Իմացությունը խավարից՝ տգիտությունից ձերբազատվելու ուղին է: Ճշմարտության որոնումը, ճշմարիտ իրականության ըմբռնումը հնագույն շրջանից ի վեր մարդու ճանաչողության հիմնախնդիրներից են: Այդ ընկալումներն են ձևավորում յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ազգի աշխարհայացքը:
«Յաւիտեան ուսո՛ զխրատ եւ զիմաստութիւն, Եւ տու՛ր մեզ զանազանել զճշմարտութիւնն ի կեղծեաց» (Բանք Քրմաց):
«Յաւիտեան Խրատ» Մատեանից՝ Քուրմ Միհր Հայկազունու մատուցմամբ, «ճշմարտությունը կեղծիքից զանազանելու» կարևորությունն են հիշեցնում մեզ մեր Նախնիք:
Հին աշխարհի մեծագույն մտածողներից՝ հույն իմաստասեր Պլատոնը (ն.թ.ա. 427-347թ.թ.) իր «Հանրապետություն» աշխատության մեջ երկխոսության տեսքով ներկայացված այլաբանական պատմությամբ անդրադառնում է մարդու կողմից իրականության ընկալմանը՝ պայմանավորված նրա գիտակցական մակարդակով:
Մանկուց խավար քարանձավում բանտարկված մարդկանց մի խումբ շղթայված-տեղակայված են այնպես, որ տեսնում են միայն քարանձավի պատին արտացոլված ստվերները, որոնք առաջանում են նրանց ետևում վառվող լույսի առջև՝ իրենց համար անտեսանելի անձանց տեղաշարժող առարկաներից:
Եվ այդ ստվերներն են նրանք ընկալում որպես իրականություն: Նրանցից մեկը, որը գիտակցական ավելի բարձր մակարդակի է հասնում (ինչպես հասարակության մեջ՝ իմաստասերները), փախչում է քարանձավից ու հայտնաբերում արտաքին աշխարհը՝ արևի լույսով ողողված: Ճառագայթների շլացնող լույսից նա դժվարությամբ է համակերպվում նոր իրականությանը, հասկանալով, թե որքան խեղաթյուրված էին մինչ այդ ճշմարտության մասին իր պատկերացումները: Այնուամենայնիվ, աստիճանաբար նա կարողանում է ընկալել աշխարհի իրական բնույթը և հասկանում, որ քարանձավում ստվերները միայն պատրանք են, ոչ թե իրականություն:
Իսկ բանտվածներն այդ աղճատված իրականությունն ընդունում են որպես ճշմարտություն:
Խավարից փախուստ տվածն այլաբանորեն ներկայացնում է բարձր գիտակցության հասած մարդուն՝ իմաստասերին, իմաստություն փնտրողին, որը գտել է աշխարհի մասին ավելի խորը ճշմարտություններ ու բացահայտել նախկինում ունեցած իր պատկերացումների սնանկությունը: Ըստ Պլատոնի, լուսավորված մարդու՝ փիլիսոփայի՝ իմաստասերի դերն է վերադառնա՛լ հասարակության մեջ ու կրթե՛լ — լուսավորե՛լ մյուսներին:
Սակայն բարձր գիտակցության հասած անհատի համար հեշտ չէ իր գաղափարներն ընկալելի դարձնել խավարում խարխափողներին (ինչպես քարանձավում փակվածներն են) ու նրանց նոր ճշմարտությունը մատուցել: Քանզի, անտեղյակ իրական, ավելի լավ կյանքի գոյությանը, քարանձավում շղթայվածները նախընտրում են մթության՝ տգիտության մեջ պահող իրենց կապանքները՝ չկամենալով ազատվել նրանցից:
Իրականության բնույթն ու մարդկանց կողմից երևույթների տարբեր ընկալումը՝ պայմանավորված նրանց գիտակցական մակարդակով, հակասություն են ծնում, ու նույնիսկ երբեմն ծաղրով են ընդունվում Լույս՝ Իմաստություն սփռողները՝ համարվելով «մերժելի գաղափարների կրող»:
Դժվար է հարցականի տակ դնել վաղուց ընդունված «ճշմարտությունը», ուստի՝ մարդիկ նախընտրում են իրենց քարանձավում պահող շղթաները, կեղծիքն ու պատրանքը… Ավելին՝ արևի շռայլ լույսից հետո խավար քարանձավի մթության մեջ լավ չտեսնող իմաստնացածին համարում են «կուրացած»…
«Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի Լույս, Ու գնում ենք մեր ճամփով»…(Հ. Թումանյան)
Ինչպես ծառն իր արմատներով է զորանում, այնպես էլ ազգն է իր Նախնիների կռած ուսմունքով, արժեհամակարգով ու սեփական աշխարհայացքով ձևավորում, կոփում իր ուրույն դեմքը, իմաստնանում՝ դիմակայելու համար կյանքի պարտադրած զանազան «ավերիչ փոթորիկներին», դառնալով այն ժայռը, որին բախվող ալիքները կորցնում են իրենց հուժկու թափն ու չքանում…
Դժվարությունները վստահորեն հաղթահարելու այդ կամքն ու ունակությունն էլ որոշում են մարդու իմացության, քաղաքակրթության աստիճանը:
Բնությանը համահունչ ու ներդաշնակ զարգացման հիմունքներով՝ առողջ ոգով ու առողջ մարմնով առաքինի սերունդների դաստիարակությունն էին կարևորում Հայկազունները՝ փառաբանելով Իմաստնությունը, Արդարությունը, Քաջությունը, Գեղեցկությունը, յուրաքանչյուր անհատի մեջ նրա լավագույն հատկությունները զարգացնելու կարողությունը…
«Կատարելությունն ընթացք է և ոչ՝ ի ծնէ: Եթե հրաժարվում ես ընթացքն ապրել՝ կատարելությունն էլ երբեք չի լինելու»… Հայկյան Սրբազան Իմաստության հնագույն մատյանից՝ «Յաւիտեան Խրատ»-ից հիշեցնում են մեզ Հայկյան Միաբանության Քրմերը՝ Քուրմ Միհր Հայկազունին և Քուրմ Հարութ Առաքելյանը:
«Կատարելությունն ընթացք է»…
Հայոց Նախահայրերի՝ Հայկյան Սրբազան ուսմունքի հիմունքներին, հիմնական գաղափարներին ծանոթացնելով՝ հազարամյակների խորքից եկող ճշմարտությունն են ուսուցանում Հայկազուն Քրմերը, դաստիարակելով բարձր առաքինությամբ, ազնվաբարո սերունդներ, նրանց զինելով անհրաժեշտ իմացությամբ ու կարողություններով՝ դժվարին իրավիճակները հնարավորինս հեշտությամբ, անխուճապ ու ինքնավստահ, անխռով իմաստությամբ ճշգրիտ կողմնորոշմամբ հաղթահարելու նպատակով: Քանզի դժվարությունները կոփում են Ոգին, ինչպես աշխատանքն է ամրացնում մարմինը:
Հնագույն իմաստությունը հիշեցնում է. «Միայն քամու հարձակումը դիմագրաված ծառն է իրապես կենսառույգ, քանզի հենց այդ պայքարու՛մ են փորձության ենթարկված նրա արմատներն ամրապնդվում»:
«Մենք գրքերի նման ենք: Մարդկանց մեծ մասը տեսնում է միայն կազմը, մի փոքր մասը կարդում է միայն նախաբանը, շատերը հավատում են քննադատությանը: Քչերն են միայն ծանոթանում բովանդակությանը»:
Էմիլ Զոլայի հիշյալ տողերն ենք մտաբերում՝ զանազան առիթներով Հայոց ազգային մշակույթը ոչ լիարժեք, հաճախ՝ խեղաթյուրված ներկայացնող հրապարակումները տեսնելով:
Հայկյան Սրբազան ուսմունքի, Արևապաշտության խորհրդի շուրջ մի փոքրիկ հարցազրույց՝ Քուրմ Միհր Հայկազունու հակիրճ մեկնաբանություններով՝ ստորև…
Պատմում են, որ միջնադարյան դղյակի մի թևում բանտարկված ու առավոտյան իր մահապատժին սպասող բանտարկյալին գիշերն այցելում է թագավորն ու հայտնում, որ նրան փրկության մի հնարավորություն է ընձեռում՝ եթե նա հաջողի գտնել միակ ելքն ու փախչել: Հակառակ դեպքում՝ լուսաբացին կիրականացնեն վճիռը:
Եվ նրա շղթաներն արձակելուց հետո հեռանում է թագավորը:
Բանտախցում իրականացված փնտրտուքների արդյունքում՝ գետնին փռված հնամաշ գորգի տակ թաքցված մի ծածկ-կափարիչ է հայտնաբերում բանտարկյալն ու, փրկության հույսով, այն բացում: Դեպի ստորգետնյա նկուղ տանող աստիճաններն էին այնտեղ, ու նա անվարան իջավ: Ներքևում մի այլ աստիճաններ էին՝ դեպի վերև մագլցող… Կրկին վեր բարձրանալով՝ նա զգաց դրսի քամու շունչն ու բաղձալի ազատության հույսով պարուրվեց, մինչև հասավ դղյակի աշտարակի վերնամասը՝ հայտնվելով այնքան բարձր, որ գետինը հազիվ էր նշմարվում:
Ոտքով հարվածեց պատին ու զգաց, որ ոտքի տակի քարը շարժվում է: Մի քանի փորձից հետո նկատեց, որ կարող է այն տեղաշարժել ու, քարը մի կողմ հրելով, մագլցելու հնարավորություն ընձեռող՝ բացված նեղ նկուղով սողալով առաջացավ: Շուտով ջրի ձայն լսվեց ու մի հույս ծնվեց, որ դեպի գետը տանող ելքն է գտել: Սակայն միայն երկաթե ճաղերով փակված պատուհան նա գտավ, որից այն կողմ գետն էր երևում…
Այստեղ ու այնտեղ, տարբեր անկյուններում ողջ գիշեր ազատման ելքն ապարդյուն փնտրելուց հետո, ի վերջո, արևը ծագեց ու պատուհանից ներս թափանցած ճառագայթը լուսավորեց իրեն կրկին այցելած թագավորի դեմքը:
— Ես քեզ դեռ այստե՛ղ եմ տեսնում,- դռան մոտից ասաց թագավորը:
-Ինչու՞ ինձ խաբեցիր, ո՜վ թագավոր,- հարցրեց բանտարկյալը:
-Ես քեզ հետ ազնիվ եմ եղել,- պատասխանեց թագավորը:
-Ես բանտախցի բոլոր անկյուններում փնտրեցի ու ո՛չ մի ճանապարհ առանց փորձարկման չթողեցի: Որտե՞ղ է քո նշած ելքը…
-Բանտախցի դուռը բա՛ց էր, փակ չէ՛ր,- պատասխանեց թագավորը…
Երբ որոշ խնդիրներ ստիպում են նվաստանալով ընկրկել կամ ապստամբելով հաղթանակել՝ ելքի, հանգուցալուծման ընտրությունը չի ուշանում…
Դժվարությունների պահին, անելանելի թվացող իրավիճակներում ընկճվելն ու հուսահատվելը երբեք պայմանների բարելավման գրավական չեն: Հաջողության են հասնում միայն աննկուն պայքարով, սթափ ու ըմբոստ ոգով մերժելով պարտադրվածը… Հատկապես, երբ հաճախ «դուռը բաց է»…
«ԱՆՀՆԱՐԻՆ Է ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼ. ՆԱ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է ԱՆԳԱՄ ԱՎԵՐՆԵՐԻ, ՓՈՇԻՆԵՐԻ, ԼՔՈՒՄԻ ՈՒ ԿՈՐԾԱՆՈՒՄԻ ՄԵՋ»…
Քրիստոնեության տարածումից հետո Հայաստանում ու այլ երկրներում հնագույն բազմաթիվ պաշտամունքավայրեր ոչնչացվեցին, որոշներն էլ՝ ձևափոխվեցին, անվանափոխվեցին՝ ծառայեցնելու համար նոր կրոնին:
«Արհեստականորեն շաղկապված» հեթանոսականն ու քրիստոնեականը, ինչպես դիպուկ ու հանճարեղորեն ի ցույց է դնում Ավետիս Ահարոնյանը՝ Իտալիայում իր շրջագայության արդյունքում, միմյանց «հակոտնյա ու անհարիր» են՝ «հակառակ կրոնական այս պատվաստի վարպետների ամբողջ եռանդին»: Ու նա ցավով նկարագրում է գեղեցկության բարձր ըմբռնմամբ «հեթանոս ու դասական ոգու» խաթարումը, «հինավուրց հիշատակարանների եղծանումը» «նոր կրոնի հավելվածներով»՝ անդրադառնալով Իտալիայում ստեղծված գեղարվեստի արժեքներին (ճարտարապետական կառույցներին, կոթողներին, քանդակներին, որմնանկարչությանն ու գեղանկար կտավներին)…
Ավետիս Ահարոնյանի «Իտալական էսքիզներ»-ից մի հատված՝ ստորև…
IX ՀԵԹԱՆՈՍ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀՌՈՄ
Հռոմի հրապարակներում եւ փողոցներում թափառելիս այցելուն, որ որոնում է հին հին յիշատակարանները, մերթ զարմանքով եւ մերթ տհաճութեամբ, գրեթէ ամէն քայլափոխում գտնում է հեթանոսութիւնն եւ քրիստոնէութիւնը բաղեղի պէս իրար փարած: Այս երկու՝ բարոյական եւ կրօնական ըմբռնումների խճողումը այնքան մեծ է, որ չգիտես, թէ ու՞ր է վերջանում հեթանոսութիւնը եւ ու՞ր է սկսւում քրիստոնէութիւնը:
Իր յաղթանակի առաջին տարիներին քրիստոնէական խաչը՝ կատագոմբներից դուրս գալով, իր կրած դարաւոր մարտիրոսութիւնից յետոյ մի տեսակ ժպտուն վրէժխնդրութեամբ թափանցել է ամէն տեղ, ուր մի օր իշխում էր հեթանոսութեան գեղեցկութիւնն ու փառքը: Նա բարձրացել է նոյն իսկ հեթանոս կայսրերի յաղթական սիւների վրայ եւ Եգիպտոսից փոխադրուած կոթողների կատարին, որոնք տակաւին զարդարում են Հռոմի հրապարակները:
Մարկոս Ավրելիոսի սյունը Հռոմում
Մարկոս Աւրելիոսի սիւնի կատարից ցած է բերուած առաքինի կայսեր արձանը, եւ դրա փոխարէն այսօր կանգնած է Ս. Պետրոսը, ինչպէս Տրոյանոսի սիւնի վրայ՝ Ս. Պօղոսը: Եւ երկու առաքեալների ոտների տակ, սիւների իրանների վրայ, երկու հզօր կայսրերի յաղթութեանց տեսարաններն են գալարւում բարէլիէֆների անվերջ շարաններով: Հակադրութիւնը՝ կատարի խաղաղասէր մարդոց եւ այս արիւնահեղ տեսարանների մէջ, չափազանց խիստ է: Եւ ամբողջ պատկերը դառնում է աններդաշնակ ու գրեթէ անիմաստ:
Խաչը մտել է եւ արիւնազանգ Կօլիզէն: Աստուածացած Օգոստոսի տաճարն եւս, որ իր կինը՝ Լէվին, կառուցել է ամուսնու մահից յետոյ, վերածուած է քրիստոնէական եկեղեցու: Անտոնինի եւ Ֆօսթինի տաճարը՝ սրբազան ճամբու վրայ, որ հիմնուած է 141 թվականին, նոյնպէս քրիստոնէական եկեղեցի է: Նոյնը, ինչպէս տեսանք, կատարուած է եւ Պանթէոնի գլխին: Այդ տեսակէտից ամենէն բնորոշը Սէնթ-Անժ կոչուած քաջածանօթ դղեակի պատմութիւնն է: Գուցէ Հռոմի ո՛չ մի յիշատակարանը այնպէս չի պատկերացնում գաղափարների, կրոնական ու բարոյական հասկացողութիւնների եւ դարերի շփոթը, ինչպէս այս դղեակը:
Նա եղել է փոխ առ փոխ հեթանոսական դամբարան, բերդ, բանտ եւ, վերջապէս, նուիրուել է հրեշտակապետին, եւ որի մէջ հեթանոսական մնացորդների հետ կանգուն են քրիստոնէական մատուռները:
Տիբեր գետի ափին բարձրանում է Հռոմի հնագոյն հեթանոսական մէկ տաճարը, դասական ճարտարապետութեամբ կառուցուած, քառակուսի մի շէնք՝ չորս կողմից զարդարուած իօնիական սքանչելի սիւներով, որ կոչւում է «Tempio Della Fortuna Virile», կառուցուած Քրիստոսից մէկ դար առաջ:
Հռոմ «Tempio Della Fortuna Virile»,
Միջին դարում հեթանոսական այդ տաճարը վերածեցին քրիստոնէական եկեղեցու՝ անուանելով «Եգիպտոսի Սուրբ Աստուածածին»: Յետագային Պիոս Ե պապը այն նուիրեց Հայերին: Անծանօթ է, թէ ի՛նչ պարագաներում վերջին ժամանակներում կառավարութիւնը վերցրեց Հայերից այդ շէնքը եւ վերածեց վերստին իր հեթանոսական վիճակին:
Շատ երկար կը լինի մի առ մի թուել բոլոր այն պատմական յիշատակարանները՝ հեթանոս օրերից հասած, որոնք զանազան առթիւ եւ զանազան դարերում քրիստոնէական պաշտամունքին են յատկացուել: Ճշմարիտ է, շատ յաճախ գեղասէր եւ գիտակից քահանայապետներ՝ փրկելու համար հեթանոսական յիշատակարանները, նրանց առել են խաչի հովանու տակ, ինչպէս, օրինակ, Կօլիզէն, որ երկար ժամանակ ծառայում էր որպէս քարահանք եւ նրանից այսօր ոչինչ չէր մնայ, եթէ այն նուիրուած չլինէր Քրիստոսի չարչարանքներին:
Հռոմի Կոլիզեումը
Միմիայն շնորհիւ խաչի նշանին դադարեց այս պատմական յիշատակարանի աւերածն ու կողոպուտը: Սակայն բազմաթիւ են եւ այն դէպքերը, երբ յաղթանակող քրիստոնէութեան եռանդուն պաշտօնեաները ճգնել են նոր կրօնի փառքին եւ զօրութեանը ծառայեցնել հեթանոսական յիշատակարանները: Եղած են եւ այնպիսիները, որոնք գուցէ եւ հետամտած են աւերն ու փոշիացումը այս կոթողների:
Այսպէս թէ այնպէս, հեթանոս յիշատակարանների այս քրիստոնէացումը բախւում է այցելուի գեղասիրական զգացմունքին: Հռոմի փողոցներն ու հրապարակները զարդարող այս յիշատակարաններն իրենց քրիստոնէական տարազով յաճախ խռովել են երկու դրութիւնները՝ հեթանոս ու քրիստոնեայ արուեստականօրէն իրար շաղկապուած, մնում են հակոտնեայ ու անյարիր, հակառակ կրօնական այս պատուաստի վարպետների ամբողջ եռանդին: Եւ միայն երեւակայութիւնն է չարչրկւում ներդաշնակութիւն փնտռելու իր ճիգերի մէջ եւ պատրանքը, որ արուեստի վայելքի լաւագոյն աղբիւրն է՝ պղտորւում է:
Այսպէս, Կեսարների յաղթական սիւների կատարներին կանգնած առաքեալների դիրքը, որքան եւ հրապուրիչ լինի հաւատացեալներին, երգիծանքի մի բան ունի իր մէջ, որ վիրաւորիչ է ե՛ւ հեթանոսի, ե՛ւ քրիստոնէի համար:
Հռոմի ազգային միւզէում (Museo nazionale) մարմարէ մի արձան տեսայ Հերմօֆրօդիտ, որ քանդակագործութեան արուեստի մի կատարելութիւն է: Երեսն ի վար, կիսաթեք քնած մի կին է՝ ձախ երեսը ձախ բազուկին դրած: Սիրուն խոպոպներով զարդարուն իր գլուխը, բարձր, կանացի պարանոցը, ձուաձեւ ու գրաւիչ դէմքը, նուրբ, բարեձեւ ու դալար իրանը, փարթամ ստինքները, հարուստ ու թրթռուն զիստերը, ոտքերի գեղանկար, աստիճանական էջքը, նուրբ ծնկների թեթեւ կորութիւնը, ամբողջ այդ նազանքով ու գեղով հարուստ մատաղ մարմինը կին է, անդիմադրելի հրապոյրներով, որ արուեստագէտը հասցրել է կախարդիչ կատարելութեան:
Եւ այս հզօր ու հրապուրիչ պատրանքը վայրկենապէս չքանում է, երբ նիրհող գեղեցկուհուն նայում ես արձանի հակառակ կողմից՝ այստեղ յստակօրէն աչքի է ընկնում իր առնականութեան լիակատար նշանը: Մատաղ ու փարթամ ստինքները եւ այս առնական օրգանը միեւնոյն կանացի մարմնի վրայ պարզապէս վանիչ է, նայում ես, ու հայեացքդ վիրաւորւում է, ներդաշնակութիւն ու սինթէզ փնտռող մեր հոգին ծառանում է այս գեղեցկութեան մէջ հիւսուած այլանդակութեան դէմ ու լուռ տառապում: Ու ուզէիր, որ այս երկու բնութիւններից մէկն ու մէկը չքանա՛ր, միւսի լիակատար պատկերը հանգստացնէր զգացմունքը ու երեւակայութեանը խռովքը. ակամայ դառնում ես արձանի շուրջը, աչքդ ես գոցում տեսածիդ որոշ մասերի վրայ. փնտռում ես սինթէզը, ներդաշնակութիւնը եւ թռչունի պէս, որ իր բոյնն աւեր է գտնում, ձգում ես — հեռանում անախորժ զգացմունքով՝ այդ գեղանի եւ միաժամանակ վանիչ պատկերից:
Չգիտեմ, ա՞յս է հետամտել արուեստագէտը այս արտառոց տեսարանը, այս գեղարուեստական շփոթը կերտելով:
Այսպէս է այն տպաւորութիւնը, որ մարդ ստանում է Հռոմի այն յիշատակարաններից, որոնց հեթանոս եւ դասական ոգին ու ճարտարապետութիւնը փորձել են խաթարել նոր ժամանակների եւ նոր կրօնի յաւելուածներով:
Հռոմի Պանթեոնը
Այս տեսակէտից մասնաւոր հետաքրքրութիւն ունի Պանթէոնը, որ, ինչպէս տեսանք, նոյնպէս վերածուած է քրիստոնէական եկեղեցու: Այս հեթանոսական յիշատակարանը ամենից աւելի յամառօրէն դիմադրել է քրիստոնէական բոլոր եղծանող ճիգերին ու անաղարտ պահպանել իր դասական ոգին, պատկերը եւ բնութիւնը: Նրա ճակատին տնկուած խաչը եւ փորագրուած «Santa — Maria -ad — Martyres» բառերը ոչինչ չեն խլում նրա դասական գեղեցկութիւնից ու հպարտութիւնից: Թւում է, թէ հեթանոս աստուածները, որպէս յետին միջնաբերդ, այս տաճարի մէջ են տակաւին եւ վճռել են պայքարիլ մինչեւ վերջը:
Պանթէոնի մէջ խաչը պարտուած է եւ ընկճւած: Քրիստոնէական դամբարաններն ու մատուռներն իսկ, որոնք շուրջանակի բռնում են նրա պատերը, միանգամայն անզօր են հեթանոս աստուածներին հալածել իրենց տաճարից: Եւ ցաւ ես զգում, որ Պանթէոնի դէմ շարունակւում է նոր օրերի եւ ոգու պայքարը: Ցաւ ես զգում եւ խաչի համար: Խաչը յաւիտենական խորհրդանիշն է բարձրագոյն առաքինութեան, այստեղ դարձել է գաղափարական հակառակորդ գեղեցկի: Եւ, սակայն, գեղեցիկը միաժամանակ եւ բարին է, ինչպէս սքանչելի կերպով սահմանել է Պլատոն: Հեթանոս թէ քրիստոնեայ դարերի արուեստ՝ միշտ էլ իր աստուածն ունի իր մէջ:
Անօգուտ է փորձել այնտեղ մի նոր գահ դնել: Ամէն մի գեղեցկութիւն, իւրաքանչիւր ներդաշնակութիւն ձեւերի, գոյների, ռիթմի ինքնին մի կրօն է, արդիւնք հոգու սքանչելի տքնութեան, որ գալիս է մաքրելու ու բարձրացնելու մեր ախտաւոր բնութիւնը: Խաչն այդ դէպքում միանգամայն աւելորդ բեռ է: Խաչի յաղթանա՞կն է այս: Բնաւ ոչ: Անհնարի՛ն է գեղեցկութեան վրայ յաղթանակ տանել. նա անպարտելի է անգամ աւերների, փոշիների, լքումի ու կործանումի մէջ:
Անհնարի՛ն է եղծանել միտքը, որ մի անգամ դրոշմուել է քարերի վրայ: Եւ յետոյ՝ անիրաւութիւն է եւ իմաստուն չէ մարդկային հոգու ալեծուփ ու անդադրում խռովքին չարչարանքներին ենթարկել հինաւուրց յիշատակարանները: Անիրաւութի՛ւն է դէպ անցած սերունդները: Մարդիկ էին, բանական ու հզօր, իրենց բարոյական, քաղաքական, հասարակական եւ, մանաւանդ, գեղեցկի ըմբռնումներով մեզանից տարբեր իրենց զգալու եւ խորհելու կարողութեամբ գուցէ եւ մեզնից խորը եւ անկեղծ, եւ ճաշակով՝ աւելի նուրբ ու հարուստ:
Եւ այդ մարդիկ եկան ու անցան իրենց հանճարի ու հոգու հետքը թողնելով քարերի վրայ՝ դարերին հաւատացած կտակի պէս: Խաչը սրանց վրայ բարձրացնելով ո՛չ հեթանոսը շահ ունի, ո՛չ քրիստոնեան եւ ո՛չ, մանաւանդ, յետնորդ սերունդները: Ազգային միւզէի Հերմոֆրոդիտի օրինակը կայ: Չգիտեմ ի՞նչ չափով է յաջողուել հեթանոս յիչատակարանները քրիստոնէացնել, բայց չափազանցութիւն չի լինի ասել, որ Հռոմը աշխարհի միակ քաղաքն է, ուր հակառակ տիեզերական եկեղեցու աթոռակալի ներկայութեան շնորհիւ վերածնութեան, քրիստոնէութիւնը հեթանոսացել է արուեստի մէջ եւ հեթանոսութիւնը՝ քրիստոնէացել: Եւ այս հրաշքը կատարել է ոչ թէ եկեղեցու մոլեռանդ պաշտօնեաների քրիստոնէական եռանդն ու կամքը, այլ սոսկ գեղեցկի սէ՛րը եւ բարձր արուեստի պաշտամու՛նքը:
Քրիստոնէութեան ու հեթանոսութեան պայքարը դադարում է այն օրից, երբ երկու նշանաւոր քահանայապետներ՝ Յուլիոս 2-րդ եւ Լեւոն, մի գեղասիրական եռանդով, որ նրանց դնում է Վերածնութեան խոշոր վարպետների կողքին, հեթանոսութիւնը եւ իր արուեստը բարձրացնում են փոշիների միջից եւ տաճարներու՛մ բազմեցնում: Այս երկու պապերի կատարածը դասական արուեստի յաղթանակի համար այնքա՜ն ապշեցուցիչ է, որ յաճախ չգիտես, թէ յանուն ինչի՞ են գործել նրանք, քրիստոնէութեա՞ն, թէ՞ հեթանոսութեան: Իրօք, ո՛չ մէկի եւ ո՛չ միւսի. այլ յանուն արուեստի՛, յանուն գեղեցկի՛, որի խորունկ պաշտամունքն ունին:
Երբ այցելում ես Հռոմի եկեղեցիներն ու միւզէները, հասկանում ես, որ Վերածնութիւնը արել է հեթանոս եւ քրիստոնեայ ըմբռնումների հաշտութիւնն ու ներդաշնակութիւնը արուեստի մէջ: Մի կողմից յունօ-հռոմէական դիցաբանութիւնն է, որ նիւթ է ծառայել քրիստոնեայ լաւագոյն վարպետներին մինչեւ մեր օրերը, եւ միւս կողմից՝ Աստուածաշնչից ու «Վարք սրբոցներից» քաղած արուեստի սիւժէները մշակուել են միանգամայն հեթանոս ոգով, յաճախ նոյն իսկ հեթանոս բացութեամբ: Նահատակ սրբուհիներ կան, որոնց մերկութիւնը ու մարմնի հրապոյրները շատ հեռու են հաւատի եւ ջերմեռանդութեան զգացումին ծառայելուց եւ աւելի յիշեցնում են դիցուհիների եւ յաւերժահարսերի պատկերները:
Հռոմ. Սիքստինի տաճարը
Այսպէս Սիքստինի տաճարի որմանկարների մէջ Միքէլ Անջէլօ բնականապէս զգուշացել է Վեներայի մերկութիւնը փռել աղօթքի տան պատերի վրայ. բայց իր Եւան ոչնչով տարբեր չէ ամենայանդուգն Վեներայից: Իհարկէ, աստուածաչնչեան դեկօրը պահպանուած: Չարի եւ բարւոյ գիտութեան ծառի վրայ փաթաթուած է նենգաւոր օձը, որ մարդկային գլուխ ունի եւ մեկնում է ճակատագրական պտուղը առաջին մարդուն. Բայց նայեւ, գուցէ, այդ մերկ կնոջը, որ թեք է ընկած մի կանաչ թփի, մէկ արմուկը իր մարմնի տակ ծալած երկուտակ եւ ազատ բազուկը երկարած դէպի մարդացած պտուղը: Երկրային ու փոթորկոտ սիրոյ, չեմ վարանի ասել եւ ստեղծագործիչ, պոռթկացող կրքի կատաղի զարթօնքն է այս տեսարանը:
