Month: Հուլիսի 2021

  • «ՄԵՐ ՍՐՏԵՐԸ ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՇԱՂԱԽԸ»…

    «ՄԵՐ ՍՐՏԵՐԸ ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՇԱՂԱԽԸ»…

    «ՄԵՐ ՍՐՏԵՐԸ ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՇԱՂԱԽԸ»…

    «Ավերակների փոշիների՛ց է կազմված այն շաղախը, որ միացնում է ներկա սերունդի սրտերը՝ նախահարց հետ»,- գրել է Րաֆֆին իր ստեղծագործություններից մեկում՝ «Կայծեր»-ում:

    Մեր սրտերը մեր Նախահայրերի հետ կապող «շաղախն է ավերակների փոշին», ուր մեր Ազգի պատմությունն է, հազարամյակների հիշողությունը՝ բազմազան ավանդապատումներով հավելված…
    Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում վեր խոյացող երբեմնի անառիկ ամրոցների փլատակները, արքայական ժայռափոր դամբարանները, մեծաթիվ բազմաբնույթ կառույցներն ու վիմափոր աստիճաններն Անցյալից մեզ հասած Լույսի շողերն են, որ Ճառագում են մեզանում:

    Մի փոքրիկ ճամփորդություն Վանում՝ մեր Նախնյաց հետքերով, Րաֆֆու ուղեկցությամբ. «Կայծեր»-ից քաղված հատվածներ՝ Վանի հայտնի ու անհայտ որոշ կառույցների հիանալի նկարագրությամբ՝ ահավասիկ…

    «Հասնելով հսկա քարաժայռի ստորոտը, որի բարձրության վրա նստած էր բերդը, մենք ցած իջանք ձիերից և սկսեցինք քարե մաշված սանդուղքներով դեպի վեր բարձրանալ: Սարսափելի ճնշող տպավորություն էր գործում այդ բերդը իմ վրա:
    Նրա ահավորության առջև մարդ կարծես մանրանում էր, փոքրանում էր, և կորցնում էր իր բոլոր քաջությունը: Չգիտեմ ի՞նչ էր պատճառը, արդյո՞ք այն, որ իմ առջև ներկայանում էր մի պատկառելի հնություն, թե՞ այն, որ այդ լուռ, խորախորհուրդ քարաժայռը պահել էր իր սրտի մեջ խիստ տխուր հիշատակներ մեր պատմական անցյալից:

    Վանի բերդը

    Ասլանը չկամեցավ իսկույն բերդը մտնել, սկսեց նախ նրա շրջակայքը հետազոտել: Ամեն տեղ երևում էին հնության հետաքրքիր մնացորդներ, ամեն տեղ քարերի ճակատին տեսնում էինք բազմատող բևեռագրեր: Երբ նրանց մասին հարցրի Ասլանից, նա խիստ անփույթ կերպով պատասխանեց. «Ինձ չեն հետաքրքրում այդ մեռած տառերը»…
    Ուրեմն ի՞նչ էր հետաքրքրում նրան, ի՞նչ էր որոնում նա այն ամայի քարափների մեջ այնքան խորին ուշադրությամբ:
    Նա մի բան որոնում էր, որովհետև ես շատ անգամ նկատում էի, իր հիշողության գրքույկը հանում էր ծոցից և մի բան գրում էր նրա վրա: Մեր առաջնորդը, որին իբրև զարգացած մարդ, և մանավանդ իբրև հնագետ, փաշան դրել էր մեզ հետ, որ ցույց տար հնությունները և բացատրեր մեզ նրանց նշանակությունը, այդ երիտասարդ թուրք գիտնականը անդադար Ասլանի ուշադրությունը դարձնում էր այս ու այն առարկայի վրա և իր հոգնեցուցիչ շատախոսությամբ ավելի խանգարում էր նրան, քան թե օգնում էր: —«Նայեցեք այդ ծակին,- նա ցույց էր տալիս մի վիրապի բավական լայն բերանը, -դա իջնում է ցած և ցած մինչև երկրի խորքերը, հետո ստորերկրյա ոլոր-մոլոր ճանապարհներով հասնում է մինչև ծովակի հատակը:
    Այնտեղ բացվում է մի Ոսկյա դուռ և մարդուն ներս է տանում բյուրեղյա հրաշալի ապարանքի մեջ: Այնտեղ մարջանի (բուստի) մշտադալար ծառերի ներքո ճեմում են հավերժական հյուրիներ, փերիներ, ավելի պայծառ, քան նոր ծագող Արեգակը իր վարդակարմիր ճառագայթներով: Այնտեղ «Հազարան բլբուլը» կերակրվում է մարգարիտներով և, փղոսկրյա վանդակի մեջ, ամեն մի րոպեում վախում հազարավոր եղանակներ, հազարավոր նվագներով: Նրա երգի ձայնից անուշահոտ վարդենիները գտնվում են մշտական զմայլմունքի մեջ:
    Այնտեղ արարածները չեն ծերանում, այլ վայելում են հավերժական սեր և մանկություն: Բայց բյուրեղյա ապարանքի Ոսկյա դուռը ամենի առջև չէ բացվում, որովհետև նա կախարդված է և խորհրդավոր թիլիսման ունի:
    Մի ծերունի դերվիշ, որ աչքով տեսել է այդ բոլորը, խոստացել է տալ ինձ այդ թիլիսմանը»:

    Ասլանը ժպտաց թուրք հնագետի միամտության վրա: Նրա ցույց տված հորը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ այն հին, ստորերկրյա անցքերից մեկը, որ մի ժամանակ ծառայել է կա՛մ որպես փախուստի ճանապարհ, կա՛մ հաղորդակցություն է ունեցել ուրիշ ամրությունների հետ, որոնք շատ հեռու չեն բերդից: Այս տեսակ հորեր շատ էին երևում:
    Կարծես քարափի մթին խորքերում մի հսկայական մրջնանոց լիներ իր բազմաթիվ խորշերով և իր բազմաթիվ խոռոչներով, ուր մարդիկ երբեմն գործել են: Բայց իմ ուշադրությունը գրավեցին երեսունից ավելի մեծ և փոքր այրեր ու ընդարձակ քարանձավներ, որոնք նույնպես փորված էին քարափի մեջ, որոնց մի քանիսի մեջ մենք կարողացանք ներս մտնել:
    Նրանց վրա երևում էր ժամանակի արհեստն ու ճարտարությունը, և շատերը նրանցից զարդարած էին սեպաձև արձանագրություններով:

    —Ավանդությունը,- ասաց Ասլանը,- այս բերդը և այս այրերը Շամիրամին են ընծայում, որպես թե նինվեացի թագուհու գանձատունը, մթերանոցները, պահեստի տեղերը և բաղանիքները լինեին: Իսկ այդ բոլորը ավելի հին է, քան թե Շամիրամը, թեև մեր ծերունի Խորենացին հնագիտական միամտությամբ նույնպես նրան է ընծայում:
    —Ի՞նչ է ասում Խորենացին,- հարցրի ես խորին հետաքրքրությամբ:
    Կարծես Ասլանը Խորենացու գիրքը այնպես սերտած լիներ, որպես ես՝ Սաղմոսը. նա անգիր կարդաց պատմությունից այն տեղը, որ այդ բերդին էր վերաբերում, հետո աշխարհաբար թարգմանեց ինձ.
    —«Իսկ անձավի արևահայաց կողմը, այնպիսի նյութի կարծրության մեջ, ուր մեկը այժմ և ոչ մի գիծ երկաթով փորել կարող է (Շամիրամը), պես-պես տաճարներ, օթևանների սենյակներ, գանձերի տներ և երկար այրեր հրաշակերտեց, հայտնի չէ ի՛նչ բաների պատրաստության համար: Բայց քարի ամբողջ երեսի վրա, որպես գրիչով մոմը հարթելով, շատ գրեր արձանագրեց, որոնց վրա նայելն միայն զարմանք է բերում»:
    Որքա՛ն ուղիղ էր Խորենացու կարծիքը, ես այդ դատել չէի կարող, միայն տեսնում էի, որ նրա ասածները բոլորը կային: Բայց Ասլանը ասում էր, թե այս ամենը այն ամենահին ժամանակներից են մնացել, երբ մարդիկ տուներ չէին շինում, երբ նրանք այրերի մեջ էին բնակվում: Այդ իմ խելքին նստում էր, որովհետև տեսնում էի, այրերից շատերը այնքան ահագին մեծություն ունեին, որ կարող էին ամբողջ ընտանիքների բնակությանը հարմարվել:

    Բերդի շրջակայքը ման գալուց հետո, մենք մտանք բուն բերդի մեջ: Այդ անմատչելի ամրոցը, որպես ասեցի, նստած է ժայռոտ քարափի գլխին, որը ուղղաձիգ բարձրությամբ քաշված է դեպի երկինք, և այնտեղից ահռելի կերպով հսկում է ամբողջ քաղաքի վրա: Դեպի ամեն կողմ, ուր և հայացք ես ձգում, դարձյալ երևում են արձանագրություններ, որոնք լուռ և անբարբառ նայում են մարդու երեսին, կարծես ասել են ուզում.
    «Մենք միշտ կմնանք անվերծանելի և երբեք չի պիտի երևան հանենք հնության գաղտնիքը»…
    Ասլանը՝ պտտելով բերդի մեջ, որպես նկատում էի ես, արձանագրությունների և այլ հնությունների վրա միայն հարևանցի նայելով էր անցնում, ավելի ցույց տալու համար, թե նրանցով հետաքրքրվում է: Իսկ մեր երիտասարդ առաջնորդը ոգևորված էր առասպելական պատմություններով, ամենևին չէր նկատում, թե իր պատմությունները որքան նշանակություն ունեին նրա համար:
    Նա անընդհատ խոսում էր: Բայց իմ նկատողությունից չէր կարող վրիպել այն խորին ուշադրությունը, որով Ասլանը քննում էր ամրոցի մթերանոցը, պահեստի տեղերը, որ լցված էին վառոդով և զանազան զենքերով, զինվորների օթևանները, և այն վաղեմի, ժանգոտած թնդանոթները, որոնք, իրանց բերանները դարձրած դեպի քաղաքը, պահպանում էին նրան մշտական երկյուղի ներքո: Այդ թնդանոթներով մի ժամանակ ենիչարիները ռմբակոծում էին քաղաքը:
    Ես նկատում էի, Ասլանը մի առանձին ուշադրությամբ հետազոտում էր այն ծակերը, այն գաղտնի անցքերը, որոնք քարափի վերևից իջնում էին դեպի նրա խորքերը և ստորերկրյա ճանապարհներով կորչում էին, սատանան գիտե, թե դեպի ո՛ր կողմը: Նա արծվի հայացքով զննում էր նրանց ուղղությունը, տարածությունը, և որպեսզի կասկածանքի առիթ չտա մեր առաջնորդին, ժպտելով հարցրեց նրանից.
    —Ինչպե՞ս եք կարծում, պարո՛ն քարտուղար, այդ անցքը նույնպես չէ՞ տանում դեպի մի բյուրեղյա ապարանք, ուր հյուրիներն ու փերիները պառկած են մարջանի ծառերի ներքո և սքանչանում են «Հազարան բլբուլի» հազար ու մեկ եղանակներով:
    —Դուք ծաղրում եք ինձ, պարո՛ն բժշկապետ,- պատասխանեց երիտասարդը նույնպես ժպտելով,- բայց ես կասեմ ձեզ, որ այդ անցքը դեպի Բյուրեղյա ապարանքը չէ տանում, որովհետև դեպի ծովը չէ գնում: Մարջանի ծառերը ծովի հատակի վրա են բուսնում և Բյուրեղյա ապարանքն էլ ջրերի խորքումն է լինում: Իսկ այդ անցքը, քարափը կտրելով, իջնում է դեպի ցած, հետո գետնի տակով գնում է դեպի այն ձորը, որի մի մասը երևում է բլուրների հետևից:
    Նա ձեռքը մեկնեց դեպի այն կողմը:
    —Ներեցե՛ք, խնդրեմ, իմ նկատողությունը դուք, իհարկե, կատակի տեղ կընդունեք: Իսկ ձեր այժմյան պատմածը դարձյալ շատ հետաքրքիր է: Ես շատ բերդեր եմ տեսել, բայց մի այսպիսի անցք առաջին անգամն եմ տեսնում իմ կյանքում, երևի դրա ծայրը, այսինքն՝ այն տեղը, որ դուրս է գալիս ձորի մեջ, անպատճառ ծածկված կլինի:
    —Անտարակույս, մանավանդ մի դեպքից հետո, որ պատահեց մի տարի առաջ. պահապան զինվորներից մեկը սովորություն էր ունեցել վառոդ գողանալ և այդ անցքով դուրս տանել, վաճառել Հայ խանութպաններին:

    Զինվորին և խանութպաններին սաստիկ պատժեցին, և անցքի մուտքը այն ժամանակից գոցվեցավ:
    — Որքա՜ն զարգացած է եղել հին ժամանակներում արհեստը այդ երկրում,- ասաց Ասլանը, արտահայտելով իր խորին հիացմունքը:
    Այդ անցքերը հազարավոր տարիներ գոյություն ունեն, բայց այնքան ճարտարությամբ շինված են, որ մինչև այսօր չեն խանգարվել, պահպանում են իրանց նշանակությունը:
    —Դուք ավելի կզարմանաք, պարո՛ն բժշկապետ, երբ կտեսնեք Թոփրակ-Կալեի և Չարխի-Ֆալակի գաղտնի անցքերը,- պատասխանեց առաջնորդը մի առանձին պարծենկոտությամբ, երբ լսեց Ասլանի գովասանքները (կարծես այդ հրաշալիքները նրա պապերն էին ստեղծագործել):
    —Երբ այստեղ կվերջացնենք, ես կտանեմ ձեզ դեպի հիշյալ հնությունները, որոնք բավական հեռավորության վրա են գտնվում այստեղից: Դուք կտեսնեք այնտեղ ավելի զարմանալի ստորերկրյա անցքեր, որոնք այնքան երկար են տարածվում գետնի տակով, որ շատերը հաղորդակցություն ունեն հենց այդ բերդի հետ»:


    «Մենք ցած իջանք բերդից միևնույն քարե սանդուղքներով, որոնց մասին Ասլանը ասում էր, թե մի ժամանակ Գագիկ Արծրունին է տաշել տվել, բայց այժմ համարյա թե իսպառ մաշված էին: Բերդի ստորոտում, մեր ձիաները բռնած, սպասում էին մեր երկու ղավազները: Մենք հեծանք, սկսեցինք դիմել դեպի Թոփրակ-Կալե և մյուս հնությունները:
    Դուրս գալով քաղաքից, երբ փոքր-ինչ հեռացանք, մեր շրջակայքում բացվեցան հիանալի տեսարաններ. մի կողմում երևում էր կանաչազարդ Այգեստանը, երևում էին և Վարագա կանաչազարդ լեռները, որոնց կուրծքի վրա, խորին ջերմեռանդությամբ գրկված, բազմել էր Վարագա գեղեցիկ վանքը: Մյուս կողմում, մանիշակագույն հայելիի նման, փայլում էր Վանա ծովակը: Այդ ձվաձև հայելին դրված էր հիանալի շրջանակի մեջ, որը բոլորում էր նրա գեղագրական եզերքը, մեղմ, ալիքավոր բարձրություններով, դրանք էին` Արտոս, Արնոս, Սիփան, Նեբրովթ և Գրգուռ լեռները, որոնց գոտիները չորեք կողմից սեղմել էին իրանց մեջ ջրի այդ մեծ ավազանը:


    Կարծես այդ աշխարհում հեթանոսական և քրիստոնեական ժամանակների հիշատակարանները դեռ մինչև այսօր մրցություն էին անում միմյանց հետ: Մի կողմում, բևեռագրերով զարդարված փառավոր շինվածքներ ցույց էին տալիս ամենահին անցյալի վրա, մյուս կողմում, սփռված էինք տեսնում բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ: Այդ վանքերը դեռ շեն էին և լի բազմաթիվ կրոնավորներով: Իսկ նրանց կողքին, մենք գնում էինք տեսնելու մի հին, մոռացված մեհյանի տխուր ավերակները…
    Վերջապես, հասանք Թոփրակ-Կալե:
    Այդ ավերակ բերդը ուրիշ անուններ ևս ունի. նա կոչվում է Ակռփու-քար և Զըմփ-զըմփ-մաղարա: Բայց այդ երեք անուներից և ոչ մեկը նրա նախնական անունը չէ. դրանք ստացվել են վերջին ժամանակներում: Ինչպե՞ս էր կոչվում նա առաջ. ոչ ոք չգիտե, պատմությունը լռում է այդ մասին:
    Այդ բերդը մի ամբողջ քաղաք է եղել, որ այժմ ծածկվել է ահագին հողակույտերի ներքո: Հենց այդ է պատճառը, որ նրան թուրքերի բառերով կոչում են Թոփրակ-Կալե (Հողաբերդ): Գուցե այդ անհայտացած քաղաքը այն կախարդված «Պղնձե քաղաքը» լիներ, որ մինչև այսօր Վանեցոց ավանդությունների մեջ պահպանել է իր դժբախտ, առասպելական պատմությունը: Չար վհուկի դյութելով, ամբողջ քաղաքը՝ իր պարիսպներով, տներով և բնակիչներով անշարժ պղինձ է դառնում: Ասլանը ասում էր ինձ, այդ ավանդությունը ճիշտ է միայն այն կողմից, որ եթե այդ հողակույտերի մեջ փորվածքներ անելու լինեն, մետաղյա բոլոր առարկաները կգտնեն պղնձից շինված, որովհետև այդ ավերակները պատկանում են պղնձե դարաշրջանին:
    Եվ իրավ, որպես պատմեց մեզ մեր առաջնորդը, այնտեղ գտել էին զանազան պղնձե զարդեր, պղնձե զենքեր, պղնձե տնային կարասիք և մինչև անգամ՝ պղնձե մարդիկ:

    Հնությունների ավերակները և մարդիկների գերեզմանները իմ վրա միշտ միևնույն տպավորությունն են գործել: Երկուսի մեջ ևս տեսնվում է դադարած կյանքը, երկուսն էլ հիշեցնում են անցյալը, որ մի ժամանակ ապրել են, գործել են և, ժամանակի հետ քսվելով, մաշվել ու մեռել են, թողնելով միայն կենդանի հիշատակներ: Մարդ, նայելով իր նախահարց գերեզմանների վրա, մի առանձին հպարտություն է զգում, երբ մտաբերում է, որ նրանք իրանց ժամանակի ամենալավ մարդիկն են եղել:
    Գերեզմանի մեջ անգամ նրանց փոշիները պահպանում են վաղեմի վեհությունը:
    Ավերակների փոշիների մեջ ևս ապրում է անցյալ մեծությունը, որ միևնույն հպարտությունը և միևնույն քաջալերությունն է ազդում ապագա սերունդի մեջ:
    Ավերակների փոշիների՛ց է կազմված այն շաղախը, որ միացնում է ներկա սերունդի սրտերը՝ Նախահարց հետ:
    Թոփրակ-Կալեի լեռան մեջ նույնպես գտնվում են շատ այրեր, քարանձավներ, ստորերկրյա անցքեր, որպիսիները տեսանք Շամիրամի բերդի մեջ: Դրանցից և ոչ մեկը բնական չէ, բոլորն էլ փորված են ամենաամուր ժայռերի մեջ, և նրանց այժմյան գեղեցկությունը բավական ապացույց է, թե որքան զարգացած է եղել այդ աշխարհում արհեստը:
    Այրերից միայն մեկի մեջ մտանք մենք, որ կոչվում է Զըմփ-զըմփ-մարաղա, այսինքն՝ զըմփզըմփալով ձայն հանող այր:
    Ամենաթեթև ձայնը այդ քարանձավի մեջ զըմփզըմփալով արձագանք է տալիս: Ժայռի մեջ բացվում է մի մեծ մուտք, որը հարյուրավոր քարյա սանդուղքներով իջնում է դեպի լեռան խորքը: Քարի մեջ փորված երկու լուսամուտներ վերևից խիստ աղոտ լույս են ձգում այդ ստորերկրյա վիրապի մեջ: Քարյա սանդուղքի վերջին աստիճանի մի կողմում բացվում է մի ընդարձակ, քառակուսի այր, դա է, որ կոչվում է Զըմփ-զըմփ-մաղարա: Այդ այրի միջից մի առանձին անցք տանում է դեպի երկրի խորքերը. բայց ո՞ւր է գնում, որտե՞ղ է վերջանում, աստված գիտե:
    Մեր առաջնորդը դարձյալ խոսում էր ստորերկրյա ապարանքների մասին. ժողովրդի ավանդությունը նույնն էր խոսում:
    Այդ բոլորը տեսնելով, ես պատրաստ էի հավատալ, որ այստեղ եղել է մի Ստորերկրյա Աշխարհ, և այդ անցքերը տանում են դեպի այն Աշխարհը: Ասլանը այդ մասին ինձ ոչինչ չասաց. նա բոլորովին ուրիշ նպատակներով էր քննում այդ անցքերը: Նա ցանկանում էր ստուգել, թե որքա՛ն ուղիղ է այն կարծիքը, թե այդ ստորերկրյա անցքերը հաղորդակցություն ունեն քաղաքի մեջ գտնվող Շամիրամի բերդի հետ:
    Այդ էր պատճառը, որ մեզանից ոչ մեկը չհամարձակվեցավ Զըմփ-զըմփ-մաղարայից անցնել և առաջ գնալ, իսկ նա, վառելով իր հետ վերառած մոմապատը, շատ առաջ գնաց և վերադարձավ համարյա մեկ ժամից հետո:
    —Նա կկորչի,- ասում էր ինձ մեր առաջնորդը նրա բացակայության ժամանակ:
    —Ինչու՞,- հարցրի ես:
    —Այնտեղ ջիններ (դևեր) են բնակվում. այնտեղ գնացող ադամորդին այլևս չէ վերադառնում:
    Դուրս գալով այրից, մենք սկսեցինք դիմել դեպի լեռան գագաթը: Այնտեղ մեր առաջնորդը կամենում էր ցույց տալ մեզ Չարխի-Ֆալակի մուտքը:
    Դա նույնպիսի մի անցք էր, որպիսիները տեսել էինք մենք, և ուղիղ լեռան գագաթից իջնում էր դեպի նրա խորքերը: Վանեցի Հայերի ավանդությունը այդ անցքի մասին շատ հրաշալիքներ է պատմում, որոնցից մեկը պատմեց մեզ մեր առաջնորդը:
    Ահա նրա խոսքերը. անցքը իջնում է մինչև Գայլ գետի ափերը, որը հոսում է լեռան ստորերկրայքում: Գետի սքանչելի եզերքը զարդարած են արմավենի ծառերով:
    Այնտեղ Բախտը արագ ձեռքով պտտեցնում է աշխարհի անիվը՝ Չարխի-Ֆալակը: Անիվի յուրաքանչյուր թևքի վրա Բախտը փորագրել է մի-մի գրություն: Այդ գրությունների յուրաքանչյուրը բովանդակում է իր մեջ մի գաղտնիք: Օրինակ, մեկը ցույց է տալիս, թե ինչպե՛ս պետք է գտնել թաքուցած գանձերը. մյուսը սովորեցնում է, թե ինչպե՛ս պետք է պատրաստել էլեքսիրը, որի միավորությամբ ամեն մետաղ ոսկի է դառնում. երրորդը ցույց է տալիս, թե որտե՛ղ են գտնվում գոհարների լեռները, չորրորդը ուսուցանում է, թե ո՛րպես բժշկության մեջ պետք է գտնել անմահության կաթիլը, հինգերորդը տալիս է իշխանություն, թագավորություն, փառք, մի խոսքով, անիվի յուրաքանչյուր թևքի վրա արձանագրված է մի-մի թիլիսման մարդկային բախտավորության համար, որոնց դեռ մարդու հանճարը չէ հասել: Անիվը առանց կանգ առնելու անդադար պտտվում է:
    Նա կանգ է առնում տարվա մեջ մի անգամ միայն, այն ևս մեկ րոպեով: Այդ լինում է Համբարձման գիշերը, երբ երկինք ու գետինք գրկախառնվում են և համբուրվում են միմյանց հետ: Մարդիկ սպասում են հենց այդ րոպեին: Երբ հաջողվում է նրանց հասնել մինչև Չարխի-Ֆալակը, նրանք պետք է ձեռքում պատրաստ ունենան մոմից շինած թերթեր, որ անիվը կանգնելու րոպեում իսկույն կպցնեն նրա թևքի վրա:
    Խորհրդավոր թիլիսմաններից մեկը դրոշմվում է մոմի վրա, և մարդը ստանում է այն շնորհներից մեկը, որ Բախտը վիճակում է նրան:
    Բայց այդ շնորհներին խիստ հազիվ անգամ հասնում են մարդիկ, որովհետև նույն րոպեում, երբ անիվը կանգ է առնում, նրանց տիրում է խորին թմրություն, նրանք քնում են, և անողոք անիվը դարձյալ շարունակում է իր արագ պտույտը…

    Վան, «Մհերի Դուռը»

    Մեզ մնում էր մի հնություն ևս տեսնել և մեր այնօրվա արշավանքը դրանով պետք էր վերջացած համարել, այդ էր Մըհերի Դուռը: Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա, ուր մենք տեսանք Չարխի-Ֆալակը, ժայռի արևմտյան կողմում, քարի ճակատը քառակուսի ձևով տաշված է: Քառակուսին իր ահագին շրջանակի ձևովը՝ դռան ճիշտ նմանություն ունի: Այդ դռան մակերևույթը, որ բավական խորն է ընկած, ամբողջապես ծածկված է բևեռագիրներով: Ժողովուրդը դրան կոչում է Մըհերի Դուռ: Այստեղ է Վանա ամենաընդարձակ արձանագրությունը: Այդ քարեղեն դռան ետևում, ժողովրդի ավանդությամբ, իր ձիու հետ բանտարկված է Մըհեր անունով մի անձնավորություն: Այնտեղ՝ ժայռի սրտումը, մի քարայրի մեջ, արգելված է այդ սարսափելի հսկան: Մի օր նա կխորտակե իր շղթաները և, իր ձիու վրա նստած, դուրս կսլանա քարայրից, վրեժխնդիր կլինի իր թշնամիներին, և կմաքրե Հայոց Աշխարհը չարությունից…

    Այսպիսի մի առասպել միայն Հայ մարդու երևակայության ծնունդը կարող էր լինել: Նրա դարևոր աննախանձելի վիճակը ստեղծել է նրա համար մի այսպիսի Հույս և Ակնկալություն: Միհրը, կամ՝ ժողովրդի բարբառով՝ Մըհերը, Հայոց Արեգակն է:
    Այդ ամենահին աստվածը բանտարկված է, և Հայոց Աշխարհում տիրում է խավարն ու չարությունը:
    Մի օր նա դուրս կգա իր արգելանից և կրկին Լույս ու Արդարություն կսփռե Հայոց Աշխարհում: Ժողովուրդը լեգենդական լեզվով ասում է այդ, ասում է և հավատում է իր ասածին, և՝ սպասում է…

    —Արդեն հայտնվել է Մըհերը… Բայց ժողովուրդը այդ չէ նկատում…,- ասաց ինձ Ասլանը, երբ ճանապարհին այդ ավանդության մասին սկսեցի խոսել նրա հետ»…

  • «ԿՈՉԵՑԱՒ ԱՅՍՊԷՍ ՅԱՆՈՒՆ…»

    «ԿՈՉԵՑԱՒ ԱՅՍՊԷՍ ՅԱՆՈՒՆ…»

    «ԿՈՉԵՑԱՒ ԱՅՍՊԷՍ ՅԱՆՈՒՆ…»

    Հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության ուշագրավ էջերից է տեղանունների ծագումնաբանությունը:
    Տեղանուններում ազգի հիշողությունն է՝ տվյալ տարածքի հետ կապված՝ դարեդար փոխանցվող պատմությունը…
    Հնագույն շրջանից ի վեր դիցաբանական պատումներն արտացոլվել են և տեղանուններում (ինչպես՝ Տուրուբերանը՝ Տավրուբերանը, Տավրոսի լեռնաշղթայի, Սրմանց լեռների անունները… Լեռան ու Դիցի կապի, Ժայռածին Դիցերի խորհուրդի մասին հիշատակել ենք նախորդ որոշ գրառումներում):
    Հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, բնականաբար, նոր կրոնի գաղափարախոսության ազդեցությամբ, փոփոխվեցին տեղանունները, պաշտամունքային վայրերի անվանումները՝ տոների, ծեսերի իմաստի, բնույթի հետ միասին:

    Տեղանուններից բացի, ամսվա օրանունները ևս փոխարինվեցին-համապատասխանեցվեցին նոր կրոնին և, տվյալ օրը ծնվածին տալով այդ օրվա «սրբի» անունը, անձնանուններում էլ զգալի փոփոխություններ եղան:

    Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բնակավայրում (Անի-Կամախում) գտնվող՝ Արամազդի գլխավոր մեհյանն է հիշատակում Ագաթանգեղոսը՝ քրիստոնեության տարածման ժամանակվա իրադարձությունների նկարագրության առիթով.
    «Ապա երթեալ հասանէր յամուր տեղին յանուանեալ Անի, ի թագաւորաբնակ կայեանսն հանգստոցաց գերեզմանաց թագաւորացն Հայոց, եւ անդ կործանեցին զբագինսն Զեւս դիցն Արամազդայ Հօրն անուանեալ դիցն ամենայնի»:
    Այնուհետև Տրդատն այս հիշյալ Անի վայրն՝ իր մերձակա տարածքներով, նվիրում է եկեղեցուն…
    Հետևաբար՝ տեղանունը փոխվում է…

    Մատենագիրները վկայում են Աշտիշատում գտնվող՝ Վահագնի՝ ոսկով ու արծաթով հարուստ գլխավոր մեհյանի՝ Գ. Լուսավորչի կողմից դժվարությամբ կործանման պատմությունը (սիրված Դիցերի մեհյանները հերոսությամբ պաշտպանվում էին նաև. կործանման նպատակով Տիրի ուսման ճարտարության մեհյանի վրա հարձակումից հետո՝ պաշտպանվող զինված Քրմական հետևակն ապաստանել էր մերձակա Անահիտի մեհյանում՝ Ագաթանգեղոսի նկարագրությամբ):…

    Նույն պատմիչի հաղորդմամբ՝ Աշտիշատում էր նաև Աստղիկի գլխավոր մեհյանը՝ «Եւ երրորդ մեհեանն անուանեալ Աստղկան դից, Սենեակ Վահագնի»…
    Աստղիկի պաշտամունքը մեծ տարածում ուներ Տարոնում:
    Գ. Սրվանձտյանի դիտարկմամբ՝ Տարոնում չկար մի գավառ, ուր բլուր կամ բարձր սար Աստղկան նվիրված չլիներ. այսպես, Վարագա լեռան մի մասը, ինչպես նաև Մշո Ս. Հովհանու մոտ Տորոսի (Տավրոսի) գոտու մի կտորը կոչվում էր Աստղիկի անունով (նաև՝ Աստղկանբերդ լեռնագագաթը՝ Վանա լճի ավազանում: Նշենք, որ բազմաթիվ լեռների վրա Դիցերի անվամբ «Գահեր»՝ «Աթոռներ» ու «Սենյակներ» կային)…

    Թովմա Արծրունու հավաստմամբ՝ Արտաշես արքան Աստղիկին նվիրված տաճար ու նրա մոտ՝ գանձատուն է կառուցել Արտաշատում:

    «Իսկ ի մէջ երեքարմատեան գոգաձև հովտին փոքու որ յերիցն բլրոցն խոնարհի՝ շինէ աշտարակ բարձրաբերձ փորուածոյ միջոցաւ, և ի վերայ նորա կանգնէ զԱստղկան պատկերն, ի մօտ նորա զտուն գանձու պաշտպանութեան կռոցն»…

    Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհում ողջ գավառն էր Անահիտ Դիցամոր անունով՝ «Անահտի Երկիրը» (Եկեղեաց գավառը):
    Երզնկա քաղաքից մոտ 20 կիլոմետր հյուսիս-արևելքում՝ Անահտա Աթոռ լեռնագագաթն էր (3557 մետր բարձրությամբ):
    Ստեփանոս Օրբելյանն իր՝ «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ հիշում է «Անահտայ Ձոր» կոչված վայրը՝ հավանաբար՝ տեղանքում Անահիտ Դիցամորը նվիրված մեհյանի ներկայությամբ պայմանավորված…

    Մեր Նախնիք Հայոց Աշխարհին Լիություն ու Առատություն պարգևող՝ «Երկնքի ու Երկրի Արարիչ՝ Մեծն Այր Արամազդից» հովանավորություն էին խնդրում, Մայրության, Պտղաբերության, Արգասավորության հովանավոր՝ «Մեր ազգի Փառք ու Կեցուցիչ, Մեծ Անահիտ Տիկնոջից»՝ խնամակալություն հայցում և Քաջություն, Խիզախություն՝ Քաջն Վահագնից (Տրդատի հրովարտակից հիշվող խոսքերը՝ Ագաթանգեղոսի մեջբերմամբ՝ «Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ»)…

    Հովանավոր՝ Ամենակարող Դիցերին փոխարինած զանազան «սրբերի» անուններով կոչվեցին հնագույն ուխտավայրերն ու սրբատեղիները (Դիցամոր փոխարեն՝ Աստվածամայր, ռազմիկին Ուժ ու Զորություն պարգևող Վահագնի, Միհրի փոխարեն՝ Սբ. Կարապետ…):

    7-8-րդ դարերից՝ Հովհան Մամիկոնյանին վերագրվող «Տարոնի պատմության» մեջ նկարագրվում է, թե ինչպես է Գ. Լուսավորիչը Հայաստան բերում Սբ. Կարապետի ու Սբ. Աթանագինես վկայի նշխարները՝ Իննակնյան վայրերում՝ իր կործանած տաճարների փոխարեն, «նույն այդ մատուռի տեղում» (7, 44) հիմնում Սբ. Կարապետի վանքը, («Գլակա վանքը»):

    Ի հեճուկս հազարամյակների ընթացքում պարտադրված փոփոխությունների՝ Հայ ժողովուրդն իր Դիցանվեր վայրերում պահպանեց անցյալի հիշողությունը՝ հին ավանդույթներին երբեմն այլ երանգ հաղորդելով:


    Հնագույն հավատալիքների հետքերն են «Անգղ»-ի հետ առնչվող տեղանուններում (Անգղա Սբ. Աստվածածին վանքի տեղում էլ հնագույն պաշտամունքավայր էր):
    Վանա լիճը թափվող գետերից մեկի՝ քաղցրահամ ջրի պատճառով Խոշաբ կոչված գետի ստորին հոսանքը ևս Անգղ էր կոչվում, իսկ գետի անունով նաև նրա աջ ափին գտնվող բարձր ու անմատչելի քարաժայռի վրա կառուցված ամրոցն ու ողջ բերդաքաղաքն էր Խոշաբ կոչվում («խոշաբը» քաղցր մրգաջուրն է…):

    Խոշաբ

    Հայկական Լեռնաշխարհում ու նրա մերձակայքում Հայոց հնագույն՝ Հուրի, Արևի, Լույսի պաշտամունքին աղերսվող բազմաթիվ տեղանուններում, սրբավայրերում, ուխտատեղիների ու աղբյուրների անուններում վաղնջական ժամանակների հուշն է՝ անմիջականորեն կամ՝ սքողված, որոնցում պահպանվել են Դիցերի խորհրդանիշները նույնպես:

    Միհրապաշտության հիշողությունների աղերսն է «Ագռավի» հետ կապված տեղանուններում:

    Միհրականության մեջ (ինչպես և որոշ մշակույթներում), Արեգակի (Լույսի) հետ առնչվող խորհուրդ ուներ Ագռավը, որը հիշատակվում է որպես Արևի կողմից ուղարկված (Երկնային կամքի) Պատգամաբեր:
    Ի տարբերություն բազմաթիվ կրոնների, ուր ամեն ինչ բոլորին ուսուցանելու հնարավորություն կա, Միհրականությունը փոխանցվում է փակ շրջանում, անդամների խիստ ընտրությամբ՝ հոգևոր զարգացման տարբեր աստիճաններով:
    Ուստի, խորհրդանիշներն այստեղ չափազանց սեղմ բնորոշումներով են մեկնաբանվում…

    Ագռավախաչ՝ «Քար»՝ լեռ կա Մեծ Հայքի Սյունիք Աշխարհի Աղահեջք գավառում՝ Ծիծեռնակաբերդ վանքի մոտ (այժմ՝ Ծիծեռնավանք՝ Քաշաթաղի շրջանում. «Քաշ»-ը՝ «Ագռավ» իմաստն էլ ունի):
    Ագռավաց Քար անունով վանք ու ամրոց կար Մեծ Հայքի Վասպուրական Աշխարհի Անձևացեաց գավառում (Կանգվար), ուր «Աթոռ Անահտայ» վայրն էր՝ հետագայում Հոգվոց վանքը՝ Սբ. Աստվածածինը, ըստ ավանդության հիմնված Բարդուղիմեոս առաքյալի կարգադրությամբ քանդված Անահիտ Դիցամոր տաճարի տեղում (նոր ժամանակներում՝ Վանի նահանգի Վանի գավառի Խոշաբի գավառակում):
    Նաև՝ մեր էպոսում Փոքր Մհերի «ապաստարանը»՝ «Ագռավի Քարը»՝ «Մհերի Դուռը»…

    Վան (Մհերի Դուռը՝ Ագռավաքարը)

    «Միհրի Դուռ» բառակապակցությունը՝ Քուրմ Միհր Հայկազունու մեկնաբանությամբ՝ այլ խորհուրդ ունի…

    Հավելենք, որ որոշ ավանդապատումներում Ագռավը մարդկային կյանքեր փրկողի դերում է ներկայացվում՝ հիմնավորելով տեղանվան ծագումը՝ ինչպես Տաթևից Շինուհայր տանող ճանապարհին՝ «Ագռավի աղբյուրի» հետ կապված ավանդազրույցը, համաձայն որի Գրիգոր Տաթևացուն մանկության տարիներին աղբյուրից ջուր խմելիս նրան մոտեցող օձի խայթոցից փրկել է Ագռավը՝ նետվելով օձի առաջ:
    Համանման մի այլ պատմություն՝ Եղվարդի մոտ, Արայի լեռան լանջին Ագռավավանքի առնչությամբ:
    Ըստ ավանության՝ ուխտավորների կերակուրը թունավորած օձից զգուշացնելու նպատակով Ագռավն իրեն նետում է կաթսայի մեջ՝ այդպիսով կանխելով թունավորված կերակուրի գործածումն ուխտավորների կողմից (նույն զրույցը սերնդեսերունդ փոխանցվում է նաև Դսեղից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա՝ ձորում գտնվող Ագռավախաչ (Ագռավավանք) մատուռի առիթով, ինչպես նաև՝ Իջևանի շրջանում՝ Աչաջուր գյուղի մոտ գտնվող՝ Մակարավանքի անվան շուրջ հյուսված պատումներում, որի համար վանքը նաև Ագռավավանք է կոչվում)…

    «Կոչեցաւ այսպէս յանուն…», «…Եւ անուանեցաւ այսպէս յանուն…»,- կարդում ենք հաճախ դարեր առաջ գրված ուսումնասիրություններում:
    Սասունցիներին նաև կոչում էին «Բնակիչս Տօրոս Լերին» (Տավրոս լեռան բնակիչներ),- հիշեցնում է Ղ. Ինճիճեանն իր՝ «Ստորագրութիւն հին Հայաստանեաց»-ի էջերում…

    «Բարձր Հայք»՝ «Ըստ անուանդ՝ բարձր է, քան զամենայն երկիր»,- գրում է Խորենացին:
    Աշխարհագրական բարձր դիրքի շնորհիվ իր անունն ստացած Բարձր Հայքի ու Հայոց մյուս «Աշխարհների» բազմաթիվ տեղանունների շուրջ անթիվ էջեր կան գրելիք…

  • ԱՆԻ-ԿԱՄԱԽ՝          «ՔԱՂԱՔՆ ԱՆԻ, ՈՐ ԿՈՉԻ ԽՆԱՄՔ»…

    ԱՆԻ-ԿԱՄԱԽ՝ «ՔԱՂԱՔՆ ԱՆԻ, ՈՐ ԿՈՉԻ ԽՆԱՄՔ»…

    ԱՆԻ-ԿԱՄԱԽ՝
    «…ՔԱՂԱՔՆ ԱՆԻ, ՈՐ ԿՈՉԻ ԽՆԱՄՔ»…

    Հայոց դիցապաշտական գլխավոր կենտրոնների մասին պահպանվել են գրավոր հիշատակություններ՝ Հայ ու այլազգի պատմիչների երկերում, ինչպես նաև՝ նյութական մշակույթի որոշ հետքեր, որոնք օրըստօրէ հարստանում են հնագիտական պեղումների շնորհիվ…

    Պաշտամունքարանները՝ պաշտամունքի հնագույն վայրերը՝ Հայոց մեհենատեղիները քրիստոնեության տարածումից հետո էլ պահպանեցին իրենց կարևոր դերը՝ վերածվելով նոր կրոնի եկեղեցական ժողովների, հայրապետական աթոռանիստ վայրերի, եպիսկոպոսանիստ կենտրոնների (ինչպես՝ Աշտիշատը):

    Հայ ժողովրդի օրրաններից էր Եկեղեաց գավառը՝ Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհում, Արևմտյան Եփրատի հովտում, որը տարածքով համապատասխանում է Երզնկայի սարահարթին:
    Հնում գավառի մեծ մասը պատկանում էր Անահիտ Դիցամոր՝ Երիզայում գտնվող տաճարին, որտեղից էլ նրա մի այլ՝ «Անահտական գավառ» անվանումը:

    Գր. Դարանաղցին Երզնկան «Եկեղեաց քաղաք» անվամբ է նաև հիշատակում:

    Երզնկայի գավառում է հնագույն նշանավոր բերդաքաղաքներից մեկը՝ Կամախը՝ Անի-Կամախը՝ Դարանաղին՝ հնում՝ Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Դարանաղի գավառում, որը հիշատակվում է որպես բերդ, ամրոց՝ Անի անունով (5-րդ դարի Հայ պատմիչների խոսքով՝ «անմատույց ամրոց»):
    «Վարդան աշխարհագիր վասն Կամախայ գրէ. «՚Ի Կամախ է անառիկ բերդն»…»,- գրում է Ղ. Ինճիճեանն իր՝ «Ստորագրութիւն հին Հայաստանեայց» ուսումնասիրության մեջ՝ «Դարանաղի՝ այժմ՝ Կամախ» գլխում, հավելելով՝ «Եւ յանուն սորա առհասարակ Դարանաղեաց գաւառն կոչեցաւ Կամախ՝ ըստ նորին աշխարհագրի»):

    Հայաստանն ըստ «Աշխարհացոյցի»

    Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն իր անունն ստացել է Բարձր Հայքի Դարանաղի գավառի՝ հիշյալ Անի բերդաքաղաքից, որը Հայոց պաշտամունքային գլխավոր կենտրոնն էր, և որի մասին Վարդան Բարձրբերդցի պատմիչը՝ Վարդան Կիլիկեցին (1260-1326թթ.), գրել է. «…զքաղաքն Անի, որ կոչի Խնամք…» (Պատմութիւն տիեզերական, Մ., 1861, էջ 117–18)։
    Դարանաղին՝ ուշ ժամանակների Կամախը, հարուստ էր արգավանդ հողերով, սառնորակ աղբյուրներով ու հանքային ջրերով, նաև՝ աղահանքերով, որտեղից էլ՝ անվանումն է:

    Ն.թ.ա 4-1-ին դարերում Անի-Կամախը հիմնականում Եփրատից արևմուտք տարածվող՝ Փոքր Հայքի կենտրոնն էր և Մեծ Հայքին էր միացվել Տիգրան Բ-ի օրոք:

    Հետագայում այն Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Դարանաղի գավառի գլխավոր բերդն ու կենտրոնն էր:
    Արտաշեսյան և Արշակունի թագավորների հայտնի ամրոցներից մեկն էր Կամախը, ուր պահվում էին արքունական գանձերի մեծ մասը:
    Գանձատունը կողոպտվել է 369 թվականին՝ Շապուհ Բ-ի հրամանատարությամբ Հայաստան արշաված պարսկական զորքի կողմից: Այդ արշավանքի ընթացքում ավերվեց նաև Անի-Կամախում գտնվող՝ Արշակունիների գերեզմանը…

    Անի-Կամախը վաղնջական ժամանակներից ի վեր պաշտամունքային հայտնի կենտրոն էր:
    Այստեղ՝ Անի ամրոցում գտնվող՝ Հայր Արամազդի գլխավոր մեհյանը կործանվեց 4-րդ դարի սկզբին՝ քրիստոնեության տարածման ժամանակ (Անի-Կամախի Արամազդի տաճարի՝ ն.թ.ա. 2-րդ դարի Քրմապետ է հիշատակվում Մաժան քրմապետը՝ նշանակված իր հոր՝ Արտաշես Ա-ի կողմից):

    Կամախի պատմական-հնագիտական հուշարձաններից ամենահայտնին աշտարակավոր հզոր պարիսպներով Բերդն է, որի առանձին կիսավեր հատվածներ պահպանվել են մինչ օրս՝ դեպի լեռնափոր բարձր աշտարակը տանող ոլորապտույտ ճանապարհներ, 3 դուռ ունեցող բերդի տարածքում՝ բազմաթիվ շինություններ, այդ թվում՝ մոտ 6 եկեղեցի: Քարաշեն այդ հոյակապ կառույցների հետքերը պարզորոշ նշմարելի էին 20-րդ դարի սկզբներին:

    Կամախի բերդի համառոտ նկարագրությունը կա 17-րդ դարում մոտ 40 տարվա ճամփորդությունների ընթացքում հարուստ տեղեկատվություն թողած՝ Էվլիյա Չելեբիի «Գիրք ճամփորդության» 10 հատորանոց աշխատության գրառումներում:

    «Քեմախ բերդի նկարագիրը:
    Հնգանկյունաձև ամրակուռ բերդ է: Աշտարակներն ու պատվարները կառուցված են մեծ քարերով: Էրզրումի տարածքում նման բերդ չկա…
    Երեք ամուր երկաթյա դարպասներ ունի:
    Առաջին դարպասի մոտ և ձախ կողմում երկուական թնդանոթ կա, որոնց երկարությունը 27 թզաչափ է և 3 կանթար ծանրությամբ գնդակներ են արձակում:
    Զարմանալին այն է, որ թե՛ վերցնելու, թե՛ իջեցնելու համար խիստ դժվար եղող այսպիսի սոսկալի ծանր թնդանոթներն ինչպե՞ս են բարձրացրել ու դրել այս անմատչելի ժայռի վրա…
    Ներքին բերդում 600 հողածածկ տուն կա, որոնք ընկած են նեղ փողոցների վրա և այգիներ ու պարտեզներ չունեն: Բերդի մեջ անմշակ ու ազատ հողեր շատ կան: Այդ ազատ հողերում ցորենի հինգ ամբար կա, որոնք (սուլթան) Սելիմ խանի ժամանակից լիքն են բրնձով ու կորեկով: Տեսնողը կարծում է, թե հենց նոր են կալսել ու լցրել ամբարը:
    Պաշարման ժամանակ զինվորները սնվում են այս հացահատիկով:
    Դարպասից ցած, ժայռի մեջ փորված ջրի ճամփա կա, որն իջնում է մինչև գետը: Պաշարման ժամանակ այդտեղից ջուր են բերում ու խմում:
    Ներքևում, իրար կողքի երեք ջրամբար կա»…

    Եփրատի տակով անցնող ստորգետնյա ուղիով ստորերկրյա երկու թաղերն են միացել: Նրանցից առաջինում՝ Եփրատի ձախ կողմում, եղել են ժայռափոր զորանոցներ, դահլիճներ, ննջասենյակներ:
    Աջ ափի թաղամասում ժայռափոր տաճար է:

    Հայոց հնագույն պաշտամունքավայրը, ուր Արամազդ դիցի մեհյանն էր, Անի-Կամախը, վաղնջական ժամանակներից նաև մշակութային կենտրոն էր՝ մեհենական դպրության կենտրոն, որտեղի ձեռագրերը՝ «հեթանոսական մատյանները», վերացվել են տաճարի կործանման հետ միասին՝ 301 թվականին՝ քրիստոնեության տարածման ժամանակ. Բարդածան Եդեսացի մատենագիրն այստեղի մատյաններն է ուսումնասիրել 2-3-րդ դարերում (մոտ 154-222թթ.)…

    Ուշ շրջանում՝ մինչև 1915 թվականը, Երզնկայի գավառի մեջ էր ընդգրկված և Մեծ Հայքի Բարձր Հայք Աշխարհի Դերջան գավառը, որի ավաններից էր Բագառիճը, ուր Միհր Դիցի տաճարն էր՝ մոտակայքում՝ հին բերդի ավերակներն են (Բագառիճում է 1896 թվականին ծնվել Սողոմոն Թեհլերյանը)…

    Հ.գ. Երզնկայից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Կամախում պահպանված հնավայրից որոշ տեսարաններ՝ ստորև տեսանյութում…

  • ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ՝ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ  ՀՆԱԳՈՒՅՆ  ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ…

    ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ՝ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ…

    ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ՝ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ…

    Համայն Հայության համար ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրն էր «Իննակնեան լեռան» մեհենատեղին՝ Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի Տարոն գավառում՝ Քարքե լեռան վրա, ուր Վահագնի Վահէվահեան մեհյանն էր (նաև՝ Անահիտինն ու Աստղիկինը, «Երից բագանց մեհեանը»):
    Ու թեև հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, այստեղ էլ, ինչպես այլուր, հնագույն տաճարներին՝ մեհյաններին, բագիններին ու արձաններին փոխարինեցին նոր կրոնի խորհրդանիշները, այնուամենայնիվ, անվանափոխված ուխտատեղին մնաց որպես ժողովրդի համար կարևորագույն պաշտամունքային կենտրոն՝ հայտնի «Իննակնյան վանք», «Սուրբ Կարապետ» անուններով:
    Դեպի Մուշ ձգվող ճանապարհներով անցած ուխտավորների որոշ վկայություններ՝ Հայկ Ավագյանի՝ «Մշոյ Ս.Կարապետ վանքի մշակութային ժառանգությունը…» ուսումնասիրությունից՝ տպագրված Կահիրեում՝ 2019 թվականին:

    «Հին ատեններն ալ, Քրիստոսական թուականէն շատ դարեր առաջ, ամէն տարի Նաւասարդ ամսու սկիզբները զանազան կողմերէն աշխարհախումբ բազմութիւն մը կը հաւաքուէր Տարօնի Քարքէ լեռներու բարձունքին վրայ կառուցուած մարմարեայ հրաշակերտ մեհեաններու շուրջը։ Տարին եօթն անգամ ու մէն մի անգամին եօթն օր ժողովուրդը կը մոռնար իր դաշտային ու տնային աշխատութիւնները, ու կը փութար իր նուիրական պարտքը կատարել։
    Ան ատեններ շէն էր վանքը, ունէր շատ մը քուրմեր ու քրմապետներ, իրենց ծառաներով ու զաւկըներով, ունէր տասներկու մեծ աւաններ իբր թեմ, որոնց իւրաքանչիւրն ունէր երկու հազարէն աւելի տուն եւ ամէն մէկ տունը տասնէն աւելի բնակիչ կը պարունակէր:

    Աւանդոյթը նոյն թափով պիտի շարունակուէր քրիստոնէական շրջանին, Նաւասարդը փոխարինելով Քրիստոսի Պայծառակերպութեան տօնին, որ ժողովուրդին կողմէ հանրածանօթ է Վարդավառ անունով։
    Համբարձումէն ետք, երկրորդ կարեւոր ուխտագնացութիւնը վերապահուած էր Վարդավառին։ …

    …Արդարեւ, Վարդավառի ուխտագնացութիւնը դէպի Սբ. Կարապետ կը հանդիսանար դէպի այդ վանքը կատարուող ամենէն աւելի զանգուածայինը եւ տօնականը։

    «Ամէն կողմ ուրախութիւն եւ ցնծութիւն» է, ուր անպակաս են մատաղն ու տօնավաճառութիւնը, կը հաստատէ Հ. Սուքիաս Էփրիկեան.

    Սբ. Կարապետի վանքը ամէն օր 180 հոգւոյ կերակուր կու տայ։
    Ախոռ մը ունի որ 400-500 ձի կը պարունակէ. խուցերն 70-ի չափ են։
    Ուխտական ամենամեծ հանդէսը կը կատարուի Վարդավառի կամ Այլակերպութեան տօնին օրը։ Այլեւայլ երկիրներէ, նոյնիսկ Ռուսահայաստանէն եւ Կովկասէն հազարաւոր Հայեր կը համախմբին, խուցերը անբաւական լինելով` շատերը բացօթեայ կամ վրաններու ներքեւ կը բնակին:
    Նոյն օրը կ’ըլլայ նաեւ մեծ տօնավաճառ, խոտերով ու կանանչներով հարիւրաւոր խանութներ կը շինուին, եւ ուտելիք, խմելիք, կտաւեղէնք… կը վաճառուին. ամէն կողմ ուրախութիւն եւ ցնծութիւն։

    Վանքը նոյն օրերը ուխտաւորաց անթիւ բազմութեան ձրի հաց եւ ապուր կը բաշխէ, եւ հարիւրաւոր ձիերու` գարի։ Երբ իրիկուն կ’ըլլայ, ամէն ուխտաւոր կը սկսի մատաղի պատրաստութիւն տեսնել, ոչխարներ մորթել, կրակ վառել եւ աստ-անդ կաթսաներ պատրաստել մատաղներն եփելու համար: Սքանչելի է այն գիշերային տեսարանը՝ ուխտաւորներու եռանդը, երգերը, կրակներու բոցերը խաւարին մէջ հեթանոսական հանդիսի աւուրց գաղափարը կամ յիշատակը կը զարթուցանեն։

    Բուն Վարդավառի օրը վանահայրը Ս. Պատարագը կը մատուցանէ, եկեղեցիէն զգեստաւորուած դուրս ելնելով առաջնորդարան գնացած ատենը ժողովրդեան բազմութիւնը ուրախութեան աղաղակներ կը բարձրացընէ եւ անդադար կը պարպուին հրացաններ։
    Այնուհետեւ կը հաւաքուի դարպասն` այսինքն ուխտաւորներու նուէրն («Դարպաս»-ը «մեծ դուռ», «պալատ» իմաստից բացի ունի նաև «թագավորին կամ իշխանին ներկայանալիս տրվող նվեր» իմաստը, ինչպես և՝ «ուխտավորների նվերը՝ վանքին», Կ.Ա.):
    Նոյն հանդիսական օրերուն մէջ բազմաթիւ օտարազգիներ ալ կը տեսնուին, յոյն, ասորի, քուրդ, մահմետական։ Զանազան պատճառներով վերջին տարիներուս մէջ, Սբ. Կարապետի ուխտական հանդէսները, նոյնչափ մեծ շքով չեն կատարուիր, ինչպէս երբեմն:

    Հայերու միացու՛մ մըն է ան,- կը շեշտէ Վահան վրդ. Տէր Մինասեան.
    Հայք ամէն ատեն եւ ամէն տեղ տօնեցին Վարդավառը, մանաւանդ՝ ի Տարօն։
    Հոն մուրատատուր Սբ. Կարապետի հռչակաւոր վանքի մէջ շքեղ կը տօնուի Վարդավառը։ Մատաղցու եզներ, նշխուն եւ գոյնզգոյն, կը մորթուին. Հայք կը խայտան, կը ցնծան, զի Վարդավառ է։ Հոն ուխտաւորք ծունր կը դնեն այն շիրիմին վրայ, ուր հանգչած կան առիւծն Վահան, գոռն Սմբատ եւ աղու աղաւնին Տիրան։
    Հոն ուխտաւորն Սուրբ Կարապետէն կ’առնու իւր սրտին մուրատը։
    Հոն հեռաւոր եւ մերձաւոր Հայք իրարու կը փարին, իրար կ’ողջագուրեն մրմնջելով.
    «Լուսաղբար ենք»…

    Վարդավառի ուխտագնացութեան ամենավառ ու ամենէն ամբողջական նկարագրութիւնները կու գան ականատեսներէ։
    Շնորհիւ իրենց բովանդակած կենդանի փորձառութեան, այս նկարագրութիւնները անկարելի է փոխարինել «գիտական» չափագրումներով։
    Անոնց ակադեմականացումը ինչպէս երբեմն փորձուած է կատարել, պիտի վերացնէ ապրուած իրականութիւնը: Արդ, ստորեւ կը նախընտրեմ նոյնութեամբ արտագրելով համախմբել նկարագրութիւնները ամբողջութեամբ։

    1887-1889-ին՝ տակաւին 22-24 տարեկան, ճանապարհորդելով Արեւմտեան Հայաստան, Վրթանէս Փափազեան կը մասնակցի Սբ. Կարապետի Վարդավառի ուխտագնացութեան եւ տպաւորութիւնները կը յանձնէ Մշակին.

    Ս. Կարապետին ուխտի են գնում Հայ բարեպաշտները բոլոր երկիրներից եւ նոյն իսկ ասորիները, որոնց համար մի ասորի քահանայ յատկապէս պատարագում է Սբ. Կարապետի Սբ. Ստեփաննոս կոչուող տաճարում։
    Ուխտագնացութեան օրը Վարդավառի օրն է։
    Ամեն երկիրներից ուխտաւորները 10-20 օր առաջ լցւում են Էրզրում, որտեղից եւ գնում է Սբ. Կարապետի ուխտաւորների գլխաւոր եւ մեծ կարավանը։

    Ռուսահայերը Կարսի ճանապարհով մտնում են Էրզրում. նրանց համար արդէն կան պատրաստ պանդոկներ, միայն թէ եկողը պիտի ունենայ կանոնաւոր անցագիր եւ, եթէ կամենում է զինուած լինել (այդ պէտք է, որովհետեւ քիչ չէ պատահում որ կարավանը թալանւում է), պէտք է կա՛մ Զիվինում եւ կա՛մ Էրզրումում մաքսատնից արտօնագիր առնէ՝ մի հրացան, մի րէվօլվեր եւ մի սուր կրելու համար. մի անգամ այդ հրամանագիր ծոցդ` (դժուար չէ առնել) ազատ եւ զինուած կարելի է չափչփել ամբողջ Մուշի դաշտը…

    Վարդավառին 10 օր մնացած ամենքը առաւօտեան շուտով հաւաքւում են Էրզրումից կէս ժամ հեռու հարաւ-արեւմտեան կողմը Փալան-թէօքէն (Այծպտկունք, Կ.Ա.) լեռների ստորոտում եւ թիւրքաց Աբդիւլրահման Ղազի կոչուող ուխտատեղիի մօտ սփռուող ընդարձակ դաշտի մէջ. այդտեղ են գալիս նաեւ իրանց ծնողներից գաղտնի փախած պատանի ղաչաղները` հետիոտն եւ մի-մի ջուր խմելու պղնձեայ թաս՝ գօտիներից քաշ արած:
    Այդտեղ են գալիս հարուստ ուխտաւորները՝ իրանց ընկերացող «սուարի» զինուորներով, եւ, երբ երեկոյեան հովերը սկսւում են, կարավանը յուղարկաւորների հետ երկար քէֆ անելուց յետոյ բաժանւում եւ սկսում է բարձրանալ Փալան-թէօքէնի լեռն ի վեր։
    Սբ. Կարապետ գնալու գլխաւոր ճանապարհները երկուս են. առաջինն անցնում է Փալան-թէօքէն լեռներից, հանդիպում է Ղարահամզա ղզլբաշ քիւրդերի գիւղը, իջեւանում է Լահուզար հանքային ջրերով քիւրդի գիւղը եւ հինգ օրուայ մէջ հասնում է Սբ. Կարապետ։

    Իսկ երկրորդը, որտեղից միշտ անցնում է Էրզրումի կարավանը` նոյնպէս հինգ օրուայ մէջ տանում է մինչեւ Սբ. Կարապետ, սակայն անցնում է աւելի մարդաբնակ վայրերով։
    Առաջին գիշեր կարավանը իջեւանում է Թէքիյէ Դէրէսի կոչուող Փալան-թէօքէնի լեռնադաշտում. երկրորդ գիշերը թիւգլաներում (աղահանքեր), որոնք գտնւում են մի Հայոց եւ մի թիւրքաց գիւղերի միջավայրում. այդ աղահանքից է աղ մատակարարւում ամբողջ Էրզրումի վիլայէթին։

    Երրորդ գիշերը` Ղարաշէյխ քիւրդաց գիւղում, չորրորդ օրը Բաղլի քրդաց գիւղում եւ վերջապէս հինգերորդ օրը՝ Սբ. Կարապետից ո՛չ շատ հեռու Բաշչիֆտլիք 200 տնով հայկական գիւղի մէջ կարավանը հանգստանում է։
    Միւս օր առաւօտեան կարավանը հասնում է վանքից ¾ ժամ հեռաւորութեամբ Հաւատամք բլրակին, որի ետեւը ծածկուած է վանքը։ Այդտեղ բոլոր ձիաւորները պարտաւոր են ցած իջնել եւ ոտքով կտրել մնացած ճանապարհը։

    Երիտասարդները եւ պատանիները սկսում են վազել դէպի առաջ՝ լեռն ի վեր, որովհետեւ նրանցից ո՛վ որ առաջին անգամ կը տեսնէ վանքի գմբէթները` նա բաղդաւոր կը լինի։
    Մի ժամից յետոյ կարավանը հասնում է եւ մտնում վանքը։
    Վանքը կառուցուած է Բինկէօլ (Բյուրակն, Կ.Ա.) լեռնաշղթայի մի պորտի վրայ. բնութիւնը սքանչելի է այդտեղ, ջուրը առատ, կլիման առողջարար, պտուղ եւ պարէն՝ էժան։

    1890-ին, Յովհաննէս վարդ. Բախչեան (Ավէռօէս) կը նկարագրէ ուխտագնացութեան մթնոլորտը` երգ, նուագ, պար, լարախաղացութիւն, զինախաղութիւն, հրացանաձգութիւն։
    Այնտեղ են նաեւ ապրանքի, մրգեղէնի եւ ուտեստեղէնի վաճառականները:

    Վարդավառին, Պայծառակերպութեան տօնին, շուքով եւ փառաւոր կերպով կատարւում է վանքի տօնախմբութեան հանդէսը։
    Կովկասից այդ օրը գալիս են ուխտադրութեամբ բազմաթիւ ձիաւոր երիտասարդներ:
    Մշեցիք, դաշտեցիք մի շաբաթ առաջ են ուղեւորւում վանքը, որպէսզի ներկայ լինին հանդիսին եւ տեսնուեն եկողի հայերի հետ, իմանան զանազան լուրեր, հետաքրքրուեն նրանց կեանքով, պատմեն իրանց վիշտերը, շարժեն եղբայրակիցների կարեկցութիւնը։
    Մանրավաճառները, մրգավաճառները, խոհարարները շտապում են տանել վանքը ապրանք, մրգեղէն, ուտելեղէն, որովհետեւ այդ շաբաթուայ մէջ լինում է վանքի շուրջը շահաւէտ առեւտուր եւ տօնավաճառ։
    Ամեն տեսակ զուարճութիւններ անպակաս են այս հանդիսաւոր օրերին։
    Մէկ տեղ տեսնում ես քէֆ են անում, երգում, միւս տեղ՝ նուագուածուների ներդաշնակութեամբ մի մեծ խումբ երիտասարդների եւ օրիորդների շրջան են կազմում եւ պարում, փոքր ինչ հեռու լարախաղացը զբաղեցնում է ամբոխին, դուրսը զինախաղութիւն է, շատերը երիտասարդներից ցոյց են տալիս իրանց հունարը հրացանաձգութեան մէջ։
    Այս հանդէսներում հաւասարապէս Հայերի հետ ուրախանում են այլազգիները, որք չափազանց անպատկառ կերպով են վերաբերւում դէպի սրբատեղիները. ամեն մի չնչին թուրք թոյլ է տալիս իրան լկտի անկարգութիւններ անել, վանահայրի խնդիրքները ոչինչ նշանակութիւն չունեն:
    Այդպիսի անկարգութիւններ պատահում են եւ միւս վանքերում տօնախմբութիւնների ժամանակ. շատ անգամ դորա պատճառով Հայերի եւ այլազգիների մէջ պատահում է իրարանցում։

    Ինչպէս ասացինք, Սբ. Կարապետ եկող ուխտաւորների թիւը Ռուսիայից շատ է:
    Առաջին տեղը դրանց մէջ բռնում են Նոր-Նախիջեւանցիք, որոնք իրարու գերազանցում են նուիրատուութիւնների մէջ, եթէ փոքր ինչ դրանք ուշանում են եւ հասնում են Զատկից յետոյ կամ սովորականից սակաւ են գալիս, վանքի միաբանութիւնը տրտմում է թէ՛ վանքի եկամուտների եւ թէ՛ սեփական արդիւնքի պակսելու համար։

    Ինչպէս Վարդավառի 1892 թուականի ուխտագնաց մը կը նկարագրէ` երգերը, պարերը, խաղերը, աշուղական մրցոյթները, լարախաղացութիւնը (փահլեւանութիւն), ուրախութիւնն ու խմիչքը հանդէս կու գան միաժամանակ, միեւնոյն մթնոլորտին մէջ.

    Երեկոյեան ամէն կողմերէն ձայներ կը լսուին. տեղ մը աշակերտները հաւաքուած ազգային երգեր կ’երգեն, հոնտեղ ծառերի տակ՝ աշուղները իրար հետ կը մրցին, տեղ մը Տիարպէքիրցիք քէֆ կ’անեն. ուրիշ տեղ մը Մշեցիք հաւաքուած՝ կը դատարկեն օղին ինչպէս ջուր…
    Եւ ադ ուրախութեանց մէջ ամենէն հետաքրքրական ու զարմանալին սա է. տաճիկ մը քաջ տեղեակ կ’երգէ հայերէն երգեր եւ ահագին բազմութիւն մը անով կը հետաքրքրուի։ Տեղ մը Մշեցիք հաւաքուած` եարղուշտա կոչուած խաղը կը խաղան, դա ֆիզիքական ոյժ ունեցողի համար է սահմանուած։
    Անոնց մօտ ամենէն հետաքրքրական եւ գրաւիչ է տեսնել գիւղացի կանանց, հարսների, ազապ աղջկանց եւ երիտասարդաց պարը կամ «գովընտը»։
    Մօտ 50-60 հոգի այդպէս իրար ձեռք բռնած ազատ համարձակ, երեսները բաց (Մշոյ մէջ գիւղացի կինը աւելի ազատ է, քան քաղաքացին), կը խաղան ու պարերգը փոխ առ փոխ կ’երգեն։
    Պարերգերը մեծ մասամբ հայերէն են (քրդերէն ալ կայ), որոց մէջ շատ իմաստալի եւ գեղեցիկ կտորներ կան։
    Այդ երգերը, եթէ հաւաքուեն եւ տպագրուին՝ մեծ լոյս կարող են սփռել Մշոյ ժողովրդի բանաստեղծական հանճարին վրայ։
    Հարսները երեսնին կը ծածկին զանազան գոյնի եազմաներ, կը հագնին կարմիր կամ ուրիշ գոյնի շուբա, առջեւէն կը կապեն գոգնոց, ոտքերին կը կրեն մխսեր, իսկ աղջկունք գլխին կը ծածկեն արծաթեայ կամ պղնձեայ փափաթ իւր զարդերով, կարծէք սաղաւարտ լինի, բայց տափակ. պարանոցէն կը կախեն երկայն յոլունքներով զարդարած ապարանջաններ, խառն զանազան ձեւի դրամներով, ձեռները կը զարդարեն ապակեայ կամ արծաթեայ եւ կամ պղնձեայ բշաղութերով, որը օղակաձեւ է եւ կ’անցկանցնեն դաստակի վրայ, իսկ գօտիէն դէպի ետեւ ու մինչեւ գետին կը ծածանեն պխով զարդարած երկայն կապեր։
    Իսկ երիտասարդները մինչեւ ծնկները կը հագնին երկայն գուլպաներ, ապա տեղական գործած կարճ շալվարը, գլուխնին կը ծածկեն զանազան գոյնի արաղչիներով, կամ քրդական քօլոզ, փաթթած զանազան գոյնի եազմաներով։
    Ուշադրութեան արժանի են փահլէվանները, որք իրենց ձիրքը Սբ. Կարապետէն կը ստանան։

    Անգամ մը 2 տ. փահլէվան մը տեսանք, որ լաւ կը խաղար, երբ կը հարցնէինք թէ ո՞վ տուեց քեզ այդ շնորհը, կ’ըսէր թէ երազիս մէջ տեսայ ծերունի մը, որ գետի վրայ պարան մը կապեց եւ խաղացրեց ինձ, եւ ամէն անգամ երբ ջրի մէջ կ’իյնայի, կրկին վեր կը բարձրացնէր եւ ադպիսով սորվեցայ, ապա կ’աւելացնէր թէ այժմ ալ խաղալու ժամանակ միշտ աչքիս առաջ կը տեսնամ, որ ինձ սիրտ կուտայ։
    Եւ երբ կը սկսի խաղալ, երեսը խաչակնքելով, նախ Սբ. Կարապետը օգնութեան կը կանչէ։
    Ո՛չ միայն սուրը կապած ոտքերի տակ կը խաղան, այլ եւ աչքերը կապած:

    Վարդավառի ուխտագնացութեան ականատես մըն է Անդրանիկ Սայըեան։
    Զուռնան եւ սրինգը կ’ուղեկցին Մշեցի, Սասունցի եւ Էրզրումցի կիներու, աղջիկներու եւ տղամարդոց պարերուն, իրենց վարպետութիւնը կը ցուցադրեն լարախաղացները (փէհլիվաններ):
    Ծով է կը զըրըմփայ վանքը։
    Խաչերով բակէն դուրս եօթ ձեռք դահուլ զուռնան կը գմռտայ. հսկայ պարը Մուշի կողմի բակը շրջապատեր իր մէջն առեր է. մէկ կողմէն կանաչ-կարմիր եազմաներով խորոտ-մորոտ հայ հարսնուկները քաղաքի եւ գիւղացի խայտաբղէտ տարազներով քօքվորուկ համեստօրէն կը պարեն քաջ ու կտրիճ երիտասարդներու հետ։

    Միւս կողմէ՝ փոքրահասակ փէհլիվաններ ուրուճիկներով եւ համայիլներով զարդարուն արխալուղները հովին տուած՝ շրտի վրայ կը թռվռկան, խաղեր կ’ընեն իրենց սկլուրդ բաբաեօղուրդներու հետ պոռալով.

    -Եա՜, Մշու Սուլթան Սուրբ Կարապետ, եա՜, պառւու տղայ։
    Կը խաղայ ու կը խաղայ` գերեզմանէն առած իր բոլոր հունարները ու աստուածատուր շնորհները հիացումով զինք դիտող ուխտաւորներուն ձայնելով։
    Մշեցի, Դաշտեցի, Քղեցի, Տիգրանակերտցի, Վանեցի, Բաղէշցի, Խարբերդցի, Կարնեցի եւ կովկասցի ուխտաւորներու եղբայրակցութեան հզօր կապը, Հայութեան գերազանց ոգին, Մշոյ Սուլթան Սբ. Կարապետը ցնծութեան մէջ է։

    Հոս՝ Մուշ քաղաքի պարահմուտ կարմիր ճզմայաւոր, ճերմակ դեղլիկաւոր եւ գունագեղ Թրամպուլիսի գօտիաւոր էրիկ մարդոց եւ կանաչ-կարմիր եազմայաւոր խորոտ-մորոտ կանանց նազանի Շորորը, Եարմգորանին, նղնղուն Հօյնարը եւ շըրըխկան Եարղուշտանէ կը պարուի, կը խաղցուի հետաքրքիր նոր սերունդի հիասքանչ աչքերուն տակ։

    Հոն՝ ժրաջան դաշտեցիներու, բազմահարիւր հայ կիներու եւ աղջկանց ու տղայոց քաղցրահնչուն Հայ բարբառով գողտրիկ Պարկոթն է, որ կը պարուի համեստութեան եւ սրբութեան գիրկ ընդ խառն եղբօր նման։ Մէջտեղ՝ քաջամարտիկ եւ լեռնական Սասունցիներու Սլիվանին, Փափօէն, Խլփանին, Լուրքէն եւ Ասպրեցուկն է, որ կը դղրդայ Գաբրիէլեան սրինգի գլգլուն նուագով։ Կարծես Վահագնի քաջամարտիկ զօրաց քայլերգն է, որ կը հասնի ականջիդ հին դարերէն։
    Ընկուզի ծառերու շուքին ներքեւ Էրզրումցի ծկւայաւոր եւ թեթեւաշարժ Հայ տատալներու Տըրընկին եւ Թամզարան է, որ նղնղուն կը խաղցուի Տկզարկին հետ:

    Ինչպէս նկարագրողները քանիցս նշեցին՝ ուխտագնացութեան գրաւիչ երեւոյթներէն մէկն է լարախաղացութիւնը։
    Լարախաղացները այնտեղ են ո՛չ միայն իրենց հմտութիւնները ցուցադրելու եւ դրամ վաստակելու համար, այլեւ՝ «մուրազ» խնդրելու Սբ. Կարապետէն, ինչպէս կը պատմագրէ Վարդ Բդոյեան.

    Լարախաղացները հնում նախապաշարուած էին հաւատալու, թէ իբր լարախաղացութիւնը վերուստ արուած «տուրք էր Մշու Սուլթան սուրբ Կարապետի», կամ, ինչպէս ասում են, «օխան անունի» — Յովհաննէսի, Մկրտիչի, Կարապետի, Մարտիրոսի, Աւետիսի, Մարգարի, Առաքեալի կողմից։ Այդ պատճառով էլ բոլոր վայրերից, ի թիւս որոնց եւ Ջաւախքից, ձի նստում, կամ ոտքով գնում էին նրա դուռը ուխտի, մուրազ խնդրելու։
    Բայց հէնց 1900-ական թուականներին արդէն նախապաշարումներն սկսել էին վերանալ, ըմբռնելով, որ դա լոկ ճարպկութեան եւ սովորելու արդիւնք լինելով որեւէ կապ չունէր սրբերի հետ:

    Բաց աստի, նոյն ինքը Մուշը յայտնի էր իր լարախաղացներով:
    Մշոյ գաւառը յայտնի էր իր ընտիր լարախաղացներով։
    Ժողովուրդն այս արուեստը համարում էր Սբ. Կարապետի ընծայ` երազի միջոցով:

    Մուշի զաւակ՝ Գեղամ Տէր-Կարապետեան, կը նկարագրէ Մուշի լարախաղացներուն (փէհլէվան) ձգտումը օրհնութիւն ստանալու հռչակաւոր վանքէն.

    Լարախաղացին պաշտպանն է Մշու Ս. Կարապետը։ […] Մեր լարախաղացները շատ կանուխէն կը սկսին։ Մանկական ի՛նչ հասակի մէջ կ’ուզէ թող լինի, սովորաբար ութը-տասը տարեկան, այն վայրկեանէն, որ Հայ տղան` երազի մէջ տեսնէ ճերմակ ձիաւոր Սբ. Կարապետը եւ փէհլէվանութեան շնորհն ընդունի, այո՛, այն օրուընէ փէհլէվան կը հռչակուի։
    Տղուն ծնողք, կամ պաշտպանք անմիջապէս պատրաստելով այս արհեստին վերաբերեալ լարը, կազմածները եւ այլն, տղան ալ հետերնին առած կը տանին Սբ. Կարապետի վանքը, մատաղ կը կտրեն, Սբ. գերեզմանով օրհնել կուտան, այնուհետեւ երազատեսը կը սկսի ուշիկ փորձեր ընել լարին վրայ, մինչեւ որ վարպետ լարախաղացի մը ընկերանալով՝ կատարելագործէ:

    Ձիարշաւութիւնը եւս տարածուած էր ուխտագնացութեան ընթացքին, ինչպէս կը բացատրէ Վ. Բդոյեան.

    Տարօնի հայութեան մէջ զարգացած էր ձիարշաւներ կազմակերպելու սովորոյթը, որին իբրեւ շարժառիթ հանգամանքներ էին հանդիսանում հարսանեկան հանդէսները, ժողովրդական տօներից յատկապէս Համբարձումն ու Վարդավառը։ Ձիարշաւներն առաւել մասսայական բնոյթ էին ստանում Սբ. Կարապետի մօտ, նրա տօներին։

    Այստեղ հաւաքւում էին, բացի տեղացիներից, նաեւ Կարնոյ, Վասպուրականի, Բաղէշի, Խնուսի եւ այլ հեռաւոր շրջանների հեծեալ կտրիչները:
    Ձիարշաւների ժամանակ դաւուլ-զուռնան նուագում էր այդ մրցման յատուկ եղանակը։ Նուագից ոգեւորուած ձիերը ելման կէտերից սլանում էին դէպի նշանակուած սահմանները եւ վերադառնում էին։ Սուրբ Կարապետում նշանաւոր ձիարշաւները կազմակերպւում էին յատկապէս Վարդավառին, որը յաճախ տեղի էր ունենում արգելքների յաղթահարումով, նիզակախաղով եւ այլն։ Այս բոլորը լուրջ նախապատրաստութիւն էին պահանջում։ Խարս գիւղում ձիարշաւների մէջ իր հմտութեամբ ու համարձակութեամբ երեւելի էր Իրիցու Գրիգորը։ Սա ձիու ընթացքի բոլոր ժամանակներում զոյգ ոտքով կամ գլուխկոնծի կանգնում էր ձիու մէջքին, անցնում էր ձիու պարանոցի տակով, իջնում էր, բարձրանում, ցանկացած առարկան վերցնում էր գետնից, կամ որեւէ իր նետում էր ու բարձրացնում:

    Գործնական գետինի վրայ, Մշեցիները կը վայելէին փոքր առաւելութիւններ։ Օրինակ, ոչ-Մշեցիները պարտաւոր էին պարգեւ մը նուիրել վանքի դարպասէն ներս մտնելու համար. Ուխտաւորաց բազմութիւնն հաւաքին անդ ի տօնի Վարդավառին, եւ լինի տօնավաճառ մեծ ամենայն կարեւոր վաճառաց: Հասոյթ վանացն, թող զսեփական կալուածս իւր, գիւղորէք դաշտավայրին են մեծաւ մասամբ թեմ նորա. թող եւ զոր նուիրակքն բերեն ի հեռաւոր աշխարհաց։ Մենաստանս կերակրէ զօր ամենայն ոգիս աւելի քան զհարիւր յիսուն. թող զորս ի բազմութեան ուխտաւորաց, որք ոչ միայն ի Վարդավառին, այլ եւ ի Վերափոխման հաւաքին, եւս եւ յայլ եղանակս տարւոյն չպակասեն։ Իւրաքանչիւր յուխտաւորաց որ չէ ի դաշտէն Մշոյ, պարտի հատուցանել դարպասս վանացն՝ այն է՝ ձեռաձիրս. զի Մշեցիք եւեթ ազատ են յայդմ պարտուց»…

    Ուխտավորների մի խումբ՝ լուսանկարված Երզնկայի շրջանում, Կամախի բարձրավանդակում, Սեպուհ լեռան բլուրներից մեկի վրա՝ Մանեա այրքում (Սեպուհի վանք)՝ հայտնի նաև վանքի մոտակա հորդառատ աղբյուրով՝ Լուսաղբյուրով, (վանքի շրջակայքում պահպանված ավերակները համարվում են Տրդատ թագավորի ճգնարանը):
    Կամախը՝ Դարանաղին, Հայոց հնագույն պաշտամունքային, մշակութային կարևոր կենտրոններից էր:
    Լուսանկարը՝ Թեոդիկ-ից (1906 թվական)
  • ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ «ՀԱՇՏԻՑ ՏԵՂԻՔ»…

    ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ «ՀԱՇՏԻՑ ՏԵՂԻՔ»…

    ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ «ՀԱՇՏԻՑ ՏԵՂԻՔ»…

    Հայոց Դիցերի փառաբանման մեհյանները, սրբավայրերը, ուր Հայոց Մեծ Արքաներն ու Քրմերն իրենց նվիրաբերություններն էին բերում ու կենսախինդ տոներն ու ծեսերն էին կատարում, մինչև 20-րդ դարի սկիզբը համազգային ուխտատեղիներ էին՝ բազմամարդ տոնախմբություններով…
    Հիշյալ պաշտամունքային գլխավոր կենտրոններից մեկն էր Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի Տարոն գավառի Աշտիշատ ավանը (հետագայում Սբ. Կարապետ անվանված Վանքի մոտակայքում), Անահիտի, Վահագնի, Աստղիկի տաճարներով, Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի Քարքե լեռնագագաթի «հայացքի ներքո».
    «Ի սնարս լերինն Քարքեայ, ի վերայ գետոյն Եփրատայ», ինչպես նկարագրել է Ագաթանգեղոսը:
    «Յաշտից տեղիք թագաւորացն Հայոց Մեծաց»՝ Յաշտիշատ կամ Աշտիշատ Տարոնոյ (Ագաթանգեղոսի վկայմամբ):
    «Յաշտ»-ը՝ «ձօն, նուերք, ուխտ, աղօթք» իմաստն ունի (համաձայն «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» բառարանի):
    Հայկական Լեռնաշխարհի կենտրոնում ձգվող Հայկական Հրաբխային բարձրավանդակն իր մոտ 100.000 կմ² տարածքով Հրաբխային լեռնաշղթաների ու բարձրադիր լեռնազանգվածների, ընդարձակ սարահարթերի ու սարավանդների, միջլեռնային դաշտերի ու գոգավորությունների համալիր է՝ 3000-4000 մետր բարձրության վրա տարածվող լեռնավահաններով (Գեղամա, Վարդենիսի, Ջավախքի) ու լեռնազանգվածներով (Բյուրակն, Աբուլ-Սամսարի, Ծաղկանց, Արագած, Սյունիքի և այլն):
    Վանա լճից հյուսիս-արևմուտք Բյուրակն լեռնավահանն է՝ Հազար Լճերի լեռը, հարուստ ստորերկրյա և մակերեսային ջրերով, ջերմուկներով, բյուրավոր աղբյուրներով ու լճերով, որտեղից էլ՝ Բյուրակն անվանումը։

    Սրածայր այս լեռնաշարի լեռնագագաթներից է Հավատամքը՝ 2460 մ բարձրությամբ՝ Քարքե լեռից ոչ հեռու:
    Քարքե լեռան ստորոտում գտնվող վերոհիշյալ հինավուրց Սրբավայրում վաղնջական ժամանակներից ի վեր առանձնահատուկ հանդիսավորությամբ էին տոնվում Նավասարդի, Վարդավառի տոները՝ արքաների ու քրմապետերի ներկայությամբ:
    Հնագույն շրջանից արդեն Հայ ժողովուրդը սրբացրել էր իր բնօրրանի այս անկյունը՝ զանազան ավանդապատումներ հյուսել նրա շուրջ:
    Նրանցից մեկի համաձայն՝ Հայկ Նահապետը մարտից առաջ իր նետը մի ամբողջ օր պահել է Բյուրակնի սառնորակ աղբյուրներից մեկում՝ Հայրենի ջրերի զորությունն ստանալու նպատակով:

    Տարոնի գավառում 301 թվականին՝ քրիստոնեության տարածման ժամանակ ավերված մեհյանների, Իննակնեան՝ «Բարեբաղդ, Բարեբուխ Վայրում»՝ Քարքե լեռան ու Հայոց Դիցերի մեհենատեղիների հետ անքակտելիորեն կապված Հայ ազգն իր ավանդույթների հարատևմամբ փաստեց իր ազգային արմատներին հավատարմությունը:
    Ասվածի ապացույցն է Կահիրեում 2019 թվականին հրատարակված՝ Հայկ Ավագյանի՝ «Մշոյ Սուրբ Կարապետ վանքի մշակութային ժառանգությունը…» ուսումնասիրությունից ստորև մեջբերված հատվածը.
    «Սուրբ Կարապետ ուխտ գնացող տղամարդկանց վրայ այլ էր ժողովրդի հայեացքը։ Նրանք ո՛չ հաճիներ էին եւ ո՛չ էլ իրենց հոգու փրկութեան մասին մտահոգուածներ։ Սուրբ Կարապետ գնացողները հայրենասէրի համբաւ ունէին, թէպէտ գոյութիւն չունէր Սուրբ Կարապետ գնացողների առանձին կազմակերպութիւն, բայց նրանք ամէնքը կապուած էին իրար հետ հայրենասիրական կապով:
    Նոր Նախիջեւանի հայ գաղութը հիմնուած է ԺԸ. դարու վերջաւորութեան՝ Ղրիմի գաղթականներուն շնորհիւ։ Իրենց մերձաւորութեան պատճառով, յաճախ կը նոյնանան Ղրիմի եւ Նոր Նախիջեւանի ազգագրական սովորութիւնները եւ բանահիւսական արտադրութիւնները։ Հետեւաբար, անոնց անջատումը քիչ մը պայմանական է։
    Նոր Նախիջեւանի ուխտագնացութիւնը դէպի Ս. Կարապետ շարունակուած է մինչեւ ԺԹ. դարու վերջերը իսկ ուխտաւորները գլխաւորապէս երիտասարդներ էին, ինչպէս կը գրէ Մ. Լիւլէճեան.
    «Չնայելով որ Նոր Նախիջեւանցիների նախնիները դեռ դարեր առաջ գաղթել ու հեռացել էին Մայր Հայրենիքից, բայց Սբ. Կարապետ ուխտ գնալու սովորութիւնը պահպանուել էր մինչեւ 19-րդ դարի վերջերը։ Նրանք խմբերով, ձի հեծած, ճամփայ էին ընկնում, եւ ամիսներ էր տեւում, մինչեւ հասնում էին ուխտատեղին։ Սբ. Կարապետ էին գնում նաեւ նշանուած կտրիճները՝ իրենց «մուրազին» հասնելու համար»:
    Ազգագրագիտուհի Հրանոյշ Խառատեան կը վերականգնէ Նոր Նախիջեւանի նախապատրաստական մթնոլորտը.
    «Սուրբ Կարապետ կատարուող ուխտագնացութիւնն ամբողջ իրադարձութիւն էր մարդկանց կեանքում։
    Հետազօտողներն ասում են, որ Սբ. Կարապետի վանքը Տարօնում, յատկապէս Վարդավառի համաժողովրդական տօնախմբութիւնների օրերին, դարձել էր համայն Մերձաւոր Արեւելքի թէ՛ քրիստոնեաների, թէ՛ այլադաւանների սիրուած ու հեղինակաւոր սրբավայրերից մէկը։
    Տեսնենք այդ երեւոյթը Նոր Նախիջեւանի հայերի օրինակով։
    Այստեղ Սբ. Կարապետ ուխտի գնացածները իւրայատուկ յարգանք էին վայելում։
    Այս ուխտը ոչ այնքան եկեղեցու, հաւատի հետ կապուած երեւոյթ էր, որքան հայրենասիրությա՛ն, Հայրենիքի՛ն նվիրումի: Եթէ Երուսաղէմ ուխտի գնալը սովորաբար սոցիալական բարձր դիրքի, հարստութեան հետեւանք եւ վկայական էր, ապա Սուրբ Կարապետ ուխտի գնալն ազգայի՛ն նուիրեալների, հայրենասէրների՛ համարում ունէին: Նրանք հասարակութեան մէջ մեծ յարգանք էին վայելում եւ երբեմն, որոշ առիթներով, հանդէս էին գալիս միասին: Օրինակ, Միքայէլ Նալբանդեանի թաղմանը Սուրբ Կարապետ ուխտի գնացածները մասնակցել են որպէս մի խումբ:
    Սուրբ Կարապետի ուխտին պատրաստւում էին երկար: Գիւղացիները Սուրբ Կարապետի անունով ցորեն էին ցանում եւ այդ ցորենը ծախելով՝ գնում էին ուխտի։ Ծնողները երազում էին իրենց արու զաւակների ուխտագնացութիւնը»։
    Հավելենք, որ այս ուխտավայրը միայն մի տաճար չէր, այլ՝ մի քանի տաճարների, կառույցների համալիր (5 մատուռ ու 10 խորան ուներ), իսկ Սբ. Կարապետի ժամատան սալահատակում զետեղված վեմերի ներքո Հայ պատմագիրների հիշատակած իշխանների ու ռազմիկների շիրիմներն էին (Մուշեղի, Գայլ Վահանի, Սմբատի…):
    Հայկական Լեռնաշխարհի տարբեր ծայրերից, նաև՝ հեռավոր վայրերից դեպի Մուշ ձգվող ճանապարհներին ուխտավորներն օրեր, շաբաթներ, ամիսներ էին անցկացնում:
    Այդ օրերից որոշ մանրամասներ՝ հաջորդիվ…

  • ՎԱՐԴԱՎԱՌ                 ԿԱՄ՝                             «ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵ ՎԱՐԴԵՎՈՐՎԱՆ ԿԻՐԱԿԻՆ»

    ՎԱՐԴԱՎԱՌ ԿԱՄ՝ «ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵ ՎԱՐԴԵՎՈՐՎԱՆ ԿԻՐԱԿԻՆ»

    ՎԱՐԴԱՎԱՌ
    ԿԱՄ՝
    «ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵ ՎԱՐԴԵՎՈՐՎԱՆ ԿԻՐԱԿԻՆ»

    Մնձուրյան տեսարաններ

    Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի Տարոն գավառում, որը նոր ժամանակներում՝ Բիթլիսի նահանգի Մուշ գավառն էր, Հայոց Դիցերի՝ Անահիտի, Վահագնի, Աստղիկի մեհյաններն էին, ուր հետագայում՝ Իննակնյա վանքն էր, Հացեաց Դրախտը (վերափոխված՝ Գլակա վանքը, հայտնի՝ Մշո Սուրբ Կարապետ անվամբ):

    Մուշ քաղաքից 35 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Արածանիի աջ կողմում, Քարքե լեռան հարավ-արևմտյան լանջին՝ բարձրաբերձ լեռնաստանների գրկում գտնվող այս Սրբավայրում հազարամյակներ շարունակ չեն դադարել Հայոց ազգային նվագարաններով, երգ ու պարով, լարախաղացների, ձիարշավի զանազան խաղերով ու խրախճանքով ուղեկցվող ծիսական տոնախմբությունները, որոնցից առանձնահատուկ է կենսախինդ ու զվարճալից Վարդավառը:

    Խըտըր պէկցի թմբուկահար Կիրակոս Խօշեան տօնակատարութեան մը ընթացքին, 1920-1930-ական թուականներ, վայրը անծանօթ (Աղբիւր՝ Վահրամ Շէմմասեանի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։

    Լուսանկարը՝ «Յուշամատեանից»՝ շնորհակալությամբ

    Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի՝ «Քարքեա լեռան» նկարագրությամբ է սկսել իր հայտնի վեպը Րաֆֆին՝
    «Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան հետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ»:
    «Այս լեռան դիցանվեր անտառներում էին Հայոց Հաշտից տաճարները»…

    Քարքիի ստորոտում էին Աշտիշատ ավանն ու Աշտիշատի հռչակավոր վանքը:
    Քարքիից 4-5 կիլոմետր հեռավորության վրա է Սբ. Կարապետ վանքը (Քարքի լեռը նաև Արձան (Արզան) է կոչվել՝ Քրմապետի անվան հետ առնչվելով. «Արծ-Արզ»-ը «Ջուր» իմաստն ուներ հնագույն շրջանում):

    Հայոց պաշտամունքային գլխավոր կենտրոններից մեկն է հրաշագեղ բնության գրկում, իր առատ Աղբյուրներով հայտնի Իննակնյան սրբավայրը, որի շուրջ հարուստ ավանդույթներ են հյուսվել հազարամյակներ շարունակ:

    Ջուրը՝ «պաղ կամ ջերմուկ», հատկապես հրաբխային ծագմամբ Հանքային Հրաշագործ Աղբյուրները, որոնցով այնքա՜ն հարուստ է Հայկական Լեռնաշխարհը, ապաքինող-բուժիչ հատկություններ ունեին: Դեպի Լեռները, Սրբավայրերն ու Աղբյուրները կատարված ուխտագնացությունները «չարը վանող, չարը խափանող», Դիցերի հովանավորությունն ակնկալող նպատակով էին նաև իրականացվում:

    Կյանքի համար անհրաժեշտ Տարրերից մեկը՝ Ջուրը փառաբանող տոնին Հայկական Լեռնաշխարհի ու հարակից հեռու ու մոտ շրջանների Հայ ազգաբնակչության մի ստվար զանգված ուղևորվում էր դեպի «Իննակնեան Վայր»՝ որտեղ Ջրի ինը Ակը՝ Աղբյուրը կա՝ ինն Աղբյուր բխող տեղում նշելու Կենսատու Ջրի, նաև՝ Սիրո և Գեղեցկության փառաբանման՝ Վարդավառի հինավուրց ծեսը, որը, համաձայն Քուրմ Հարութ Առաքելյանի ներկայացրած՝ Հայկյան Սրբազան տոմարի, նշվում էր Հոռի ամսվա Վահագն օրը (օգոստոսի 14 -ին):

    «Վարդն ի բացվե Վարդեվորվան կիրակին,
    Քո սերն ինկե մեջ իմ սրտի պուրակին»…(Վարդավառի ժողովրդական խաղիկներից):

    «Արևաշող Աղբյուր՝ հույզերի,
    Աստղաբույլ կերոն՝ սրտերի,
    Լուսաշող Սիրո Թագուհի,
    Գեղասքանչ Աստղիկ Դիցուհի» (Հ.Թումամյանի՝ «Հիմն Աստղիկին»):

    Հավաքվում էին «Իննակնեան՝ «Բարեբաղդ, Բարեբուխ» Վայրում»՝ Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի Տարոն գավառում, Քարքե լեռան վրա, որտեղի հնագույն մեհյաններն ավերվեցին 301 թվականին՝ քրիստոնեության տարածման ժամանակ, սակայն Հայ ազգը հազարամյակների ընթացքում իր Սրբավայրերին ու իր ավանդույթներին կառչած մնաց՝ շարունակելով իր հնամյա ծեսերն ու տոները (թեև՝ այլ կրոնով շղարշված ու մեհյանների փոխարեն՝ Գլակա վանք, հետագայում՝ Սուրբ Կարապետ դարձած ուխտավայրում)…

    Վանքից քիչ հյուսիս բխում է հորդառատ Իննակնյան Աղբյուրը, որտեղից էլ՝ Աղբյուրի անվանումը (ուշ շրջանում գործում էին դրանցից յոթը միայն)…

    «Վանքի ներքին բակին մէջ երկու աչքով աղբիւր մը կը վազէ հիւսիսային կողմը, եւ մէկ աչքէ աղբիւր մը՝ արեւմտեան կողմը։ Գեղեցկութիւն մի է բակին…», կամ՝ …«Անտի յառաջ ի հիւսիս երթալով իբրեւ հինգ վայրկեան հեռաւորութեամբ, Ավետեաց բլուրն է. եւ այսպէս ուղւոյն հետ բարձրանալով «մէկ կողմդ կը մնան Բարեհամ Աղբիւրն, Պաղ Աղբիւրն, Սպիտակ Աղբիւր, շէիտներ, եւ միւս կողմդ` Առաքելոց Աղբիւր, եւ այլ աննման ջրեր, մինչեւ կը հասնինք Իննակներ կամ Աւագ Ակներ, որոնց անունով վանքս կոչուած է» (Գարեգին Սրվանձտյանի նկարագրությունը՝ Հայկ Ավագյանի՝ «Մշոյ Ս.Կարապետ վանքի մշակութային ժառանգությունը…» գրքից, Կահիրե, 2019 թ.):

    Բյուրակնից մի անկյուն

    Աղբյուրների կողքին կամ բարձունքներում կառուցված սրբավայրերում անհիշելի ժամանակներից ի վեր չեն դադարել Հայ ուխտավորների հոծ խմբերի ամենամյա երթն ու տոնակատարությունները:
    Եվ, վաղնջական ժամանակների շնչով, դեռևս մեկ դար առաջ գովերգում էին գուսաններն այս սրբավայրը:

    «Բոլորտիքը ծառ ու ճիւղեր.
    Անոր պտուղը հոգու դեղ էր»…

    «Ինն Աչերու (Իննակեայ) Լուսաղբիւրներ
    Կաթ կու կաթեն՝ Լոյս — Լոյս ջըրեր,
    Ուռին, Բարտին շուք են եղեր,
    Սիրականիս շնորհք են տըւեր»։

    Իրենց իղձերի իրականացման ակնկալիքով հեռավոր վայրերից ոլոր-մոլոր ճամբաներով դեպի սրբավայր մեկնող «ձիավորներն ու ոտավորները» հովանավորություն էին խնդրում և՝

    «Զիմ սրտի սիրա՛ծը տուր.
    Տու՛ր Աշխարհիս խաղաղութիւն,
    Ազգի՛ս Հայոց՝ Սէր, Միութիւն»…

    Արգասավորությունն ու Պտղաբերությունը պայմանավորող Ջրի պաշտամունքի սրբատեղիները, բնականաբար, գլխավորապես լեռները, ջրերի ակունքներն էին։

    Զանգեզուրում Վարդավառի ամենասիրված ուխտավայրը Խուստուփն էր, չնայած շատ էին գնում նաև Մեծ Իշխանասար, Մռավ, Մեծ Քիրս, Դիզափայտ և այլ լեռնագագաթներին գտնվող սրբավայրերը։

    «Վարդավառը ընդհանրապէս կը հանդիսանար ժողովուրդի ամենահարազատ եւ ամենապաշտելի տօներէն մէկը, ինչպէս կը համառօտագրէ Յասմիկ Աբրահամեան.
    Հայ ժողովրդական տօնաշարում Վարդավառը ժողովրդին հոգեհարազատ, թերեւս ամենասիրուած եւ սպասուած տօներից է։ Մատենագրական նիւթերի հաւաստմամբ Վարդավառը պտղաբերութեան, արգասաւորութեան, լիութեան եւ այս ամէնն ապահովող Ջրի, անձրեւի տօն է։ Ըստ ժողովրդական պատկերացումների` Վարդավառը ոչ միայն բերքի առատութեան եւ անձրեւաբերութեան, այլեւ զուարճանքների, ընտանեկան խնջոյքի, ուրախութեան եւ մատաղի տօն է:
    Արդարեւ, Վարդավառի ուխտագնացութիւնը դէպի Ս. Կարապետ կը հանդիսանար դէպի այդ վանքը կատարուող ամենէն աւելի զանգուածայինը եւ տօնականը։

    Մշո Սուրբ Կարապետ ( Լուսանկարը՝ Bodil BIØRN-ի հավաքածուից)


    «Ամէն կողմ ուրախութիւն եւ ցնծութիւն» է, ուր անպակաս են մատաղն ու տօնավաճառութիւնը, կը հաստատէ Հ. Սուքիաս Էփրիկեան»…(մեջբերումը՝ Հայկ Ավագյանի՝ «Մշոյ Ս.Կարապետ վանքի մշակութային ժառանգությունը…» ուսումնասիրությունից, Կահիրե, 2019 թ.):

    Ուխտագնացության ուղիներով՝ ուխտավորների հետ, մյուս գրառումներում…🔥

    Մաղզանեան եւ Պալապանեան ընտանիքի անդամներ վերջին անգամ ըլլալով կը լողան Պույուք Քարաչայ (Մեծ սեւ գետ) գետին մէջ, Յունիս 1939, Պիթիասի մօտ (Աղբիւր՝ Վահրամ Շէմմասեանի հաւաքածոյ, Լոս Անճելըս)։ Լուսանկարը՝ մեկնաբանությամբ՝ «Յուշամատեան»ից՝ շնորհակալությամբ

  • «ՏԻԿ ԶԱՐԿԵՄ՝ ԵՂ ՀԱՆԵՄ, ՍԱՐԱԿՏԻՐՈՒՆ ՃԱՇ ՏԱՆԵՄ»…

    «ՏԻԿ ԶԱՐԿԵՄ՝ ԵՂ ՀԱՆԵՄ, ՍԱՐԱԿՏԻՐՈՒՆ ՃԱՇ ՏԱՆԵՄ»…

    «ՏԻԿ ԶԱՐԿԵՄ՝ ԵՂ ՀԱՆԵՄ,
    ՍԱՐԱԿՏԻՐՈՒՆ ՃԱՇ ՏԱՆԵՄ»…

    Հին Աշխարհի տարբեր երկրների հասարակական, տնտեսական կյանքի զանազան դրվագներ են պահպանվել ժամանակի պատմիչների նկարագրություններում:

    Հույն պատմիչ Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» աշխատության մեջ Հայաստանին վերաբերող հատվածները թարգմանությամբ մեզ է ներկայացրել Ս. Կրկյաշարյանը՝ կրկին ապացուցելով, որ հազարամյակներ ի վեր Հայաստանի տնտեսության մեջ երկրագործությունն իր հիմնական դերն ուներ:
    Հատկապես՝ Հայաստանից Եփրատի հոսանքով մինչև Բաբելոն «կլոր ու ամբողջովին կաշեպատ նավերով»՝ տկալաստերով արտահանվող բուրավետ գինու մասին հիշատակումը գինեգործության կարևորությունն է նաև փաստում:
    Հայ ժողովրդական հեքիաթներից մեկում «Հինդու երկրի քառասուն փղերին քառասուն տիկ գինով հարբեցնելու» դրվագում մեծ տիկերում պահվող գինին է հիշատակվում…

    Հայկական Լեռնաշխարհում վաղնջական ժամանակներից ի վեր Այծն իր կարևորագույն տեղն ու դերն ունի՝ իրենից արտադրվող հիմնական արտադրանքների հետ միասին (կաթ, միս, մորթի, բուրդ, կաշի ու, մասնավորապես, մոթալ՝ տիկ հանած կաշին, որից էլ՝ մինչ օրս գործածվող՝ հայտնի «մոթալ պանիրը», որի մասին տասնամյակներ առաջ հիշատակել է և Հին Ղրիմում ծնված Հայ գրականագետ Հարություն Սուրխաթյանն իր ստեղծագործություններից մեկում՝ «մեծամեծ և լիքը կճուճներով յուղ, պանիր ու ահագին տկերով մոթալ»: )…

    Հայաստանում հարատևում են հնագույն ավանդույթները. մեր Նախնիների սովորույթի համաձայն՝ այծի կամ ոչխարի կաշվից հատուկ մշակմամբ պատրաստված տիկերում այսօր էլ միայն բնական միջոցներով արտադրվում է «մոթալ պանիրը»՝ այծի կամ ոչխարի կաթով՝ սարի ծոթրինի տերևներով ու ցողունով կամ այլ կանաչիով, վայրի սխտորով համեմված՝ առանց որևէ արհեստական խթանիչի կամ հասունացուցիչի (3-4 ամիս տևող հասունացման փուլում տիկերը շրջվում են յուրաքանչյուր 4-5 օրը մեկ):

    Հայոց բնաշխարհին սերտորեն միահյուսված Այծի խորհրդանիշը հիշատակել ենք բազմաթիվ առիթներով (կենդանիների եղջյուրները՝ հազարամյակների ընթացքում որպես գավաթ կիրառվելուց բացի, այլ իմաստի կրողներն էին նաև)…

    «Տիկ» բնիկ Հայերեն բառի նախնական իմաստը «Այծ» էր (Ուլ):
    Բազմաթիվ լեզուներում «մորթ, կաշի, տիկ» իմաստով բառերն առաջացել են այծի, ոչխարի կամ այլ կենդանու անունից:
    Այծի մորթը, որից ընտիր՝ ամուր ու ճկուն կաշիներ են պատրաստում, «Այծենի» է կոչվում, այծի մազից պատրաստված կտորը, զգեստը՝ «Այծեք»:

    Ներսես Շնորհալուն վերագրվող ուսուցողական հանելուկներում Այծը ներկայացնելիս ակնարկվում են այծի մազերով հյուսված կտորը՝ քուրձն ու այծի շնորհիվ պատրաստվող՝ գինու «աղվոր տկերը».

    «Յամէն շըրջի ինքն ի քարեր,
    Ունի ծախու մազէ քըրձեր,
    Գինոյ ունի աղուոր տըկեր,
    `Ի օժտէր ձըրի դանկի կոթեր»:

    «Ուլ էիր, և Տիկ դարձար,
    Տկահան չարչարվեցար» (ժողովրդական առած):

    Տիկը՝ կամ՝ տկճորը՝ փոքրիկ տիկը, անասունների (այծ, ոչխար, հորթ, ձի և այլն) ամբողջական մորթուց պատրաստված պարկը, անհիշելի ժամանակներից ի վեր հեղուկներ (ջուր, ձեթ, գինի, կումիս, թան և այլն) ու սննդամթերք (պանիր, մսեղեն, ժաժիկ…) պահելու համար լայնորեն կիրառվում էր Հայաստանում ու այլ երկրներում։
    Կար նաև՝ «Տկճոր դեղապետական»՝ «Բժշկական՝ դեղի տկճոր»:

    Այծի կամ այլ կենդանու՝ առանց փորի կողմը կտրած մորթու մշակումից ստացված յուրահատուկ պարկի՝ տիկի տարողությունը կապված էր կենդանու խոշորությունից:

    Հին Արևելքում օդով լցված տիկերով նաև լողում էին գետերում (որպես փրկօղակ՝ ապահով տեղաշարժի համար):
    Բրիտանական թանգարանում ցուցադրվում են ն.թ.ա 878 թվականին Ասորեստանի թագավոր Ասուրնասիրպալի կողմից Հուրիական Սուրու քաղաքի պաշարման ժամանակ փրկվելու համար գետով զինվորականների լողը՝ օդով լի տիկերով (լուսանկարները՝ ստորև):

    Վերջիններս (օդով լի տիկերը) ամրացվում էին և լաստանավերին՝ բեռնատարողությունը բարձրացնելու նպատակով, ինչպես և՝ սուզվելու վտանգից զերծ պահելու համար։
    Հաճախ օգտագործվել են նաև ռազմական կամուրջներ կառուցելիս՝ իբրև բարձրացնող ուժ։

    Օդով լցված տիկերով է պատրաստվել և մեր Նախնիների կենսախինդ տոներն ու ծեսերն ուղեկցող հնագույն նվագարաններից մեկը՝ Պարկապզուկը՝ հայտնի նաև՝ «Պարկակպու», «Պարկապոզ», «Տկզար» անուններով…
    «Տկզար» նաև Տիկ՝ Պարկապզուկ ածողն էր կոչվում:
    «Բարեկենդանին գյուղերից տկզարները գալիս էին քաղաք»…

    «Պարկապզուկ՝ Ուլի կամ գառան մորթից պարկ, փչողական նուագարան, որի մի պճեղի վրայ հագցրած է փողը (սրինգը), իսկ միւս պճեղին հագցրած փոքր խողովակից փչելով տկզարն ուռեցնում է պարկը և այս ճնշված օդով հնչեցնում է փողը:

    Բարեկենդանի ժամանակ տկզարները պարկապզուկներով շրջում էին փողոցներն ու ածում:
    Պարկապզուկով պարում էին:
    Պարկապզուկ ածել՝ դատարկ սպառնալիքներ անել»,- կարդում ենք «Հայերէն բացատրական բառարանում»:

    Հայ տկզարն է պատկերված Հենրի Վան-Լեննեպի (1815-1889 թթ.) ստեղծագործություններց մեկում՝ ստեղծված 1862 թվականին:

    Հայ տկզար, 1862թ., նկարիչ՝ Հենրի Վան-Լեննեպ (1815-1889 թթ.)

    Վաղնջական ժամանակներից ի վեր աշխատանքն ուղեկցվել է երգերով, որոնցում արտացոլված են
    Առատության ու Բարօրության մաղթանքի երանգներով հմայական ծեսերի հետքերը:

    Ու երգը հնչում էր ամենուր՝ թել մանելիս՝ ճախարակի մոտ կամ՝ վար ու ցանքի ժամանակ՝ հորովելներով՝ գութանի, արորի ու եզան գովերգով, հացահատիկը թեփազերծելիս, ձավարը ծեծելու սանդի առաջ կամ սերուցքից կարագ ստանալու համար խնոցին հարելիս (մշակների համար ճաշ պատրաստելիս)…

    Մինաս Ավետիսյանի կտավներից

    «Տիկ զարկեմ, եղ հանեմ,
    Սարակտիրուն ճաշ տանեմ» երգից որոշ հնչյուններ՝ ստորև հղումով…

    https://fb.watch/6C6yeWM_oW/