«Ամէն մի առաջնորդ այնքա՛ն է պահանջում իր զինուորներից, որքանի ընդունակ է ի՛նքը։ Միայն այնքա՛ն անվեհերութիւն եւ անձնազոհութիւն, որքանի ընդունակ է ի՛նքը, եւ ոչ աւելին։ Եւ ու՛ր վերջանում է լաւ առաջնորդը, այնտե՛ղ սկսում է վատ զինուորը»։
«Առաջնորդը կենդանի խորհրդանշանն է յաղթանակի եւ պարտութեան, փառքի եւ անփառունակութեան, աղբիւրը խանդավառութեան, հոգեբանական գինովութեան, ինչպէս եւ՝ յուսալքումի»։
«Մա՛րդն է իր յաղթութիւնների եւ պարտութիւնների պատճառը։ Եւ յաղթում է նա, որն արդէն յաղթել է իր կենդանական բնազդը, իր եսը, իր վախը, երբ արդէն յաղթել է ինքն իրեն։ Պարտւում է նա, որ արդէն պարտւած է ինքն իրենից, իր վախից, իր բնազդից, իր եսից»։
«Ոչի՛նչ այնքան հանգստացուցիչ, գօտեպնդիչ չէ կռուի ժամանակ, որքան ղեկավարի խրոխտ ձայնը»։
«Յաղթում է այն կողմը, որը վստահ է ո՛չ թէ իր սպառազէն բռունցքի, այլ՝ իր ներազէն ոգու՛ գերազանցութեան։ Երկաթէ զէնքերի դէմ հեշտ է վահան գտնել, բայց ո՛չ նաեւ ոգու զէնքերի դէմ, որ քո՛նը պիտի լինի, Հա՛յ զօրական» (Նժդեհ, «Հիշի՛ր պատերազմը», 1930թ.):
Լեզուն, արտահայտված խոսքը մարդու բարոյական կերպարն է («արտա-հայտել»՝ «ներքուստ՝ իր ներսում եղածն ի հայտ հանել» իմաստն ունի): Հայրենասիրությունը նաև սե՛րն է Մայրենի լեզվի հանդեպ: Միաբանող, ժողովրդին սխրանքի՛ կոչող ուժ ունի Խոսքը: Բախտորոշ իրավիճակներում Խոսքի վճռորոշ ներգործությամբ զանգվածներն ի գործ են մղվել՝ կերտելով հաղթանակներ:
Նման մի ժամանակաշրջանում՝ 1917 թվականի դեկտեմբերի 22-ին իր հայրենակիցներին էր դիմում Զորավար Անդրանիկը:
…«Մենք կեցած ենք, Հայ տառապա՛ծ ժողովուրդ, Հայկական պատմության այնպիսի փոթորկուն էջի վրա, ուր մեր ժողովուրդը կապրի կա՛մ իր վերջին օրերը և կա՛մ կգտնվի վաղվան ազատության նախօրյակին:
Վայրկյանը, ներկա օրերը մեզ չե՛ն ցուցեր միջին ճանապարհ: Վաղվան պատասխանը Հայ ժողովրդին պիտի ըլլա՝ «այո՛« կամ՝ «ո՛չ»:
Դարեր ի վեր բռնեցինք հավաքական Ազատության ճանապարհը, որ պսակեցավ մեր արյունով և Հայ երիտասարդության անասելի ոգևորումներով:
Հասա՛ծ է ժամը վերջին մարտնչումի»:
1918 թվականի փետրվարի 3-ին Թիֆլիսից Անդրանիկը կրկին իր համախմբման կոչն էր հղում Հայորդիներին.
«Ձե՛զ, Հա՛յ պատանիներ, ուսանողնե՛ր, գիտաշխատողնե՛ր և ինտելիգե՛նտ երիտասարդություն, դիմում ենք այս կոչով՝ արձագանք տալ ժողովրդական գործին: Այս պատմական րոպեին, երբ ամեն ինչ տրված է մեզ, և հարկավոր է միայն, որ կարողանանք մեր ձեռքին պահել մեր Հայրենի հողը և ապահովե՛նք մեր տանջված ժողովրդի ֆիզիկական գոյությունը, դուք, անբի՛ծ երիտասարդություն, մեր ժողովրդի խի՛ղճը, լցվեցե՛ք կազմակերպվող Հայ զորքերի փառապանծ շարքերը և օգնեցե՛ք, որ ուժեղ բանակ ստեղծենք: Ընկերնե՛ր, ֆրոնտը դատարկված է, ռուս զորքը հեռացել է, Հայաստանը ներսում ենթարկված է բարբարոսական ոհմակների ասպատակությանը և միայն ուժե՛ղ, կազմակերպվա՛ծ բանակը կարող է ապահովել մեր ժողովրդի կյանքը և գոյությունը: Երիտասարդնե՛ր, եկե՛ք մեզ մոտ, եղե՛ք նրանց ոգին և աշխատեցե՛ք նրանց հետ ընդհանուր ժողովրդական գործի համար»:
Տարիներ անց, ազգովի, համընդհանուր ճիգերով մեր Հայրենիքն ազատագրելու էր կոչում և Ավետիս Ահարոնյանը (նրա ուղերձի տեսանյութը՝ ստորև):
Դարեր շարունակ, Հայրենիքի ու Հայ ազգի Ազատության ջատագով Հայորդիք Ազգայի՛ն գաղափարախոսությունն են նշել որպես օտար, խաթարիչ ազդեցություններից ազատագրման միջոց ու դեպի Անկախությունն ուղղորդող ճանապարհ:
Հայրենապաշտության հիմքում ճշմարի՛տ Հայրենաճանաչությամբ զորացած Հայրենասիրությունն է, որի առկայությամբ օտար հողմերին անսասան կդիմագրավեն Հայկազուններն՝ ամուր կառչած իրենց Հայրենի Հողին:
«Ճշմարտությունը… դա աստվածային այն Լույսն ու Ջերմությունն է, որով կսնվի ու կհզորանա Հոգին` անհատի և ժողովրդի… Եղի՛ր Ճշմարտության քարոզիչը, առավել՝ Ճշմարտության Ուսուցի՛չը մեր կյանքում» (Նժդեհ):
Ճարտասան խոսքը՝ գրվածքը, ոգևորում է մարդկանց՝ լուսավորելով նրանց միտքն ու ոգին: Շարունակելով հնագույն դարերից եկող ճարտասանական արվեստը՝ ճարտասանի իր հզոր ձիրքով մեր Մեծերից շատերն են իրենց պերճախոս, ազդեցիկ ու համոզիչ կոչերով վճռորոշ պահերին համախմբել ազգակիցներին՝ հերոսական պայքարի մղելով: Հռետորական իր ազդու խոսքն այսօր էլ սերունդներին է հղում Գարեգին Նժդեհը:
«Երբ ես կը խօսեմ Հայաստանի մասին, խօսքեր չէ, որ կը փնտռեմ մտքերս արտայայտելու համար, այլ՝ Հայրենիքիս հոգեւոր դէմքը, որ՝ նրանո՛վ գինովցած ու սիրահար, կարողանամ սէրս, կարօտս, պաշտամունքս փոխանցել լսարանիս»։
Շեշտելով ճիշտ ընտրված խոսքի կարևորությունը, նա շարունակում է. «Գուցէ եւ միակ տեղն է կռուադաշտը, ուր ամէն բանից աւելի եւ ամէն բանից սուր զգացւում է կարիքը բարոյապէս ազդելու եւ իշխելու մտքերի, սրտերի եւ կամքերի վրայ։ Կարողանալ բռնակալօրէն իշխել հոգիների վրայ,- ահա՛ ղեկավարի ամենամեծ եւ ամենաանհրաժեշտ կարողութիւնը, առանց որին զօրանոցն ու մարտադաշտը զինուորներին չի կարող յաղթութեան մղել։ Այն, ինչ որ յաճախ դժուարանում է կատարել արդիական հեռաձիգ թնդանօթը, հեշտութեամբ կատարում է ղեկավարի զօրաւոր խօսքը։ Խօսքը՝ երբեմն հրամայող ու իշխող, երբեմն՝ կանչող ու մղող, խօսքը միշտ՝ պատկերաւոր ու սեղմ, սրտերին կրակ, բազուկներին թափ, կամքերին մղում տուող խօ՛սքն է իշխելու եւ վարելու միակ միջոցը։ Եւ որքան զօրաւոր՝ այնքան մե՛ծ է նրա հմայքը, այնքան ընդարձա՛կ է նրա տիրապետութիւնը։ Խօսքը՝ դա ինքը ղեկավա՛րն է։ Յաղթելու համար քիչ է խելքը, տաղանդը, պէտք է զօրաւո՛ր խօսքը։ Առանց զօրաւոր խօսքի բութ են սրերը, թոյլ՝ բազուկները, անվճռական՝ կամքերը։ Առանց զօրաւոր խօսքի չկա՛յ իշխանութիւն հոգիների վրայ, իսկ առանց այդ իշանութեան՝ չկա՛յ յաղթութիւն։ Մարդկային լեզուն չունի՛ մի հատիկ բառ, որն այս կամ այն կերպ չազդեր կռւում գտնուող զինուորի հոգեբանութեան վրայ։ Պէտք է գիտենալ՝ ի՞նչ եւ ինչպէ՞ս խօսել զինուորին։ Իսկ դրա համար պէտք է ծանօթ լինել, եթէ այսպէս կարելի է ասել, «հոգեկան քիմիայի» օրէնքներին։ Պէտք է բաղադրել կարողանալ որոշ զգացումներ զինուորի մէջ՝ մեր ցանկացած հոգեկան յուզումն առաջացնելու համար։ Տպաւորութիւն է գործում շատ անգամ ո՛չ թէ այն, թէ ինչ որ ասում ենք, այլ այն, թէ ե՞րբ, որտե՞ղ եւ ինչպէ՞ս ենք ասում»։
Քաջ գիտակցելով, որ «ծիծաղը, երգը, խաղը հոգեւոր կազդուրիչներ են զինուորների համար» և որ «բանակները յաղթում են եւ պարտւում միշտ էլ կռիւներից դուրս, բախումներից առաջ՝ նախ հոգեբանօրէն», Նժդեհը հորդորում է.
«Արդ, թէ ինչու՛ եմ ասում՝ եղի՛ր Կենդանի Արեւ, քանզի յաղթական հանդիսանալու համար, զօրամասերդ պէտք ունին Լոյսի՛, Ջերմութեա՛ն եւ Ուրա՛խ տրամադրութեան։ Չկայ աւելի գօտեպնդիչ, արիական եւ գեղեցիկ շարժուձեւ, քան ծիծաղը ցրտի, սովի, յոգնածութեան ժամանակ, ծիծաղը թշնամու քթի տակ վտանգի դէպքում, մահուան երեսին։ Ես զինուորներ ունէի, որոնց մշտուրախ դէմքի պայծառութիւնը չէր կարող ծածկել եւ ոչ մի սեւ ամպ»։
«Երբ ժողովրդի մեջ ցեղը չի շնչում, նա ծալում է արծվի իր թևերը»: «Ոչի՛նչ արժեն նիւթեղէն ամրութիւնները մի երկրի համար, եթէ նրա որդիների սրտերը բարոյական բերդեր չեն։ Էականը ժողովուրդների քանակը չէ, այլ նրանց որակը, նրանց Ոգին»։
«Նայի՛ր դրօշակին…
«Հասկանո՞ւմ ես կատարածդ»,- կը հարցնէր նաւապետը մէկին, որը նոր էր ընդունուած, որպէս նաւազ, եւ կայմի վրայ բարձրանալու փորձեր կը կատարէր։ Երիտասարդը արդէն կը մօտենար կայմի ամենաբարձր կէտին, երբ նայեց ներքեւ լեռնացող ալիքներին եւ գլխի պտոյտ զգաց։ «Նայի՛ր դրօշակին, նաւազ»,- ձայն տուեց նաւապետը՝ տեսնելով իր զինուորը վտանգի մէջ։ Տղան հնազանդուեց իր ղեկավարի ձայնին եւ յաջողութեամբ հասաւ կայմի ծայրը։ Նոյնը յաճախ զինուորի հետ տեղի է ունենում կռուադաշտում, ուր ամէն ինչ խօսում է, վկայում ստոյգ վտանգի, ցաւի ու մահուան մասին։ Ճակատագրական վայրկեանին զինուորը պէտք է լսէ իր պետի սրտապնդիչ ձայնը.
«Զինուո՛ր, նայի՛ր վերեւ, դրօշակի՛դ»։ Դա ասել է՝ յիշի՛ր նպատակը, որի համար հազարներ ու հազարներ քեզ հետ զէնք են վերցրած։ Դա ասել է՝ արիացի՛ր, քանզի քեզ հետ է Ցեղդ, որն ապրել է ուզում։ Դա ասել է՝ նայէ՛, վերեւն աչք կայ, որ տեսնու՛մ է քեզ, արթուն աչքը Նախահայրիդ, որ կը հետեւի քո բոլո՛ր շարժուձեւերին։ Նայիր Դրօշակի՛ն։ Դա ասել է՝ մի՛ մոռանար, որ սկսուած ճակատամարտի ելքից է կախուած Հայրենիքիդ ճակատագիրը»։
«Բարոյապէս սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտութեան զգացումը՝ ծնունդ ազգային ինքնաճանաչութեան, որն իր սնունդն առնում է մեր պաշտամունքից դէպի այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական Հայրենի պատմութեան մէջ»։
«Սիրո՛վ եւ երկիւղա՛ծ մօտեցիր Ազգային պատմութեան, եւ մի՛ մոռանար, որ Ցեղի Հոգին ճանաչելու համար բաւակա՛ն չէ միայն ուսումնասիրել նրա պատմութիւնը, պէտք է եւ վերապրե՛լ այն։ Վերապրի՛ր, պատմութեան միջոցով վերապրի՛ր Ցեղիդ կեանքը»։
«Հա՜յկը, անմեռ փա՛ռքը իր ցեղի, այսպէս կը խօսէր իր մարտիկներին. «Յարմար վայրկեանին կը լարի փորձ որսորդն իր աղեղը եւ մի՛շտ անվրէպ ու մահառիթ է իր հարուածը»։ -Մի սեղմ խօսք, որի մէջ խտացուած է ռազմարուեստի ողջ գաղտնիքը։ Յարմար վայրկեանին՝ մահառիթ հարուած,- ահա՛ թէ ինչ է պահանջում իմաստուն ռազմագիտութիւնը։ Այսպէս, բնազդական ռազմագէտ ու մարտավար է Հայ Նահապետը, որի աննուաճ արիասրտութիւնը այսպէս կը պատասխանէր Նեբրովթի բանբերներին. «Որսորդի հեռաձիգ նետը պէտք ունի ազատ եւ ընդարձակ տեղերի»։ Ասել է՝ գիտէ՛ Հայ ահաւոր աղեղնաւորը, թէ ժողովուրդներին անկաշկանդ կերպով զարգանալու համար հարկաւոր է երկու բան՝ յարաբերօրէն ընդարձակ երկրամաս եւ քաղաքական անկախութիւն»։
Մեջբերումները՝ Գարեգին Նժդեհի՝ «Հիշի՛ր պատերազմը» հոդվածաշարից, որն առաջին անգամ հրատարակվել է Բոստոնի «Հայրենիք» օրաթերթում՝ 1930 թվականին:
Մարդու կյանքի շրջափուլերից կարևորագույն իրադարձություն է ամուսնությունն իր ավանդական՝ հարսանեկան ծիսակատարություններով, որոնցում ամփոփված են ազգային մտածողությունը, հավատալիքներն ու կենսախինդ ոգին… Տոհմի նոր աճի ու բարգավաճման խորհուրդն ունի այս ծեսը: Հնագույն՝ հմայական-պաշտամունքային ակունքներից եկող հարսանեկան ծիսերգերում ծեսի որևէ դրվագը կամ մասնակիցների որոշակի հոգեվիճակն է արտահայտվում:
Խնդությամբ լի պահերով հարուստ արարողակարգերից է այլ գյուղից հարս տանելիս՝ հարսանքավորների մեկնումը:
Հարսանեկան ծեսի հետքերով՝ ուղևորվենք Վանի գավառ՝ Արճակ ու Խառակոնիս…
«Արճակն ու Խառակոնիսը միշտ միասին էին հիշատակվում, միասին էին մեծարվում և միասին ծաղրվում: Վանեցիք ծաղրական մի երկտող էին հանգավորել մեր երկու գյուղերի մասին, «Մեջ Արճակ, մեջ Խառակոնիս- Գաթան թխեցին առանց խորիս»,- գրել է ծնունդով Խառակոնիսցի Նաիրի Զարյանը:
Հիշյալ գյուղերում նշվող՝ ուրախ սրամտություններով համեմված հարսանիքներից որոշ դրվագների նկարագրությունը՝ Վանի բարբառով հնչող կատակներով, գտնում ենք «Հայ ազգագրություն և բանահյուսություն» բազմահատոր աշխատության 8-րդ հատորում, որտեղից էլ մեջբերում ենք:
«Աղջիկն ուրիշ գյուղի տղայի հետ ամուսնացնելը
Սովորաբար, եթե մեկն իր աղջիկը տվել էր ուրիշ գյուղի տղայի, ապա հարսանիքից շատ առաջ տուն էր հրավիրում ծանոթ-բարեկամների ավագներին: Կանչվածները, գնային, թե չգնային, իրենց համարում էին հրավիրյալ և հարս տանելու օրը պետք է մասնակցեին այդ հարսանիքին: Գյուղից գյուղ հարս տանելու եկողների թիվը 25-40 հոգի էր լինում, բոլորն էլ՝ երիտասարդ տղամարդիկ և միայն մեկ, երկու կին: Որքան մեծ էր եկողների թիվը, այնքանով էլ կարծիք էր ստեղծվում փեսայի ընտանիքի մասին:
Նախքան հարսհյուրը կհասներ գյուղին, հայտնվում էին «աղվեսները», որոնք հարսի դռան առաջ հյուրասիրվում էին խմիչքով, իսկ երբ լսվում էր մոտեցող նաղարա-զուռնայի ձայնը, ապա հարսի դռանը հավաքված նախապես հրավիրված ընտանիքների երիտասարդները իրենց գյուղի նաղարա-զուռնայով շտապում էին ընդառաջ:
Եկողներն անպայման ձեռնափայտեր էին ունենում: Ընդառաջ գնացողներից ամեն մեկը մի հյուրի ձեռնափայտը վերցնում էր, իսկ եթե եկողների թիվը գերազանցում էր ընդառաջ գնացողների թվին, ապա վերցնում էին մեկից ավելի ձեռնափայտ և որոշ ժամանակ գյոնդապար կամ մենապար էին պարում, որից հետո յուրաքանչյուր դիմավորող իր վերցրած ձեռնափայտի տիրոջն առաջնորդում էր իրենց տուն: Նախօրոք պատրաստված սեղանի կողքին նստած տան ավագը մեծ հարգանքով ընդունում էր հյուրին: Հյուրասիրությունը երբեմն տևում էր մինչև մայրամուտ: Աղջկա հոր տան կողմից ուղարկված նաղարա-զուռնայի ուղեկցությամբ, յուրաքանչյուր հյուր իրեն հյուրընկալողների հետ գնում էր աղջկա հոր տուն: Սկսվում էր հյուրասիրությունը, ապա քահանան օրհնում էր: Եթե գնալիք գյուղն այնպիսի հեռավորության վրա էր գտնվում, որ կարելի էր մինչև երեկո տեղ հասնել, ապա սեղանից շուտ վեր կենալով, հարսհյուրերը, վերցրած հարսին ու երկու հարսնեղբորը, ինչպես նաև հարսի օժիտը, ուղևորվում էին իրենց գյուղը: Իսկ եթե ոչ, ապա յուրաքանչյուրն իր հյուրի հետ վերադառնում էր իր տուն: Առավոտյան շարունակվում էր հյուրասիրությունը, նորից էր գալիս նաղարա-զուռնան: Հարսի հերանց դռանը մի քանի երիտասարդ ազգականներ, գինով լի պոզիկներն (թեյնիկ հիշեցնող ջրամաններ) ու գավաթները ձեռքներին, գինի էին մատուցում բոլորին:
Հազար ու մի հաճոյախոսություններով, բարեմաղթություններով ու շնորհակալանքներով հարսին տանում էին, իսկ հենց որ հասնեին գյուղի եզրին, երկուստեք միմյանց ուրախ ծաղրի էին ենթարկում: Նայած ո՛ր կողմից էր նախահարձակը, ասենք՝ տղայի, բարձր երգում էին. Խեր խապիցինք կըթխեմ կյինով, տարա՜նք, տարա՜նք, տարա՜նք, տարա՜նք, Մեր խապիցինք մատըմ խինով, տարա՜նք, տարա՜նք, տարա՜նք, տարա՜նք, Կյեղ խաբիցինք պուտուկ մը ժաժկով, տարա՜նք, տարա՜նք, տարա՜նք: Արճակցիք խոսքի տակ մնացող չէին, ետևներից գոռում էին.
Ծո՛, ռաբաննե՛ր (ողորմելիներ), ծեր տարած ըսկի մեյ քյասա ժաժիկ չարժե, տարեք ձեր կյեղ, աշխար պիտի ուր մեռլի վրեն լա, տուք ծեր տարած խարսի վրեն պիտի լաք, տարե՜ք, տարե՛ք, որ պյարի պան ըլներ, մեր կյեղ ազաբ լաճ չկյե՞ր… Կամ՝ նախահարձակ էին լինում աղջկա գյուղացիները՝ բարձրաձայն գոռում էին.
Ծո՛ այսինչ (տալիս էին գյուղի անունը) գյուղացիք, ասպած ծեր մեկն խազար անի, մի քիչ թափ (արագ) քյելեք, էտը աջլաջեբ աղչիկ մեր սնորից (սահմանից) զատացուցեք, նոր կուզեք խաղցեք, կուզեք՝ կլյոխներդ դըմփեք: Սնորն ընցաք, էլ չեք կանա ետ տա: Կամ հարսնեղբայրների ետևից էին կանչում.
Տղեյնե՛ր, ասծու սիրուն, կըխասնեք իտոնց կյեղ, չթողնեք էտը թաբառուքյի իրես պանան-տիսնան, չում չտանեն ժամ, չփսակեն, մեյ թողնե խարսին մոտենան: Այս բոլորն, իհարկե, սրախոսություններ էին, որովհետև աղջիկն իրականում վատը չէր: Սակայն կար մի ճշմարտություն, որ Արճակցիք իրենց ամենալավ աղջիկներին գյուղից դուրս չէին հանում: Որպես մոտիկ հարևաններ, նաև համարյա նույն մակարդակի վրա գտնվող մարդիկ միշտ էլ Խառակոնիսցի աղջիկներ հարս էին բերվել Արճակ և Արճակցի աղջիկներ տարվել Խառակոնիս:
Հնօրյա և մշտանորոգ այդ ազգականները միմյանց հանդեպ ունեին հարազատը հարազատին վայել անբասիր սրտակցություն: Արճակցի աղջկանից ծնված յուրաքանչյուր Խառակոնիսցի, որքան էլ որ իր մայրը Արճակի անվանի տան աղջիկը լիներ ու իրենց գյուղի ամենալավ կինը, նորից պետք է պնդեր, որ Արճակցիները անխտիր իրենց գյուղից տանում են գեղեցկուհիներ, իսկ խեղճ-միամիտ Խառակոնիսցիների գլխին են կապում իրենց տգեղ ու դախացած աղջիկներին: Արճակցին իր արյունակից ազգականից հարազատ գյուղին ուղղված պարսավանքի դեմ արտահայտվելու փոխարեն, հաղթական ժպիտով համաձայնվում էր ու ասում, թե հո անխելք չէի՞ն, որ իրենց լավ աղջիկները նրանց տային: Տիրող սովորույթ էր, որ ուրիշ գյուղից աղջիկ տանելու եկած հարսանքավորները՝ հարգալիր հյուրասիրություն վայելելուց հետո, երբ պետք է գյուղից դուրս գնային, մի քանի խոսքով աղջկա գյուղի «խաբվածությունն» էին ծաղրում: Ըստ ավանդական սովորույթի, աղջկա տերերը պետք է «կուլ տային» նման ծաղրանքները, թեև պատահում էր, որ աղջկա տերերը ծաղրանքին ծաղրով էին պատասխանում:
1910 թվականին Արճակցի մի աղջիկ էին տանում Խառակոնիս: Աղջիկը խիստ կարճլիկ էր, իսկ փեսան՝ շատ բարձրահասակ: Երբ հարսհյուրն արդեն գյուղի ծայրն էր հասել, պար բռնած հարսնևորներն սկսեցին բոլոր գյուղերում տարածված ավանդական կատակերգը. Տարա՜նք, տարա՜նք, խոր խապիցինք կըթխեմ կյինով, տարա՜նք, Մոր խապիցինք մատըմ խինով, տարա՜նք, Կյեղ խապիցինք պուտուկ մը ժաժկով, տարա՜նք… Արճակցիներից մեկը բարձրաձայն կանչեց՝ «Ծո՜, Խառակոնիսցի՛ք, էտը տյուք մե խապե՞քյ: Ծո՜, մեր ախչիկ պուտուկըմ չէ, ըսկի մեյ կուռիկ ժաժիկ էլ չարժի: Իսկ Խառակոնիսցի մորից ծնված Ավեդի Ներսեսը սկսեց բարձրաձայն նախատինք կարդալ օրինականությունը խախտող Արճակցուն. -Ծո՛, շա՛ն լակոտ, Խառակոնսցոց ընչի՞ ես անպատվում, հը՞, որ նրանք չլնեն, մենք մեր քյոռ-թոփալ աղջիկներ ու՞ր սաղացուցենք: Ապա դիմեց հարս տանողներին. -Տարե՜ք, ախպե՛ր, տարե՛ք մեր մարալ, բաժով-բոյով Մարան, շնախավոր ըլնի ծե, Մելքյոնի պես թարանջա որ ունեքյ, էլմ էլ իկեք, Արճակ շեն տեղ ի, մեյն էլ կուտանքյ:
Այդ նույն թվականին Արճակցիք են Խառակոնիսից հարս բերում: Հարսանեկան բոլոր հյուրասիրություններն անցնում են պատշաճ կարգով: Հարսնհյուրը գյուղից դուրս է գալիս առանց ծաղրելու ու ծաղրվելու: Արճակ գյուղի ճանապարհին են գտնվում Խառակոնիսին պատկանող ջրաղացներից երկուսը: Ջրաղացպաններից մեկը, որ անցյալ հարսանիքի հարսհյուրերից մեկն էր եղել և դեռ չէր մոռացել իրենց ծաղրվելը, որոշում է վրեժխնդիր լինել, ուստի կանչում է. -Առճակցի՜ք, շուտ մեր սնորից տյուս տարեք էտը այլակերպ ախչկան, տարեքյ, խասեք ձեր սնոր, էնտեղ նստեքյ ծեր կլյոխ դըմփեքյ: Ծաղրված արճակցիք հանգիստ պատասխանում են. -Է՜յ, Խառակոնիսցի՜ք, տյուքյ ծեր ախչկանից եք խաբար, տուքյ ըսկի մեր լաճուց խաբար չեք, այլակերպ չէ, մեյ խին ցախավել էլ որ խարս տանենք մեր լաճու խամար, էլըմ մե խամար փառքյ ի»:
Դարերով Հայի փառքի, պայքարի ու հերոսամարտերի, նաև՝ անլուր հառաչանքի վկան է «Բազում բերդերի» աշխարհը՝ Կիլիկիո Երկիրը՝ Հայոց Կիլիկիան, որի մասին հիշատակություններ կան հնագույն շրջանի սեպագրերում, հունական առասպելներում, հունա-հռոմեական պատմագիտական երկերում, միջնադարյան Հայ, բյուզանդական, ասորական, արաբական ու այլ աղբյուրներում:
Այս Լեռների Երկրում դեռևս 100 տարի առաջ անհավասար պայմաններում հերոսաբար ինքնապաշտպանական մարտեր էին մղում խիզախ Հայորդիք Զեյթունում, Հաճընում, Այնթապում, Մուսալեռում… Մինչդեռ Առաջին Համաշխարհային պատերազմից հետո Փարիզում կայացած Խաղաղության վեհաժողովին, տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից հնչեցված պահանջների շարքում, քննարկվում էր նաև Կիլիկիայի հարցը:
Հայկական պատվիրակությունների ընդարձակ հուշագրից՝ Կիլիկիային վերաբերող լրացուցիչ դիտարկումը՝ ֆրանսերենից իմ թարգմանությամբ, ներկայացնում ենք այստեղ:
Նշենք, որ հիշյալ վեհաժողովին ներկայացրած պահանջների «Հուշագրում» Հայկական պատվիրակությունները հիմնավորում էին Հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը՝ Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ՝ Հայերի բնօրրանը ներկայացնելով որպես աշխարհագրական մեկ ընդհանուր միավոր:
«Հայկական հարցը Փարիզի Խաղաղության վեհաժողովում՝ 1919 թվականի փետրվարի 12-26-ին»
«Սիրիական կոմիտեներն արդեն որոշ ժամանակ շրջանառության մեջ են դրել բրոշյուրներ և քարտեզներ, որոնց միջոցով նրանք փորձում են Կիլիկիան վերամիացնել Սիրիային։ Սակայն, այնուամենայնիվ, իր պատմությամբ, իր աշխարհագրությամբ, իր բնակչությամբ ու տնտեսական հարաբերություններով, Կիլիկիան Հայկական Բարձրավանդակից կախված մաս է՝ շատ հստակ անջատված Անատոլիայից, ինչպես նաև Սիրիայից։ Բոլոր Հայկական տարածքները կազմում են մի ընդարձակ, շատ բարձր սարահարթ՝ հենված-շրջապատված Փոքր Կովկասի շղթայով, Պոնտոսի Հայոց միջին շղթայով, Տավրոսի, Անտիտավրոսի ու նրանց նախալեռներով: Որոշ գագաթներ այնտեղ հասնում են շատ մեծ բարձրությունների: Հառնող լեռներով, կտրված խոր հովիտներով երկիրը նման է խճճված հանգույցի, որն, իր տարբեր մասերի տեղագրական համանմանություններով, կազմում է միատարր ամբողջություն, կուռ բնութագրով աշխարհագրական մի ընդհանուր միավոր:
Այն հսկայական ամրոց է, վիթխարի ուղի, որը ձգվում է Սև ծովի արևելյան շարունակությունից մինչև Միջերկրական ծով, և որը կարևոր դեր է խաղացել պատմության մեջ։ Նա Անատոլիայի բարձր սարահարթը բաժանում է Կուրի հարթավայրերից, Պարսկաստանի անապատներից, Միջագետքից ու Սիրիայից։ Եվ Քրդստանի ու Ամանոսի լեռներից, որոնք Հայկական բարձրավանդակի վերջին ընդարձակումն են, և որոնք ավարտվում են Միջերկրական ծովում՝ Ռաս-էլ-Խանզիր հրվանդանով, ըստ բոլոր հին ու ժամանակակից աշխարհագրագետների, այն պատնեշն է, որը բաժանում է ոչ միայն Կիլիկիան, այլ ողջ Անատոլիան՝ Սիրիական հարթավայրից: Նմանապես Անտի-Տավրոսը և Բուլղար լեռները սահմանափակում են Հայկական բարձրավանդակի արևմուտքը և ավարտվում Միջերկրականի վրա՝ Մերսինում. նրանք բաժանում են Կիլիկիայի չորս սանջակները՝ Փոքր Ասիայից: Իր ջրագրական համակարգով ևս Կիլիկիան ամբողջովին առանձնանում է իր երկու հարևաններից և կցված է Հայկական Բարձրավանդակին, քանզի իր երեք գլխավոր գետերի՝ Տարսուսի, Սիհունի և Ջիհունի ակունքները Հայկական լեռներում են ու նրանք թափվում են Ալեքսանդրետի ծոցը: Այդ Ծոցն ինքնին՝ գրկված Հայկական Բարձրավանդակի լեռների երկու բազուկներով, դեպի ծով բնական ելքն է:
Կիլիկիայի պատմությունը նույնն է, ինչ որ ամբողջ Հայկական բարձրավանդակինը։ Լեռնաշխարհի ստորոտին, նա այն պարտադիր անցման կետն է, որի համար ասիական իշխանությունները մարտնչել են: Խեթերի օրոք էր, որ Կիլիկիան առաջին անգամ անկախացավ։
Անարզաբա (Անավարզա), Սսից մոտ 25 կմ հարավ-արևելք
Դարեր շարունակ այն եղել է հզոր թագավորություն, որի դեմ Եգիպտոսի Ռամզեսներն ու Թութմոսներն ապարդյուն պայքարեցին, մինչ այն օրը, երբ նա գրավվեց Նինվեի թագավորների կողմից։ 11-րդ դարի կեսերին միայն մեկ անգամ է այս երկիրը նվաճել իր անկախությունը՝ շնորհիվ Հայ ժողովրդի ու Հայ իշխանների, ովքեր, սելջուկների ճնշման ներքո, դեպի արևմուտք քաշվեցին: Այս Հայոց թագավորությունը գոյատևեց մինչև 14-րդ դարի վերջը, իր սահմաններն առաջ տանելով կամ նահանջելով՝ Բյուզանդական կայսրությանը կամ մահմեդական սուլթանություններին ստիպված աջակցության իր անվերջ մարտերում: Այս կռիվների ժամանակ նա գրեթե միշտ ապավինում էր Խաչակիրներին ու Լատինական թագավորություններին, որոնք հիմնվել էին Անտիոքում, Ուրֆայում, Կիպրոսում և այլուր. իր կրոնով, առևտրական հարաբերություններով ու պալատական սովորություններով և, հատկապես, արքունական տան ընտանեկան կապերով միշտ կապված Արևմուտքի ժողովուրդներին: Այն իր անկախությունն ի վերջո, կորցրեց, թուրք-մահմեդական արշավանքների ալիքից։
Մենք չենք պնդի, որ «Սիրիա» եզրույթը երբեք չի եղել քաղաքական արտահայտություն, և որ Սիրիայի թագավորություն չի եղել։ Սելևկյանների թագավորությունը, որը հիմնել է Ալեքսանդրի զորավարներից մեկը՝ Սելևկոսը, հույն էր և բնավ չուներ սիրիական ազգային բնավորություն: Այսօր Կիլիկիայի պատմության նոր փուլն է սկսվում, այն առավելությամբ, որ ժողովուրդը, որն իր նոր հայրենիքը պիտի հիմնի հինավուրց ավերակների վրա, նորեկ չէ, այլ նու՛յն այն ժողովուրդն է, որն այնտեղ դարեդար բնակվել է, պայքարել ու տառապել, և որը պահանջում է իր Նախնիների Հողին տիրանալու իր իրավու՛նքը:
Նրա այդ պահանջն այսօրվանից չէ, այլ դեռևս ա՛յն օրվանից, երբ նա պարտվել ու հպատակեցվել է: Չմոռանանք, որ Կիլիկիան, ինչպես և առհասարակ ողջ Հայկական բարձրավանդակը, երբե՛ք չի եղել լիովին ենթարկված թուրքական տիրապետությանը։ Մինչև 19-րդ դարի կեսը Հայկական փոքր խմբերը մնացին իրենց լեռների իրական տերերը՝ օսմանյան տիրապետության դեմ հավերժ պայքարով ընդդիմանալով:
Զինված Զեյթունցիներ
Այսպես, վերջին հիսուն տարիների ընթացքում Զեյթունի շրջանի պատմությունը եղել է ճնշող լծի դեմ ապստամբությունների երկար շարք: Զեյթունցիները 1860 թվականին կռվել են Խուրշիդ-փաշայի 12.000 զինվորների դեմ, 1862 թվականին՝ Ազիզ-փաշայի 35 հազարանոց կանոնավոր ու անկանոն բանակի դեմ: 1896-ին՝ Էդհեմ-փաշայի 40.000 հոգանոց բանակի դեմ։ Եվ, չնայած այս ամենին, մինչև Մեծ պատերազմի սկիզբը Զեյթունը երբե՛ք ամբողջությամբ չի ենթարկվել: Նա միշտ մարմնավորել է Հայաստանի կենդանի բողոքն ընդդեմ թուրքական լծի, ինչպես նույնն արեցին Սասունցիները՝ Տավրոսի լեռների մի այլ մասում: Չմոռանանք, որ Կիլիկիայում, ինչպես և ամբողջ Հայաստանում, թուրքական կառավարության կողմից պարբերաբար կազմակերպված ջարդերի միակ նպատակն էր արյան մեջ խեղդել Հայության այս բողոքը և բնաջնջել ողջ Հայ ազգը, որը, գիտակցելով իր իրավունքն ու իր վաստակը, համառորեն ձգտում էր անկախության։
Սիս (Քոզան)
Կիլիկիայում մեր աշխարհիկ իրավունքների ևս մեկ պահապան կա՝ Կիլիկիո կաթողիկոսությունը, որը դարերի արյունոտ խժդժությունների ընթացքում, ուներ և դեռևս ունի իր նստավայրը Սիսի ավերակների թագավորական պալատում և սպասում է Հայաստանի կառավարության ժամանմանը՝ դրանք նրանց հանձնելու համար՝ կես միլիոնի հասնող նահատակված բնակչության վերապրածների հետ:
Սիս (լուսանկարված մոտ 1920 թվականին)
Բնակչության տարբեր տարրերի հարաբերակցությունը Կիլիկյան չորս սանջակներում, պատերազմից առաջ նույնն էին, ինչ ողջ Հայկական բարձրավանդակում: Երկրի հիմնական բնակչությունը կազմված է երեք տարրերից՝ Հայերը, որոնց թիվը ավելի քան 200.000 է, թուրքերը՝ 78.000, թուրքմեններն ու քոչվոր քրդերը՝ շուրջ 60.000: Մյուս բնակչությունները երկրորդական են՝ 15.000 արաբ և շուրջ 20.000 սիրիացի քրիստոնյա՝ ընդհանուր կես միլիոնից։ Հայաստանի այս բնակչությունը (Հայեր, թուրքեր, քրդեր) բոլորովին տարբերվում է Փոքր Ասիայի բնակչությունից, որի հիմնական տարրերն են թուրքերն ու հույները, և Հյուսիսային Սիրիայից, որտեղ գերակշռող տարրերը արաբներն են, թուրքն ու քուրդը: Արաբներն ու քրիստոնյա սիրիացիները միասին՝ Քրդական լեռների ու Ամանուսի հյուսիսում, հազիվ բնակչության 7%-ն են կազմում. նույնը՝ չորս սանջակներում, և անմիջական հարակից կազաներում: Մինչդեռ այդ լեռներից 1 կամ 2 կիլոմետր հարավ՝ արդեն արաբական տարրը կեսից ավելին է կազմում: Ասվածից հետևելով կարող ենք ասել, որ Ամանուսը և Քրդական լեռները կազմում են ա՛յն բնական պատնեշը, ուր շատ հստակ ավարտվել է Սիրիան և սկսել Հայաստանը: Անկախ այս պատմական, աշխարհագրական և վիճակագրական կապերից, դրանցից բխող այլ պայմաններ են ամուր կապում Կիլիկյան չորս սանջակները Հայաստանի այլ մասերին:
Կոռիկոս
Առաջին հերթին դրանք զգացմունքային նկատառումներն են. մեր վերջին թագավորների նստավայրը՝ մեր վանքերի ու բերդերի ավերակներով ծածկված Հողը՝ մեր անկախությամբ ու մեր դիմադրությամբ նվազած բերդերով, Կիլիկիան մինչ օրս մնում է Հայերի փառաբանման ու քնքշանքի առարկան: Ոչի՛նչ չի կարող խզել նման կապերը. ազգերը ենթարկվում են երբեմն նման խզումների, բայց երբե՛ք չեն հանձնվում: Բացի դա, զգացմունքին գումարվում է նաև Միջերկրածովյան ափամերձ այս գոտին իր Հայկական ներքնաշխարհին ամեն գնով կցելու տնտեսական անհրաժեշտությունը: Իր առևտրի ու արդյունաբերական զարգացման համար մայրցամաքային ընդարձակ վանդակը դեպի ծով ա՛յլ ելքի անհրաժեշտություն ունի: Հայաստանն անջատելով այս ծոցից, կտրվում են նրա տնտեսական զարկերակները ու խեղդվում է նրա արտադրող ուժը:
Կա նաև ոչ պակաս կարևոր՝ բարոյական գործոնը. Հայերն աշխատասեր են, ակտիվ, արդյունավետ, բայց խրված են իրենց շրջապատող ճակատագրական ճնշման մեջ: Նրանք արիական ազգ են, քրիստոնյա, սակայն՝ խեղդված թուրք-մահմեդական ծովում։ Իր մտքով նա արևմտյան է, բայց ապրում է թուրքի հետ շարունակական կապի մեջ, Թարթառների հետ, այսինքն՝ ամենահետամնաց Արևելքի հետ։ Սա, թերևս, Հայ ժողովրդի վիճակի ամենաողբերգական կողմն է, և հասկանում ենք, որ Հայաստանը ձգտում է իր հոգու ողջ ուժով սերտորեն կապված լինել արևմտյան աշխարհի հետ և անհապաղ ու արագ կապ ունենալ Արևմուտքի հետ:
Այստեղից էլ՝ նրա անհաղթելի ձգտումը դեպի Միջերկրական ծովի լազուրը, որի շնորհի՛վ միայն նա կարող է ազատվել իր ասիական բանտարկությունից: Այս ելքը նրա առջև փակելը կնշանակի նրան հետ մղել դեպի թուրք-մահմեդական աշխարհ, որի բարքերին այլևս չի ուզում ենթարկվել, և որի դեմ նա ստիպված կլինի պայքարել այնքա՛ն ժամանակ, մինչև Միջերկրական ծով տանող այս դուռն իր համար բաց լինի: Հավելենք, որ Հայերը չեն հավակնում Կիլիկիայում Ադանայի ողջ վիլայեթին։ Մերսինից արևմուտք՝ Իտչիլի շրջանը, ուր Հայկական տարրը հազվադեպ է, կարող է անջատվել»:
«Սեփական պատմութի՛ւնն է մեր իմաստուն խորհրդականը, մեր Ոգու դայեակը»,- հիշեցնում էր Նժդեհը, համոզված, որ դժվարին ժամանակներում ազգի պատմության՝ «ցեղակրոնության խոսքը» կհնչի որպես «կազդուրիչ կանչ»՝ հուսաբեկների համար դառնալով սպեղանի: Քանզի Հայրենիքը՝ «Հայրենի Հողը լինելուց զատ … Միությու՛նն է նաև նրանց, որոնք ապրել են, որոնք կապրեն և որոնք պիտ ապրեն»… Եվ, վկայակոչելով մեր Պատմությունը, նշում, որ «ժողովուրդը Հաղթել է, երբ կռվում արթու՛ն է եղել Ցեղի Ոգին»…
Ափսոսելով, որ «Իզուր անցան Ալիշանի ու Րաֆֆիի, Ահարոնեանի ու Վարուժանի եւ այլոց դիւցազնաշունչ ցեղականչերը», հայրենասիրությամբ ու հայրենապաշտությամբ Հայորդիների հոգիներում «ջահ բարձրացնելով»՝ «Հոգևոր զրահով» «անխորտակելի ժայռի» վերածելո՛վ է նա տեսնում իր ազգի՝ «գոյության կռվում չկորչելու» ուղին… Իսկ այդ հզոր «Հոգևոր կրաշաղախը» մեր Պատմությունն ու Մշակույթն են, հազարամյակներով իմաստնացած մեր ավանդույթներն ու ազգային արժեքները…
Նախնիների հետ կապը՝ «հաղորդակցությունը» պահպանելու ձև ու միջոց են անհիշելի ժամանակներից եկող ազգային տոներն ու ծեսերը, որոնք, ի հեճուկս 1700 տարի առաջ պարտադրված նոր կրոնի, որոշ ձևափոխումներով պահպանվեցին ու հասան մեր օրերը:
13-րդ դարի սկզբին՝ Հայկազուն Արևորդիներին ուղղված մի ուղերձում, Հայկազուն Քրմերից մեկն իր պատգամն էր հղում Հայորդիներին, հիշեցնելով մեր Նախահայրերի ավանդույթներին հավատարիմ մնալու կարևորությունն ու անհրաժեշտությունը: Ահավասիկ, հիշյալ պատգամը՝ տվյալ ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների ներկայացմամբ՝ Քուրմ Հարութ Առաքելյանի փոխանցմամբ:
«Եկեղեցու կողմից ահավոր հարկեր էին սահմանվել գյուղացիների վրա, ու շատ ծանր իրավիճակում էր հայտնվել ժողովուրդը: Գյուղացիների մեծամասնությունը՝ գոյատևելու նպատակով, փորձում էր դառնալ վանական և, բնակվելով վանքերում, օգտվել գյուղացիներից գանձված «բարիքներից»:
Սուտը, խաբեբայությունն ու երեսպաշտությունը դարձել էր համատարած արժեք, գյուղերը դատարկվում էին տղամարդկանցից, որովհետև վանքերում ընդունվում էին արական սեռի ներկայացուցիչները, հետևաբար, բազմաթիվ արտաքին վտանգներին դիմադրել չկարողանալով, երկիրը հնազանդվում էր ցանկացած արտաքին բռնակալի քմահաճույքներին: Ու այդ կարգը պահպանում և բիրտ ուժով պաշտպանում էր եկեղեցին՝ դառնալով արտաքին բռնակալների հարկահավաք ինստիտուտը:
Քուրմ Հմայակ Հավատարը նամակ է հղում «Սիսական նահանգի» և «Եղեգնեաց Ձորի» Հայկազուն Արեւորդիներին.
«Պատգամ Արեւորդեաց»
«Այս բանն եմ ասում եւ վկայում մեր Սրբազան Նախնիներով. դուք այլեւս չընթանա՛ք այնպէս, ինչպէս որ քրիստոնեաներն են ընթանում իրենց մտքի ունայնութեամբ. նրանց մտքերը մթագնուած են, եւ իրենք օտարացած են Հայկական Դիցերին ու իրենց Նախնիներին՝ իրենց մէջ եղած տգիտութեան պատճառով, որն իրենց սրտի կուրութեան հետեւանքն է։ Նրանք իրենց կապը կտրեցին Հայկական արմատների հետ եւ ագահութեամբ անձնատուր եղան հանցանքի եւ ամէն տեսակ նենգ գործերի։ Բայց դուք այսպէս չսովորեցիք մեր Նահապետ Հայկից ու Սրբազան Արքա Քրմապետերից: Հեռո՛ւ վանեցէք ձեզնից այլադաւներին ու ազգադաւներին, մի՛ ապրեք նրանց կենցաղով, այն, որ ապականուած է խաբեբայութեամբ: Նորոգուեցէ՛ք ձեր մտքով, խոսքով ու գործով ու ամուր կրեցէ՛ք Հայկի դաւանանքը, որ ստեղծուած է ըստ Սուրբ Դիցաց՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ։
Ուստի, դէ՛ն գցեցէք ստախօսութիւնն ու այլադաւութիւնը. իւրաքանչիւրը թող իր բարեկամին ասի ճշմարտութիւնը Հայկ Հաւատար Նահապետի մասին, որովհետեւ մի ընտանիքի անդամներ ենք, մի Նահապետի զարմեր, որով էլ կոչւում ենք Հայկազուններ։
Համախմբուեցէ՛ք ձեզ առաջնորդող Քրմերի և Մոգպետերի շուրջ, մինչեւ այն երանելի օրը, որ կրկին մեր գլխին ունենանք Հայ Քրմապետ Արքայի պսակը»: 🔥
Հայրենիքի նկատմամբ սերն անքակտելիորեն կապված է մայրենի լեզվի, պատմության ու մշակույթի իմացության հետ: Նաև՝ պայմանավորված՝ Հայրենիքի ծնած զավակների պատվիրաններին հաղորդակից լինելով, ու դրանք կյանքի կոչելով:
«Ազնվացրո՛ւ լեզուդ, խոսքդ, իսկ այդ անելու համար, նախ ազնվացրո՛ւ մտավոր կյանքդ»,- հորդորում է Նժդեհը՝ հիշեցնելով, որ «լեզուն մարդու բարոյական կերպարն է»:
Մեծ Հայորդու մտքի անհուն գանձարանից պեղված տողերն այսօր մեզ համար հնչում են որպես անհետաձգելի հրամայական, քանզի՝ «Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից» (Նժդեհ): Եվ, սնամեջ ու անիմաստ հրապարակումներով ողողված՝ ներկայիս լրատվական դաշտում մեր ազգը վեհացնող, պայքարի մղող իր զորավոր Խոսքն է հղում հանճարեղ Զորավարը: Ու իր անվեհեր Ոգու վճռականությամբ պատվիրում «Կյանքից ավելի ուժեղ սիրել մեր Հայրենի Հողը», նշելով, որ պատմական որոշ պահերի «Բռնավորից ավելի՝ ստրու՛կն է զզվելի», և որ՝ «Գիտակից ստրուկի և հանցագործի մեջ չկա տարբերություն»…
Հայաստանում գրեթե երեք տասնամյակ տևող իրադարձությունները՝ քաղաքական ասպարեզում հայտնված՝ ճարտասանական արվեստից հեռու և մեր ազգային արժեքներին անհաղորդ «գործիչներով», հիշեցնում են մարքսիստական բնորոշմամբ մեզ մատուցված «հեղափոխական իրադրությունը»՝ երբ բնակչությունն այլևս չի հանդուրժում նախկին ապրելակերպը և ղեկավարությունն էլ ընդունակ չէ հավուր պատշաճի կառավարելու: Երրորդ պայմանը, որը շեշտվել էր հետագայում՝ «աշխատավորների բարձր քաղաքական ակտիվությունն է», նրանց պատրաստակամությունը՝ հեղափոխական գործողություններին իրենց վճռորոշ գործունեությամբ մասնակցելու և նրա հաղթանակին նպաստելու համար…
Փոփոխություններ են անհրաժեշտ՝ հանուն մեր ազգային մտածողության, հանուն հազարամյակներ շարունակ մեզ ավանդված արժեքների պահպանման:
Փոփոխություններից բխող «անորոշությունը» շատերին մղում է «անգործության»: Կրավորական կեցվածքով հեռվից իրադարձություններին հետևողները՝ սպասողական դրության մեջ, հստակ չեն կողմնորոշվում ու չեն գործում: Գիտակցաբար ընտրված փոփոխությունը յուրաքանչյուրի ներաշխարհի՛ց է սկիզբ առնում:
Հայորդիների ներաշխարհի փոփոխությամբ կփոխվի նաև մեր Հայրենիքին պարտադրված իրադարձությունների հանդեպ նրա վերաբերմունքը:
«Ավելի լավ է սկզբից փոփոխության ձեռքը բռնել, քան հետո՝ նա մեր կոկորդից բռնի»,- ժամանակին հիշեցնում էր Վ. Չերչիլը:
Սեփական պատմությանն անծանոթ, անհաղորդ լինելը մեծ հանցանք, ուրացում համարելով, Նժդեհն անհողդողդ կրկնում է. «Ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ որ մի մարմինն առանց հոգու»:
Դիլդիլյան, Տեր Հարությունյան և Նակքաշյան ընտանիքների վերջին խմբակային դիմանկարը՝ Սամսունում, ցեղասպանությունից հետո վերապրածներով: Արմեն Մարսուբյանի մայրը՝ Ալիս Մարսուբյանը (ծնված՝ Դիլդիլյան)՝ նստած է առջևում՝ հատակին: 1922 թվականի վերջին արված այս լուսանկարը նշանավորեց օսմանյան Թուրքիայում Դիլդիլյանների լուսանկարչական աշխատանքի ավարտը:
2015 թվականի նոյեմբերի 4-22-ին Անկարայի Չանքայա շրջանում բացվել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների մի ցուցահանդես՝ «Վկայություններ մի Հայ ընտանիքի կորսված անցյալի մասին» խորագրով՝ հարուցելով ոմանց զայրույթն ու բողոքը:
Այդ հավաքածուի մի մասի՝ Երևանում ցուցադրության բացման առիթով Ջորջ Ջերջյանն այն անվանել էր «պատուհան, հայելի և արտացոլանք», հավելելով՝ «Եվ ես խնդրում եմ, որ լուսանկարներին նայելիս ուշադի՛ր լինեք դրանցում պատկերված մարդկանց՝ ձե՛զ նայող աչքերին»…
Լուսանկարչությունը, արվեստ լինելուց բացի, հուշերի պահպանման հիանալի միջոց է: Լուսանկարների շնորհիվ ու, հատկապես, նկարի, պատկերի արտահայտչական ուժով ու ներգործությամբ, հառնում են հիշարժան դրվագներ անցյալից, մասնավորապես՝ կարևոր իրադարձություններից: Եվ, քանի որ լավ է մեկ անգամ տեսնել, քան՝ հարյուր անգամ լսել, թերթենք մի Հայ ընտանիքի պատմության որոշ էջեր, որոնք, մեր ազգակիցներից շատերի ճակատագրի նման, ձգվում են մինչև Ֆրանսիա ու հեռավոր Ամերիկայի ափեր:
19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին՝ Հայ ազգի բազմահազարամյա պատմության ողբերգական շրջանը փաստող լուսանկարների շարքում նաև բազմաթիվ Հայորդիների կյանքի պատկերները կան՝ կենցաղային իրավիճակներում կամ տոնախմբությունների պահին: Պատմական, ազգագրական ու վավերագրական արժեք ունեցող այդ «խոսուն» պատկերներն այսօր մեզ համար անգնահատելի դեր ունեն ու, միաժամանակ, հիանալի միջոց են՝ վերականգնելու, գնահատելու տվյալ ժամանակաշրջանում մեր ազգի կյանքը:
Դիլդիլյանների պատմությունն իրենց հուշերում հավերժացրած ընտանիքի երեք անդամները՝ Ցոլակ Դիլդիլյանը՝ ձախում, Արամը՝ հետևում կանգնած և իրենց քույրը՝ Հայկանուշ Տեր Հարությունյանը՝ աջում
Երևանում՝ Ցեղասպանության թանգարանին որոշ լուսանկարների նվիրատվության առիթով, անդրադառնալով իր տոհմի ավագներից իրեն ժառանգված արժեքավոր ու հարուստ արխիվին, ուր իր Նախնիների լուսանկարչական հավաքածուից բացի նաև նրանց հուշերն են, հայերեն ու անգլերեն թղթակցությունները, ձայնագրություններն ու ընտանիքի անդամների բազմաթիվ լուսանկարները, Ցոլակ Դիլդիլյանի թոռը՝ Կոնեկտիկուտի համալսարանի պրոֆեսոր, ամերիկաբնակ Արմեն Մարսուբյանն ասել է. «Պապս ու նրա եղբայրն իրենց կյանքի վերջում ինձ հանձնեցին այդ արխիվը, և ես նրանց խոստացա այդ ամենի մասին լսելի դարձնել ո՛չ միայն Հայերին, այլև՝ թուրքերին»:
Ահազանգելով մոտալուտ ոչնչացման վտանգի առաջ կանգնած Հայ մշակույթի խնդիրը, մտահոգված Հայ ազգի հավաքական հիշողության պահպանման անհրաժեշտությամբ, Դիլդիլյան տոհմի՝ մեր ժամանակակից ժառանգներից մեկը՝ ԱՄՆ-ում բնակվող Արմեն Ցոլակ Մարսուբյանը հավաքել ու հրատարակել է իր գերդաստանին ու Հայ իրականության կորսված պատառիկները ներկայացնող ավելի քան 600 լուսանկար, որոնք արվել են 1888-1922 թվականներին՝ Արևմտյան Հայաստանում և 1923-1980 թվականներին՝ Հունաստանում ու ԱՄՆ-ում, աշխարհին հիշեցնելով Հայերի հանդեպ գործած ցեղասպանության արհավիրքներն ու նրա հետևանքները:
Նրա ներկայացրած հավաքածուի հիման վրա վերջին տարիներին ցուցահանդեսներ են բացվել Հայաստանում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում: 2017 թվականին լույս է տեսել այդ լուսանկարներն ամփոփող գիրքը՝ «Վերստին կերպավորելով կորսված Հայ օջախը. Դիլդիլյանների լուսանկարների հավաքածու» վերնագրով:
Արմեն Ցոլակ Մարսուբյան
Եվ հեղինակը պատմում է. «Պապս Մերսիվանի (Մարզվանի, Սեբաստիայի նահանգում, Կ.Ա.) Անադոլու քոլեջի նկարիչն էր: 1915-ի օգոստոսն էր, բոլոր Հայերը բռնագաղթեցվում էին: Մերսիվանի մի ոստիկանական ծառայող, գալով պապիս մոտ, առաջարկում է կրոնափոխ լինել: Կրոնափոխության առաջարկը Մերսիվանի միայն 307 բնակչի է արվել, որոնք, բոլորն էլ, ճանաչված արհեստավորներ են եղել: Ինչպես, օրինակ, պապս Մերսիվանի միակ լուսանկարիչն էր: Նա սկզբում մերժել էր կրոնափոխության առաջարկը, ինչպես մնացած 307 հոգուց շատերը, որոնք նախընտրել էին գաղթի ճանապարհը: Երբ պարզ դարձավ, որ ամերիկացի միսիոներները այլևս չեն կարող պաշտպանել Անադոլու քոլեջի Հայերին ու փրկվելու համար հենց հաջորդ օրը պետք էր փախչել Մերսիվանից, պապս, հաշվի առնելով, որ իր և իր քրոջ ընտանիքում 5-ական երեխաներ կան, ու այդ պայմաններում փախուստը շատ վտանգավոր կլինի, հաջորդ առավոտյան գնաց կառավառական շենք ու հայտնեց իր ընտանիքի կրոնափոխ լինելու մասին և վերցրեց նրանց թուրքական անունները»…
«Ցոլակ Դիլդիլյանը գաղթից կարողացավ փրկել միայն Մերսիվանում գտնվող իր եղբորն ու քրոջը ` իրենց երեխաներով, իսկ Սվասում, Տրապիզոնում և Սամսունում գտնվող բոլոր Դիլդիլյանները գաղթի ճանապարհին մահացան»:
«Երբ Մերսիվան հասան Թուրքիան օկուպացրած անգլիական զորքերը, նրանք հայտարարեցին, որ ցանկացողները կարող են վերադառնալ իրենց հին ինքնությանը: Պապս, լինելով կարդացած մարդ, խորությամբ էր զգում իր ինքնությունը: Սակայն պապիս ընտանիքի վերադարձը Հայկական ինքնությանը և կրոնին, Մերսիվանում որոշ մարդկանց զայրացրեց: Նրա մի քանի թուրք մտերիմները նրան զգուշացրեցին վտանգի մասին և խորհուրդ տվեցին լքել Մերսիվանը:
Ցոլակ Դիլդիլյանի զարմիկ Սմբատը
1920 թվականին Ցոլակ Դիլդիլյանը մեկնեց Սամսուն: Այնտեղ նրա զարմիկ Սմբատը, որը զոհվել էր գաղթի ճանապարհին, լուսանկարչական ստուդիա ուներ, և նա այդ ստուդիան աշխատեցնելով կարող էր նոր ապագա կառուցել Սամսունում: Նրա ընտանիքը դեռ շարունակում էր մնալ Մերսիվանում, երբ այնտեղ է հասնում Թոփալ Օսմանը: Ցոլակի ընտանիքը ճամբարում պատսպարվելով է միայն կարողանում փրկվել Օսմանի ձեռքից: 1921թվականին ողջ ընտանիքը գաղթում է Սամսուն:
Սակայն 1922 թվականի նոյեմբեր ամսին Սամսունի ղեկավարությունը նրանցից պահանջեց կարճ ժամանակում լքել երկիրը՝ պատճառաբանելով, որ եթե ուզում են բացահայտ Հայ մնալ՝ պետք է լքեն երկիրը: Մինչ այդ, նրանք, չնայած դեռ ընթացող պատերազմին, փորձում էին կարգավորել իրենց կյանքը Սամսունում՝ զբաղվելով ոչ միայն վերոնշյալ լուսանկարչական ստուդիայով, այլև կոտորածներից ու գաղթից ողջ մնացած երեխաներին որբանոցում տեղավորելով:
Մարզվանի Անատոլիա վարժարանի սաները՝ 1904 թվականին: Սմբատ Դիլդիլյանը՝ ներկապնակը ձեռքին, հետագայում ղեկավարել է Dildilian Brothers Art Photographers-ի մասնաճյուղը Սամսունում՝ Սև ծովի ափին: Նա և իր ընտանիքը զոհվել են 1915 թվականին
Հունական կառավարությունը խոստացել էր երկու նավ ուղարկել քաղաքի երկու՝ հայկական և հունական որբանոցների երեխաներին տեղափոխելու համար: Սակայն հույները միայն մի նավ են կարողանում ուղարկել, և, որբերի հետ մի կերպ տեղավորվելով, Դիլդիլյան ընտանիքը ևս կարողանում է լքել Սամսունը: Գաղթյալ ընտանիքի անդամների ճանապարհները բաժանվում են Հունաստանում՝ Ցոլակը ընտանիքով մեկնում է Ֆրանսիա, իսկ ընտանիքի մնացած մասը՝ ԱՄՆ»:
1907 թվականին Սվազում (Սեբաստիայում) ծնված Արա Դիլդիլյանը՝ ցեղասպանությունից հետո հայտնվելով ԱՄՆ-ում՝ դարձավ 25 արտոնագրված գյուտի հեղինակ և հավաքեց հանքապարների (միներալների) բացառիկ հավաքածու, որը հետագայում նվիրեց Երևանի Երկրաբանական թանգարանին:
Արևմտյան Հայաստանում ու Փոքր Ասիայի տարբեր բնակավայրերում՝ Տրապիզոնից մինչև Կոնիայի նահանգում կատարված լուսանկարներում Դիլդիլյան ընտանիքը մեր ազգի պատմության մի էջն է հավերժացրել:
Հ.գ. Պատմական Փոքր Հայքում՝ Սեբաստիայի նահանգի Մարզվան քաղաքում (Մարզիֆոն), Հայերն զբաղվում էին պղնձագործությամբ ու մանածագործությամբ, տարածված էր բամբակեղեն գործվածքների առևտուրը…
Ստորև՝ մի խոսուն լուսանկար՝ Դիլդիլյան ընտանիքի անդամներով…
1910 թվականին Մարզվանում արված լուսանկար՝ Դիլդիլյան ընտանիքի անդամներով՝ մանածագործության տարբեր փուլերի տեսարաններով՝ հյուսքը, մանելը, ներկելը…
«ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
«Դարի կողոպուտը» հեղինակ՝ Անահիտ Աստոյան
Դարեր շարունակ Հայորդիք պայքարել են իրենց անկախության, պետականության վերականգնման, օսմանյան ու ռուսական կայսրությունների տիրապետությունից Հայաստանի ազատագրման, Հայկական Լեռնաշխարհում, Հայոց Բնօրրանում Հայ ազգի համախմբմամբ հզոր Հայրենիքի վերակերտման համար:
Ու դեռևս 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, «Արևելյան հարցի» բաղկացուցիչ մասն էր «Հայկական հարցը», որից ձերբազատվելու նպատակով տարբեր միջոցներ էին կիրառվում օսմանյան կայսրությունում՝ պարբերաբար թուլացնելով, քայքայելով Հայերին նյութապես ու տնտեսապես, ենթարկելով ջարդերի ու կոտորածների… Սակայն, չնայած կրկնվող բռնություններին, կողոպուտներին, Հայոց հողերի և ունեցվածքի բռնագրավմանը, Հայերն առաջնակարգ տեղ ունեին օսմանյան կայսրության տնտեսության մեջ:
Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայերի տնտեսական հզոր գործունեության մասին տեղեկություններ են պահպանվել ժամանակի բազմաթիվ հայկական, նաև՝ օտար աղբյուրներում:
1917 թվականի հունիսի 12-ին՝ Հայոց ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար Փաշայի կողմից Ֆրանսիայի արտգործնախարարությանը ներկայացրած «հուշագրում» նշվում էր, որ Հայերի ձեռքում էր կենտրոնացած ներմուծվող ապրանքների առևտրի 60%-ը, արտահանվող ապրանքների առևտրի 40%-ը և ներքին առևտրի ավելի քան 80%-ը: Հայկական վեց վիլայեթներում (Կարին, Վան, Բաղեշ, Տիգրանակերտ, Խարբերդ, Սեբաստիա) Հայերի ձեռքում էր առևտրի, արդյունաբերության ճյուղերի ու զանազան արհեստների 69-86% -ը: Հայկական բոլոր դպրոցները համայնքների կատարյալ հոգածության ներքո էին ու երկրի դպրոցների ընդհանուր թվի ավելի քան 80%-ն էին կազմում:
1920 թվականին հոկտեմբերի 16-ին Նյու-Յորքում լույս տեսնող «Կոչնակ Հայաստանի» թերթի մի հոդվածում («Կացութիւնը Պրուսայի մէջ»), նշվում է, որ մինչև 1915 թվականը Բուրսայում ու շրջակայքում գոյություն ունեցող՝ մետաքսի 50 արտադրությունից 40-ը Հայերին էին պատկանում: Հայ և օտար աղբյուրներից հայտնի է նաև, որ Կարինի՝ ավելի քան 3000 խանութների 2/3-ը Հայերինն էր, կամ՝ որ «Ամենահարուստ վաճառականները Փոքր Ասիայի ներքին քաղաքներում Հայեր են» (համաձայն Մ. Վրոչենկոյի, 1835 թվական)…
Օսմանյան կայսրությունում 1915-ի ցեղասպանության հետևանքով Հայերի կրած նյութական կորուստների մասին հազվագյուտ ուսումնասիրություններից է Անահիտ Աստոյանի՝ «Դարի կողոպուտը. Հայերի ունեզրկումը օսմանյան կայսրությունում, 1914-1923 թթ.» ուշագրավ ու բացառիկ կարևորության աշխատությունը՝ հրատարակված Երևանում՝ 2013 թվականին: Գրքում մեկտեղված պատմական անժխտելի փաստերով, արխիվային վավերագրերով, հայկական, թուրքական ու օտար աղբյուրների վկայություններով, մամուլի հրապարակումներով հերթական անգամ հաստատվում են Հայկական ունեցվածքի ծրագրված կողոպուտն ու յուրացումը թուրքական իշխանությունների և այլոց կողմից: Ահավասիկ որոշ հատվածներ՝ հիշյալ գրքից.
«Օսմանյան կայսրությունում ապրող քրիստոնյա հպատակներից իրենց թվաքանակով, դիմացկունությամբ և ունակություններով աչքի էին ընկնում և առաջնակարգ դիրք էին գրավում Հայերը: Նրանց ձեռքում է կենտրոնացած երկրի տնտեսության կարևոր ասպարեզները՝ արհեստները, առևտուրն ու արդյունաբերությունը: Նրանք են օսմանյան կայսրության գլխավոր հարկատուները: Դրանով հանդերձ, Հայերն օսմանյան իշխանությունների և մահմեդական բնակչության զոհն են: Հալածանքներով և սպանդով օսմանյան իշխանություններին հաջողվում է ջլատել Հայ ժողովրդի ուժերը, իսկ մահմեդական բնակչությունը, օգտվելով ստեղծված իրավիճակից, շարունակաբար սրով ու հրով ոչնչացնում է Հայերին և թալանում նրանց ունեցվածքը» (մեջբերումը՝ իտալացի պատմաբան ու գրող Գուգլիելմո Ֆերրերոյի՝ «Միլիտարիզմ» գրքից):
«Անգլիացի դիվանագետ Պիրսը համիդյան կոտորածների դրդապատճառներից ամենակարևորը համարում էր այն հանգամանքը, որ Հայերը կարողացել են իրենց ձեռքում կենտրոնացնել երկրի տնտեսական կարևոր լծակները և տնտեսության զարգացման գործում հանդես են եկել առաջամարտիկների դերում»:
Որոշ լուսանկարներ՝ նշված գրքից
«Թուրքիայում իտալահպատակների պաշտպանության հանձնակատար Տալյանին Իտալիայի արտաքին գործերի նախարար Սոննինոյին Կոստանդնուպոլսից 1915 թվականի հոկտեմբերի 31-ի հեռագրում հայտնում էր. «Տեղահանված Հայերի ունեցվածքը հանձնվում է դատարկված պետական գանձարանին, բայց, առավել հաճախ, դրանք լրացնում են թուրք պաշտոնյաների մասնավոր ունեցվածքը»: Յոհաննես Լեփսիուսը հայտնում էր հետևյալ ամփոփիչ տեսակետը. «Այսպիսի մեծ չափերի հասնող ավազակությունը, որն իր նմանը չունի պատմության մեջ, կարելի է պատկերացնել միայն թուրքական իրավակարգում»: Մեկ այլ գրքում Յոհաննես Լեփսիուսը արձանագրում է. «Աքսորյալները պարտավոր էին իրենց ամբողջ ունեցվածքը, տները, հողամասը, ընտանի կենդանիները, տնային և գյուղատնտեսական գործիքները թողնել տեղում: Տեղահանումը միաժամանակ Հայ ժողովրդի ունեցվածքի բռնագրավումն էր»: Ավելին, ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն գրում է. «Տարագրումի ճշմարիտ նպատակն էր գողությունը և քանդումը, անիկա իրապէս բնաջնջումի նոր մեթոտ մըն էր: Երբ օսմանեան իշխանութիւնք հրաման տուին այս տարագրութեանց, անոնք պարզապէս վճիռը արձակած եղան ամբողջ ցեղի մը մահուան. այդ իշխանութիւնները շատ աղէկ կը հասկնային այս բանը, եւ մեր խոսակցութիւններուն մէջ չէին ջանար ծածկել զայն»: «Ֆրիտյոֆ Նանսենը Հայերի կրած նյութական կորուստների մասին իր «Խաբված ժողովուրդ» գրքում գրում էր. «Թուրքական իշխանությունները ոչ միայն տեղահանեցին և կոտորեցին հուսահատ մարդկանց հոծ բազմություններ, այլև սեփականացրին նրանց ողջ ունեցվածքը, որի արժեքը հասնում է միլիարդների»:
Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց մեծ եղեռնի հետևանքով Հայերի կրած նյութական կորուստը կազմում է այնպիսի աստղաբաշխական թիվ, որը մարդկային ուղեղը, թերևս, ի զորու չէ հաշվարկել: Հաշվարկը դժվարանում է նաև այն պատճառով, որ ճշգրիտ հայտնի չէ արևմտահայության ունեցվածքի չափը: Ահա Կարնո Հայության ունեցվածքի կողոպուտի մասին մի վկայություն. «Գաղթականութեան շրջանին միայն յայտնուեցաւ Կարնոյ Հայութեան նիւթական հարստութեան չափը, զարմանք պատճառելով բոլորին: Հարստութեան մը, որուն մէկ փոքր մասը եթէ գործածուէր ինքնապաշտպանութեան գործին, կըրնար հրաշքներ գործել եւ փոխել Բարձր Հայքի եւ շրջակայ գաւառներու Հայութեան ճակատագիրը: Բռնագաղթը միայն դուրս թափեց պահուած եւ յաճախ ուրացուած այդ հարստութիւնները: Տասնեակ հազարաւոր հակեր լեցուեցան Ս. Աստուածածին եկեղեցին, Ամերիկեան հաստատութիւնները ու բարեկամ ու հաւատարիմ կարծուած թուրքերու տուները, վաճառատուները, հազարաւոր եզի սայլեր եւ գրաստներ քաղաքէն դուրս բերին Կարնեցի Հայերու տան անհրաժեշտ պիտոյքները միայն եւ թանկագին կտորները, ինչպէս նաեւ հնչուն հարստութեան մէկ մասը: Անհաւատալի չափերով ոսկի դուրս եյաւ, թէ՛ որպէս «չէք» եւ թէ՛ որպէս դրամ, պահուած ընտանիքներու բոլոր անդամներուն վրայ կամ իրեղէններուն խորքը: Այս իրեղէնները եւ ոսկիները Կարինէն՝ Բաբերդ, Երզնկա, Քէմախ, Ակն, Արաբկիր, Մալաթիա, Ատիեաման, Ուրֆա, Սուրուճ, եւ իր շրջակայ գիւղերը, մինչեւ Հալէպ կողոպտուեցան, ծախսուեցան, ու տրուեցին թուրքին ու քիւրդին՝ որպէս կաշառ ու փրկագին: Այս բոլորին որպէս արդիւնք հարիւրաւոր ընտանիքներու կիներն ու աղջիկները, ինչպէս նաև մաս մը այր մարդիկ եւ պատանիներ ազատուեցան ու հասան Ուրֆա, Սուրուճ, Հալէպ եւ Մուսուլ. կրցան ճողոպրիլ մահէն, ու հասան 1918 թուի զինադադարին, որպէս ականատես վկաներ այն անմարդկային ու զազիր ոճիրներուն եւ ցեղասպանութեան, որ կատարեց թուրք կառավարութիւնը պաշտօնապէս ու վայրագութեամբ, ոճրապարտ ոստիկան զինուորներու արիւնարբու թուրք ու քիւրտ չեթեներու եւ խուժանի միջոցով»:
«Հայերի հարստությանը տիրացան ոչ միայն թուրքական կառավարությունը, երկրի թուրք, քուրդ, չերքեզ բնակչությունը, այլև՝ օտարները: Այդ մասին վկայություններ են պահպանվել Մուդրուսի զինադադարից հետո Հայ մամուլում եղած հրապարակումներում»…
Արդի քաղաքական վճռորոշ իրադարձությունների փուլում Հայերի ցեղասպանության ճանաչումն ու նրա պատճառած վնասի հնարավորինս փոխհատուցումը՝ զոհերի ժառանգներին, ողջ Հայ ազգին, Հայոց Հայրենիքի զգալի մասի վերադարձը՝ օսմանյան կայսրության իրավաժառանգորդ Թուրքիայի Հանրապետության դեմ դատական հայցի պատրաստումն է թելադրում:
«ԳԴԱԿԴ՝ ԲԱՐՁՐ, ԳՈՏԻԴ՝ ԼԱՅՆ ԿԱՊԱԾ», Ա՛ԶԳ ԻՄ ՓԱՌԱՊԱՆԾ…
Վաղնջական ժամանակներից ի վեր, հագուստը երկակի բնույթ ուներ: Պաշտպանական դերից բացի, խորհրդանշական հարուստ իմաստ էր այն կրում՝ իր տարբեր դրվագներով, գույնով, զարդամոտիվներով… Մինչ օրս զանազան համազգեստների զուտ արտաքին տեսքից ու տարբերանշաններից զանազանվում են մասնագիտական աստիճանները (ինչպես, օրինակ, զինվորականների մոտ):
Աշխարհի տարբեր ժողովուրդների տարազները և, նրանցից շատ առաջ, մարմնի վրա դաջվածքներն ու զարդերը, իրենց մոտիվներով, զարդանախշերով, գեղագիտական նշանակությունից առավել, ծիսական, պաշտպանական իմաստ ու դեր ունեն:
Ցեղային պատկանելության, սոցիալական աստիճանի, տարիքային ցուցիչից բացի, նաև՝ պահպանակի (չարխափան) դեր ուներ և կտածումը՝ մարմնի վրա դաջվածքների սովորույթը, որը պահպանվել է մինչև մեր օրերը բազմաթիվ ազգերի մոտ: Գարեգին Սրվանձտյանը հետաքրքիր դիտարկում է թողել Տիգրանակերտ քաղաքից, նշելով, որ այս քաղաքում «դաս-դաս կանայք, մեծաւ մասամբ, և արք ունեին նկարներ իրենց ճակատոց, երեսաց, բազկաց վրա», ու այդ սովորույթը շատ հին ժամանակներից է գալիս:
Վաղնջական շրջանից հայտնի քանդակների, բրոնզեդարյան զանազան գոտիների վրա զարդանախշերով հարուստ դրվագներ կան (Մեծամորից ու Հայկական Լեռնաշխարհի այլ տարածքներից հայտնաբերված արժեքավոր նմուշներ ունենք): Աշխարհիկ ու հոգևոր դասի հագուստներն իրենց զարդանախշերով (թիկնոց, պատմուճան, պարեգոտ, խույր), ժողովրդական տարազն իր զարդամոտիվներով, հիմնականում մարդու իրավական, սոցիալական կարգավիճակին բնորոշ, սեռի, տարիքի որոշակի խմբի պատկանելությունն էր ցուցում՝ գլխի հարդարանքով, գոտիով, գոգնոցով…
Կարինցի կնոջ տարազ. Նկարիչ՝ Արշակ Ֆետվաճյան (1866-1947)
Տարազի առանձին մասերն իրենց ծիսական դերն ունեին, հետևաբար, զարդանախշերի իմաստով փոխկապակցված էին: Օրինակ, տղամարդկանց շապիկի օձիքի, կրծքի հատվածի, ձեռքերի, կողային բացվածքներն ու եզրերը, քղանցքը զարդանախշելու նպատակը մարմնի տվյալ հատվածը պահպանելը, անխոցելի դարձնելն էր (շապիկը, ինչպես և գոտին, գլխարկն, ընդհանրապես, նույնացվում էին այն կրողի մարմնի հետ. այդ դերն առկա է ծիսական որոշ՝ հարսանեկան, բժշկական արարողություններում…):
Կանանց հագուստում կիրառվող «դոշը» կամ «սրտանոցը» խորհրդանշական իմաստով՝ կերակրող մոր «կաթը» պահպանելն էր: Կնոջ, հատկապես՝ նորահարսի շապկի քղանցքն ասեղնագործվում էր՝ որպես բեղմնավորումն ապահովելու յուրօրինակ պահպանակ: Հայոց ազգային տարազի գլխավոր բաղկացուցիչներից էին գոտին՝ տղամարդկանց ու կանանց համար, և գոգնոցը՝ ի նշան աղջիկների տարիքային հասունացման, հարսնության նախապատրաստման, հետագայում՝ բեղմնավորման, ապագա պտուղի պահպանման իմաստով:
Ինչպես ծեսերում, ծիսական հանդերձանքում, այնպես էլ տարազում, գոտին, իբրև մոգական շրջանակ, պահպանակի նշանակություն ուներ, որը կրողին պաշտպանում էր ոչ միայն թշնամու զենքից, այլև «չար ուժերից»: Հայոց մոտ որոշ շրջաններում (Տուրուբերան, Վասպուրական, Փոքր Հայք), տղամարդկանց հագուստի անքակտելի մաս կազմող գոտին նաև գրպանի դեր ուներ. նրա ծալքերում պահվում էին ծխախոտի քսակը, ծխամորճը, հրահանը, զենքը… Գոտիները լինում էին նաև մետաքսի կտորից կամ բրդի թելից հյուսած լայն ու շուրջ 3-4 մետր երկարությամբ, միագույն կամ նախշազարդ շալերի տեսքով, որոնք ըստ լայնքի՝ մի քանի տակ ծալված փաթաթում էին գոտկատեղին։ Գոտեկապը՝ խոնջանակապը, գույնզգույն թելերից հյուսված, ծայրերին ուլունքաշար ծոպավոր հանգույցներով, արական ուժի ու զորության կրողն էր: Թագավորներն ու այլ բարձրաստիճան անձինք կրել են շքեղակերտ, ադամանդակուռ գոտիներ։
Ծեսերում գոտու կապելն ու արձակելը՝ տղամարդկանց ու կանանց մոտ՝ առանձնահատուկ իմաստ ու խորհուրդ ունի: Գոտին այն կրող տղամարդու ուժն ու կենսունակությունն է խորհրդանշում: Կնոջ համար՝ գոտին հարսնանալու խորհուրդն ուներ. հարսանեկան ծեսի կարևոր դրվագներից մեկն է հարսին գոտի կապելը, որը խորհրդանշում է ամուսնական կապի մեջ մտնելու առաջին քայլը, իսկ գոտին արձակելը՝ հարսանեկան ծիսակատարության ավարտն է նշանավորում (ինչպես նարոտը քանդելը՝ ամուսնական հարաբերության մեջ մտնելու իրավունքը):
Սոցիալական ու տարիքային փոփոխությունները պայմանավորում էին նաև կանանց գլխի հարդարանքը: Աղջկա, ամուսնացած կնոջ, այրի կնոջ գլխի հարդարանքները տարբերվում էին իրենց կառուցվածքով, զարդանախշերով ու գույնով: Կանանց գլխի հարդարանքին հատուկ կարևորություն էր տրվում Սյունիքում, ուր այն համարվում էր տան բարեկեցությունն ապահովող, տունն ու ընտանիքը հաստատուն պահող խորհրդանիշ: «Աղջկա գլխի հարդարանքը կնոջ գլխի հարդարանքով փոխարինելու արարողությունը Սյունիք-Արցախում կոչվում է «գլöխը կապել», որտեղից էլ՝ «գլուխը կապած»՝ նշանել, նշանված» (մեջբերումը՝ Արմենուհի Ստեփանյան «Հայ ժողովրդական տարազի զարդանախշերը»՝ «Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ. 22, էջ 22, Երևան, 2007թ.):
Հայոց լեզվում բազմաթիվ արտահայտություններ կան՝ հագուստի տարբեր տարրերի խորհրդանշական իմաստի շուրջ, ինչպես, օրինակ, «Գլխին գդակ դնել»՝ տղամարդու կոչմանն արժանանալ, կամ, բացասական առումով՝ «Գդակդ քեզ հարամ ըլի», «Գոտին լայն կապել»՝ շռայլ, բարեկեցիկ կյանք վարել… «Գդակը բարձր դնել»՝ ազնիվ, համարձակ, ինքնավստահ, պարզերես լինել: «Գոտին ձգել»՝ սակավապետ լինել, նվազ միջոցներով ապրել: «Գոտկից կախ ընկնել»՝ աղաչել, թախանձել…
Գրիգոր Խանջյանի նկարազարդումներից՝ «Սասունցիների պարը»
Գլխարկը՝ գդակը, ինչպես թագը կամ գոտին, տղամարդու իշխանությանն ու արժանապատվությանն էր զուգորդվում: Գդակը գցելը կամ գոտուց զրկելը համազոր էր պատվազուրկ լինելուն: Միտումնավոր գլխարկը ցած գցելը կարող էր վրեժխնդրության ու արյունահեղության պատճառ դառնալ: «Ռամկի մեջ առհասարակ,- գրում է Րաֆֆին,- գդակը գլխի, կամ անձնավորության նշանակություն ունի»:
Մարդու կենսագործունեության, արարման համար կարևորագույն նշանակություն ունեն ձեռքերը: Ուստի՝ առանձնահատուկ իմաստ ունեն նաև նրանց դերն ընդգծող «Թևք-թեզանիքներն»՝ իրենց զարդանախշմամբ (հնագույն շրջանից ի վեր, ծիսական հանդերձանքի կարևոր տարրերից էին բազպանները): Հայոց ազգային տարազի զարդանախշերն՝ իրենց բազմազանությամբ, ընդհանրություն ունեն կիրառական արվեստի զանազան բնագավառներում հանդիպող նմուշների հետ, որոնք, սերնդեսերունդ փոխանցվելով, հարատևել են մինչև մեր օրերը:
Հ.գ. Վերջում՝ մի փոքրիկ այցելություն՝ Հայաստանի Պատմության թանգարան՝ հիանալու համար Հայոց ազգային տարազի հիասքանչ որոշ նմուշներով…
ՄՈՆԹԵՆ՝ «ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ»
1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում ծնված Մոնթե Մելքոնյանը, բազմաթիվ երկրներում զանազան ծածկանուններով «դեգերումներից» հետո, 1993 թվականի հունիսի 12-ին Հավերժության ճամփան բռնեց Արցախի խրոխտ լեռներում՝ որպես քաջարի «Հրամանատար Ավո»:
Դժվարին պահերին՝ իր ազգակիցների կողքին, Բեյրութում անցկացրած իր տարիների մասին հետագայում գրեց. «Թերևս զարմանալի է, որ ողջ մնացի»…
«Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի Ազատության Զինվորն է»։ «Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին Հաղթանակ է»: Առաջնորդվելով «Մարդը պետք է անդադար սովորի» սկզբունքով (իր իսկ ձևակերպմամբ), ռազմական գործի հմուտ զորավար Մոնթեն Արևելյան մշակույթի քաջ գիտակ էր նաև: Տիրապետում էր հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, թուրքերեն, արաբերեն, պարսկերեն, քրդերեն, ճապոներեն լեզուներին: Մեկ ու կես տարի ուսանել էր ճապոնական Օսակա քաղաքի վարժարանում, ուսումնասիրել ճապոնական մշակույթը, հաճախել ճապոներեն լեզվի դասընթացների, եղել Կորեայում, աշակերտել բուդդայական վանականի մոտ, գիտեր արևելյան մարտարվեստների հնարքները…
Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի չորս տարվա դասընթացներն ավարտելուց հետո ստացել էր կրկնակի տիտղոս՝ «Հնագիտության և ասիական պատմության մասնագետի» վկայականներ։ 1978 թվականին պաշտպանած նրա ավարտական թեզը Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանն էր նվիրված, հետազոտել ու չափագրել էր Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող՝ Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները (Բիայնական շրջանից՝ որմնախորշերով մի դամբարան էլ հայտնաբերվել է 1984 թվականին՝ Երևանում՝ Արշակունյաց պողոտայի մոտ, «Ավտոագրեգատ» գործարանի տարածքում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ, որը հետագայում պեղվեց: Գաղտնարաններից հայտնաբերված հարուստ նյութերի շարքում կային բրոնզե կապարճի բեկորներ, երկաթե սուր, թաս, օձագլուխ ապարանջաններ, դանակ, սափորներ, Արևմտան Հայաստանի տարածքից հայտնաբերված՝ համանման տարբեր գոտիներ)…
«Ուրարտական ժայռափոր դամբարանները. նկարագրություն և վերլուծություն» վերնագրված իր ուսումնասիրությունից՝ որոշ հատվածներ՝ ահավասիկ:
«Ուրարտական դամբարանները սփռված են Ուրարտուի զբաղեցրած տարածքով մեկ: Բազմաթիվ նմանություններով հանդերձ՝ այդ դամբարանները՝ իրենց ձևերով, չափերով ու հարդարանքով հաճախ տարբերվում են միմյանցից: Մեծ թվով վիթխարակերտ դամբարաններ են հայտնաբերված Վանում: Այդ դամբարանները փորված են Վանի վիթխարի ժայռի մեջ. մի ժայռ, որի վրա էլ հենց գտնվում է մ.թ.ա. 9-րդ դարում հիմնադրված հզոր միջնաբերդը:
Ըստ երևույթին, Վանի ժայռի անմատչելի դիրքն էր պատճառը, որ հենց այստեղ հիմնվեց երկրի մայրաքաղաքը՝ Տուշպան: Ամրոցն այնքան լավ էր պաշտպանված, որ ասուրական ոչ մի բանակ այն գրավել չկարողացավ: Վանի ժայռի մեջ պատրաստված են ութ տարբեր ժայռափոր կառույցներ: Ժայռի հարավ-արևմտյան կողմում են գտնվում հայտնի Խորխորյան քարայրները («Արգիշթի Առաջինի սենյակները»), որոնք բաղկացած են ժայռափոր, միմյանց հետ չհաղորդակցվող երկու ընդարձակ համալիրներից և ավելի փոքր մի քարայրից, որի եզրից երևում է անհանգիստ Վանա լճի ափեզերքը: Այս քարայրի մոտ գտնվում են մի դատարկ որմնախորշ և Խորխորյան տարեգրության սեպագիր սյունակներից ութը: Հաջորդը Խորխորյան առավել խոշոր քարայրն է, որի մուտքը եզերված է հիշյալ արձանագրությունով»…
Վանի Միջնաբերդից մի տեսարան
«Ուրարտական գրեթե բոլոր դղյակներն ու ամրոցները կառուցված են հեշտ պաշտպանելի վայրերում, սովորաբար՝ բարձունքների վրա, որոնք ինքնին, իրենց ունեցած աշխարհագրական առանձնահատկության շնորհիվ, կարևոր էին ռազմավարական առումով: Սակայն ոչ միայն ամրոցներն ու դղյակներն էին կառուցվում անառիկ վայրերում. հաճախ դժվարամատչելի դիրքեր էին ընտրվում և դամբարանների կառուցման համար: Չնայած վերևից իջնող աստիճանաշարի առկայությանը՝ դժվարամատչելի էին և Վանի ժայռի վրա եղած դամբարանները, եթե փորձ կատարվեր նրանց մոտենալու ստորոտից: Կայալի դերեի մուտքն էլ անհասանելի բարձրության վրա է գտնվել:
Դամբարանային համալիր՝ Վանի Միջնաբերդում (1973 թվականի լուսանկար)
Դամբարանների մուտքերը, ինչպես տեսանք, ամուր փակված էին լինում: Դամբարաններն իրենք հաճախ խնամքով քողարկվել են, մասնավորապես, Ալթին-թեփեում, թերևս նաև այդ նպատակով, դամբարանների վրա կերտվել են վերնակառույցներ»:
«Մահը չի ճանաչում ո՛չ աշխարհագրական ու ժամանակագրական և ո՛չ էլ էթնիկական ու սոցիալական սահմաններ: Այդ խորհրդավոր երևույթը միշտ էլ եղել է փիլիսոփաների ու կրոնագետների խորհրդածության առարկան: Կան բազում տվյալներ այն մասին, որ նախապատմական հասարակություններում ևս գոյություն են ունեցել մահվան մասին որոշակի և երբեմն միմյանցից տարբեր պատկերացումներ, որոնք որոշակի ազդեցություն են թողել տվյալ հասարակության մշակութային կյանքի վրա: Գրեթե բոլոր կրոնական տեսություններում մահը չի դիտվում որպես գոյության լիակատար ավարտ. ենթադրվում է, որ գոյություն ունի հետմահու կյանք, մարդու հոգու կամ էության շարունակական գոյություն: Ըստ էության, կա ձգտում՝ մերժելու մահվան գոյությունն ամբողջապես:
Վանի Միջնաբերդի արքայական դամբարանները
Եվ հենց դա է պատճառներից մեկը, որ մարդ ձգտում է իր մասին հիշողությունը հավերժացնելու և կամ երկարաձգելու որոշակի գործունեությամբ, մասնավորապես՝ կառուցելով հսկայական ու վեհաշուք հուշակոթողներ»:
Մոնթեի խոսքերից՝ այսօր արդիական, ստորև նշված էջում…