ԱՆԻ — «ՆԱԽՈՐԴԸ ԱՎԱՆԴՈՒՄ Է ՀԵՏՆՈՐԴԻՆ. ԱՀԱ՛ ԿՅԱՆՔԻ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ»…
Խորունկ կիրճերի եզրերը զարդարող բնական ու արհեստական քարայրներով ու անձավներով, ճարտարապետական հոյակերտ կառույցներով, հուժկու պարիսպներով ու ստորգետնյա խորհրդավոր ցանցով Անի քաղաքն իր ճոխությամբ ու հմայքով գերել է ականատեսներին դարեր շարունակ…
Անին մեծ անակնկալ էր նաև 20-րդ դարի առաջին տարիներին այնտեղ այցելած մի խումբ Հայ մտավորականների համար:
Նրանցից մեկը՝ 1864 թվականին Շապին Գարահիսարում ծնված, իր կյանքի 30 տարիներն անխոնջ նվիրումով հայրենի երկրի ճարտարապետության ուսումնասիրությանը նվիրած բազմավաստակ ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր՝ «Զվարթնոց եկեղեցին» հոդվածում գրել է.
«Ես այս ամենը տեսա, երբ երկու տարի առաջ այցելեցի Անի։ Զարմանքով կը դիտեի չորս կողմս եւ չէի ուզեր հավատալ տեսածներուս իրականությանը»…
«…Անցան տարիներ, և կատարվեց այն, ինչը չէին կարող ենթադրել բոլոր նրանք, ում համար թանկ էր Անիի ճակատագիրը:
Պետրոգրադից Թիֆլիս տեղափոխելու ճանապարհին անհետացավ Անիի ողջ գիտական արխիվը` հազարավոր փաստաթղթեր, գծագրեր, օրագրեր, լուսանկարներ:
1918-ին թուրքերը գրավեցին քաղաքը՝ ավերելով ու փլատակների վերածելով անգնահատելի արժեքները, իսկ երկու տարի անց այն արդեն կտրվեց Հայաստանից՝ դառնալով կորսված հայրենիքի մի բեկորը» (Հովիկ Չարխչյան):
Արտաշես Վրույրն իր «Անիում» հուշագրությունն ավարտում է հետևյալ պատկերով:
…«1932 թվականին «Բանվորական թատրոնը» հյուրախաղային ներկայացումներով գտնվում էր Անի-Պեմզայում: Մի օր թատրոնի բրիգադան ցերեկային բացօթյա ելույթ ունեցավ Խարկով գյուղում:
Ելույթից հետո սահմանապահների ուղեկցությամբ մոտեցանք Ախուրյանի ձորի շուրթին, Անիի դիմաց:
Ես կարկամել էի ու արձանացած դիտում էի: Իմ դիմաց Ավերակների քաղաքն էր: Երկար տարիներից հետո կրկին տեսնում էի երազանքիս առարկան: Սգավոր քաղաքը, ծանր խորհուրդների մեջ թաղված, իր կանգուն ու կիսականգուն գեղակերտ կառույցներով փռված էր իմ առջև: Գանգիս մեջ պտտվում էին իմ օրերի Անին, իր նոր բնակիչներով, իր նոր շնչով… Մանկական ու պատանեկան կյանքիս քաղցր օրերով…
Հուզմունքը խեղդում էր ինձ:
Վերադարձին ես Խարկովում հանդիպեցի Ագոյին. դա մեծ ուրախություն պատճառեց մեզ երկուսիս: Մեր հանդիպումը ջերմ էր: Ինչպես երկու պանդուխտներ, երկար ու ձիգ տարիներից հետո պատահմամբ հանդիպում են իրար և իրենց երկրի կարոտը առնում միմյանցից, ահա այդպես էր մեր հանդիպումը, բայց ավելի քան սրտառուչ էր, երբ ես Ագոյի խրճիթի շեմից ներս մտա:
Ագոն՝ այդ առնակազմ ալաշկերտցին, ժամանակից շուտ ծերացել էր արդեն, կոտրվել էր և իր կողակիցը՝ Զմոն: Երբ վերջինս իմացավ իմ գալուստը, մի կողմ նետելով Հայ գեղջկուհու նահապետական ամոթխածությունը, վազեց և փարվեց վզովս, ասես մայրը գտած լիներ իր կորած զավակին:
-Լա՛ո, Արտաշե՛ս,- բացականչեց նա, և ուրախության հուզմունքը խեղդեց նրան, նա լռեց: Բայց լուռ արտահայտվեց ավելին, քան կարող էր լեզվով ասել:
Եվ հորդում էին Զմոյի բարի աչքերից բերկրանքի ու դառնության արցունքներ, ասես Անիի անցյալ կյանքի քաղցր կարոտն էր առնում ինձանից:
Ագոն տեղում քարացած, հենված իր գավազանին, լուռ նայում էր մեզ. նրա սիրտը փոթորկում էր նույն ջերմ զգացմունքներով, ինչ համակել էր Զմոյին: Մենք երեքս էլ արտասվում էինք:
Ագո և Զմո… Ահա՛ նվիրական անուններ, որոնք վերստին մարմնացնում են հիշողությանս մեջ նվիրական Անին իր շրջապատով ու իր առօրյա քաղցր կյանքով:
Պատմական կյանքի հորձանուտի մեջ ընկած՝ ալիքները բերել, շպրտել էին Ալաշկերտի հովիտներից հեռու, ուրիշ տարագիրների հետ և դրանց՝ այդ երկու Հայ շինականներին:
Եվ բնավեր ու տնավեր տարագիրներին գորովագութ մոր նման իր գիրկն էր առել իրենց բախտակից Ավերակների քաղաքը – նրանք ծվարել էին Անիի Իգաձորի ժայռափորերում՝ որպես վերջին հանգրվան: Սակայն դարձյալ իրենց վերջին թվացած բույնն էլ քանդվեց:
Եվ նորից պանդխտության ցուպը ձեռներին, ահաբեկ ու տրտում լքեցին Իգաձորի այրերը և բույն դրին Խարկով գյուղում: Նրանց դեմքերը ակոսել էին տառապանքն ու վիշտը և անջնջելի հետքեր թողել Ագոյի ու Զմոյի տանջված դեմքերին: Տարաբախտ շինականների վրա կյանքը դրոշմել էր իր դաժան կնիքը:
Կարոտի, ուրախության ու վշտի արցունքները՝ դառն ու քաղցր ի մի շաղախված, հորդում էին մեր փոթորկող սրտերից: Անպատմելի, աննկարագրելի վայրկյաններ էին դրանք, կյանքի մեջ հազվադեպ, ուր Ավերակների քաղաքի պապակ կարոտը ու իր գեղեցիկ՝ մեր փոքրիկ կյանքով, իր ջերմ շնչով, մագնիսական հոսանքների նման գալիս, անցնում էին մեր մարմինների միջով ու դուրեկան զգացողությամբ համակում մեր ամբողջ էությունը: Այդ անապատում վերապրումները զգում էինք մենք իր ամբողջ մեծությամբ ու քաղցրությամբ:
Որքան որ անբաժանելի ու դուրեկան վայրկյաններ էին, բայց, այնուամենայնիվ, ստիպված էի հրաժեշտ տալ Անեցի հարազատներիս:
Զմոն, որ զբաղված էր լավաշ թխելով և, տեսնելով ինձ՝ ձգել էր իր աշխատանքը, իր պատրաստած լավաշներից տվավ ինձ ճանապարհի համար, ես չմերժեցի:
Որքան որ ջերմ ու քաղցր էր մեր հանդիպումը, այնքան էլ ծանր ու դառն էր մեր բաժանումը…
Իմ արվեստակից ընկերները վաղուց արդեն հեռացել էին, ես պետք է հասնեի նրանց:
Զմոն՝ ձեռները ծալած կրծքին, դռան շեմին կանգնած, թաց աչքերով ճանապարհ էր դնում ինձ, ասես ես այդ ընտանիքի հարազատ զավակն էի և հարկադրված գնում էի պանդխտության, ու մայրը վշտաբեկ սրտով ճանապարհում է նրան:
Ագոն, զրուցելով ինձ հետ՝ քայլեց բավական երկար:
Անիի պեղումներում փորձված խարկովցի բանվորներին՝ Տիգրանին, Գաբրիելին, Մուքայելին և ուրիշներին չկարողացա տեսնել. ոմանք բացակայում էին, ոմանք էլ արդեն չկային: Լսեցի, որ Տիգրանի տղան Անի-Պեմզա կապի բաժանմունքի պետն է…
Անի — չորս ձորերով պարփակված դյութական մի աշխարհ՝ արգասիք Հայ հանճարեղ մտքի:
Անի — ուսուցիչ՝ ուսուցանելու համար:
Անի — արվեստի վարդպետ՝ վարդպետելու համար:
Եվ Անին պատմական Հայ արվեստի զարգացման ուղիներում բարգավաճած իր աննախընթաց արվեստով գալիս է ուսուցանելու, վարդապետելու իր հետագա սերունդներին:
Անիի բեղմնավոր արգանդը ծնում է, եռանդ ու ավյուն է տալիս շատերին:
Հետագա սերունդները սկսեցին ուսումնասիրել նրան, սովորել նրանից, ներշնչվել նրանով, վերցնելով նրանից այն լավն ու օրինակելին, որոնք հետագայում հիմք ծառայեցին Հայկական նոր ճարտարապետական ոճին ու կառուցման եղանակներին և տվին ժամանակի շունչը խտացրած ուրույն, գեղեցիկ մի արվեստ:
Եվ սկսում է խոյանալ «Նոր-Անին»՝ երիտասարդ մայրաքաղաքի տարածության վրա, հիացմունք պատճառելով աշխարհի տարբեր ծայրերից մեր երկիրը այցելած ամեն մի մարդու:
Պատմական Հայ ճարտարապետական արվեստի ուսումնասիրության հիմնաքարը դրեց գիտնական ճարտարապետ Թորոս Թորամանյանը:
Անեցի՛ էր նա, նա շնչում էր կախարդական քաղաքի շնչով, նրան հմայել էր Անին իր դյութական ներդաշնակությամբ:
Սակայն որքան էլ ջերմությամբ կապված էր Թորամանյանը իր սկսած դժվարին գործին, այնուամենայիվ, շատ լավ գիտեր, որ իր ջանքերն ու տքնությունները երբեք ու երբեք չեն կարող ամբողջացնել այն սուրբ գործը, որին նվիրաբերել է նա իր կյանքն ու էությունը:
Դա սերունդների՛ գործ է. այդ միտքը կրծում էր գիտնականի հոգին:
Ամայի տարածության մեջ, մեկուսացված ձորերով, նստած է կախարդական քաղաքը իր հմայող տեսքով ու իր բեղմնավոր արգանդից ծնունդ է տալիս Հայ սերնդի զավակներին, ներարկելով նրանց մեջ շնորհքի, տաղանդի և հանճարի սաղմեր:
Եվ երկնեց նորից դյութական քաղաքն ու ծնունդ տվեց մի անհանգիստ պատանու՝ դա Միքայել Մազմանյանն էր:
Նա դեռ պատանի հասակից անկաշառ սիրով կապվեց Անի քաղաքի հետ, որը սերմանեց նրա հոգու մեջ անդրանիկ սաղմերը գեղեցիկի, վսեմ ճաշակի ու բարձր արվեստի ըմբռնման:
Անցան տարիներ, և մենք տեսնում ենք Անիի ծնունդը՝ հասակ առած, զինված ճարտարապետական արվեստի գիտելիքներով՝ Միքայել ճարտարապետին:
Միքայելն ըմբռնեց գիտնական-ճարտարապետի սուրբ գործի մեծությունն ու կարևորությունը: Նա դեռ պատանի հասակից տածելով դեպի մեծ Հայը՝ Թորամանյանը, խորին հարգանք, մոտեցավ իր ավագագույն արվեստակցին և ամեն կերպ ջանաց օգտակար լինել նրան:
Միքայել ճարտարապետի հետ հաճախ այցի էինք գնում մեր պատմական հուշարձաններին. նա չափագրում էր և ուսումնասիրում, իսկ ես նկարահանում էի — Երերույքը, Ավանը, Արամուսը, Պտղնին և այլն. շուրջ մի երկու տասնյակ հուշարձան: Ինձ վիճակված էր Անիի կարոտը առնել մեր նորածին Հայաստանի սահմանների մեջ գտնված պատմական հուշարձաններից:
Մի օր, 1932 թվականի ամառը, Միքայելի հետ այցի գնացինք Թորամանյանին:
Մեզ տեսնելով ուրախացավ: Նա բավականություն էր զգում՝ տեսնելով երիտասարդ Միքայելին՝ սերտ կապված Հայ պատմական ճարտարապետությանն ու արվեստին: Թորամանյանի և Մազմանյանի զրույցները միշտ պտտվում էին պատմական հուշարձանների և նրանց վերաբերյալ հարակից խնդիրների շուրջը:
Նախորդը ավանդում է հետնորդին. ահա՛ կյանքի օրինաչափությունը…
Ջերմ զրույցի ժամանակ մի պահ պայծառացավ Թորամանյանի դուրեկան դեմքը և արտահայտեց իր սրտում երկար ժամանակ պտտվող ու իրեն անհանգստացնող մի միտք – նա որոնում էր իր սկսած գործը շարունակողին…
–Իմ գործը շարունակողը դու՛ն պիտի ըլլաս,- ասաց նա Միքայել ճարտարապետին:
Ասես մի ծանր բեռ վայր ընկավ ծերունազարդ գիտնականի ուսերից. նա գտե՛լ էր իր հետևորդին:
Եվ կրկին ու կրկին բեղմնավորվում է դյութական քաղաքի արգանդը Հայ հանճարեղ ժողովրդի շնչով»…
«Ամեն Հայ իր հոգում մի Անի ունի, մի խորտակված մայրաքաղաք, որը մտքով վերականգնում է, քարը քարի վրա է դնում և վերակառուցում ու բացում է բոլոր դարպասները բարեկամների հանդեպ, իսկ թշնամիների առջև` փակում:
Ամեն Հայ մի Անի ունի իր հոգում և դրանով հարուստ է:
Ոչինչ չի կորչում՝ քանի դեռ ժողովուրդը կա:
Պատմություն դառնալով՝ ոչ մի հուշարձան ու ավերակ չի դառնում լոկ պատմություն՝ քանի դեռ ժողովուրդը ապրում է, որովհետև ամեն մի Հայ, եթե նա իսկապես մարդ է, մտովի յուր սրտի խորքում վերականգնում, վերակառուցում է ավերակը, ու այն ապրում է մի նոր կյանքով, ոչ թե մեռած պատմությամբ, այլ՝ ապրո՛ղ, այս օրին մասնակցո՛ղ կյանքով»…
Հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տողերն են՝ գրված 1964 թվականին (մեջբերումը՝ Մարտիրոս Սարյանի Տուն-թանգարանի կայքից):