«ԱՅՍ Է ՊԱՐԶԱՅՏՈՒՄԱՐ ՀԱՅՈՑ»…
Ազգի կենսունակության ու հարատևման գրավականն իր Նախնիներից ավանդված ուրույն Ոգին է՝ հոգևոր ժառանգությունը («Իմաստության Լույսով ճաճանչված Ոգին»՝ Իսահակյանի խոսքերով)…
Հազարամյակների ընթացքում բանավոր, գրավոր փոխանցված ուսմունքը, զանազան պատմություններն ու աշխարհայացքն ազգի համար զորեղ ու հուժկու զենք են թշնամու դեմ պայքարում, հատկապես՝ վճռորոշ փորձությունների շրջանում:
Մշակույթի ազգապահպան դերի գիտակցմամբ են մեր Մեծերը դարեր շարունակ մեզ ժառանգվածը պահպանել, հարստացրել ու փոխանցել սերունդներին:
15-րդ դարում՝ 1445-ին գերմանացի Գուտենբերգի՝ մետաղից առանձին ձուլված տառերով թղթի վրա տպելու գյուտով Հին Աշխարհի սեպագիր կավե սալիկներին ու միջնադարյան մագաղաթյա ձեռագիր մատյաններին փոխարինեց տպագիր գիրքը, որին նախորդել է Չինաստանում դեռևս 7-րդ դարից կիրառվող՝ փայտի վրա ամբողջական տեքստի փորագրությամբ տպագրությունը՝ փայտափորագրությունը (14-րդ դարում Չինաստանից «գրքի տպագրության գաղտնիքը» Եվրոպա բերող Մարկո Պոլոյի ու այլոց հետ էր նաև Վենետիկցի Հայազգի նավապետ՝ Անտոն Հայկազունը):
Հատուկ մամլիչով, համաձուլվածքով ու առաձնահատուկ բաղադրությամբ ներկով տպագրության գյուտով հնարավոր եղավ նաև Հայերե՛ն տառեր ձուլել ու Հայերե՛ն գրքեր տպագրել…
1512-1513 թվականներին տպագրված Հայերեն առաջին հինգ գրքերը նշանավորեցին Հայ տպագրության սկիզբը («Ուրբաթագիրք» (1512թ), «Պարզատումար» (1513թ.), «Պատարագատետր» (1514թ.), «Աղթարք», «Տաղարան»):
Հետագայում ազգանվեր բազմաթիվ գործիչներ ջանասիրաբար շարունակեցին այդ գործը՝ անտեսելով ժամանակի դժվարությունները, աշխարհի տարբեր երկրներում գիշերներ լուսացնելով կապարե տառերը շարելով (Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի հիմնադրած Հայ տպագրության կենտրոնում, Ոսկան Երևանցին, Վանադեցիները՝ Ամստերդամի իրենց տպարանում, Նոր Ջուղայում, Մարսելում, Հարություն Շմավոնյանը՝ Հնդկաստանի Մադրաս քաղաքում հրատարակեց հայերեն առաջին պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը)…
Նրանց բծախնդիր ու տքնաջան աշխատանքի շնորհիվ Եվրոպայում ու այլուր տպագրվեցին դարերից եկող հին ձեռագրերը՝ գեղեցիկ ձևավորված ու նկարազարդված:
Այդ գրքերն այնուհետև փոխադրվում էին Հայաստան ու Հայաբնակ այլ վայրեր և այսօր պահվում են Երևանի, Վենետիկի, Վիեննայի և այլ գրապահոցներում:
«Պարզատումարը» ծիսական տոների «օրացույց» է:
