«ԾԻՍԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՅՈՑ ՄԷՋ. ԸՆԾԱՆԵՐ»…

«ԾԻՍԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՅՈՑ ՄԷՋ. ԸՆԾԱՆԵՐ»…

Շարունակելով հնագույն ժամանակներից հարատևող ընծայաբերության ծեսի զանազան դրսևորումների քննությունը՝ որոշ քաղվածքներ ևս՝ Երվանդ Լալայանի՝ «Ծիսական կարգերը Հայոց մէջ» վերնագիրը կրող հոդվածից:

…«Իբր երախայրիք՝ ցորենից, ալիւրից, իւղից, պանրից, կարագից, ձէթից, խաղողից և գինուց թէ՛ բարեկամներին և թէ՛ եկեղեցուն ու նրա պաշտոնեաներին մատուցած ազատ նվիրաբերութիւնից հետզհետէ ծագել են հետևեալ եկեղեցական տուրքերը:

ՊՏՂԻ — Յօգուտ Էջմիածնի ամբողջ Ռուսահայաստանում հաւաքւում է ցորեն՝ կալոցի ժամանակ, տնից՝ մէկ փութ, իսկ Աղթամարայ կաթողիկոսութեան վիճակում՝ տնից մօտ կէս փութ՝ յօգուտ Աղթամարի սբ. Խաչ վանքի:
Վերջինիս վիճակում այս տուրքը վճարում են միայն «կողվինք» — «անկողին ունեցողները», այսինքն՝ ամուսնացած անձինք, որոնք ազատւում էին այս տուրքից միայն այն ժամանակ, երբ այլևս պտղելու, այսինքն՝ որդեծնութեան վիճակի մէջ չէին լինում:
Երբ մինը մերժում էր այս տուրքը՝ հաւաքող հոգեւորականը անիծում էր՝ ասելով. «Չպտղիս»:

Այս տուրքը հաւաքելու համար գնում են վարդապետներ և գործակալ քահանաներ, որոնք նաև քարոզում են եկեղեցիներում: Սրանց ևս իբր նուէր տրւում է մի քանի փութ ցորեն, որ կոչւում է «գաւազանապտուղ», այսինքն՝ գաւազանը ձեռին բռնած քարոզող հոգևորականի կամ գաւազան՝ իշխանութիւն ունեցողի պտուղ:
Միևնոյն կալոցի միջոցին ծխատէր քահանան ևս ժամկոչի հետ գնում օրհնում է իւր ծխերի կալերը և նուէր ստանում մօտաւորապէս մի փութ ցորեն և կես փութ գարի, որ «կալապտուղ» է կոչւում, իսկ ժամկոչը՝ մօտ մեկ քառորդ փութ կամ մի ռըպիկ ցորեն:

Քաղաքներում և մեծ աւաններում ժամկոչները այս ցորենի տուրքի փոխարէն ամեն շաբաթ օր ման էին գալիս տները մի մեծ կողով շալակած և բղաւում. «Ժամկոչի հա՛ց, խանու՛մ մարիկ»:
Ամեն մի տուն մի ամբողջ հաց բերում տալիս էին:

Այս սովորութիւնը ևս վերացել է, սակայն մի քանի տեղեր, ինչպէս Հին Նախիջևանում, Կաղզվանում, Վանում, յարատևել է նոյն սովորութիւնը միայն Մեծ պասի եօթ շաբաթների ընթացքում: Ամեն մի տուն ինքնաբերաբար շաբաթական մի հաց տանում է եկեղեցի և տալիս ժամկոչին, իսկ եթէ մինը զլանում է՝ ժամկոչը գնում է նրա տունը և պահանջում:
Այս տուրքը կոչւում է «եօթնահաց»:
Ջաւախքում մի հին սովորութիւն ևս մնացել է. քաւորը պարտաւոր է թագաւորին մի զոյգ եամանի պարգևել, իսկ սա իւր հին չուստերը պարտաւոր է ժամկոչին նուիրել:

ՊԱՆԻՐ — Գարնանը՝ Համբարձումից յետոյ գործակալները ցրւում են գիւղերը և ոչխարների մի օրուայ կաթը հաւաքում, պանիր պատրաստում և ուղարկում Էջմիածին. նոյնը անում են և Աղթամարի կաթողիկոսութեան շրջանում:

ԻՒՂ — Աշնանը դարձեալ գործակալները ցրւում են գիւղերը և ամեն տանից մեկ կամ կես ֆունտ իւղ հաւաքում յօգուտ Մայր աթոռի: Նոյնը անում են և Աղթամարի շրջանում, սակայն այստեղ միաժամանակ հաւաքում են նաև մի-մի զոյգ գուլպա՝ Աղթամարի միաբանների համար:

ՁԷԹ եւ ԿԱՆԵՓ — Աղթամարի կաթողիկոսութեան շրջանում Մեծ պասին հաւաքում էին իբր տուրք ձէթ, կանեփ և բամբակ՝ յօգուտ եկեղեցու: Ձէթը և բամբակը գործ էին ածում կանթեղների մէջ, իսկ կանեփից թոկ էին պատրաստում թէ՛ կանթեղները կախելու և թէ՛ վանքի նաւակների վրայ գործածելու:

ԳԻՆԻ — Իւրաքանչիւր հնձանի տէր նոր գինի ստանալիս ոչ միայն բաժին է հանում իւր բարեկամներին, քահանային և տանուտէրին, այլև մի երկու գաւ տանում է եկեղեցի՝ իբր «բաժկի», այսինքն՝ պատարագի ժամանակ հաղորդութեան համար գործածելու:
Հին եկեղեցիներից շատերի կողքերին թաղուած են կարասներ, ուր լցնում, պահում էին այդ գինիները:
Շատ տեղերում, երբ սկսում են գինի քաշել, քահանան գնում օրհնում է հնձանը և իբր վարձատրութիւն՝ խաղող ստանում:

ԱԼԻՒՐ — Առաջին անգամ նոր ցորենը աղալիս՝ մի քիչ ալիւր ուղարկում են եկեղեցի, որ պահեն՝ նշխարք գործելու:

ԽԱՂՈՂ — Աստուածածնի վերափոխման տօնին ամէն միայգետէր 5-10 ֆունտ խաղող է տանում եկեղեցի, որի մի մասը օրհնում են և բաժանում ժամաւորներին, մնացածը տալիս քահանաներին և ժամկոչին:

ԿԱՐԱԳ — Աւագ հինգշաբթի օրը՝ «Ոտնլուայի» ժամանակ, ամեն մի տնից մի «խիար», այսինքն՝ խիարի՝ վարունգի մեծութեան և ձևի կարագ տանում են եկեղեցի և տալիս քահանային:
Սրա մի չնչին մասը քահանան օրհնում է և բաժանում ժողովրդին, իսկ մնացածը՝ իւրացնում:

ՀԱՒ — Աղթամարի կաթողիկոսութեան շրջանում սովորութիւն է եղել, որ աշնանը յօգուտ Աղթամարի ամեն մի տնից 1-2 վառեկ են հաւաքել իբր տուրք:
Զատկին և Ս, Խաչին ընդհանրացած սովորութեան համեմատ Աղթամարի կաթողիկոսին նուէր էին տանում գառ, ձու, թխուածքներ, շաքար, տապակած հաւ. շատերն էլ «աջհամբոյր» էին տալիս:

ՀՈԳԵԲԱԺԻՆ եւ ԿՈՂՈՊՈՒՏ — Հնումը իւրաքանչիւր վանք տարեկան մի կամ երկու անգամ մի կամ երկու հոգևորական ուղարկում էր իւր թեմի գիւղերը՝ նոյն տարում վախճանուածների ազգականներից հաւաքելու իբր «հոգեբաժին»՝ գառ, ոչխար, տաւար և կամ դրամ, և իբր «կողոպուտ»՝ ննջեցեալի անկողինը և հանդերձը:
Այժմ այս այլևս տեղի չի ունենում, այլ սրա փոխարեն՝ ննջեցեալի տարելիցին մի րուբլի, և կամ աւելի պահանջում են յօգուտ եկեղեցու՝ իբր «հոգեբաժին»…
…«Կովի և գոմեշի առջինեկ հորթը սովորաբար նուիրել են և նուիրում են եկեղեցուն»:

Շարունակությունը՝ հաջորդիվ…

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: