աշուղը —
Այսօր՝ այստեղ, վաղը՝ այլ տեղ.
Դարձող ճախրիկ է աշուղը,
Այսօր՝ այստեղ, վաղը՝ այլ տեղ։

Մերթ անսվաղ, ծարավ, պապակ.
Մերթ անհաջող, մերթ հաջողակ,
Թափառում է նա շարունակ,
Այսօր՝ այստեղ, վաղը՝ այլ տեղ։

Մի տեսակ լուսատըտիկ է,
Լուր տարածող մունետիկ է.
Հողմից հալածված ամպիկ է,
Այսօր՝ այստեղ, վաղը՝ այլ տեղ:

Զուր հույսերով խարխափում է,
Գյուղեր, քաղաքներ չափում է.
Կայծակի նման խըփում է,
Այսօր՝ այստեղ, վաղը՝ այլ տեղ։

Ջիվան, մի տեղ դադար չունի,
Մեղվի պես միշտ կըթռչկոտի.
Այս ընթացքով պիտի մեռնի,
Գուցե՝ այստեղ, գուցե՝ այլ տեղ»։

Մեջբերումը՝ Մ. Աղայանի վերոհիշյալ ուսումնասիրությունից:
Տարբեր բովանդակությամբ՝ սիրային, խրատական, պատմական, հասարակության բացասական երևույթների խարազանման, անարդարության քննադատման ու այլ թեմաներով երգերը՝ «խաղերը» գուսանական արվեստի կանոններով էին ստեղծվում՝ ներդաշնակելով պատմողական ձևն ու երաժշտությունը, հանգերն ու հանպատրաստից հորինվածքը՝ «խաղ կապելը», ունկնդիրներին հիացնելով իրենց սրամիտ «խաղիկներով»՝ հարց ու պատասխանով, «թաքուստի»՝ հանելուկի գուշակմամբ, ինչպես և՝ այլաբանության կիրառմամբ: Վերջինիս հիանալի նմուշներից է Ջիվանու հայտնի «Խելքի՛ աշեցեք» խաղը:
Որպես իր ազգին «ծառայող մարտիկ»՝ նա անդրադարձել է Հային սեփական ուժերին ապավինելով՝ «զենքով փրկության» գաղափարին՝ «Խրախույս Հայ զինվորներուն» երգում ցավալով, որ Հայը զենք չի գործածում (մի խումբ երգերում էլ հիշատակում է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ծավալված ազգային- ազատագրական պայքարի մասնակից ֆիդայիներին):

«Ամբողջ վեց հարյուր տարի է թմրած ոչխարի նման,
Ամեն խուժդուժ մեզ տանելով լցնում է սպանդարան,
Տեսել եմ Հայ գյուղացիներ հարյուրավոր սայլապան,
Ոչ մեկի մոտ չէ գտնվել մի սուր, կամ մի հրացան,
Ուրեմն տա՛նք մեր որդիքը թող գնան լավ հմտանան,
Սովորեն զենք գործածելը, բարձրանա՛ Հայ ազգը վեր»:

«…Գուսանական արվեստի բաղկացուցիչ մասն է կազմում գուսանական տեխնիկան, ինչպես, օրինակ՝ ոտանավորներ, որոնց տողերի սկզբնատառերը և վերջնատառերը նույնն են, կամ՝ յուրաքանչյուր ոտանավորի վերջին բառերով սկսվում է հաջորդ տան առաջին տողը և այլն:
Վերջապես, կան մի շարք ձևեր, երբ ոտանավորն արտասանելիս լեզուն չի շարժվում, կամ, երկրորդ ձևը, երբ շրթունքները չեն շարժվում և, վերջապես, այս երկու ձևերի միացումով հորինված ոտանավորները:
Հանդիպում ենք նաև տողերի գրաֆիկ ձևերին, երբ ամբողջ բանաստեղծության նկարը ձվի է նմանվում և այլն» (մեջբերումը՝ Մ. Աղայան «Հայ գուսանները և գուսանա-աշուղական արվեստը», Երևան, 1959):

Ջիվանու ստեղծագործություններից՝ «Ես մի ծառ եմ ծիրանին»՝ որպես Հայ ազգի այլաբանական կերպար…

Ես մի ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անվանի,
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի:

Հին ծառ եմ արևելյան,
Չունիմ որոշ այգեպան,
Տունկերս ամեն երկիր
Ընկած են բաժան-բաժան:

Ապրում եմ խեղճ, միայնակ,
Որոշ ծառի շքի տակ,
Հյութս որդունքն է ծծում
Իմ տունկերուս փոխանակ:

Տունկերս ուր էլ որ գնան,
Թեպետ նույնը կմնան,
Բայց օտար հողի վրա
Չեն աճիլ, կչորանան:

Արևելքում ինձ տնկեց,
Երբ որ տերը ստեղծեց.
Ասավ` աճե, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տվեց:

Ուղարկեց մի այգեպան`
Հարավից հսկա իշխան,
Այն հսկայի անունով
Կոչվեցա ծառ Հայկական:

Չորս հազար տարվա ծառ եմ,
Մարմինս պինդ, կայտառ եմ.
Թեև ուժս պակաս է,
Բայց անունով պայծառ եմ:

Ինչպես հաճախ արհեստներում՝ աշուղներն էլ իրենց «երգ կապելու» արվեստի փոխանցումը, նոր վարպետի կարգումը հատուկ ծիսակատարությամբ էին նշանավորում:
Վարպետների հետ, նրանց կողքին տարիների ընթացքում ամբարած անհրաժեշտ իմացությունն ու հմտություններն «ուստաբաշու» և այլ աշուղների առջև ցուցադրելուց ու հաջող քննություն հանձնելուց հետո, «ուստաբաշին կանչում էր նրան իր մոտ, երեսին մի ուժեղ ապտակ հասցնում՝ առաջին անգամ նրան կոչելով վարպետ» (Գ. Լևոնյան «Աշուղները և նրանց արվեստը»):

«Ո՛վ Հաղպատի Սայաթ-Նովա, ո՛չ թե կյանքի խասի համար`
Վանքից փախա ես էլ, քեզ պես, երգի ոսկե վազի՛ համար,
Արի մրցու՛մն աշուղների՝ երգիս կռվով սազդ խլե՛մ,
Որ էլ չասեն, թե չեմ ծնվել անմահական սազի համար»…(Հ. Շիրազ)

Սայաթ — Նովային ուղղված՝ Հ. Շիրազի մարտահրավերով ավարտենք այս գրառումը՝ նույն տողերով (աշուղական հնարքներով) հաջորդ հրապարակումն սկսելու համար…

Տեսարաններ Կարծախում՝ Ջիվանու Տուն-թանգարանից