«ԵՆ ՈՄԱՆՔ ՀԱՅԿԱԶԵԱՆՔ ԵՒ ՀԱՅ ԼԵԶՈՒԱՒ ԱՐԵՒԱՊԱՇՏՔ ԵՒ ԿՈՉԻՆ ԱՐԵՒՈՐԴԻՔ»…
(«ԱՐԵՒՈՐԴՈՑ ԽՆԴԻՐԸ») — ՄԱՍ Բ

Շարունակենք նախորդ հրապարակման մեջ արծարծված «Արևորդիների խնդիրը»՝ ծանոթանալով իրական Արևորդիների ուսմունքին՝ Հայկազունիների հնագույն Արևային մշակույթը կրող Հայկեան Միաբանութեան Քրմերի մեկնաբանությամբ:

Ղևոնդ Ալիշանի «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք Հայոց» ուսումնասիրության մեջ կարդում ենք.
«Ավելի դյուրին և զարմանալին այն է, որ արևպաշտությունը առավել, քան այլ հավատքներ, ինչ֊որ ձևով տևական ու խորն է արմատավորվել մեր ազգակիցների մեջ։ Եվ այլևայլ ժամանակներում երևացել են Արևորդիներ, որ գուցե մինչև հիմա էլ կան, թեկուզև չորոշվի, թե ո՛ր ազգի մնացորդն են։ 11-րդ դարի կեսին Գրիգոր Մագիստրոսը այս անունով է հիշում նրանց և համարում է զանդիկ մոգերից առաջացած. «Ոմքն ի նոցանէ դեղեալք՝ Արեգակնապաշտք, զոր Արեւորդիսն անուանեն․ և ահա են յայդմ գաւառի (Միջագետաց) բազումք, և քրիստոնեայս զինքեանս յայտնապէս կոչեն»…

«…Մեզ ավելի մոտ դարերի գրողների գրվածքներում էլ կան Արևորդիներին վերաբերող հիշատակումներ։ Մինչև հիմա Միջագետքի կողմերում «շեմսի» (ասել է թե՝ «արևային») կոչված աղանդավորները ունեն հեթանոսության, քրիստոնեության և իսլամի խառնուրդով մի կրոն։
Նրանց ազգի ծագումը հայտնի չէ, և խոսում են տեղացիների լեզվով։
Իսկ բուն Հայոց երկրում՝ Կաղզվանի կողմերում, դեռ լսվում են Երասխի և Արածանիի անջրպետ «Արևորդի» կամ «Արծվորդի» կոչված լեռների անուններ, որտեղ մեր օրերում իսկ հայտնվել են եզիդիներ ու արևապաշտներ, գոնե Արևորդիներ, որ հիշատակված են տեղագիրների կողմից, որոնցից է Տեսիեն (Texier, Asie Mineure, I, 105, 123)»։

17-րդ դարի սկզբներին՝ ճամփորդության ընթացքում Մարդինով անցնող Սիմէոն Լեհացին վկայում է, որ «շեմսիները» Մարդինում իրենց հավաքատեղին («աղօթատեղին») ունեին, խոսում էին հայերեն և կրոնափոխության սպառնիլիքի ներքո այդտեղից ցիրուցան են եղել՝ ոմանք գնացել են Պարսկաստան, մի մասը՝ Ասորիք, Թոխաթ ու Մարզվան (Սիմէոն դպրի Լեհացւոյ «Ուղեգրութիւն», էջ 208, Վիեննա, 1936թ.):

1895 թվականի գիտարշավի ուղեգրություններում ֆրանսիացի հնագետ և մարդաբան Էռնեստ Շանտրը (Ernest Chantre, 1843-1924) գրում է եզդիների կրոնի առանձնահատկությունների, այլ ազգերի հավատալիքներից կրած ազդեցության և առավոտյան արևին երկրպագելու նրանց ծեսի մասին, եզրակացնելով, որ նրանց մոտ անգիտակցաբար պահպանվել են Զրադաշտական տարրեր (էջ 94): Որոշ քաղվածքներ (իմ թարգմանությամբ) հավաստում են միջնադարյան մատենագիրների տողերը:
«Ոմանք նրանց համարում են մահմեդական, ոմանք՝ նեստորական կամ Զրադաշտի ուսմունքի կողմնակից: …Պաշտում են արևը՝ որպես Աստծո արդարության պատկեր, մարդկության կենսատու սկզբունք»…
«Ինչպես հին Արևորդիք, նրանք պաշտում են բարդին, բայց, ծայրահեղ հակասականությամբ, համարում են, որ այդպիսով պաշտում են այն ծառը, որի փայտից Հիսուսի խաչափայտն էր կառուցված»…
«Երբ մի եզդու հարցնում ենք, թե ո՞րն է իր կրոնը, պատասխանում է, որ ինքն «իսավի» է, այսինքն՝ պատկանում է Հիսուսին, մի խոսքով՝ քրիստոնյա է: Եվ քանի որ նրանք առաջնակարգ կողոպտող ու գող են, որպես արդարացում ասում են, որ Հիսուսն իրենց թույլատրել է գողանալ՝ ի հիշատակ իր աջ կողմում խաչված գողի»:

Անդրադառնալով Ներսես Շնորհալու հիշատակած Արևորդիներին, որոնք քրիստոնեության տարածման ժամանակ մերժեցին ընդունել նոր կրոնը և պահպանեցին իրենց ուսմունքը, Շանտրը տարակուսանքով է նշում Եղիազարովի դիտարկումը, համաձայն որի՝ հավանաբար եզդիներն էին հիշյալ աղանդի ներկայացուցիչները:
Շանտրը հիշեցնում է «եզդի» բառի՝ Պորտուգալյանի տված ստուգաբանությունը՝ ըստ Պարսկաստանի Յազդ քաղաքի, ուր մինչ օրս հարատևում է զրադաշտականությունը:

«Արևորդիները, որոնք Հայկազունիների սերունդների շնորհիվ մինչ օրս հարատևում են, հատուկ ծիսակարգով «Արևկնունք» ստացած Հայորդիներն են՝ Հայկեան ուսմունքի կրողները»՝ Քուրմ Միհր Հայկազունու բացատրությամբ:

Վերոնշյալ հեղինակների մոտ շփոթի և անորոշության պատճառն այն է, որ, քրիստոնեության տարածումից հետո, հնում բնապաշտական տարրեր պարունակող հավատալիքներով ազգերին ընդհանրացրած ձևով «արևապաշտությանն» էին առնչում:
Միջնադարյան մատյաններում որպես «Արևորդիներ» հիշվողների ազգության մասին պատկերացում են տալիս դարերի ընթացքում Միջագետքի բնակչությանը վերաբերող վկայությունները:

Նկարագրելով բարձր ապառաժոտ լեռան վրա կառուցված բերդավոր քաղաք Մերտինը՝ Մարդինը և բազմատեսակ պտուղներով առատ նրա շրջակայքը, Ղուկաս Ինճիճյանը թվում է նաև տեղի բնակիչներին:
«Բնակիչք նորա տունք իբր 1000. որք են տաճիկք, քուրդք, արաբացիք, հայք, ասորիք կամ յակոբեանք, քէլտանիք, նաև Շէմսիք որ ‘ի լեզու արաբացւոց նշանակէ «Արևայինք», զորս նախնիք մեր կոչեցին Արևորդիք» (Ղ. Ինճիճեան, «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, Ասիոյ. Եւրոպիոյ. Ափրիկոյ. եւ Ամէրիկոյ»: Աշխատասիրութեամբ Տեառն Հ. Ղուկաս Վրդ. Ինճիճեան Կոստանդնուպօլսեցւոյ. Ի Վանս Ս. Ղազարու, Ի Վէնէտիկ, Յամի Տեառն 1806, Մասն Ա, Ասիա, հտ. Ա, էջ 353):
«Արևայինք, որոնց մեր նախնիք կոչեցին Արևորդիք»…

«Արևապաշտությունը Կենաց Լույսի զորության մշակույթն է, Իմաստության, ինքնակատարելագործման ձգտումը:
Արևորդիներն այդ մշակույթի կրողներն են և այդ Լույսի տարածողները՝ Գիտության, Իմաստնության, ու Բարու սերմնացանները:
Արևորդին Հայկազունների աշխարհայացքով, Հայկազունների աշխարհընկալմամբ կրթված Հայորդին է և իր Նախնիների մշակած գիտության ժառանգորդը:
Լուսնային տոմարով ապրող ցեղերը, բնականաբար, չէին կարող «Արևորդիք» լինել»,- նշում է Քուրմ Միհր Հայկազունին:

Հայկազուն Արևորդիների հնագույն ավանդույթների, Արևապաշտության և Հայկեան ուսմունքի մասին այսօր ճշգրիտ գիտելիքներ են տալիս Հայկեան Միաբանութեան Քրմերը՝ լույս սփռելով դարերի ընթացքում անորոշ մնացած բազմաթիվ հարցերի վրա:

Որոշ հակիրճ բացատրություններով մի հարցազրույց Քուրմ Միհր Հայկազունու հետ՝ ստորև: