«ԾԻՍԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՅՈՑ ՄԷՋ. ԸՆԾԱՆԵՐ»…

Հայոց մեջ և աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ հնագույն ժամանակներից ի վեր հարատևած «Ընծայաբերության ծեսի» ակունքներին և նրա զարգացմանն է անդրադարձել վաստակաշատ ազգագրագետ Երվանդ Լալայանը՝ «Ծիսական կարգերը Հայոց մէջ» հոդվածում, որից ներկայացնում ենք հակիրճ հատվածներ՝ ստորև (սկիզբը՝ նախորդ հրապարակումներում)…

…«Յոյների մէջ սովորութիւն կար, որ աստուածներին մատուցանում էին այն ծառայութիւնները, որոնց կարիք ունէին կենդանի մարդիկ. տաճարները համարւում էին աստուածների տները, զոհաբերութիւնները՝ նրանց կերակրները, բեմերը՝ սեղաններ:

Այս դէպքում կարելի է ցոյց տալ, որ աստուածներին մատուցուող ուտելեղէններից կազմուած ընծաները և մեռածների գերեզմանների վրայ դրուող ընծաները միևնոյն ծագումն ունին, որովհետև թէ՛ առաջինները և թէ՛ երկրորդները ծագել են կենդանի մարդկանց մատուցուող ընծաներից…»:

…«Հայերիս մէջ, երբ խաղողն առաջին անգամ (սովորաբար Աստուածածնի վերափոխման տօնին) քաղում են, նուէր են ուղարկում բարեկամներին, տանուտէրին, պաշտօնական անձերին, քահանային, տանում են եկեղեցի՝ օրհնելու և հետևեալ օրը՝ մեռելոցին՝ գերեզմանատուն:
Շիրակում և այլ շատ Հայաբնակ գիւղերում առաջին կալը հանելիս՝ այս ցորենի ալիւրից հաց են թխում, որ կոչւում է «չալաքի» կամ «տապլայ» և նուէր ուղարկում բարեկամներին, տանուտէրին, քահանային, նաև առաւօտ շատ վաղ բաժանում պատահողներին՝ իբր ննջեցեալների բաժին:

Վաղահասուկ տանձ ու խնձորն առաջին անգամ քաղելիս՝ նուէր են ուղարկում բարեկամներին՝ մասնաւորապէս փեսին, տանուտէրին, քահանային և Վարդավառի մեռելոցին տանում են գերեզմանատուն և պարկով կամ մի սկուտեղով դնում են գերեզմանաքարի վրայ. անց ու դարձ անողներն անխտիր վերցնում են ուտում և ննջեցեալին ողորմի տալիս:

Մեղրը կտրելիս բաժին են հանում բարեկամներին, տանուտէրին, քահանային, մեղրամոմից մոմ են թափում, տանում գերեզմանատուն և եկեղեցի՝ վառում:

Նորածին գառը կամ հորթը նուիրում են բարեկամներին, տանուտէրին կամ այլ պաշտօնական անձերի, մատղում են եկեղեցում և կամ մորթում և «հոգու հաց» պատրաստում:

Նոր պատրաստուած մաճառից նուէր են ուղարկում բարեկամներին, տանուտէրին կամ պաշտօնական անձերի, եկեղեցի՝ հաղորդութեան բաժակի համար և մեռելոցին տանում են գերեզմանատուն, փոքր-ինչ ածում գերեզմանաքարի վրայ և ողորմաթաս խմում:

Վերոյիշեալ փաստերը, որ նկատելի են աշխարհի բոլոր երկրներումն էլ, ապացուցանում են, որ զոհաբերութիւններն սկզբունքով ընծաներ են՝ բառիս գրական իմաստով:
Կենդանիներ ընծայում են թագաւորներին, մորթում են գերեզմանների վրայ, զոհում տաճարներում: Եփած կերակրներ ընծայում են զօրապետներին, դնում գերեզմանի և տաճարի սեղանի վրայ:
Պտուղների երախայրիքն ընծայում են կենդանի զօրապետներին, ինչպէս նաև մեռած զօրապետներին և աստուածներին. մի տեղ՝ գարեջուր, մի ուրիշ տեղ՝ գինի, մի երրորդ տեղ՝ chica ուղարկում են տեսանելի պետին, մատուցանում աներևոյթ ոգուն և զոհաբերում աստծուն:

Խունկը, որ հնումը ծխում էին թագաւորների և մի քանի տեղերում բարձրաստիճան անձերի առջև, այլ տեղ ծխում են աստուածների առջև:

Աւելացնենք նաև, որ թէ՛ ուտեստի, և թէ՛ ամէն տեսակի թանկագին իրեր, որոնք ծառայում են բարեհաճութիւն հայցելու՝ կուտակւում են ինչպէս թագաւորների գանձարաններում, այնպէս և՛ աստուածների տաճարներում»…

…«Այժմ մենք հասնում ենք հետևեալ նշանաւոր եզրակացութեան:
Ինչպէս որ աշխարհային պետին մատուցուած ընծաները հետզհետէ զարգանալով ստանում են պետական եկամտի ձև, այնպէս և աստուածներին մատուցուած ընծաները զարգանալով ստանում են եկեղեցական եկամտի ձև»…

…«Միջին դարերը ներկայացնում են ընծայաբերութեան զարգացման մի նոր աստիճան: Քահանաների և աշխարհական անձերի հաղորդութեան համար անհրաժեշտ եղածից զատ՝ չը հաշուած նաև նշխարքի համար յատկացրուածը, սովորութիւն կար մատուցանել նաև ամեն տեսակ նուէրներ, որոնք վերջին ժամանակներում մինչև անգամ եկեղեցի էլ չէին տարւում, այլ ուղղակի ուղարկւում էին առաջնորդարան:
Յետոյ, այսպիսի նուէրների յաճախակի կրկնուելու և տարածուելու պատճառով, նուէրների, որոնք մինչև անգամ ստացել էին աստծուն, բայց էապէս՝ եկեղեցուն կտակելու ձև, սկսեցին ծագել եկեղեցական կանոնաւոր եկամուտներ:

Հայերիս մէջ ևս եկեղեցու և նրա պաշտօնեաների եկամուտները միևնույն ձևով են յառաջացել:
Սկզբում ուխտաւորները յօժարակամ հրաւիրել են եկեղեցու պաշտօնեաներին ևս ճաշակելու իրենց հետ մատաղը, սակայն յետոյ հետզհետէ պարտաւորուել են որոշ բաժին հանել թէ՛ եկեղեցուն և թէ՛ նրա պաշտօնեաներին: Այսպէս՝ այժմ ամեն մի մատաղ անող պարտաւոր է մատաղացուի մորթին տալ եկեղեցուն, աջ ոտը (էրին)՝ քահանային, գլուխը և ստամոքսը՝ ժամհարին»…

Որպես երախայրիք՝ ցորենից, ալյուրից, յուղից, պանրից, կարագից, ձեթից, խաղողից և գինուց բարեկամներին, եկեղեցուն ու նրա պաշտոնյաներին մատուցած ազատ նվիրաբերությունից հետզհետէ ծագել են եկեղեցական տուրքերը, որոնց կանդրադառնանք հաջորդիվ…