Քանի որ տոմարական բարդ հաշվարկները աստղագիտական ճշգրիտ գիտելիքներ են պահանջում՝ տոնացույցի պարզ ու համառոտ ձեռնարկներ էին կազմվում, ուր նաև եղանակի փոփոխությունների կանխատեսումներն էին՝ «Յաղագս ամպոց և երկնից»:
Հիմնվելով երկնքի ուսումնասիրության դարավոր փորձի վրա, կանխատեսվում էր, օրինակ, ձմեռը կլինի «խիստ» կամ՝ «թույլ» (մեղմ):
Կար նաև «Մարմնախաղաց» բաժինը՝ մարմնի տարբեր մասերի շարժման՝ «խաղի» հիման վրա մարդու հետ առաջիկայում հնարավոր կատարվելիք դեպքերն էին «գուշակվում» (այսօր էլ հաճախ լսում ենք նման կանխատեսումներ՝ «աջ կամ ձախ կոպը խաղաց»…):
«Թէ աջ կոպն խաղայ. խնդայ շատ, և իւր անձին առողջութիւն լինի» («Եթե աջ կոպն է խաղում՝ շատ ուրախություն կլինի և անձին՝ առողջություն», վերին և ներքին կոպերի խաղն իրենց տարբեր իմաստներն ունեին):
«Թէ ամէն ակն խաղ. հեռաւոր մարդ տեսանէ» («Եթե ողջ աչքն է խաղում՝ հեռվում գտնվող մի մարդու կտեսնի»)…
Հին Աշխարհում տարվա եղանակների փոփոխմանը նախապատրաստվում էին երկնային լուսատուների դիտարկումներով՝ հետևելով նրանց շարժմանը՝ «Դիրքն ու գնացքը»:
Օրինակ, Եգիպտոսում, երկնքի ամենապայծառ աստղի՝ Սիրիուսի՝ Շնաստղի (Շնկան աստղի) ծագումը Արևածագից առաջ՝ Արեգակնային ամբարձումը (Ելաստղ), ազդարարում էր Նեղոսի վարարումները, հետևաբար՝ գյուղատնտեսական Տարվա սկիզբը (շոգ եղանակի գալուստը, որտեղից էլ՝ canicule, (ռուսերենով՝ каникулы), «Մեծ Շան» համաստեղության լատիներեն անվանումից՝ «Canis Major»):
Հասարակածի ու Արևի նկատմամբ ունեցած հեռավորությամբ պայմանավորված՝ Աստղի՝ Արևածագին երևալը՝ Ծագումը Ելաստղն էր:
«Անկաստեղ— ան ատենն, որ Մեծ Շուն ըսուած աստղը չերևար» (Առձեռն բառարան Հայկազեան լեզուի, Վենետիկ, Սբ.Ղազար, 1846):
«Անկումն աստեղ, այս ինքն ծածկումն լուսափայլ աստեղն՝ Մեծ շուն կոչեցելոյ ʼի վայր քան զաստեղատունն Հայկայ, աներեւութանալով ʼի մերձենալ Արեգական, եւ անդէն ʼի հեռանալ նորին ʼի վեր երեւելով. որ յայնժամ ԵԼԱՍՏԵՂ ասի.
*Յանկաստեղն ձիւն գայ. Շիր.:
*Ելաստեղ մայիս. ՟Ի՟Գ. անկաստեղ, ապրիլ. ՟Ժ՟Դ:
Իսկ զի ասէ, ՟Թ ʼի վերայ բեր նահանջի, եւ տուր մարերի՝ ʼի գիտել զանկաստեղն, գիտեա՛, զի յառաջին ամի թուականին՝ անկաստեղն ʼի մարերի յինն էր. Տօմար.:
(Ստեփ. լեհ. ԱՆԿԱՍՏՂ կոչէ զբոյլս բազմաստեղս ʼի վեր քան զՀայկ) (Ստեփանոս Լեհացին «ԱՆԿԱՍՏԵՂ» է կոչում Հայկի համաստեղության վերևում՝ Բազմաստեղ Բույլքը):
Հայերեն տպագիր առաջին գրքերով մի քանի կադրեր ստորև՝ «Հայաստանի Ազգային Գրադարանի» էջից՝ շնորհակալությամբ:
https://www.facebook.com/watch/?v=445239526318830