«ՔՈՒՐՍՈՒ ՉՈՐՍ ԿՈՂՄԸ ԲՈԼՈՐՎԱԾ»…
«Ձմեռն էր։
Հասակավոր մարդիկը հավաքվել էին օդեքը, այնտեղ էին զրույց անում, հեքիաթ ասում և իրանց առօրյա հոգսերի վրա խոսում, խորհրդածում։
Գյուլնազ տատի թոռներն էլ, քուրսու չորս կողմովը բոլորված, իրանց տատին էին հեքիաթ ասել տալիս՝ ականջ դնում»,- Ղ. Աղայանն այս տողերով է սկսում իր «Օձամանուկ ու Արևհատ» հեքիաթը՝ նկարագրելով Հայ ընտանիքին, գյուղի կենցաղին այնքան հարազատ մի պատկեր…
«…Պիտի ապրի՛ Վանն իր ձմեռներով, երբ այգեստաններն ու Վարագա սարը ծածկված են ձյունով, երբ երդիկներեն ու ծխնելույզներեն ծուխ-մուխ կբարձրանա դեպի երկինք, իսկ տաք քուրսու շուրջ նստած ընտանիքի մեծ ու փոքր անդամները չամիչ, նոխուդ կուտեն և «Դլե յաման» կերգեն… ա՞յս է քո Վանը»,- գրում է Վանի գաղթականների հետ Արևելյան Հայաստան հասած Գուրգեն Մահարին իր
«Այրվող այգեստաններ»-ում:
Հացատունը՝ թոնրատունն ու քուրսին՝ հանգած, բայց դեռ տաք թոնրի վրա դրվող կարճ ոտքերով սեղանը, որի վրա փռված մեծ վերմակով կամ կարպետով ծածկվում էին ու ցրտից պաշտպանվում, հազարամյակներ ի վեր Հայոց կենցաղի, ավանդույթների անքակտելի մասն են՝ արտացոլված բազմաթիվ գրողների ստեղծագործություններում…
«Միջին դուռը տանում էր հացատունը,- կարդում ենք Պերճ Պռոշյանի պատմվածքներից մեկում, — Մի մեծ ծածկ էր այս, որ կենտրոնում հաց թխելու մեծ թոնիրն էր իջեցրած, դեպի գոմի պատը մի ուրիշ փոքր թոնիր կար, որ ամառ, ձմեռ վառվում էր կերակուր պատրաստելու և այլ ընտանեկան պիտույքների համար:
Թոնիրն իջնելուց հետո, ուզում եմ ասել՝ վառել-վերջացնելուց հետո՝ բերանը մեծ խուփով ծածկվում է, ձմեռը քուրսին է դրվում, իսկ ամառը ազատ է թողնվում և թոնրի շուրջը ընտանիքի անդամներն են ուտում, խմում, նստում, ելնում, քնում, զարթնում:
Չնայած, որ ավետարանի տերը մեծ ընտանիքով էր շրջապատված, որոնք բոլորեքյան մեծ տանն էին պարտակվում (բովանդակվում), բայց և այնպես այս հացատունն էր այն ճանապարհը, որ տանում էր դեպի նվիրական սրբությունը»…
«…Տունը, թեև, նախնավանդ սովորության համաձայն, ամեն առավոտ անխափան քակորով վառվում է, քուրսին ևս յուր կարգին դրվում է, բայց տան առաստաղի մեջտեղը բացված լայն երդկածակի գոյությունն և նշանակությունն ո՞ւմ հայտնի չէ. երդի՛կն է Հայ գյուղացու հացատան, կամ գլխատան ծխնելույզը:
Երդի՛կն է լույս ներս թափանցելու պատուհանը, նույն երդի՛կն է օդի տուն ու դուրս անելու միակ ճանապարհը, հո չի՞ կարելի այդպիսի կենսական անհրաժեշտ բացվածքը փակել: Որքան կուզես, թոնիրը, թեկուզ մինչև շրթները վառելիք լցրու և թեժացրու, քուրսուդ տակը թեկուզ հնոց, կամ գյուղացու ասածով` «բաղանիք շինիր», այնպես, որ ոտքերդ խաշվին ու խորովվին, դարձյալ թիկունքդ ու կուրծդ հնար չունիս ցրտից պատսպարելու, շնչառությանդ տաք ու ցուրտ գոլորշին պարսկական ղայլանի ծխից ավելի թանձր է տարածվում օդի մեջ»…
