«ԾԻՍԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՅՈՑ ՄԷՋ. ԸՆԾԱՆԵՐ»…

Ներկայացնելով ընծայաբերության ծիսական ավանդույթների ակունքներն ու հետագա դրսևորումները՝ Հայ բազմավաստակ ազգագրագետ Երվանդ Լալայանն իր՝ «Ծիսական կարգերը Հայոց մէջ» հոդվածում մեջբերում է Մովսես Խորենացու վկայությունը՝ Երվանդ թագավորի մասին. «Իսկ Երուանդը առաւել ևս առատ պարգևներ էր տալիս և նորանից ամեն մինին փողեր էր բաժանում… Եւ այնչափ սիրելի չէր դարձնում նոցա, որոնց շատ էր տալիս, որքան թշնամի էր շինում նոցա, որոնց նոյնչափ առատութեամբ չէր տալիս» (Մովսէս Խորենացի, Բ, ԽԵ գլուխ):

Նախորդ գրառումներում հիշյալ հոդվածից ներկայացված քաղվածքները համալրենք մի քանի այլ հատվածներով:

«Մինչև այժմ մենք խոսում էինք այն ընծաների մասին, որ մատուցանում էին հասարակական ստորին դիրք ունեցող անձերը՝ գրաւելու իրենց մեծերի շնորհը: Բայց ոչինչ չենք ասել այն պարգևների մասին, որ անում են բարձրաստիճան անձեր՝ իրենց ստորադրեալներին:
Այս երկու տեսակի ընծաների նշանակութեան տարբերութիւնը բացայայտ կերպով երևան է գալիս այն երկրներում, ուր ընծաներ մատուցանելու սովորութիւնը բաւական բարդ է, ինչպէս, օրինակ, Չինաստանում:
«Այցելութիւնների ժամանակ, որ անում են միմեանց կառավարիչները և սրանց ստորադրեալները կամ այս այցելութիւններից յետոյ, տեղի է ունենում և ընծաների փոխանակութիւն: Սակայն կառավարչի արածները կոչւում են «պարգև», իսկ ստորադրուածինը՝ «ընծայ»:
Այսպիսի բառերով են արտայայտում չինացիները և այն ընծաները, որ փոխանակում է իրենց կայսրը օտար պետութիւնների հետ»:
Պէտք է մի քանի խօսք էլ ասել այս ընծաների մասին, թէպէտ դրանք ծիսական կարգերի բնոյթ չունին:
Ժամանակի ընթացքում քաղաքական պետի իշխանութիւնն աւելի ու աւելի զօրեղանալով, տիրապետում է ամբողջ հասարակական գոյքին, սակայն հասնում է մի ժամանակ, երբ նա ստիպուած է զգում իրեն այդ մենաշնորհուած գոյքի մի մասը զիջել իւր ծառաներին ու հպատակներին: Ծառաներն ու հպատակները, որ սկզբում հպատակւում էին ընծաներ տալու պարտականութեամբ, այժմ հպատակւում են մասամբ նրանից ստացած պարգևների ուժով»…

…«Այստեղից պարզ է, որ այն միջոցին, երբ ստորադրուած մարդկանց ընծաներից հետզհետէ առաջ է գալիս հարկ, տուրք և մաքս, կառավարիչների տուած պարգևներից էլ յառաջանում է ռոճիկ:

Հայոց մէջ թագաւորներն ու նախարարները սովորութիւն են ունեցել իրենց իշխանների ծառայութիւնը վարձատրելու նպատակով պարգևել նրանց գիւղեր, աւաններ և նոյնիսկ գաւառներ, որոնք կոչուել են «պարգևականք», տարբերելու համար «հայրենիք» կոչուող հողերից, որոնք կազմել են ժառանգական սեպհականութիւն, մինչդեռ «պարգևականքը» հարկերից ցմահ օգտուելու արտօնութիւն է միայն ունեցել:

Զինուորական ծառայութեան համար ո՛չ զինուորները և ո՛չ էլ զօրապետները ռոճիկ չեն ստացել, այլ միայն աւարից պարգևատրուել են:
Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» «ըստ սովորութեան» որոշուած է, որ աւարի կէսը զօրքին պիտի տրուի և եթէ «զօրական ի պատերազմի զոք ըմբռնեալ զգեստն և երիվարն և զէնքն ամենայն նորա լիցին, այլ զրահ տեառնն լիցի, պղինձ և երկաթ և նմանք նոցա՝ զօրացն: Ոսկի, ակունք և դիպակ ամենայն օրինակաւ թագաւորի լիցի, և ասրեղէն պատուական և կտաւ՝ իշխանաց, և անարգ ասրեղէն և կտաւեղէն՝ զօրացն» (Մխիթար Գոշի «Դատաստանագիրք», Մասն Բ., Ա):

Հայ մելիքների տիրապետութեան ժամանակ ևս, ո՛չ զօրքը և ո՛չ էլ նրանց հարիւրապետները (իւզբաշի) ռոճիկ չեն ստացել, և մելիքը հարկադրուած է եղել բաժանել նրանց աւարի մի մասը և տօներին զանազան «խալաթներ», գլխաւորապէս՝ հանդերձ, ձի, զէնք նուիրել:

Թէ՛ թագաւորների, թէ՛ նախարարների և թէ՛ մելիքների սեղանը միշտ բաց է եղել եկող-գնացողի, ծառայողների առաջ:
Փաւստոս Բիւզանդն ասում է. «Եւ այլ յայսմ ազգաց և ի խոնարհ՝ որ գործակալս անուն բարձիւք առաջի արքային պատիւ ի գլուխ բազմէին, թող զնահապետս մեծամեծս և զտանուտերս որք գործակալք միայն էին ինն հարիւր բարձ, որ մտանէր ի ժամ տաճարին ուրախութեանն բազմակալացն կարգելոց, թող զոտնկայս գործակալութեանն սպասու»:

Այժմեան հասարակական մի քանի հիմնարկութիւնների ծառայողներ էլ, ինչպէս՝ գզիրը, հասարակաց կշիռի կշռարարները, բաղանիսների նաթրները, ժամհարը, ռոճիկ չեն ստանում, այլ միայն շատանում են պարգևներով. այսպէս՝ գզիրին պարգևում են Նոր տարուն մի քանի կոպէկ և Զատկին՝ մի քանի ձու: Նաև կալոցին՝ կես — մի փութ ցորեն. այս վերջինս արդէն պարտադիր է դարձել:

Թէ՛ Կարնում և թէ՛ այստեղից գաղթած Աղէքսանդրապոլցիների, Ախալցխացիների և Ախալքալաքցիների մէջ սովորութիւն է, որ բաղնիսում ծառայող կանայք, նաթրները Նոր տարուն շրջում են իրենց բաղանիսը այցելողների տները, հիւրասիրւում և մի — մի ափսէ չոր միրգ և 10-50 -ական կոպէկ դրամ նուէր են ստանում: Երբ նորահարսը առաջին անգամ գնում է բաղանիս՝ նաթրները լողացնելուց յետոյ բաղանիսի թասերը միմեանց խփելով՝ հանդիսաւոր կերպով հանում են բաղանիսից՝ և մինը մի թասով ջուր է մատուցանում: Նորահարսը պարտաւոր է ջրից մի քիչ խմել և թասի մէջ դրամ ձգել՝ իբր պարգև նաթրներին:

Հասարակաց կշռի կշռարարները իրենց կշռած մրգերից, ուտելեղէններից մի — մի քիչ վերցնում են:

Մի քանի խօսք էլ պէտք է ասել այն նուէրների մասին, որ անում են այն անձերը, որ միմեանց վերաբերմամբ իշխանաւորի և ստորադրեալի դրութեան մէջ չեն գտնւում»…

…«Հայերիս մէջ ևս շատ ընդունուած է հաւասարների միջև տեղի ունեցող նուիրաբերութիւնը: Համարեա բոլոր նշանաւոր տօներին միմեանց ընծաներ են տալիս, մանաւանդ նոր խնամացող գերդաստանները, և այս ընծաներից մի քանիսը այնքան պարտադիր են համարւում, որ երբեմն, նոյնիսկ խստիւ պահանջւում են:
Մեզ մօտ ևս ընդհանրացած սովորութիւն է, որ Նոր տարուն ծնողները զաւակներին, զաւակները՝ ծնողներին և բարեկամները միմեանց պէտք է մի որևէ բանով «կաղանդեն»:
Զատկին ևս կարմիր ձու միմեանց նուիրելը շատ ընդհանրացած է. նշանուած երիտասարդները յաճախ նշխում են ձուն և նուիրում իրենց նշանածին: Վարդևորին վարդի փնջեր միմեանց նուիրելը շատ տեղերում կայ, նաև՝ նշխած խնձոր հարսնացուներին նուիրելը: (Խնձորը այսպէս են ներկում. Դեռ չհասած, չկարմրած ժամանակ առանց ծառից քաղելու կպցնում են վերան զանազան նաշխերով կամ անուան սկզբնատառով կարուած տերևներ: Սրանց պատած տեղերը մնում են սպիտակ, իսկ մնացած մասը կարմրում է):

Աւելի ուշագրավ են նոր խնամիների միջև փոխանակուող ընծաները, որ «փայ» կամ «խոնչա» են կոչւում և միանգամայն պարտադիր են համարւում: Այնպէս որ, եթէ պսակը վաղ է կատարւում, այնուամենայնիւ, այդ «փայերից» մի քանի գլխաւորները պահանջւում են:
«Փայերը» կամ «խոնչաները» փեսայացուի տնից ուղարկւում են հարսնացուի տունը Բարեկենդանին, Մեծ պասի առաջին օրը, Միջինքին, Ծաղկազարդին, Զատկին, Վարդավառին, Նաւասարդին:
«Փայերը» բաղկանում են ուտելեղէններից, խմիչքներից և զանազան զարդերից:
«Փայի» փոխարեն հարսնացուի տնից ևս զանազան ուտելեղէններ և խմիչք է ուղարկւում տղայի տունը, որ «դարձուածք» է կոչւում:
Հարսնացուի տանից ուղարկուած ընծաների մէջ գրեթէ միշտ անպակաս է լինում գուլպան, որ ոչ միայն այս, այլև ուրիշ շատ դէպքերում ընծայաբերութեան ամենայարմար առարկան է կազմում:

Վ. Խոջաբեկյան «Փեսացուի հարսանեկան նվերները» (Հայաստանի Ազգային պատկերասրահի հավաքածու)

Ընտանեկան կեանքի մէջ ևս որոշ ընծաներ արդէն պարտադիր տուրքի ձև են ստացել: Այսպէս, մէկի ծննդաբերութեան միջոցին մօտիկ ազգականները պարտաւոր են «ծննդգաւաթ» ուղարկել, որ գլխաւորապէս բաղկանում է զանազան կերակրներից և խմորեղէններից:
Փեսայացուի ազգականները՝ հարսնացուին և հարսնացուի ազգականները՝ փեսայացուին դրամական նուէր են տալիս, որ կոչւում է «երեստեսնուկ», հարսանիքի ժամանակ սաչուին նոյնպէս դրամական նուէր են տալիս: Ննջեցեալների տունը կերակրներ են ուղարկում, Սուրբ խաչին՝ ուլ և սև եազմա նուիրում: Պանդխտութեան գնացողին թխուածք են ուղարկում, վերջինս էլ վերադառնալիս՝ մի որևէ ընծայ է բերում»…

…«Այսպէս ուրեմն, ընծաները, որ նախնական մարդը կամաւոր կերպով մատուցել է նրան, որի բարեհաճութիւնը կամեցել է գրաւել, ժամանակի ընթացքում, հասարակութեան զարգացմամբ՝ շատ սովորութիւնների աղբիւր են դարձել:
Քաղաքական պետին՝ սրա իշխանութեան զարգացման համեմատ, ընծաներ մատուցանելու շարժառիթը կազմում է նրա ազդած երկիւղը և մասամբ՝ նրա օգնութեան դիմելու ցանկութիւնը:
Այս ընծաները, որ սկզբում բարիհաճութիւն են գրաւել իրենց ներքին արժէքի շնորհիւ, յետոյ նոյնն անում են՝ դառնալով հաւատարմութեան և անձնուիրութեան արտայայտիչներ:

Վերջին տեսակի ընծաներից յառաջանում է ընծայաբերութեան ծէս, իսկ առաջին տեսակից՝ սկզբում ծագում է ընծայաբերութիւն՝ իբր հարկ և ապա՝ իբր տուրք:
Սրա հետ միաժամանակ ննջեցեալի գերեզմանի վրայ, նրա ոգու բարեհաճութիւնը հայցելու յուսով, զանազան կերակրներ դնելու սովորութիւնը հետզհետէ զարգանալով, աւելի առատ և յաճախ կրկնւում է նշանաւոր անձերի գերեզմանների վրայ և, ի վերջոյ, դառնում զոհաբերութիւն՝ տաճարների սեղանների վրայ՝ աստուածներին:
Միս, խմիչք կամ հանդերձ ընծայաբերելը, որ սկզբում գթարար են համարւում այն պատճառով, որ իսկապէս օգուտ են բերում ոգուն կամ աստծուն, յետոյ ծառայում են իբրև հպատակութիւն արտայայտողներ:
Այստեղից՝ ընծայաբերութիւնը դառնում է յարգանք արտայայտող գործողութիւն, միանգամայն անկախ ընծայի ներքին արժէքից, մինչդեռ այս արժեքը՝ ապրուստի միջոց հայթայթելով քահանաներին, կարելի է դարձնում միջնորդների գոյութիւնը, որոնց միջոցով կատարւում է աստուածութեան պաշտամունքը. զոհաբերութիւնները սկիզբն են տալիս եկեղեցական եկամուտներին»…
Այսպէս ուրեմն, մենք մի նոր ապացոյց ևս ունեցանք, որ ծիսական կարգերը նախընթաց են քաղաքական և եկեղեցական կարգերին, որովհետեւ վերոյիշեալից երևում է, որ առաջին՝ ծիսական կարգից ծագող գործողություններից կազմակերպւում են հիմունքներ, որոնց շնորհիւ պահպանւում են միւսները»…

Facebook Comments