«ԱՐՀԵՍՏՆ Է ՄԱՐԴՈՒՆ ՈՍԿԻ ԲԻԼԱԶՈԻԿ»… (Հ. ՇԻՐԱԶ)
Հայկական լեռնաշխարհի զանազան շրջանների պեղումներից (Անիից, Դվինից, Ամբերդից, Գառնիից, Աղցքից, Լոռեբերդից…) հայտնաբերված գտածոները փաստում են միջնադարում արհեստագործության տարբեր ճյուղերի զարգացան մակարդակը:
Մետաղագործության մեջ պղնձագործ, արծաթագործ և ոսկերիչ վարպետները տեխնիկական նոր միջոցներով, ոսկեգույն և արծաթագույն համաձուլվածքներով իրեղեն և զարդեղեն էին պատրաստում: Խեցեղենի, ջնարակված կամ հախճապակյա անոթների զարդարման նոր եղանակներ էին ի հայտ գալիս:
«…10-րդ դարում շատ են հիշատակվում հայկական ոսկեթել և ոսկեճամուկ դիպակները, իսկ 12-13-րդ դարերում, ինչպես ցույց են տալիս Մատենադարանի ձեռագրերի կազմերի տակ փակցրած նյութերը, ոսկեթել և արծաթաթել դիպակների կողքին արտադրվում են ոսկեգույն և արծաթագույն ներկած մետաքսի թելերով գործված դիպակներ»…
…«Գործվածքների ներկման մեջ մշակվում ու լայն չափերով կիրառվում է դրոշմազարդումը, որը կատարվում էր փայտյա դրոշմերի (դաճերի, Կ.Ա.) օգնությամբ»,- գրում է Բաբկեն Առաքելյանն իր՝ «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» (Երևան, 1964թ.) ուսումնասիրության մեջ և շարունակում. «Զննելով միջին դարերից մեզ հասած դրոշմազարդ գործվածքները, որոնցից բազմաթիվ նմուշներ պահպանվել են հին ձեռագրերի կազմերի տակ, դժվար չէ նկատել, որ դրոշմները լինում էին երկու տեսակ՝ այնպիսիներ, որոնք ներկում էին նկարը՝ սպիտակ թողնելով ֆոնը, և այնպիսիները, որոնք ներկում էին ֆոնը՝ գործվածքի բուն գույնը պահպանելով նկարների համար»:
…«Զգալի չափերով շուկայական արտադրություն էին դարձել նաև կաշվի մշակումը, մորթեգործությունը, կոշկակարությունը, թամբագործությունը, լկամարությունը (ձիերի սանձեր, փոկեր պատրաստելը), լարարարությունը (աղեղների և այլ գործիքների համար աղելարեր պատրաստելը) և կաշեգործության հետ կապված մյուս արհեստները:
Քաղաքներում առաջացել էին կաշեգործների, թամբագործների, կոշկակարների փողոցներ կամ շարքեր, որտեղ այդ ապրանքները և՜ արտադրվում, և՜ վաճառվում էին»…
…«Հայաստանը գտնվում էր միջազգային առևտրի առավել կարևոր հանգուցակետում և խոշոր դեր էր խաղում այդ առևտրի մեջ:
Հայաստանը միջազգային տարանցիկ առևտրին մասնակցում էր իր սեփակա՜ն արտադրանքով…
Միջազգային առևտրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշ տեղեկություններ պահպանվել են արաբական աղբյուրներում: Թեև այդ տեղեկությունները միակողմանի են, վերաբերում են մի քանի տեսակի ապրանքների, այնուամենայնիվ, որոշ պատկերացում տալիս են, այսպես կոչված՝ «հայկական արտադրանքի» մասին:
Ալ-Իսթահրին բարձր է գնահատում Դվինում արտադրված բրդե գործվածքներն ու զգեստները, գորգերը, մութաքաները, բազմոցները, ժանյակները և «հայկական արտադրության այլ իրեր», որոնք արտահանվում էին»…
…«Մակրիզին վկայում է, որ ֆաթիմյանների գանձարանում Կահիրեում իբրև մեծարժեք իր պահվում էր Մութավաքել խալիֆի (847-861) վրանը, որը պատրաստված էր որդան կարմիրով ներկված և ոսկեթել հայկական գործվածքից:
Հարևան, անգամ հեռավոր երկրների շուկաներում հռչակված էին նաև հայկական գորգերը և «տապաստակ» կոչված փոքրիկ գորգ-օթոցները»:
«…Հայկական գորգերը հարկի ձևով տարվել են Բաղդադ:
Հայկական գորգերը, ծածկոցները, գործվածքները և պղնձե անոթները դեռևս 714 թվականին հիշատակված են Թրակիայում բուլղարների վերցրած ավարի մեջ: Հայկական գորգերը նվեր են ուղարկվել Խորասան և Կաշգար:
Հայաստանում արտադրվող գորգերը առևտրական կարավանների միջոցով հասնում էին հյուսիսային երկրները: Իբն-Ֆադլանը հայկական գորգեր տեսել էր Վոլգայի և Կամայի բուլղարների թագավորների վրանում:
Այսպիսով, մատենագրական տեղեկությունները ցույց են տալիս, որ հայկական գորգերը տարածման մեծ շառավիղ ունեին: Դեպի արևմուտք նրանք տարվել են մինչև Բյուզանդական կայսրության արևմտյան մարզերը, արևելքում հասել են մինչև Խորասան և Միջին Ասիա՝ Կաշգար: Հարավում նրանք հայտնի էին Արաբական խալիֆաթի կենտրոններում, իսկ հյուսիսում հասնում էին մինչև միջին Վոլգայի, Կամայի Բուլղարների երկիրը, հավանաբար նաև Կիևյան Ռուսիա:
Ավելի լայն տարածում ունեին հայկական գործվածքները:
Հայաստանից արտահանվում էին նաև մետաղ և մետաղյա իրեր, խեցեղեն, ներկեր, դեղանյութ, զանազան հանքանյութեր, անտառանյութ, ցորեն, գինի, չորացրած մրգեր, ձկնեղեն, անասուններ, մասնավորապես ձիեր և ջորիներ և այլ նյութեր»:
Հայ անվանի գեղանկարիչ և հասարակական գործիչ, 1915-ին Վանի հերոսական ինքնապաշտպանության մասնակից Փանոս Թերլեմեզյանի «Կյանքի հուշերում» կարդում ենք.
«Այն ժամանակները եվրոպական ապրանք շատ քիչ էր գալիս Վան։
Բամբակը ուղտերի կարավաններով գալիս էր Պարսկաստանից:
Տեղացիները նրանից կտավ էին գործում: Ամբողջ ժողովրդի ճերմակեղենը այդ կտավից էր կարվում: Հետո կտավները ներկում էին տորոնով (garance): Տորոնը մի բույսի արմատ էր, որ բոլոր այգիներում մեծ առատությամբ էր գտնվում:
Այդ գույնը չփոխող կարմիր կտավը «շիլա» էր կոչվում: (Շիլայից կարում էին երկար շապիկ, որը կանայք հագնում էին զգեստի վրա՝ «շիլա շապիկ», Կ. Ա.):
Շմշիր փայտի վրա («շիմշիր փայտը» տոսախն է, Կ.Ա.) ոճավորված ծաղիկներ էին փորագրում, որը կոչվում էր «դաջ» և դրանով դաջում էին շիլան սև ու կապույտ գույներով՝ արտաքին հագուստների համար, որ «չիթ» էր կոչվում:
Մեծ պատերազմից հետո Լենինգրադից եկած մի խումբ ռուսներ երեք հարյուրի մոտ այդ դաջերից հավաքեցին տարան իրենց հետ:
Բույսերից ու քարերից գույներ պատրաստելու մեծ կուլտուրա կար Վասպուրականում: Այդ գույները պատրաստելու գիտությունը, սքանչելի ժողովրդական երգերը, լավագույն թանգարանների զարդ լինելիք աննման ձեռագործները, բարձրորակ մագաղաթյա ձեռագիրները, ճարտարապետական ինքնուրույն կառուցվածքները կորսվեցին և այրվեցին՝ անտեղի ոչնչացված Հայության հետ:
Իմ մանկության տարիներից մի քանի հատուկտոր տեղեկություններս գույների մասին բերում եմ: Սև գույնը շինում էին ընկույզի և նուռի տերևներից ու կեղևներից, որոնց մեջ ձգում էին փտած երկաթի կտորներ: 1870-73 թվականների մոտեր կոտորել էին Դհերի քրդախոս Հայերին (Դհերը գտնվում էր Տիգրանակերտի կուսակալության սահմանի վրա): Նրանցից ճողոպրածները Վան էին թափվել ու քաղաքի շատ տները մի դհերցի ընտանիք հյուրընկալելու պարտ էին զգացել, որով մեր խղճուկ տանն էլ տեղավորվել էր մի ընտանիք: Նրանք երկու եղբայրներ էին, անմիջապես հորեր զարկին և շալ ու շալվար գործելու դազգահ պատրաստեցին։
Շուտով մքուքների դուրեկան չխչխկոցը սկսեց լսվել: Նրանք գործում էին ամենագեղեցիկ նախշերով ու գույներով շալվարներ, շալեր այծերի ջուռ մազից, ինչպես Վանի նահանգի շատախցիները:
Այդ դհերցիները մի աման ունեին, ինձ ստիպեցին, որ սրանից հետո միայն այդ ամանի մեջ միզեմ: Վերջը ես իմացա, որ մեզը գործ էր ածվում կապույտ գույնը ամրացնելու համար:
Արքայական կարմիրը ստանում էին մի տեսակ միջատներից, որ գլխավորապես Սիրիայի կողմից էին բերվում: Այն ժամանակները մեր կողմերում եվրոպական ալիզարի գույները մուտք չէին գործել։ Երկրի արդյունաբերության գլխավոր արտադրությունն էր կտավ, շիլա, չիթ, շալ, շալվար, աբա, ջեջիմ, ջուլ և գորգեր։
Հին դարերում մեր գորգերը նշանավոր են եղել։
Արաբական պատմիչներից իմանում ենք, որ հաճախ Հայերը արաբներին տուրք էին վճարում գորգերով։ Որոնցից չորս նշանավոր նմուշներ կան Կոստանդնուպոլսի Եֆկաֆի (կրոնական) թանգարանում: Նրանց վրա կան հայերեն բառեր և խաչեր գործված: Բայց երկրի գլխավոր հասույթը ոչխարի և ձիերի արտահանությունն էր, որոնք տարվում էին մինչև Եգիպտոս և Պոլիս»…
Լուսանկարում՝ Հայ գեղանկարիչներ Եղիշե Թադևոսյանը, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը և Փանոս Թերլեմեզյանը՝ 1916 թվականին: