«…ՈՐ ՔՆԱՐՈՎ, ՈՍԿԵ ԼԱՐՈՎ
ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՓԱ՛ՌՔ ԲԵՐԻՆ»…
«Հոգին օգնում է մարմնին և որոշ պահերին՝ այն բարձրացնում:
Այն միակ թռչունն է, որը նեցուկ է իր վանդակին»: (Վիկտոր Հյուգո)
Ոգու ուժը խնամում-պահպանում է իր վանդակը՝ մարմինը, վերստին զորացնում ու Հաղթանակի մղում…
«Ազգային Ոգի — ահա՛ գերագույն հերոսը, միա՛կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող Հերոսը:
Էապէս միայն դա՛ է գործում պատմության մեջ և պատմության համար:
Անհատ հերոսներն ոչ այլ ինչ են, եթե ոչ միայն անձնավորողներն այդ Ոգու՛»: (Նժդեհ)
Այդ Ոգին՝ Նախնյաց փառքերն են հիշեցվում «Գողթան մանկտիքին», նույնիսկ երբ Հայրենիքն ավերված է: Ու հատկապես ա՛յդ ժամանակ էլ անհրաժեշտ է հիշեցումը՝ Ազգի պատմության փառահեղ էջերը վերստին կերտողներին խրախուսելու և հզորացնելու համար…
Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Գողթան գինեվետ գավառում էր, որ դարեր շարունակ երգվում, պատմվում էին Հայոց «Վիպասանաց երգերը»՝ գովերգելով մեր ազգին փառք բերած արքաներին ու նրանց գործերը:
Այստեղ էր նաև, որ, ինչպես պատմում են Կորյունն ու Խորենացին, իր քարոզչական գործունեության ծավալման նպատակով եկավ Մաշտոցն իր «հավատացյալներով»՝ «ընկերակիցներով» ու «ամենքին իրենց հայրենական ավանդույթները» մոռացնել տալով «Քրիստոսի հնազանդությանը շուռ տվավ»…
«Կորյուն.
«Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ գնաց իջավ Գողթնի անկարգ ու անխնամ (թողած) տեղերը: Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը, մի աստվածավախ ու աստվածասեր մարդ, որի անունը Շաբիթ էր… Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց (քարոզել) գավառում. ամենքին իրենց հայրենական ավանդույթներից ու սատանայական դիվապաշտ ծառայությունից գերեց շուռ տվավ Քրիստոսի հնազանդությանը:
Եվ երբ նրանց մեջ սերմանեց կյանքի խոսքը, հայտնապես մեծամեծ հրաշքներ երևացին գավառի բնակիչներին, դևերը զանազան կերպարանքներով փախան, ընկան Մարերի կողմը»:
Խորենացի.
«Այդտեղ թաքնված հեթանոսական աղանդը, որ Տրդատի օրերից մինչև այդ ժամանակ ծածուկ էր մնում և Արշակունյաց թագավորության տկարանալու ժամանակը երևան եկավ, նա վերացրեց գավառի իշխանի օգնությամբ, որի անունն էր Շաբիթ»: (Մեջբերումը՝ Արտաշես Մարտիրոսյանի՝ «Գրերի գյուտի շարժառիթների հարցի շուրջը» ուսումնասիրությունից, «Բանբեր Մատենադարանի», Երևան, 1964 թ.):
Քրիստոնեության տարածմամբ «մոռացնել տրված Հայրենական ավանդույթները», «Հայոց արքաների փառքն ու Հայկազունների ուսմունքը», «Վահագնի ծնունդի» երգն ու «Ո՜ տայր ինձ զծուխ ծխանին» հիշեցնելով են Բանաստեղծ-Վիպասանների որդիներին կրկին ոգեշնչում, խրախուսում ու մղում Ազգի պատմության փառավոր նոր էջերի կերտման…
«Անթառամ պսակի» արժանանալու համար Նախնիների ժառանգությանը տիրանալով սեփական ազգային արժեհամակարգն է հարկավոր զարգացնել…
Գողթա՛ն մանկտիք, ահա՛ ձեզ
Շքեղ փառաց ասպարեզ,
Օ՜ն փութացե՛ք, խու՛մբ կազմեցեք,
Պսակ անթառամ մնա ձեզ:
Դուք ամենից եք զրկված,
Փառքե՛ր ունիք, բայց՝ կորած,
Հայ եղբայրները ձեր ճնշված,
Ու Հայրենիքն ավերված:
Գիտե՞ք, ո՞յք են ձեր Նախնիք,
Բանաստեղծի՛ց եք որդիք,
Որ քնարով, ոսկե լարով,
Հայրենիքին փա՛ռք բերին:
«Գողթան մանկտիքի» մի այլ կատարում՝ «Ակունք» համույթի մեկնաբանությամբ…