ԸՆՁԱԿ, ԸՆՁԵՆԻ, «ԸՆՁԵՆԱՎՈՐ», «ՇԱԳՐԵՆԻ ԿԱՇԻ» …
…«Փռյուգիական գդակներ և գոտիներ երկաթի,Եվ վիթխարի ուսերին վագրների վառ մորթի»…
(Մեր նախնյաց հանդերձի նկարագրությամբ մի հատված՝ Ավետիք Իսահակյանի՝ 1917 թվականին Ժնևում գրած՝ «Մեր նախնիները» ստեղծագործությունից…
Հոմերոսի «Իլիականում» (10-րդ Երգում), համանման ձևով, հերոսներն իրենց մորթով են պատում) …
Հին աշխարհում կենդանու մորթը խորհրդանշական մեծ իմաստ ուներ:
Կենդանու դեմ հաղթանակից հետո, նրա մշակված մորթու գործածումը զուտ որպես ցրտից պաշտպանվելու միջոց չէր, այն նաև այլաբանորեն էր ընկալվում:
Հերոսի քաջության մարմնացումը լինելուց բացի (հիշենք մեր էպոսի Մեծ Մհերին՝ Առյուծ, Առյուծաձև Մհերին, կամ՝ Առյուծի մորթով Հերակլեսին՝ հունական դիցաբանությունից), «Հրաշագործ» հատկություններ էին նաև վերագրվում մորթին, ինչպես «Ոսկեգեղմը», որի ձեռքբերման նպատակով ճամփորդեցին Արգոնավորդները (ամիսներ առաջվա մի գրառման մեջ անդրադարձել ենք վերջիններիս):
Jean Pierre Vernant-ը, քննելով հնագույն շրջանում կենդանու զոհաբերությունից հետո խորովված-այրված ոսկորները՝ դիցին, միսը՝ որպես «մատաղ», մարդկանց բաժանելուց հետո մորթի՝ քրմին հատկացնելու իմաստին, նշում է, որ այն (մորթին) կենդանու զոհաբերության վկայությունն էր, ծեսով հավերժանալու խորհրդանիշը: Այսպիսով, նաև՝ Վերածնունդի՝ մահից հետո Կյանքի շարունակության «Մոգական խորհուրդը» (Caroline Plichon, «Sous la peau de bête ») …
Ընձենին՝ ինձի (ընձառյուծի, հովազի, հովազառյուծի) մորթին, Հին Եգիպտոսում, մահվանից հետո կատարվող ծիսակարգում, «Բերանբացեքի» արարողության ժամանակ, քուրմի հագուստն էր, որը կրում էին նաև հազվադեպ այլ քրմեր ու դիցեր (Պարդալիդ, Pardalide), գցվում էր մեջքին՝ առջևի երկու թաթերով վզի մոտ կապով կամ՝ մի ուսին ձգված այնպես, որ գլուխը և մեկ կամ երկու թաթերը երկու կողմից կախվեն, ինչպես տեսնում ենք դամբարանային որմնանկարներում կամ բարձրաքանդակներում (խեթական հնագույն բարձրաքանդակներում և որոշ Վիշապ-քարակոթողների վրա գրեթե նույն ձևով է զոհաբերված կենդանու (ցուլի) մորթին դրված):
Ընձենու ընտրությունը, հավանաբար, պայմանավորված էր մորթի վրա համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերի և երկնքում սփռված աստղերի նմանության խորհրդի շնորհիվ:
Ասվածի ակնհայտ դրսևորումներից է Եգիպտոսի տաճարներից մեկի բարձրաքանդակում հենց վարդյակների տեսքով մորթի պատկերումը (ստորև՝ լուսանկարը):
Եգիպտոսում և, ընդհանրապես, Հին Աշխարհում, համարում էին, որ դիցերի կողմից էր ստեղծվել Երկիրն ու ներդաշնակություն հաստատվել՝ նպաստելով օրեցօր Կյանքի հրաշագործության իրականացմանը:
Երկնայինի և Երկրայինի, Աստվածների ու Մահկանացուների միջև կապն ապահովում էր Փարավոնը, Արքան:
Եվ քուրմի դերն առօրյա ծիսակատարության իրագործումն էր՝ հանուն համընդհանուր ներդաշնակության պահպանման: Քրմապետը՝ Գլխավոր քուրմը, հենց Փարավոնն էր, Արքան (վաղնջական շրջանում)…
Հայկական հնագույն անձնանունների ու տեղանունների ծագումնաբանության ուսումնասիրությունը հետաքրքիր դիտարկումների աղբյուր է:
Բնիկ հայկական անձնանունների քննությանն անդրադարձել են դեռևս Հ. Հյուբշմանը, Հ. Աճառյանն ու Գ. Ջահուկյանը՝ մատնանշելով հասարակ անուններից ծագած հատուկ անունները:
Հնագույն շրջանի հավատալիքներում առկա՝ դիցերի խորհրդանիշ-կենդանիների, պահապան-տոտեմների անուններով մարդկանց կոչելու հեռավոր արձագանքներն հարատևելով հասել են մինչև մեր օրերը:
Թեև քրիստոնեության տարածումից հետո բազմաթիվ նմանատիպ անուններ մոռացության մատնվեցին՝ փոխարինվելով նոր կրոնի գաղափարախուսությունը ջատագովող հատուկ անուններով, այնուամենայնիվ, Եզնիկ, Անգղ, Կորյուն, Ընձակ, Գայլ, Գառնիկ, Այծեմնիկ անվանումների շարքում այսօր էլ անձնագրում որպես երկրորդ անուն գրանցվում է Բազեն (հիշելով Լիբանանում ծնված մեր հայրենակից՝ լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանին):
Դիցաբանական պատկերացումների հետ առնչվող այլ՝ բնության ու տիեզերքի փառաբանման հուշերը պահպանած՝ Արփի, Արևիկ, Արեգ, Աստղիկ, Շողեր, Շողիկ, Լուսե, Ցողիկ, Շանթ, Փայլակ, Հրայր, Հրահատ, Հրանտ, Հրաչյա, Հրաչուհի, Հրանուշ, Հրատն և բազմաթիվ մյուս անունների ցանկում ուշագրավ է Ընձակը (առանձնահատուկ ողջույններս դարերի պատմությունն ամփոփող անուններով բոլոր ազգակիցներիս, հեռու ու մոտ ծանոթներիս, ֆեյսբուկյան համախոհներիս)…
Համաձայն Խորենացու հիշատակած Հայկազն նահապետների ցանկի՝ Ընձակ անունն էր կրում Հրանտի հաջորդը, ըստ Չամչյանի՝ թագավորած ն.թ.ա 1242 թվականին:
Ընձակ անունով էր Կորյունին ուղեկցող թարգմանիչը, նաև՝ 1234 թվականին արված՝ Կարսի պարսպի արևմտյան հատվածի արձանագրությունում հիշատակվող շինարարը՝ «Ձեռամբ Ընձկանն Գազնին»…
Ընձաք, Ընծակ, Ընծաք հնչյունափոխությանբ հանդիպող ձևերի «ուղղագույնը», համաձայն Հ. Աճառյանի, բուն հայկական՝ «Ինձ՝ «Վագր» բառի նվազականից է»: (Հ.Աճառյանի «Հայոց անձնանունների բառարան» (Երևան, 1942թ.), «Հայերէն արմատական բառարան»):
Հատկապես այս անվան ստուգաբանությունը կարևորելու նպատակը նույն անունով մի դիցի հիշատակումն է ավելի վաղ շրջանի շումերական արձանագրություններում՝ որպես Դրախտավայր Դիլմունի գլխավոր դից ու տիրակալ՝ Էնձակ, Ինձակ ձևերով («Ը» տառի բացակայությամբ՝ «Է»-ն է գործածվում, Enzak, Inzak, Enşag):
Նրան նվիրված մի տաճար կար Շուշան քաղաքում (ներկայիս Իրանում):
Ժամանակի սկզբնաղբյուրներում Դիլմունի առևտրականներին վերաբերող սեպագիր սալիկներում ևս Ինձակ անունով վաճառական է հիշվում…
Բուն հայկական արմատով անվամբ դիցի առկայությունը շումերական դիցաբանության մեջ («Էնկին և Նինհուրսագը») Էնկիի և իր կնոջ բնակավայրում՝ «անարատ ու անաղարտ, լուսավոր» Երկրում՝ Դիլմունում, վերջինիս տեղակայման ու նրա բնակչության ազգության շուրջ մտորումների տեղիք է տալիս:
Հիշենք, որ Jules Oppert-ի առաջարկով Դիլմունը ենթադրաբար տեղադրվում է Բահրեյն կղզում (հույներն անվանում են Թիլոս): Տեղակայման մի այլ տարբերակով մատնանշվում են Արաբական ափերը՝ հիմք ընդունելով «Դիլմունի Տիրակալ Ինձակի անվամբ» որոշ հնագիտական նյութերի առկայությունը:
Ընձենու՝ Ինձի մորթը կրող գլխավոր հերոսի անունով է Շոթա Ռուսթավելու՝ 12-13-րդ դարերում գրված էպիկական պոեմը՝ «Ընձենավորը»…
Ոչ վաղ անցյալում, 19-րդ դարում, Բալզակը, թերևս վերհիշելով ընձենու երբեմնի մոգական հատկությունները, գրեց իր արժեքավոր փիլիսոփայական վեպը՝ «Շագրենի կաշին», ուր իր տիրոջ ցանկություններն իրագործելու հատկությամբ օժտված «հրաշագործ մորթին» խորհրդանշում է իր տիրոջ կենսական ուժը, որը նվազում է ցանկությունների իրականացմանը զուգընթաց…