«Մեր լայն թախտի վրա ցերեկները դրված էր լինում քուրսին, որի վրա գցված հին ջեջիմի տակ մենք կոխում էինք սառած ոտքներս ու մեզ թվում էր, թե աշխարհում դրանից ավելի մեծ երջանկություն չէր կարող լինել» (Խաժակ Գյուլնազարյան):
«…Խրճիթի մեջտեղում դրված էր քուրսին, որի վրա փռված էր բավականին մեծ մի վերմակ, իրար դեմ ու դեմ նստած էին Պետրոսի ծեր հայրն ու պառավ մայրը. հայրը գլուխը քաշ արած մտքերի մեջ խորասուզված ծխում էր, իսկ մայրը ձեռքերը ծալած կուչ էր եկել քուրսու տակ ու մտածում էր. նրանք երկուսն էլ լուռ էին. ո՞վ գիտի ինչպիսի մտքեր էին անցնում նրանց գլխում: Պետրոսը մրսում էր. նա մոտեցավ քուրսուն, ոտքերը մեկնեց քուրսու տակ ու սկսեց տաքանալ»… (Գեղամ Սարյանի պատմվածքներից):
«Նոր տարվա իրիկունն էր իջնում Վանի վրա: Եղանակը պարզկա էր ու ցուրտ:
Ամեն ընտանիք, քաշված իրենց տները, ոմանք՝ սենյակների քուրսու շուրջը, ոմանք՝ տանտուններում՝ գոլ թոնրան շուրջը բոլորած, Ամանորի սեղանի բարիքներն էին վայելում» (Մկրտիչ Խերանյան, «Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ»):
Պերճ Պռոշյանի պատմվածքներից՝
«…Եղեգնյա խսիրի վրա չոր գետնին տարածում են թաղիքները, որոնք ամիսներով չեն շարժում կամ թափ տալիս: Այդ թաղիքներն են գեղջուկի համար բազմոցի փոխարինող կահավորությունները, որոնք ցորեկը հյուրերի և առհասարակ նստելու համար են պետք լինում, իսկ գիշերը մահճակալի պաշտոն են կատարում: Ամառ ժամանակը տան վերի կողմն են զարդարում թաղիքները, իսկ ձմեռը՝ քուրսու շուրջը:
Քուրսու պատվավոր կողմը, որ համարվում է տան մուտքի հակառակ և ցրտից պաշտպանված կողմը, փռվում է գերդաստանի գլխավորների՝ հոր և մոր անկողինը, որոնք եթե անզավակ են, միասին են պառկում, իսկ եթե անչափահաս երեխաներ ունեն, մեջն են առնում փոքրիկներին և աջ ու ձախից պատսպարում յուրյանց անկողնի մեջ:
Քուրսու երկու կողմում չափահաս զավակների կամ հոր եղբայրների անկողինն է փռվում, դարձյալ ամուսնու և զավակների ընկերությամբ, իսկ ստորին կողմումը, դեպի դուռը, հասակավոր ամուրի եղբայրների կամ երկու-երեք տարվան ամուսնացած որդու տեղաշորն է, յուրյանց օրորոցով հանդերձ, եթե, իհարկե, արդեն պտղավորված են:
Բացառություն կազմում են միայն նշանված կամ հարսնացու աղջիկները (որոնք մի տեսակ տեղավորվում են մոր կողքին արտաքուստ) և նորապսակ տղան յուր նորահարսնով: Վերջիններս պառկում են առանձին սենյակում, եթե կա հարմարավորը, հոգ չէ, թե բնավ կրակ չի վառվում և խիստ ցուրտ է, մինչև իսկ եթե այդ սենյակը լինի տնեցոց մառանատունը, ուր զետեղված են ձմեռային պաշարներն ու մթերքները»:
«…Բուն Բարեկենդանի կյուրակի երեկոյին, ինչպես ասացինք, աշտարակցիք վերջ դրին Ազզենց կալումն ամբողջ երկու շաբաթվան գժություններին, ամենքը միմյանց բարի գիշեր ասելով, ուրախ զատիկ ցանկանալով մտան յուրյանց յուրաքանչյուր հարկի տակն յուրյանց ընտանյաց հետ մեծ պասին դիմավորելու:
Գյուղումը լռությունը տիրեց, վերջացավ այն կերուխումը, բոլորովին մի հասարակ երեկոյի նմանություն առավ օրը. կարծես թե այս գյուղի մեջ երկու շաբաթ շարունակ ոչինչ արտաքո կարգի բան չէր պատահել:
Այս արտաքուստ էր. մտի՛ր ամեն մարդի տունը, և բոլորովին ուրիշ տեսարան կտեսնես:
Տան նախանդամը կամ ծերունին շուրջ արած յուր բոլոր գերդաստանը, շարվել է քուրսու տակը՝ բեարանփակեք անելու:
Այստեղ ահա նահապետական սուրբ ավանդությունը պարզ արտափայլում է, տան նահապետն յուր լիազոր իրավունքի մեջն է. ամենքը նրա աչքին են նայում, նրանից ակնածում են:
Իսկ մեր պապը կամ ափուն, քաղցրությունն և սերն երեսին, չէ թե այս անցյալ երկու շաբաթվան նման աղաղակներով ու հարայ-հրոցներով է դիմավորում պասին, քավլիցի, նա համեստ և զվարճալի բարոյական առակներով, հիսուն օրվա հյուր եկող մեծ պասի վերա խոսելով, այս Բարեկենդանի ուրախությունները գժություն համարելով գովում է պասը:
Մեր ծերունին սրտանց ուրախ է, նա ոչ մի օր յուր չորս կողմն այսպես հավաքված չի տեսել յուր ընտանիքին և մերձավորներին. այսօր նա միայն յուր փոքրիկ գերդաստանի հետ չէ սեղան նստել, նա բազմել է այն սեղանի գլխին, որի չորս կողմն յուր մերձավոր ազգականներն են շարված»…(Պերճ Պռոշյան, «Հացի խնդիր», 1879 թ.):
«…Ավդոն զարմացած մնաց, երբ քուրսու վրա փռված գտավ ընթրիքի սփռոցը և հազար ու մի տեսակ անուշ կերակրներ շարված: Երկու ձիթի ճրագ հանդիպակաց սյուներին ամրացրած տախտակե ճրագթաթերի (ճրագակալ) վրայից լուսավորում էին սեղանը:
Քուրսուց վեր՝ տան անկյունում՝ մի նույնպիսի բարելից ընթրիք էր պատրաստված» (Պերճ Պռոշյան):
«Մեր աղքատիկ համեստ խրճիթը մի սենյակ է միայն, կամ այսպես ասենք՝ հացատուն, որի մեջտեղը վեր թողած ունին մեծ հացի թունդիրը, իսկ մի կողմը, վերին անկյունի մոտիկ՝ կերակուր եփելու կամ քուրսու փոքր թունդիրն է:
Պատերի տակին շարված են մի քանի մանր թանի ծափեր, կճուճ, բժութ, բղուղ, պուլիկներ, պանրի, կողակաձկան, կամ պասվա զոխ ու բոխի համար, մի քնջումն էլ երկու մեծ կարասներ էին կանգնացրած՝ որ աշտարակցու տան հատուկ սեպհականությունն է. ծալքատեղումն էլ դարսված էին մի քանի հին ու մին անկողիններ՝ երեսին մի հնամաշ կարպետ փռած, մի խոսքով էս տունն յուր բնակիչների և՛ ննջարանն, և՛ ամեն պիտույքներին ծառայող մառանն էր» (Պերճ Պռոշյան, «Կռվածաղիկ»):
Մինչև վերջին տասնամյակները Հայկական Լեռնաշխարհի տարբեր անկյուններում ընտանեկան զրույցները, հին ու նոր պատմությունները պատմվում էին հաճախ քուրսու շուրջ՝ ջերմ մթնոլորտում, խսիրի կամ կարպետի վրա, «ջեջիմով» ծածկված, փափուկ բարձերին թիկնած (քուրսին նաև բուժիչ էր ու հոդացավերի, այլ հիվանդությունների կանխարգելիչ)…
«Քարատակ տուն: Ձմեռվա գիշերը կես է:
Քուրսու վրա վառվում է այն փոքրիկ լամպը, որ կոչվում է տուզուրիկ ճրագ: Լամպը հազիվ է լուսավորում քուրսու շուրջը: Քուրսու մոտ թիկնած ննջում է Աթա ապերը: Նրա դիմաց նստած է Մինա զիզին:
Քուրսու վրա, սինու մեջ ձավար է: Մինա զիզին մատներով մաքրում է ձավարի քարերը: Նինջը հաղթում է, մատները քնում են, — ինքը գլուխը կախում է սինու վրա, ապա ցնցվում է, նորից է քարերը մաքրում և նորից քունը տանում է: Քուրսու վրա մռռում է կատուն»…
«…Պապս քուրսու մոտից չէր հեռանում: Նա սովորություն չուներ գյուղի հրապարակը գնալու:
Քուրսու մոտ կնստեր, բրդե շալը ուսին կգցեր ու կմտմտար, երբեմն ինքն իրեն կժպտար, բարի և անչար մարդու ժպիտով:
Մանավանդ ձմեռը հյուրն անպակաս էր: Ով էլ լիներ, ինչ գործով էլ գար, մի օրվա փոխարեն պապս նրան պահում էր երկու, երեք օր…
…Նստում էին մինչև աքլորականչը, պատմում անցած օրերից, վերհիշում մեռած մարդկանց, վաղուց եղած դեպքեր ու վաղեմի պատմություններ:
Մենք էլ էինք նստում այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս հենեինք քուրսու թախտին, մինչև տատը բոթեր մեզ, զարթեցներ ու վեր կենայինք, որպեսզի վերմակի տակ մի քիչ էլ լսեինք նրանց զրույցը: Պապս այնքան էր պատմել իր գլխով անցածը մեզ և հյուրերին, որ հենց խոսքի կծիկը ետ տար թե չէ, մենք պիտի իմանայինք, թե ո՞րն է պատմում»…
«…Իր որդու մասին պապս մեզ հետ չէր խոսում և եթե ձմռան գիշերներին քուրսու մոտ նստած հյուրերից մեկն ու մեկը պատահմամբ կամ անզգույշ հարցով հիշեցնում էր նրան այդ մասին, պապս «է՜հ» էր անում, ուսերը թոթովում և, մի քիչ լուռ մնալուց հետո, շարունակում զրույցը: Պատահում էր, որ ձմռան գիշերին մեզնից մեկն ու մեկը հանկարծ զարթնում ու գլուխը հանում էր վերմակի տակից:
Այդ գիշերներին շատ անգամ տեսնում էինք տատիս ու պապիս՝ քուրսու մոտ նստած: Երբեմն նրանք լուռ ննջում էին»…(Ակսել Բակունցի պատմվածքներից):
Վախթանգ Անանյանից՝
«Հետո բոլորեցինք քուրսու շուրջը, տասը-տասներկու հոգով, ու ոտքներս կախեցինք նրա տակ՝ իրար խառնվեցին. դե ե՛կ, այդքանի միջից ջոկիր քո ոտքերը… Դրա մասին էի մոլորված մտածում, երբ հաց դրին քուրսու վրա, թոնրի մեջ թխած գարու բոքոններ, որ այն ժամանակ մուրազի նման բան էին սովահար մարդկանց համար:
Քուրսու ուղղությամբ առաստաղում մի անցք կար, որի միջից երևում էր երկնքի մի կտորը՝ մի քանի աստղերով: Առաստաղի գերանները ձյութի նման սև էին, իսկ պատերից կախված ձեթի ճրագը ճրթճրթալով ծուխ էր արձակում, որ սյունն ի վեր ձգվում էր դեպի երդիկը» («Անլեզու ընկերներ»):
«…Մեզ տեսնելով, կանայք իսկույն վեր կացան և ակնածությամբ խոնարհեցին իրենց գլուխները: -Այ հազար բարո՜վ, իմ գլխու վրա՜, իմ աչքի վրա եք եկե՜լ, իմ տուն ձեզ փեշքե՜շ, իմ մալ ու մուլք ձեր ոտքի տա՜կ, — սրտալի ասաց ծերունին, արևելյան ձևով խոնարհվեց, ձեռքը դրեց կրծքին և հրավիրեց նստել քուրսու շուրջը: Հարսները մի անկյուն քաշվեցին ու սպասում Էին սկեսրոջ հրամաններին: Ի՞նչ կա աշխարհում ավելի հաճելի բան, քան քուրսու տակ կախվելը հունվարին, որսից գալուց հետո, երբ շեմքում բուքն Է ոռնում, և քամին ձյուն է փչում երդիկից ու դռան ճեղքերից:
Տաքացանք, տրամադրություններս բացվեց և է՛լ ավելի զվարթացանք, երբ հարսներից մեկը սուփրեն փռեց քուրսու վրա ու մեջտեղ եկան ոչխարի ղավուրման, թթուն, հորած պանիրը, ղայմախը և մրսած մարդու միակ փրկությունը՝ թթի հայտնի օղին: — «Էծը էծի համար լավ է, քան մի սուրու ոչխարը», — ասաց ծերունին ամենալավ պատառներն ու ամենամեծ քամակները իմ ու ընկերոջս առաջ դնելով…» (Վախթանգ Անանյանի պատմվածքներից):
«…Գուցե և հոգնածությունն էր մշուշել իմ գիտակցությունը: Չեմ հիշում. միայն գիտեմ, որ առաջին անգամ Ձորագյուղ գալը դարձավ իմ կյանքի լավ գիշերներից մեկը:
Ձիապանն ինձ տարավ իրենց տունը: Ինչպե՜ս անուշ մրափեցի թոնրի մոտ, քուրսու վրա:
Բավական ուշ աչքս կիսաբաց արի և նայեցի երդիկին:
Ձմռան գիշերից մի քիչ դեռ կար: Ես նորից փաթաթվեցի վերմակի մեջ, ոտքերս կախեցի տաք մոխրի վրա, և քնի ու երազի սահմանում օրորվեց գիշերվա անիրական աշխարհը» (Ակսել Բակունց, «Մթնաձոր»):
«…Գյուղում մարդիկ կային, որ քուրսու տակ մտած, չէին նկատել դեռ, որ գարունը եկել է»:
«…Ձմեռը որ քուրսու տակից դուրս չգանք, առուն ինքն իրեն չի փորվի, ու գարնանը ջուրը ճամփա չի գտնի դեպի մեզ գալու համար» (Անահիտ Սահինյան, «Ծարավ»):
20-րդ դարի կեսերից, ջեռուցման նոր միջոցների (թիթեղյա կամ էլեկտրական վառարանների) տարածմամբ քուրսին մոռացության մատնվեց…
«…Քուրսին մնաց:
Նոր բնակարանում այդ քուրսին հին գյուղացու շորեր հագած դերասանի նման է: Կենտրոնական ջեռուցման խողովակները լուռ արհամարհանքով են նայում նրան, բայց ծերացած ծնողներիս համար նա Զարիկի հիշատակի նման հարազատ է:
Շուշիկն էլ մեծ ավյունով պաշտպանում է քուրսին: Ես նախ` գլխի չեմ ընկնում, ապա հասկանում եմ, որ նա պարզապես ուզում է որքան կարելի է հաճելի դարձնել ծերունիների կյանքը»…(Խաժակ Գյուլնազարյան, «Մերոնք»):
«Քուրսին ասացեալ ջերմարան սեղանիկ»-ը՝ Ճապոնիայում այսօր էլ լայն կիրառություն ունի:
Ձմեռային այս օրերն աննկուն կամքով, հերոսաբար հաղթահարող փառապանծ Արցախ աշխարհին ու ողջ Հայաստանին հաղթական ու պայծառ ապագայի մաղթանքով…