«ԳԱՀՆԱՄԱԿ» ԵՎ «ԶՕՐԱՆԱՄԱԿ»՝ ԶՕՐԱԹԻՒ ՀԱՅԱԽՈՒՄԲ ԲԱՆԱԿԻ…

Բազմահազարամյա գոյության ընթացքում Հայ ազգը մշտապես դիմագրավել է քաղաքական պարտադրված փոթորիկները՝ ոգեշնչված իր փառապանծ Նախնիների կերտած դժվարին հաղթանակներով:

Մեծ Հայքի համար հռոմեացիների և պարսիկների մղած պայքարում մաս առ մաս բզկտվում էր Հայոց երկիրը, և այդ երկու ախոյանների դեմ դարավոր պատերազմների արդյունքում Հայքի տրոհումը հիշյալ մրցակիցների միջև՝ Դ (4-րդ) դարի վերջում, ճակատագրական եղավ Հայերի համար:

Ռազմական բախումներով լի այդ դարաշրջանի հավաստի բնութագրմամբ՝ պատմական միջավայրի ճշմարիտ նկարագրությամբ՝ Ստեփան Զորյանի գրչով վերարտադրված որոշ պատկերներ՝ ի փառաբանումն անցյալի ու ներկայի Հայոց քաջարի զորականների՝ «Պապ թագավոր. վեպ չորրորդ դարից» ստեղծագործությունից ընտրված քաղվածքներով, 4-րդ դարի 70-ական թվականների Հայաստանի իրադարձություններով…

«…Եվ մի քանի օր հետո Հայ զորքը Վաղարշապատով անցնում գնում էր Բագրևանդ, և քաղաքի բնակիչները՝ փողոցները լցված, դիտում էին զորքի երթը:
Առջևից գնում էին իշխան Կամսարականի հեծյալները (Նախիջևանի սահմանների պաշտպանությունը սպարապետը հանձնել էր սյունեցիներին և Անդոքի որդի Բաբիկին) իրենց անձնյա հրամանատարի և նրա երկու որդու առաջնորդությամբ:
Ապա գնում էր հետևակը՝ նիզակներով, աշտեներով և նետ-աղեղներով զինված, դարձյալ հեծյալ ու հետևակ, կրկին հեծյալ ու հետևակ՝ նույն ձևով զինված, որ առաջ էին գնում գետինը դոփելով, զենքերի զրնգոցով, երկարաձիգ կուռ շարքերով, որ վերջ չունեին ասես:

Թվում էր՝ զորք չի անցնում, այլ բարձրացել է ամբողջ մի ժողովուրդ, որ գնում է երկիրը պաշտպանելու: Տեգերի, նիզակների մի խիտ, անվերջ անտառ էր անցնում՝ արևի տակ շողացնելով իր սուր ծայրերը:
Անցան այդպես արքունական գնդերը, ապա իրենց տոհմանիշը կրող դրոշներով ու գնդերով եկան անցան շատ նախարարներ, ինչպես Կենան Ամատունին, Դարա-Սյունին, Ադամ և Արգան Գնթունիները, Վարաժնունյաց տերը, Վանանդա իշխան Սեթը և շատ ուրիշներ:
Զորքից հետո եկավ և թագավորը՝ Մուշեղ սպարապետի և մի քանի պալատականների հետ»…

…«Ամենից վերջը զորքին հետևեցին պաշարակիր ջորիներ, ուղտեր՝ բեռնված ամեն տեսակի ուտելիքներով, վրաններով և այլ պարագաներով, որոնց հետ գնում էին և կանայք ու ծերունիներ, որ հմուտ էին վերք կապելու և ապաքինելու գործին»…

«…Արածանիի աջ ափը, որ առաջ, մինչև երեկ, միշտ դատարկ էր ու ամայի, հիմա ծածկված էր վրաններով, անթիվ ճերմակ ու գորշ վրաններով, որոնք բռնել էին ահագին մի տարածություն ու հասել մինչև Նպատ լեռան ստորոտները:
Բայց այստեղ էլ համատարած անշարժություն ու լռություն էր, որ սակայն նման չէր գյուղերի անկենդան լռության:
Այդ քունն էր իր թևերը տարածել վրանների վրա, բայց ոչ ամենի…
Մի քանի վրանի մոտ, առանձնապես ծայրավրանների առաջ, երևում էին նիզակներով ու շողուն զրահներով պահակներ, որոնք թվում էին լուսնով հմայված կամ պոչի վրա կանգնած հսկայական ձկներ, որ իրենց թեփուկները փայլեցնում էին լուսնի տակ:

Երևում էին նաև վրանների շրջագիծը հսկող պահակներ՝ նմանապես զրահավոր ու սպառազեն, բայց գրեթե նույնպես լուռ ու անշարժ:
Վրանների մոտ և փոքր-ինչ նրանցից հեռու երևում էին և ձիեր, անհամար ձիեր, որ նույնպես հանգիստ էին առնում և երբեմն փնչացնում, ասես քնի մեջ:

Դա Հայոց բանակն էր, որ երեք օր անընդհատ, թեթև դադարներով ճանապարհ կտրելուց հետո, հանգստանում էր հիմա խոր քնի մեջ:
Այդտեղ էին արքունական հետևազորն ու այրուձին և նախարարական գնդերը, որ բանակել էին մեկը մյուսից փոքր-ինչ հեռու: Սրանցից յուրաքանչյուրի մոտ աչքի էր ընկնում նախարարական վրանն իր ընդարձակությամբ ու պահակներով…
…Թե՛ արքունական բանակում և թե՛ նախարարական գնդերում յուրաքանչյուր զինվոր քնել էր իր զենքերը կողքին դրած, որ գալարափողերը հնչեցնելուն պես ոտքի ելնեն պատրաստ:

Նրանց տեսքն ու գայթակղիչ քնաձայնը պահակների մեջ առաջ էին բերում մի այնպիսի նախա՞նձ ասես, թե վարակ, որ քիչ էր մնում իրենք ևս զենքերը ցած նետեն ու փռվեն գետնին: Բայց պարտքի գիտակցությունը զսպում էր նրանց, և նրանք կանգնած տեղներում ննջում էին միայն՝ չկարողանալով հաղթահարել ու վանել իրենց քունը կամ, երբեմն կարճ տարածության վրա քայլեր անելով, նայում էին հաճախ այն կողմը, որտեղից սպասվում էր թշնամին:
Ոչինչ չտեսնելով սակայն լուսնի լույսով լցված գիշերի մեջ, բայց շատ բան պատկերացնելով այնտեղ, շարունակում էին նայել դեպի դաշտի հեռուն՝ տեսնելու կամ լսելու, թե թշնամին չի՞ երևում արդյոք:

…Բայց առաջին հայացքից համատարած թվացող այդ քունն ու լռությունը երևութական էր:
Եթե մեկն անցներ վրանների մոտով և ականջ դներ՝ նա շատ տեղ կլսեր զուսպ ու զգույշ ձայներ, որ խոսակցում էին ամենատարբեր նյութերի վրա, բայց ավելի՝ վաղվան ճակատամարտի մասին:
Որքան էլ հոգնած, բայց մտքերը՝ մասնավորապես վաղվան կռվին վերաբերող մտքերը, ոմանց չէին թողնում քնել:
Կային մարդիկ էլ, որ բաց աչքերով մութի մեջ մտորում էին միայն»…

Ճակատամարտից մի դրվագ…

…«Գետի այս ափում, ընդարձակ մի տարածության վրա, նետաձգություն էր, նիզակների ու տեգերի փայլատակումներ, վահանների շխկոց, Հայ և պարսիկ զինվորների սպառնական կանչեր…
Մի տեղ կռվում էին Հայ հետևակներն ու պարսից ձիավորներն իրար եկած, և պարսից կավագույն կլոր գլխարկները և Հայերի կարճ գդակները խառնվել էին իրար:

Մի այլ տեղ իրար էին եկել հակառակորդ հեծյալները, և այնքա՜ն մոտ էին, որ աղեղները թողած՝ նիզակներ ու տեգեր էին բանեցնում միմյանց դեմ, երրորդ մի տեղում՝ Հայ հետևակները եղեգնուտից նետեր էին արձակում պարսից ձիավորների վրա, որ անընդհատ շարունակում էին անցնել գետը:
Չորրորդ մի տեղում… բայց ո՞ր մի տեղն ասել – այնքա՜ն շատ էին դրանք… ծառս եղած ձիերի հետ միասին բարձրանում էին սրեր ու շողում մարդկանց դիմաց… և մարդիկ ընկնում էին ծանր տնքոցներով, հառաչանքով ու հայհոյանքով:

Ընկնում էին երբեմն և ձիեր՝ տակովն անելով իրենց հեծվորին, եթե նա ճարպիկ մի ոստյունով չէր ցատկում մի կողմ ու պաշտպանվում նիզակով:
Երբեմն երևում էր և հեծվորը մեջքին ընկած մի ձի, որ վազում էր կռվողների միջով՝ մի տեսակ կողքը պահած ու գլուխը ծռած, կարծես հեծվորի անբնական դիրքը տեսնելու համար. գուցեև զգում էր մեռնողին ու փախչում էր՝ նրանից ազատվելու:
Եվ ռազմի դաշտը դղրդում էր հիմա ահեղ ձայներով. հնչում էին պղնձի փողեր, եղջերափողեր, թնդում էին բրոնզե ու երկաթե ծնծղաներ, փողփողում նշանադրոշներ ու սրեր, սրե՜ր…

Եվ ընդհանուր, համատարած այդ աղմուկի, զինաշողումի ու նետասլացումների մեջ մերթ ընդ մերթ լսելի էին լինում Հայ և պարսիկ զորավարների հրամանները.

  • Զա՛րկ… դեպի ա՛ջ… հառա՜ջ, օ՜ն, հառա՜ջ»…

Մի այլ պատկեր ևս…
…«Ամբողջ գիշեր, առանց կանգ առնելու, Հայ հեծելազորը՝ իր թագավորին ու նրա շքախումբը մեջ առած, գնում էր մի անգամ ընտրած ճանապարհով, առջևից ուղարկելով հետախույզներ ու դետեր, հետևից ունենալով սրատես նետաձիգներ, որ վտանգի դեպքում իմացում տան»…

1851 թվականին թիֆլիսցի մի գրավաճառի մոտից գնված բացառիկ վավերագիրը, որը հանձնեց ուսումնասիրողներին գնորդը՝ հայտնի բանասեր, բժիշկ և պետական գործիչ Գևորգ Ախվերդյանը, «Գահնամակն» էր՝ 4-5-րդ դարերի Հայոց հայտնի նախարարական — իշխանական տների ցանկը, որը հրապարակեց Ղ. Ալիշանը 1890 թվականին իր «Այրարատ» աշխատության մեջ:

Գահնամակի մի էջ

3-4-րդ դարերի մի արժեքավոր փաստաթուղթ ևս՝ «Զօրանամակը»՝ Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիրը, հայտնաբերված Հովհաննես Շահխաթունյանցի կողմից, հրատարակվել է 1842 թվականին: Զորանամակի միակ ձեռագիր օրինակը կցված է եղել Անանիա Շիրակացու «Ժամանակագրությանը»:

Զօրանամակ

Ըստ հիշյալ «Զօրանամակի»՝ Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են Նախարարական կամ Սեպուհական, 40 հազարը՝ Արքունի (Ոստանիկ) և Մարդպետական գնդերը:

Արտաքին վտանգի ժամանակ նախարարներն իրենց զինվորական ուժերը գումարել են Զօրանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել այս կամ այն զորաթևին:

Հայ նախարարությունների մասին հարուստ տեղեկություններ են հաղորդում պատմիչները:
Նրանցից ոմանց հիշատակն էլ փոխանցվել է սերնդեսերունդ և տոհմերի ժառանգների հուշերում գամված՝ հասել մեր օրերը…