«ՀԱԶԱՐ ՇԵՓՈ՛Ր ՀՆՉԵՆ ԹՈՂ ԱՅՍ ԱՌԱՎՈՏ»…

«Հազար շեփո՛ր հնչեն թող
Այս առավոտ,
Հազար թմբու՛կ խփեն թող
Այս առավոտ»՝
նշանավորելու համար տարեդարձի օրն ազնվագույն Հայորդու՝ Գարեգին Տեր-Հարությունյանի՝ Նժդեհի (1886, հունվարի 1 — 1955, դեկտեմբերի 21), անզուգական գործունեությամբ ռազմական ու պետական գործչի ու իմաստուն խորհրդատուի, որի մտքերն ու հորդորներն այսօր հատկապես խիստ արդիական են:

Նա կարևորել է սեփական ազգի պատմության իմացությունն ու անցյալից դասեր քաղելը, շեշտելով, որ ազգային ինքնաճանաչմամբ, «դժբախտությունների իրական պատճառները, ազգի իսկական վերքերը» ճանաչելով ու դեպքերի վերագնահատմամբ է հնարավոր փոփոխական իրավիճակներում ճիշտ ուղով ընթանալ:
Համարելով, որ «ուժը միայն նյութական ազդակները չեն, այլև՝ մի ժողովրդի առաքինությունները», Նժդեհը հորդորում է (որոշ քաղվածքներ՝ Նժդեհի՝ «Էջեր իմ օրագրէն»-ից).

«Ապրե՞լ ենք ուզում՝ լինենք ուժե՛ղ ազգովին:
Լինենք ուժե՛ղ, ուժեղ՝ ազգովի՛ն. ահա՛ հրամայականը:
Լինենք ուժե՛ղ այնքան, որ մեր անպարտելիութիւնը առ ոչինչ դարձնի մեզ ծանօթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժւարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանութեան գործը»:

«…Կայ հոգեբանական գերադասութիւնը, կայ բարոյական ոյժը — աշխարհի պէս հին, բայց միշտ էլ՝ թարմ եւ հրաշագործ, որին տիրապետող ազգը քիչ անգամ է գլուխ ծռել իրենից նիւթապէս տասնապատիկ ուժեղ թշնամու առաջ:
Բարոյական ո՛յժն է գօտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհաւասար կռւում. նա՛ է դէպի յաջողութիւն ու յաղթանակ առաջնորդում թւապէս թոյլերին՝ մեծամեծ հակառակորդների դէմ: Նա եղե՛լ է եւ է՛ այսօր միակ ապաւէնը մեզ նման փոքրաթիվ ժողովուրդների:

Եւ այսօր, մեր դրութեան մէջ, միայն նա՛ — բարոյական ո՛յժը, կարող է ապրեցնել մեզ: Ուրեմն, ճանաչե՛նք նա որպէս մի ընդհանուր Աստւածութիւն, լինե՛նք ուժեղ — արեւի տակ մեր տեղն ու գոյութեան իրաւունքը պահելու համար:

«Հայրենասիրութի՛ւն — մարդկային առաքինութիւնների թագն ու պսակն է դա: Սարդկային բարոյական յատկութիւնները իր մէջ միացնող այդ գերագոյն առաքինութի՛ւնն է ազգերի գոյութեան անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբիւրը նրանց ոյժի եւ մեծութեան: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մէջ, որքան փոքր է այդ ժողովուրդը եւ որքան ամբարիշտ են նրա հարեւանները…

Այդ նւիրական զգացումը զարգանում է աստիճանաբար:
Սկզբում՝ բնազդական, զարգանալով՝ նա դառնում է իմացական՝ ոգիանու՛մ է նա:
Առաջին դէպքում անհատը թելադրւում է, մղւում մի բնազդային զգացումից, երկրորդ դէպքում՝ նա գիտակցօրէ՛ն կատարում է մի պարտականութիւն:

Նա զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցութեան եւ արժանապատւութեան զգացումի հետ, ընկնում՝ նրանց նիւթակրօնութեան, շռայլութեան, սեղմ ասած՝ նրանց բարքերի ապականութեան հետ, մեծապէս արագացնելով նրանց անկումը:

Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով:

Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին՝ առանց հոգու:
Դա մայրն է — իր նման փրկարար — մի շարք առաքինութիւնների՝ գաղափարականութեան, անձնւիրութեան, արիութեան:
Դա պատերազմողի բարոյական ամրութիւ՛նն է, կախարդական զրա՛հը, անվրէպ զէ՛նքը:

Հայրենասիրութեամբ հարուստ ժողովուրդը դէպքերի խաղալիքը չէ՛, այլ՝ նրանց հրամայո՛ղը:

Այդպիսին սովորական «նաւաբեկութիւնների» ժամանակ չի՛ զինաթափւում բարոյապէս: Վստահ իր բարոյական ոյժերին, նա շատ շու՛տ է ուղղում իր մէջքը՝ վերագրաւում իր նախկին դիրքերը, դրութիւնը:

Հայրենասիրութեան հետ բարձրանում են ազգերը, ընկնում՝ նրա հետ:
Փոքր ազգերը պարտադրօրէն աւելի՛ հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ աւելի՛, քան՝ բոլորը:
Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք»:

«Ռազմավարի հանճարը բղխում է իր հոգու վեհութիւնից:

Ասել ենք, թէ ժողովուրդները իրե՛նք են դարբինը իրենց ճակատագրի:
Աւելի ճիշտ պիտ լինէր, եթէ ասէինք՝ «Մի ժողովրդի ճակատագրի դարբինը նրա մտաւորականութիւ՛նն է:
Իսկական առաջնորդը շատ անգամ չի նշանակւում, նա երեւան է գալիս, երբ նրա կարիքն է զգացւում, նա յայտնւու՛մ է վտանգի ժամանակ:
Նա առիւծների խումբը ղեկավարելու նշանակւած ոչխարը չէ, այլ՝ ոչխարների հօտը կառավարող առիւ՛ծը:
Նրա համար զինւորը, մարդը այն չէ, որ տեսնում ենք, մարմի՛նը չէ մարդ նրա համար, այլ այն, որ կարող է լինե՛լ, այն, որ ընդունա՛կ է լինելու մարդը, այն, ինչ որ ի՛նքն է ուզում, որ լինի իր զինւորը, իր առաջնորդութեան յանձնւած մարդը:

Նրա համար երեք բարձր ճշմարտութիւններ ունի ժողովրդական ինքնապաշտպանութիւնը — հոգեբանականը՝ պէտք է լինել արի՛,
բարոյականը՝ պէտք լինել անձնազո՛հ,
քաղաքականը՝ պէտք է լինել ինքնայա՛րգ:

Ահա՛ թէ ինչու կատարեալ առաջնորդը նախ հոգեբանօրէն վերստեղծում է իր բանակը, տալով նրան իր հոգին:
Դա ասել է միաժամանակ եւ դաստիարակ:
Եւ հոգեբան է նա:
Նա իր բանակի հոգիի մոգական բանալին ունի: Նա գիտի, որ հաւատ ներշնչել զինւորին, կը նշանակի տասնապատկել նրա ոյժերը:

Քիչ անգամ է նա դիմում զինւորների բանականութեան, բայց միշտ էլ՝ սրտին: Նա սի՛րտ է դնում իր ամէն մի խօսքի մէջ, ահա’ թէ ինչու եթէ կտրէք նրա խօսքերը՝ նրանցից արիւն կը կաթի:
Նա գիտի, որ կռւի ժամանակ զինւորը աւելի բարոյական մենակութիւնի՛ց է վախենում, քան՝ մահից, ահա’ թէ ինչու նա երեւում է ամէն տեղ, հասնում ամէնին, որպէսզի ոչ ոք — զինւոր թէ ղեկավար — իրեն մենակ չզգայ, որ անխաթար պահի զօրքերի ներքին բարոյական կապը, որ ամէն մէկին զգացնել տայ, թէ իր հետ է ամբողջ բանա՛կը, ա՛զգը, ցե՛ղը եւ ինքը՝ Յաջողութեան Աստւա՛ծը:
Նա գիտի եւ հետեւեալը.

  • Զինւորի համար կռւի ժամանակ Դրօշակը, Ազգը, Հայրենի երկիրը եւ սրա սրբութիւնները խորհրդանշողը՝ դա իր Առաջնո՛րդն է. ահա’ թէ ինչո’ւ կատարեալ առաջնորդը միշտ էլ իր զօրքերի հետ է, նրանց կողքին եւ նրանցից առաջ»:

«…Իր հողի վրայ կռւող, ինքնապաշտպանւող ժողովուրդի հետ են իր մեծ մեռելները — մի ոյժ, որի առաջ անզօր են բոլո՛ր տեսակի ոյժերը:

Նրա հետ է իր երկրի Արեւը, որի առաջ թշնամին «ձիւնէ մեծութիւն է միայն»:
Նրա սիրտը լցնում է իր դաշտերի շունչը, իր լեռների սէգութիւնը:
Նրան օրհնում է Հայրենի երկինքը:
«Յաղթութի՜ւն» — աղօթում են կանայք ու կոյսերը նրա համար:
«Յաղթութի՜ւն» — երգում են մանուկները:
«Յաղթութի՜ւն» — ղօղանջում են զանգերը:

Բոլորը եւ ամէն ինչ կանչում է, ասում՝ «Քեզ հե՛տ ենք, յառա՜ջ»: Ամէն ինչ եւ բոլորը կանչում եւ հրամայում են նրան՝ «Յաղթի՜ր մեզ համար»:
Եւ յաղթու՛մ է նա:

Այսպէս, եւ գաղափարապա՛շտ է կատարեալ ղեկավարը»…