Կինը արդէն իսկ թրթռացող մարմնի մերկութիւնն ու նազանքն ունի, մեղաւոր պտուղը քաղելու համար նա ոտքի ելնելու ոյժ չունի. կանաչների մէջ, այդ սքանչելի ծառի տակ կանգուն տղամարդի ոտքերի առջեւ փռել է իր մերկ մարմնի հրապոյրները այնպիսի բացերես փարթամութեամբ, որ մեր նախահայրը «բարին ու չարը» հասկանալու եւ մանաւանդ՝ զգալու համար, բնաւ պէտք չունի իր հերթին ձեռքը մեկնել դէպի ծառը եւ յաւիտենական երջանկութեան ու տառապանքի պտուղը քաղելու, ինչպէս պատկերացուած է որմանկարի վրայ. բաւական է, որ այդ հուժկու, ջլուտ, կեանքով ու արշալոյսներով լեցուն այդ սքանչելի տղամարդը իր ոտքերի առջեւ նայի, ուր պառկած է ամենէն սիրաբորբոք ու հեշտագրգիռ մերկութիւնը, որ երբ եւ իցէ կարող էր բացուել մի արուի առջեւ: Կնոջ դէմքի վրայ ասես խաղում է մի անհուն ժպիտ, եւ նա պտուղն ընդունում է վերից մի հանդարտութեամբ, որ ասես նա յաւիտենից գիտէր, որ այսպէս է լինելու եւ իրն է այդ կանգնած հսկան: Փարթամ ու մատաղ ստինքները եռում են վեր բարձրացած բազկի շարժումից, իրանը գալարուել է մեղմիւ. ոտքերը ծալած են իրար վրայ եւ հեշտանքի իր ձեւերը ճերմակ փրփուրի պէս ալիք առ ալիք ծփծփում են կանաչի վրայ՝ սպասելով խորհրդին:
Սիքստինի տաճարի որմնանկարներից
Կինը չի շտապում. նա իր հրապոյրների իմաստն ու զօրութիւնը գիտէ. նայեցէք սակայն ոտի դժբախտ Ադամին, հսկայ երեխան, որ ճիշդ երեխայի պէս է կախուել ծառի ճիւղից պտուղը քաղելու համար եւ քիչ է մնում իր ձախլիկ շարժումով ճիւղը կոտրի: Շտապում է…
Կրկնում եմ, ամբողջ այս պատկերը, որքան եւ բիբլիական լինի, դարձեալ համակ հեթանոսութիւն է, հին դիցաբանական սիրոյ մի տեսարան:
Հապա «Մարդու ստեղծագործութիւնը»՝ միշտ նոյն Սիքստինի տաճարում եւ Միքել Անջէլօի առնական գեղեցկութիւնը առաջին մարդու:
Միքելանջելոյի՝ «Մարդու արարումը»
Նոր-նոր աստուածային մտքի ծայրը դիպաւ քնած Ադամի ձախ ձեռի ցուցամատին, եւ երկնային մի զօրութեամբ ցնցուած, նա աչքերը բացեց, եւ ողջ մարմինը ձգձգուեց կեանքի ու ստեղծազործութեան համար: Իր հայեացքը շեշտակի ուղղուած իր արարիչ Աստծուն, տրտմութիւն ունի եւ կարծես լռելեայն հարցնում է՝ «Յետո՞յ…»:
Եւ այդ «յետոն» մենք տեսանք քիչ վերը, նախնական մեղքի տեսարանի մէջ: Այդ մեղքը, սակայն, հենց այստե՛ղ է, այս թեք ընկած տղամարդի մերկ մարմնի մէջ, որ համակ ջիլ է ու զօրութիւն: Նայելով այս շքեղ մարմնակազմին, այս առնական կուռ ու յորդահեղ ձեւերին, որոնց վրայ որդեծնութեան կնիքը կայ յստակօրէն, ակամայ խորհում ես, որ Աստուած կա՛մ կատակ է արել, կա՛մ միամիտ պատրանքի զոհ գնացել՝ հաւատալով, թէ այս պերճ տղամարդը յաւիտենական կուսութեան համար է ստեղծւում Եւայի յուռթի մերկութեան կողքին:
Միքէլ Անջէլօն իր հեթանոս հանճարով քրիստոնէական տաճարի մէջ սքանչելի կերպով հեգնել է աստուածային այս առարկելի միամտութիւնը: Թողնում եմ «Վերջին Դատաստանը»: Սիքստինի տաճարը հեթանոս ոգու եւ արուեստի մի խորան է, մարդկային անարգուած մարմնի սրբագործումն ու բարձրացումն քրիստոնէական պատուանդանի վրայ: Յիշատակեմ այս առթիւ եւ Միքէլ Անջէլօի մի ուրիշ գործը՝ Քրիստոսի արձանը, որ գտնւում է Միներւայի Ս. Մարիամ եկեղեցում (Chicsa Della Minerva):
Միքելանջելոյի՝ 1519-1520 թվականներին քանդակած՝ Քրիստոսի արձանը՝ Միներվայի եկեղեցում (Chicsa Della Minerva)
Տակաւին երբեք աստուածամարդը չէ ներկայացուած այդ աստիճան յանդուգն ձեւով մարդեղօրէն, որպէս այս արձանը: Խաչափայտը գրկած այդ տղամարդը գրեթէ ոչինչ ունի աստուածային՝ բացի իր աչքերը, ուր յաւիտենական ու անհուն մի բարութիւն է իշխում. մնացածը մարդ է եւ իսպառ մերկ. անգամ խաչուած Քրիստոսը միշտ մի քօղ ունի ծածկելու համար իր առնականութիւնը: Միքէլ Անջէլօ մարմնի ձեւերի իր յանդուգն պաշտամունքով դէն է շպրտել ամօթի այդ ծածկոյթը եւ Աստուծոյ որդին կանգնած է իր ամբողջ հասակով, ինչպէս լոգարանից նոր դուրս ելած մի բարեկազմ տղամարդ. եւ այս արձանը կանգնեցրած է մի եկեղեցում: Երբեք մի հեթանոս վարպետ աւելի համարձակ ու աւելի անկեղծ լինել չէր կարող:
Նոյնն է Ռաֆայէլը, որ Յուլիոս 2-րդ Պապի հրամանով ձեռնարկեց զարդարելու Վատիկանի սրահները, եւ որոնք յայտնի են այսօր «Stanza» անունով: Գեղեցիկ մարմինների հեթանոսօրէն գալարումները, նրանց ձեւերի անհուն հրապոյրները իր վրձինի գաղտնիքն է: Տաճար եւ խորան զարդարելիս նա չի փնտռում երկիւղածն ու սրբազանը. մի հատիկ սրբութիւն ունի արուեստը , որ հեթանոսօրէ՛ն փռում է ամենանուիրական վայրերում:
Ռաֆայել. «Բորգոյի հրդեհը» (1514-1517)
«Բօրգօի հրդեհը» Ռաֆայէլ երեւակայել է ասես սոսկ մարմինների բոլոր շքեղ գալարումները ցուցադրելու համար: Նայեցէ՛ք այս սարսափահար ու ծնկաչոք կանանց, իրենց գեղանի մարմնի հարուստ ձեւերին. այս շքեղ պատանին՝ 17-18 տարեկան մի Ապոլլոն, որ իսպառ մերկ քաշ է ընկած մի պատից վար ցատկելու համար. յունական կրկէսների խաղերին մասնակցող մի դասական տիպարը: Մի խումբ ուրիշ կանայք, որոնք ջուր են բերում հրդեհը մարելու համար, ամէնքը դուրս են քաշուած հին յունական յիչողութիւններից, դասական շարժուձեւ եւ պարզութիւն ունին. անգամ իրենց ջրամանները յունական են:
Ռաֆայէլի միւս որմանկարը՝ «Պառնասը», ինչպէս արդէն իր անունը ցոյց է տալիս, ամբողջապէս հեթանոսական ներշնչումի արդիւնք է:
Ռաֆայելի «Պառնասը» (1509-1511)
Ապոլլոն շրջապատուած մուսաներով, ապա բոլոր հին ու նոր բանաստեղծներ՝ Հոմերոսից սկսեայ մինչեւ Դանտէ , եւ Պետրարք: Մուսաների կեցուածքը, նրանց հանդարտ ու երազուն նազանքը Հելլադայի կապոյտ ու անուշ երկնքի տակ աստուածուհիներին պատչաճ վայելչութիւն եւ ներդաշնակութիւն ունի աստուածային լերան սրբութեան հետ: Եւ ճիշդը չգիտես՝ ինչ ժպտուն ու խոհուն վերյուշ, որ համակ հեթանոս է: Նոյնն է եւ «Աթէնքի Դպրոցը». հեթանոս մտածումի ոգու, ճաշակի մի պարարիչ հով, այնքան զուարթ ու կենդանարար: Վերածնութեան հեթանոսական արուեստը չի բաւականացել դիցաբանութեան սիւժէներով եւ այլաբանական պատկերներով. նա այնքան աւելի հեռու է գնացել, որ յաճախ քրիստոնէական տաճարներն այլեւս աղօթատան նման չեն՝ այլ պարզ միւզէների: Շատ վարպետների մադօննաներ, որոնցով մենք այսօր հիանում ենք, մեծ մասամբ արքաների, իշխանների եւ կամ նոյն իսկ պապերի հոմանիներ են եղած:
Ջուլիա Ֆարնեզ
Յայտնի է Ժիւլի Ֆարնէզ-ի գայթակղութիւնը. Ալեքսանդր Բորչիա Պապի հոմանին էր այս շիկահեր գեղեցկուհին, որին եւ նկարիչ Պինտուրիչչիօ իր մադօննայի համար իբր մօդէլ ընտրեց: Աւելի հետաքրքիրն այն է, որ այս կիսաշխարհիկ մադօնայի առջեւ նկարուած է եւ ինքը՝ պապը՝ ծնկաչոք աղօթելիս:
Պինտուրիչչին մինակ չէ. Ռաֆայէլի «Պառնասի» մէջ Սաֆոն ներկայացնող կինը յայտնի Կուրտիզան է. Լէօնարդօ-դա-Վինչին գրեթէ միշտ իր մադօննաների համար վերարտադրում էր թեթեւաբարոյ մի պարուհու՝ Սիսիլիա Գալլերանիի դիմագծերը: Կան բազմաթիւ ուրիշ օրինակներ: Տարիներ առաջ երկար թափառել եմ Ս. Պետրոսի տաճարի վիթխարի կամարների տակ. յիշում եմ, պատկերներն այնքան հարուստ, տպաւորութիւններն այնպէս բազմազան, որ նկարագրութիւնը դառնում է անհնարին: Ս. Պետրոսը արուեստի եւ պերճութեան մի ալեկոծ ծով է, որի իւրաքանչիւր ծփանքը իր խորհուրդն ու գործունէութիւնն ունի: Հաւատացեալ մարդկութիւնը դարեր շարունակ թաղել է այստեղ իր գանձերը, որպէսզի յաղթանակող ու տիեզերական եկեղեցու շուքն ու փառքը անգերազանցելի լինի:
Եւ ի՜նչ, քրիստոնէութեան այս կենտրունում այսօր իշխում է հեթանոս արուեստը, հեթանոս գեղեցկութիւնը: Կինը իր յաւիտենական կախարդանքը փռել է եւ այս սրբազան կամարների տակ: Մեծ պապերի շիրիմների վրայ այլաբանօրէն առաքինութիւններ ներկայացնող արձանները մեծ մասամբ կանացի են: Այսպէս, Պօլ 3-րդ Պապի սարկոֆագի ստորոտում երկու կանացի արձաններ ներկայացնում են «Զգուշաւորութիւն» եւ «Արդարադատութիւն»:
Պողոս 3-րդ պապի դամբարանը
Կան այնպիսիները նոյնիսկ, որ պատմութեան մէջ ծանօթ կանացի դէմքերին իրենց արտաքոյ կարգի գեղեցկութեամբ ու շուայտ կենցաղով, եւ յամենայն դէպս հեռու պիտի մնային որեւէ սրբավայրից, եւ սակայն վարպետները սրա՛նց են ընտրել՝ խորհրդանշանելու համար մարդկային բարձրագոյն առաքինութիւնները, որովհետեւ գեղեցի՛կ են: Յանցա՞նք է այս, սրբապղծութի՞ւն է…
Այսպէս խորհողներ շատ կան: Ըստ իս, սակայն, արուեստի միակ սահմանը եւ խորհուրդը գեղեցկութիւ՛նն է: Եւ նրա գաղտնիքն ու կախարդանքը շատ լաւ գիտէր Հելլադան, որի ծեր դատաւորներն իսկ շշմեցին մի օր Ֆրինայի աստուածային մերկութեան հրապոյրներից եւ խստասիրտ ու կոյր արդարադատութիւնը ստիպուած եղաւ աչքերը բանալ եւ իր ծանր սուսերը պատեանը դնել՝ շրթունքները կծոտելով:
Բարոյազուրկ, բայց գեղեցիկ կնոջ դիմագծերը Մադոննային տալով՝ արուեստագէտն իր հզօր վրձինով շորթում է բնութիւնից աստուածայինը եւ ստեղծում է կատարելատիպը իր երեւակայած աստուածամօր: Նա պէտք չունի հարցնելու, թէ իր փնտռած գեղեցկի ձեւերը հասնելուց առաջ ու՞ր են եղած եւ ինչի՞ ծառայած: Բրուտի համար միեւնոյն է, թէ իր կերտելիք ամանների կաւը ու՛մ ախտաւոր ոտների տակ է տրորուել. բաւական է, որ շաղախը պիտանի՛ լինի: Րընանի կարծիքով՝ կանացի գեղեցկութիւնը աստուածային պարգեւ է մեր մարդկային խեղճութիւնն սփոփելու համար, եւ այս պատճառով գեղեցիկ կինը պէտք չէ, որ իր բարձր, ազնուական հրապոյրները թագցնի աշխարհից:
Սակայն չշեղուենք մեր նիւթից: Ասացի, որ հեթանոս ու քրիստոնեայ Հռոմը իրար չեն փարած ինչպէս երկուորեակներ: Եթէ խաչը առաջին դարերի հաւատացեալների ջերմեռանդ կամքով հեթանոս տաճարները մտաւ, ապա վերածնութեան ժամանակ քրիստոնեայ աշխարհն ի՛նքը փնտռեց ու գտաւ հեթանոս միտքը ու արուեստը. կռացաւ ու երկիւղածութեամբ, որպէս մոռացուած ու անիրաւուած սրբութիւն, բարձրացրե՛ց փոշիների ու աւերակների միջից, իր տաճարները տարաւ եւ պաշտամունքի առարկա՛յ դարձրեց ու ծունկի եկաւ նրա առաջ:
Հեթանոսութեան այս յաղթանակը դադարած չէ. նա շարունակւում է մինչեւ մեր օրերը. նա իշխում է մեր բարքերին, մեր մտածումներին, մեր ճաշակին, մեր զգացմունքներին: Այսօր իսկ, երբ մենք յոգնում ենք մեր ժամանակների կրքոտ ու տենդոտ եռուզեռից, երբ մեքենաների խլացուցիչ որոտի տակ մեր հոգին է դալկանում, երբ գարշելի նիւթի զօրութիւնից մենք անապատում մոլորուածների պէս ծարաւում ենք յստակ ու վճիտ արուեստին, մենք վերստին, որպէս մի ատաւիկ ու առողջ վերյուշ, որպէս հեռաւոր իդէալ դառնում ենք հեթանո՛ս արուեստին:
Նրա գծերի խաղաղութիւնն ու հրաշք ներդաշնակութիւնը (harmonie) երկնային մեղեդու պէս մեր չարացած ու ձգուած զիլերն է օրօրում եւ մեր խռովայոյզ ու տագնապալի հոգու վրայ տարածւում դիւթական բուրմունքի պէս:
Ով որ երբ եւ իցէ այցելած կը լինի Հռոմի միւզէները (թանգարանները, Կ.Ա), նա, անշուշտ, նկատած կը լինի, թէ ինչպէս այս կամ այն նշանաւոր արձանի շուրջը նստարանների վրայ շարուած են ամեն ազգի եւ հաւատի այցելուներ, եւ լուռ երկիւղած դիտում են Ֆիդիասի, Պրաքսիտելի, կամ Միքէլ-Անջէլօի եւ նորերից՝ Կանօվայի գործերը:
Հռոմի ազգային միւզէում (Museo Nazionale), մի արձանախումբ կայ, որ ներկայացնում է Վեներայի ծնունդը. բարձրանում է մատաղ ու գեղանի աստուածուհին ծովի ալիքների միջից դիցաբանութեան mystere-ի խորհրդից՝ ինչպէս ուրախութեան ու հրճուալի կեանքի ժայթքումն, ինչպէս մի երգ, որ աշխարհ պիտի դիւթի, ու նա գիտէ, որ սպասում են իրեն հեւիհեւ, եւ տիեզերքը իր առջեւ պիտի ծունկի գայ գերագոյն երանութիւնը վայելելով նրա ոտների տակ:
Չքնաղ գլուխը յետ ձըգած, վարսերը ուսերին ծփծփուն, թւում է, թէ նա անհուն բերկրանքով նայում է հեռուն, ուր իր ծննդեան լուրը խռնուած ամբոխներն է ալեկոծել ծովի պէս: Բազուկները տարածած՝ ասես աշխարհ գրկելու համար պոռթկացող սիրոյ մի հզօր թափով, փռել է արեւի առաջ իր դիւթիչ կուրծքը, ուր զոյգ ստինքները իրենց կուսական թարմութեան եւ ձեւերի վայելչութեան թագցնում են անհատնում ու խորունկ գաղտնիքը կեանքի: Աջից ու ձախից մատաղ դիցուհու վրայ կռացած են երկու նաժիշտներ եւ վարից վեր նրա թաց մերկութիւնը ծածկում են քօղով:
«Վեներայի ծնունդը»
Նաժիշտների գլուխները չկան, մարմարի վերի մասը ջարդուած է. բայց այն ինչ մնում է՝ նրանց կորացած իրանները, մերկ բազուկները, զիստերի եւ ծնկների ձեւերը, իրենց լայնածուփ ու բազմածալ, ալիքանման զգեստների տակից համակ շնորհք (grace) է: Դիցուհու եւ նաժիշտների շարժումների, կեցուածքի ներդաշնակութիւնը (harmonie) մի ընդհանուր գաղափարի մէջ այս գործի վարպետի մեծագոյն արժանիքն է:
Արձանախումբը սրանով չի սպառւում: Մարմարի երկու միւս երեսներից մէկի վրայ բարելիէֆը (հարթաքանդակը, Կ.Ա.) ներկայացնում է մի երիտասարդ նորապսակ կին, որ նստած մի փափուկ բարձի վրայ՝ ձախ ձեռքով բռնած է անուշահոտութեան ամանը եւ աջով հանդարտօրէն փռում է կրակարանի վրայ: Գլխից մինչեւ ոտները նրա ճկուն ու բարեձեւ մարմինը ծածկուած է յունական դասական զգեստով. դէմքը մի խոհունութիւն ունի՝ որ ե՛ւ գեղեցիկ է, ե՛ւ երազուն:
Թւում է, թէ երիտասարդ կինը անուշահոտութեան ամէն մի պտղուցի հետ, որ նա ցանում է կրակի վրայ, մի ուխտ է անում մտովի, կամ բուրալի ծուխի ոլորտները համարում, ամուսնական կեանքի շեմքին, նոր ճամբայի ծայրին, հարցումն ունի իր աստուածներին:
Այս աննման արձանախումբի հինգերորդ պատկերն է նորէն մի կանացի բարելիէֆ. մատաղահաս մի աղջիկ՝ իսպառ մերկ, որ նստած է, ոտքը ոտքին ձգած եւ մի զոյգ սրինգ դրած շրթունքներին՝ նուագում է:
Անշուշտ, յոյն վարպետի գործ է այս, կանգնած է այս արձանախումբը մի փոքրիկ սենեակի կենտրոնում եւ շուրջ դրուած են նստարաններ՝ այցելուների համար: Այցելութեան ժամերին միշտ կարելի է տեսնել բազմաթիւ օտարականներ՝ շարուած նստարանների վրայ, երկիւղած լռութեամբ դիտում են Վեներայի ծնունդը: Աշխարհի չորս կողմերից Հռոմ հասած մարդիկ են. իրար անծանօթ ու խորթ. եւ սակայն ապրում են այստեղ նոյն զգացմունքները եւ ունին նոյն մտածումները. ոչ մէկը միւսին խօսք չի ուղղում. եւ ամէնքը լռելեայն իրար հասկանում են: Հանգստացուցիչ ու անուշ մի բան ունի այս արձանախումբը. կեանքի չար ու բարուց, յոգնեցուցիչ ժխորից յետոյ Վեներայի ծննդեան այս տեսարանը շոգից ու տապից տառապած ճամբորդի համար զովացուցիչ ու հանգստաւէտ ովասիս (օազիս, Կ. Ա.) լինի ասես:
Չկայ միւզէ, որ իր այսպիսի հրապուրիչ ու սրտապարար ովասիսները չունենայ: Այսպէս, «Մեռնող Գալլը» եւ «Ոտքից փուշ հանող պատանին» Կապիտոլի միւզէում. ինչպէս եւ «Ամուր եւ Պսիխէա» եւ «Վեներան». «Բելվիդերի Ապոլլոնը» եւ «Լաօկօօնը» եւ «Վեներան»՝ Վատիկանի միւզէում: Եւ Միքէլ Անջէլօի, Բերնինիի, Կանովայի գործերը՝ սփռուած եկեղեցիներում եւ միւզէներում…
ԱՆԻ — «ՆԱԽՈՐԴԸ ԱՎԱՆԴՈՒՄ Է ՀԵՏՆՈՐԴԻՆ. ԱՀԱ՛ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ»…
Խորունկ կիրճերի եզրերը զարդարող բնական ու արհեստական քարայրներով ու անձավներով, ճարտարապետական հոյակերտ կառույցներով, հուժկու պարիսպներով ու ստորգետնյա խորհրդավոր ցանցով Անի քաղաքն իր ճոխությամբ ու հմայքով գերել է ականատեսներին դարեր շարունակ… Անին մեծ անակնկալ էր նաև 20-րդ դարի առաջին տարիներին այնտեղ այցելած մի խումբ Հայ մտավորականների համար:
Նրանցից մեկը՝ 1864 թվականին Շապին Գարահիսարում ծնված, իր կյանքի 30 տարիներն անխոնջ նվիրումով հայրենի երկրի ճարտարապետության ուսումնասիրությանը նվիրած բազմավաստակ ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր՝ «Զվարթնոց եկեղեցին» հոդվածում գրել է. «Ես այս ամենը տեսա, երբ երկու տարի առաջ այցելեցի Անի։ Զարմանքով կը դիտեի չորս կողմս եւ չէի ուզեր հավատալ տեսածներուս իրականությանը»…
«…Անցան տարիներ, և կատարվեց այն, ինչը չէին կարող ենթադրել բոլոր նրանք, ում համար թանկ էր Անիի ճակատագիրը: Պետրոգրադից Թիֆլիս տեղափոխելու ճանապարհին անհետացավ Անիի ողջ գիտական արխիվը` հազարավոր փաստաթղթեր, գծագրեր, օրագրեր, լուսանկարներ: 1918-ին թուրքերը գրավեցին քաղաքը՝ ավերելով ու փլատակների վերածելով անգնահատելի արժեքները, իսկ երկու տարի անց այն արդեն կտրվեց Հայաստանից՝ դառնալով կորսված հայրենիքի մի բեկորը» (Հովիկ Չարխչյան):
Արտաշես Վրույրն իր «Անիում» հուշագրությունն ավարտում է հետևյալ պատկերով:
…«1932 թվականին «Բանվորական թատրոնը» հյուրախաղային ներկայացումներով գտնվում էր Անի-Պեմզայում: Մի օր թատրոնի բրիգադան ցերեկային բացօթյա ելույթ ունեցավ Խարկով գյուղում: Ելույթից հետո սահմանապահների ուղեկցությամբ մոտեցանք Ախուրյանի ձորի շուրթին, Անիի դիմաց: Ես կարկամել էի ու արձանացած դիտում էի: Իմ դիմաց Ավերակների քաղաքն էր: Երկար տարիներից հետո կրկին տեսնում էի երազանքիս առարկան: Սգավոր քաղաքը, ծանր խորհուրդների մեջ թաղված, իր կանգուն ու կիսականգուն գեղակերտ կառույցներով փռված էր իմ առջև: Գանգիս մեջ պտտվում էին իմ օրերի Անին, իր նոր բնակիչներով, իր նոր շնչով… Մանկական ու պատանեկան կյանքիս քաղցր օրերով… Հուզմունքը խեղդում էր ինձ:
Խարկով գյուղից դեպի Անի բացվող մի տեսարան
Վերադարձին ես Խարկովում հանդիպեցի Ագոյին. դա մեծ ուրախություն պատճառեց մեզ երկուսիս: Մեր հանդիպումը ջերմ էր: Ինչպես երկու պանդուխտներ, երկար ու ձիգ տարիներից հետո պատահմամբ հանդիպում են իրար և իրենց երկրի կարոտը առնում միմյանցից, ահա այդպես էր մեր հանդիպումը, բայց ավելի քան սրտառուչ էր, երբ ես Ագոյի խրճիթի շեմից ներս մտա:
Ագոն՝ այդ առնակազմ ալաշկերտցին, ժամանակից շուտ ծերացել էր արդեն, կոտրվել էր և իր կողակիցը՝ Զմոն: Երբ վերջինս իմացավ իմ գալուստը, մի կողմ նետելով Հայ գեղջկուհու նահապետական ամոթխածությունը, վազեց և փարվեց վզովս, ասես մայրը գտած լիներ իր կորած զավակին: -Լա՛ո, Արտաշե՛ս,- բացականչեց նա, և ուրախության հուզմունքը խեղդեց նրան, նա լռեց: Բայց լուռ արտահայտվեց ավելին, քան կարող էր լեզվով ասել:
Եվ հորդում էին Զմոյի բարի աչքերից բերկրանքի ու դառնության արցունքներ, ասես Անիի անցյալ կյանքի քաղցր կարոտն էր առնում ինձանից:
Ագոն տեղում քարացած, հենված իր գավազանին, լուռ նայում էր մեզ. նրա սիրտը փոթորկում էր նույն ջերմ զգացմունքներով, ինչ համակել էր Զմոյին: Մենք երեքս էլ արտասվում էինք:
Ագո և Զմո… Ահա՛ նվիրական անուններ, որոնք վերստին մարմնացնում են հիշողությանս մեջ նվիրական Անին իր շրջապատով ու իր առօրյա քաղցր կյանքով:
Պատմական կյանքի հորձանուտի մեջ ընկած՝ ալիքները բերել, շպրտել էին Ալաշկերտի հովիտներից հեռու, ուրիշ տարագիրների հետ և դրանց՝ այդ երկու Հայ շինականներին:
Եվ բնավեր ու տնավեր տարագիրներին գորովագութ մոր նման իր գիրկն էր առել իրենց բախտակից Ավերակների քաղաքը – նրանք ծվարել էին Անիի Իգաձորի ժայռափորերում՝ որպես վերջին հանգրվան: Սակայն դարձյալ իրենց վերջին թվացած բույնն էլ քանդվեց: Եվ նորից պանդխտության ցուպը ձեռներին, ահաբեկ ու տրտում լքեցին Իգաձորի այրերը և բույն դրին Խարկով գյուղում: Նրանց դեմքերը ակոսել էին տառապանքն ու վիշտը և անջնջելի հետքեր թողել Ագոյի ու Զմոյի տանջված դեմքերին: Տարաբախտ շինականների վրա կյանքը դրոշմել էր իր դաժան կնիքը:
Կարոտի, ուրախության ու վշտի արցունքները՝ դառն ու քաղցր ի մի շաղախված, հորդում էին մեր փոթորկող սրտերից: Անպատմելի, աննկարագրելի վայրկյաններ էին դրանք, կյանքի մեջ հազվադեպ, ուր Ավերակների քաղաքի պապակ կարոտը ու իր գեղեցիկ՝ մեր փոքրիկ կյանքով, իր ջերմ շնչով, մագնիսական հոսանքների նման գալիս, անցնում էին մեր մարմինների միջով ու դուրեկան զգացողությամբ համակում մեր ամբողջ էությունը: Այդ անապատում վերապրումները զգում էինք մենք իր ամբողջ մեծությամբ ու քաղցրությամբ:
Որքան որ անբաժանելի ու դուրեկան վայրկյաններ էին, բայց, այնուամենայնիվ, ստիպված էի հրաժեշտ տալ Անեցի հարազատներիս:
Զմոն, որ զբաղված էր լավաշ թխելով և, տեսնելով ինձ՝ ձգել էր իր աշխատանքը, իր պատրաստած լավաշներից տվավ ինձ ճանապարհի համար, ես չմերժեցի:
Որքան որ ջերմ ու քաղցր էր մեր հանդիպումը, այնքան էլ ծանր ու դառն էր մեր բաժանումը…
Իմ արվեստակից ընկերները վաղուց արդեն հեռացել էին, ես պետք է հասնեի նրանց:
Զմոն՝ ձեռները ծալած կրծքին, դռան շեմին կանգնած, թաց աչքերով ճանապարհ էր դնում ինձ, ասես ես այդ ընտանիքի հարազատ զավակն էի և հարկադրված գնում էի պանդխտության, ու մայրը վշտաբեկ սրտով ճանապարհում է նրան:
Ագոն, զրուցելով ինձ հետ՝ քայլեց բավական երկար:
Անիի պեղումներում փորձված խարկովցի բանվորներին՝ Տիգրանին, Գաբրիելին, Մուքայելին և ուրիշներին չկարողացա տեսնել. ոմանք բացակայում էին, ոմանք էլ արդեն չկային: Լսեցի, որ Տիգրանի տղան Անի-Պեմզա կապի բաժանմունքի պետն է…
Անի — չորս ձորերով պարփակված դյութական մի աշխարհ՝ արգասիք Հայ հանճարեղ մտքի:
Անի — ուսուցիչ՝ ուսուցանելու համար:
Անի — արվեստի վարդպետ՝ վարդպետելու համար:
Եվ Անին պատմական Հայ արվեստի զարգացման ուղիներում բարգավաճած իր աննախընթաց արվեստով գալիս է ուսուցանելու, վարդապետելու իր հետագա սերունդներին:
Անիի բեղմնավոր արգանդը ծնում է, եռանդ ու ավյուն է տալիս շատերին:
Հետագա սերունդները սկսեցին ուսումնասիրել նրան, սովորել նրանից, ներշնչվել նրանով, վերցնելով նրանից այն լավն ու օրինակելին, որոնք հետագայում հիմք ծառայեցին Հայկական նոր ճարտարապետական ոճին ու կառուցման եղանակներին և տվին ժամանակի շունչը խտացրած ուրույն, գեղեցիկ մի արվեստ:
Եվ սկսում է խոյանալ «Նոր-Անին»՝ երիտասարդ մայրաքաղաքի տարածության վրա, հիացմունք պատճառելով աշխարհի տարբեր ծայրերից մեր երկիրը այցելած ամեն մի մարդու:
Պատմական Հայ ճարտարապետական արվեստի ուսումնասիրության հիմնաքարը դրեց գիտնական ճարտարապետ Թորոս Թորամանյանը: Անեցի՛ էր նա, նա շնչում էր կախարդական քաղաքի շնչով, նրան հմայել էր Անին իր դյութական ներդաշնակությամբ:
Ճարտարապետ Թորոս Թորամանյանը՝ Անիում
Սակայն որքան էլ ջերմությամբ կապված էր Թորամանյանը իր սկսած դժվարին գործին, այնուամենայիվ, շատ լավ գիտեր, որ իր ջանքերն ու տքնությունները երբեք ու երբեք չեն կարող ամբողջացնել այն սուրբ գործը, որին նվիրաբերել է նա իր կյանքն ու էությունը: Դա սերունդների՛ գործ է. այդ միտքը կրծում էր գիտնականի հոգին:
Ամայի տարածության մեջ, մեկուսացված ձորերով, նստած է կախարդական քաղաքը իր հմայող տեսքով ու իր բեղմնավոր արգանդից ծնունդ է տալիս Հայ սերնդի զավակներին, ներարկելով նրանց մեջ շնորհքի, տաղանդի և հանճարի սաղմեր:
Եվ երկնեց նորից դյութական քաղաքն ու ծնունդ տվեց մի անհանգիստ պատանու՝ դա Միքայել Մազմանյանն էր:
Նա դեռ պատանի հասակից անկաշառ սիրով կապվեց Անի քաղաքի հետ, որը սերմանեց նրա հոգու մեջ անդրանիկ սաղմերը գեղեցիկի, վսեմ ճաշակի ու բարձր արվեստի ըմբռնման:
Անցան տարիներ, և մենք տեսնում ենք Անիի ծնունդը՝ հասակ առած, զինված ճարտարապետական արվեստի գիտելիքներով՝ Միքայել ճարտարապետին:
Միքայելն ըմբռնեց գիտնական-ճարտարապետի սուրբ գործի մեծությունն ու կարևորությունը: Նա դեռ պատանի հասակից տածելով դեպի մեծ Հայը՝ Թորամանյանը, խորին հարգանք, մոտեցավ իր ավագագույն արվեստակցին և ամեն կերպ ջանաց օգտակար լինել նրան:
Միքայել ճարտարապետի հետ հաճախ այցի էինք գնում մեր պատմական հուշարձաններին. նա չափագրում էր և ուսումնասիրում, իսկ ես նկարահանում էի — Երերույքը, Ավանը, Արամուսը, Պտղնին և այլն. շուրջ մի երկու տասնյակ հուշարձան: Ինձ վիճակված էր Անիի կարոտը առնել մեր նորածին Հայաստանի սահմանների մեջ գտնված պատմական հուշարձաններից:
Մի օր, 1932 թվականի ամառը, Միքայելի հետ այցի գնացինք Թորամանյանին: Մեզ տեսնելով ուրախացավ: Նա բավականություն էր զգում՝ տեսնելով երիտասարդ Միքայելին՝ սերտ կապված Հայ պատմական ճարտարապետությանն ու արվեստին: Թորամանյանի և Մազմանյանի զրույցները միշտ պտտվում էին պատմական հուշարձանների և նրանց վերաբերյալ հարակից խնդիրների շուրջը:
Նախորդը ավանդում է հետնորդին. ահա՛ կյանքի օրինաչափությունը…
Ջերմ զրույցի ժամանակ մի պահ պայծառացավ Թորամանյանի դուրեկան դեմքը և արտահայտեց իր սրտում երկար ժամանակ պտտվող ու իրեն անհանգստացնող մի միտք – նա որոնում էր իր սկսած գործը շարունակողին…
–Իմ գործը շարունակողը դու՛ն պիտի ըլլաս,- ասաց նա Միքայել ճարտարապետին: Ասես մի ծանր բեռ վայր ընկավ ծերունազարդ գիտնականի ուսերից. նա գտե՛լ էր իր հետևորդին:
Եվ կրկին ու կրկին բեղմնավորվում է դյութական քաղաքի արգանդը Հայ հանճարեղ ժողովրդի շնչով»…
Անիի պարիսպներից մի հատված
«Ամեն Հայ իր հոգում մի Անի ունի, մի խորտակված մայրաքաղաք, որը մտքով վերականգնում է, քարը քարի վրա է դնում և վերակառուցում ու բացում է բոլոր դարպասները բարեկամների հանդեպ, իսկ թշնամիների առջև` փակում: Ամեն Հայ մի Անի ունի իր հոգում և դրանով հարուստ է: Ոչինչ չի կորչում՝ քանի դեռ ժողովուրդը կա: Պատմություն դառնալով՝ ոչ մի հուշարձան ու ավերակ չի դառնում լոկ պատմություն՝ քանի դեռ ժողովուրդը ապրում է, որովհետև ամեն մի Հայ, եթե նա իսկապես մարդ է, մտովի յուր սրտի խորքում վերականգնում, վերակառուցում է ավերակը, ու այն ապրում է մի նոր կյանքով, ոչ թե մեռած պատմությամբ, այլ՝ ապրո՛ղ, այս օրին մասնակցո՛ղ կյանքով»…
Հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տողերն են՝ գրված 1964 թվականին (մեջբերումը՝ Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարանի կայքից):
«ԱՆԻ ԿՈՉՎՈՂ ՎԻԹԽԱՐԻ ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ՈՒ ՆՐԱ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՌԵՂԾՎԱԾԸ»…
Հայ մշակույթի ու պատմության ուսումնասիրման գործի նվիրյալների շարքում ուրույն տեղ ունեն հայր և որդի՝ Արամ ու Արտաշես Վրույրները, որոնք, որպես ազգի արժանավոր զավակներ, բացահայտում, վերակենդանացնում էին անցյալի էջերից պոկված պատառիկները՝ նրանց պահպանման ու սերունդներին փոխանցելու մտահոգությամբ…
Անիի ճարտարապետական ավերակված կոթողների ու բազմաթիվ այլ հնավայրերի հուշարձանների, ժայռափոր կառույցների լուսանկարների հարուստ հավաքածուն տասնամյակների նրանց անխոնջ աշխատանքի արդյունքն է:
Արտաշես Վրույրի՝ «Անիում» վերնագրված հուշագրությունը, որը լույս է տեսել 1964 թվականին և որոշ հավելումներով վերահրատարակվել 1979-ին, բացառիկ արժեքավոր մի աղբյուր է՝ երախտավոր Հայորդիների մասին ուշագրավ դրվագներով:
Հիշյալ գրքից մի հատված՝ Ստորգետնյա Անիի պատկերներով՝ ահավասիկ…
«Անցյալում Անին ծառայել է շրջակա գյուղերի և ավանների համար որպես քարհանք, նույնիսկ Կարսից եկել և տարել են շինարարության համար քարեր: Եթե Անիից քար կրող համբակները միայն տանեին թափված քարերը, դա կլինի նվազագույն չարիքը: Սակայն տանողները անխնա և վայրագ կերպով ծվատել են ծանրանիստ կոթողների իրանները: Այդ են ապացուցում հուշարձանների վիճակը: Ամենուր դուք կարող եք տեսնել պարիսպների և մյուս հոյակապ շենքերի ներքին շարքերի սրբատաշ քարերի բացակայությունը, ուր մնացել է միայն շաղախը՝ իր վրա վսեմ համառությամբ պահելով հուշարձանների ծանր ու հսկա պատերը:
Միայն Մառի «տիրապետության» ժամանակ խստիվ արգելված էր Անիից մի հասարակ քար անգամ տանել: Խնամքն ու ուշադրությունը այնտեղ էր հասել, որ Անիում նույնիսկ արգելված էր հրազեն արձակել, որպեսզի օդի ուժեղ տատանումները չվնասեն հուշարձաններին:
Միքայելի ուշադրությունը խլել էր եկեղեցու պարզ ու գեղեցիկ մուտքը, նա սկսեց մատիտով գծագրել այն:
Չգիտեմ ինչու, մի ներքին ուժեղ պահանջ ստիպում էր ընկերոջս անպայման գնալ և տեսնել Անիի երկրորդ ստորերկրյա անցքը: Մենք հետևյալ օրը գնացինք:
Տիգրան Հոնենցի եկեղեցուց մի փոքր դեպի արևելք, Ախուրյան ձորի աջ փեշի վերին լանջին, բաց-մոխրագույն պեմզայի զանգվածների մեջ, բացվում է երախը երկրորդ ստորերկրյա Անիի:
.
Անիի երկու ստորերկրյա անցքերն էլ ժողովուրդը անվանում է «գեդան-գյալմազ»՝ «գնացողը չի վերադառնա»… Այդ զարհուրանք ազդող անունը միայն բավական է, որ մարդու ներաշխարհը բռնկի սարսափի զգացումով, մանավանդ այն պահին, երբ մոմն ու լուցկին ձեռքիդ պատրաստվում ես խորախորհուրդ կախարդական մուտքից ներս մտնել, ուր ուղիները սոսկում ազդող խավարի մեջ ձգվում են անորոշ ու անհայտ ընթացքներով:
Այո, «գնացողը չի վերադառնա»՝ «գեդան-գյալմազ»… ահա բնորոշ դրոշմ, որ ժողովրդի երևակայությունը կնքել է այդ մռայլ անցքերին:
Մեկական մոմ ու լուցկու տուփը ձեռներիս մտնում ենք ներս: Մի փոքր քայլելուց հետո այստեղ ևս ճանապարհը ճյուղավորվում է: Մենք թողնում ենք աջ կողմի անցքը և քայլում ուղիղ, դեպի հյուսիս, մեր դեմը ձգվող ուղիով: Ստորերկրյա ճանապարհը բարձր և լայն է, այնպես որ կարողանում ենք կանգնած քայլել: Տեղ-տեղ հանդիպում ենք փոքրիկ փոսերի, որոնք արհեստական են և բռնում են ճանապարհի եզրերը միայն: Որոշ տեղեր անցքի պատերի մեջ վերից վար պահարաններ են փորված, թե ի՞նչ նպատակով՝ անհայտ է մեզ: Թերևս թաքստո՞ց է կամ պաշտպանության կետ, ո՞վ գիտե:
Ճանապարհը որոշ տարածություններից հետո ճյուղավորվում է: Չմոլորվելու համար նշաններ ենք թողնում պատերին կամ հատակին ու շարունակում մեզ անհայտ ուղիով: Գնալով օդը ծանրանում է, մոմերը դժվարությամբ են վառվում: Բավական քայլելուց հետո հանդիպում ենք փակուղու: Այդտեղ ոչ թե փլուզում է տեղի ունեցել, այլ պարզապես փակուղի է: Հավանական է, որ պատահական կամ նենգ դիտավորությամբ ներս թափանցած մարդկանց մոլորեցնելու համար շինված, որպեսզի անվերջ դեգերեն այդ գաղտնի անցքերում: Մենք որոշեցինք վերադառնալ: Քայլում ենք… ճյուղավորման հանգույցներում ուշադիր խուզարկում ենք պատերն ու հատակը, մեր թողած նշանները գտնելու և վստահ շարունակելու մեր ճանապարհը: Դիմացը նկատում ենք աղոտ լույս: Քանի առաջ ենք շարժվում, լույսը ուժեղանում է՝ նշանակում է մոտենում ենք ելքին:
Ելքի մոտակայքում՝ առաջին ճյուղավորման հանգույցում, մենք մտնում ենք դեպի արևելք ձգվող անցքը և այդ հանելուկային ուղին մի փոքր կիսապտույտ գործելով մեզ կանգնեցնում է կախարդական մի վիհի առջև:
Մոմի տատանվող աղոտ լույսով մենք տեսանք այդ խորխորատի հատակը, որը այնքան էլ խորը չէր: Ես ցույց տվի Միքայելին վիհի պատերին աջից և ձախից խոռոչներ՝ դրանք այդ դաժան ճանապարհի աստիճաններն են, որոնց օգնությամբ միայն կարելի է վայր իջնել:
Վիհը որքան էլ դաժան է ու խիստ, սական մագնիսի զորությամբ ձգում է մեզ դեպի իրեն: Հետաքրքրությունը կրծում է մարդու հոգին և մոռացության գիրկն ընկած ուզում է մխրճվել այդ սոսկում ազդող, պաղ լռության ու խավարի մեջ կորած, մինչև օրս առեղծվածների մեջ թաղված այդ նենգ ուղիներում:
Այստեղ արդեն կատակի տեղ չէ, պետք է ծայր աստիճան զգուշություն: Միքայելը մոմով լուսավորեց հորը: Ես մարեցի իմ մոմը, որովհետև իջնելու համար պետք է երկու ձեռները պատին հենելով և փոսիկ-աստիճանների օգնությամբ զգուշորեն վայր իջնել: Երկու ձեռքս ու ոտներս աշխատանքի դրի: Հորի աջ և ձախ պատերին ձեռներս հենելով և փոսիկ աստիճանների օգնությամբ հասա վիհի հատակը: Այժմ ես վառեցի մոմը և ընկերս սկսեց իջնել. բարեհաջող հասավ հատակին: Այդտեղ մի փոքր շունչ առնելուց հետո՝ շարունակեցինք մեր խելագար արշավը: Հորի ստորին մասից մի փոքր թեք շարունակվում է ճանապարհը, որը մի քիչ հետո կանգնեցնում է մեզ մի նոր վիհի առջև: Այստեղ արդեն օդը խոնավ է ու գարշահոտ: Այս անգամ ես լուսավորեցի հորի բերանը: Միքայելը մարեց իր մոմը և դարձյալ փոսիկ-աստիճաններով զգուշությամբ սկսեց վայր իջնել: Տակավին չէր հասել հորի հատակին, երբ ես, չգիտեմ ինչու, մտաբերեցի շարականներից մի դարձվածք ու ասացի բարձրաձայն.
– «Սանդարամետ անդնդոց» որ ասում են՝ սա՛ է եղել:
Ընկերս չկարողացավ իր ծիծաղը զսպել, թևերը թուլացան ու վայր ընկավ: Չնայած ես էլ էի ծիծաղում, բայց ընկերոջս վայր ընկնելը դանակի նման կտրեց իմ ծիծաղը:
– Հը, ի՞նչ պատահեց,- մտահոգված ձայն տվի ես:
– Կենդանի՜ եմ,- լսվեց հորի հատակից: Այստեղ արդեն անկարող էի ծիծաղս զսպել: Հիշեցի Մսրա Մելիքի հորի միջից բացականչելը. «Կենդանի՜ եմ, մե՛կ էլ արի…»:
Միքայելը լուսավորեց հորը: Ես մարեցի մոմս և վայր իջա «Սանդարամետ անդնդոցով»:
Այդ «խորը վիրապի» վարի մասից դարձյալ մի փոքր թեք շարունակվում է ուղին, որն անշուշտ մի նոր վիհի առջև պիտի կանգնեցնի մեզ:
Նստած հորի հատակին նայում ենք շարունակվող անցքի ուղղությամբ: Հետաքրքրությունը ձգում է մեզ դեպի անհայտ խորքերը:
Իսկապես որ «Սանդարամետ անդնդոց»… Ասես մթության մեջ երրորդ հորի շրթունքին, մի քարի կտորի վրա, նստած է եղջյուրավոր ժպիտը դեմքին, քծնող շարժուձևով, ասես հրավիրում է մեզ դեպի «Սանդարամետ անդնդոցը». «Եկե՛ք, եկե՛ք, հարգելի՛ բարեկամներ…»
Սակայն այդ երկու վիհերը այցելելուց հետո, հոգնած՝ հրաժարվում ենք այդ նենգավորի սիրալիր հրավերից և որոշում «Սանդարամետից» ետ վերադառնալ դեպի «Ավետյաց երկիր»:
– Հայ մարդու անհողդողդ կամքի ու՛ժն է կերտել այս ստորերկրյա գաղտնի ճանապարհը,- ասաց ընկերս, և մենք հրաժեշտ տալով «Սանդարամետի» խավարի մեջ թաղված «որջերին» վերադարձանք:
Դուրսը արևը ժպտում էր մեզ:
Այդ ստորերկրյա դժնդակ ուղիների մասին շրջակա գյուղերի շինականները շատ բաներ են պատմում և նկարագրում կախարդական անուրջների և վառ երևակայությունների ներքո զանազան տարբերակերով: Չնայած այդ պատմիչներից ոչ մեկը հանդգնություն չի ունեցել մտնել այդ կախարդական ուղիների խորքերը կամ մինչև վերջավորությունը, բայց, այնուամենայնիվ, որոշ չափով ճշմարտություն կա նրանց պատմածների մեջ:
Մեկը պատմում է, որ Տիգրան Հոնենցի մոտակայքում գտնվող ստորերկրյա ուղին կամ, ինչպես իրենք են անվանում, «գեդան-գյալմազ», մխրճվելով երկրի խոր ընդերքը, Ախուրյան գետի տակով անցնում է գետի մյուս ափը և աստիճանաբար ձգվելով դեպի վեր, դուրս է գալիս Անիի դիմացը գտնվող փոքրիկ լեռան գագաթը, որը շրջակա բոլոր բլուրներից վեր, տիրապետող դիրք է գրավում:
Այդ սարսափելի ստորերկրյա ուղին մերթ ընդ մերթ ճյուղավորվում է: Այնտեղ, երկրի ներքին շերտերի մեջ, փորված են խորհրդավոր սրահներ տարբեր չափերի: Ախուրյան գետի հունի տակով անցնելիս գետնափոր ճանապարհի առաստաղից կաթկթում են ջրերը:
Մի ուրիշը՝ երևակայական վառ գույներով նկարագրում է ցանցապատված անցքերով այդ ստորերկրյա մթի ճանապարհը և տանում, դուրս է բերում ելքի ծայրը մինչև Կարս:
Սակայն կասկած չկա, որ այդ ստորերկրյա գաղտնի ուղիները ռազմական նշանակութիւն ունեցող կառույցներ են եղել Անիի համար»…
ԱՆԻՆ՝ ԻՐ «ՀՈՒԺԿՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՀԱՆՃԱՐՈՎ»…
«Անի կոչվող վիթխարի կախարդանքին» ու նրա «Ստորերկրյա առեղծվածին» է անդրադարձել պատմագիտական, գրական ու հրապարակախոսական մեծ ժառանգություն թողած Հայ պատմաբան, գրող, գրականագետ ու հրապարակախոս Լեոն (Առաքել Բաբախանյան, 1860-1932):
Շարունակելով նախորդ հրապարակումը՝ 1903 թվականի ամռանը մի խումբ Հայ մտավորականների հետ Անիում կատարած մի քանի օրվա շրջագայությունից հետո գրված նրա տպավորություններից ևս մի հատված ստորև՝ «Անի… Տպավորություններ, հիշատակներ, Անցածն ու մնացածը», (Երևան, 1963 թ.) գրքից:
…«Միմյանց ետևից շարան ընկած բարձրանում ենք Ծաղկոցաձորից դեպի վեր, դարձյալ դեպի մեռած քաղաքը, դեպի այն վիթխարի կախարդանքը, որ կոչվում է՝ Անի։ Բայց նախքան արեգակի տակ գտնվող Անին մտնելը, կանգ առնենք այս լանջի վրա, կանգ առնենք այն առեղծվածի առջև, որ կոչվում է՝ Ստորերկրյա Անի։ Ասում են, թե եղել է այդպիսի Անի՝ հողի տակ ծածկված, օրվա լույսից ու ջերմությունից զրկված մի Անի, որի մուտքերից մեկի մոտ այժմ մենք կանգնած ենք:
Ս. Լուսավորիչ եկեղեցու մոտ, Անիի հարավ արևելյան անկյունում, ես ձեզ ցույց տվի այն ստորերկրյա անցքը, որ կոչվում է «Գեդան գյալմազ»։ Նրա մասին, ինչպես գիտեք, ասում են, թե մի կողմից գնում է դեպի Ախուրյան գետը, իսկ մյուս կողմից անցնում է քաղաքի տակը։
Այստեղ էլ Ծաղկոցաձորի այս լանջի վրա ժայռերի մեջ ցույց են տալիս մի փոքրիկ ծակ և ասում են, որ դա էլ ստորերկրյա մի մուտք է, որ տանում է քաղաքի տակը։ Այնպես որ, դուրս է գալիս, թե Անիի տակը փորված է, և մի քաղաք էլ այնտեղ է եղել, իսկական քաղաք, մարդկանց բնակության հատկացրած։ Իբրև ենթադրություն՝ այսպիսի միտք Անին այցելողներից շատերն են հայտնել։ Բայց այդ այցելուներից մեկը՝ Գեղամյանց, հավատացնում է մեզ, թե դա ենթադրություն չէ, այլ հաստատ իրողություն։ Եվ հավատացնում է, իբրև իր աչքով տեսած մարդ: Նա Ծաղկոցաձորի այս ծակով մտել է Ստորերկրյա Անին և տալիս է նրա նկարագրությունը։ Ես չեմ ճանաչում մի այլ ճանապարհորդ, որ նույնպես մտած ու նկարագրած լինի։ Եվ որովհետև ինքս էլ չեմ տեսել, ուստի այդ շատ հետաքրքրական հանգամանքը կծանոթացնեմ ընթերցողիս՝ Գեղամյանցի պատմվածքով։
Նախ և առաջ՝ Ստորերկրյա Անին տանող մուտքը։ «Այդ մուտքը, — ասում է այցելուն, — գտնվում է Միջնաբերդի հյուսիս արևմտյան կողմը, դեպի Ծաղկոցաձոր տանող արտաքին պարսպի քայքայված դռան ձախ կողմը, ճիշտ վեց քայլ հեռու՝ դեպի հարավ։ Միմյանց վրա բնությունից շարված մեծամեծ ժայռերի մի երկայն կարգ պարսպաձև պատել է այդ տեղը։ Ժայռերի մեջ երևում է մի նեղ ծակ, ուր օձաձև սողալռվ ամենից առաջ մտավ իմ ուղեցույցս և սկսեց իմ գյխիցս քաշ տալ: Քյուրքչյանի վանեցի ծառաներն էլ ոտքերիցս ինձ ներս էին քաշում և իրանք էլ ետևիցս ներս մտնում։ Չորս սաժեն տեղ այդպես գետնաքարշ սողալով առաջ գնալով՝ վերջապես մեր առաջին բացվեցավ Ստորերկրյա Անին»:
Մի այսպիսի դաժան, օձային ճանապարհը չէր կարող մուտք լինել մի ստորերկրյա քաղաքի համար, եթե ենթադրենք այնտեղ մշտապես ապրող մի ժողովուրդ, որ պիտի հաղորդակցություն ունենար դրսի աշխարհի հետ։ Բայց ահա դեռ ուրիշ ի՛նչ սարսափելի պայմաններ ունի այդ ստորերկրյա քաղաքը։
«Ներսից փչող բարակ սառն քամին, անտանելի մթությունը, հեղձուցիչ օդը, իմ տագնապը և մրսելու երկյուղը (սերթուկս հանած էի) ավելի շատացրին, և ես ուրախությամբ ետ կդառնայի, եթե կարողանայի ընկերներիս ներս մտած օձային ճանապարհից դուրս գնալ մենակ՝ առանց օգնության ընկերներիս, որոնք այդ միջոցին ճրագներ վառած սկսել էին արդեն շրջել այս և այն կողմ: Ես ստիպվեցա հետևել նոցա:
Ստորերկրյա Անին այնքան խորը փորված է, որ նրա մեջ ազատ կերպով կարող են շրջել հարյուրավոր մարդիկ։ Մի քանի տեղ միայն մարդ հարկադրվում է գլուխը կռացնել: Պատերը և առաստաղը կազմում է պինդ, կարելի է ասել՝ քարացած կիր, տեղ — տեղ էլ պատերում հանդիպում էի մեծ և փոքր ժայռերի, երբեմն նաև՝ քարածուխի։ Իմ մտած ճանապարհը նախ գնում է դեպի հյուսիս, հետո դեպի արևմուտք, արևելք, հարավ՝ անդադար պտույտներ անելով յուրաքանչյուր 5-6 սաժենի վրա: Մեջտեղում միշտ փողոցներ, որոնց մեջ երեք հոգի հազիվ կարող են մեկմեկու կողքին գնալ: Փողոցների երկու կողմը կես, մեկ և մինչև մեկուկես արշին բարձրությամբ փոքր քարերից շինված արհեստական պատեր, որոնց այն կողմը և տներ ու դուքաններ՝ քառակուսի և կլորակ ձևերով:
Տների և դուքանների մեջ փոքրիկ բաժանմունքներ, պահարաններ և դռների տեղեր… Լույս ոչ մի տեղից չէ թափանցում. որտեղից էր փչում ցուրտ քամին՝ չեմ կարող ասել: Տեղ տեղ վերևից մի թթվաշ ջուր էր կաթկթում: Կես ժամից ավելի ման գալով և ման գալով երկյուղ կրելով (ջերմաչափը իջավ մինչև 8°, երբ դուրսը 32° էր), ես դուրս ելա: Ուղեցույցս ինձ պատմեց, որ 1876-ին նա մի քանի տաճիկ զորավարների հետ 4 ժամ ման էր եկել Ստորերկրյա Անիում և նրա ծայրն ու ճոթը չէ գտել: Նրա ասությամբ՝ մեր ման եկած փողոցներով կարելի է գնալ մինչև Միջնաբերդի տակը և հասնել մինչև պարիսպները, ուրեմն՝ ամբողջ քաղաքի տակը դատարկ է և ամեն մի քայլափոխում, ասում էր ուղեցույցս, կհանդիպեք մեծ և փոքր բնակարանների և դուքանների:
Բայց, ավելացնում էր նա, տեղ-տեղ էլ կհանդիպեք պատերի, որոնցից անցնելը անկարելի է, և որոնց մյուս կողմը եղած մասերում ման գալու համար կան դրսից մուտքեր, ուրիշ տեղերից արդեն խանգարված: «-Պատահե՞լ եք խաչերի կամ մատուռների այդ տեղերում»,- հարցրի ես ուղեկցիս: «-Ոչ»,- պատասխանեց նա, միանգամայն հավատացնելով, որ Ստորերկրյա Անին միայն կենդանի մարդկանց բնակարան և գլխավորապես վաճառատեղի է եղած:
Այս նկարագրությունից մենք իմանում ենք, որ Անիի տակ կան ստորերկրյա անցքեր: Բայց դրանք ճի՞շտ որ այն դերն են կատարել, որ այնպիսի վստահությամբ վերագրում է նրանց Գեղամյանցր: Այս հարցը փոքր-ինչ պարզաբանելու համար ես կբերեմ մի ուրիշ նկարագրություն էլ: Վերևում ես մի երկու անգամ հիշել եմ կազակների օֆիցեր Ռժևուսկուն, որ ռուս — թուրքական վերջին պատերազմի ժամանակ երկար մնացել է Անիի մոտ և նկարագրում է այն պատերազմական գործողությունները, որոնք տեղի ունեցան այդ կողմերում: Նույն այդ օֆիցերը խոսում է և Անիի ստորերկրյա անցքերի մասին:
Փորվածքները այնքան բազմաթիվ են ավերակ մայրաքաղաքի տակ ու շուրջը, որ հաստատապես չէ կարելի ասել, թե ո՛ր կողմի քարայրներն ու անցքերն է նկարագրում ռուս զինվորականը: Կարելի է միայն հաստատ ասել, որ Անիի արևմտյան կողմերի մասին է խոսքը, քանի որ այդ կողմերում կարող էր գտնվել ռուսաց զորաբաժինը, որ իր առջև ուներ Ալաջայի թիկունքների և ստորոտների թուրքաց բանակը:
«Հետևյալ օրերը,֊ ասում է Ռժեվուսկին, — մեզ համար հանգիստ անցան: Մեզ տանջում էին միայն սարսափելի շոգերը, ճանճերը և զանազան սողունները, ինչպես են՝ կարիճներ, ֆալանգաներ և թունավոր սարդեր: Շոգերից մենք փրկություն գտնում էինք այն գետնափորերում, որոնք շինված են համարյա ամբողջ Անիի տակ: Գնդի հրամանատարը տոթից հանգստանալու տեղ ընտրեց մի ամբողջ ստորերկրյա դահլիճ, որ բոլորովին կանոնավոր քառանկյունի ձև ուներ, և որին կպած էր մի փոքրիկ եկեղեցի: Ի՞նչ պաշտոն էին կատարում այս ստորերկրյա բնակարանները — չգիտեմ: Սենյակների ամբողջ շարքեր փորելը կամ ավելի ճիշտ ասած՝ քարերի մեջ կտրելը, շարքեր, որոնք մի քանի վերստ տարածություն ունեն — մի այնպիսի ժամանակ, երբ վառոդը դեռ հայտնի չէր, պահանջում էր ահագին աշխատանք, իսկ զանազան զարդարանքները՝ մեծ հմտություն: Չեմ կարող մոռանալ այն ճաշը, որ տվեց մեզ գնդի հրամանատարը այդ գետնափորի մեջ: Երկար ժամանակ իմ հիշողությունից չի անհետանում իր կարգ ու սարքով առանձնատեսակ այդ ընկերական քեֆը: Բարձր դահլիճի կիսամթության մեջ կազակները երգում էին, վայրենի լեզգինկա էին պարում: Կախեթի գինին անպետք էր:
Այս բոլորը դեռ կարող է տեղի ունեցած լինել Ծաղկոցաձորի քարայրներից մեկում, ուր կարելի է դահլի՛ճ էլ գտնել, խնջույքնե՛ր էլ սարքել: Բայց ահա ի՛նչն է զարմանալին:
Հազիվ թե մեկը,- շարունակում է ռուս օֆիցերը,- երբևիցե հետազոտած լինի այն ստորերկրյա քաղաքը, որի մեջ մոլորվել, ճանապարհ կորցնել շատ հեշտ է, բայց որի լիակատար հետազոտությունը գուցե հետաքրքրական հնագիտական գյուտեր տա:
Թե որքան մեծ են և իրանց ճյուղավորություններով մոլորեցնող են այս ստորերկրյա անցքերը, երևում է հետևյալ դեպքից: Խորանժիյ (Առաջին օֆիցերական աստիճանը կազակների մեջ) Բորիսովը, որ Անիի կողմերը հետախուզությունների էր ուղարկված դեռ այն ժամանակ, երբ մեր զորաբաժինը կանգնած էր Արփաչայի մեր ափին, նկատում է մի ձիավոր չերքեզի և իր կազակներով հետամուտ է լինում նրան: Արդեն համարյա հասել էին կազակները, երբ հանկարծ չերքեզը ձին քշեց մի փոքրիկ ձոր և անհայտացավ: Ձորը այնքան փոքր էր, որ եթե չերքեզը դուրս գար այնտեղից, նրան անպատճառ կտեսնեին և սակայն, ո՛չ նա, ո՛չ նրա սպիտակ ձին, չէին երևում: Բորիսովի աչքին ընկավ առջևում բացված սև ծակը և, որքան էլ վտանգավոր էր անծանոթ ստորերկրյա աշխարհ մտնելը, բայց թշնամի ձիավորին գերելը անխուսափելի էր թվում, ուստի և կազակները երկար չմտածեցին ու ձիաները քշեցին մութ գետնափորի մեջ: Սակավ առ սակավ՝ աչքը սկսեց սովորել շրջապատող մթության: Առջևից պարգ լսվում էր հեռացռղ ձիու դոփյունը: Որքան էլ վտանգ շատ լիներ այդտեղ, կազակները շարունակում էին իրանց հալածանքը, և յուրաքանչյուր րոպե նրանց ձիաները զարնվում էին սմբակների տակ ընկնող քարերին: Առջևից գնացող ձիու սմբակների ձայնը ավելի և ավելի մոտ էր լսվում: Հանկարծ այնպես թվաց, թե վազող ձին կանգ առավ: «Պետք է որ փախչելու ճանապարհ չլինի», — այսպես մտածեցին կազակները՝ հանելով իրանց թրերը, որպեսզի նրանց գործի դնեն, եթե այդքան անհանգստություն պատճառած չերքեզը կամենար պաշտպանվել: Մի ինչ-որ բան սպիտակին տվեց, ավելի և ավելի պարզ նկատվեց այդքան եռանդով հալածված ձիու կերպարանքը: Նա այժմ կանգնած էր, բայց, ավաղ, առանց ձիավորի։ Երկար ժամանակ կազակները՝ դեսուդեն պրպտելով, որոնում էին ձիու տիրոջը, լուցկիներ էին վառում, խուզարկում էին բոլոր անկյունները։ Բայց տեսնելով, որ գետնափորները անվերջ են և համոզվելով, որ զուր են ման գալիս, ետ դարձան՝ աշխատելով գտնել ելքի ճանապարհը:
Սոսկալի րոպեներ անցկացրին նրանք, երբ համոզվեցին, որ կորցրել են ճանապարհը: Նրանց մտքով անցնում էր, թե կարելի է ողջ — ողջ թաղվել այս անելանելի նրբանցքների և դահլիճների մեջ, և այս միտքը սառցնում էր նրանց սրտերը, սարասափ էր լցնում նրանց մեջ: Երկար թափառում էին նրանք, ամեն րոպե հետ ու հետ էին գնում, փոխում էին ուղղությունը… Եվ բոլորովին հոգնած, ուժասպառ դարձած՝ նկատեցին վերջապես, լույսի այն ճառագայթը, որ թափանցում էր նրանց շրջապատող մութ տարածության մեջ: Բանից դուրս եկավ, որ ելքի տեղը գտնվում է ա՛յն տեղի հակառակ կողմում, որով ներս էին մտել: Եվ ելքը ավելի նեղ էր: Բացի դրանից, ճանապարհը փակել էին թափված քարերը: Հարկավոր եղավ ձեռքերով մաքրել ելքի տեղը, որպեսզի ձիաները կարոդանային դուրս գալ: Եվ կազակների ձեռքը այդքան աշխատանքի և անախորժ զգացմունքի գնով ընկած պատերազմական ավարն էր մի անպիտան, մոխրագույն, ծեր, չափազանց նիհար ձի և մի զզվելի թամբ:
Անկասկած այս պատերազմական արկածը տեղի ունենալ կարող էր միայն Անիի տակ եղած գետնափորների մեջ: Չորս կողմում մի ուրիշ տեղ չկա, ուր ստորերկրյա այդքան երկար ու ընդարձակ անցքեր որոնենք. անցքեր, որոնք թույլ տային խմբական ձիարշավներ սարքել: Մայոր Ռժևոսկին չէ տեսել այդ ստորերկրյա փողոցները, նրբանցքները, դահլիճները: Նա միայն լսել է Բորիսովի պատմվածքները, և մենք տեսնում ենք, որ դրանք համաձայնվում են Գեղամյանցի նկարագրության հետ ընդհանուր կետերում: Թույլ տանք, որ թե՛ Բորիսովը և թե՛ Գեղամյանցը շատ բան տեսած ու հասկացած են համարել իրենց երևակայության միջոցով, որ, ինչպես հայտնի է, այդպիսի մութ ու ահավոր տեղերում գործում է անհամեմատ մեծ եռանդով, ստեղծում է իրականության անհամապատասխան պատկերներ և անուններ։ Թող այդպես լինի։ Բայց և այդպես մնում է այն փաստը, որ Անիի տակ ինչ-որ երկար ճյուղավորվող անցքեր կան, ինչ-որ խորհրդավոր բավիղներ։
Ամբողջ հարցն այն է, թե ի՛նչ են եղել դրանք։ Ասում են՝ մարդկային բնակության տեղեր: Հավատա՞նք։ Մարդը թե՛ հնում, — չմոռանանք այս, — թե՛ այժմ, մի արարած է, որ չէ կարող ապրել առանց օդի, լույսի և արևի։ Ստորերկրյա Անին չէր կարող տալ իր բնակիչներին այդ ամենագլխավոր տարրերը՝ առանց որոնց կյանք չկա։ Նույնիսկ եթե ենթադրելու էլ լինենք, թե վերևից, քաղաքի միջից մեծ-մեծ ծակեր էին բացված լույս ռւ ջերմություն հաղորդելու համար, ստորերկրյա աշխարհին դարձյալ ոչինչ հավանականություն ստեղծած չէինք լինի՝ այն բանի համար, թե մարդիկ էին ապրում հողի տակ։ Այդ ապրուստը անհնարին կլիներ այնքան լայն ռւ մեծ ստորերկրյա տարածության վրա։
Վերջապես մի աոանձին ստիպողական հարկ էլ չկար, որ Անին իր ազգաբնակության ավելորդ մասը թաղեր գետնի տակ։ Նա իր շրջականերում ունի ընդարձակ և լայն տեղեր, ուր կարող էին հարյուր հազարավոր մարդիկ բնակվել։ Եվ մենք, դատելով լրջությամբ, վերջիվերջո կգանք այն եզրակացության, որ ստորերկրյա անցքերը, փորվածքները ուրի՛շ նշանակություն են ունեցել, ուրի՛շ դեր են կատարել: Գուցե նրանք պատերազմական գիտության մշակած գաղտնարաններ, մթերանոցներ, նույնիսկ՝ ժամանակավոր ապաստանատեղեր են եղել։
Եվ եթե մենք աչքի առաջ բռնենք, թե այս կողմերի քարի կակուղ հատկությունը որքա՛ն զարմանալի դյուրություն և հաջողականություն է հաղորդել Անեցիների ճարտարապետական տաղանդին, որքա՛ն խիզախ ձեռնարկողներ է դարձրել նրանց շինելու և փորելու գործի մեջ, հասկանալի կլինի, որ մայրաքաղաքի պաշտպանողական նպատակների համար այդպիսի վիթխարի ձեռնարկությունն էլ, ինչպես ստորերկրյա անցքերի ցանցն է, միանգամայն կարելի և հնարավոր էր:
Կարծում եմ, որ ռուս օֆիցերի պատմած դեպքը երբ մի չերքեզ՝ նեղն ընկած ժամանակ, ազատվում է մի խումբ կազակների ձեռքից՝ ապավինելով գետնափորներին, պիտի մի աղոտ առաջնորդ դառնա մեզ համար՝ «Ստորերկրյա Անիի» նշանակությունը հասկանալու համար: Այստեղ էլ ես կրկնում եմ, ինչպես դեռ էլ առիթ պիտի ունենամ կրկնելու այն, ինչ ասել եմ Անիի պատերազմական նշանակության մասին։ Երբ այցելուն ամփոփվում է այդ նշանակությունը ըմբռնելու մտքի մեջ, նա չի կարող չհիանալ՝ տեսնելով, թե որքա՜ն խնամք ու ուշադրություն, որքա՜ն ճարտարություն, կանխատեսություն է թափված՝ այս բերդին ամեն կողմից պաշտպանողական հզոր միջոցներ հայթայթելու համար:
Ավերակների երկար տարածության վրա, կրկնում եմ, միայն քրիստոնյայի աստծո խորտակված պաշտամու՛նքը չի ողբում, նրանից ավելի խոսում է այս լուռ վայրերում ջարդված, կոտրատված հուժկու ռազմական պաշտպանողական հանճա՛րը: Դուք տեսնում եք, որ մի սուր աչք տեսել է ամեն ինչ, որոշել է այն տեղերը, ուր մայրաքաղաքը կարող էր հարվածներ ընդունել, և դրել է այդ տեղերում հակահարվածների ամուր պատվանդաններ։ Ստորերկրյա մութ, խորհրդավոր սարսափ ազդող փորվածքներն էլ հարկավոր են եղել Անին այնքան սիրուն կերպով պաշտպանության դիրքի մեջ դնող հանճարին: Գոնե ինձ համար ամենահավանական ենթադրությունն ա՛յս է: Իհարկե, ո՛չ ես, ո՛չ էլ մի ուրիշը, չենք կարող ամենաճիշտ հավանականությանը մոտեցած լինել, քանի որ ձեռքի տակ ունենք երկու ականատեսների նկարագրությունները: Դրանք շատ անբավարար են:
Մի ստորերկրյա աշխարհ ճանաչելու համար բավական չեն երկու պատահական այցելուները, որոնք, ահ ու երկյուղով բռնված, մի կարճ ժամանակ եղել են փորվածքների մեջ: Պետք է հանգիստ մանրամասն ուսումնասիրություն, պետք է ո՛չ թե լուցկիների լույս, այլ՝ գիտության և լուսաբանության պայծառ ջահե՛ր մտցնել այս տեղերը: Դա դեռ ապագայի գործ է: Անին կարգին չէ ուսումնասիրված, լուսաբանված չէ իր ավերակային կյանքի բոլոր, բոլոր դիրքերից: Պետք է հուսալ, որ կգա՛ այդ օրն էլ: Եվ այն ժամանակ, այն բոլոր մութ հարցերի հետ, որ պահում է իր կրծքի տակ Անին, կպարզվի և ստորերկրյա քաղաքի էությունը:
Նոր ենք դուրս եկել Ծաղկոցի ձորից, նոր ենք ոտք դրել Անիի մակերևույթի վրա: Բայց հեռանալ ձորի պռունգից դեռ չենք կարողանում: Բարձր ժայռերի գլխից մենք դեռ մի քանի րոպե էլ դիտում ենք արևմտյան շրջակաների տեսարանը: Մեր ձախ կողմին բարձրացած միջնաբերդը նույնպես նայում է ձորին, որի մեջ էինք մենք մի կես ժամ առաջ: Դա մի դարավոր անշարժ հայացք է և կարծում ես, թե նա միշտ դյութված է այն ամեհի վայրենի գեղեցկությունից, որ ներկայացնում է Ծաղկոցաձորը, այստեղ՝ նրա ոտների առաջ: Բայց մեր ուշադրությունը գրավողը այնքան այդ մեծ, ամայի մոխրագույն ձորը չէ, որքան այն շինությունը, որ ուղիղ մեզ է նայում ձորի հանդիպակաց կողի ժայռոտ զառիվայրերից:
Շինությու՞ն: Բայց ո՞վ է նրան շինել: Երկու վարպետներ են երևում՝ Բնությունը և Մարդը: Ո՞վ է դրանցից շատ աշխատել այդ շինության վրա՝ մարդը: Բնությունը միայն նյութ է տվել, բնությունը այդ թեք լանջի վրա գցել է մի մեծ ժայռ, իսկ մարդը բարձրացել է այնտեղ, իր մուրճով ծակծկել է ժայռը, սենյակներ է փորել, մինչև իսկ պատուհաններ է բացել, և ահա այդ քարայրային ապարանքը լուռ մեզ է նայում իր բաց դռներով:
Մեր տեսած այն քարայրների մեջ, որոնք մի ժամանակ մարդկանց էին ծառայում, այս մեկը առաջինն է թե՛ իր չափերով, թե՛ իր զարդարանքներով: Մենք իսկույն հատկացնում ենք նրան «ապարանք» անունը: Եվ իրավ, որքան կարելի է դատել հեռվից, նա սովորական տուն է:
Մոտիկից տեսնել նրան, մանավանդ նրա ներսը մտնել, հեշտ չէ, եթե չասենք, թե անհնարին է: Նրա ժայռը ցցված է ձորի պատռվածքի ծայրին: Ներքևից՝ ձորի հատակից, ոչ մի ճանապարհ, որ տաներ դեպի վեր, դեպի մեր մկրտած «ապարանքը»: Գուցե կարելի լինի մագլցելով վեր բարձրանալ: Իսկ վերևից՝ ձորի պռունգից միայն թոկերի վրա կարելի է կախվել, ցած գնալ, սենյակների մուտքին հասնելու համար:
Մենք ո՛չ մեկն ենք անում ո՛չ մյուսը, այլ մեր կանգնած տեղից ուղղում ենք մեր դիտակները և տեսնում ենք այն, ինչ կարելի է տեսնել դրսից: Քարայրի ապարանքը կամ այրերի այդ խումբը ինչպես կամենում եք՝ անվանեցեք,- երկհարկանի է: Երևում են մի քանի կամարաձև գեղեցիկ դռներ, մի երկու սենյակների առջևի պատը քանդված է, և դուք տեսնում եք, որ նրանք ներսից ավազան են եղել: Ոչ միայն ավազան: Երկար մեր ուշադրությունը գրավում է իր բոլոր երեք պատերով, մեզ նայող սենյակը: Նրա մեջ մենք նկատում ենք բազմաթիվ դարակներ, նկատում ենք և ինչ-որ գունավոր նկարներ: «Ապարանքի» հարավային մասն է այդպես կիսաքանդ և ցույց է տալիս իր ներքինը: Մնացած մասը դեռ ծածկված շինության արտաքին ամբողջությունն է պահպանում, և այդտեղ երևացողը պատուհաններն են միայն:
Բնականաբար, մեզ իսկույն պիտի բորբոքեր այն հարցը, թե ի՞նչ է եղել այդ շինությունը: Կենդանի մարդուն մի անհայտ ու անխոս ավերակի առաջ ամենից շատ այդ է տանջում: Եվ մեզանից ամեն մեկը իր ենթադրությունն էր հայտնում: Մեկն ասում էր, թե երևի այդտեղ ապրելիս է եղել մի իշխան կամ մի շատ հարուստ մարդ: Իհարկե, ամենից առաջ մի այդպիսի միտք պիտի գա, քանի որ մենք գտնվում ենք մի մայրաքաղաքի, այն էլ՝ իր փարթամությա՛մբ հռչակված մայրաքաղաքի հողի վրա: Բայց մի ուրիշը իրավացի կերպով նկատում է, որ մասնավոր շինությունները այնքան մեծ ու փառահեղ չեն եղել, գոնե Անիի մեջ՝ այդպիսի տան, ապարանքի կանգուն ավերակներ չենք տեսնում: Կան, այո՛, շինություններ, որոնք եկեղեցիներ չեն, բայց մենք նրանց մասնավոր մարդկանց սեփականություն չենք ճանաչում և ասում ենք, թե դրանք պետական հիմնարկություններ, պաշտոնարաններ են եղել: Այպես էլ այդ ժայռի մեջ փորված ապարանքը՝ երևի որևէ պաշտոնական հիմնարկություն է եղել, կամ՝ զինվորական պահականոց, որ հսկվում էր հարավային կողմից եկող մեծ կարևոր ճանապարհի վրա կամ գուցե՝ մաքսի և այլ հարկերի տուն:
Սրանք մեր խոսակցություններն են, ընթերցո՛ղ: Եվ ես չեմ ասում, թե ուրիշ այցելուներ բոլորովին ուրիշ տեսակ խոսակցություն, ուրիշ տեսակ ենթադրություններ չեն ունենա այս միևնույն առարկայի վերաբերմամբ: Ամենքն իրավունք ունեն: Ո՛չ մի գրով, ո՛չ մի հիշատակությամբ չխանգարվող քարային լռության առջև ենք կանգնած: Քարերից էլ, ասենք, գաղտնիքներ խլում են, բայց ի՞նչ տեսակ քարերից: Ո՞ւր էր, եթե մենք էլ, հասարակ այցելուներս, մաս ունենայինք այն հանճարից ու հնարավորությունից, որ, օրինակ, Վանի ժայռերի վրա նշանակված բազմադարյան ալևոր գաղտնիքը բացեց:
Բայց կասեմ, որ շատ ճիշտ է մեր խոսակցության մեջ շեշտված այն հանգամանքը, որ մասնավոր աչքի ընկնող մեծ շինություններ ոչ ոք չէր ուզում ընդունել Անիի կանգուն ավերակների մեջ: Կարծես, թե անեցին դրամ խնայելիս չի եղել միայն եկեղեցիներ և պաշտոնարաններ շինելիս: Ահա մենք գնում ենք դեպի այդպիսի մի շինություն, որը նույնպես ստեղծված է, որի ինչ լինելու առիթով տեսակ-տեսակ դատողություններ կան: Ծաղկոցաձորի եզերքով մի ծուռումուռ ճանապարհ տանում է մեզ քիչ դեպի հյուսիս: Մեր առջև պատերի մի տրորված խումբ է երևում: Նա բարձր է նայում է մեզ՝ երեք հատ սևին տվող կամարակապ բացվածքներով, որոնք ներքին հարկումն են գտնվում: Դրանք սենյակներ են, և՝ բավական լա՛վ պահված սենյակներ»…
…«Քարակաշկառների վրայով մտնում ենք ներքին հարկի կամարակապ սենյակները՝ համարյա համոզված, որ մտնում ենք արքայական պալատը»…
…«Վեհ ու տխրալի ավերակները ինչ որ թագավորական վսեմաշուք ազդեցություն են թողնում և դուք համարյա մոռանում եք, որ Բագրատունյաց մայրաքաղաքը ամբողջ դարեր ապրել է առանց թագավորների և ապրել է տեսնելով գեղեցիկ օրեր էլ»…
Լուսանկարներում՝ տեսարաններ Անիից, նաև՝ նրա քարայրային ու ստորգետնյա հատվածներից…
«ԱՆԻՆ ԿԱՐԵԼԻ Է ՆԿԱՐԱԳՐԵԼ ԱՆԹԻՎ ԱՆԳԱՄ՝ ԻՆՉՊԵՍ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ ԵՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ, ԼՈՒՍԻՆԸ, ԾՈՎԸ, ԶԵՓՅՈՒՌԸ»…
1903 թվականի ամռանը մի խումբ Հայ մտավորականների հետ մի քանի օրվա շրջագայությունների արդյունքում Հայ պատմաբան, գրող, գրականագետ, հրապարակախոս Լեոն (Առաքել Բաբախանյան, 1860-1932)՝ ծնունդով Արցախի Քարին տակ գյուղից, գրում է իր տպավորությունները՝ Հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաքի ավերակների նկարագրությամբ՝ փոխանցելով «բարբարոսության ավերիչ շունչը»… «Անին կարելի է նկարագրել անթիվ անգամ՝ ինչպես նկարագրում են արշալույսը, լուսինը, ծովը, զեփյուռը… Որովհետև նա էլ այդպիսի մի երևույթ է մեր մարդկային աշխարհում»:
Որոշ քաղվածքներ Լեոյի՝ «Անի… Տպավորություններ, հիշատակներ, Անցածն ու մնացածը», (Երևան, 1963 թ.) գրքից՝ ստորև…
…«Անին մոռացված էր, բայց Անեցին չէր մոռացվում: Պարծանք էր Անեցի լինելը, որովհետև Անին մի բարձր, կուլտուրական, ընտրյալ, ազնիվ և զարմանալի ընդունակ ժողովրդի անուն էր: Հայերի մեջ դեռ այդպիսի բարձր, ազնվական տիտղոս ոչ մի նահանգ, ոչ մի քաղաք չէր ստեղծել:
Անեցի լինելը մեծ պարծանք էր, թեև իրապես Անեցի լինելը նշանակում էր լինել հայրենիքից զուրկ թափառական, օտար երկնքի տակ դեգերող: Դառն ճակատագիրը քշում էր Անեցուն ամեն տեղ. դրա պես գաղթական չէ եղել նույնիսկ Հայերի նման մի ազգի մեջ, որ հրեաներից հետո առաջին համաշխարհային թափառականն էր: Անեցին տեղափոխվում էր Հայաստանի զանազան կողմերը: Նա նույնիսկ պատռեց Ասիայի սահմանները և ահագին քանակությամբ ցրվեց այնպիսի հեռաստաններում, ինչպես են Ղրիմ, Լեհաստան, Հունգարիա: Բայց ամեն տեղ նա տանում էր իր պարծանքը. այն, որ նա Անեցի՛ է: Եվ այն ժամանակ, երբ Ախուրյանի ափին կարիճներ էին միայն սողում պալատների, եկեղեցիների, պարիսպների հոյակապ բեկորների մեջ, գաղթական Անեցու երրորդ կամ չորրորդ սերունդը՝ նստած Ղրիմի ափերում, հիշատակարան էր գծագրում, որի մեջ, նկարագրելով իր տարաբախտ, ողբալի ներկան, մխիթարվում էր իր հեռավոր անցյալը հիշելով, այն, որ Ղրիմի Հայ գաղթականությունը Անիի՛ց է դուրս եկել…
«Մենք, — սրտառուչ հպարտությամբ պատմում է հիշատակարանը, — Պահլավունիների սերունդից ենք, Անի մեծ, թագավորանիստ քաղաքից: Մեր Անի քաղաքը իշխանների և ազնվականների բնակության տեղ էր և չենք կարող սահմանի մեջ գցել ու պատմել այն անսահման և անհուն հարստությունները, որ ուներ ժողովուրդը՝ ազնվական իշխաններից սկսած մինչև գռեհիկները: Բացի յուրաքանչյուրիս ոսկեզօծ զանազան պալատներից, ունեինք նրա մեջ և «հազար ու մի եկեղեցի» »:
Դարերի ընթացքում Անեցի գաղթականը ամեն ինչ մոռացավ Եվրոպայի հողի վրա՝ և՛ իր լեզուն, և՛ իր ազգային ավանդույթները, բայց երբեք չմոռացավ և նույնիսկ այժմ էլ չի մոռացել մի բան՝ որ նա Անի քաղաքից է»…
«…Անին մեր նախնիքների ռազմագիտական տաղանդի մի աննման թանգարան է ներկայացնում: Ահա մի փաստ էլ, գուցե՝ ամենահիանալին բոլոր այստեղ հավաքված փաստերից: Ինչպե՜ս լավ են իմացել օգտվել բնության ահավոր խաղերից: Ինչպե՜ս կարողանում էին նվաճել անմատչելի վայրենություններն անգամ հպատակեցնելով նրանց իրենց բահերին, թիերին, բրիչներին: Պարիսպն իր վերևի մասերում է քիչ ավերված: Մնացած մասը կարմիր միապաղաղ մի զանգվածի է նմանում: Թվում է, թե դա Միջնաբերդից դուրս մի ամեհի գազան է, որ համարձակ ցած է վազել և, հասնելով խորխորատին, կանգնել, ծառացել է նրա վրա…
Միայն ռազմական պետքերի կարող էր ծառայել այդ մեծ, ահարկու տպավորություն թողնող պարիսպը: Նա վերջանում է քառակուսի սպառվածքով, որ ցցված է ձորի ահագին խորության վրա և իր մի հատ մեծ պատուհանով խոժոռ սպառնական հայացք է բևեռել ոչ միայն ձորի, այլև նրա ափով անցնող ճանապարհի վրա: Այստեղից չի երևում այդ աչքը, բայց այստեղից նայողն էլ զգում է, որ այնտեղ պատի բարձր քառակուսի ծայրը պլշած նայում է դարձյալ սպառնալից, դարձյալ ահարկու՝ ինչպես իր կառուցման առաջին օրից…
Փոքրիկ, անանուն եկեղեցուց մենք դանդաղ շրջագայում ենք Միջնաբերդի հարավային ստորոտով՝ ուղղվելով դեպի արևելք: Բայց աչքից չգցենք մեզանից ցած ընկած ժայռերի տարածությունը: Ծաղկոցաձորը գնալով նրա արևմտյան կողմով նեղանում, կուչ է գալիս, և այստեղից նա հազիվ նկատվում է իբրև մի սև, անհատակ պատռվածք: Միշտ այդ նեղված ձորը ձգտում ունի դեպի արևելք գալու, ժայռերը հաղթահարելու: Ինչու՞, ի՞նչ կա արևելքի մեջ ձգողական: Ախուրյա՛նն է այդ կողմում, և Ծաղկոցաձորի ջուրը շտապում է ժամ առաջ միանալ նրա հետ: Սև ապառաժ բարձրությունն է ընկած նրա և Ախուրյանի մեջ. չէ թողնում միանալ, բաժանում է, բայց ժա՛յռն էլ վերջ ունի, ժա՛յռն էլ հոգնում է: Հրե՜ն, հեռու հարավում Ախուրյանի լայն պատռվածքը ժայռերի միջով շրջան տվեց, թեքվեց դեպի արևմուտք: Իրան է սպասում Ծաղկոցաձորի երկար ու նեղ շարունակությունը և իսկույն ընկնում է Ախուրյանի գիրկը: Եվ ստացվում է այսպիսի տեսարան:
Միջնաբերդի հարավային մասը՝ ցածրանալով, տեղի է տալիս այն բարձր ժայռերին, որոնք անջատում են Ախուրյանը Ծաղկոցաձորի ջրից: Այսպիսով, Անիի թերակղզին ստանում է սեպի նման վերջավորություն, որ իր սուր անկյունով խրվում է երեք կողմից շրջապատող ձորերի մեջ: Սուր անկյուն կազմող ժայռոտ բարձրությունը՝ երկու ջրերն իրարից անջատողը, այժմ անվանվում է «Գըզըլ գալե» կամ «Գըզ-գալե»: Մի բերդ, ուրեմն: Եվ իրավ, բնության շինած մի անմատչելի ամրություն է դա, ուր, ինչպես ցույց են տալիս այնտեղ երևացող ավերակները, մարդիկ են ապրել, պաշտպանվել:
Շատ քչերին է աջողվում գնալ, տեսնել Աղջկա բերդը: Ճանապարհը սաստիկ վտանգավոր է, նա քերում է այդ ժայռերի կուրծքը, և անցնողն առանձին ճարպիկություն և դյուրաթեքություն պիտի ունենա՝ խոր ձորի մեջ գլորվելու անխուսափելի վտանգից ազատված լինելու համար: Այդ հանգամանքը արգելք է դնում մեր առջև: Եվ ես կասեմ այստեղ այն, ինչ տեսնողներն են ասում:
Ժայռոտ բարձրության գլուխը չափազանց փոքր ու անձուկ է, որպեսզի այնտեղ մի աչքի ընկնող բերդ տեղավորվեր:
Բայց ինքնապաշտպանության հոգսով պաշարված հին մարդու համար անձկությունն այնքան նշանակություն չուներ, որքան՝ ամրությունը, ուստի՝ նա փոքրիկ բերդերն էլ չէր արհամարհում: Երեք կողմից ջրերով շրջապատված, իսկ չորրորդ կողմից մի պարսպանման սպառվածքով անմատչելի ժայռը դեռ հին ժամանակներում պաշտպանության մի գեղեցիկ վայր է դառնում: Ենթադրում են, որ դա՛ է եղել հին Անի բերդը: Այդտե՛ղ էր, ինչպես կարծում են, Հայոց ամենագլխավոր և ամենաժողովրդական աստվածուհու՝ Անահիտի տաճարը:
Երբ քրիստոնեությունը Հայաստանում պաշտոնական կրոն դարձավ, Գրիգոր Լուսավորիչը, ինչպես հայտնի է, սկսեց կործանել հեթանոսական մեհյանները և նրանց տեղ եկեղեցիներ կառուցանել: Այստեղից մի ուրիշ ենթադրություն էլ — այս ժայռի վրա էլ, ուրեմն, Լուսավորիչը կառուցած պիտի լինի եկեղեցի: Այժմ էլ այնտեղ երևում է կարմիր քարերից շինված մի գեղեցիկ եկեղեցի՝ շրջապատված մատուռներով: Ավերանքը այդ անմատչելի տեղն էլ է հասել: Նրա համար արգելք չէ եղել վտանգավոր նեղ ճանապարհը, որ քարերի՛ մեջ փորած աստիճաններով է դեպի վեր գնում և նրա քայքայող շունչից այդ եկեղեցուց էլ մի քանի պատեր ու բեկորներ են միայն մնացել»…
…«Բացի այս եկեղեցուց, նկատվում են ժայռի գլխին և մի քանի ուրիշ ավերակներ, որոնք աշտարակների ձև են ցույց տալիս: Դրանք էլ մի կողմից են ուժ տալիս այն կարծիքին, թե Գըզ գալեն է եղել նախնական Անին, որ դեռ հինգերորդ դարից հայտնի էր «ամուր» տիտղոսով:
Այդտե՛ղ է ծնվել բերդը, այդտե՛ղ է մկրտվել՝ իր գեղեցիկ անունը ստացել: Եվ ապա տարածվել է դեպի հյուսիս, անցել է ձորը, բարձրացել մեր այս Միջնաբերդի լանջերով ու առաջ գնացել ո՛չ միայն աշխարհագրական սահմանների, այլև՝ անմահ փառքի ու հռչակի մեջ…
…«Ծաղկոցաձորին նայող ծայրի կամարազարդ ավերակների մոտից մենք նայում ենք դեպի հեռուն:
Ուղիղ գծով մեր դիմաց Ալաջայի փեշերն են, իսկ նրանց տակ՝ ստորոտում, մի տեղ կա, որ Անիի հետ կապված է բազմաթիվ հիշատակներով: Այժմ այդ տեղը կոչվում է Ղոզլիջա՝ մի թուրքական փոքրիկ գյուղ, որի մոտ, սակայն, մի փառավոր եկեղեցի է մնացել: Թուրքերը անասունների գոմ են շինել եկեղեցին, բայց նրա պատերի բազմաթիվ արձանագրությունները մի ամբողջ պատմություն են պարունակում իրանց մեջ:
Նրանք ասում են, որ դա Բգներ կամ Բագնայր ավանն է: Իր անունով այդ ավանը հիշեցնում է մի հին, հեթանոսական հիմնարկություն լինելը: Եվ, երևի, քրիստոնեության մուտքը բոլորովին չէ ոչնչացրել տեղի կրոնական նշանակությունը, այլ, ինչպես և ուրիշ տեղերում, ծառայեցրել է նրան իր նպատակներին: Գոնե 10-րդ դարից, երբ այդ եկեղեցին շինվել է, ինչպես կարծում են՝ Պահլավունի իշխանների ձեռքով, Բագնայրը նշանավոր ուխտատեղի է եղել և Անիի արևմտյան կողմում համարյա նույն պաշտոնն է կատարել, ինչ Հոռոմոսը՝ արևելյան կողմում»:
…«Ավերակների թագուհի Անին» տեսնելով, շքեղ շինությունների փլատակների մեջ Լեոն վերհիշում է պատմիչների գրածները՝ Ասողիկի տողերը երբեմնի ծաղկուն, բարգավաճ ու բարեզարդ այս մայրաքաղաքի մասին, ուր «Ժողովրդի հարստությունն ա՛յն աստիճանի էր հասել, որ մինչև իսկ հովիվներն ու նախարարները մետաքսե շորեր էին հագնում»… Նաև՝ Լաստիվերտցու հայտնածը՝ «Անին չորս հարյուր իննսուն և չորս թվականին (1045 թ.) առնվեց ո՛չ թե պատերազմի օրենքով, այլ՝ խաբեությամբ»…
…«Զգացմունքների մի ահագին բեռ էի տանում հետս Էջմիածնից: Երբ գնացքը մոտենում էր Անի կայարանին՝ մենք կանգնեցինք պատուհանի առաջ: Հեռվում՝ արեգակի պայծառ լույսերի մեջ, նորից վերջին անգամ երևացին այժմ ինձ այնքա՜ն ծանոթ, այնքա՜ն սիրելի ավերակները: Եվ ես զգացի, որ ամենից ուժեղը, ամենից տպավորիչը, ամենից անմոռանալին դրա՛նք են, այդ սգավոր պատերն ու շենքերը»…