«ԵՐԿՆՔՈՒՄ՝ ԴՐԱԽՏ, ԵՐԿՐԻ ՎՐԱ՝ ՎԱՆ» (Եվ շրջակայքը…)

Իրենց հայրենի Հողին ու ավանդույթներին ամուր կառչած, հպարտ ու խրոխտ Վանեցիների այս արտահայտությունն այսօր էլ հնչում է ու պայքարի կոչում…

Եվ նույն ոգով, ինչպես 1915 թվականի ապրիլին՝ հակառակորդի՝ թնդանոթներով զինված 10-12 հազարանոց բանակի դեմ 1500 «անվեհեր ու բաց ճակատով» կռվող Հայ մարտիկների ինքնապաշտպանության օրերին:

Հայոց հնագույն այս Ոստանն ու իր շրջակայքը վաղնջական ժամանակներից բեղուն կյանքով են ապրել:
Ասվածի ապացույցն են հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութերը, որոնց զգալի մասն այսօր պահվում են աշխարհի լավագույն հավաքածուներում, այդ թվում՝ Բեռլինի ու Բրիտանական թանգարաններում:

Վանն իր շրջակայքով հուզել է շատերին՝ հազարամյակներ ի վեր:

Բազմաթիվ գրողների, ճանապարհորդների, բնակչության հուշերում, ավանդապատումներում իր պայծառ ու կենսախինդ գեղեցկությամբ ու փառքով հիշվել…

Վանի ափերին՝ իր «անմահական խնձորներով» հայտնի Արտամետում են երգիչներն հյուսել իրենց երգերը Շամիրամի՝ կախարդական զորությամբ հուլունքների մասին, որոնցից Խորենացին հաղորդել է երեք բառ միայն՝ «Ուլունք Շամիրամայ ի Ծով»…

Աղթամար կղզում՝ «Րաֆֆու ժայռի» վրա են գրվել հոգեպարար «Ձա՛յն տուր, Ո՜վ Ծովակ»-ի սրտահույզ տողերը, որոնք Կոմիտասի հանճարով անմահացան նաև Լուսինե Զաքարյանի շուրթերով…

Րաֆֆին, իր «Կայծեր» վեպում (Մաս 2, Ժ), «Ծովի» (Վանա լճի) ջրերի բարձրացմամբ ցամաքից բաժանված ու կղզիացած «անապատը» նկարագրելով, նշում է, որ «արագիլի կորաձև պարանոցի նման ծովի մեջ երկարած հրվանդանը «Կռապաշտնոց» էր կոչվում՝ քանի որ «մի ժամանակ նրա վրա եղել է կռապաշտների մեհյան»:

«Հրվանդանի ուղիղ գլխի հանդեպ գտնվում է կղզին և այդ պատճառով էլ կոչվում է նա «Կտուց», որովհետև արագիլի գլխից կտրված կտուցի նմանություն ունի»:

Կտուց կղզին
Կտուց կղզին
Կտուց կղզին
Կտուց կղզին

«Ծովակի ջուրը դարերի ընթացքում հետզհետե բարձրացել է և ողողել է իր եզերքը, շատ նշանավոր տեղեր և շինվածքներ , որ պատմության մեջ հայտնի էին, այժմ իսպառ ծածկվել են ջրի տակը, կամ, ցամաքից կտրվելով, կղզիացել են»:

Որպես օրինակ բերելով «Արճեշ բերդաքաղաքը, որ այժմ չորս կողմից առնված է ջրով և նրա ամենափոքրիկ մասն է միայն երևում», նա հիշում է «Աղթամար կղզու վրա գտնված՝ Արծրունի թագավորների պալատները, որ այժմ կորած են ջրի տակ»…

Իր բազմադարյա պատմության ընթացքում Վանա լճին՝ «Նաիրիի ծովին» տրված բազմաթիվ անուններից է «Արճեշի լիճ», «Արճեշի ծով» անվանումը:

Արճեշ (Վանա լճից հյուսիս-արևմուտք)

Լիճը թափվող մոտ 30 գետերի ու գետակների հոսքերը ջրի քանակության պարբերական տատանումներ են առաջացնում, որի հետևանքով, դեռևս 10-12-րդ դարերից լճի մակարդակի բարձրացմամբ, կրկնակի պարիսպներով ամրակուռ մի քաղաքի՝ Արծկեի զգալի հատվածը՝ լեռան ստորոտին գտնվող ամրոցով, անցավ ջրի տակ:

Երկրորդ ամրոցը՝ լեռան գագաթին, դիմակայեց, սակայն ամայացավ…

Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Բզնունիք գավառում, Վանա լճի հյուսիսային ափին, Արծկե կոչվող հրվանդանի վրա, որը կղզու էր վերածվել լճի ջրերի բարձրացման հետևանքով, համանուն նավահանգիստն էր՝ դեպի Խլաթ ու Բաղեշ (Բիթլիս) տանող ճանապարհի վրա:

Այսօր անմխիթար ու բարձիթողի վիճակում են պահպանված բերդապարիսպների ավերակները (գրեթե 70 տոկոսով ոչնչացված):

Ջրասույզ եղած այս բերդաքաղաքում է հայտնաբերվել Վանի հզոր Տիրակալներից՝ Բիայնայի և Նաիրիի արքա Ռուսա Բ-ի արձանագրություններից մեկը:

Ուսումնասիրողներից ոմանք Արծկեն նույնացնում են Ասորեստանի Սալմանասար Բ արքայի տարեգրության մեջ հիշվող Արզաշկուն (Arzashkun) քաղաքի հետ:

Արծկեից ոչ հեռու, Վանից մինչև Ծաղկանց լեռներ էր ձգվում Մեծ Հայքի Տուրուբերան Աշխարհի տարածքում ընդգրկված ջրառատ Արճեշը՝ հայտնի որպես հացահատիկի շտեմարան, նաև հարուստ՝ խաղողի ու պտղատու այգիներով…

Արճեշի անվան ստուգաբանությունը կապվում է Արգիշտի թագավորի անվան հետ (ֆրանսերենում ցարդ պահպանված է Գ (G) տառի՝ Ժ հնչողությունը՝ a, e, i ձայնավորներից առաջ (Արգիշ — Արճիշ)…

1838-1840 թվականներին, 3-4 մետրով լճի մակարդակի ավելացմամբ հարակից շրջաններն ավելի ընկղմվեցին ու, գրեթե երկու հարյուրամյակ հետո, (երեք տարի առաջ), երաշտի պատճառով ջրերի նվազմամբ, ցամաքի որոշ տարածքներ են նշմարվում վերստին՝ տեղանքը հնագիտական պեղումների համար մատչելի դարձնելով…

Մոտ երկու ամիս առաջ, Վանա լճի հյուսիս-արևմտյան առափնյա տարածքում գտնվող Արծկե հնագույն բերդաքաղաքի՝ ջրասույզ եղած փլատակների մոտ Հայ սուզորդները խաչքարեր ու հայերեն գրություններ հայտնաբերեցին:

Արծկեի նավահանգստային՝ 2.700 տարվա ամրոցի պարիսպների փլատակներից (Amik kalesi)
Արծկեի փլատակներից

Ի լրումն վերը շարադրվածի՝ հիշենք այսօրվա Հայաստանում գտնվող մի գողտրիկ բնակավայր՝ մինչև 1900 թիվն Արճեշ անունով (հետագայում՝ Արճիս), որի հիմնադիր — նահապետը ծնունդով Վանի ափերին թիկնած Արճեշից էր՝ հմուտ պղնձագործ՝ Արճեշցի Վարպետ Միսկարը…

Արճիս (Հայաստանում)

Արճեշ անունով մի քաղաք կա նաև՝ մեր բնօրրանից հեռու՝ Ռումինիայում, Արճեշ գետի ափին, Արճեշ գավառում (ինչպես Վանի ափերին էր)՝ Արճեշի Իշխանական պալատ՝ Curtea de Argeş , ավելի վաղ՝ պարզապես Արճեշ, աղավաղված՝ Արճիշ, Արգհիշ, Արգհիշի…

Արճեշ՝ Ռումինիայում (Curtea de Argeş)

Քաղաքի հիմնադիրները Վանա լճի ափամերձ Արճեշից 13-րդ դարում գաղթած հայերն են, որոնք իրենց ծննդավայրի անունով են կոչել նոր բնակավայրն ու մոտակա գետը (ինչպես հաճախ)։

Վերադառնանք մեր նախնյաց բնօրրան՝

«Ձա´յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես,

Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս:

Շարժեցե´ք, զեփյուռք, ալիքը վետ-վետ.

Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ:

Հայաստանի մեջ անցքերին վկա,

Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա´.

Մի՞թե միշտ այսպես կըմնա Հայաստան

Փըշալից անապատ, երբեմն բուրաստան:

Ավետիք տամ քե´զ, նժդեհ պատանի.

Սրբի´ր աչքերից արտասուքդ աղի:

Կըգան նոր օրեր, օրեր երջանիկ,-

Երբ Տիրոջ կամքը, ազատ ու արդար

Կը թագավորե – կրկին ոսկեդար:

— Հայոց մուզայքը կզարթնուն կրկին.

Հայոց պառնասը կը ծաղկի վերստին,

Եվ Ապողոնյան կառքը լուսարար,

Կըբոլորե Հայոց թուխ երկնակամար»:

(Հատվածներ Րաֆֆու՝ 1857 թվականին Աղթամարի կղզում գրած «Ձա՜յն տուր, Ո՜վ Ծովակ» բանաստեղծությունից)
Ջրասույզ կառույցներ
Ջրասույզ հնավայրեր

Բիայնական շրջանի հնագույն անառիկ, անմատչելի բերդերից մնացած փլատակներից՝ Վանի հյուսիսում (Վանի Արարատյան թագավորություն)
Ամյուք (Ամիք, Համուկ, Քար- Ամկո… Amik)
Միջնադարում՝ Գնունիների, այնուհետև Արծրունիների տիրույթներից…

Երաշտից հետո՝ նվազած ջրերից բացված տարածքը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով